Tag Archives: կարգավորում

Կարող եմ օգնել բարի մտադրություններով

19 Հկտ

Երբ օրերս հայտնի դարձավ, որ Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, այս տեղեկությունը որևէ մեկին զարմանք չպատճառեց: Միայն ընթացիկ տարվա ընթացքում պաշտոնական Թեհրանը հավանաբար 4-5 անգամ արդեն նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել տարբեր ամբիոններից: Եվ այս հավելյալ հիշեցումը, որ վերջին անգամ հնչեց Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթի շուրթերից, ընկալվեց ոչ ավելին, քան բարի մտադրությունների արտահայտություն: Պաշտոնյան նաև նշել էր, որ Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների և խորհրդատվությունների շարունակման օգտին ու պատրաստ է օգնել լուծել Երևանի ու Բաքվի միջև տարածքային վեճը: Մեհմանփարասթն ի հավելումն ասվածի ընդգծել էր, որ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար կարող են նշանակալի դեր ունենալ:
Այն, ինչ հաջորդեց հիշյալ ելույթին, ոչ միայն դրա տրամաբանական արձագանքն էր, այլ նաև անխուսափելի հետևանքը: Որքան էլ կարծիքները աչքի ընկնեին իրենց բազմազանությամբ, մի հարցում բոլորը կարծես թե համերաշխ էին՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու Իրանի առաջարկը ոչ ոք լուրջ չէր ընկալել: Այս կարգի թերահավատ վերաբերմունքը մի քանի բացատրություններ ուներ, սակայն գլխավորը մնում էր այն, որ միջազգային հանրությունը բազմիցս փաստել էր, թե խնդրի լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այսինքն Իրանը որքան էլ հայտարարի իր պատրաստակամության մասին, գործնականում նրա միջնորդական առաքելությունը դժվար թե կյանքի կոչվի:
Անկասկած, այս բանը Թեհրանում հրաշալի գիտակցում են: Բայց և այնպես շարունակում են պնդել մի բան, ինչի մասին մյուսները առանց թաքցնելու ասում են. «Դա ուղղակի լուրջ չէ»: Այդ դեպքում ի՞նչ կարող են շահել իրանցիներն իրենց անլրջությունից: Տարածված վարկած կա, համաձայն որի, ամեն ինչից դատելով, ինչպես Իրանը, այնպես էլ բոլոր այն «հարակից» երկրները, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկություն են հայտնում միջնորդելու ղարաբաղյան հակամարտության լուծմանը, իրենց այդ մղումներով հավակնում են սոսկ հիշեցնել մեր տարածաշրջանում իրենց ներկայության և դերի մասին: Ընդամենը այսքանը և ոչ ավելին: Տվյալ պարագայում դժվար է չհամաձայնել այն պնդումների հետ, որ նման հայտարարություններ հնչեցնող երկրներից և ոչ մեկն իրականում հույս չունի, թե իր առաջարկները կընդունվեն: Բացի դա, կարծես թե հստակ է դառնում, որ ոչ Իրանը, ոչ էլ մյուսները Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ ոչ ունեն, ոչ էլ երբևէ ունեցել են: Եթե այդպիսիք լինեին, ապա ինչ-որ կերպ հայտնի կդառնային գոնե դրանց առանձին դրվագները:
Հայաստանի համար նման առաջարկները կտրական կերպով մերժելը հեշտ գործ չէ: Ի վերջո, խոսքը հարևան երկրի մասին և անհրաժեշտություն կա դիվանագիտական նրբանկատություն հանդես բերելուց զատ նաև չնեղացնել օգնության ձեռք պարզողին: Եվ ահա այդ պատասխանատու գործին լծվեցին իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները: Նախ հանդես եկավ Հանրապետականը՝ կրկնելով այն նույն միտքը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթներում, և այլ կողմերի, այդ թվում՝ Իրանի միջնորդությունը ոչ միայն չի կարելի, այլ նաև հնարավոր չէ: Այլ խոսքերով ասած՝ այն, ինչ կա ներկա պահին, մեզ լիովին բավարարում է և նոր դերակատարների ներկայությունը միայն փչացնել կարող է փխրուն հավասարակշռությունը: Այնուհետև արտահայտվեց «Բարգավաճ Հայաստանը»՝ նշելով, որ մեր երկիրը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի հավասարակշռված մոտեցումները, սակայն միաժամանակ փաստում է, որ հիմնախնդրի լուծման բանակցություններն ընթանում են իր համար լիովին ընդունելի` ԵԱՀԿ ձևաչափով: Որպես հավելում այս ամենի օրերս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, որտեղ մասնակցում էր Միջխորհրդարանական միության հոբելյանական 25-րդ վեհաժողովին, հանդիպեց Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին և առանձնազրույցի ժամանակ հնարավորինս մեղմ ձևակերպումներով շարադրեց արդեն ասվածը:
Թե որքանով Թեհրանը գոհ կմնա Երևանի հիմնավորումներից՝ կիմանանք ամենամոտ ժամանակներս: Իսկ մինչ այդ չենք կարող չարձանագրել, որ ներկայումս Իրանը գտնվում է շատ դժվար իրավիճակում: Միացյալ Նահանգները և նրա համախոհ երկրները շարունակում են սպառնալիքներ տեղալ, և որևէ մեկն այս պահին երաշխիքներ տալ չի կարող, որ մի օր բառերին չեն հաջորդի գործողությունները: Հենց այս վտանգը հաշվի առնելով է, որ Իրանը փորձում է իր դերակատարությունը ամրապնդել Հարավային Կովկասում: Ու նրա զանազան առաջարկները դժվար է մեկնաբանել այլ կերպ, քան դիվանագիտական շրջափակումից դուրս գալու ծայրահեղ ճիգեր: Մեծ հաշվով խնդիրը ոչ այնքան Ղարաբաղն է, որքան հակամարտության ագրեսիվ կողմերից մեկը՝ Ադրբեջանը: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ թվացյալ ջերմ հարաբերությունների թիկունքում Բաքուն շարունակում է կասկածանքով վերաբերվել Իրանին և նրա նկատմամբ պահպանել անվստահությունը՝ կարծելով, թե վերջինիս դիրքորոշումը հայամետ է: Այստեղ տեղին կլինի նկատել, որ Թեհրանի վերջին հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի արտգործնախարարը տեղեկացրեց, թե այժմ քննարկվում է Ղարաբաղյան գոտում խաղաղապահների տեղակայման հարցը: Հայտնի բան է, որ իրանական կողմի համար խաղաղապահների տեղակայման հարցը չափազանց խոցելի է, և մշտապես նրանք հիվանդագին կերպով են արձագանքել այդ հեռանկարին: Ու ստացվեց այնպես, որ Իրանի արձագանքը խաղաղապահների տեղակայմանը եղավ առանց հապաղումի: Դրանից հետո քաղաքական դիտորդներն անմիջապես նշեցին, որ Իրանն այդ կերպ զգուշացնում է, թե ինքը կարևոր գործոն է տարածաշրջանային քաղաքականության մեջ, և որ առանց իր մասնակցության Հայաստանն ու Ադրբեջանը միայն արևմտյան միջնորդության վրա հենվելով արդյունքի չեն հասնի:
Սա, իհարկե, վիճարկելի տեսակետ է: Սակայն չմոռանանք այն, որ Իրանի արտգործնախարարի հայտարարության մեջ հիշատակվում էր նաև Ռուսաստանի անունը, ինչը նույնպես պատահական չէր: Թեհրանում հույս ունեն, որ Մոսկվան իրենց այդ մեսիջը անարձագանք չի թողնի, քանի որ ռուսական իշխանական վերնախավում հիմա առավել հաճախ է քննարկվում այն հարցը, թե ինչքանով էր արդյունավետ տարածաշրջանում և մասնավորապես Իրանին վերաբերող հարցրում միայն ԱՄՆ-ի հետաքրքրությունները հաշվի առնելու քաղաքականությունը: Որպես ասվածի ապացույց ավելորդ չէ հիշել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Իսկ այս «չի կարելի»-ն զգուշացում է ոչ միայն Իրանի, այլև մյուսների համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Աստանա. օր առաջին

2 Դկտ

ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովը, որին այնքան երկար սպասում էին, մեկնարկեց: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Անկախության պալատում, 11 տարվա ընդմիջումից հետո, դեկտեմբերի 1-ին հավաքվել էին շուրջ 5 հազար մասնակիցներ աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում` 28 երկրների նախագահներ, 10 պետությունների կառավարության ղեկավարներ, ինչպես նաև 33 միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների պատվիրակներ, գագաթաժողովը լուսաբանող 1200 լրագրողներ:
Առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ հավաքն անցնելու է բավականին լարված մթնոլորտում։ Իսկ այն փաստը, որ ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը չէին մասնակցում, զանազան ենթադրությունների տեղիք տվեց։ Շատերն էին այն կարծիքին, թե դա ցույց է տալիս, որ այս անգամ Ռուսաստանին հնարավորություն է տրվել իրեն զգալ իրադրության տերը և առավել ակտիվ աշխատել հակամարտող կողմերի հետ։ Քիչ չէին նաև նրանք, ովքեր գտնում էին, որ ԵԱՀԿ-ն կորցրել է իր երբեմնի ազդեցությունը, լուծումներ իրագործելու լծակներ չունի և շտապ արդիականացման կարիք է զգում: Գուցե թե կողմերից ամեն մեկն իրավացի էր յուրովի, բոլոր դեպքերում ընդհանուր ակտիվության մեջ մեզ համար էականն այն ամենն էր, ինչը պիտի վերաբերեր Ղարաբաղի խնդրին: Եվ այս անգամ ոչ միայն դրա պակասը չզգացվեց, այլև եղածը չափից ավելին էր մի քանի ժամերի համար: Հարցի առնչությամբ տասնյակ ելույթներ հնչեցին, սակայն դրանց հանրագումարը դարձավ համանախագահող երկրների, Հայաստանի և Ադրբեջանի հնգակողմ հայտարարությունը, որը բարի ցանկություններից զատ ընդգրկում էր մի շարք կարևոր դրույթներ:
Հաստատելով իրենց համաձայնությունն այն մասին, որ եկել է ժամանակը` վճռական ջանքեր գործադրելու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատում էին իրենց հավատարմությունը` հասնելու հակամարտության վերջնական լուծման` հիմնված Միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի Հռչակագրի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի` 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայում և 2010թ. հուլիսի 26-ին Մուսկոկայում արված հայտարարությունների վրա:
Փաստաթղթի վրա անմիջապես բևեռվեց վերլուծաբանների ուշադրությունը: Վերջիններս հատկապես ընդգծեցին այն կարևոր հանգամանքը, որ առաջին անգամ ղարաբաղյան հակամարտությունը դուրս է բերվում մյուս հակամարտությունների կարգավորման շրջանակներից ու դիտարկվում է որպես առանձին գործոն։ Առաջին դեպքն էր նաև, երբ հայտարարության մեջ ի թիվս այլ փաստաթղթերի, հղում էր արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը: Սա, անշուշտ, կարգավորման գործընթացի բոլորովին նոր տարր է, և համոզմունք կա, թե այդ նորամուծությունը բխում է Լեռնային Ղարաբաղի շահերից: Բանն այն է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը միջազգային իրավունքի համակարգում ունի գերակա ուժ, բավականին հստակ կարևորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Սակայն Աստանայի հայտարարությունը ոչ բոլորի համար էր միայն դրական լիցքերի աղբյուր: Ոմանց մտահոգել էր այն ձևակերպումը, թե «կողմերը համաձայնություն հայտնեցին, որ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը տարածաշրջանի ժողովուրդներին կայունություն և անվտանգություն կբերի, և կհանդիսանա միակ հնարավորությունը նրանց միջև համաձայնության հասնելու համար»։ Սա մեկնաբանվեց այն իմաստով, որ բոլոր հարցերը հնարավոր կլինի քննարկել միայն խնդրի կարգավորումից հետո, իսկ դա նույնն է, թե համաձայնել կոնֆլիկտի հավերժացման գործընթացին, որովհետև, ըստ էության, կողմ արտահայտվելով Մադրիդյան առաջարկներին, նշանակում է երկարաձգել լուծումը: Անհանգստության առիթ էր տալիս նաև հայտարարության այն հատվածը, որտեղ հղում է արվում 2010թ. Մուսկոկաում ընդունված փաստաթղթին, իսկ հիշյալ փաստաթղթում, ինչպես հայտնի է, առկա է «օկուպացված տարածքների վերադարձ» դրույթը:
Բայց նույնիսկ այս պարագայում պետք է խոստովանել, որ Ադրբեջանի կացությունը Աստանայում շատ ավելի աննախնձելի էր: Եվ Բաքուն վշտանալու մի քանի լուրջ պատճառներ ուներ: Նախ նրանց խորը հիասթափություն պատճառեց ՌԴ նախագահ Վ. Մեդվեդևը` իր ելույթում հատուկ ընդգծելով, որ հակամարտությունների լուծման ժամանակ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է: Ռուսաստանի նախագահի խոսքով, ԵԱՀԿ-ն պետք է մշակի հակամարտությունների կարգավորման միասնական սկզբունքներ, որոնք չպետք է լինեն ընտրողաբար և պետք է կիրառվեն միշտ:
Հետո Բաքվի համար իսկական սառը ցնցուղ եղավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը։ Նա ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա, իսկ նշված բոլոր սկզբունքները մեկ միասնականություն են ներկայացնում, և դրանցից մեկը մյուսի նկատմամբ գերակա ներկայացնելը ապակառուցողական կլինի ու չի օգնի հակամարտության լուծմանը։
Տիկին Քլինթոնից անմիջապես հետո Ֆրանսիայի վարչապետը բառացի կրկնեց նույն հայտարարությունն ու հավելեց, որ Ֆրանսիան վճռականորեն կաջակցի կարգավորման գործընթացի առաջընթացին: Ստացվում էր, որ երեք համանախագահող երկրները հանդես էին գալիս միասնական դիրքորոշմամբ, իսկ այդ դիրքորոշումը ոչ մի կերպ հոգեհարազատ չէր Ի. Ալիևի սպասելիքներին:
Ի դեպ, նկատենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները իրենց ելույթներում այդպես էլ չնշեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, չնայած Մոլդովայի ու Վրաստանի դեպքում նման հայտարարություն արվեց։
Թե ինչ եղավ հետո, անսպասելի էր ինչպես մասնակիցների, այնպես էլ կազմակերպիչների համար: Ադրբեջանի նախագահը հայտարարությունն ընդունելուց քիչ անց գագաթաժողովի ամբիոնից հակահայկան բուռն ելույթ ունեցավ ու արտասանեց բաներ, որոնք լիովին հակասում էին ընդունած փաստաթղթի դրույթներին: Եվ ապա հայտնի դարձավ, որ նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը նախատեսված էր օրվա երկրորդ կեսին, չէր կայանալու: Դա նաև նշանակում էր, որ այդ հանդիպման արդյունքներով նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նույնպես առկախվում էր: Շուտով անանուն դիվանագիտական աղբյուրները բացատրեցին, որ Ալիևը մերժել է տեսակցությունը ինչպես Սարգսյանի, այնպես էլ Մեդվեդևի հետ, քանի որ չի կարողացել բացատրություն գտնել ամբիոնից իր ելույթի ու իր անունից արված հայտարարության միջեւ առկա հակասությունների համար: Համանախագահներին մնում էր խոստովանել, որ իրենք պարզապես տարակուսած են:
Գագաթաժողովի առաջին օրը ադրբեջանցիների համար իրոք ձախողված էր: Այդ երեկո Ալիևը հազիվ թե տրամադրություն ունենար դիտելու ֆինն խուլ ռեփեր Մարկո Վուորիհեյմոնի ելույթը, որ կազմակերպվել էր հյուրերի համար: Իսկ ահա մեկ այլ հարցում Ադրբեջանի նախագահը գուցե և ժամանակ գտներ: Հայտնի բան է, որ ամեն անգամ, երբ Ալիևը հայտնվում է անհարմար կացության մեջ, նրա դժգոհությունն իր արտահայտությունն է գտնում է հայ- ադրբեջանական սահմանի վրա: Այնպես որ, սխալ արած չենք լինի, եթե սպասենք տհաճ անակնկալների:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: