Tag Archives: ծաղրածու

ԱՆԴՐԵՅ ԼՈՊԱՆ

27 Սպտ

ԾԱՂՐԱԾՈՒԻ ԱՂՈԹՔԸ

Որպեսզի կյանքս հոսի ինչպես ջուրն ավազի միջով
Եվ որպեսզի ձեզ զվարճացնեմ,
Ես կպատվիրեմ տիեզերական կրակներ վառել
Կյանքիս վարագույրն իջնելուց առաջ,
Երբ պիտի հանգչեմ:

Ամեն քրքիջի ու ծաղրի վրա
Թող երկինքը մութ ահեղ կայծակի,
Եվ հենց իմ խոսքով` իմ շուրթից թռած,
Նրա, որ վաղը կլռի-կանցնի:

Կուզեմ ես անհետ կորչել ամպերում,
Կեղծ մտքի բեռը նետել մթան մեջ,
Նա, որ միշտ երկչոտ իր տուրքն էր բերում
Իմ ծառայության դիմաց սնամեջ:

Նրա հետ մեկտեղ թող ինձ էլ այրի
Կայծակե շաչուն օձը երկնաճեմ,
Եվ թող անեծքը վերանա ինձնից
Գոնե այն պահին, երբ պիտի հանգչեմ:

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

7 Փտր

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԾԱՂՐԱԾՈՒ

Վերջին ժամանակներս այս մասնագիտությունը հատուկ ժողովրդականություն է ձեռք բերել:
Նախ` այն մեդալների արտասովոր առատ բերք է բերում, բայց գլխավորը դափնու տերևն է (որն այնքան քիչ է մեր շուկաներում): Վստահ եմ, որ Կարանդաշի, Պոպովի, Նիկուլինի կանայք այդ մթերքի ետևից շուկա չեն վազում, իսկ դա արդեն ինչ-որ բան է:
Երկրորդ` բոլորին գրավում է այդ մասնագիտության մատչելիությունը, դրա համար էլ հեղինակը, ով որոշ չափով նախկինում առնչվել է կրկեսի հետ, ուզում է մի քանի օգտակար խորհուրդ տալ այն բազմաթիվ երիտասարդներին, որոնք որոշել են իրենց նվիրել կլոունադայի հին արվեստին: Ահա այն հատկանիշները, որոնք պետք է ունենա մարդը, ով մեծ կոշիկներ ու վանդակավոր տաբատ է հագել:

Հումորը
պետք է իսպառ բացակայի, քանի որ հումորով օժտված մարդը ոչ միայն ծաղրածու չի դառնա, այլև նույնիսկ գրիմավորվել չի կարող: Ծիծաղը կսկսի քննել, խեղդել նրան. ինչպե՞ս է նա` միանգամայն նորմալ մարդը, քթին ներսից վառվող հսկայական կարմիր տանձ կպցնում: Նա չի դիմանա` իրեն տեսնելով հայելու մեջ կանաչ-կարմրավուն կեղծամով: Ծաղրածուն պետք է միանգամայն լուրջ մարդ լինի:

Կյանքի փորձը
պետք է հնարավորինս մեծ լինի: Դուք պետք է տասնյակ մասնագիտություններ փոխեք` համոզվելու համար, որ պիտանի չեք ցանկացած այլ աշխատանքի և ծառայության համար… Եվ այդժամ ելքը մեկն է` արենան:

Առողջությունը
պետք է կատարյալ լինի, դյուցազնական, ինչպես Ժաբոտինսկունը, քանի որ կրկեսում ձեզ բազում անակնկալներ են սպասում: Դուք համազգեստավորների ավելներից բարձրացած փոշին եք շնչելու:
Ձեր գլխին գմբեթից տրապեցիաներ են ընկնելու, աղյուսներ, պտուտակներ և այլ առարկաներ` վատ ամրացված օդային սարքերից: Կուլիսների ետևում ձեզ կկծեն ելույթի պատրաստվող, ուստի և շատ զգայուն ու ջղային շներն ու արջերը: Կրկեսի բուֆետում ձեզ այնպես կկերակրեն… Ավելի լավ է` նախապես գրանցվես թերապևտի մոտ:

Ընտանեկան դրությունը
Ծաղրածուն անպայման պետք է ամուսնացած լինի: Այդ ժամանակ նա դժբախտ սեր չի ունենա, և նրա ստեղծագործության մեջ չի լինի «Ծիծաղիր, խեղկատակ, կործանված սիրո վրա» թեման, իսկ դա նշանակում է` նրա համար արդեն ապահովված է բարեհաճ քննադատությունը:

Ստեղծագործելու կարողություն
պարտադիր չէ, որ ծաղրածուն ունենա, նույնիսկ հակառակը` ծաղրածուն պետք է յուրային լինի, հասարակ (առանց ամեն տեսակ «իզմերի», հակումների ու տատանումների) տղա: Նա պետք է հաճախ կրկնի «Կրկեսը կրկես է», «Մենք օպերա չենք, մենք կրկես ենք», «Ձեռքերիդ վրա կանգնես` հաց կուտես» և այլ ճշմարտություններ: Ու միայն դրանից հետո ծաղրածուն կհռչակվի կրկեսի իսկական նվիրյալ և գործընկերների մեջ շատ բարեկամներ ձեռք կբերի:

Խաղացանկը
էական չէ և պարզ է: Դեռ ոչ մի ծաղրածու սեփական խաղացանկ չի ունեցել:

Մամուլին
ծաղրածուն պետք է վերաբերվի խստությամբ, մարդասիրաբար, հիացական, խոժոռ և աստվածավախ: Լրագրողները դա սիրում են, հատկապես վերջինը: Լրագրողի աչքում նորմալ ծաղրածուն պետք է գետակինճի նման լինի (տե՛ս Брема, том А, стр.73, с 4 строки сверху до 21 снизу, изд. С.-Петербург, 1911г.), այսինքն` շատ արտասովոր: Եվ այստեղ վրա է հասնում ամենանրբանկատ պահը. արդյո՞ք ինքներդ պետք է հոդվածներ, էսսեներ և այլ բաներ գրեք: Կտրականապես պատասխանում եմ. «Ոչ», ինչը նշանակում է` «Այո»: Պարզաբանում եմ, որ դուք չպետք է գրեք, այլ ձեզ պետք է գրի առնեն և խմբագրեն: Դուք հեղինակն եք, բայց ձեր անվան կողքին համեստորեն տեղ է գտել. «Գրի առավ այսինչը…»: Եվ այդ ժամանակ ձեր առջև կանաչ ճանապարհ է բացված:
Մի տարի անց ի հայտ է գալիս ձեր առաջին գիրքը: Ահա, ըստ իս, մի քանի օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է անվանել կրկեսի մասին գիրքը. «37 տարի գլխիվայր», եթե այդ դիրքում եղել եք, կամ` «Բռնիր ձեռքս», «Միշտ քո ատամներում» (նկատի ունեմ կաշվե լեզվակը), և, իհարկե, եթե հիմնավորումներ ունեք` «Այո, ես ծաղրածու եմ»: Անպայման սև տառեր` արծաթավուն ֆոնին… Ինչպես հասկացավ իմ թանկագին ընթերցողը, խորհուրդների այս բաժինը ամենադժվարն է: Փոխարենը դուք անմիջապես մի շարքում եք հայտնվում այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Վ.Շեքսպիրը, Է.Հեմինգուեյը, Լ.Տոլստոյը և Ե.Սազոնովը:

Որպես ամփոփում
պետք է ասեմ, որ եթե երիտասարդն ունի այս բոլոր անհրաժեշտ հատկանիշները, ապա` բարի երթ:
Նրա կյանքն անամպ կլինի, առանց հիմար տառապանքների` ի՞նչ, ինչո՞ւ և ինչպե՞ս:
Երիտասարդ ծաղրածուն պրեմիերաներից առաջ անքուն գիշերներ և սրտի սպազմ չի ունենա: Եվ մենք բոլորս (ես դա ասում եմ ամենայն լրջությամբ) միայն կնախանձենք նրան:

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

29 Հկտ

… Ինձ թվում է՝ մարդը մշտապես երազում է ձեռք բերել հենց այն, ինչ չունի։ Երբ փոքր էի, ընտանիքում բոլորից տարբերվում էի հումորի զգացողությանս լիակատար բացակայությամբ, ինչը հավանաբար դեր խաղաց ուսումնական հաստատության՝ Կրկեսային եւ էստրադային արվեստի ուսումնարանի ընտրության հարցում։ Ի՞նչը գայթակղեց՝ գուցե հումորի զգացումս զարգացնելու հեռանկարը, իսկ թե ավելի լուրջ՝ կրկեսի համարյա անսպառ հնարավորությունները։ Ու ես դարձա ծաղրածու…
… Ես այնպիսին չեմ ինչպիսն բոլորը։ Ախր ծաղրածուն չի էլ կարող լինել ինչպես բոլորը։ Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է։ Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն։ Ես ուզում եմ գրել մի քանի գիրք։ Ես ուզում եմ…

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Տերեւները թափվեցին ծառերից, խոտերն ու ծաղիկները չորացան: Ահա թե ինչ արիր դու ինձ հետ, երբ դադարեցիր ինձ նայել:
…Այլեւս աշխարհում ոչ ձյուն կգա, ոչ էլ անձրեւ: Եւ նույնիսկ արեւ չի լինի:
Ահա թե ինչ արիր, երբ դադարեցիր ինձ դիմավորել:
Ծովը ծածկվեց ջրոսպով, եւ գետը ծանծաղեց: Ահա թե ինչ արիր դու, երբ դադարեցիր ինձ սիրել:Իսկ մարդիկ իմ շուրջն այլ բան են տեսնում` աշնանային հաճելի ոսկեկանաչ աշխարհ:
Օ, այս աշխարհում միայն ես եմ թափառում այն ճամփաներում, որտեղ փոշիների մեջ մեռած արտույտներ են թափված:
Ահա թե ինչ արիր դու ինձ հետ: а

%d bloggers like this: