Tag Archives: Լյումիեր

ՀԱՅԵՐԻ 115 ԿԻՆՈՏԱՐԻՆԵՐԸ

24 Մյս

Լյումիեր եղբայրները իրենց հանճարեղ գյուտով աշխարհին նվիրեցին կինեմատոգրաֆը` մարդկային ընկալումներին հաղորդելով աներեևակայելի մի խթան, որը 1895 թվից ի վեր մնում է գերիշխող: Իսկ դրանից մեկ տարի անց նաև հայերը ճանաչեցին կինոն. այլ խոսքով` մեր ժողովրդի համար այն ծնվեց 1896 թ.:
Հայկական աղբյուրներում առաջին հիշատակությունները կինեմատոգրաֆիայի մասին վերաբերում են ոչ այնքան բուն Հայաստանին, որքան հարևան հայաշատ վայրերին: 1896 թ. դեպքերի մասին մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանի հուշերում պահպանվել է այսպիսի մի հատված. «… Բուլվար դ’Իթալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց և տալով մի կապոց` առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք,- ասաց նա,- շտապ գնացող մարդկանց մի տաք, վատ հագնված մարդկանց էլ մի տաք, տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ» …Վճարեց մի ֆրանկ` միաժամանակ իրավունք տալով դիտել կինոն: Առաջին անգամ էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամ էի տեսնում»:
Թիֆլիսահայերի համր կինոյի հայտնությունը ևս թվագրվում է 1896-ի նոյեմբերով: Իսկ պոլսահայերը «Էլեկտրակրկեսը» դիտեցին 1899-ին, թեև շատ շուտով սուլթանը դիտումները արգելեց: Հենց այդ թվին էլ Երևանն ունեցավ իր առաջին կինոթատրոնը, որը «Իլյուզիոն» էր կոչվում և գտնվում էր քաղաքի կենտրոնում` ոստիկանական վարչության շենքի մոտ: Համո Բեկնազարյանը իր հուշերում պատմել է առաջին դիտումն ու տպավորությունը: «Իլյուզիոնը» լեփ-լեցուն էր… Բոլորն էլ ինձ պես հուզված էին: Դույլը ձեռքին մի մարդ երևաց ու սկսեց կտավե էկրանի վրա ջուր լցնել: Դա արվում էր, ինչպես հետագայում իմացա, որպեսզի պատկերը կտավի վրա ավելի պարզ երևա… Ինչ-որ մակագրությունից հետո երևաց գետի և կամրջի պատկեր, և հանկարծ կադրի խորքից շոգեկառքը սրընթաց շարժվեց դեպի հանդիսատեսը: Դահլիճում իրարանցում սկսվեց. թվում էր` ուր որ է` հսկա հրեշը բոլորին կճզմի: Շատերը տեղերից վեր թռան…»:
Առաջին անսովոր ծանոթություններին եկան հաջորդելու արդեն սովորական դարձած դիտումները և հազվադեպ նկարահանումները: Դարասկզբի մամուլը հետաքրքիր տեղեկություններ է փոխանցել մեզ այն օրերի մասին: Մասնագետների հավաստիացմամբ, առաջին հայերեն կինոազդը տպագրվել է 1909 թ. «Մշակ» թերթում: Իսկ «Գեղարվեստ» հանդեսում ժամանակին տպագրվել է մի հաղորդում այն մասին, որ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը մտահղացել է իր «Օսկան Պետրովիչը դժոխքում» վոդևիլը «ներկայացնել կինեմատոգրաֆով. հատուկ պատկերներով»:
Դարասկզբի երկու իրադարձություններ մինչև օրս էլ շարունակում են զբաղեցնել կինեմատոգրաֆիայի պատմությամբ զբաղվողներին: Բանն այն է, որ մի շարք աղբյուրների վկայությամբ 1907 և 1911 թթ. Էջմիածնում կատարվել են երկու նկարահանումներ: Առաջին դեպքում նկարահանվել է կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հուղարկավորությունը, իսկ 4 տարի անց ռուս օպերատոր Ա. Դիզմելովը «Պատե» ընկերության համար նկարահանել է Մաթեոս Երկրորդ կաթողիկոսի թաղման արարողությունը: Վկայություններ կան այն մասին, որ երկու ժապավենների նեգատիվները գտնվում են Մոսկվայում` «Գոսֆիլմ»-ի ֆոնդում: Կինոգետ Արփի Հովհաննիսյանն այս առիթով գրում է, թե «ժամանակն է, որ ս. Էջմիածնի թանգարանի և արխիվների պատասխանատուները, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլմադարանը պաշտոնապես և մասնագիտական միջոցառումներով ստուգեն «Գոսֆիլմ» ֆոնդում պահվածը և բնօրինակի նեգատիվներից կրկնօրինակ ապահովելով` իրենք ևս տեր կանգնեն պատմական մեծ նշանակություն ունեցող այս մասունքներին»:
Այս 2 նկարահանումները, ցավոք, եզակի չեն: Տարբեր տարիներին կատարված փաստագրական մի շարք աշխատանքների մասին մենք այսօր շատ քիչ տեղեկություններ ունենք: 1914-ին ռուս- թուրքական ճակատում նկարահանվել են հայ աշխարհազորայինների մասին պատմող նյութեր: 1915-ին Եկատերինոդարի «Մինեուրա» ընկերությունը ստեղծել է «Թուրքահայստանի ողբերգությունը» ժապավենը, 1919թ. ԱՄՆ պրեզիդենտ Վիլսոնի պատվիրակությունը նկարահանում է Հայաստանի իրավիճակը: Նույն տարին Հոլիվուդում օգտագործվում են շուրջ 200 հայ որբերի և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուի մասին փաստագրական կադրերը: 1920 թ. Ա. Լեմբերգն ու Կ. Կուզնեցովը նկարահանում են Կարմիր բանակի մուտքը Երևան: 1922 թ. Թուրքիայում ֆրանսիացի մեծահարուստ Ա. Կանը մի եկեղեցու մոտ վերջին հայերի բեկորներն է պատկերում և այսպես շարունակ: Թվարկումը դեռ կարող է բազմապատկել: Սակայն վերադառնանք այն նշանակալի իրադարձություններին, որոնցից յուրաքանչյուրն իր առումով մեծ վերափոխման նախակարապետն է եղել:
Եթե վստահելու լինենք ժամանակագրությանը, ապա առաջին հայը, որ դեր է ստանձնել գեղարվեստական ֆիլմում, եղել է Աշո (Արշավիր) Շահխաթունին, ով 1912թ. նկարահանվել է Խանժակովի «Բելա» ֆիլմում: Հայ ռեժիսորի կողմից ղեկավարված առաջին նկարահանումը կատարվել է 1916 թ.: Դա եղել է Հովհաննես Զարիֆյանը, որը հայ կամավորներից կազմված մի ջոկատի հետ է աշխատել: Կինոյին նվիրված առաջին հայկական պարբերականը տպագրվել է 1916 թ. ԱՄՆ-ում: Այդ պատկերազարդ շաբաթաթերթը կոչվում էր «Չարլի Չապլին»: Հայկական առաջին վավերագրական կինոնկարի հեղինակը եղել է Համո Բեկնազարյանը: 1926 թ. նկարահանված ժապավենը կոչվում էր «Երկրաշարժը Լենինականում»: Իսկ երկու տարի անց, 1928 թ. արդեն հայտնի Ա. Շահխաթունին իրագործում է սփյուռքի առաջին համր կինոնկարի` «Անդրանիկի» ստեղծումը: Ինչ վերաբերում է մուլտիպլիկացիային, ապա այն աշխարհ եկավ փոքր-ինչ ուշ` 1937 թ., երբ Լ. Ադամանովը էկրանին հանձնեց Թումանյանի «Շունն ու կատուն»: Սփյուռքի առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարը «Փարվանան» է` նկարահանված 1966 թ. Լոնդոնում, Ա. Հովհաննիսյանի կողմից:
Ցավոք, կինոաշխարհի ոչ բոլոր մատհղացումներն են ժամանակին իրագործվել: Վկայություններ են պահպանվել այն մասին, որ երբ 1917 թ. «Բիոխրոմ» առևտրական տան ղեկավարությունը ստանձնում է հայազգի Սարկիսովը, Բեկնազարյանը վերջինիս առաջարկում է նկարահանել Լևոն Շանթի «Հին աստվածները», սակայն գաղափարը մերժվում է: 1927թ. Լուսժողկոմը արգելք է դնում Միքայել Մանվելյանի «Սուրբ Գևորգի ղուլը» վիպակի մոտիվներով նկարահանված «Ղուլը» ֆիլմի վրա, ուր շոշափվում էր փետրվարյան ապստամբությունից հետո Հայաստանում տարածում գտած թմրանյութերի օգտագործման խնդիրը: Նույն կերպ ժամանակին չիրականացավ մեկ այլ ֆիլմի ստեղծումը. 1934 թ. Ա. Շիրվանզադեն Հայկինոյի պատվերով գրում է «Վերջին շատրվան» վերնագրված սցենարը, սակայն այն այդպես էլ չի նկարահանվում:
Ինչ վերաբերվում է հայկական կինեմատոգրաֆիայի հաջողություններին, ապա դրանց մեծ մասը հանրահայտ են: Ցավոք, այսօր հնարավորությունների բացակայությունը թույլ չի տալիս կինոգործիչներին կյանքի կոչելու այն նորը, որ կարող է դառնալ հարյուրամյա ուղու օրգանական շարունակությունը: Բայց նույնիսկ այսպիսի պայմաններում ճշմարիտ արվեստագետների պրպտող միտքը որոնում ու գտնում է նորանոր գաղափարներ, որոնք վաղ թե ուշ էկրան են բարձրանալու` լրացնելու և պահպանելու համար հայ կինոյի լավագույն ավանդույթները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: