Tag Archives: կակաչներ

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

11 Հնս

ԿԱԿԱՉՆԵՐ

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կարյունին։
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին։

Անոնք այնչափ բռնկեր են, որ կարծես
Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն։

Քույր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին։
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խմենք արյունն ակոսին։

Անոնք ծռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ ողկույզ կծըփան։
Պիտի իրենց բաժակներեն հակնթյա
Խմենք խոստումը Գարնան։

Քաղե՛, քույր իմ, կակաչ չէ՛, բոց քաղե դուն.
Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի։
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խմենք կրակներն Հունիսի։

Ծաղկեր, ծաղկեր են բերնիդ պես քնքշենի,
Կխոսակցին ցորյանին հետ օրորուն։
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խմենք գաղտնիքն հասկերուն։

Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին։
Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
Խմենք գինին Տարփանքին։2404142002_1478711722

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

27 Մյս

Գեղանկարչության երկրպագուն, ով ճամփորդության է ելնում հանուն այն բանի, որ տեսնի Կլոդ Մոնեի կակաչի դաշտ պատկերող նկարը, երևի թե չի ուղևորվի զբոսնելու իսկական կակաչի դաշտով, այլ աստղագուշակի նման, կենաց երևույթներն ուսումնասիրելու համար հարմարանք ունենալով, որից հարկ է օգտվել մենության մեջ, մարդկանցից հեռու, նա ունի ոչ պակաս մոգական հայելիներ, այսինքն՝ կտավներ, որոնք արտացոլում են իրականության կարևոր տեսակետները, այդ հայելիներին պետք է կարողանալ նայել որոշակի հեռավորությունից: Մենք կանգնած ենք այդպիսի մոգական հայելու առաջ, փոքր-ինչ հեռանալով նրանից, ջանալով վանել բոլոր ավելորդ մտքերը և հասկանալ յուրաքանչյուր գույնի իմաստը, որ մեր մեջ հուշեր են հարուցում վաղեմի տպավորությունների մասին, որոնք նույնպիսի օդային և բազմագույն ճարտարապետական ձև են առնում, ինչպես և այն, որ կտավի վրա է, և մեր երևակայության մեջ բնանկար են արարում, հայելու առաջ, որին են տենչում ճերմակահեր ծերունիները, որ այրված չեն ո՛չ քամուց, ո՛չ արևից, բայց բոլոր այդ ճշմարտությունների հայտնաբերումից վայելք են ապրում, որոնց հիմքում` արևն ու քամին է, այդպես և երգչուհու երկրպագուհուն ծանոթ է այն հեղինակի անունը, ում գործերը նա սիրում է կատարել: Մոնեի կտավը մեզ ստիպում է սիրել նրա վրա պատկերված երկրի անկյունը… Մեր մեջ խոսում է ոչ թե պարզապես կռապաշտությունը Մոնեի հանդեպ: Մենք ինքներս կսիրենք: Բայց չենք համարձակվում: Հարկ է, որպեսզի ինչ-որ մեկը մեզ ասի` «Այստեղ դուք կարող եք սիրել` սիրեք»: Այդժամ մենք սիրում ենք: Մոնեի կտավները Արժանտեյլում, Վետեյլում, Էպտում, Ժիվերնիում մեզ համար բացում են այդ վայրերի դյութված էությունը…

%d bloggers like this: