Tag Archives: լոբբի

Լավ Բրայզա և վատ Բրայզա

7 Ապր

Ընդամենը այս տարվա փետրվարին էր, երբ Բաքուն գրկաբաց ընդունեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզային: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը Սենատում ստիպված էր եղել բազում խոչընդոտներ հաղթահարել, որոնք վերագրվեցին ամենակարող «հայկական լոբբիին», և այդ պատճառով ադրբեջանցիների համար նա մեկն էր, ով տառապանքներ էր կրել հանուն իրենց «արդար» դատի: Սակայն երկու ամիսը լիովին բավական էր, որ անսահման հիացմունքն իր տեղը զիջեր անսահման հիասթափությանը: Երեկվա ոգևորվածներից մեծ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ Բրայզան, իր համակրանքներով ու հակակրանքներով հանդերձ, ընդամենը Վաշինգտոնի շահերի արտահայտողն է այդ երկրում և նույնիսկ մեծ ցանկության դեպքում հազիվ թե նրան հաջողվի իր գլխից ավելի վեր թռչել:
Այն, որ անցած ամիսների ընթացքում դեսպանը բազում առիթներով տեղի իշխանությունների հետ փորձել էր համաձայնության եզրեր գտնել, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև առարկել, դեռ չարիքի փոքրագույնն էր: Սակայն վերջին զարգացումները իսկապես սառը ցնցուղի ներգործություն ունեցան ադրբեջանցիների համար, որոնք ոչ մի գնով պատրաստ չէին նման հակազդեցություն տեսնել սիրելի Բրայզայի կողմից:
Ծանր հարվածներից մեկը պետք է համարել Բրայզայի արձագանքը Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու և այդ նախաձեռնության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման առթիվ: ԱՄՆ դեսպանը կտրական կերպով անընդունելի համարեց քաղաքացիական օդանավերին հարվածելու սպառնալիքը և խորհուրդ տվեց Բաքվին վերանայել իր դիրքորոշումը: Նույն կերպ Բրայզան չշրջանցեց Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների անտեսումը, երբ սահմանի վրա դիպուկահարների կրակոցներից զոհեր արձանագրվեցին: Հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, նա այն ժամանակ ասաց. «Ես Վաշինգտոնի իմ գործընկերների ու ընկերների հետ հակամարտության կողմերի միջև ատելության զգացումի նվազման ճանապարհներ եմ փնտրում: Կարծում ենք, որ ատելության զգացումի վերացումը կարող է հիմք դառնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար»: Բաքվում չէին կարող չհասկանալ, որ այս բառերն առաջին հերթին հասցեագրված էին իրենց: Ու եթե ամեն դեպքում ադրբեջանցիները հարմար էին գտնում այդ հարցերի շուրջ բանավեճ չծավալել և չսրել անկյունները, ապա ապրիլի սկզբներին ներքաղաքական կյանքի լարվածությունն ի վերջո դուրս բերեց ջինը շշից:
Այն բանից հետո, երբ ընդդիմության բողոքի գործողությունները դաժանորեն ճնշվեցին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, որով խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին` հանրահավաքը խոչընդոտելու և մեծ թվով մարդկանց ձերբակալելու համար: «Մարդիկ ազատ արտահայտվելու իրավունք ունեն: Ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մենք գտնում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են ազատորեն արտահայտել իրենց տեսակետը: Մենք Ադրբեջանի կառավարությանն ու իրավապահ համակարգին կոչ ենք անում հնարավորինս շուտ ազատել ձերբակալվածներին»,-ասված էր Բրայզայի հեղինակած տեքստում:
Սա մարտահրավեր էր վարչակարգին: Այս մեկն արդեն անպատասխան մնալ չէր կարող: Եվ արձագանքն իրեն սպասեցնել չտվեց: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Ալի Հասանովն Ադրբեջանում ԱՄՆ-ը դեսպանատանը կոչ արեց մնալ լիազորությունների շրջանակում ու չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին։ Իսկ այնուհետև գործի դրվեց վարկաբեկման մեքենան: Մեկը մյուսի ետևից լրատվամիջոցները սկսեցին հրապարակել նյութեր, որոնք դատապարտում էին Բրայզայի պահվածը: Դրան զուգահեռ հեղինակները չէին խորշում դեսպանի քայլերի մեջ հետին նպատակներ տեսնել, միայն թե այս անգամ դրանք ոչ թե ադրբեջանամետ էին, ինչպես որակում էին մինչև փետրվար, այլ… հայամետ: «Հիշենք, թե ինչպիսի լարվածությամբ էր ուղեկցվում Ադրբեջան Բրայզայի ժամանման գործընթացը, և դրա հիմնական պատճառը հայամետ տրամադրված սենատորների դիմակայությունն էր: Ըստ երևույթին, Բրայզան այժմ մտածում է այն մասին, որ նոյեմբերին ԱՄՆ Սենատը պետք է իրեն հաստատի Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, հակառակ դեպքում նրա լիազորություններն ավարտված կհամարվեն»,- գրում էր քաղաքական վերլուծաբաններից մեկը: Եթե բացենք այս թափանցիկ ակնարկների փակագծերը, ապա խոսքն այն մասին է, որ այժմ Բրայզան չի կարող հաշվի չառնել նաև հայերին օժանդակող կոնգրեսականների կարծիքները և իր ներկա պահվածքով փորձում է սիրաշահել նրանց: «Դա այժմ Բրայզայի հիմնական հոգսն է և գլխավոր պատճառն այն բանի, որ նա նման հայտարարություններով է հանդես գալիս Բաքվում: Բաքվում նշանակվելուց հետո Բրայզան որոշակի քայլեր էր ձեռնարկում, որոնք հիմնականում ուղղված էին հայերին սատարող սենատորների ձայների նվաճմանը»,- ասվում էր ադրբեջանական մամուլում տեղ գտած մեկ այլ հրապարակման մեջ:
Առայժմ դեսպանն այս մեղադրանքներն անարձագանք է թողնում: Փոխարենը նա հարցազրույցներում կտրականապես հերքում է քաղաքական շրջանակներում պարբերաբար հայտնվող այն պնդումները, թե հակամարտության կարգավորումը վերջնականապես փակուղում է հայտնվել: ԼՂ հիմնահարցը որակելով իր առաջնային կարևորության խնդիրներից մեկը, Բրայզան նաև ասում է, որ առաջիկա մեկ տարում նա պատրաստվում է լուրջ քայլեր իրագործել նաև էներգետիկայի ոլորոտում, քանի որ տարին շատ կարևոր է լինելու այն ընկերությունների ու պետությունների համար, որոնք փորձում են ձևավորել «Հարավային միջանցքը»` ադրբեջանական գազը մատակարարելով Եվրոպային: Բայց այդ ամենով հանդերձ չի մոռանում Բաքվին մեկ անգամ ևս հիշեցնել, որ ԱՄՆ դեսպանատան հրատապ խնդիրներից մեկը լինելու է շարունակվող ազատականացման գործընթացի խթանումը: «Խոսքը հանրային ոլորտում, քաղաքական դաշտում, տնտեսությունում իրականացվելիք բարեփոխումների մասին է»,- բացատրում է նա:
Ադրբեջանցիները վերանայում են իրենց կարծիքը Բրայզայի նկատմամբ: Իսկ գուցե Բրայզան ևս հոգու խորքում փոփոխությունների գարուն է ապրում: Ո՞վ գիտի…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: