Tag Archives: կանոնադրություն

ՀԱՊԿ-ի կոսմետիկ փոխակերպումը

14 Սպտ

Երեկ, այն բանից հետո, երբ Ազգային ժողովում վավերացման ներկայացվեց անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում ստորագրված «ՀԱՊԿ ռազմական նշանակության արտադրանքի թողարկման միջպետական գիտարտադրական միավորումներ ստեղծելու ընդհանուր սկզբունքների մասին» և «ՀԱՊՀ անվտանգության հավաքական ուժերի ու միջոցների կազմավորման և գործունեության կարգի մասին» համաձայնագրերը, սա առիթ տվեց, որպեսզի ՀԱՊԿ-ի անհրաժեշտության, գործառույթների և անդամակցության խնդիրները վերստին դառնան ակտիվ քննարկման նյութ: Ներկայացված երկու փաստաթղթերի էությունը կայանում էր նրանում, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը հավակնում է մասնակից պետությունների ուժերի ու միջոցների հաշվին պայքար ծավալել զինված հարձակման, ագրեսայի և այլ մարտահրավերների ու սպառնալիքների դեմ, ինչպիսիք կարող են համարվել նաև միջազգային ահաբեկչությունը, հանցագործությունները, արտակարգ իրավիճակները և այլն: Սակայն այս բարի ցանկությունների ու մտադրությունների թվարկումը դեռևս փաստարկը չէր, որ կարող էր համոզիչ լինել թերահավատների համար: Քիչ չէ նրանց թիվը, ովքեր այսօր համոզված են, թե ՀԱՊԿ-ն օր-օրի հաստատում է իր «ռազմաքաղաքական անկարողությունը»։ Իսկ այդպես պնդելու համար օրինակների պակաս չի զգացվում: Հայաստանի համար դա նախ և առաջ նշանակում է ստանալ հստակ և աներկմիտ հավաստիացումներ, որ մեր երկիրը կարող է անհրաժեշտության դեպքում հույսը դնել վերջինիս օժանդակության վրա: Իսկ երեկ նախկին պահանջներին գումարվեց ևս մեկը: Բանը հասավ նրան, որ պատգամավորներից ոմանք հայտարարեցին, որ եթե ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանական միությունը դատարկ ձևականություն չէ, ապա ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հայտարարեն Ադրբեջանի ու Թուրքիայի շրջափակման մասին: Նման պահանջը բխում էր այն դատողությունից, որ եթե կազմակերպության շրջանակներում համագործակցությունը ենթադրում է արտաքին ագրեսիայի և այլ մարտահրավերների դեմ համատեղ դիմակայության դրսևորում, ապա պետության արտաքին շրջափակումը նույնպես կարող է որակվել որպես ագրեսիա:
Սակայն ՀԱՊԿ արձագանքն ու օգնությունը վերջին շրջանում ստանում են նոր նրբերանգներ, ինչն իր հերթին կարող է այդ կառույցի անմիջական ներկայությունը դիտարկել ոչ այնքան ցանկալի: Եվ նրանք, ովքեր այսօր պահանջում են ռազմական դաշինքի արագ արձագանքը, հենց իրենք կարող են հայտնվել նույն արձագանքի հարվածի տակ: Խոսքն այն նոր մտայնության մասին է, համաձայն որի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը անդամ երկրներում կարող են օգտագործվել սահմանադրական կարգը պաշտպանելու համար: Գաղափարն առաջինը շրջանառու դարձրեց Բելառուսի նախագահը, նրան մերժեցին, բայց կարծես թե այն հրապուրիչ թվաց, և այժմ դիտարկվում է նույնը շատ ավելի մեղմ, ոչ այնքան թափանցիկ շղարշի ներքո ներկայացնելու հարցը: Ճիշտ է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շտապեց հրապարակավ հայտարարել, թե «ՀԱՊԿ-ն իր վրա չի վերցնի ժանդարմի գործառույթներ» և որ կտրականապես դեմ են դրան, միայն թե նույն պահին էլ հավելեց, որ, այո, ակնկալվում են որոշ վերաձևումներ, սակայն դրանք «կրելու են ոչ թե խորքային, այլ կոսմետիկ բնույթ, իսկ անդամ որևէ երկրի ներսում անկարգությունների պարագայում ընդունող երկրի համաձայնությամբ կուղարկվեն ոչ թե արագ արձագանքման, այլ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր` դիմակայությունը թուլացնելու ու կայունություն հաստատելու նպատակով»:
Հասկանալի է, որ սա խնդրի էությունը չի փոխում և միևնույն խաղն է՝ այլ դերակատարներով ու դեկորացիայով: Իբրև ասվածի լրացում օրերս շրջանառվեց ևս մի տեղեկություն, համաձայն որի այսուհետ ՀԱՊԿ-ն վերահսկելու է սոցիալական ցանցերը` արաբական հեղափոխությունների սցենարով իր ներսում անկարգությունների կրկնությունը կանխելու համար: Ըստ որոշ աղբյուրների, այդ նպատակով կկիրառվեն բջջային կապը, սոցիալական ցանցերը, հնարավոր է նաև` ոչ կառավարական կազմակերպությունները: Եվ դեռ այսքանից հետո էլ հնչում են հավաստիացումներն այն մասին, թե խոսքը գրաքննության, այլակարծության դեմ պայքարի մասին չէ:
Մի խոսքով, կառույցը հետզհետե ձեռք է բերում բոլորովին նոր գործառույթներ՝ այդպես էլ անհայտության մեջ թողնելով իր նախկին պարտավորությունների կատարման հաստատակամությունը: Իսկ եթե անկեղծ ասենք, ապա ՀԱՊԿ-ում շատ բաներ կան, որոնք տարակուսանք ու մտահոգություն են ծնում: Օրինակ, վերհիշենք կազմակերպության կանոնադրության առաջին հոդվածը, ուր ասվում է, որ մասնակից երկրները պարտավորվում են չմասնակցել «այլ մասնակից պետության դեմ ուղղված գործողություններին»: Սակայն արի ու տես, որ նույն ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին վաճառվում է մեծ քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` հարձակողական բնույթի (ռազմական ինքնաթիռներ, տանկեր, հրետանային և հրթիռային համակարգեր): Վաճառողները հրաշալի հասկանում են, որ դա ուղղակի ռազմական սպառնալիք է Հայաստանի նկատմամբ և հակասում է նրանց իսկ պարտավորություններին: Բայց այդ բանի գիտակցումը որևէ կերպ չի կաշկանդում «առևտրականներին»:
Եվ ի՞նչ է ստացվում: Մի կողմից մենք դժգոհ ենք, մյուս կողմից ստիպված ենք ղարաբաղյան հակամարտության առկայության, Թուրքիայի վարած քաղաքականության պայմաններում ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի միջոցով հավասարակշռություն պահպանել: Ասվածին կարելի է հավելել նաև այն փաստը, որ Հայաստանն այսօր դեռ չի տեսնում մեկ այլ համակարգ, որը այլընտրանքային դիտվեր ու համեմատության մեջ դրվեր եղածի հետ: Նույնիսկ ըմբռնելով, որ ԼՂՀ-ն ճանաչված չէ որպես պետություն, այդ թվում` Հայաստանի կողմից, հետևաբար, ՀԱՊԿ-ի պատասխանատվության տիրույթում չէ, մենք վերստին շարունակում ենք հույսեր փայփայել, թե անհրաժեշտության պարագայում մեզ մենակ չեն թողնի, քանի որ Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտությունը հեշտությամբ կարող է դառնալ հայ-ադրբեջանական, իսկ սա դաշնակիցներին կհիշեցնի իրենց պարտավորությունների մասին:
Դեկտեմբերին կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի շրջանակներում կառաջարկվի լիազորությունների ընդլայնման հաշվին հզորացնել կազմակերպությունը: Հայաստանը հաստատապես դեռ կշարունակի իր անդամակցությունն այդ շրջանակներում, քանի որ, ամեն բանից անկախ, ՀԱՊԿ-ն առայժմ հույսեր է ներշնչում, թե ինքը կայացող ու խոստումնալից ռազմաքաղաքական միավոր է: Բացի դա էլ կառույցում ընդգրկված են երկրներ, որոնք թեև հակասական շահեր ունեն, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան միավորել է, եթե նրանք հայտնվել են այդ տանիքի տակ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Լոպազությամբ երկիր չեն պաշտպանում

23 Փտր

Բանակի մասին ընդունված է միայն լավը խոսել: Դե, ասում են` պատերազմական վիճակ է, կարիք չկա ջուր լցնել թշնամու ջրաղացին, կոտրել մարտական ոգին ու նման բաներ: Մենք էլ փորձում ենք ըմբռնումով մոտենալ դրան: Սակայն ամեն ինչ իր սահմանն ունի: Համբերությունն` առավել ևս: Եվ երբ այդ համբերության բաժակը լցվում է, այլևս շատ դժվար է մնալ սահմանված կաղապարների ու վերապահ դատողությունների տիրույթում: Սա` ոչ միայն այն պատճառով, որ աղաղակող փաստերն ու ցավալի դեպքերը հակառակն են ստիպում, այլ նաև նրա համար, որ վիճակը շտկելուն կոչված ու պատասխանատու կառույցները շարունակում են ամեն կերպ սևը սպիտակ ներկայացնել և քարկոծել բոլոր նրանց, ովքեր համարձակվել են մատը դնել բաց վերքի վրա: Բայց մախաթը պարկում անվերջ պահելն անհնար է: Պետք է, այնուամենայնիվ, ինչ-որ բան ձեռնարկել: Եվ այդ պատճառով էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որոշել է վերականգնել իր ղեկավարած կառույցի վարկը ոչ այլ կերպ, քան… դասախոսություններ կարդալու ճանապարհով:
Մի օր նա վարչապետ Տիգրան Սարգսյանին է հրավիրում ՊՆ, որտեղ մեծ երազողը բանակի բարձրագույն սպայկազմի համար թեզիսներ է ընթերցում տնտեսության նվաճումների և ֆինանսական հաջողությունների շուրջ: Մեկ այլ անգամ հենց ինքն է մտավորականների առաջ ելույթ ունենում ձեռքբերումների մասին, կամ էլ գնում է Երեւանի պետական համալսարան` հանդիպելու դասախոսների և ուսանողների հետ, որտեղ ուղիղ մարդկանց աչքերի մեջ նայելով հայտարարում է, թե բանակում կարգապահությունը տարեցտարի ամրապնդվում է, տարվում է հետևողական դաստիարակչական աշխատանք, անցանկալի երևույթների ու միջադեպերի պրոֆիլակտիկա, որոնց մասին, ըստ նախարարի, «անպայման պետք է բարձրաձայնել, այլ ոչ թե թաքցնել»:
Մենք այժմ չենք խոսի այն հարյուրավոր մեծ ու փոքր իրավախախտումների և հոռի բարքերի մասին, որ բանակի անբաժանելի մասն են դարձել: Ընդամենը կարձանագրենք, որ միայն 2010 թվականին, համաձայն հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ունեցած տվյալների, զինված ուժերում մահվան 54 դեպք է արձանագրվել: Իսկ այն փաստը, որ նշված դեպքերից միայն 10-ի դեպքում է պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածել, համաձայնեք, որ սա որևէ կերպ չի ներդաշնակում նախարարի` հրապարակայունությունը քաջալերելու խոստումների հետ: Դրա փոխարեն ՊՆ-ում ավելի հակված են պնդելու, թե իրավապաշտպանների հրապարակած թվերը «իրականությանը չեն համապատասխանում», սակայն նույն պահին էլ սեփական ամփոփագրերը ներկայացնելու պահանջին պատասխանում են, որ իրենք ձեռնպահ կմնան հրապարակել բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի պաշտոնական վիճակագրությունը: Այդպես ձեռնպահ-ձեռնպահ էլ մեր ուսադիրավոր պաշտպանները խուսափում են խոսել բանակում սպայակազմի հովանավորչության, պատասխանատվությունից խուսափելու, անպատժելիության մթնոլորտի, կանոնադրական հարաբերությունների խախտման, սպանությունների և ինքնասպանությունների մասին, որոք չեն կարող ծայրահեղ անհանգստություն չպատճառել հասարակությանը: Եվ միայն մենք չէ, որ այդ մասին ասում ենք: Օրերս նույնիսկ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատասխանատուները հայտարարեցին, որ Հայաստանի զինված ուժերի խնդիրները «մնում են իրենց ուշադրության կենտրոնում ու որոշակի անհանգստություն են հարուցում»: Նրանց ներկայիս պահանջն է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի առկա թերությունների վերացման ուղղությամբ, և որպեզի բանակը համապատասխանի ԵԱՀԿ չափորոշիչներին:
Ինչքան էլ այսօր փորձ արվի արդարացնել նման կացությունը, բացատրություն գտնել այս կամ այն դեպքը ծնող հանգամանքների համար, շատ դժվար պիտի լինի հիմնավորել, թե ինչու՞ մինչ օրս զինծառայողները (հատկապես ստորադասները) օրենքով սահմանված որևէ մեխանիզմ չունեին բողոքելու կամ բողոքարկելու այն ապօրինությունները, որ իրենց նկատմամբ կատարվել են: Դրա հետ մեկտեղ չենք կարող նաև չարձանագրել, որ այդ մեխանիզմների առկայությունն ընդամենը գործի մի մասը կլիներ, քանի որ զինված ուժերում բացակայում է ամենահիմնականը` ստեղծված խնդրահարույց իրավիճակը շտկելու կամքը:
Օհանյանը երեկ ասում էր, թե բանակում այժմ բարեփոխումներ են իրականացվում, որոնք կարևոր երկու նպատակ են հետապնդում` Հայաստանի պաշտպանության համար ազգային ու միջազգային երաշխիքների ստեղծում: Օհանյանից այս հավաստիացումը լսում ենք արդեն չորրորդ տարին: Իսկ խոստացած բարեփոխումները ոչ տեսնող է եղել, ոչ ճանաչող: Չկա նման բան: Սրանք պարապ խոսքեր են: Վերջին դարակազմիկ նախաձեռնությունը եղավ այն, որ օրերս ի վերջո Հայաստանի զինվորական դատախազությունում սկսեց կգործել թեժ գիծը: Հիմա էլ խոսում են այն մասին, թե հրատապ է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը: Սակայն հազիվ թե ՊՆ-ն գրկաբաց ընդունի նման նախաձեռնությունը:
ԵՊՀ դահլիճում Սեյրան Օհանյանի ներկայությունից թևեր առած ռեկտոր Արամ Սիմոյանն իր ելույթում նշում էր. «Մենք լավ ենք հասկանում, որ հայոց բանակն է այն կարևոր ու միակ գործոնը, որ ապահովում է մեր երկրի ու ժողովրդի խաղաղ առաջընթացը»: Եթե ռեկտորն այսօր ասում է, թե բանակն է այն միակ գործոնը, որն ապահովում է մեր երկրի խաղաղ առաջընթացը (առաջընթա՞ցը), ապա այդ ռեկտորը նույնիսկ շարքային ուսուցիչ լինելու իրավունք չունի, քանի որ, նախ, յուրաքանչյուր իրեն հարգող երկիր չի կարող միայն մեկ գործոնի հույսին մնալ, և բացի դա էլ նշված այլ գործոններից մեկի առկայությունն էլ պարտավոր էր ապահովել հենց նույն ռեկտորն իր ղեկավարած հաստատության հետ միասին, ինչը, ինչպես տեսնում ենք, չի արվել: Իսկ գիտակցումն այն փաստի, որ Հայաստանն այլևս ոչ թե սպառող, այլ անվտանգության միջազգային երաշխավոր տարր է, էլ ավելի է առաջնային դարձնում պահանջը, որ մենք պետք է անհանդուժող լինենք Զինված ուժերում կատարված յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ:
Հայաստանի խորհրդարանում մարտի 10-ին օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ կայանալու են լսումներ զինված ուժերում առկա իրավիճակի եւ ԶՈՒ ներքին ու արտաքին կարգապահական կանոնագրքերի վերաբերյալ: Անկատար օրենսդրական դաշտը շտկելու ջանքերը հաջողություն կունենան միայն այն պարագայում, եթե գործեն օրենքները կիրառելու մեխանիզմներն ու նվազի այն ավելորդ լոպազությունը, ինչի հաշվին դեռ ոչ մի երկրում հայրենիք չեն պաշտպանել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: