Tag Archives: Խուլիո Կորտասար

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

26 Մյս

Գնդապետն ութսուն մարդ ունի, իսկ ախոյանը` հինգ հազար: Վրանում գնդապետը հայհոյում է ու լալիս: Հետո, ներշնչված, թռուցիկի տեքստ է գրում: Իսկ փոստատար աղավնիները թռուցիկները շաղ են տալիս ախոյանի ճամբարի վրա: Երկու հարյուր հոգի անցնում են գնդապետի կողմը: Այնուհետև բախում է լինում, և գնդապետը թեթև հաղթանակ է տանում: Եվս երկու գունդ անցնում են նրա կողմը: Երեք օր անց ախոյանն ութսուն մարդ ունի, իսկ գնդապետը` հինգ հազար: Եվ դարձյալ գնդապետը թռուցիկ է գրում: Նրա կողմն են անցնում 79 հոգի ևս: Թշնամու բանակում լոկ մեկն է մնում: Լռություն: Գնդապետը սպասում է: Գիշերն անցնում է, թշնամին չի հանձնվում: Գնդապետն իր վրանում հայհոյում է ու լալիս: Այգաբացին, սուրը դանդաղ մերկացնելով, թշնամին մոտենում է գնդապետական վրանին: Մտնում է ներս ու տեսնում, որ գնդապետի բանակը փախել է:

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

16 Փտր

… Մարդուն իսկապես ճանաչելը մի խնդիր է, որը, թերեւս, ավելի դժվար է, քան Լուսին թռչելը: Արի տեսնենք, թե ո՞վ եմ ես: Կա «եսը», ինչպիսին գիտակցում եմ ես ինքս: Բայց չէ՞ որ կան և այլ մակարդակներ, անհատի ձեւավորումը, ենթագիտակցականի եւ անգիտակցականի ամբողջությունը: Ես առաջինը չեմ, ով չգիտի իր խորքային շերտերը, այնպես որ, երբեմն հասու եմ լինում ինքս ինձ, շնորհիվ այն բանի, որ գրում եմ: Արդեն գրվածի հիման վրա, ինքս իմ մեջ, ինչ-որ բաներ եմ բացահայտում: Այնպես որ, կարծում եմ, նրբանկատ ընթերցողը կարող է ինչ-որ չափով ճանաչել ինձ, և նույնիսկ բավական լավ, հենց իմ տեքստերով: Կարող է ճանաչել, ասենք, իմ ախտաբանական հատկանիշները, ինչ-որ հիվանդագին, արգելված մի բան` դա դրսևորվում է պատմվածքներում, որոնք երևան են հանում իմ սևեռուն գաղափարները, ֆոբիաները, բարդույթները: Երբ ինչ-որ մեկը «Գազանանոցը» կարդալուց հետո ինձ ասաց. «Բայց չէ՞ որ քեզ հուզում է ինցեստի խնդիրը, այդ թեման քեզ հանգիստ չի տալիս», ես շատ զարմացա, որովհետև գիտակցաբար որևէ նման բանի մասին չէի մտածել: Բայց չէ՞ որ, իսկապես, եթե վերլուծենք «Գազանանոցի» պատմվածքները, կարելի է հայտնաբերել ինցեստի թեմայի սևեռուն կրկնությունը: Եվ ահա, երբ ինձ այդ մասին ասացին, ես սկսեցի խորհրդածել ու եկա այս եզրակացությանը` այո, ինցեստի խնդիրը կապված է իմ երազների հետ` քրոջս հետ կապված երազների: Ես միայն մի քույր ունեմ: Մենք երբեք միմյանց չենք հասկացել: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր, ես ու քույրս համարյա թե չէինք շփվում: Մենք` հանց գիշեր ու ցերեկ, և ի վերջո նույնիսկ ատեցինք միմյանց: Հիմա, երբ մենք տարիներով չենք տեսնվում, հարաբերություններն ավելի սրտամոտ են: Բայց մենք միմյանցից շեշտակի տարբերվում ենք: Եվ չնայած դրան, ես հաճախ էի հուզված արթնանում, որովհետև երազում քրոջս հետ էի…
… Անշուշտ, ես ընդհանրապես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց խաղի: Բայց խաղալն ինձ համար չի նշանակում՝ այս ու այն կողմ տանել խաղալիք գնացքը: Խաղը կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում: Եթե մարդ ուզում է երաժշտություն լսել` նա նվագում է, եթե ուզում է նկարել` նա նկարում է, եթե ուզում է զբոսանքի գնալ` նա խաղում է: Ահա դա խաղային պլանն է: Այն ամենը, ինչ ուղղակիորեն կապված չէ աշխատանքի, պարտավորությունների և պարտքի հետ: Այն ամենը, ինչ այդ շրջանակներից դուրս է, ինձ համար խաղ է: Մարդը խաղացող կենդանի է: Եվ եթե մարդուց խլես այդ հնարավորությունը, ավելի ճիշտ, ոչ թե խլես (դա անհնար է), այլ ուղղես դեպի ինչ-որ նեղ հորձանուտ, օրինակ, թույլատրես զբաղվել ֆիգուրատիվ նկարչությամբ, և արգելես աբստրակտը, կարելի է և կործանել մարդուն: Ոչ մի դեպքում… Ռոմանտիկները համարում էին, թե գրելը մեծ տառապանք է: Ինձ համար գրելը խաղային աշխարհի մասն է: Եվ վիթխարի հաճույք, և վիթխարի աշխատանք: Դու նզովում ես աշխարհի երեսին ամեն ինչ, ուժասպառվում և հոգիդ հանում ես և դրանից վիթխարի հաճույք ես ստանում…

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

6 Նյմ

«Առակ առանց բարոյախոսության»

Մի մարդ վաճառում էր գոչյուններ ու բառեր, եւ նրա գործերը վատ չէին ընթանում, թեեւ մարդիկ հաճախ նրա հետ սակարկում էին՝ աղերսելով գինն իջեցնել: Համարյա միշտ նա նրանց ընդառաջում էր, այնպես որ, օրվա ընթացքում կարող էր վաճառել բազում կոչեր փողոցային առեւտրականներին, որոշ քանակով հոգոցներ ռենտայով ապրող սենյորներին, ինչպես նաեւ՝ բառակազմություններ լոզունգների, գովազդային հայտարարությունների, խնդրագրերի եւ անսպասելի մտքերի համար:
Մի անգամ էլ նա որոշեց ընդունելություն ստանալ տեղի բռնակալիկի մոտ, ով բռնադատելով երկիրը, ոչնչով իր նմաններից չէր տարբերվում եւ ընդունեց խնդրարկուին գեներալների, նախարարների եւ սուրճի գավաթների ընկերակցությամբ:
— Կամենում եմ ձեզ վաճառել ձեր վերջին խոսքերը,- ասաց մարդը,- դրանք ձեզ շատ պետք կգան: Չէ՞որ ձեր վերջին ժամին դրանք, ինչպես հարկն է, չեն կապակցվի, իսկ ասել դրանք անպայման հարկ կլինի, որպեսզի գերեզմանի եզրին, առանց կմկմալու ուրվագծեք պատմական հետադարձ հեռանկարը:
— Թարգմանի ինչ է դուրս տալիս,- հրամայեց բռնակալիկն իր թարգմանչին:
— Ձերդ գերազանցություն, նա արգենտիներեն է խոսում:
— Արգենտիներե՞ն: Ինչո՞ւ ոչինչ չեմ հասկանում:
— Դուք ամեն ինչ հիանալի հասկացաք,- ասաց մարդը,- կրկնում եմ, ես եկել եմ վաճառելու ձեզ ձեր վերջին խոսքերը:
Բռնակալիկը վեր թռավ, ինչպես նման դեպքերում պատահում է, եւ հազիվ խեղդելով ձայնի դողոցը` հրամայեց ձերբակալել մարդուն եւ նետել հատուկ զնդանը, նրանցից, որ միշտ առկա են նմանատիպ կառավարումների դեպքում:
— Ափսոս,- ասաց մարդը, երբ նրան տանում էին,- Դուք, անշուշտ, կցանկանաք ասել ձեր վերջին խոսքերը, այլապես ինչպե՞ս կուրվագծեք հետադարձ պատմական հեռանկարը: Դե, ես էլ ուզում եմ վաճառել դրանք, ոչ մի խաբեություն այստեղ չկա: Սակայն, եթե դուք չեք ուզում ծախս անել այդ բառերի վրա, ապա չեք կարողանա նախօրոք սերտել այն պահի համար, երբ դրանք լեզու-բերան կգան, եւ արտասանել դրանք դուք չեք կարողանա:
— Իսկ ինչո՞ւ ես չեմ կարողանա արտասանել այդ բառերը, եթե դրանք հենց նրանք են, որ ես կկամենայի արտասանել,- հարցրեց բռնակալիկն՝ անցնելով սուրճի հաջորդ գավաթին:
— Ահը թույլ չի տա,- տրտմորեն պատասխանեց մարդը: -Չէ՞ որ դուք սարսափից ու ցրտից կդողաք: Մեն մի վերնազգեստով, թոկը վզներիցդ կախ, ձեր լեզուն փաթ կընկնի, այնպես որ, որեւէ խոսք կարգին արտաբերել չեք կարողանա: Դահիճը եւ ներկա գտնվող պարոններից նրա ընթերակաները ձեւի համար մի երկու րոպե կսպասեն, եւ երբ ձեր կոկորդից ոչ այն է՝ հառաչ, ոչ այն է՝ զկրտոց, ոչ այն է՝ ներման պաղատանք կարտաբերվի, թոթովել դուք կարող եք ընդամենը դա, ապա նրանք, համբերությունը կորցրած, տեղում ձեզ կկախեն:
Դահիճի ծայրահեղ վրդովված ընթերակաները եւ մանավանդ գեներալները սկսեցին ճնշել բռնակալիկին` այդ մարդուն տեղնուտեղը գնդակահարելու պահանջով: Սակայն բռնակալիկը ողջ-դժգույն մահվան հանգույն, բռիաբար քշեց նրանց եւ եկվորի հետ փակվելով, սկսեց գնել նրանից իր սեփական վերջին խոսքերը:
Մինչդեռ գեներալներն ու նախարարները, ծայրաստիճան ստորացված այն բանից, թե ինչպես վարվեցին իրենց հետ, խռովություն ծրագրեցին եւ հաջորդ առավոտյան որսացին բռնակալիկին, երբ նա իր սիրած տաղավարում խաղող էր ըմբոշխնում: Որպեսզի նա չհասցնի իր վերջին խոսքերից որեւէ մեկն ասել, նրան տեղնուտեղը գնդակահարեցին: Այնուհետեւ կառավարական պալատում սկսեցին փնտրել բառավաճառին, որ ասես գետնի տակ էր անցել, բայց շուտով նրան գտան շուկայում, որտեղ նա կոչեր էր վաճառում փողոցային մարմնամարզիկներին եւ աճպարարներին: Նրան նետեցին բեռնասայլը եւ հասցնելով ամրոց, սկսեցին խոշտանգել, որպեսզի նա ասի, թե այդ ինչպիսին պիտի լինեին բռնակալիկի վերջին խոսքերը: Բայց քանի որ ոչ մի խոսք չկարողացան նրանից կորզել, ապա քացով նրան տանջամահ արեցին:
Իսկ փողոցային առեւտրականները, որ նրանից տարբեր կոչեր էին գնել, շարունակում էին ճչալ դրանք խաչմերուկներում, եւ այդ կոչերից մեկը հետագայում դարձավ գեներալների եւ նախարարների վերջը տվող հակահեղափոխական շարժման նշանաբառն ու արձագանքը: Նրանցից ոմանք մահվանից առաջ խուճապահար մտածում էին, որ ողջ եղածը համատարած թյուրիմացությունների շղթա է, եւ այդ տարբեր բառերն ու կոչերը, որքան էլ դրանք անհեթեթ թվային, լիովին կարող էին վաճառվել, ի դեպ, առանց գնելու իրավունքի:
Այսպես նրանք բոլորն էլ ուղեւորվեցին հողում փտելու` բռնակալիկը, բառավաճառը, գեներալներն ու նախարարները, բայց ճիչերը տարբեր անկյուններում մերթ ընդ մերթ շարունակում էին հնչել:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

%d bloggers like this: