Tag Archives: լռություն

ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

30 Հկտ

Խոսքը խոսք է բերում: Բայց լռությունը լռություն չի բերում: Լռությունը բերում է մտատանջություն: Բերում է սպասում: Բերում է հարկադրանք: Որովհետև միայն լռությունն է, որ դեռ ծնրադիր է կողոպտված էության խորանում, որ դեռ հատուցում է դառնում ամեն չասված բառի դիմաց և խեցի է լինելու, որի մեջ պիտի թաքնվի տեսանելի, թափանցիկ, անծածկույթ մարդը ընկեցիկ կեղեքումների վավաշոտ հայացքներից:
Եվ երբ հուսահատ փախուստի ժամին կրկին նրա գիրկը նետվես, ինչպես ջրահեղձի մարմինն է անմռունչ հպատակվում ալիքների խարդավանքին, վերջին ակնթարթի վերջին առկայծումի միջից վերջին անգամ գուցե տեսնես վերջնագիծը անաղարտի: Որովհետև մարդը կատարելապես ազնիվ է միայն լռության մեջ` լուռ աղոթքից մինչև մահվան լռությունը:

Հովիկ Չարխչյան

surreal

ԲԱԼՏԱՍԱՐ ԳՐԱՍԻԱՆ

5 Փտր

Չստել, բայց և չասել ողջ ճշմարտությունը: Ոչինչ այնքան զգույշ վերաբերմունք չի պահանջում, որքան իսկությունը: Դա արյունաթողություն է մեր իսկ սրտից: Քիչ հմտություն չի պահանջվում, որպեսզի և ասվի ճշմարիտը, և այդ մասին լռություն պահպանվի: Ամեն ճշմարտություն չէ, որ պետք է բարձրաձայնել: Մեկի մասին լռիր հանուն քեզ, մյուսի մասին լռիր հանուն ուրիշների:
Թող ոչ ոք չիմանա քո հնարավորությունների սահմանը, այլապես նրանց հիասթափության առիթ կտաս: Երբեք թույլ մի տուր, որ զննեն քո ներսը: Երբ չգիտեն ու կասկածում են, համարում են շատ ավելին, քան երբ քո բոլոր ուժերը, թեկուզ դրանք չափազանց շատ լինեն, տեսանելի են:

Լռությունը ոսկի չէ

27 Ապր

Վերջին շրջանում վրացի դիվանագետները Հայաստանը ջրի ճամփա են դարձրել: Սովորաբար նման դեպքերի համար ասում են, որ եկվորի կամ աղն է պակաս, կամ մաղը: Իսկ եթե խոսքը Վրաստանի մասին է, ապա եղած ենթադրություններին կարելի է հավելել ևս մեկը. ամենայն հավանականությամբ նրանք կրկին այնպիսի մի բան են արել, որի համար արդարանալու են շտապում:
Եթե դիտելու լինենք սոսկ ժամանակագրական կարգով, ապա դժվար չի լինի վերհիշել, որ միայն վերջին չորս ամիսների ընթացքում արդեն կայացել են Վրաստանի նախագահի ու վարչապետի այցերը Երևան: Դրանից հետո իրենց այցերով մեզ պատվեցին նույն երկրի ներքին գործերի, պաշտպանության և տրանսպորտի նախարարները: Էլ չենք խոսում առավել ցածր կարգավիճակի այն անհատների ու խմբերի մասին, որոնք եկան ու գնացին զանազան պատրվակներով ու գործերով: Հայաստանի պաշտոնյաները բոլոր առիթների համար անմիջապես մատնանշեցին, որ այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է «Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլև իրական բարեկամական հարաբերությունների մասին», սակայն նման խոսքերը հյուրընկալողի նրբանկատություն լինելուց ավելին չէին:
Այս անգամ էլ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Շատ դժվար էր կռահել, թե հատկապես ինչ նպատակով էր նա ճանապարհ ընկել Երևան, քանի որ ոչ դրանից առաջ և ոչ էլ այստեղ գտնվելու օրերին որևէ հստակ տեղեկատվություն չտրվեց հանդիպումների բուն նպատակի մասին: Ընդհանուր ձևակերպումների ընդգրկման տարածքներն այնքան լայն ու տարողունակ էին, որ տպավորություն էր ստեղծվում, թե Վաշաձեն պատրաստվում է հայաստանցիների հետ զրուցել ամեն ինչի մասին և անվերջանալիորեն: Սակայն նույնիսկ թեմաների նման առատության պայմաններում վերստին պահպանվում էր նախկին տպավորությունը, երբ կարելի էր հանգիստ խղճով ասել` երկխոսություն վասն ոչնչի:
Վաշաձեն հանդիպում ունեցավ հայաստանցի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ: Հետո պաշտոնական հաղորդագրությունը պիտի տեղեկացներ, որ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրներ, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել վիրահայությանը հուզող թեմաներին: Իսկ որո՞նք էին վրահայությանը հուզող խնդիրները: Պարզվում է այն, որ Թբիլիսիում վերանորոգվել է հայկական թատրոնի շենքը: Ինչ խոսք, դա հաճելի լուր է, բայց մի՞թե արժեր տվյալ քայլը որակել իբրև մեծագույն ծառայություն հայ ժողովրդին և այնպիսի տպավորություն թողնել, թե իբր Վրաստանը շենքի վերանորոգմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները տեղաբնակ հայերի հանդեպ: Իսկ Ջավախքը՞, իսկ էթնիկ խտրականությա՞ն բազմաթիվ աղաղակող փաստերը, իսկ ավերվող եկեղեցիներն ու փակվող դպրոցնե՞րը: Այս հարցերը չե՞ն ներդաշնակում այն պոզիտիվ գույների հետ, որ պարտադրվում է մեզ իբրև բարեկամության և համագործակցության առհավատչյա:
Մինչ Վաշաձեն Հայաստանում էր, վրացի քաղաքագետ Լևան Ուրուշաձեն կարծիք էր հայտնել այն մասին, թե չի բացառում, որ Վրաստանի ԱԳ նախարարը իր Երևան այցելության ժամանակ կքննարկի նաև ռուսական ռազմական բեռների տարանցման մասին ռուս-վրացական համաձայնագիրը օրերս Վրաստանի խորհրդարանի կողմից չեղյալ համարելու խնդիրը: Գուցե և դա քննարկվել է: Միայն թե այս պարագայում էլ Վաշաձեն կարող էր իրեն առանձնապես անհարմար չզգալ: Հայ գործընկերներն արդեն շտապել էին նրա ժամանումից առաջ ասել, որ այդ որոշումը չի կարող անդրադառնալ վրաց-հայկական հարաբերությունների վրա: Մի խոսքով, ցանկացած քայլ իր արդարացումն ու բացատրությունը ունի, եթե նույնիսկ դա էապես վնասում և հարված է հասցնում մեր երկրի շահերին: Իսկ ահա սահմանից այն կողմ այդ կարգի բարդույթներով չեն կաշկանդվում: Նույն որոշման մասին վրացիները շատ հանգիստ անկեղծացան և հայտարարեցին, որ իրենց երկիրը չի վստահում Հայաստանին ռուսական ռազմակայանի պատճառով, թեպետ արտաքուստ հայ-վրացական հարաբերությունները ընկերական են թվում: Այս մասին նույնիս գրեց վրացական Journalist.ge լրատվական գործակալությունը` դժգոհությունը հիմնավորելով այն կարծիքով, որ հայերը չափից ավելի շատ զենք են տեղափոխում, իսկ դա բոլորովին էլ Թբիլիսիի սրտով չէ:
Նույն իրավիճակին կարելի է ականատես լինել նաև շատ ավելի թարմ օրինակի հիշատակմամբ: Օրերս հայտնի դարձավ, որ վրացիներն այժմ էլ Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանը շրջանցող մայրուղի են կառուցում: Իսկ սա, ինչպես հայտնի է, ոչ միակ, ոչ էլ վերջին դեպքն է, երբ վրացիները թեթև ձեռքով Հայաստանին դուրս են հրում տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերից: Հավանաբար շատ շուտով պաշտոնական Երևանը դրա առիթով էլ կասի, թե եղածը ընդամենը երկու ժողովուրդների ամուր կապերի վկայությունն է և անարդար ոչինչ տեղի չի ունեցել:
Իսկ բոլորովին վերջերս էլ հանրությունը տեղեկացվեց, որ Վրաստանը Հայաստանի 17 միլիոնանոց պարտքը կմարի միայն 2025 թվականին: Սա բարեգործությանը հավասարազոր առատաձեռնություն է, որի համար ցանկացած բացատրություն, միևնույն է, համոզիչ լինել չի կարող:
Որքան էլ փորձեր արվեն կանխակալություն որոնել վերը հիշատակված որակումների մեջ, միևնույն է, ճշմարտությունից հեռու փախչել չի հաջողվի: Միշտ չէ, որ լռությունը ոսկի է: Իսկ հաջորդ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի վրացական քաղաքականությունը և հայ-վրացական հարաբերությունները արմատապես վերանայելու անհրաժեշտություն են զգում: Եվ այդ պահանջը ոչ նոր է, ոչ էլ անհիմն կերպով չափազանցված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԷԴԳԱՐ ՊՈ

8 Փտր

ԼՌՈՒԹՅՈՒՆ
(Առակ)

«Լեռնագագաթները նիրհում են. հովիտ, քարափ ու անձավ լուռ են»:
Ալկման

— Ինձ լսիր, ասաց Դևը` ձեռքը դնելով գլխիս:- Վայրը, որի մասին պատմում եմ, տխրաշուք մի տարածք է Լինիայում` Զաիր գետի ակունքին, և այնտեղ ոչ անդորր կա, ոչ լռություն:
— Գետի ջրերը քրքումի հիվանդագին թույրն ունեն և ոչ թե հոսում են դեպի ծով, այլ շռնդալից ու ջղաձիգ ալեկոծանքով հավիտենաբար տրոփում արևի կարմրաշեկ հայացքի ներքո: Գետահունի տղմոտ եզերքին մղոններով ձգվում է վիթխարի ջրաշուշանների դժգույն մի թավուտ: Նրանք հերթով հառաչում են այդ առանձնության մեջ, երկար ու քստմնելի վզերը երկինք կարկառում ու ետուառաջ տարուբերում մշտնջենական գլուխները: Եվ նրանց միջից լսվում է մի տարտամ մրմնջյուն, որն ընդերկրյա ջրերի հորդման է նման: Եվ նրանք հերթով հառաչում են:
— Բայց նրանց տիրույթը սահման ունի` մթին, խրոխտ ու ահարկու անտառի պատնեշը: Այնտեղ, ինչպես ալիքները Հեբրիդյան կղզիների շուրջբոլորը, անդուլ ծփում են թփերը: Սակայն երկնքում բնավ քամի չկա: Եվ երկնուղեշ նախաստեղծ ծառերը հզոր շաչյունով օրորվում են հանապազ: Եվ նրանց բարձր կատարներից մեկիկ- մեկիկ ընկնում են մշտնջենական ցողակաթիլներ: Եվ ծառերի արմատներին մերձ` խռովյալ նինջի մեջ, գալարուն մեկնված են օտարոտի թունավոր ծաղիկներ: Եվ վերևում գորշ ամպերը շրշուն ու դղորդաձայն աղմուկով հար սուրում են արևմուտք և ապա ջրվեժի հանգույն թավալվում հորիզոնի հրեղեն պատնեշից անդին: Եվ Զաիր գետի ափունքին ոչ անդորր կա, ոչ լռություն:
— Գիշեր էր, և անձրև էր տեղում, որ թափվելիս անձրև էր, իսկ գետնին դիպչելով` արյուն էր դառնում: Եվ ես կանգնած էի ճահճուտում երկայնիրան շուշանների մեջ, և անձրևը մաղում էր գլխիս. և շուշանները հերթով հառաչում էին իրենց առանձնության մեջ:
— Եվ ապա հանկարծ ու մեկեն, անոսր, քստմնելի մշուշի միջից բարձրացավ լուսինը, և գույնն էր բոսոր: Եվ աչքս ընկավ մի վիթխարի, գորշ ժայռի, որ կանգնած էր գետափին և լուսավորվում էր լուսնի լույսով: Եվ ժայռը գորշ էր ու ահեղ ու բարձր,- և ժայռը գորշ էր: Առջևի մասում նշաններ էին փորագրված, և ես անցա ջրաշուշանների ճախնուտի միջով ու մոտեցա ափին, որպեսզի ընթերցեմ: Սակայն գրերը զանազանել չկարողացա: Եվ ետ էի դառնում ճախնուտ, երբ լուսինը շողաց ավելի վառ կարմիրով, և ես շրջվեցի և կրկին նայեցի ժայռին, և այնտեղ գրված էր ` ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ:
— Եվ ես վեր նայեցի, և քարափի կատարին մի մարդ էր կանգնած. թաքնվեցի ջրաշուշանների մեջ` մարդու վարմունքին հետևելու: Եվ մարդը պարթևահասակ էր, կեցվածքով վեհաշուք, ուսերից մինչև ոտքերը փաթաթված էին հին հռոմեական տոգայով: Եվ նրա մարմնաձի ուրվագիծն աղոտ էր, սակայն գիշերվա ու մեգի, լուսնի ու ցողի ծածկույթը չէր սքողել նրա դեմքը, և դիմագծերն աստվածենի էին: Եվ սեգ ճակատը խորասույզ էր, և աչքերը մտատանջությունից փայլում էին վայրենի փայլով. և այտերն ակոսող ծալքերում ես կարդացի առակները ցավ ու վշտի, խոնջանքի, առ մարդկությունը զզվանքի և մենության տենչի:
— Եվ մարդը նստել էր ժայռին, գլուխը ձեռքին հենած ու հայացքը հառած ամայությանը: Նայեց վար` անդադրում, ցածր թփերին ու վեր` բարձրուղեշ նախաստեղծ ծառերին ու ավելի վեր` շրշուն երկնքին ու բոսորաթույր լուսնին: Եվ ես ի մոտո շուշանների մեջ պահված, հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, և նա նստած էր ժայռին:
— Եվ մարդն ուշադրությունը շեղեց երկնքից և նայեց տխրաշուք Զաիր գետին և դեղին քստմնելի ջրերին ու ջրաշուշանների դեղին լեգեոններին: Եվ մարդն ունկնդիր էր ջրաշուշանների թառանչներին ու նրանց միջից եկող սոսափին: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. և սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
— Հետո իջա ճախնուտի խորշերը, դժվարությամբ հեռացա շուշանենրի թավուտի միջով և կանչեցի գետաձիերին, որ բնակվում էին ճախճախուտի խորշերում: Եվ գետաձիերը լսեցին կանչս ու բեհեմովտների հետ միասին ժողովվեցին ժայռի ստորոտում և բարձր ու երկյուղալի մռնչացին լուսնի ներքո: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու պահվածքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
— Ապա նզովեցի ես տարերքը շռինդի անեծքով. և մի ահեղ փոթորիկ հավաքվեց երկնքում, ուր մինչ այդ քամի չկար: Եվ փոթորիկի սաստկությունից երկինքը կապտեց- սևացավ, և անձրևը խփեց մարդու գլխին, գետի բաբախուն ջրերը ցածրացան, և գետը տանջանքից փրփրակալեց, և ջրաշուշանները ճչացին իրենց ածուներում, և անտառը փշուր- փշուր եղավ հողմի հանդիման, ամպրոպը ճայթեց, կայծակը զարկեց, և ժայռը հիմքից երերաց: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու պահվածքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
— Այնժամ ես զայրացա և այս անգամ ԼՌՈՒԹՅԱՆ անեծքով նզովեցի գետն ու շուշանները, քամին ու անտառը, երկինքը, որոտն ու ջրաշուշանների հառաչանքները: Եվ նրանք նզովվեցին ու ԼՌԵՑԻՆ: Եվ լուսինը դադարեց երերուն վեր ելնել իր կածանով, ամպրոպը մարեց, կայծակը չշողաց, ամպերն անշարժ կախվեցին, ջրերը վերստին իջան իրենց մակարդակին ու այդպես մնացին, ծառերը դադարեցին ճոճվելուց, ջրաշուշաներն այլևս չէին հեծեծում և նրանց միջից այլևս սոսավյուն չէր լսվում, ոչ իսկ ուրիշ մի ձայն` այդ անծիր անապատում: Եվ ես նայեցի ժայռափոր տառերին, և գիրն այժմ էլ էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ:
— Եվ աչքս ընկավ մարդու դեմքին, և նրա դեմքը գունատվեց սարսափից: Եվ նա ճեպով գլուխը բարձրացրեց ձեռքի վրայից, ոտքի ելավ ու ականջ դրեց: Սակայն անծայրածիր անապատում ոչ մի ձայն չկար, և ժայռի վրայի գիրն էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ: Եվ մարդը սարսռաց, երեսը շրջեց և շտապ հեռացավ, և ես նրան այլևս չտեսա:

* * *
Մոգերի հատորներում հիասքանչ պատմություններ շատ կան` մոգերի երկաթակազմ, մելամաղձոտ հատորներում: Դրանցում, ասում եմ, կան փառապանծ ասքեր Երկնքի, Երկրի և հզոր ծովի մասին, և ոգիների, որ տիրում էին ծովը, երկիրը և գոռ երկինքը: Իմաստություն և խորհուրդ շատ կար նաև գուշակուհիների պատգամախոսություններում, և հնում բազում սրբազան պատմություններ էին պատմում ստվերամած տերևները, որ դողդոջում էին Դոդոնեի շուրջը, բայց, Ալլահը վկա, առակը, որ ինձ պատմեց Դևը` կողքիս շիրմաթմբի ստվերում նստած, բոլորից հրաշալին եմ համարում: Եվ, ավարտելով իր պատմությունը, Դևը ետ ընկավ գերեզմանի խորշն ու քրքջաց: Եվ ես չկարողացա ծիծաղել Դևի հետ, և նա անիծեց ինձ, քանզի չկարողացա: Եվ լուսանը, որ հավերծ բնակվում է շիրմի մեջ, դուրս ելավ, պառկեց Դևի ոտքեր տակ և անքթիթ հայացքը հառեց նրա դեմքին:

Թարգմ. Շ. Ավագյանի

%d bloggers like this: