Tag Archives: խռովարար

Գնդապետ Քադաֆիի երկու պատերազմները

22 Մրտ

Շաբաթներ ձգվող լիբիական առճակատումը հատեց հեղափոխականության եզրագիծն ու մխրճվեց մեկ այլ պատերազմի մեջ, որտեղ գաղափարներն ու համոզմունքները ոչինչ են, իսկ նպատակն ամեն ինչ: Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի դիմադրողականության պաշարն այժմ պիտի սպառվի` դիմագրավելով արտաքին սպառնալիքին, որը գալիս է գեղեցիկ, մարդասիրական կարգախոսներով և լիբիական հանգույցը ռմբահարումներով լուծելու վճռականությամբ:
Քանի դեռ Քադաֆիի միանձնյա իշխանության դեմ ապստամբած ներքին ուժերը հաջողությամբ գրավում էին քաղաք քաղաքի ետևից, միջազգային հանրությունը սոսկ բավարարվում էր Քադաֆիի հրաժարականը պահանջող կոչերով: Բայց երբ կառավարության զորքերը հակահարձակման անցան և խռովարարներին ստիպեցին նահանջել դեպի ծով, նման հանգուցալուծումը դարձավ անընդունելի: Ապագայի ծրագրերում ոչինչ ասված չէր վարչակարգի հաղթանակի մասին, և անհրաժեշտ էր անհապաղ սրբագրել այդ շեղումը:
Այն պահին, երբ Լիբիայի բանակը վերջնագիր ներկայացրեց ապստամբներին, իսկ ընդդիմության առաջնորդներից Իբրահիմ Դաբաշին Նյու Յորքում հայտարարեց, թե Արևմուտքն ընդամենը 10 ժամ ունի Քադաֆիի զորքերի դեմ քայլեր ձեռնարկելու համար, վրա հասավ գլխավոր որոշումը կայացնելու ժամը: Մարտի 17-ի գիշերը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը 10-ը կողմ, 5 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 1973 բանաձևին, որով նախատեսվում է Լիբիայում սահմանել թռիչքազերծ գոտի, իսկ Քադաֆիին զրկել օդուժի միջոցով ապստամբներին հարվածներ հասցնելու հնարավորությունից։ Փաստաթուղթը պաշտպանելու համար նախատեսում է նաև ցանկացած միջոցի կիրառում, ընդհուպ մինչև օդուժի մասնակցությունը, արգելելով սակայն, ցամաքային ուժերի մուտքը: Հինգ ձեռնպահներն էին Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Գերմանիան ու Հնդկաստանը։ Հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, Մոսկվան ու Պեկինը կարող էին վետո սահմանել ու կասեցնել բանաձևի ընդունումը։ Սակայն նրանք այդ բանը չարեցին, թեև, օրինակ, բանաձևի ընդունումից մի քանի ժամ առաջ աշխատանքից հեռացվեց Լիբիայում ՌԴ դեսպանը` «ՌԴ շահերը պատշաճ չներկայացնելու համար»:
Առաջին քայլը կատարված էր: Ու մինչ պաշարված Բենգազիում ընդդիմադիրները ցնծում էին` ՄԱԿ-ի բանաձևի ընդունման լուրն առնելով, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան անմիջապես ձեռնամուխ եղան ռազմական գործողությունների նախապատրաստմանը: Նրանց իրենց մտադրությունից անզոր էր ետ պահել նույնիսկ Լիբիայի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի Լիբիան ընդունում էր թիվ 1973 բանաձևը և պատրաստ էր կատարել դրա պահանջները` անհապաղ դադարեցնելով բոլոր ռազմական գործողություններն ու երաշխավորելով մարդու իրավունքները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ոչինչ չխանգարեց նույն պահին հայտարարել, որ Լիբիան խախտել է ՄԱԿ-ի բանաձևը: Աշխարհին անհապաղ պատերազմ էր պետք և նա գնում էր դրան` այլևս ոչինչ չլսելով ու չտեսնելով: Հավանաբար այս իրողությունը սթափ գնահատելու արդյունքում էլ Քադաֆիին հավատարիմ ուժերն այնուամենայնիվ գրոհեցին Բենգազի քաղաքի վրա:
Արդեն հաջորդ օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնությամբ Լիբիայի հարցով արտակարգ վեհաժողով գումարվեց, որտեղ քննարկվեց այդ երկրում միջազգային ուժերի տեղակայման հնարավորությունը: Կոալիցիայում ներգրավվեցին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան ու Կանադան: Բացի վերոնշյալ երկրներից ռազմական գործողություններին միացավ նաև Իսպանիան, որը երկու F18 կործանիչ տրամադրեց ընդհանուր գործի համար:
Մարտի 19-ի ուշ երեկոյան նոր պատերազմն արդեն իրողություն էր: Ռազմական գործողությունը կրում էր «Լուսաբացի ոդիսական» անվանումը: Առաջին պահից միացյալ ուժերը ավելի քան 110 թևավոր հրթիռ արձակեցին լիբիական ռազմական օբյեկտների ուղղությամբ: Ֆրանսիական ռազմական ուղղաթիռները սկսեցին Լիբիայի տարածքի ռմբակոծությունը:
Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխարհին հայտնում էր, որ պատերազմն ամենևին էլ առաջին տարբերակը չի եղել Լիբիայում ներքաղաքական հակասությունները լուծելու համար: Նա պնդում էր, որ Քադաֆին անտեսել է այն հնարավորությունը, որ նրան տրվել էր միջազգային հանրության կողմից: «Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել և սկզբում մենք հույս ունեինք, որ ուժի կիրառելուն հարցը չի հասնի»,- ասաց Օբաման: Նրանք, ովքեր լավ հիշողություն ունեն, հեշտությամբ կմտաբերեն, թե տարբեր ժամանակներում ԱՄՆ նախագահները քանի անգամ են արտասանել այս նույն բառերը և ինչով է դա ավարտվել:
Քադաֆին առայժմ չի պատրաստվում հանձնվել: Ավելին, նա հանդես եկավ ուղերձով, որում ասվում էր, թե այն պահից սկսված, երբ կոլաիցիոն ուժերը հարձակվեցին Լիբիայի վրա, «Միջերկրական ծովը և Հյուսիսային Աֆրիկան համարվում են ռազմական գործողությունների տարածք» և տարածաշրջանի երկրների շահերը պատերազմի պատճառով այսուհետ վտանգված են: Արևմտյան զորքերի ներխուժումը Քադաֆին անվանեց գաղութատերերի և խաչակիրների ագրեսիա: «Դուք պատրաստ չեք պատերազմի, իսկ մենք պատրաստ ենք: Ձեզ սպասում է Հիտլերի և Մուսոլինիի ճակատագիրը»,- իր զայրալից խոսքը հասցեագրեց ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին, Մեծ Բրիտանիայի վարչապետին:
Դաշտն ընդարձակվում է, հակացությունները` խորանում: Աֆրիկյան Միությունն արդեն իր լուրջ դժգոհություն է արտահայտել արևմտյան պետությունների կողմից Լիբիայի վրա հարձակման կապակցությամբ: Արաբական լիգան իր հերթին կարծում է, որ դաշնակիցները գերազանցել են ՄԱԿ-ի բանաձևով տրամադրված լիազորությունների սահմանը: Իսկ ահա Թուրքիան տեղեկացրեց, որ ինքն ընդհանրապես չի մասնակցի այդ գործողություններին, քանի որ ունի անցյալի դառը փորձը:
Այժմ հստակ է միայն մի բան. եթե Քադաֆիին հաջողվի լուրջ դիմադրություն ցույց տալ, ապա հնարավոր է, որ արտաքին ուժերի դաշինքը շատ ավելի արագ տրոհվի, քան ենթադրում են իրենք:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: