Tag Archives: կասկածյալ

Քաջ տոհմի զավակները` ճաղերի ետևում

18 Փտր

Հայերը հերթական անգամ ցնցեցին Ամերիկան: Միացյալ Նահանգների իրավապահները հայտարարեցին Armenian Power («Հայկական ուժ») անվամբ խոշոր հանցախմբի վնասազերծման մասին: Շուրջ ութ տասնյակ անդամներ արդեն ձերբակալած են, ևս 20 կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարված: Բայց սա դեռ բոլորը չէ: Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի հաղորդագրության համաձայն, հանցավոր գործունեության մեջ ներգրավված են եղել շուրջ 200 կասկածյալներ: Մի խոսքով, մի ամբողջ զորաբանակ: Իշխանությունները նրանց դեմ դուրս են բերել իրենց լավագույն ուժերը` բացահայտման աշխատանքներում ընդգրկվել են 9 գործակալություն, ձերբակալություններին մասնակցել է ավելի քան հազար իրավապահ, և այդ ամբողջ արշավը ծավալվել է միանգամից երեք` Կալիֆորնիա, Կոլորադո ու Ֆլորիդա նահանգներում: Այս տեղեկություններն ու թվերը չէին կարող տպավորություն չգործել շարքային ամերիկացիների վրա և, իհարկե, հարմար առիթ չդառնալ այն պաշտոնյաների համար, ովքեր պահանջ ունեին մեկ անգամ ևս երկրին ներկայանալ իբրև հանցավոր աշխարհի դեմ հերոսական պայքարի առաջամարտիկներ: Եվ եթե այս օրերին նրանց ելույթներում երբեմն-երբեմն ի հայտ են գալիս պատկերը չափից ավելի գունազարդելու նրբերանգներ, ապա դրանք համապատասխան ըմբռնում են պահանջում:
Այսպես, ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Լենի Բրոյերը հայտարարեց, թե հայկական խմբի անդամները մեղադրվում են մի քանի հարյուրի հասնող հանցագործությունների մեջ` դրամաշորթություն, բանկային տվյալների հափշտակում, մարդկանց առևանգում, թմրամիջոցների շրջանառություն… Պատճառած վնասների չափը տասնյակ միլիոնավոր դոլարների է հասնում, կան հազարավոր տուժածներ: «Սա մի խումբ է, որը շահույթ ստանալու համար պատրաստ էր դիմել ցանկացած քայլի և օգտագործել բռնության ու սպառնալիքի ցանկացած միջոց` իր նպատակին հասնելու համար»,- մեղադրյալների հրեշավոր կերպարն ամբողջացրեցին տեղական թերթերը: Իր հերթին ՀԴԲ ներկայացուցիչ Ջոն Գիլիսը ասաց, թե «եվրասիական հանցավոր խմբերի վնասազերծումների շարքում այս մեկը ամենախոշորն է» ու եթե առաջադրված մեղադրանքներն ապացուցվեն, ապա «Հայկական ուժի» մարտիկներին սպառնալու է նվազագույնը 10-20 տարուց մինչև ցմահ ազատազարկում:
Բայց նույնիսկ արդարադատություն իրականացնողները չէին կարող չխոստովանել, որ այս անգամ իրենք բախվել էին բացառիկ հնարամտության ու կազմակերպվածության հետ: Գործերից յուրաքանչյուրն աչքի էր ընկնում թե ինքնատիպությամբ, թե կատարողական վարպետությամբ: Օրինակ, ներկայացված մեղադրանքներից մեկի համաձայն, խմբավորման անդամները հայտնի «Ընդամենը 99 ցենտ» խանութների ցանցում բանկային տվյալները կրկնօրինակող սարքավորումներ էին տեղադրել, ինչը նրանց հնարավորություն էր տվել առանց հավելյալ ճիգերի գրպանել ավելի քան 2 միլիոն դոլար: Հայերի հաջողության պատճառներից մեկն էլ թերևս այն էր, որ «Հայկական ուժ»-ը մասնագիտացած էր եղել տեխնոլոգիական բարձր մակարդակով իրականացվող հանցագործություններում և ունեցել էին հակերներ, որոնք հրաշալի տիրապետում էին համակարգչային զանազան խարդախությունների:
Մի առանձին թեմա է հանցախմբի կապերը ըստ ազգային պատկանելության և աշխարհագրության: Քննությունը, մասնավորապես, պարզել է, որ «Հայկական ուժի» անդամները սերտ «գործընկերային» հարաբերություններ են պահպանել մեքսիկական մաֆիայի ներկայացուցիչներ հետ, որոնք վերահսկում են թմրամիջոցների շրջանառությունը և նույնիսկ ԱՄՆ-ի ազատազրկման վայրերերի ներքին «կարգուկանոնը»: Դրանից բացի, «Հայկական ուժը» կապեր է հաստատել նաև Արևելյան Եվրոպայի հանցավոր խմբավորումների ու «օրենքով գողերի» հետ: Ի դեպ, խմբի առանձնահատկություններից մեկն էլ կայանում է նրանում, որ այն չի ունեցել մեկ հիմնական ղեկավար, այլ գործել են մի քանի հեղինակավոր և փորձառու «օրենքով գողեր», որոնց անմիջական օժանդակությամբ էլ ամերիկահայ տղաները հնարավորություն են ստացել օվկիանոսի այն ափին իրականացվող իրենց բուռն գործողությունները համակարգել Ռուսաստանում, Վրաստանում և հատկապես Հայաստանում գործող հանցախմբերի հետ։ Սա պիտի որ ընդհանուր պատկերի ամենահետաքրքրական դրվագներից մեկը դառնա ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարվա հոկտեմբերին ոչ անհայտ «Պզոյի» հանցախմբի թելերը եկան ու հանգուցվեցին հենց Հայաստանում: Իսկ դա արդեն լուրջ մտահոգվելու առիթներ է տալիս թեկուզ այն պատճառով, որ Միացյալ Նահանգների այս բացահայտիչ քայլերում ու հայտարարություններում այլևս անհնար է չնկատել անուղղակի մեղադրանքներ` հասցեագրված հատկապես հանցագործների պատմական հայրենիքին ու տեղի իշխանավորներին:
Այդպես ենթադրելու մի քանի պատճառներ կան: Դրանցից հիմնականը թերևս այն է, որ Armenian Power-ը հենց նոր լուս աշխարհ չեկավ ու չմերկացվեց, ամերիկացի իրավապահներն այդ խումբը գիտեին և նրա անդամների հետ առնչվում էին շատ վաղուց: Ինչպես իրավացիորեն գրում է «Los Angeles Times»-ը, հայերի այս հանցախումբը ստեղծվել է դեռևս 1980-ականներին Լոս Անջելեսում` Արևելյան Հոլիվուդում և Գլենդելում: Նպատակն այն ժամանակ մեկն է եղել` պաշտպանվել իսպանախոսների հանցախմբերի ոտնձգություններից: «20 տարի առաջ Հոլիվուդում ներգաղթյալ հայերին աջակցելու համար ստեղծված այս խմբավորումը տասնամյակների ընթացքում վերաճել է միջազգային մասշտաբների հասնող հանցավոր խմբավորման, որը կազմված է 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբին Հայաստանից Լոս Անջելես ներգաղթած հայերից»,- գրում է նույն թերթը, և անմիջապես մեջբերում Հետաքննությունների դաշնային բյուրոյի այն պնդում, թե անօրինական ճանապարհներով ստացված եկամուտների մի մասն ուղղվել է Հայաստան։
Չի բացառվում, որ այս անգամ էլ ամերիկացի համազգեստավորները կժամանեն Երևան` պարզելու, թե ինչպես և հատկապես ուր են հոսել օրինապահ ամերիկացիներից թալանված միջոցները: Իսկ այն, որ Միացյալ Նահանգների հասարակության մոտ հայերի մասին նախկին պատկերացումները հետզհետե վերանայվում են, և շատ մոտ ապագայում մենք նրանց կներկայանանք իբրև մաֆիոզներ կամ գրպանահատներ, արդեն միայն ժամանակի հարց է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: