Tag Archives: Կանտ

ՆԱՋԻՊ ՄԱՀՖՈՒԶ

9 Մյս

Ես երբեք չեմ համաձայնի մեծագույն փիփսոփա Կանտի հետ, որը համարում էր, թե բարին հաղթում է չարին լոկ մեկ այլ աշխարհում Ո՛չ, բարին ամեն օր է հաղթանակներ տանում: Չարն առավել թույլ է, քան մենք պատկերացնում ենք. բազմիցս թույլ է բարուց։ Եվ դրա մեծագույն ապացույցը կա։ Եթե բարին չհաղթեր, մարդը չէր կարողանա դիմակայել վայրի բնությանը, տարերային աղետներին, համաճարակներին, սարսափին և էգոիզմին։ Ավելին կասեմ՝ եթե բարին չհաղթանակեր, մարդկությունն անկարող կլիներ զարգանալ, միավորվելով ազգ դառնալ, հայտնագործել տեխնիկայի նորանոր հրաշքներ, յուրացնել Տիեզերքը, հռչակել մարդու իրավունքները։ Թեև ճիշտ է, չարը ցավեցնող է և աղմկոտ, իսկ մարդուն հատկանշական է ավելի շատ հիշել իր վշտերն ու դժբախտությունները, քան ուրախությունները։ Իրավացի էր մեր մեծ բանաստեղծ Աբու-լա-Ալյան, ասելով՝ մահվան ժամի թախիծը քանիցս ուժեղ է ծննդյան ժամի խնդությունից։

ԻՄԱՆՈՒԻԼ ԿԱՆՏ

31 Հկտ

ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ՏԵՍԱՆԿՈՒՆԻՑ
Ժողովուրդ (populus) ասելով հասկանում են այս կամ այն տեղանքում միավորված մարդկանց բազմություն, քանի որ նրանք մեկ ամբողջ են կազմում: Այդ բազմությունը կամ նրա մասը, որը, նկատի առնելով ընդհանուր ծագումը, իրեն համարում է մեկ քաղաքացիական ամբողջի մեջ միավորված, կոչվում է ազգ, իսկ այն մասը, որն իրեն բացառում է այդ օրենքներից (վայրի ամբոխ այդ ժողովրդի մեջ), կոչվում է խաժամուժ, որի հակաօրինական միավորումը կոչվում է խառնամբոխ. դա այնպիսի վարքագիծ է, որը զրկում է նրանց քաղաքացիական արժանիքից:
… Այսպես, աշխարհում երկու ամենաքաղաքակրթված ժողովուրդները, որոնք միմյանց հակադիր բնավորություն ունեն և գուցե գլխավորապես այդ պատճառով են մշտապես թշնամանքի մեջ — անգլիացիները և ֆրանսիացիները – տարբեր են արդեն ըստ իրենց բնածին բնավորության, որի հետևանքն է ձեռք բերված և արհեստական բնավորությունը. գուցե դրանք միակ երկու ժողովուրդներն են, որոնց վերաբերյալ կարելի է ընդունել, որ նրանք ունեն որոշակի բնավորություն և, քանի դեռ չեն խառնվում ռազմական ուժի օգնությամբ, անփոփոխ բնավորություն: Այն հանգամանքը, որ ֆրանսերենը դարձավ ընդհանուր խոսակցական լեզու, գլխավորապես կանանց նրբաճաշակ հասարակությունում, իսկ անգլերենը` առևտրային մարդկանց ամենատարածված գործնական լեզուն, բացատրվում է այդ երկու ժողովուրդների աշխարհագրական դիրքի տարբերությամբ. մեկն ապրում է աշխարհամասում, մյուսը` կղզում: Ինչ վերաբերում է նրանց բնական հատկություններին, որոնցով իսկապես օժտված են ներկայումս, նրանց զարգացմանը լեզվի օգնությամբ, ապա հարկ է նրանց դուրս բերել իրենց հեռավոր նախնիների բնածին բնավորությունից, բայց դրա համար մենք անհրաժեշտ վկայություններ չունենք: Պրագմատիկ մարդաբանության մեջ մեզ համար կարևոր է տալ, որքան հնարավոր է, միայն երկու ժողովուրդների բնավորության կանոնավոր շարադրանքը, ինչպես են նրանք գոյատևում ներկայումս` բերելով որոշ օրինակներ, ինչը թույլ կտա մեզ դատել այն մասին, թե ինչ կարող է սպասել մի ժողովուրդը մյուսից և ինչպես նրանցից մեկը կարող է օգտագործել մյուսին ի շահ իրեն:
Բնատուր կամ երկարատև սովորությունից ասես բնական դարձած և նրա վրա պատվաստված մաքսիմները, որոնք արտահայտում են ժողովրդի զգայական բնավորությունը, ցույց տալու փորձը չափազանց վտանգավոր փորձ է` դասակարգելու ամբողջ ժողովուրդների բնական հակումների բազմազանությունը, ավելի շուտ աշխարհագրագետների էմպիրիկորեն, քան փիլիսոփայի` բանականության սկզբունքներով, համար:
Պնդումը, թե ժողովրդի բնավորությունը կախված է կառավարման ձևից, ոչնչի վրա չհիմնված և ոչինչ չբացատրող պնդում է. իրականում որտեղի՞ց է կառավարման այդ ձևն ստացել իր առանձնահատուկ բնույթը: Կլիման և հողը նույնպես չեն տալիս սրա բանալին. ամբողջ ժողովուրդների վերաբնակեցումն ապացուցում է, որ այդ ժողովուրդները նոր վայրերում չեն փոխել իրենց բնավորությունը, այլ ջանացել են հարմարեցնել այն նոր պայմաններին, և որ, ընդսմին, լեզվի, զբաղմունքի տեսակի, նույնիսկ հագուստի մեջ դեռևս երևում են նրանց ծագման հետքերը և դրանով իսկ` նրանց բնավորությունը: Ես ուրվագծում եմ նրանց դիմանկարը` նշելով ոչ այնքան նրանց լավ կողմերը, որքան թերություններն ու շեղումները կանոններից (թեև ոչ ծաղրանկարային տեսքով). չէ՞ որ բացի նրանից, որ շողոքորթությունը փչացնում է մարդկանց, իսկ հանդիմանությունը` ուղղում, քննադատն ավելի քիչ է մեղանչում նրանց ինքնասիրության դեմ, երբ կշտամբում է նրանց բոլորին, առանց բացառության, թերություններ ունենալու համար, քան երբ մեծ կամ փոքր գովաբանություններով նրանց մեջ արթնացնում է միայն նախանձ միմյանց հանդեպ:

%d bloggers like this: