Tag Archives: Խորխե Լուիս Բորխես

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

15 Հլս

Մի մարդ նպատակադրվում է նկարել աշխարհը: Տարիների ընթացքում տարածությունը բնակեցնում է նահանգների, թագավորությունների, լեռների, ծովախորշերի, նավերի, կղզիների, ձկների, բնակարանների, գործիքների, աստղերի, ձիերի և մարդկանց պատկերներով: Մեռնելուց քիչ առաջ նկատում է, որ այդ համբերատար գծերի լաբիրինթոսը իր իսկ դեմքի պատկերն է:fairburn-1

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

1 Հլս

ԱՊԱՑՈՒՅՑԸ ԶԱՐԴԱՐՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 Փակում եմ աչքերս և թռչունների մի երամ եմ տեսնում: Տեսիլքը տևում է ընդամենը մեկ վայրկյան, գուցե և ավելի քիչ, չգիտեմ, թե քանի թռչուն եմ տեսել: Նրանց քանակը որոշակի է, թե՞ անորոշ: Խնդիրը Աստծո գոյության հարցն է: Եթե Աստված գոյություն ունի, ուրեմն տեսածս թռչունների քանակը որոշակի է, որովհետև Աստված գիտի, թե ես քանի թռչուն եմ տեսել: Եթե Աստված գոյություն չունի, ուրեմն տեսածս թռչունների քանակն անորոշ է, որովհետև ոչ ոք չէր կարող հաշվել թռչունները: Այդ պարագային (ասենք) ես տասից պակաս և մեկից ավելի թռչուններ եմ տեսել, բայց չեմ տեսել ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք կամ երկու թռչուն: Տեսածս թռչունների քանակը տասի և մեկի միջև գտնվող մի թիվ է, որը ոչ ինն է, ոչ ութը, ոչ յոթը, ոչ վեցը, ոչ հինգը և այլն: Ամբողջական այդ թիվն անըմբռնելի է, ուստի Աստված գոյություն ունի:

Թարգմ. Հ. Բոդուկյան620432421

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

12 Սպտ

Թշնամու դեմքը
Սպասելով ու խուսափելով քանի տարի. և հիմա թշնամին իմ տանն էր: Պատուհանից տեսա` դժվարությամբ բարձրանում էր լանջի անհարթ ճանապարհով: Ձեռնափայտով էր, մի դողդոջուն ձեռնափայտ, որը նրա պառաված ձեռքերում գայիսոն մնալով` չէր կարող զենք դառնալ: Սպասածս` դռան մեղմ թակոցը, դժվար ընկալեցի: Սրսում հայացք նետեցի ձեռագրերիս, անավարտ սևագրությանն ու Արտեմիդորոյի երազների մասին տրակտատին, որն այդտեղ բավական անհեթեթ էր, եթե նկատի առնենք, որ ես հունարեն չգիտեմ: 
Մտածեցի` ևս մի կորած օր: Բանալին չարչարեց ինձ: Վախենում էի, թե կընկներ, բայց մի քանի անվստահ քայլ անելով` թողեց գայիսոնը, որը ես այլևս չտեսա, և ուժասպառ ընկավ իմ անկողնուն: Քա՜նի անգամ էի տագնապներիս մեջ երևակայել նրա դեմքը, բայց միայն հիմա նկատեցի, որ շատ նման էր Լինկոլնի վերջին դիմանկարին: Մոտավորապես երեկոյան ժամը չորսն էր: 
Դեմքը մոտեցրի, որ կարողանար ինձ լսել:
-Ամեն մեկս կարծում ենք, թե միայն մեզ համար են տարիներն անցնում, բայց ուրիշների համարել են անցնում,- ասացի: -Վերջապես այստեղ հանդիպեցինք, և անցյալում պատահածն իմաստ չունի:
Մինչ ես խոսում էի, նա արձակել էր վերարկուի կոճակները: Աջ ձեռքը բաճկոնի գրպանում էր: Մի բան էր ինձ ցույց տալիս, և ես հասկացա, որ ատրճանակ է:
Այդ ժամանակ հաստատուն ձայնով ասաց.
-Տուն մտնելու համար եմ Ձեր խղճին դիմել. Իսկ հիմա իմն եք, և գթասիրտ չեմ լինի:
Փորձեցի մեկ-երկու բառ ասել: Ուժեղ մարդ չեմ, և ինձ կարող էին փրկել միայն բառերը: Ասացի.
-Երբևէ մի երեխայի եմ ծեծել, բայց Դուք հիմա այդ երեխան չեք, ոչ էլ ես եմ այն անմիտը: Բացի այդ, վրեժը ոչ պակաս անիմաստություն ու հպարտություն է, քան ներումը:
-Հենց դրա համար էլ,- պատասխանեց նա,- որ ես այլևս այն երեխան չեմ, պետք է Ձեզ սպանեմ: Դա ոչ թե վրեժ է, այլ` արդարություն: Ձեր պատճառաբանությունները, Բորխես, Ձեր սարսափի արտահայտություններն են, Դուք այլևս ոչինչ չեք կարող անել:
-Այնուամենայնիվ,մի բան կարող եմ անել,-պատասխանեցի ես:
-Ի՞նչ,- հարցրեց նա:
-Զարթնել:
Ես այդպես էլ արեցի:borkhes

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

11 Դկտ

Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները

Վստահության արժանի մարդիկ են պատմում( թեև Ալլահն ավելի գիտե) ,թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել էր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին: Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են:
Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա անարգված ու շփոթված թափառեց մինչև երեկո: Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց և գտավ դուռը: Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքն Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա: Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին: Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ: Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց . «Օ՜հ, թագավոր ժամանակի, նյութ ու թիվ դարերի, աստիճաններով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ինձ ուզում կորցնել, հիմա Ամենակարողը պարգևել է իմը քեզ ցույց տալ, ուր ոչ բարձրանալու աստիճաններ կան, ոչ բացելու դռներ, ոչ էլ ճանապարհդ կտրող պատեր»:
Հետո կապերն արձակեց և թողեց անապատում, ուր նա սոված ու ծարավ մեռավ: Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում:

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

5 Դկտ

Շրջանաձև ավերակներ

Համատարած գիշերվա մեջ ոչ ոք չտեսավ նրա տեղ հասնելը, ոչ ոք չտեսավ սրբազան կավահողի մեջ ընկղմված եղեգնյա նավակը, սակայն մի քանի օր անց բոլորն էլ գիտեին, որ այդ մտախոհ մարդը Հարավից էր գալիս, և որ նրա հայրենիքը ջրերն ի վեր, սարերի կոշտ լանջին գտնվող անհամար ավաններից մեկն էր, այն վայրերից, ուր դեռ զենդական լեզուն հունարենից չի վարակվել, ուր բորոտությունն հաճախական չէ: Ճշմարտությունն այն է, որ այդ մոխրագույն մարդը համբուրեց կավահողը և, առանց իրենից հեռացնելու (գուցե և առանց զգալու) մարմինը ծակծկող սուր ճյուղերը, բարձրացավ բարձունքն ի վեր, թույլ ու արյունոտ սողաց մինչև շրջանաձև կամարը, ուր բարձրանում էր քարե մի վագր կամ ձի, որն ինչ-որ ժամանակ կրակի գույն էր ունեցել, իսկ այժմ մոխրագույն էր: Այդ շրջանակը, հին հրդեհներից ավերված, ճահճոտ անտառից կործանված, մի տաճար էր, որտեղ բնակվող աստվածությունը մարդուց հարգանք չէր ընդունում: Օտարականը պառկեց խորանի առաջ: Բարձրագահ արևն արթնացրեց նրան: Առանց զարմանալու պարզվեց, որ վերքերը բուժվել են, փակեց դժգույն աչքերն ու նորից քնեց. դա մարմնի թուլություն չէր, այլ կամքի որոշում: Գիտեր, որ այդ տաճարն էր իր անհաղթ նպատակի պահանջած վայրը, գիտեր, որ անդադրում ծառերը չէին կարողացել խեղդել ներքևի՝ հոսանքն ի վար գտնվող մի այլ՝ սրա նման այրված և մեռած աստվածների պատկանող տաճարը, գիտեր, որ իր անմիջական պարտականությունը քնելն էր: Կեսգիշերին նրան արթնացրեց ինչ-որ թռչունի հուսակտուր կանչը: Բոբիկ ոտքերի հետքերը, շաղ տված արմավներն ու կուժը նրան հուշեցին, որ շրջանի բնակիչները հարգանքով հսկել էին իր քունը և կամ իր պաշտպանությունն էին խնդրում, կամ էլ վախենում էին իր դյութանքից: Զգաց երկյուղի սառնությունը և լայն պատի մեջ գերեզմանային մի նկուղ որոնեց ու ծածկվեց անծանոթ տերևներով:
Նրա նպատակը արտառոց չէր, բայց անբնական էր: Ուզում էր երազում տեսնել մի մարդու, ուզում էր նրան երազել մանրակրկիտ ամբողջականությամբ և այն պարտադրել իրականությանը: Դյութական այդ ծրագիրը կլանել էր նրա ամբողջ հոգին. եթե ինչ-որ մեկը հարցներ իր իսկ անունը կամ իր անցած կյանքի որևէ հանգամանք, նա չէր կարողանա պատասխանել: Անբնական ու ավերակ տաճարը շատ հարմար էր, քանի որ այնտեղ տեսանելի աշխարհը նվազագույնն էր, մշակների մոտիկությունն էլ էր ձեռնտու, քանի որ սրանք էին հոգալու իր սակավապետ կարիքները: Նրանց նվիրաբերած բրինձն ու մրգերը իր մարմնի համար, որի հոգսը քնելն ու երազելն էր, բավարար սնունդ էին:
Սկզբում երազները խառնիճաղանջ էին, հետո իմաստ ձեռք բերեցին և տրամաբանություն: Օտարականը ինքն իրեն երազում էր շրջանաձև մի ամֆիթատրոնի կենտրոնում, որն ինչ-որ չափով այրված տաճարն էր ներկայացնում. մտախոհ աշակերտների զբաղեցնում էին աստիճանները, վերջիններիս դեմքերն օրորվում էին հեռավոր դարերում՝ աստղային մի բարձրության վրա, սակայն կատարելապես հստակ էին: Մարդը նրանց դասավանդում էր կազմախոսություն, տիեզերագիտություն և կախարդանք. այդ դեմքերը լսում էին տենչագին և փորձում էին իմացությամբ պատասխանել իրենց տրված հարցերին, կարծես գուշակում էին այդ քննության կարևորությունը, որը նրանցից մեկն ու մեկին ազատելու էր ունայն կերպարանքից և զետեղելու իրական աշխարհում: Քուն թե արթուն՝ մարդը քննում էր իր տեսիլքների պատասխանները, կեղծիքից խուսափում էր և որոշ շվարումներից գուշակում մտավոր կարողության աճը: Որոնում էր այնպիսի մեկին, որն արժանի կլիներ տիեզերքին մասնակից լինելու արարողությանը:
Ինը թե տասը գիշեր հետո հասկացավ, որ իր գաղափարախոսությունը ծուլորեն ընդունող աշակերտներից ոչինչ չէր կարող սպասել և որ որոշ ակնկալիք ուներ այն աշակերտներից, որոնք մեկ-մեկ տրամաբանորեն փորձում էին հակաճառել իրեն: Առաջիններն, իհարկե, արժանի էին սիրո և համակրանքի, բայց անձ չէին կարող դառնալ, վերջինները հույս էին ներշնչում: Մի երեկո (այժմ երեկոներն էլ էին նրան երազելու հնարավորություն տալիս, հիմա արթուն էր ընդամենը մի քանի ժամ՝ արշալույսին) վերջնականապես արձակեց պատրանքային ընդարձակ դպրոցը և մեն մի աշակերտ պահեց. սա մտախոհ, մելամաղձոտ, հաճախ անսաստ, վարպետի սուր դիմագծերը կրկնող մի երիտասարդ էր: Ընկերների հանկարծակի անհայտացումը գրեթե չզարմացրեց նրան: Մի քանի անհատական դասերից հետո նրա առաջադիմությունը հիացրեց վարպետին: Սակայն պատահեց աղետալին: Մի օր մարդը քնից վեր կացավ, ինչպես լպրծուն մի անապատից, նայեց իրիկնային ունայն լույսին, որն արշալույսի հետ շփոթեց և հասկացավ, որ երազի մեջ չէ: Այդ ամբողջ գիշերն ու ցերեկը ակներևաբար անքնությունը տանջեց նրան: Ուզեց հետազոտել անտառը, հոգնել ճահիճների մեջ ուժասպառության աստիճան և հազիվ սովորական, վաղանցուկ, անօգտակար տեսիլներով լիցքավորված, մի թեթև քնատություն ձեռք բերեց: Ուզեց վերադառնալ դպրոցին, սակայն հորդորական հակիրճ խոսքերը նոր էր արտաբերել, երբ դպրոցը ձևափոխվեց ու հալվելով անհետացավ: Գրեթե անդադար անքնության մեջ՝ զայրույթի արցունքներն այրեցին նրա ծերունական աչքերը:
Հասկացավ, որ բարձրագույն և ցածրակարգ բոլոր առեղծվածների մեջ խորանալով հանդերձ, երազների անտրամաբանական և գլխապտույտ նյութը ձևակերպելու ջանքը տղամարդու բռնած գործերից ամենադժվարինն է, շատ ավելի դժվար, քան ավազից պարան հյուսելը, կամ անդեմ քամուց մետաղադրամ պատրաստելը: Հասկացավ, որ առաջին անհաջողությունն անխուսափելի էր: Երդվեց մոռանալ հսկայական այն ցնորքը, որ սկզբնական շրջանում շեղել էր նրան և աշխատանքային այլ մեթոդ որոնեց: Գործի անցնելուց առաջ մի ամիս նվիրեց ցնորքում վատնած ուժերը վերականգնելու գործին: Վանեց երազելու բոլոր նախամիտումներն ու գրեթե անմիջապես կարողացավ քնել: Այդ ժամանակահատվածում քիչ երազեց և երազներին ուշադրություն չդարձրեց: Գործը վերսկսելու համար սպասեց, որ լուսնի կլորությունը կատարյալ լինի: Երեկոյան լվացվեց գետի ջրերում, երկրպագեց երկնային աստվածներին, արտասանեց ամենակարող անվան ծիսական վանկերն ու քնեց: Գրեթե անմիջապես երազում բաբախող մի սիրտ տեսավ:
Տասնչորս պայծառ գիշերների ընթացքում մանրամասն սիրով երազեց այդ սիրտը: Սիրտը շարժուն էր, ջերմ, խորհրդավոր, փակ բռունցքի մեծությամբ և կարմրավուն՝ անդեմ ու անսեռ մարդկային մարմնի խավարում: Ամեն գիշեր ավելի ակնհայտորեն էր ընկալում այն: Ձեռք չէր տալիս, սահմանափակվում էր վկայակոչելով, դիտելով, գուցե և սրբագրում էր հայացքով: Տարբեր տարածություններից ու անկյուններից էր ընկալում ու ապրում այդ սիրտը: Տասնչորսերորդ գիշերը ցուցամատով դիպավ շնչերակին, ապա ամբողջ սրտին՝ դրսից ու ներսից: Քննությունը գոհացրեց նրան: Մի գիշեր հանգստացավ և ապա վերադարձավ սրտին, մի մոլորակի անուն հիշեց և անցավ մի այլ օրգանի տեսիլքին: Մի տարի չանցած հասավ կմախքին, թերթերունքներին: Ամենադժվար գործը գուցե անհամար մազերը եղան: Կատարյալ մի մարդ երազեց, մի պատանի, բայց սա վեր չէր կենում, չէր խոսում, աչքերը չէր բացում: Գիշեր գիշերվա հետևից քնած՝ մարդը նրան երազեց:
Գնոստիկական տիեզերագիտություններում Արարիչները հունցել են կարմիր մի Ադամ, որ չէր կարողանում ոտքի կանգնել. այդ հողե Ադամի պես անճկուն, բիրտ ու պարզունակ չէր մոգի գիշերների ստեղծած երազե Ադամը: Մի երեկո մարդը քիչ էր մնում ոչնչացներ իր գործը, բայց զղջաց: (Երանի չզղջար): Հողի և գետի աստվածություններին ուղղված աղոթքներն սպառած՝ վայր ընկավ, ով գիտե, վագրի թե նժույգի պատերի առջև և աղերսեց նրա անծանոթ օգնությունը: Երազում արձանը տեսավ: Նա կենդանի էր, դողդոջուն, նա ոչ թե վագրի ու նժույգի սարսափելի մի խառնուրդ էր, այլ միևնույն ժամանակ այդ երկու զորավոր կենդանիներն էր, նաև ցուլ էր, և՛ վարդ, և՛ փոթորիկ: Բազմադեմ այդ աստվածությունը հայտնեց, որ իր երկրային անունը Կրակ է, որ շրջանաձև այդ տաճարում (և նման այդ տաճարներում) պաշտել էին իրեն և իր պատվին զոհաբերություններ կատարել, հայտնեց նաև, որ ինքը շնչավորելու է երազված տեսիլքը, և աշխարհի ոչ մի արարած, բացի կրակից ու երազողից, չի իմանալու նրա ուրվականային բնույթը: Հրամայեց, որ ծեսերում վարժեցնելուց հետո, նրան ուղարկեն ջրերն ի վար հարատևող բուրգերի ավերակ տաճարը, որպեսզի այդ ամայի շինության մեջ գեթ մի ձայն փառաբանի իրեն: Երազող մարդու երազում երազելին արթնացավ:
Մոգը կատարեց այդ հրամանները: Որոշ ժամանակ տրամադրեց (որն ի վերջո երկու տարի տևեց) տիեզերքի գաղտնիքներին և կրակի պաշտամունքը սովորեցնելու գործին: Ներքնապես ցավում էր նրանից բաժանվելու համար: Մանկավարժական կարիքի պատրվակով ամեն օր ավելացնում էր երազին նվիրված ժամերը: Նաև վերստեղծեց աջ՝ գուցե պակասող ուսը: Հաճախ նրան անհանգստացնում էր այն տպավորությունը, որ այդ ամենն արդեն տեղի է ունեցել… Ընդհանուր առմամբ նրա օրերը երջանիկ էին անցնում, աչքերը փակելիս մտածում էր՝ «Հիմա որդուս հետ կլինեմ»: Կամ, թեև ոչ շատ հաճախ՝ «Ծնածս զավակն սպասում է ինձ, եթե չգնամ, կմեռնի»:
Աստիճանաբար նրան վարժեցրեց իրականությանը: Մի անգամ նրան հրամայեց դրոշակ տնկել հեռավոր մի գագաթի: Հաջորդ օրը դրոշակը ծածանվում էր գագաթին: Օրեցոր ավելի հանդուգն, համանման այլ փորձարկումներ կատարեց: Որոշ դառնությամբ հասկացավ, որ որդին պատրաստ է ծնվելու, գուցե և՝ անհամբեր: Այդ գիշեր, առաջին անգամ լինելով, համբուրեց նրան և ուղարկեց անմատչելի անտառներով և ճահիճներով բաժանված, գետի հոսանքն ի վար փայլատակող ավերակների տաճարը: Նախ (որպեսզի երբեք չգիտակցի իր տեսլային բնույթը և ինքն իրեն մյուսների նման մարդ համարի)՝ նրան ներշնչեց ուսուցման տարիների կատարյալ մոռացումը:
Ձանձրույթը գոլորշացրեց նրա հաղթանակն ու ներքին խաղաղությունը: Մայրամուտին ու արևածագին, գուցե երևակայելով, թե ջրերն ի վար մի այլ շրջանաձև ավերակներում իր որդին նույն ծեսերն է կատարում, ծնկի էր գալիս քարե արձանի առաջ ու աղոթում: Գիշերները չէր քնում կամ քնում էր բոլոր մարդկանց նման: Տիեզերքի հնչյուններն ու ձևերը աղոտ դժգոհությամբ էր ընկալում, և բացակա որդին իր հոգու այդ փոքրացումներից էր սնվում: Իր կյանքի նպատակը բավարարված էր: Մարդն հարատևեց մի տեսակ ինքնամոռացման մեջ: Որոշ ժամանակ անց, որ այդ պատմության որոշ պատմիչներ հաշվում են տարիներով, իսկ ոմանք՝ հնգամյակներով, կեսգիշերին նրան անթնացրին երկու թիավարներ. չկարողացավ տեսնել նրանց դեմքերը, բայց խոսեցին Հարավային տաճարում բնակվող կախարդական մի մարդու մասին, որ կարողանում էր առանց այրվելու կրակը խառնել:
Կախարդը հանկարծ հիշեց Աստծու խոսքերը: Հիշեց, որ աշխարհի բոլոր արարածներից միայն կրակը գիտի իր որդու տեսլային բնույթի մասին: Սկզբում հանգստացնող այդ հուշն սկսեց տանջել նրան: Վախեցավ, որ որդին խորհեր այդ անբնական կարողության մասին և ինչ-որ ձևով հայտնաբերեր իր ուրվականային բնույթը: Ոչ թե մարդ, այլ մի ուրիշ մարդու երազի արտացոլանքը լինել. ի՜նչ անհամեմատելի նվաստացում, ի՜նչ ճակատագիր: Յուրաքանչյուր ծնող հետաքրքրվում է շփոթմունքի կամ երջանկության պահին իր բեղմնավորած (թույլատրած) զավակով, բնական էր, որ մոգը հազար ու մի գիշերների միջոցով, ջիղ առ ջիղ, հատկություն ու հատկություն մտածեր և երկյուղեր իր որդու ապագայի մասին:
Նրա մտորումների վախճանն հանկարծակի էր, սակայն այդ վախճանը խոստացել էին որոշ ակնհայտ նշաններ: Սկզբում (երկար երաշտից հետո) սարի վրա հայտնված թռչնի պես թեթև և հեռավոր ամպը , հետո՝ Հարավից ընձառյուծի լնդերի պես շառագունող երկինքը, տարածվող ծուխը, որ ժանգով պատեց գիշերների մետաղը, հետո՝ երկյուղած անասունների փախուստը: Որովհետև կրկնվեց դարեր առաջ կատարվածը: Կրակն ավերեց Կրակի աստվածությանը նվիրված սրբավայրի ավերակները: Առանց թռչունների մի արշալույսի մոգը տեսավ, թե շրջապատող հրդեհն ինչպես է փարվում պատերին: Մի պահ մտածեց ապաստան որոնել ջրերի մեջ, բայց հետո հասկացավ, որ մահը գալիս է իր ծերության և գործերի վախճանը թագադրելու: Քայլեց դեպի կրակի բոցերը: Սրանք չխայթեցին նրա մարմինը, շոյեցին ու, առանց կիզումի, ջերմությամբ լցրին նրա մարմինը: Սփոփված, նվաստացած, սարսափած՝ հասկացավ, որ ինքն էլ է մի տեսիլք, որ երևում է մեկ ուրիշի երազում:

Թարգմանությունը՝ Հ. Բոդուկյանի

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

6 Նյմ

ԱԶԳԱԳՐԱԳԵՏԸ

Հենց պատմությունն ինձ պատմեցին Տեխասում, բայց տեղի էր ունեցել այն այլ վայրում: Եվ թեպետ դարերի ընթացքում նրա հերոսներն էին բյուր-հազարավոր իրական եւ ցնորական, կենդանի եւ մեռյալ մարդիկ, նրա հերոսը մեկն է: Նրան, որքան հիշում եմ, կոչում էին Ֆրեդ Մերդոք: Նա ամերիկավարի պարթեւահասակ էր, ոչ մուգ եւ ոչ էլ բաց գույնի մազերով, ձեւված էր առանց առանձնահատուկ տարօրինակությունների եւ զրույցի սիրահար չէր: Ոչնչով չէր առանձնանում, նույնիսկ այն շինծու չնմանությամբ այլոց, ինչը ներհատուկ է երիտասարդությանը: Ի ծնե հարգալից, Մերդոքը պաշտում էր գրքերն ու նրանց ստեղծողներին: Նա դեռեւս դուրս չէր եկել այն տարիքից, երբ մի կարգին չգիտես, ով ես դու, եւ առանց ետ նայելու, նետվում ես այն ամենի վրա, ինչ պատահում է` պարսիկների միստիկան եւ հունգարացիների հանելուկային ծագումը պատերազմի կամ հանրահաշվի հանկարծական փոփոխությունները, ճգնակեցությունը կամ շվայտությունը: Համալսարանում նրան առաջարկեցին մասնագիտանալ հնդկացիների բարբառներում: Արեւմուտքի որոշ ցեղերում դեռեւս պահպանվել էին գաղտնի ծեսերը: Մերդոքի գիտական ղեկավարը, տարեց մի պրոֆեսոր, նրան հանձնարարեց բնակվել հնդկացիների մոտ, հետեւել նրանց ծեսերին եւ հասու լինել գաղտնիքին, որը կախարդը բաց է անում շնորհառություն անցնող պատանիներին: Հետո նա դիսերտացիա կպատրաստի, որը ղեկավարությունը պարտավորվում է տպագրել: Ֆրեդը սիրով համաձայնվեց: Նրա նախնիներից մեկը զոհվել էր սահմանամերձ բախումներում, այժմ այդ վաղեմի երկպառակությունը, ընդհակառակը, դառնում էր կապող օղակ: Նա, անշուշտ, հասկանում էր, որ հեշտ չի լինի, հարկ է հասնել այն բանին, որ կարմրամորթները իրեն յուրային համարեն: Եվ, այդուհանդերձ, նա ձեռք զարնեց այդ երկարատեւ գործին: Երկու տարուց ավելի նա ապրեց լիակատար ամայության մեջ, կաշվե վրանի ծածկույթի տակ, իսկ երբեմն քնեց բաց երկնքի ներքո: Ելնում էր ադամամութին, լուսադեմին պառկում էր, սկսել էր մտածել օտար լեզվով: Քիմքը վարժեցրել էր հասարակ համին, ինչ ասես հագնում էր, մոռացել էր ընկերներին ու քաղաքը, սովորել էր այլ, տրամաբանություն անտեսող, մտակարգին: Աշակերտության առաջին ամիսներին գրառումներ էր անում, սակայն հետո թողեց, ոչ այն է` ուշադրություն չգրավելու համար, ոչ այն է՝ դեռեւս դրանց կարիքը չզգալով: Անցավ այն ժամկետը, որ տրված էր մարմնի եւ մտքի փորձությունների համար, եւ մոգը հրամայեց նրան հիշել իր երազը, իսկ լուսաբացին պատմել այն: Մերդոքն արդեն համոզվել էր, որ լիալուսնի գիշերներին նա երազում բիզոններ է տեսնում: Լուսադեմին նա դաստիարակին պատմեց կրկնվող երազը, եւ նա էլ վերջապես բացեց նրա առաջ գաղտնի գիտության գանձարանները: Մի օր լուսաբացին, ոչ մեկին չզգուշացնելով, Մերդոքն անհետացավ:
Քաղաքում նա սկզբում կարոտ զգաց առ այն առաջին երեկոներն ամայության մեջ, երբ, շատ օրեր առաջ, կարոտում էր քաղաքին: Նա հայտնվեց պրոֆեսորի կաբինետում, ասաց, որ գիտի գաղտնիքը, բայց որոշեց այն չհրապարակել:
— Դուք ի՞նչ է, երդո՞ւմ եք տվել,- հարցրեց զրուցակիցը:
— Բանն այդ չէ,- արձագանքեց Մերդոքը: -Այնտեղի հեռվում ես այնպիսի մի բան իմացա, որի մասին չես պատմի:
— Գուցե մեղավորը անգլերե՞նն է,- ենթադրեց պրոֆեսորը:
— Ոչ, ոչ: Այսօր, տիրապետելով գաղտնիքին, ես կարող եմ շարադրել այն հազարավոր տարաբնույթ կերպերով: Միայն մի բան չգիտեմ` ինչպես հաղորդել, որ գաղտնիքն անգին է, եւ մեր գիտությունը, ողջ մեր այս գիտությունը, դրա կողքին դատարկ բան է թվում: -Լռելով, նա հավելեց,- Ի վերջո, ամենակարեւորը նույնիսկ գաղտնիքը չէ, այլ առ այն տանող ուղիները: Ահա թե ինչը պիտի անցնես:
Պրոֆեսորը սառնությամբ հարեց.
— Դե ինչ, ձեր որոշման մասին հայտնեք Խորհրդին: Մտածում եք վերադառնալ հնդկացիների մո՞տ:
Մերդոքն առարկեց.
— Ոչ, դա հազիվ թե հնարավոր է: Դե և ինչո՞ւ: Այդ մարդիկ ինձ սովորեցրին այն, առանց որի չես կարող բավարարվել և ոչ մի տեղ և ցանկացած ժամանակ:
Դրանով, կարճ ասած, զրույցն ավարտվեց:
Ֆրեդն ամուսնացավ, բաժանվեց և Նյու Յորքի համալսարանում գրադարանավար է աշխատում:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

%d bloggers like this: