Tag Archives: կամուրջ

ՈՒԻՍԹԼԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

15 Սպտ

Ամերիկացի նշանավոր նկարիչ Ջեյմս Մաք-Նեյլ Ուիսթլերը սկզբնապես սովորել է ԱՄՆ Ռազմական ակադեմիայում: Մի անգամ նրան հանձնարարում են կամուրջ նկարել: Ուիսթլերը քարե գեղեցիկ մի կամուրջ է պատկերում, որի վրա կանգնած էին երկու երեխա և ձուկ էին որսում:
— Վերացրեք երեխաներին,- զայրանում է հրահանգիչը` տեսնելով նկարը:- Մեզ ընդամենը ինժեներական կառույցի հստակ պատկեր է պետք:
Նոր տարբերակում Ուիսթլերը երեխաներին ջնջում է կամրջի վրայից, նրանց տեղափոխում է ափամերձ մի գողտրիկ հատված, որտեղ փոքրիկները կրկին ձուկ էին որսում, և նկարը ցույց է տալիս հրահանգչին: Կատաղած հրահանգիչը սկսում է աղաղակել.
— Ես ձեզ ասացի`հեռացրեք երեխաներին: Ամբողջովին: Երեխաներին վերացրեք նկարից:
Բայց Ուիսթլերին վիճակված չէր իր մեջ հանգցնել ստեղծագործական կրակը: Երրորդ տարբերակում երեխաներն արդեն չկային: Նրանք թաղված էին երկու փոքրիկ տապանաքարերի տակ, որոնք նկարիչը պատկերել էր գետափին, կամրջի մոտ:

123019_original

ՎԻԿՏՈՐ ՊԵԼԵՎԻՆ

4 Ապր

ԿԱՄՈՒՐՋԸ, ՈՐՆ ՈՒԶՈՒՄ ԷԻ ԱՆՑՆԵԼ

Իր վեպերից մեկում Միլան Կունդերան հարցն անվանում է մար¬դուց դեպի մարդը նետված ըմբռնման կամուրջ: Այդ համեմատությու¬նը երկու ուղղությամբ էլ գործում է: Հարցը նման է կամուրջի, իսկ կա¬մուրջը նման է հարցի՝ մարդու կողմից ուղղված ժամանակին և տա-րածությանը,– ի՞նչ է մյուս կողմում: Բայց լինում են կամուրջներ, որ ավելի շատ նման են պատասխանների:
Երբ տասներկու տարեկան էի, ամեն օր հեծանիվ էի նստում և մայրուղով քշում դեպի մի ժամանակ ԳՈՒԼԱԳ–ի կալանավորների կառու¬ցած ջրանցքը: Ջրանցքին հասնելով՝ մայրուղին, կամուրջի վերածվե¬լով, ցատկում էր նրա վրացով, իսկ կամուրջը իրենց վրա պահում էին երկու մետաղյա կորեր, և այն նման էր երկինք միտված աղեղի: Կա¬մուրջի տակ դեղին ավազաշերտ էր, որն էլ հենց իմ նպատակակետն էր: Ես ավազից տներ էի շինում, որոնք, երբ ամեն անգամ ջրանցքով գետային շոգենավ էր անցնում, քանդվում էին: Ժամերով ափին պառ¬կած՝ տեսնում էի արևի արտացոլանքը ջրանցքի մյուս ափի պատու¬հաններում, հեռավոր փայտե ցանկապատներին, պտղատու այգիների փոշոտ սաղարթներին: Տարօրինակ է, բայց կամուրջը ոչ մի անգամ չէի անցնում, չնայած երբեմն ուզում էի:
Տասնհինգ տարի անց ես նորից հայտնվեցի այդ մայրուղու վրա և նորից՝ հեծանվով: Հիշեցի կամուրջը, որ մի ժամանակ ուզում էի անց¬նել: Այն միտքը, որ հիմա անելու եմ դա, ինձ հանկարծակի ուրախաց¬րեց: Ես հասկացա, որ այդ անելով՝ կհատեմ սահմանը իմ ներկայի ու անցյալի միջև, և դա կնշանակեր, որ այն տղան ու ես նայն մարդն ենք դա կլիներ ամենաճշմարիտ ալքիմիական գործողությունը: Կանխավ այն ճաշակելով՝ քշեցի դանդաղ: Արդեն համարյա նպատակիս հա¬սած, մի տարօրինակ բան նկատեցի, մայրուղին լայնանում էր ու աջ թեքվում հենց այն տեղում, ուր նախկինում տանում էր առաջ: Հետո՝ տեսա նոր բետոնե կամուրջը, որի վրայով հիմա անցնում էր ճանա¬պարհը: Հինը կանգնած էր հարյուր մետր ձախ. չէր փոխվել, միայն թե հարող ճանապարհահատվածներն էին քանդվել և նրա երկու կողմե¬րում էլ ոչինչ չկար: Դա լավ պատասխան էր:
Բայց ես կասկածում եմ, որ Լեթան ոչ թե այն ջրերն են, ուր մենք մտնում ենք մահից հետո, այլ այն գետն է, որն անցնում ենք քանի դեռ ողջ ենք: Կամուրջը մեր ոտքերի տակ է, բայց կա՞ն արդյոք ափեր: Սահմանը, որից գալիս եմ, չեմ հիշում: Սահմանը, որին մոտենում եմ, չեմ տեսնում: Արդյոք կարելի՞ է ասել, որ ես որևէ տեղից գալիս եմ կամ որևէ տեղ եմ գնում: Բայց, այնուամենայնիվ, ինձ սփոփում է կյանքի նմանությունը իմ զբոսնելու հետ այն կամուրջով, որը հուսահատ փոր¬ձում էի անցնել: Երբեմն մտածում եմ, որ, ըստ էության, ես կյանքում ուրիշ ոչ մի բան էլ չեմ արել, այլ միայև քայլերով չափչփել եմ այս դա¬տարկության մեջ կախված ճանապարհահատվածը՝ կամուրջը, որն այնքան ուզում էի անցնել:

Թարգմ. Կ. Մխիթարյան

ՀՐԱԶԴԱՆԻ ՄԵԾ ԿԱՄՈՒՐՋԸ. ԴԺՎԱՐ ԾՆՈՒՆԴ

5 Դկտ

Հայաստանի կամրջաշինության պատմությունն ունի հարուստ անցյալ։ Պատմական աղբյուրները հիշատակում են «Տափերական» կոչվող կամուրջն Արաքսի վրա, Մեծամորի կամուրջը և այլն։ 20-րդ դարում լայն տարածում ստացավ մետաղական ապա նաև երկաթբետոնե կոնստրուկցիաներով կամրջաշինությունը։ Կամուրջների այս վերջին խմբին է պատկանում նաեւ Երևանում կառուցված Հրազդանի Մեծ կամ (ինչպես այսօր են ասում) Կիևյան կամուրջը:
Հետպատերազմյան տարիներին, հաշվի առնելով Երեւանի հյուսիս- արեւմտյան ուղղության զարգացման հիմնախնդիրները և Երևանն Աշտարակի հետ բարեկարգ մայրուղով կապելու անհրաժեշտությունը, Երքաղխորհուրդն իր 1946թ. ապրիլի 16-ի թիվ 7/27 որոշմամբ առաջարկում է Ծիծեռնակաբերդի բարձունքի մոտ` Զանգվի վրա, կառուցել քաղաքային ձևի կամուրջ, որի նախագծային լայնությունը լինելու էր 31 մետր։ Կամրջի նախագծման աշխատանքների համար նախատեսվում էր ծախսել 260 հազ. ռուբլի։
Կամրջի նախագծման աշխատանքները կատարվել է «Երքաղնախագծի» կողմից`ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Շինանյութերի և շինությունների ինստիտուտի մասնակցությամբ: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Վ. Փինաջյանը, որին օգնել են` «Երքաղնախագծի» մասնագետներ Ս. Դուրգարյանը, Ս. Մազմանյանը և Մ. Գրիգորյանը։ Երքաղխորդի 1948թ. հուլիսի 20-ի որոշմամբ հաստատվում է կամրջի նախագծային աշխատանքը, ըստ որի` կամրջի բանուկ մասը կազմելու էր 26.4 մ., բարձրությունը 62 մ. և երկարությունը 250 մ.։ Կամուրջը կառուցվելու էր բազալտից և բետոնից։ Շինարարության արժեքը կազմում էր 9760 հազ. ռուբլի։ ՀԽՍՀ 1950թ. մարտի 13- որոշմամբ հաստատվում է կամրջի տեխնիկական նախագիծը և գլխավոր նախահաշիվը: Կամուրջը լինելու էր գետային կամարաձև թռիչքով, վերևի 103մ. երկարությամբ երթային մասով։
Կամրջի շինարարությունն իրականացնելու նպատակով ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1949թ. հունիսի 1-ից կազմակերպվում է հատուկ շինարարական գրասենյակ։ Կամրջի շինարարությունը պետք է ավարտվեր 1951թ. վերջին։ Կամրջի շինարարությունը սկսվեց 1949թ. կեսերից։
1950թ. մայիսի 24-ի նիստում Երքաղքորհրդի գործկոմը, քննարկելով կամրջի շինարարության ընթացքը, գտնում է, որ բետոնապատման աշխատանքների որակը բավարար չէ և չեն պահպանվում այդ աշխատանքների տեխնիկական պայմանները։ Ելնելով վերոհիշյալից, հանձնարարվում է թերությունների վերացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ։ Շինարարությունն արագացնելու և ժամանակին շահագործելու նպատակով, խնդրվում է ՀԽՍՀ նախարարների խորհրդին 1951թ. 1-ին կիսամյակում շինարարական աշխատանքների կազմակերպման համար հատկացնել նաև կալանավոր բանվորների (կալանավորների ներգրավումը կամրջի շինարարության մեջ բացատրվում էր աշխատուժի էժանությամբ) և աշխատեղների թիվը թիվը հասցնել 800-ի։
Արդյունքները շուտով զգացնել են տալիս։ Նույնիկս ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ Զանգվի կամրջի շինարարական գրասենյակը 1-ին կիսամյակում ձեռք բերած հաջողությունների համար պարգեւատրվում է ՀԽՍՀ նախարարների խորհրդի փոխանցիկ Կարմիր դրոշով եւ 15000 ռուբլի պարգևավճարով: Սակայն, չնայած գործադրած ջանքերին, կամրջի շահագործման հանձնումը 1951թ. ձախողվում է։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվում են ծրագրերի թերակատարման, հավելագրումների, խախտումների ու յուրացումների բազմաթիվ փաստեր, որոնց համար շինգրասենյակի մի շարք պաշտոնյաներ հեռացվում են աշխատանքից։ Հարցը քննարկվում է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նիստում և կամրջի շահագործման ժամկետը սահմանվում է 1952թ. տարեվերջը։
Բայց հենց այդ ժամանակ էլ կատարվում է անսպասելին ու ողբերգականը։ 1952թ. հուլիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 15.05-ին, բետոնալցման աշխատանքների կատարման պահին փլուզվում է կամրջակամարը, որի վրա աշխատում էին մարդիկ։ Զոհվում են 47 հոգի, այդ թվում` 22 բանվոր և 25 կալանավոր, իսկ շատերն էլ ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դա մայրաքաղաքի կյանքի մեծագույն աղետներից մեկն էր, որի մասին տասնամյակներ շարունակ ոչինչ չի գրվել ու ասվել:
Կազմվում է կառավարական հանձնաժողով, Մոսկվայից հրավիրվում են հատուկ մասնագետներ վթարի պատճառներն ու պատճառված նյութական վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի գնահատմամբ, վնասի չափը կազմել էր 985771 ռուբլի: Այն օրերի համար դա ահռելի գումար էր:
Իսկ որո՞նք էին կամրջակամարի փլուզման հիմնական պատճառները։ Ըստ ԽՍՀՄ «Կամուրջտրեստի» նախագծա-կոնստրուկտորական բյուրոյի պետ Ե.Ա.Սիդորովի եզրակացության, Զանգվի կամրջի կարծր մետաղյա կամրջակամարի փլուզման անմիջական պատճառը մոնտաժային տարրերի հեղույսային միացումներում էլեկտրաեռակցման, մոնտաժային տարրերի ելման շեղահենակի երկրորդ անկյան, եռակցվող տարրերի երկրորդ երեսում եռակցման բացակայությունն էր, ինչպես նաև շինարարական աշխատանքների նկատմամբ հեղինակային ու տեխնիկական վերահսկողության բացակայությունը։
Վթարի հետևանքների վերացումից հետո ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1952թ. սեպտեմբերին վերսկսվում է կամրջի շինարարությունը և շահագործման հանձնման ժամկետ է սահմանվում 1953թ. վերջը։ Սակայն կամրջի շինարարությունը ձգձգվում էր, և Երքաղխորհրդի որոշմամբ կամրջի շահագործման հանձնման նոր ժամկետ է սահմանվում 1955թ. հոկտեմբերի 20-ը։
Հրազդանի Մեծ կամրջի շինարարության աշխատանքներն ավարտվեցին 1955թ. դեկտեմբերին։ Այդ կապակցությամբ Երքաղխորհուրդը առաջարկեց կազմել Զանգվի կամրջի շահագործման հանձնման ու ընդունման կառավարական հանձնաժողով։ Հանձնաժողովին հանձնարարվում է մինչև 1956թ. հունվարի 15-ը ՀԽՍՀ նախարարների խորհրդին ներկայացնել կամրջի շահագործման ընդունման պետական ակտը։
Զանգվի Մեծ կամրջի գլխավոր թռիչքի երկարությունը 110 մետր է՝ ծածկված կարծր արմատուրայից կառուցված երկու երկաթբետոնե կամարներով։ Նմանատիպ կամրջաշինությունը ժամանակին սակավ կիրառելի էր ինչպես Հայաստանում մոտ, այնպես էլ արտասահմանում։ Կարծր արմատուրայի կիրառումն արդարացվում էր մետաղյա կամարակալների μացակայությամբ: Այն օրերի համար դա հանդիսանում էր կամրջաշինության մեծագույն նվաճումներից մեկը և խոշոր քայլ էր կամրջաշինության նորագույն լուծումներ որոնելու ճանապարհին։

ՅՈՒՍՈՒՖ ԻԴՐԻՍ

10 Փտր

…Նրանից, որ ապրում ենք, ավելի կարևոր է իմանալ, թե ինչու ենք ապրում: Որդը ոչնչացնելուց ավելի կարևոր է, որ մենք իմանանք որդի գոյության իմաստը՝ այն համարելով չարիք և բամբակը համարելով բարիք: Եվ եթե ոչնչացնենք չարիքը, և մնա միայն բարիքը, միգուցե մարդը սկսի կաղալ…
Ո՞վ է պատասխանատու, որ իմ հոգու ամենակարևոր մասնիկը չորացել և մահացել է: Ո՞վ է պատասխանատու, որ ես մի անգամ կորցնում եմ աղերսները և մնում մենակ աշխարհում, որի հետ չունեմ որևէ կապ: Փլվել է կամուրջը, որն ինձ կհասցներ դեպի այն, և սպառվել է կարեկցանքը, որով այն կապում էր ինձ և ջերմացնում էր ինձ իրենով, ու ես էլ ինձնով էի ջերմացնում իրեն: Ո՞վ է պատասխանատու, որ ես անվերջ զգում եմ, որ վիրավոր եմ, խոցված եմ, որ ես կորցրել եմ հանգստությունը:
Ես ասում եմ, թե ով է պատասխանատու, որովհետև պատասխանատվությունը մեծ է: Ոչ միայն դու, այլ դուք բոլորդ էլ պատասխանատու եք: Ես էլ եմ պատասխանատու: Եվ ինձ թվում է, որ ամենաշատը պատասխանատու է այն ուղին, որով մենք ապրում ենք: Միգուցե մեր ուղին սխալ է, միգուցե կյանքի ավելի լավ ուղի կա: Միգուցե կա մի ճանապարհ, որը թույլ է տալիս եղբայրներին լինել պարզապես եղբայրներ և թույլ չի տալիս, որ մայրը լքի իր որդիներին, և ոչ էլ որ որդիները հրաժարվեն իրենց հարազատներից…

«Երկրային կատակերգությունը» պիեսից

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

9 Դկտ

Ծերունին կամրջի մոտ

Պողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորորով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաներն այդ հատվածում դժվարությամբ և ամեն ինչ տրորելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին`մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստել մնացել էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:
Իմ գործը կամուրջն անցնելն էր, այն կողմի կամրջագլխի ամրությունը հետազոտելը և պարզելը, թե մինչև ուր է առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր:
— Որտեղի՞ց ես գալիս,- հարցրեցի ես նրան:
— Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:
Դա իր հայրենի քաղաքն էր, և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն ու նա ժպտաց:
— Ես կենդանիներ էի պահում,- բացատրեց նա:
— Օ՜,- արտաբերեցի՝ լավ չհասկանալով:
— Այո՛,- ասաց նա,- հասկանո՞ւմ եք, ես ապրում էի կենդանիներ պահելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:
Նա ո՛չ հովվի էր նման, ո՛չ էլ նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակով ակնոցին ու ասացի.
— Ի՞նչ կենդանիներ էին:
— Տարբեր,- ասաց ու թափահարեց գլուխը:- Ես ստիպված էի նրանց թողնել:
Դիտում էի Էբրոյի՝ աֆրիկյան տեղանքի նմանվող ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը, ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:
— Ի՞նչ կենդանիներ,- հարցրի:
— Բոլորը միասին երեքն էին,- բացատրեց նա,- երկու այծ ու մի կատու: Նաև չորս զույգ աղավնի կար:
— Եվ դու ստիպված էիր թողնե՞լ նրանց,- հարցրի:
— Այո՛, հրետանու պատճառով: Հրետանու պատճառով կապիտանն ինձ կարգադրեց գնալ:
— Իսկ ընտանիք չունե՞ս,- հարցրի ես՝ նայելով կամրջի մյուս ծայրին, որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:
— Ո՛չ,- ասաց նա,- արդեն ասացի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:
— Ի՞նչ քաղաքական հայացքներ ունես,- հարցրի:
— Ես քաղաքականություն չունեմ,- ասաց նա:- Ես յոթանասունվեց տարեկան եմ: Ես արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:
— Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,- ասացի ես:- Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:
— Մի քիչ կսպասեմ,- ասաց նա,- ու հետո կգնամ: Ո՞ւր են գնում բեռնատարները:
— Դեպի Բարսելոն,- ասացի նրան:
— Այդ կողմերում ոչ մեկին չեմ ճանաչում,- ասաց նա,- բայց շա՛տ շնորհակալություն: Կրկին շատ շնորհակալություն:
Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո ինչ-որ մեկին իր վշտին հաղորդակից դարձնելու համար ասաց. «Կատվի ոչինչ չի լինի, համոզված եմ: Կարիք չկա անհանգստանալու կատվի համար: Բայց մյուսները…. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի մյուսներին:
— Դե, նրանք էլ հավանաբար բարեհաջող դուրս կպրծնեն:
— Այդպե՞ս ես կարծում:
— Իսկ ինչո՞ւ ոչ,- ասացի՝ դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:
— Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:
— Դու աղավնիների վանդակը բա՞ց ես թողել,- հարցրի ես:
— Այո՛:
— Ուրեմն նրանք կթռչեն:
-Այո՛, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները … Ավելի լավ է, չմտածեմ մյուսների մասին,- ասաց նա:
— Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես,- պնդեցի ես:- Վեր կաց և փորձիր քայլել:
— Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ:- Ես կենդանիներ էի պահում,- վհատորեն ասաց նա, բայց արդեն ոչ ինձ:- Ես կենդանիներ էի պահում:
Նրան ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստներն առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Դա և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, միակ մխիթարությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:

Թարգմանեց Յուրա Գանջալյանը

%d bloggers like this: