Tag Archives: ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹԻՆ

27 Սպտ

1829 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 15: 15-ին Խաչատուր Աբովյանը պրոֆեսոր Պարրոտի և 4 ուղեկցողների հետ ոտք դրեց Արարատի գագաթին: «Ես ուրախությունից դողում էի,- պատմում է Աբովյանը,- և մինչ պարոն պրոֆեսորը զբաղված էր ծանրաչափական դիտողություններով, ես մանկան նման հրճվանքով վազվզում էի լեռան գագաթով այս ու այն կողմ և ագահությամբ որոնում էի որևէ առարկա, որը կարողանայի վերցնել ի հիշատակ, բայց խորին տխրությամբ պետք է ասեմ, որ ոչինչ չգտա»:
Լեռան գագաթին նրանք հաց ու գինի են ճաշակում, Աբովյանը ամրացնում է իր հետ տարած փայտե խաչը, ապա թաշկինակի մեջ փաթաթում է մի մեծ կտոր սառույց ու ետ են դառնում:34aa11e3-acd9-4347-8cdf-7872601f287a_800x600

ԳԱՅԹԱԿՂՎԱԾ ԱԲՈՎՅԱՆԸ

9 Նյմ

Խաչատուր Աբովյանի գրական և հասարակական գործունեությունը հանրահայտ է, ինչը չի կարելի ասել նրա անձնական կյանքի մասին: Եղել են լուրջ ուսումնասիրություններ, բայց և այնպես մեծ լուսավորչի կերպարի դափնիները միշտ էլ ստվերել են նրա զգացական աշխարհի ամենախոր անկյունները` անծանոթ թողնելով գեղեցկատես երիտասարդի հույզերի, գայթակղությունների, հրապուրանքների ու սերերի այն մեծ ու փոքր բռնկումները, որոնցով պիտի ամբողջանար նրա մարդկային նկարագիրը, և Աբովյանը մեզ պիտի ներկայանար գուցե բոլորովին ուրիշ, սակայն շատ ավելի հոգեհարազատ ու անմիջական պատկերով:

Այս առումով առանձնապես հետաքրքրական է գրողի կյանքի դորպատյան շրջանը: Նահապետական Քանաքեռից քաղաքակիրթ Եվրոպայի ճիշտ կենտրոնում հայտնված Աբովյանի համար հայտնության պես մի բան էր այն աշխարհը, որտեղ գերիշխում էր զգացմունքների ազատությունը, որտեղ հարաբերությունները ծնվում ու փթթում էին առանց տագնապների, որտեղ անկարելին կարելի էր դառնում, եթե սիրտն այդպես էր ուզում: Եվ վարակված այդ թեթևությամբ, նրա հոգում և մարմնում արթնանում էին կաշկանդված գրգիռները, նա իրեն նետում էր մղումների հորձանուտը` արբենալով ու տրվելով վայելքին, ճաշակելով արգելված պտուղը, լինելով մերթ գայթակղված, մերթ գայթակող:

Թռուցիկ, ժլատ, երբեն էլ անորոշության մշուշով պատված պատառիկներ են մեզ հասել Աբովյանի սիրային «դեգերումներից»: Բայց նույնիսկ այդ հպանցիկ ուրվանկարն էլ բավական է տեսնելու և զգալու, թե ապրումների ինչպիսի վերելքների ու անկումների միջով է անցել երիտասարդ գրողը…Univ_of_tartu_1860_litography

Դորպատ հասնելու հենց առաջին շաբաթներին` 1830-ի աշնանը նա ծանոթանում է Յուլիե Կրաուզեի հետ: Աղջիկը Աբովյանի հովանավոր պրոֆեսոր Պարրոտի կնոջ քույրն էր: Այդ տասնութամյա օրիորդը, որն, ըստ վկայությունների, առանձնապես հրապուրիչ արտաքին չուներ, Աբովյանին գերում է իր անկեղծ անմիջականությամբ, ազատ ու կենսախինդ պահվածքով: Նրանք այնքան են մտերմնում, որ մեկ տարի անց, երբ հարկադրված էին բաժանվել, այդ անջատումը խորը կսկիծ է պատճառում երկուստեք: «Իմ սիրտը ամենևին չէր ցանկանում բաժանվել նրանից, բայց հարկադրաբար բաժանվեցինք… Եվ ինձ, և նրա համար ցավալի էր այս բաժանումը»,- խոստովանում է Աբովյանը: Իսկ հետո, երբ կրկին հանդիպում են, կյանքը վերստին իմաստ է ձեռք բերում: «Եվ ահա ձյան նման հայտնվում է աղավնակերպ սպիտակազգեստ օրիորդը. համեստափայլ ժպիտը ճառագայթում էր նրա շուրթերից… Օհ, երանի թե  իմ ականջներին մշտապես հնչեին նրա այս մեղրահամ խոսքերը»,- իր օրագրում պիտի գրեր Աբովյանը: Տանեցիները` նկատելով խորացող կապը, այլևս ոչ թե խոչընդոտում էին, ինչպես առաջին օրերին, այլ հաշտվելով իրողության հետ` սկսում են փոքրիկ խորամանկություններով օգնել նրանց: 1832 թ. հունվարի 1-ից  Պարրոտը և տիկինը հատուկ դիտումով կարգ են սահմանում, որ ճաշի ժամանակ Աբովյանը նստեր Յուլիեի կողքին ( մինչ այդ նրա մշտական տեղը Պարրոտի կողքին էր): «Հավանաբար սա դիտավորյալ են արել, քանի որ առավել քաղցր օրիորդի մերձավորությունը կմեղմացնի իմ բիրտ բարքը, և, հիրավի, սա է այն միակ միջոցը, որով մարդ կարող է մեղմացնել իր սովորույթները, քանի որ որքան իր բարեկամությամբ ու ծանոթությամբ  մոտենա կանանց սեռին, այնքան կկրթվեն, պատվական կդառնան նրա բարքերը: Ես այս փորձառությունը վաղուց ունեմ»,- կատարվածն այսպես էր բացատրում (կամ գուցե արդարացնում) Աբովյանը: Նրանց մտերմությունը պիտի ձգվեր մինչև 1936 թ: Աբովյանը և Յուլիեն հրաժեշտ տվեցին միմյանց` որպես քույր և եղբայր մնալու խոստումով…

Սիրային մեկ այլ արկած էլ ծնունդ առավ այն օրերին, երբ Աբովյանը Դորպատում սենյակ վարձեց ռուս սարկավագ Վասիլի Սեմյոնիչի տանը: Շատ չանցած` նրան հրապուրեց սարկավագի քենին` Օլգային: Բարեբախտաբար, այս սիրավեպը կարճ տևեց: Հետո, երբ նա արդեն տեղափոխվել էր ուրիշ բնակարան, ժպիտով էր հիշում այդ «հիմարությունը»:

Հաջորդը օրիորդ Ադելաիդե Էրդմանն էր` պրոֆեսոր Էրդմանի դուստրը, ում տանը Աբովյանին հաճախ էին հրավիրում: Պատմում են, թե աղջիկն այնքան գեղեցիկ է եղել, որ մշտապես շրջապատված էր բազում երկրպագուներով, իսկ նրանցից մեկը նույնիսկ ինքնասպան էր եղել անպատասխան սիրո պատճառով: Աբովյանի բախտը բերեց, քանի որ նրանց սերը փոխադարձ էր ու խորը: Մի ինչ-որ պահի նա նույնիսկ լրջորեն սկսեց մտածել ամուսնության և Ադելաիդեին իր հետ Հայաստան տանելու մասին, ծանր ապրումներ էր ունենում այն երկյուղներից, թե գերմանուհին կմերժի իր առաջարկը` չցանկանալով մեկնել հեռավոր ու անծանոթ մի երկիր: Սակայն որքան մեծ պիտի լիներ նրա զարմանքը, որ երբ Ադելաիդեին հայտնեց իր մտադրության մասին, աղջիկը նրան պատասխանեց. «Որտեղ տղամարդն է, այնտեղ էլ կնոջ հայրենիքն է»:

Ցավոք, երջանիկ զույգին վիճակված չէր իրականություն դարձնել իրենց երազը: Բուռն սերը ցավալի վերջաբան ունեցավ. հարաբերությունները խզվեցին, Ադելաիդեն ամուսնացավ մեկ ուրիշի հետ`թողնելով Աբովյանին փշրված սրտով ու մոխրացած հույսերով: Ծանր էր այդ կորուստը: Միայն թե սերը դեռ երկար պիտի ապրեր: Ու երբ տարիներ հետո Աբովյանն աղջիկ ունեցավ, նրան կոչեց Ադելաիդե…

Իսկ մինչ այդ մի գայթակղությունը հաջորդում էր մյուսին: 1831-ի ամառը Աբովյանին նոր հրապուրանք բերեց: Դա գիմնազիայի մաթեմատիկայի ուսուցչի դուստրն էր` Յուլիե Դորոթեա Սոկոլովսկին` Յուլիե 2-րդը: Աղջկա ընտանիքն ապրում էր հենց գիմնազիայի շենքում, և Աբովյանը հաճախ էր այցելում նրանց, որտեղ նշանավոր լեզվաբան Ֆ. Յ. Վիդեմանին հայերեն դասեր էր տալիս:  Հափշտակությունն այնքան ուժգին էր, որ Աբովյանը սկսեց փախչել դասերից, որպեսզի աղջկան ժամ առաջ տեսնի: Նրանց կյանքում անմոռաց պիտի մնար 1832-ի ամառը, Միտավայում: Այստեղ երկուսով էին, սիրո վայելքն անսահման էր, թռչող ժամանակը` հեքիաթային: Երկու երջանիկները դեռ չգիտեին, որ դա իրենց վերջին հանդիպումն էր:  

Դժվար է ասել, թե այս կապն ինչու խզվեց, ինչ ելևէջներ էին, որ կասեցրեցին ընթացքը, սակայն պահպանվել է Յուլիեի հրաժեշտի նամակը` գրված 1836 թ հունվարին` Աբովյանի` հայրենիք վերադանալու օրերին: Յուլիեն գրում էր. «Հնարավոր է, որ դժվարին կոչումը, որին Դուք, սիրելի Աբովյան, ընդառաջ եք գնում, ցույց չտա Ձեզ Ձեր ապագան պայծառ լույսերի մեջ, հնարավոր է, որ մեծ լինի ցավը, որն զգում եք Դուք` թողնելով Ձեզ համար Հայրենիք դարձած օտար երկիրը, սակայն այնուամենայնիվ այն միտքը, թե Ձեր բարեկամների ոգիները ճախրելու են Ձեր շուրջը նաև հեռվում, կսփոփի և կհանգստացնի Ձեզ և կթեթևացնի Ձեզ համար բաժանումը, որը վաղ թե ուշ անխուսափելիորեն պետք է տեղի ունենար:

Թող Ձեր բոլոր բարեկամների սիրո և հարգանքի գիտակցությունը… սիրելի Աբովյան, ուրախացնի Ձեզ մենության ժամերին և միաժամանակ հավատացնի Ձեզ, որ շատ հաճախ և հաճույքով կմտածի Ձեր մասին Ձեր բարեկամուհին:

Յուլիե Սոկոլովսկի

Դորպատ, 14 հունվարի, 1836»:

Տունդարձի ճանապարհին  Աբովյանը Մոսկվայում  կանգ առնելուն պես իր առաջին նամակներից մեկը գրեց է հենց նրան…

Բայց սա դեռ բոլորը չէր: Կար նաև շոտլանդուհի տիկին Աննա Ֆրիդլենդերը, խիստ տարբեր Աբովյանի մյուս մտերմուհիներից, քանի որ այդ կինը ոչ միայն շրջահայաց էր, այլև կարողանում էր զսպել իր հույզերը` նույնն էլ հարկադրելով Աբովյանին: Ի նշան իրենց լուռ, կաշկանդված կապի, Աննան Աբովյանին նվիրեց մի թանկարժեք կնիք: Կնիքի վրա փորագրված էր. «Բարի է ամենայն իր, եթե վախճանն է բարի»: Այս խոսքերը նրանց պարագայում տեղին էին: Այդ կնիքը ասես զմռսել էր զգացմունքների դուռը` կասեցնելով հորձանքի ընթացքը: Եվ գուցե նաև դա էր պատճառը, որ նույն օրերին Աբովյանը մխիթարություն էր գտնում մեկ այլ` ավելի մատչելի օրիորդի մոտ, որի անունն էր Կարոլինե ֆոն Շվեբս: Աղջիկը լավ ձայն ուներ, հրաշալի դաշնամուր էր նվագում և կարողանում էր երաժտությամբ համեմել իր սիրախաղը: Կարոլինեին է նվիրված Աբովյանի «Օրիորդն ֆօն Շվէբս ի վերայ երգեհոնի» բանաստեղծությունը:

Իսկ հետո վրա հասավ մեկ այլ արկած և մեկ այլ հրապուրանք: Մի անգամ Աբովյանը որոշեց մեկնել ուղևորության: Նրա ընկերը` Թեոդոր Գրասն ապրում էր Ռիգայում, և Աբովյանը հյուր գնաց նրան` Պոնիմուն կալվածքը: Այդ ընտանիքում ապրում էր Շարլոտե Շուլցը, ով Գրասների ընտանիքի հոգեզավակն էր: Թե ինչպես նրանք մտերմացան ու թե ինչպես մտերմությունը վերածվեց սիրո, նույնիսկ զույգի համար էր անբացատրելի: Սակայն զգացմունքներն անկեղծ էին, հյուսվող թելերը` վստահելի ու ամուր: Նրանք թափառում էին շրջակա դաշտերում, գնում դիտելու լիտվացի գեղջուկների  հանդեսները, Շարլոտեն նրան նույնիսկ պարել սովորեցրեց: Իսկ երբ եկավ հրաժեշտի պահը, աղջիկը Աբովյանի համար թղթից մանրանկար ծաղիկներ կտրատեց` կենտրոնում դնելով հույսի խորհրդանիշը` խարիսխը: Դա ներքևում նա գրել էր այս տողերը. «Մի բողոքիր երջանկության չնչինությունից, ոչ մի վերք հավիտյան չի ցավում…»: Աբովյանից իբրև հիշատակ ստացավ նրա մազերից մի փունջ:

Համաձայն Աբովյանի օրագրային գրառումների, նրանց վերստին վիճակված էր հանդիպել: 1833 թ. հուլիսի 8-ին նա գրել է. «Սա իմ կյանքի ամենաերջանիկ ժամերից մեկն էր, որ վայելեցի: Բազում գեղեցիկ օրիորդներ եմ տեսել ես, բայց սրա համեստությունը, քնքույշ սիրտը, հոգու ազնվությունը, հեզ ու պարկեշտ բարքը ամբողջությամբ գրավել էին իմ հոգին: Ես վերցնելով ձեռքը` առաջնորդեցի նրան. իմ բոլոր երակներում եռում էր սեր և կրկին սեր. երկինքը և ողջ շրջակայքը թվում էին ներդաշնակված մեր ներքին զգայությունների հետ: Ախ, մենք սիրում էինք իրար… Ախ, եթե դառն օրհասը չմիավորի մեզ, անմոռաց կմնան այս օրն ու այս ժամը, որ հրեշտակի պես մաքուր հոգին ինձ սրտի ցավ պատճառեց»:

Շառլոտեին նա դեռ շատ երկար էր հիշելու` վերհուշն ու հոգի կսկիծը թաղելով բանաստեղծական տողերի մեջ. «Սերն է, որ պահում է բոլոր արարածներին, Փառք սիրո թագուհուն, ամենայն պատիվ…»: Իսկ երբ Հայաստան էր վերադառնում, Շառլոտեից հրաժեշտի թերթիկ ստացավ: Ծրարի մեջ դաշտալին ծաղիկներից հյուսված մի պսակ էր ու բանաստեղծություններ:

Բայց ժամանակը հոսում էր` ջնջելով անցնող օրերի շղթան և բերելով նոր տպավորություններ: Աբովյանը թվում է, թե դիմադրում էր այդ ընթացքին, միայն թե նրա դիմադարձումը թույլ էր, իսկ գայթակղություններն` ուժգին: Երբ ուսանողական ընկերոջ` Մաքսիմելիան Հերմանի հրավերով մեկնեց նրա հայրենի կալվածը` Ֆրիդրիխսհոֆ ու մնաց մոտ մեկ ամիս, այստեղ էլ մտերմացավ Հերմանի քրոջ` Հելենի հետ: Վերադարձավ Դորպատ, սակայն մի քանի օր անց կրկին մեկնեց այնտեղ ու 4 օր անցկացրեց Հելենի մոտ:

Այնուհետև ուղևորվեց Ռիգա ու ծանոթացավ մի օրիորդի` Ռոզալիե Վալցի հետ: Բայց Ռիգան նրա համար ուրիշ անակնկալներ էլ ուներ: Օրինակ, «Բեքաս» իջևանատունը, որտեղ հարբած աղջիկներ ու կանայք անցվորներին գինի ու օղի են բաժանում և կիսում էի նրանց հետ իրենց տռփանքը: Հիասթափված Աբովյանը հետո իր ծոցատետրում պիտի գրեր. «Ինչ ազնվագույն են մեր կանայք, զի նրանց չի արտոնվում կյանքի այսպիսի եղանակը»:

Այս հիասթափությունը, ցավոք, ոչ առաջինն էր ու ոչ վերջինը: Նա չի մոռանալու թե ինչպես մի կարճ ժամանակ մտերմություն արեց Սոֆյա անունով օրիորդի հետ, բայց հետո վրա հասավ զղջումի պահը, երբ մի անգամ անակնկալ հանդիպեց նրան ինչ-որ ուսանողի հետ համբուրվելիս:

Ահա այսպես գլորվեցին Խաչատրուր Աբովյանի` Դորպատում անցկացրած տարիները: Երիտասարդ արյան եռքը դադար էր  ուզում, և այդ իմաստով նրա վերադարձը բարերար ազդեցություն ունեցավ: Միայն թե հայրենիքում ու Թիֆլիսում էլ նա ստիպված էր բոլորովին այլ «վարարումների» առաջ պատվարներ դնել: Այդ տհաճ իրավիճակի մասին նա բավականին խոսուն գրառումներ է թողել` պատմելով, թե ինչպես էին իրեն հալածում մուցիքուլները` փորձելով ամուսնացնել այս կամ այն օրիորդի հետ ու խոստանալով մեծ օժիտ. «Հազիվ մի քանի շաբաթ էր անցել Թիֆլիս գալուց հետո,- գրում է Աբովյանը,- երբ անսպասելի ինձ այցելության եկան պառավ կանայք, իսկ երկու անգամ էլ` քահանաներ: Ես շատ լավ տեսնում էի, թե ինչ է նշանակում այդ բոլորը, և դրա համար էլ համառ կերպով մերժեցի նրանց հորդորանքները` պատճառաբանելով, որ ես հաստատապես վճռել եմ չամուսնանալ, եթե ինձ տալու լինեն անգամ իշխանադուստրեր և տասը հազար արծաթ ռուբլի էլ հետը»:

Իշխանադուստր ու արծաթ նրան ոչ ոք չտվեց, փոխարենը հանդիպեց Էմիլյային: Լոոզե Էմիլյան ծնունդով Տալինից էր: Զրկվելով ծնողներից, նա տեղափոխվել էր Թիֆլիս: Սիրահարված Աբովյանը խնդրեց աղջկա ձեռքը: 1938 թ. սեպտեմբերին Էմիլյան ու Աբովյանը պաշտոնապես նշանվեցին, իսկ մեկ տարի անց ամուսնացան: Աբովյանը սիրում էր կրկնել, որ իր լյութերադավան կինը «բարեբարոյությամբ ու պարկեշտությամբ կարող է զարդ լինել ամեն ընտանիքի»: 1840-ի մայիսին ծնվեց նրանց որդին` Վարդանը: Աբովյանը հավատարիմ ու սիրող ընտանիքի հայր էր: Երիտասարդական խենթությունները մոռացության էին տրված: Բայց արդյո՞ք մեկընդմիշտ…

 

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆKhachatur_Abovyan_5

 

ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ

25 Սպտ

… Երևանում խնդրեցի, որ ինձ ցույց տան Խաչատուր Աբովյանի տունը: Ասացին, որ այն գտնվում է Քանաքեռ գյուղում: Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես անցա նեղլիկ, ծուռումուռ և գարշահոտ փողոցներով ու հասա այնտեղ, մտազբաղ կանգնեցի տան առջև: Երեկոյանում էր, և այդ երեկոյի մշուշի մեջ ես մտովի տեսնում էի պատանի Աբովյանին, որ դուրս է գալիս ցածրիկ տան դռնակից, բարձրանում տափակ տանիքն ու երազանքով նայում աստղանկար երկնակամարին… Ես հեռացել էի ինքս ինձնից ու գնում-գնում էի Աբովյանի հետ նրա տառապանքի ու մաքառումների ճանապարհով… Եվ այդ պահին ուսիս վրա զգացի ինչ-որ մեկի ձեռքը: Թեքեցի գլուխս, տեսա մի ծեր մարդու, մազակալած, կնճռոտ դեմքով: Հիմա էլ, երբ նորից հիշեցի նրա դեմքը, մարմնովս ասես մրջյուններ անցան: Նա նայում էր ինձ մռայլ աչքերով ու ռուսերեն ասում.
— Ինչու՞ եք այդպես մտահոգված նայում… Աբովյանի՞ն եք փնտրում… Ես կենդանի վկա եմ ու գիտեմ, թե ինչպես անհայտացավ նա… Եթե ուզում եք իմանալ, ես ձեզ ցույց կտամ նրա տեղը: Եկեք ինձ հետ:
Ես ցնցվեցի, ինձ թվաց, թե երազում եմ, բայց արդեն քայլում էի նրա ետևից: Մենք անցանք նեղլիկ ու ծուռտիկ մի քանի փողոց և մտանք խոնավ մի բակ: Բակի չորս կողմը հողե պատերով տներ էին: Նա բացեց այդ տներից մեկի դուռը, ինձ ներս հրավիրեց: Ես ներս մտա կիսամութ սենյակը: Բարձրահասակ, չորուկ ծերունին կանգնեց սենյակի կենտրոնում, արտակարգ երկար, չորություն արտահայտող ձեռքերով ցույց տվեց սենյակի հողե հատակն ու ասաց.
— Քանդեցեք այստեղ և դուք կգտնեք Աբովյանի դին…
Ես սարսափահար դուրս եկա, բայց մինչև հիմա հիշում եմ այդ ծեր մարդու ձեռքը` սև, ոսկրոտ…


(Շահինյանը Հայաստանում է եղել 1922 թվականին: Այս հուշը գրի է առնվել 1978-ին):

ՈՐՏԵ՞Ղ Է ԱԲՈՎՅԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

16 Հկտ

1848 թ. ապրիլի 2-ին Խաչատուր Աբովյանը դուրս եկավ իր տնից ու այլևս չվերադարձավ: Ավելի քան մեկ ու կես դար է անցել, բայց մինչ օրս էլ մեծ գրողի ու լուսավորչի անհայտ բացակայության առեղծվածային պատմությունը հանգիստ չի տալիս հետազոտողներին: Այս ընթացքում շրջանառվել են բազմազան վարկածներ ու կարծիքներ, քննության են դրվել հավանական ու անհավանական տեսակետներ, հրապարակվել են ծավալուն աշխատություններ: Սակայն, այդ ամենով հանդերձ, գաղտնիքը շարունակում է մնալ գաղտնիք, իսկ յուրաքանչյուր նոր մոտեցում էլ ավելի է խճճում առանց այդ էլ կնճռոտ պատմությունը:
Անհետացման հավանական պատճառների ու ենթադրությունների ցանկն ի սկզբանե ընդարձակ էր: Դրան նպաստել էին երկու կարևոր հանգամանք: Մի կողմից դեպքի առթիվ ոտիկանության հարուցված գործի և հետաքննության արդյունքներն էին, որոնց կցկտուր լինելը արդեն իսկ զանազան կասկածներ էր հարուցում, մյուս կողմից ամենատարբեր ասեկոսեների առիթ էին տալիս ոմանց հետ Աբովյանի անձնական ու ծառայողական բարդ հարաբերությունները, որոնք գրողի անհետացումից հետո ներկայանում էին միանգամայն այլ երանգներով ու ենթատեքստով:
Երևանում լուրեր էին տարածվում այն մասին, թե գրողը խեղդվել է Զանգու գետում, և գետի ափին գտել են նրա ոտնամանը: Ուրիշները պնդում էին, թե պատահարի մեղավորներ կարող են լինել Էջմիածնի կղերականները, որոնք հալածում էին Աբովյանին այն բանի համար, որ վերջինս հերքել էր Արարատի գագաթին Նոյյան տապանի գոյության փաստը: Ոմանք էլ հակված էին մտածելու, թե Աբովյանը կարող էր սպանվել մի քանի թուրքերի ձեռքով, որոնք իբր ժամանակին պարտք էին վերցրել գրողից և որոշել էին չվերադարձնել գումարը:
Ավելի ուշ շրջանառության դրվեց նաև ինքնասպանության թեզը, ինչը ևս որևէ կերպ չէր հիմնավորված: Ասենք, որոշ կենսագիրներ ու պատմաբաններ էլ ավելի հեռուն գնացին: Մի դեպքում Աբովյանը հայտնվում էր Կովկասի լեռնականների առաջնորդ Շամիլի մոտ, մեկ այլ տարբերակում նա մեկնել էր զինվորագրվելու Եվրոպական հեղափոխությանը, իսկ հետո եղան նաև պնդումներ, թե «Վերք Հայաստանի»-ի հեղինակը հասել է մինչև… Բրազիլիա: Սակայն պետք է ասել, որ այս շարքում առավել հետաքրքրական էին շշուկներն այն մասին, թե Աբովյանին «սև կառեթով» տարել են Սիբիր: Կարո՞ղ էր այս վարկածն իրական լինել: Կա՞ն այնպիսի փաստեր, որոնք թույլ են տալիս փոքր-ինչ այլ կերպ գնահատել ու դիտարկել Աբովյանին աքսորելու հնարավորությունը:
Այս առումով Հայաստանի ազգային արխիվի թղթապանակներում պահպանված մի վավերագիր (ՀԱԱ, ֆ. 122, ց. 1, գ. 236, էջ 74-76) բավականին ուշագրավ և անսպասելի տեղեկություններ է պարունակում` իր հավաստիությամբ ստիպելով առանձնակի վերաբերմունք դրսևորել այնտեղ շարադրվածի հանդեպ: Խոսքը 1926 թվի գարնանը Մայր Աթոռի միաբան Ռուբեն ծ. վարդապետ Մանասյանի կողմից Հայաստանի Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանին հղված նամակի մասին է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ նամակն ամբողջությամբ:
“Հայաստանի Խ. Ս. Հանրապետության
Լուսժողկոմ մեծարգո Ա. Մռավյանին
Անցյալ 1925 թվին իմ Հեռու Արևելքում ճանապարհորդությանս միջոցին, Խարբինում` տեղական հայ գաղութի աչքի ընկնող անդամներից Սարգիս Գրձիլյանը պատմեց, որ իր մոտ է եղել Խաչատուր Աբովյանի գերեզմանի նկարը, որը պահելիս է եղել մեծ գուրգուրանքով, սակայն այդ նկարը այրվել է 1917 թվին իր տանը պատահած հրդեհի ժամանակ, իր գրադարանի և մի շարք նկարների հետ:
Պատմեց, թե ինչպես է այդ նկարը ընկել իր ձեռքը: Սարգիս Գրձիլյանի` դեռ Վլադիվաստոկում եղած ժամանակ գալիս է իր մոտ մի անծանոթ մարդ և հայտնում, թե ինքը Կուկունյանի1 խմբից է, Սախալին աքսորված, անունը Ծերուն, որ գիտե լուսանկարել: Երբ դեռ ինքը Սախալինում է լինում, գալիս է Սախալին Խաբարովսկ քաղաքից Մարգարիտովի էքսպեդիցիան 1906-07 թվին և այդ խմբի հետ ինքն էլ գնում է Օխոտսկ որպես լուսանկարիչ, որտեղ և լուսանկարում է մի շարք տեսարաններ:
Օխոտսկում մի աքսորյալ ծերունի ռուս` գիտնալով այդ լուսանկարչի հայ լինելը, ցույց է տալիս մի գերեզման ասելով. “Ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որ աքսորված էր այստեղ”:
Լուսանկարիչը նկարում է այդ գերեզմանը, որը Սարգիս Գրձիլյանի պատմելով ներկայացնում է մի չարդախ (չորս սյուն տնկած, վրան ծածկած տախտակով), որի տակ կար մի գերեզման:
Լուսանկարիչ Ծերունը Օխոտսկից վերադառնալիս էքսպեդիցիայի գլխավոր Մարգարիտովի2 երաշխավորությամբ ազատվում է Սախալինից և ժամանակավորապես ապրում Խաբարովսկում, որտեղ և զբաղվելիս է եղել լուսանկարչությամբ:
Սակայն ցարական կառավարությունը նորից հետապնդում է նրան բանտարկելու, որի պատճառով փախչում է Խաբարովսկից և գալիս է Վլադիվաստոկ, որտեղից էլ մի քանիսի օգնությամբ փախչում է Ֆուզուն և Սինգապուր:
Վլադիվաստոկից հեռանալիս մի շարք իր լուսանկարներից նվիրում է Սարգիս Գրձլյանին, որոնց հետ և հանձնում է ի պահ Խաչատուր Աբովյանի գերեզմանի նկարը:
Ի նկատի ունենալով մի հանգամանք, որ Կուկունյանի արշավախմբի անդամներից ամենակրթվածը և ինտելիգենտ անհատներից մեկն է եղել վերոհիշյալ լուսանկարիչ Ծերունը, որը անշուշտ քննադատական աչքով և լրջությամբ է վերաբերվել այս խնդրին և լուսանկարելով մեր մեծ հայրենասերի գերեզմանի նկարը, որ անհայտության մեջ է եղել մինչև այսօր, ցանկացել է հրապարակ բերել նրա ուր լինելը, սակայն իր դրությունը կասկածելի լինելով չի կարողացել իր մտադրությունը իրագործել և վախենալով, թե կարող է իր փախուստի ժամանակ նկարը կորցնել, հանձնել է ի պահ Սարգիս Գրձիլյանին, որը պահելիս է եղել ամենայն խնամքով:
Սարգիս Գրձիլյանը որպես խելացի և լուրջ մարդ միշտ հետաքրքրվել է հասարակական և հայկական կյանքով և պարբերական մամուլի միջոցով մոտիկ ծանոթ է հայկական կյանքի անցուդարձի հետ, ցավելով էր պատմում, որ իրեն մեծ վիշտ է պատճառել ոչ այնքան իր նյութական խոշոր վնասը, որքան Խաչատուր Աբովյանի գերեզմանի նկարի կրակի ճարակ դառնալը:
Այս մասին հայտնելով Ձեզ, հարգելի կոմիսար, ցանկալի է Խորհրդային Միության հաստատությունների միջոցով ստուգել Խաչատուր Աբովյանի անհայտանալու տարեթվի արխիվներից:
Իմ ճանապարհորդությանս միջոցին Սիբիրում հանդիպեցի շատ ու շատ հայ աքսորականների, որոնց հետ խոսելուց երևաց, որ աքսորականների գլխավոր ուղին է եղել Պետերբուրգ-Իրկուտսկ-Չիտա-Խաբարովսկ-Նիկոլաևսկ-Սախալին-Օխոտսկ. ահա այս քաղաքի արխիվներից էլ պիտի ստուգել Խաչատուր Աբովյանի աքսորի պատմությունը:
Ընդունեք իմ հարգանքներիս հավաստիքը`
Ռուբեն ծ. վարդապետ Մանասյան
թիվ 17
15 մարտի 1926թ.
Էջմիածին”:

Ռուբեն վարդապետի այս գրությունից բացի կան այլ վկայություններ ևս, որոնք գալիս են ամրապնդելու Աբովյանի սիբիրյան կյանքի վարկածը: Այսպես, օրինակ, 19-րդ դարի վերջին Հեռավոր Արևելքում ճանապարհորդող գիտնականները աշխարհից կտրված, մոռացված մի գյուղակում հանդիպում են երեխաների, որոնք ազատ խոսում էին գերմաներեն: Երբ գիտնականները զարմանքով հարցնում են, թե ո՞վ է նրանց սովորեցրել այդ լեզուն, տեղացիները պատասխանում են, որ իրենց ուսուցիչն է եղել ազգությամբ հայ Խաչատուր Աբովյանը:
Ռուս հայտնի գրող և հրապարակախոս Ն. Չեռնիշևսկին Աստրախանում եղած ժամանակ տեղաբնակ հայերին պատմել է, որ իր Աքսորի տարիներին Սիբիրում հանդիպել է Խ. Աբովյանին: «Ես Աբովյանի հետ էի»,- ասել է նա: Ժամանակին այս փաստը հաստատել է նաև Էջմածնի ճեմարանի ուսուցիչ Ստեփան Կանայանցը, ով Գերմանիայում իր ուսումնառության տարիներին Աստրախանի հայերից ստացել է դեպքը հաստատող նամակ:
Գալով վերը ներկայացված փաստաթղթի հետագա ճակատագրին` կարող ենք ընդամենը հավելել, որ արխիվային մատյաններում մեզ հաջողվեց գտնել ևս մի կարճ գրություն, որտեղ ասված էր.
«Գիտության և արվեստի ինստիտուտին. կից ուղարկվում է Ռուբեն Ծ. վարդապետ Մանասյանի նամակի պատճենը, Լ. Ժողկոմ Ա. Մռավյանի մակագրությամբ:
Ավագ գործավար` Մ. Հակոպջանյան
2984
27.03.26թ.»

Հայտնի է, որ ավելի ուշ Ռուբեն վարդապետը նույն խնդրանքով դիմել է նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերին: Այլ տեղեկություններ դրանց ընթացքի մասին չկան: Պետք է կարծել, որ այն օրերին այնքան էլ հեշտ չէր կազմակերպել որոնումներ Հեռավոր Արևելքում, մի բան, ինչն այսօր, կարծում ենք անհամեմատ ավելի հեշտ իրագործելի է:

1. Սարգիս Կուկունյան- Հայ ազատագրական շարժման գործիչ: 1890 թ. աքսորվել է Սախալին:
2. Վ. Պ. Մարգարիտով- Ռուս հետազոտող, երկրաբան, Ամուրի հետազոտման ընկերության անդամ, Վլադիվոստոկի արական գիմնազիայի դասախոս:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: