Tag Archives: Ծաղկաձոր

Ես իմ Մասիս սարն եմ սիրում…

28 Հլս

Երբ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ պատասխանում էր ներկաներից մեկի հարցին, թե ի՞նչ սահմաններ է ունենալու ապագա երկիրը և արդյո՞ք մեզ կվերադարձվի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ, շատ լավ հասկանում էր և իր պատասխանի հետևանքը, և այն, թե ինչու տրվեց նման հարց: Այդ օրը նա աշակերտին հետևյալն ասաց. «Ամբողջը կախված է քեզնից ու քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 1990-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել… Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը»:
Ինչ էլ ասեն` սա առավելագույնս զուսպ ու կշռադատված բացատրություն էր: Ու եթե հաջորդ օրն իսկ նախագահի մտքերն արժանացան միանգամայն այլ մեկնաբանության ու գնահատականի, դա էլ իր պատճառներն ու նպատակներն ուներ: Օրինակ, մի՞թե Թուրքիայում ասվածը կարող էին ընկալել այլ կերպ, քան իբրև հատուկ ուղերձ` հետևյալ հորդորով. «Ղարաբաղը մենք ազատագրեցինք, Արարատը ձեզ թողեցինք»: Իսկ սրանից պիտի բխեր, որ Սերժ Սարգսյանը Արևմտահայաստանի վերադարձի հարցը հանձնարարում է գալիք սերունդներին: Պետք է միանգամից ասել, որ թուրքերը չեն սխալվում: Հայաստանում ոչ մի քաղաքացի` սկսած նախագահից և վերջացրած նրա ամենաերդվյալ ընդդիմախոսով, այդ բանը թաքցնելու կամ այդ մասին լռելու պատճառ չունի: Բայց ահա թուրքական կողմի արձագանքը փոքր-ինչ տարօրինակ էր: Նրանք իրենց այնպես պահեցին, կարծես առաջին անգամ լսեցին մեր պահանջատիրության մասին: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, ապա դա արդեն ամբողջապես զավեշտ է, որտեղ նշվում էր, թե Անկարան խիստ դատապարտում է Սարգսյանի պատասխանը` այդ երկրի արևելքը «օկուպացնելու» մասին:
«Օկուպացնելու» ժամանակները դեռ կգան: Այս հարցում Թուրքիան մի փոքր շտապում է: Այլ խնդիր է նրանց զարմանքը, թե ինչու՞ է Հայաստանի նախագահը իր «շատ անպատասխանատու պահվածքով» երկու ժողովուրդների միջև թշնամանքի ու ատելության գաղափարախոսություն ձևավորում: Բանն այն է, որ Սարգսյանը գոնե այս հարցում մեղքի բաժին չունի, քանի որ թե գաղափարախոսությունը, թե ատելությունը ծնվել են նախագահի լույս աշխարհ գալուց շատ առաջ, ու թուրքերն էլ հրաշալի գիտեն դրա պատճառները, և դեմագոգիկ ապշանքներ բեմադրելը շատ է ժամանակավրեպ:
Գալով ներկա քաղաքական իրավիճակին, Թուրքիայի ԱԳՆ-ն հարկ էր համարել հիշեցնել, որ այժմ, երբ «ուժեղացվում են ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, Սարգսյանի հայտարարությունները խոսում են նրա՝ խաղաղություն չցանկանալու մասին։ Մենք հավատում ենք, որ նրանք, ովքեր քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար, եզրակացություններ կանեն»:
Այս նույն երգը` ոչ պահաս պաթոսով, երգեց նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն էլ երկու անգամ: Նախ Ադրբեջան կատարելիք այցելությունից առաջ նա ասաց, թե նման մոտեցմամբ հնարավոր չէ հասնել կարգավորման, իսկ այնուհետև, արդեն Բաքվում աքլորացած հավելեց, որ Հայաստանի ապագան ինքը մութ է տեսնում, իսկ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի իրենցից` նման հայտարարության համար:
Էրդողանը վերջերս վատ սովորույթ է ձեռք բերել` աջուձախ բոլորից ներողություն է պահանջում: Նրան պիտի ներողություն ասի Իսրայելը, Եվրամիությունը, Սարկոզին, Անգելա Մերկելը, էլի մի քանի տասնյակ հայտնի ու անհայտ դեմքեր, բայց մինչ օրս նա դեռ ոչ մեկից նման բառեր չի լսել: Հայաստանի ապաշխարանքին առավել ևս չի արժանանա: Սակայն այս ամենով հանդերձ Էրդողանը դեռ վերջին ապուշը չէ, որպեսզի չգիտակցի, որ Հայաստանի նախագահի խոսքերը ինքնանպատակ չէին: Այլ հարց է, թե ինչ է թաքնված դրանց թիկունքում և ինչու դրանք արտասանվեցին հատկապես այժմ: Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի այն պատկերավոր ձևակերպումը, թե իբր Սարգսյանի արաքը ոչ այլ ինչ է, քան կրակոց սեփական ոտքին, իրականությանը մոտ չէ: Ոտքի ցավից դժգոհելու է մեկ ուրիշը, իսկ «կրակոցն» անմիջական առնչություն ունի հայ-թուրքական հարաբերությունների ներկա կացության հետ: Սա ավելի շուտ պատասխան կրակոց էր` արձակված այն ուղղությամբ, որտեղից վտանգ է սպառնում: Իսկ ինչ վերաբերում է թուրքական հիստերիային, ապա անհնար է այնտեղ չնկատել շինծու, արհետածին հնչերանգներ: Հակառակ պարագայում թուրքերը այնքան խելամիտ կգտնվեին, որ կընթերցեին նաև Հայաստանի նախագահի խոսքերի շարունակությունը, ուր հետևյալն էր ասվում. «…Շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին»: Ցանկության դեպքում յուրաքանչյուրը կհասկանա, որ այս բառերում ձևակերպված է ուժեղ պետության պատկերացումը` միաժամանակ ակնարկելով, որ մեր երկիրը տարածքային հավակնություններ չունի Թուրքիայի հանդեպ կամ գոնե նման խնդիր ձևակերպված չէ մեր արտաքին քաղաքականության օրակարգում:
Բայց եթե Անկարան սևով սպիտակի վրա գրվածը չի ընկալում հենց այդպես, կնշանակի դա իրեն պարզապես պետք չէ: Իսկ սա էլ իր հերթին իրավունք է տալիս մտածելու, որ Թուրքիան շահագրգռված չէ երկու երկրների հարաբերությունների կարգավորմամբ և առիթի էր սպասում` պատասխանատվությունը հայակական կողմի վրա գցելու համար: Առիթը ներկայացավ և դա միանգամայն հարմար էր Հայաստանին մեղադրելու ապակառուցողական պահվածքի, հողային պահանջատիրության և տարածաշրջանում խաղաղություն ու կայություն հաստատելու գործին խոչընդոտելու համար: Եվ ուրեմն Սարգսյանի կրակոցը դիպել էր նշանակետին: Մնում է միայն այս «հրաձգությունից» ճիշտ հետևություններ կատարել:
Այո, Հայաստանի իշխանություններն այսօր Թուրքիային տարածքային պահանջներ չեն ներկայացնում: Առայժմ չեն ներկայացնում: Սակայն դա այլ բան է` պայմանավորված նախ և առաջ ներկա պահի հնարավորություններով: Ինչ վերաբերում է ժողովրդի մղումներին ու պատմական հիշողությանը, ապա դա անհնար է կարգավորել իշխանական լծակներով կամ որոշումներով: Ու հենց այդ իրողության արձանագրմամբ էր շարադրված Հայաստանի իշխող կուսակցության պատասխանը, որտեղ ասված էր. «Ցանկացած հայ երիտասարդի համար Արարատ լեռը երբեք Ագրիդաղ չի դառնա, իսկ Արևմտյան Հայաստանն էլ՝ Արևելյան Անատոլիա: Ցանկացած հայի սրտում կա և կմնա 300 հազար քառակուսի կմ հայկական լեռնաշխարհը»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: