Tag Archives: խմբապետ

Հարյուր տարվա հիվանդություն

22 Նյմ

Հայկական բանակում հերթական արյունոտ միջադեպն է տեղի ունեցել. սպանվել են չորս զինծառայողներ, ևս չորսը հրազենային վերքեր են ստացել: Ասում ենք` հերթական, և այդ սովորական բառի թիկունքում թաքցնում ենք ողբերգությունների մի երկար շղթա, որոնց մասին դժբախտություն ունեցանք տեղեկանալու վերջին ամիսների ընթացքում: Սպանություններ, ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ, դիվերսիաներ, ոչ կանոնադրային հարաբերություններ, բանակային կոռուպցիա, հովանավորչություն… Հասարակությունը վրդովվում է, պահանջում է պատժել մեղավորներին, մամուլը սահմռկեցուցիչ մանրամասներ է հրապարակում, իսկ իբրև պատասխան ստանում է աստղաշատ ուսադիրներով մեծամեծների երկար ու բարակ դատարկախոսությունն այն մասին, թե չարիքի արմատը պետք է որոնել ամեն տեղ, բայց ոչ բանակում, թե այդ կարգի մեղադրանքները խարխլում են մեր երկրի ամենակայացած կառույցի հիմքերը, թե պաշտպանության նախարարության հասցեին յուրաքանչյուր թթու խոսքը դավաճանություն է ու պարտվողականություն… Եվ մինչ սեփական մեղքի գիտակցման իսպառ բացակայությունը նրանց մղում է ժողովրդին կերակրել ամենատարբեր ու անհեթեթ պատճառաբանություններով, կրակոցները շարունակվում են, սպանվում են երիտասարդներ, որոնց կյանքն ու անվտանգությունը վստահված էր այդ նույն «անմեղներին» ու «հայրենասերներին»:
Յուրաքանչուր ողբերգական դեպք իր նախապատմությունն ունի, իր հանգամանքներն ու դրդապատճառները: Կարելի է անվերջ քննարկել, մատնացույց անել այս կամ այն բացթողումը, խոսել իրավունքների ու պարտականությունների մասին և այդ տարատեսակ կարծիքների առատության մեջ շրջանցել ամենաէականը, այն, ինչի շուրջ մշտապես լռություն են պահպանում` իբրև անցանկալի ու տհաճ թեմա: Սակայն ու՞մ համար է այսօր գաղտնիք մեր բանակի մեծագույն ու հիմնական խոցը, որը մի անուն ունի` խմբապետական սինդրոմ: Հենց այդ բառով և ոչ ուրիշ կերպ պիտի բնորոշել այն չարիքը, որ եղել է, կա և ցավոք դեռ երկար կմնա կենսունակ ու կանխորոշիչ բանակային համակարգում` որպես իրավունքի ու հարաբերությունների գերակա աստիճան:
Խմբապետի դասական կերպարը` մազուրերով, մորթե գլխարկով ու թավ բեղերով, սոսկ իր դարն ապրած դիմապատկեր չէ, այլ էություն, որ անփոփոխ անցել է վերջին հարյուր տարիների միջով ու արմատներ ձգել մեր օրերում: Խմբապետն այսօր կենսակերպ է, ոգի, աշխարհայացք: Խմբապետը առանցքն ու հենասյունն է այն նախրային ըմբռնումի, համաձայն որի թշնամին նա է, ով իր դեմ է, իսկ յուրայինները նրանք են, որոնց հետ նա կիսում է իրեն բաժին ընկած պատառը: Եվ հիմա մի մեծ, բազմանդամ ու բազմաճյուղ կառույց, որ Ազգային բանակ է կոչվում, դեռ շարունակում է հենվել այդ երերուն հիմքի վրա, որից հնության բույր է փչում, որն առաջնորդվում է քարեդարյան սկզբունքներով:
Ու քանի դեռ կա այդ կարծրացած մտայնությունը, երեկվա թերուս ֆիդայինը կշարունակի զորամասեր ղեկավարել` համոզված, որ իր չնչին գիտելիքները լիովին բավարար են մի փոքրիկ վասալության իշխանը համարվելու համար: Քանի դեռ խմբապետությունն է պետության պատկերացումների վերջնակետը, մարտավարական ու ռազմավարական տարրական իմացություններից զուրկ մարդկանց մի կաստա իրենց փափուկ բազմոցներին նստած գեներալական տիտղոսներ ու շքանշանների շարաններ կվաստակեն երկրին մատուցած անհայտ ու անհասկանալի ծառայությունների դիմաց և ոչ մի գնով չեն բաժանվի այն բանի գիտակցումից, թե ի վերուստ իրենց է տրված հողի ու տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Ճիշտ այդպես մտածում էին նաև նրանց նախապապերը, որ Առաջին հանրապետության տարիներին առանց կրակոցի հանձնեցին Կարսը, որ ինտրիգներով ու գզվռտոցներով էին զբաղված, քանի դեռ թուրքական բանակը ավերում է Գյումրին ու Լոռին, որ նույնիսկ դուրս չեկան մի բուռ կիսաքաղց ու բոկոտն կարմիրբանակայինների դեմ` երկիրն անմռունչ նվիրելով նրանց: Ո՞վ կասի, թե ինչ-որ բան է փոխվել այն ժամանակներից: Եվ այսօր այդ նույն պաշարո՞վ են պատրաստվում կոչվելու տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, սրա՞նց հույսով պիտի ավարտին հասցնենք մեր անավարտ կռիվը, թե՞ Սփյուռի նախարար Հրանուշ Հակոբյանի օրինակով պիտի դեռ հավելենք, որ «իրատեսական է դառնում «Արի բանակ» ծրագիր իրականացնելու հնարավորությունը»:
Եկել են, գալիս են, դեռ գալու են, բայց ոչ թե սպանվելու, այլ պաշտպանելու համար: Գալու են այն բանի հստակ համոզմամբ, որ աշխարի ուրիշ ոչ մի` իրեն քիչ թե շատ հարգող երկրում խմբապետը զորքեր չի առաջնորդում, և զինվորն այդչափ անպաշտպան չի կամայականության մթնոլորտի մեջ…
Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն հանդես են եկել հայտարարությամբ, որով բանակում կատարված վերջին դեպքերը որակել են որպես պետական և բանակային բարձրագույն իշխանությունների անպատասխանատվության ու ոչ պրոֆեսիոնալիզմի ճչացող փաստ, բանակի քայքայման և ապաբարոյականացման գագաթնակետ: Հիմա ինչպե՞ս վարվել. այս խոսքերը համարել բացարձակ ճշմարտությու՞ն, թե կրկին ասել, որ վարկաբեկում ենք զինված ուժերին, որ դրանով ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին:
Անձամբ ինքս կուզեի, որ նրանք վիրավորվեին, քանի որ վիրավորվելու ընդունակությունը գոնե չնչին նախանշանն է այն բանի, որ մարդը դեռևս ունի ամոթի ու խղճի զգացում: Ես կցանկանայի վարկաբեկած լինել նրանց հանուն մի զիվորի կյանքի: Հանուն մի քաղաքացու ազատ ու արժանապատիվ կյանքի ես կվարկաբեկեի այս իշխանություններին, որովհետև ու՞մն է պետք այդ բանակն առանց իր զինվորի և ու՞մն է պետք այս իշխանությունն առանց իր քաղաքացու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: