Tag Archives: Լիտվա

Մեծ հույսեր և ոչ մի նախադրյալ

6 Դկտ

Այսօր Վիլնյուսում իր աշխատանքներն է սկսում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների Խորհրդի 18-րդ նիստը: Նիստին մասնակցելու համար Լիտվա են ժամանել միջազգային կազմակերպությունների ու ԱԳ նախարարությունների 415 ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալու ԵԱՀԿ 56, Հյուսիսային Աֆրիկայի 12 և մի շարք ասիական երկրների անունից: Ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նախաձեռնողներն ակնկալում են, որ երկօրյա քննարկումների ընթացքում հնարավորություն կընձեռվի վեր հանել ԵԱՀԿ տարածաշրջանի երկրների անվտանգության անհետաձգելի խնդիրները, մատնանշել այն տեղաշարժերը, որոնք արձանագրվել են, և ըստ այդմ հստակ սահմանել ԵԱՀԿ-ի ապագան: Սա, իհարկե, փոքր-ինչ վերամբարձ պահանջ-ցանկություն է՝ հեռու այն ընդհանուր վիճակից, որն առկա է: Բայց և այնպես դա չի խանգարի, որպեսզի այլևայլ խնդիրների թվում մասնակիցները կարևոր որոշումներ ընդունեն նաև նոր մեդիաների, լրագրողների անվտանգության և էներգանվտանգության, կիբերսպառնալիքների և թմրամիջոցների տարածման դեմ պայքարի, ռազմական և անվտանգության ոլորտներում վստահության ամրապնդման ուղղությամբ միջոցների ձեռնարկման հարցերի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանն ու ակնկալիքներին, ապա այստեղ ամեն բան չէ, որ լիովին տեսանելի է ու կռահելի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է օրեր առաջ հրապարակված այն տեղեկություններին, համաձայն որոնց Վիլնյուսում ծրագրված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ադրբեջանական աղբյուրները պնդում էին նաև, թե այդ հանդիպմանը մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այսինքն՝ վիլնյուսյան հանդիպումը կարող է անցկացվել 3+2 ձևաչափով: Նման հավաստիացումներին որոշակի արժանահավատություն էին հաղորդել ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն խոսքերը, թե իրենք մեծ հույսեր ունեն՝ կապված վիլնյուսյան հանդիպման հետ: «Մենք հուսով ենք, որ հակամարտող կողմերը կօգտվեն այս ամիս Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից և կընդունեն հակամարտության խաղաղ կարգավորման ու ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու կարևորությունը, որի պահպանումն անթույլատրելի է։ Մենք այդ հանդիպման հետ մեծ հույսեր ենք կապում»,–ասել էր նա։
Այն, որ միջնորդ երկրներն իսկապես ցանկանում են որոշակի տեղաշարժ ու փոփոխություն արձանագրել այս հավաքի ընթացքում, դա արդեն պարզ էր օրեր առաջ, երբ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացրեցին իրենց տարեկան զեկույցը։ Ճիշտ է, այս զեկույցը գրեթե ոչնչով չէր տարբերվում մինչ այդ նրանց կողմից հրապարակված մյուս հայտարարություններից, և այստեղ էլ թվարկվում էր, թե քանի անգամ են այցելել տարածաշրջան, քանի բարձր մակարդակի հանդիպում է եղել, երբ են նորից այցելելու ու ինչ ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար, սակայն դրանցով հանդերձ համանախագահները կրկին շեշտել էին, որ «խնդիրը ռազմական լուծում չունի, և որ կողմերի քաղաքական կամքը խիստ կարևոր է դժվար որոշումներ կայացնելու գործում` անընդունելի ստատուս-քվոն փոփոխելու ու խաղաղության հասնելու համար»: Հասկանալի է, որ այս բոլորն ասված էր՝ հղում անելով սպասվելիք հանդիպմանը:
Միայն թե հանդիպման հեռանկարն, ինչպես ասում են, սոսկ օդի մեջ սավառնող ակնկալիք է: Մինչ այս պահը Հայաստանի ԱԳՆ-ն ընդամենը հաստատել է նիստի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրված առանձնազրույցի փաստը: Գալով ադրբեջանցիների հետ շփումներին, պաշտոնական Երևանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է դրա հնարավորությունը: Այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ վերջին երեք տարվա ընթացքում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները միշտ էլ օգտագործել են առիթը՝ տեսակցելու և քննարկելու առաջնային կարևորություն ներկայացնող խնդիրները: Սակայն այժմ իրավիճակը կարծես թե այլ է: Հատկապես վերջին շրջանի լարվածությունը, շփման գծում սաստկացող կրակոցները և երկուստեք կրած կորուստները կասկածի տակ են դնում երկխոսելու բոլոր հնարավորությունները՝ դրանք հանձնելով անորոշ ժամանակի և անորոշ առիթի պատեհությանը: Տվյալ իրավիճակից դատարկ ձեռքերով դուրս չգալու համար ԵԱՀԿ-ն ունի մի պահուստային տարբերակ: Մեծ է հավանականությունը, որ նախարարական հանդիպման շրջանակներում որևէ հայտարարություն կընդունվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Սակայն սպասել, թե Վիլնյուսում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ մի առանձին փաստաթուղթ կստորագրեն, դա արդեն չափազանց է:
Ահա այս մտահոգություններով ու անորոշությամբ էր շաղախված նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի միտքը, ով պարզապես խուսափեց որևէ մեկնաբանություն անել, երբ նրան հարց տվեցին դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի շրջանակներում Ղարաբաղին առնչվող հանդիպումների վերաբերյալ: «Չէի ցանկանա խոսել այն մասին, թե ինչպիսի հանդիպումներ կլինեն, հատկապես այդ խնդրի առնչությամբ»,- պատասխանեց նախարարը՝ այդպիսով շրջանցելով ամենացավոտ հարցերից մեկը:
Սա թերևս այն դեպքերից է, երբ հակամարտող երկրների կողմից կամք ու վճռականություն դրսևորելու մասին հորդորները պարզապես անիմաստ են: Նույնիսկ ամենավճռական կամքի համար հիմքեր են անհրաժեշտ: Մինչդեռ ներկա պարագայում ոչ միայն դրանք բացակայում են, այլև դրան պատրաստ չեն ոչ Երևանը, ոչ Բաքուն, ոչ էլ միջնորդները: Ի դեպ, բոլորովին վերջերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հանդես եկավ մի հայտարարությամբ, որն անուղղակիորեն հաստատում էր դա: Բրայզան ասաց, թե ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընթանա քաղաքացիական հասարակության ներգրավումով: Իսկ սա, ըստ վերլուծաբանների, այլ բան չի նշանակում, քան խոստովանություն այն մասին, որ Ղարաբաղյան կարգավորումը մի ամբողջ պտույտ է կատարել, և այժմ գործընթացը կրկին սկսվում է այն կետից, ինչից տարիներ առաջ սկսվել է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Այժմ էլ Աժուբալիսը կփորձի իր բախտը

16 Մրտ

Այս օրերին ընթանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիսի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ: Վերջինս արդեն ավարտել է իր երկօրյա հանդիպումներն ու քննարկումները Ադրբեջանում, այսօր կմեկնի Վրաստան, իսկ մարտի 17-ին կայցելի Հայաստան։ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, կովկասյան երեք երկրներում ծրագրված են հանդիպումներ նախագահների, վարչապետերի, արտգործնախարարների, ինչպես նաև քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ընդհանուր առմամբ հասկանալի է Աժուբալիսի ժամանման գլխավոր նպատակը, իսկ Ադրբեջանում կայացած հանդիպումները նաև թույլ են տալիս նախապես կռահել, թե մոտավորապես ինչ հարցեր կքննարկվեն Երևանում և ինչպիսի շեշտադրումներ կկատարվեն: Սա ոչ այնքան խոսում է երկու երկրներում առկա խնդիրների նմանության մասին, որքան բխում է այն պարզ տրամաբանությունից, որ Բաքվի ու Երևանի միջև գոյություն ունեցող հակասությունները կարող են լուծման մեկ հարթության մեջ դիտարկվել: Այդ իմաստով հատկանշական է, որ Ադրբեջանում Լիտվայի արտգործնախարարը իր պահանջների ընդարձակ շարքի առաջին տողը հատկացրել էր ժողովրդավարությանը: Ըստ նրա, որպեսզի Ադրբեջանը դառնա Եվրոպայի սերտ գործընկեր, անհրաժեշտ է ժողովրդավարության ոլորտում առաջընթաց, բազմակարծություն, մամուլի, խոսքի, արտահայտվելու և հավաքների ազատություն ապահովել: «Ժողովրդավարության հիմքը ազատ և արդար ընտրություններն են, սակայն վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այս ոլորտում պետք է զգալիորեն զարգացնել ժողովրդավարությունը»,- հայտարարեց Աժուբալիսը` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կուսակցությունների մասին օրենսդրության մեջ շտկումներ կատարել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին ոչ միայն խորհրդարանում, այլև նրա սահմաններից դուրս:
Այս բառերը բնավ դուր չէին եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով շտապեց իրեն հատուկ անմշակ դիվանագիտությամբ հյուրին պատասխանել, թե հզոր տնտեսության ու ուժեղ քաղաքական համակարգի կողքին նաև բարեփոխումներ են արվում քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում: Այլ կերպ ասած` մեզնից մի պահանջեք միանգամից մի քանի բան, այլ վերցրեք այն, ինչ տալիս ենք:
Բաքվում կայացած հանդիպումների հիմնական թեման, ինչ խոսք, պիտի դառնար ղարաբաղյան հարցը: Դեռ Կովկաս ժամանելուց առաջ էր Աժուբալիսը հայտարարել, որ ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը Լիտվայի ԵԱՀԿ նախագահության առաջնային խնդիրներից է: Ճիշտ է, առանձնապես հստակ չէ, թե նախագահող երկիրն ինչպե՞ս է դա պատկերացնում և ի՞նչ մեխանիզմների օգնությամբ է պատրաստվում տեղաշարժել անշարժելին, այնուհանդերձ բնավ ավելորդ չէ նման դեպքերում կոչ անել այդ երկրների իշխանություններին` առաջընթաց քայլ անել: «Բոլոր կողմերը համաձայն են, որ հակամարտության լուծման համար խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա: ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդությամբ լուծմանն ուղղված երկխոսությունը շարունակվում է, բայց այժմ ժամանակն է, որ երկրների ղեկավարները բանակցություններում հասնեն հսկայական առաջընթացի»,-հայտարարեց Աժուբալիսը: Առաջընթացը հսկայական դարձնելու առումով, իհարկե, նա մի փոքր չափազանցրել էր: Ընդամենը օրեր առաջ, մեկ այլ առիթով, նույն Աժուբալիսը հայտարարել էր, որ Լիտվան կաշխատի տեղաշարժել այդ հակամարտության լուծումը «մեկ-երկու» միլիմետրով: ԵԱՀԿ գործող նախագահը այն ժամանակ նշել էր, որ իր համար մեծ ձեռքբերում կլինի, եթե կիրառվեն «փոխադարձ անվտանգության վստահության միջոցներից մեկ-երկուսը»:
Այդ փոքրաթիվ միջոցների թվում կարելի է առանձնացնել բարձրաստիճան հյուրի հետևողական դիրքորոշումը կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ: Ադրբեջանում ունեցած քննարկումների ժամանակ նա հատուկ ընդգծեց, որ շփման գծում վերջին իրադարձությունները վերահաստատում են իր համոզմունքը, որ կողմերը պետք է սահմանից հեռացնեն դիպուկահարներին: Իսկ սա իր հերթին Աժուբալիսին հանգեցրել էր այն իրատեսական հետևությանը, որ կողմերից ոչ մեկը չի կարող հաղթանակած դուրս գալ ոչ ռազմականապես և ոչ էլ քաղաքականապես: Նա նաև հավելել, որ այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրները բացեիբաց հայտնեն իրենց դիրքորոշումները:
Նկատենք նաև, որ մինչ տարածաշրջան գալը գործող նախագահը հանդես եկավ ընդարձակ հրապարակմամբ, ուր մասնավորապես տեղ էին գտել այս կարգի դիտարկումներ. «…Բանակցություններում հետագա առաջընթացի ձախողումը և ուղղակի թողնելը, որպեսզի իրավիճակը լճանա ու լարվածությունը բորբոքվի, այլևս թույլատրելի տարբերակներ չեն: Իրենց խոստումներին հավատարիմ` կողմերը պետք է զերծ մնան ուժի սպառնալիքից կամ կիրառումից: Հնարավոր չէ ձևավորել վստահություն, եթե արյունահեղության հավանականությունը կախված է պարզապես մեկ կրակոցից… Ես նաև կներկայացնեմ Լիտվայի` որպես ԵԱՀԿ նախագահող երկրի, գերակայությունները: Բացի ձգձգված հակամարտությունների կարգավորումից, մեր ուշադրությունը կենտրոնացած կլինի առկա և ի հայտ եկող անդրազգային սպառնալիքներին մեր ընդհանուր արձագանքման ուժեղացմանը, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության մասին երկխոսության ամրապնդմանը»:
Արտգործնախարար Անդրոնիուս Աժուբալիսի ոգևորությունն ու լավատեսությունը Հայաստանում հազիվ թե մեծ թվով համակիրներ ունենա: Ճիշտ է, Երևանը նրան կընդունի հավուր պատշաճի և կներկայացնի իր տեսակետները, սակայն այստեղ հյուրն անկակսկած կնկատի, որ հայաստանցիները առանձնապես մեծ սպասելիքներ չունեն ոչ իրենից ու ոչ էլ ընդհանրապես ԵԱՀԿ-ից: «Այդ կազմակերպությունը վաղուց դադարել է անվտանգության խնդիրներով զբաղվել: ԵԱՀԿ-ն չի կարողացել էապես ազդել անվտանգության մակարդակի բարձրացման վրա, իսկ կարողանալու համար պետք էր քննադատել այն երկրներին, որոնք ուժի սպառնալիք են կիրառում»,- այս օրերին կարծիք են հայտնում զանազան քաղաքական ուժեր և, հարկ է նկատել, որ նրանց խոսքերում ճշմարտությունը քիչ չէ:

Հովիկ Չարխչյան

Կարգավորման ձմեռային ժամանակը

11 Հնվ

Քաղաքական գործընթացներում տարեսկզբի դադարը ըստ ամենայնի օգտագործվեց ոչ այնքան լիցքաթափման, որքան նոր լիցքեր կուտակելու նպատակով: Հազիվ թե առիթ կա պնդելու, որ այս ընթացքում տեղի ունեցան առաջնահերթությունների վերաճշտումներ: Լավագույն դեպքում խոսք կարող է գնալ մարտավարական նոր հնարքների կիրառման մասին, ինչին պետք է սպասել արդեն մոտ ժամանակներս: Եվ վերստին առկախ վիճակում հայտնված Ղարաբաղյան հակամարտության խնդիրը դրանց շարքում, անկասկած, առաջիններից մեկն է լինելու: Կողմերը դեռ չեն պատրաստվում ձեռնարկել որևէ կոնկրետ քայլ կամ հանդես գալ սեփական նախաձեռնություններով: Նրանց փոխարեն քաղաքական «տարեմուտի» բացումը կազդարարեն միջնորդները: Արդեն այս ամիս ակնկալվում է, որ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ռուսաստանցի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությունը նախորդ տարվա դեկտեմբերյան հանդիպման շարունակությունը պիտի դառնա` նպատակ ունենալով օրակարգում պահել բանակցային շփումները և դրանով իսկ ապահովագրված լինել կողմերի կտրուկ գործողությունների հնարավորությունից:
Սրան կհաջորդի ձգձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ լիտվական նախագահության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, Լիտվայի ԱԳՆ նախկին քարտուղար Գեդրյուս Չեկուոլիսի այցը մեր տարածաշրջան: Ամենայն համանականությամբ, նրան պետք է սպասել փետրվարի վերջին: Չեկուոլիսը կլինի Երևանում ու Բաքվում։ Վերջինս արդեն իսկ առիթ է ունեցել ցուցադրելու իր իրատեսությունը` զերծ ամեն կարգի հավելյալ լավատեսությունից: «Ես կասկածում եմ, որ մեզ չի հաջողվի հեղաշրջում իրականացնել ձգված հակամարտությունների լուծման ուղղությամբ, քանի որ ԵԱՀԿ-ն մի կազմակերպություն է, որում առաջընթացը չափվում է միլիմետրերով։ Սակայն ամեն նվաճված միլիմետրը ոսկու քաշ ունի»,- հայտարարել է Չեկուոլիսը։
Սպասվող հյուրերի թվում առանձնակի նշանակություն է տրվում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրնոյուս Աժուբալիսի այցին: Բայց դա լավագույն դեպքում կկայանա մարտի սկզբին, երբ նա կժամանի Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան: Այժմ դժվար է կանխապես կռահել, թե մինչ գարուն ինչպիսի տեղաշարժեր կարող են արձանագրված լինել և որքանով դրանք իրենց անդրադարձը կունենան հանդիպումների բովանդակության վրա: Սակայն հստակ է, որ կողմերից յուրաքանչյուրը ձգտելու է լավագույնս ներկայանալ մրցակցային դաշտում:
Ասվում է նաև, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել խորհրդարանական ֆորմատով հանդիպումներ կազմակերպելու և ԼՂ հարցով կոնսուլտացիաներ անցկացնելու հարցում: Այս տեղեկատվությունը հայկական կողմը դեռ չի հաստատել, բայց այն միանգամայն իրագործելի է, թեև դրանից լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ:
Ի դեպ, ակնկալիքների մասով նույն վերապահությունը կարելի է տարածել ողջ գործընթացի վրա: Հեռանկարն այս պահին այնքան անորոշ ու լճացած է, որ քչերն են համարձակվում հուսադրող կանխատեսումներ կատարել: Փոխարենը քիչ չեն արգելակման պատճառների ու հետևանքների մասին դատողությունները: Վերլուծաբանները նախկինի պես շարունակում են Ղարաբաղի հարցը դիտարկել մեծ տերությունների վերաբերմունքի տեսանկյունից` համարյա միշտ հանգելով միևնույն եզրակացությանը: Այսպես, ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ցիգանյոկի կարծիքով, բանակցային գործընթացը թեև շարունակում է մնալ փակուղում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ բանակցությունները կշարունակվեն ու կկատարվեն արձանագրային եզրակացություններ: «Պատճառն այն է, որ գլխավոր արտաքին խաղացողների` Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի շահերը որոշ դեպքերում համընկնում են, իսկ կոնկրետ դեպքերում` ոչ»,-նշել է նա` հավելելով, որ Մոսկվան ստատուս-քվոյի լուռ կողմնակիցն է: Սրա հետ մեկտեղ տարածված կարծիք է մնում այն պնդումը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնը առաջակում են որպես խաղաղարարներ մտցնել այն երկրներին, որոնք տարածշրջանում անմիջական հետաքրքրություններ չունեն: Նրանք նաև պնդում են, որ խաղաղարար ուժերը չլինեն ԵԱՀԿ համանախագահող երկների զինված ուժերից, մի ցանկություն, որի առաջ Մոսկվան հազիվ թե կանաչ լույս վառի:
Այս տեսակետը չի կիսում վերլուծաբան Ալեքսանդր Լուկյանովը՝ գտնելով, որ փակուղային վիճակ չկա և հակամարտության գոտում լայնամասշտաբ գործողություններն անիրական են: Նրա խորին համոզմամբ, տարածաշրջանում շահեր ունեցող գերտերությունները ցանկանում են Կովկասը տեսնել կայուն: Եթե Լուկանովի կարծիքը համադրենք Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի մտքերի հետ, ապա կարելի է մի շարք ընդհանություններ գտնել` այն տարբերությամբ, որ ըստ Զատուլինի, այժմ բոլոր ջանքերն ուղղված են ոչ այնքան կարգավորմանը, որքան ռազմական գործողությունների բռնկումը կանխելուն: Վերջինս նաև այն տպավորությունն ունի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունն ավելի տագնապահարույց է դարձել, կողմերն ավելի ծայրահեղ անհանդուրժողականություն են ցուցաբերում, և ավելի է կոշտացել Ադրբեջանի դիրքորոշումը:
Եթե ռուս պատգամավորն իր դիրքորոշման սեփական հիմնավորումներն ունի, ապա Բաքվում դա ոչ այնքան ժխտում են, որքան փորձում են ներշնչվել այն բանի հավատով, թե ժամանակը չի աշխատում Հայաստանի օգտին: Դրան զուգահեռ ադրբեջանցիները նախկինի պես դժգոհ են միջնորդ երկրներից և նոր տարում նրանցից շատ ավելին են ակնկալում: Այդ գանգատները օրերս հրապարակավ արտահայտեց նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ցավոք, միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան երեք հիմնական ուժերի կարգավիճակում բավարար ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Ուստի մենք պետք է ակտիվացնենք մեր բանակցությունները»,- ասաց նա: Ի դեպ, Մամեդյարովն իր խոսքին մի միտք էլ հավելեց, որն առաջին հայացքից պիտի խիստ տարօրինակ հնչի: Ըստ նրա, «եթե Ադրբեջանի դեմ ռազմական միջոցներ կիրառվեն, խնդրի լուծումը կլինի ռազմական»: Անսովոր է, որ մշտապես ուժի դիրքերից խոսող երկիրը հանակարծ ակնարկում է իր հանդեպ ոտնձգության հնարավորության մասին` այդպես էլ չհստակեցնելով, թե ու՞մ նկատի ունի: Բաքվում հրաշալի գիտեն, որ Հայաստանն այլևս պատճառ չունի պատերազմելու: Այդ դեպքում ո՞վ է այն աներևույթ թշնամին, որ կհանդգնի խախտել փխրուն խաղաղությունը: Հարցն, անշուշտ, պատասխան ունենալ չի կարող: Ընդհանուր անորոշության պայմաններում դժվար թե գտնվի ավելի նախընտրելի կեցվածք, քան եղածն Էլ ավելի պղտորելն է: Ասում են` պղտոր ջրերում ձուկ որսալը շատ ավելի դյուրին է լինում…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: