Tag Archives: խոյահարում

ԿՈՐԾԱՆՎԱԾ ԻՆՔՆԱԹԻՌՆ ՈՒ ԱԶՆԻՎ ԽՈՍՔԸ

7 Փտր

480127781981 թվականի ամռանը ես Երևանում մաթեմատիկայի մասնավոր դասերի է գնում մի դասախոսի մոտ: Ինձ պես ևս 4 հոգի կային, և այդ ընթացքում մենք բավականին մտերմացել էինք: Եվ ահա նույն օրերին կատարվեց արտառոց մի դեպք, որի մասին էլ ուզում եմ պատմել: Մեր գյուղից ոչ շատ հեռու օտարերկրյա մի ինքնաթիռ ընկավ: Ավելի ճիշտ, ինքնաթիռը խփեցին: Եթե առաջնորդվեմ պաշտոնական լրատվությամբ, ապա 1981-ի հուլիսի 18-ին պետական սահմանը խախտել էր արգենտինական ավիաընկերության CL-44 ինքնաթիռը, որը զենք էր տեղափոխում Իրան: 11 հազար մետր բարձրության վրա հայտնաբերելով սահմանախախտին` օդ էին բարձրացել խորհրդային Су-15ТМ կործանիչները: Նրանցից մեկն էլ խոյահարել էր թշնամական օդանավը Արարատի շրջանի տարածքում:
Հաջորդ օրը, մամուլից առաջ ընկնելով, ես եկա պարապմունքի և բոլորին պատմեցի, թե ինչպես է օդային մարտ ընթացել մեր կողմերում, ինչպես է ինքնաթիռը կործանվել և ինչպես են մարդիկ փրկել պարաշյուտով ցած ընկնող ռուս օդաչուին: Բայց ոչ ոք ինձ չհավատաց: Ես ասացի. «Ազնիվ խոսք, խփել են»: Նրանք ծիծաղեցին, ձեռք թափ տվեցին ու անցան պարապմունքի:
Ինչ մեղքս թաքցնեմ, խորապես վիրավորված էի: Մտածում էի` ի՞նչ պատճառով չեն հավատում պատմածներս ու ի՞նչ է պետք անել, որ խոսքերիս վստահեն: Եվ ելքը եղավ շատ պատահաբար: Գյուղում տղաներից մեկը պայթյունի վայրից ինքնաթիռի մի քանի փոքր կտորներ էր բերել: Դրանցից մեկը հատկապես տպավորիչ էր` օտարատառ մակագրությամբ: Ես դա վերցրեցի: Իսկ առավոտյան մեկնեցի Երևան: Մտա սենյակ ու հաղթականորեն «ռազմավարը» դրեցի սեղանին: Բոլորը ապշել էին: Շուռումուռ էին տալիս, նոր մանրամասներ էին պահանջում, նույնիսկ դասախոսը հետաքրքրությամբ տնտղեց ու տմբտմբացրեց գլուխը:
Ես հաղթել էի ու վայելում էի պահի հաճույքը: Իսկ հետո… Հետո ես հասկացա, որ «ազնիվ խոսք»-ը այնքան էլ ծանրակշիռ փաստարկ չէ: Կա ավելի արդյունավետը` ապացույցը:

Հովիկ Չարխչյան721806037

%d bloggers like this: