Tag Archives: Կալանդաձե

Ինչ ցանեցին` այն էլ հնձեցին

7 Հլս

Վրացիները մեզնից նեղացել են և այս անգամ կարծես թե շատ լուրջ: Հազվադեպ է պատահում, որ նրանք իրենց դժգոհության մասին բացեիբաց արտահայտվեն: Սակայն հիմա այդ բանն անում են առանց երկմտելու, ամենաբարձր մակարդակներում: Պատճառը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Աբխազիայից և Հարավային Օսիայից փախստականների ու ներքին տեղահանվածների մասին» բանաձևի քվեարկությունն էր: Այս բանաձևն ամեն տարի վրացական կողմը ներկայացնում է ՄԱԿ` հուսալով առավելագույն ձայներ հավաքել: Պետք է ասել, որ դա նրանց առայժմ հաջողվում է: Վերջին քվեարկության արդյունքներով կողմ էին 57 երկիր, որը 7-ով ավելի է, քան նախորդ տարի: Իսկ Ռուսաստանի օգտին քվեարկեց 13 երկիր, որը 4-ով պակաս էր նախորդ ցուցանիշից: Եվս 74 պետություններ ձեռնպահ մնացին: Սակայն այստեղ էականն այն է, որ Հայաստանը նույնպես դեմ քվեարկեց վրացական բանաձևին: Եվ այժմ պաշտոնական Թբիլիսին ոչ միայն Երևանից բացատրություն է պահանջում այդ արարքի համար, այլև ցանկանում է պարտադրել, որպեսզի Հայաստանը վերանայի իր դիրքորոշումը:
Նախ տեսնենք, թե ի՞նչ բան է վրացիների աղմկահարույց բանաձևը: Այդ փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ պետք է հարգել Վրաստանում հակամարտությունների հետևանքով տուժած փախստականների ու բռնի տեղահանվածների սեփականության բոլոր իրավունքները և ձեռնպահ մնալ սեփականության ձեռքբերումից, ինչը կարող է խախտել այդ իրավունքները: Այնտեղ նաև նշվում է, որ «անթույլատրելի է բռնի կերպով ժողովրդագրական վիճակի փոփոխությունը»: Որքան էլ վրացիները ջանում են համոզել, թե սա սոսկ հումանիտար բովանդակությամբ բանաձև է, այնուհանդերձ պարզից էլ պարզ է, թե այն ինչպիսի քաղաքական ենթատեքստեր ունի: Այլապես հազիվ թե նրանք այդքան հիվանդագին կերպով ընդունեին հայերի անհամաձայնությունը: Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի խոսքերով ասած, պաշտոնական Թբիլիսին «տխուր» է համարել այն փաստը, որ Հայաստանը չի օժանդակել Վրաստանին ՄԱԿ-ում փախստականների վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ: «Վրաստանն ու Հայաստանը վիճելի հարցեր ունեն, որոնք երկու երկրները քննարկում են, և դրանց թվում է նշված հարցը»,- ասել է վրացի դիվանագետը:
Շատ հետաքրքիր է, որ տիկինն այս մասին հիշել է, քանի որ հաշված օրեր առաջ իր անմիջական շեֆը` նախարար Գրիգոլ Վաշաձեն հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ճիշտ հակառակն էր ասում և պնդում էր, որ Հայաստանն ու Վրաստանը ապրում են անամպ երկնքի տակ: Բայց, ինչպես տեսնում ենք, մի փոքր անհամաձայնությունը բավական եղավ, որպեսզի երկինքը լցվեր ամպերով և կայծակներ ճայթեին այնտեղից:
Կալանդաձեն նույնպես որոտացող երկնակամարի կողմնակիցն է ու չի զլանում Թբիլիսիից դասեր տալ մեզ: «Մենք գիտենք Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունների վերաբերյալ, որը բխում է Հայաստանի խնդիրներից, և որը տարբերվում է Վրաստանի տեսակետից, և մենք բացեիբաց հայտարարում ենք մեր բարեկամներին, որ նման դիրքորոշումը Վրաստանի համար անընդունելի է»,- հայտարարում է փոխնախարարը` տեղեկացնելով, թե Վրաստանի ԱԳՆ-ը ՄԱԿ-ում քվեարկությունից առաջ պաշտոնական նամակ էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին` աջակցելու խնդրանքով: Փոխնախարարի խոսքով, «պաշտոնական Թբիլիսին կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի հայաստանյան գործընկերներին համոզի իր դիրքորոշման ճշմարտացիության հարցում»:
Հազիվ թե կողմերին այդքան հուզի տեսական բանավեճեր անցկացնելու հեռանկարը: Կատարվածը կատարվել է, և Թբիլիսիում էլ շատ լավ գիտեն, թե Հայաստանն ինչու նման կերպ վարվեց: Ու եթե ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ-դեսպան Կարեն Նազարյանը պարզաբանումներ տալիս ընտրում է ոչ ամենակոշտ ձևակերպումները, այսինքն չի վարվում այնպես, ինչպես վրացի տիկին դիվանագետը, սա դեռ չի նշանակում, թե Երևանն ասելիք չունի: Համաձայն Կ. Նազարյանի բացատրության, Հայաստանը գտնում է, որ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ԼՂ հիմնահարցի դեպքում նաև միջազգային այլ կազմակերպության շրջանակում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, տարվում են համապարփակ կարգավորմանն ուղղված կարևորագույն բանակցային գործընթացներ, և այդ հարցերը ՄԱԿ տեղափոխելը, այսինքն` դրանք Գլխավոր ասամբլեայի օրակարգում ներառելը չի կարող խթանել այդ գործընթացները, այլ ընդհակառակը, կշարունակի խոչընդոտել բանակցությունների ընթացքը կողմերի ու միջնորդների միջև:
Հիմա փորձենք հասկանալ թե ի՞նչ է նշանակում այս մանվածապատ միտքը և ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը վրացական բանաձևի հետ: Բանն այն է, որ հայ դիվանագետն այս մտքերով փորձում է հիշեցնել վրացիներին երեք տարվա վաղեմության մի դեպք: Խոսքը 2008-ի մարտի 14-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից 9 կետից բաղկացած այն բանաձևի ընդունման մասին է, որով պահանջվում էր հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի «օկուպացված» շրջաններից, հաստատվում էր այնտեղից վտարված ադրբեջանական ազգաբնակչության վերադարձի իրավունքը բնակության նախկին վայրեր և այլն։ Այն ժամանակ Վրաստանը կողմ քվեարկեց այդ բանաձևին, և բոլորովին չարժանացավ ոչ հայերի հանդիմանանքին, ոչ էլ բացատրություններ տալու պահանջին: Իսկ հիմա Վրաստանը դա հաճույքով ջնջել է իր հիշողությունից, իսկ հայերին մեղադրում է ոչ բարեկամական պահվածքի համար:
Իսկ թե ինչու Հայաստանը դեմ քվեարկեց, այս հարցը կարող է ունենալ մի քանի բացատրություն: Առաջինը, հայկական կողմը իսկապես պատասխանեց վրացիներին 2008-ի քվեարկության համար` ասելով, որ նրանք կհնձեն այն, ինչ ցանել են: Երկրորդ, հայերն այս կերպ ՄԱԿ-ում պաշտպանեցին Ռուսաստանին` իբրև համերաշխության նշան: Եվ, երրորդ, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հետ նույնպես ունի փախստականների վերադարձի խնդիրներ, իսկ վրացական բանաձևին պաշտպանելը կարող էր անուղղակիորեն հարվածել մեզ: Ահա այս երեք տարբերակների միջև վրացիները կարող են ընտրություն կատարել: Ու որն էլ նրանք ընտրեն` դրանից ոչինչ չի փոխվելու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կովկասյան տունը վերակենդանացնում են

28 Հնս

Ադրբեջանի քաղաքական միտքը հասարակությանը զբաղեցնելու համար ժամանակ առ ժամանակ հրապարակ է բերում որևէ արհեստածին գաղափար, սակայն որքան էլ դրանք աչքի ընկնեն իրենց բազմազանությամբ, բոլորի համար սկզբնակետը մեկն է` ինչպես վնասել Հայաստանին: Ահա այս նույն գերխնդրի թելադրանքով էր օրերս առաջնորդվում նաև այդ երկրի ռազմավարական ծրագրավորման կենտրոնի տնօրեն Ահմեդ Շիրինովը, որ որոշեց շրջանառության մեջ դնել իր դարակազմիկ առաջարկը: Գաղափարի իմաստը սա էր` ստեղծել նոր քաղաքական-տնտեսական միություն, որը կմիավորեր Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը (հնարավոր անվանումը` ԹԱԳ): Դաշնության ձևավորման սկզբունքները նույնն էին լինելու, ինչ Եվրամիությունը, այսինքն` միացյալ տնտեսական տարածք` միացյալ արժույթով, մաքսային տարածքով, խորհրդարանով և այլ համակարգող կառույցներով: Սակայն սա ընդամենը ձևն էր: Իսկ բովանդակությունը միտված էր կարևորագույն նպատակին` Հայաստանի լիակատար քաղաքական-տնտեսական մեկուսացումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններից, նաև նրա վերջնական աշխարհաքաղաքական անջատումը իր հիմնական գործընկեր Ռուսաստանից: «Եթե մտցվեն միության ընդհանուր ելքի ու մուտքի սկզբունքներ, Ադրբեջանը կարող է պահանջել սահմանափակումներ Հայաստանի քաղաքացիներ համար` դրանից բխող բոլոր հետևանքներով: Տնտեսական օգուտի տեսանկյունից, ամեն ինչ ակնհայտ է: Ադրբեջանում լրջորեն զարգանում է արտադրությունը, և միացյալ շուկայի զարգացումը կնպաստի դրա ընդայնմանը»,- պարզաբանել էր Շիրինովը: Նրա խոսքերով՝ միությունը բաց է լինելու, և դրան կարող են միանալ նաև տարածաշրջանի այլ երկրները, որոնք հարգում են միջազգային իրավունքի սկզբունքներն ու միության երկրների տարածքային ամբողջականությունը։
Շիրինովն ու նրա նմանները կարող են էլ ավելի մեծ անհեթեթություններ բարձրաձայնել և ապա հիմնավորել դրանց առավելությունները: Սա իրենց գործն է ու իրենց մտահոգության առարկան: Բայց որ սա կարող է նաև արձագանք գտնել առավել լուրջ շրջանակներում, այդ պարագայում ընդամենը ունկնդիր լինելն արդեն բավարար չէ: Իսկ արձագանքներ իսկապես եղան: Դրանցից մեկը հնչեցրեց Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն: Ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարեց, թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա միության ստեղծման վերաբերյալ Վրաստանի ԱԳ նախարարությունը պաշտոնական առաջարկ դեռ չի ստացել:
Այսպիսի արձագանքը չափազանց տարօրինակ էր: Բանն այն է, որ պաշտոնական առաջարկ լինել չէր էլ կարող, քանի որ խոսքն ընդամենը մի փորձագետի անհատական տեսակետի մասին է, և բնականաբար դրա հեղինակը չէր ներկայացնում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Մյուս կողմից էլ անմիջապես ուշադրություն էր գրավում տիկնոջ արտաբերած «դեռ» բառը: Այսինքն` դեռ չեն ներկայացրել, սակայն կարող են առաջիկայում դա անել:
Սակայն հետո գալիս էր ամենահետաքրքիրը: Չբավարարվելով իր այս պատասխանով, փոխնախարարը շարունակում էր. «Վրաստանի ԱԳՆ-ին ոչ ոք պաշտոնական առաջարկություն չի արել, թեև ադրբեջանական կողմը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման մտահաղացմամբ: Վրաստանի նախագահ Սահակաշվիլին նույնպես հանդես է եկել նման առաջարկով, սակայն կոնկրետ դետալների վերաբերյալ ոչ մի խոսակցություն չի եղել»,-ասել էր Կալանդաձեն:
Եթե ի գիտություն ընդունենք այն փաստը, որ Ահմեդ Շիրինովի մեծագույն ցանկությունը Հայաստանին մեկուսացնելն էր, և եթե Նինո Կալանդաձեն անմիջապես զուգահեռներ էր գտնել նրա ու Սահակաշվիլու առաջարկների միջև, ապա ստացվում է, որ վրացի բարձրաստիճան դիվանագետն անուղղակի կերպով խոստովանում է երկու գաղափարների ներքին կապի և դրանց «հոգեհարազատության» մասին:
Ինչ խոսք, տիկին դիվանագետը հազիվ թե մեծ ցանկություն ունենար մտաբերելու ադրբեջանցի փորձագետի փոքր-ինչ վիրավորական խոսքերը Վրաստանի հասցեին, որ նա արտասանել էր իր փառավոր առաջարկը ներկայացնելիս: Իսկ Շիրինովը այն ժամանակ ասել էր. «Վրաստանի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Վրաստանն այսօր գոյատևում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի շնորհիվ, այնպես որ կարծում եմ՝ Վրաստանը կշահի առավել, քան մյուս երկու երկրները»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքական ու տնտեսական շահին, ապա նրա համար էլ ադրբեջանցիները ախորժելի խայծեր գտել էին: Բաքվում կարծում են, որ Թուրքիայի համար այդ միությունն այլընտրանք կլինի և ևս մեկ անգամ ԵՄ–ին ցույց կտա, որ թուրքական կողմը «համատեղ զարգացման և պլանավորման հարցերում վստահելի գործընկեր է»։
Վերադառնալով բուն հարցին, նախ ասենք, որ նման այլընտրանքային տնտեսական միություններ ստեղծելու գաղափարները վաղուց են քննարկվում ինչպես տարբեր մակարդակներում, այնպես էլ տարբեր երկրների կողմից: Սակայն հիշեցնենք, որ վերը նշված մտահղացման նախակարապետն իրականում հենց Թուրքիան էր` իր «Կովկասյան տուն» կոչվող նախագծով, որ տարիներ առաջ հայտնվեց քաղաքական քննարկումների ուղեծրում, մի պահ առկայծեց ու անմիջապես մարեց: Եվ վրացիներն իզուր են փորձում յուրացնել դրա հեղինակային իրավունքը: Հայտնի է, որ «Կովկասյան տունը» Վրաստանի համակրանքին արժանացավ միայն այն ժամանակ, երբ նրանք փորձեցին դրանով հակակշիռ ստեղծել Ռուսաստանին: Այն ժամանակ ամենքն էլ իսկույն հասկացան, որ այդ քայլը Սահակաշվիլու կողմից արվում էր արևմտյան կառույցներին ևս մեկ անգամ հաճոյանալու համար: Միայն թե Վրաստանը չափից ավելի էր ոգևորվել ու մի բան հաշվի չի առել. Ռուսաստանը երբեք դիրքերը չի զիջի Կովկասում:
Մյուս կողմից էլ լայնամասշտաբ և անիրականանալի նախագծեր երկնելուց առաջ վատ չէր լինի գիտակցել, որ դրանք ապագա ունենալ չեն կարող միմյանց միջև անթիվ ու անհամար խնդիրներ ունեցող Կովկասյան երկրներում: Պատմության մեջ այս բանի ապացույցները քիչ չեն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: