Tag Archives: Լոս Անջելես

Cosa Nostra-ն կնախանձեր

15 Հկտ

Ամերիկյան իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե իրենց հաջողվել է բացահայտել խոշորագույն հանցագործ խմբավորում, որի կազմում ընդգրկված են բացառապես հայազգի քաղաքացիներ, առաջին պահին հայաստանցիների մոտ նույնիսկ ազգային հպարտությունը շոյող թրթիռներ առաջացրեց:  Ցանկացած  կարգի բացառիկ, եզակի, աննախադեպ ու մեծ երևույթների հանդեպ մեր թուլությունն իրեն այս դեպքում էլ դրսևորեց լավագույնս: Միայն թե կատարելապես հպարտանալու առիթ կարծես թե չկար, մեկ ուրիշը գուցե նաև խորագույն սրտնեղություն ու ամոթ ապրեր իր հայերնակիցների համար, ովքեր օտար երկրում չէին գտել ինքնադրսևորման այլ եղանակ, քան ճարպկորեն այդ երկրի գրպանները թեթևացնելու մտադրությունն էր, ինչն էլ անփառունակ վախճան ունեցավ բոլորի համար:

Սակայն նկատենք նաև, որ <հերոսականացման> արշավի ջրաղացին ամերիկացի իրավապահները նույնպես իրենց հավելյալ ջուրը լցրեցին` սկզբում հայտարարելով, թե Միացյալ Նահանգներն իր գոյության ընթացքում նման խարդախություն դեռ չէր տեսել, իսկ Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարան ուղղակի խմբավորումը համեմատեց դասական Cosa Nostra-ի հետ՝ հավելելով, որ ապօրինի եկամուտների ծավալով, աշխարհագրական ընդգրկմամբ ու հավակնությունների մակարդակով իտալական մաֆիան կարող է նախանձել հայկական հանցախմբին:

Եվ ի՞նչ էին արել մեր քաջերը, որ այդքան հիացմունք էր պատճառել յանկիներին: Գործի էությունն այսպիսին էր. նրանք Medicare դաշնային համակարգի շրջանակներում ( որը ծերերին ցուցաբերվում է բժշկական օգնություն) յուրացրել էին ոչ ավել, ոչ պակաս` 163 մլն ԱՄՆ դոլար: Ամերիկյան 25 նահանգներում  բացելով 118 ձևական բժշկական կլինիկաներ, հանցախումբը կեղծ փաստաթղթերի, առողջապահական համակարգից բժիշկների ու հիվանդների ինքնությունը հաստատող գողացված տվյալների  և նրանց անունների օգտագործման ճանապարհով դաշնային համակարգից կորզել էր այդ կլորիկ փոխհատուցումը չկատարված ծառայությունների համար: Միայն Կալիֆոռնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում նրանք շուրջ 2900 անձանց տվյալներ էին գողացել, որոնք օգտագործել էին Medicare-ից գումարներ ստանալու համար: Իսկ Նյու Յորքում խմբավորման ղեկավարությունն իրականացվում էր փոքր ու համեստ գրասենյակից, որը գտնվում էր ավտոնորոգման արհեստանոցի վերևում։
Այժմ Մանհեթենի դաշնային դատախազությունում քրեական գործ է հարուցվել 44 անձի նկատմամբ: Հրապարակվել են բոլոր կասկածյալների ու ձերբակալվածների անունները, որոնց մեծ մասը ընդամենը տարիներ առաջ էին Հայաստանից տեղափոխվել ԱՄՆ: Իրավապահները տեղեկացրել են նաև այն մասին, որ հիշյալ <կազմակերպությունը> ղեկավարել են Դավիթ Միրզոյանը և Ռոբերտ Թերջանյանը: Սակայն իրական պարագլուխը հանդիսացել է <օրենքով գող> Արմեն Ղազարյանը, ով քրեական աշխարհում առավելապես հայտնի է «Պզո» մականունով: Լոս Անջելեսում ձերբակալվածներից առաջինը հենց նա է եղել, որին բացի <բժշկական> գործին առնչվող մեղադրանքներից ամբաստանում են նաև թմրանյութերի շրջանառման, զենքի առևտրի, մարդկանց առևանգման, դրամաշորթության և այլ ծանր հանցանքների համար:

Ի դեպ, երբ լրատվամիջոցները շեփորում են <հայկական մաֆիայի> պարտության մասին, նրանք ամեն դեպքում փոքր-ինչ չափազանցնում են: Բանն այն է, որ իրականում քրեական գործով անցնում է 73 մարդ: Դրանց մի մասը ազգությամբ ռուսներ են, ինչպես նաև Ուկրաինայի և Ղազաստանի քաղաքացիներ: Վերջիններս ձերբակալվել են Նյու Յորք, Նյու Մեքսիկո, Ջորջիա, Կալիֆոռնիա և Օհայո նահանգներում: Սակայն այս համերաշխ ինտերնացիոնալ կազմի առկայությունը որևէ կերպ չի մեղմում հայերի մասնակցության չափը ու չի թեթևացնում նրանց մեղքերը, որոնց համար այդ երկրում սահմանված են խիստ պատիժներ` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, ինչպես նաև դրամական խոշոր` հարյուր հազարավոր դոլարների հասնող տուգանքներ:

Հետաքննություների դաշնային բյուրոյի խոսնակի վկայությամբ, ավելի քան 400 գործակալներ են համագործակցել այս խարդախությունը բացահայտելու համար: Սակայն էլ ավելի հետաքրքրական են այն մանրամասները, որոնք ասուլիսի ժամանակ հրապարակեց Մանհեթենի դատախազը: Վերջինիս խոսքով, խմբավորման ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, պարբերաբար այցելել իրենց հայրենիք և այնտեղ թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել ԱՄՆ-ում շորթած կեղտոտ դոլարներով: Դե իհարկե, ուրիշ ու՞ր պիտի գնային, եթե ոչ սիրասուն բնօրրանը, երկիր Հայաստան` փողերի լվացման մի իսկական լվացքատուն, որտեղ երբեք չեն հարցնելու ոչ այդ կասկածելի միջոցների աղբյուրների ու ոչ էլ ձեռքբերման եղանակների մասին:

Այժմ մեր երկրի իշխանությունները շփոթված ձեռքերն են տարածում ու ցավում են կատարվածի համար: Մեկնաբանելով տեղի ունեցածը` Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ընդամենը հետևյալն ասաց. <Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար>: Սակայն հազիվ թե գործի ներկա փուլում ամերիկացիներին այլևս անհրաժեշտ լինի մեր օգնությունը: Համենայն դեպս հայտնի է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՄՆ իրավապահ մարմիններից պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրավական օգնության մասին միջնորդություն չի ստացել: Ու երևի չի էլ ստանա: Ամեն ինչ առանց դրա էլ պարզ է:

Հ. Չարխչյան

%d bloggers like this: