Tag Archives: խավար

ԽԱՎԱՐԸ

9 Հկտ

Մի անգամ ընկերներով գնացել էինք Վայոց Ձոր, և մեզ առաջարկեցին մտնել տեղի հանրահայտ քարանձավներից մեկը: Անպատրաստ էինք, ոչինչ չկար հետներս, բայց ցանկությունը մեծ էր և անմիջապես համաձայնեցինք: Նեղ խոռոչից ներս անցանք, սկսեցինք կքված, երբեմն էլ ծնկած առաջ սահել, հետո ընդերքը ճյուղավորվեց, մենք ավելի սեղմվեցինք քարերի կոկորդում, և այնուհետև եղավ այն, ինչ պիտի լիներ` վրա հասավ անթափանց խավարը:
Ոչինչ երբևէ ինձ չի ճնշել այնպես, ինչպես բացարձակ մութը: Այդ թանձրության մեջ կորցնում ես ոչ միայն տարածության ընկալումը, այլև ինքդ քեզ զգալու կողմնորոշումը: Արդեն չգիտես` որտեղ է սկսվում և ավարտվում մարմինդ, որտեղ է իրական աշխարհի նյութի և զգացականի յուրացման սահմանը: Ոչնչացման կատարյալ գործիք է, որ ստորակարգում է ամբողջ էությունդ, խցանում է ըմբոստացման բոլոր ելքերը, կաթվածահար է անում միտքդ ու տագնապներիդ մեջ ներծծում է ցնորական մի վհատություն:
Այսպիսի բան է խավարը քարանձավում ու քարանձավից դուրս: Եվ այսպիսին է լիակատար խավարը մեր հոգիների:

Հովիկ Չարխչյան

SONY DSC

%d bloggers like this: