Tag Archives: ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

20 Փտր

ԽԵՂՃ ԵՂՆԻԿԸ

Եթե փոքրիկ, վիրավոր եղնիկին առաջինը անտառի գիշատիչներից որեւէ մեկը տեսներ, առանց երկար-բարակ մտածելու, առանց աչքը թարթելու կհոշոտեր նրան: Եւ վերջ: Սակայն առաջինը ոզնին տեսավ: Փնթփնթալով ու դնչիկը հողին քսելով նա եկավ, եկավ ու…մասրենու թփի տակ մի փոքրիկ եղնիկ տեսավ: Արյունը հոսում էր նրա մեջքի վերքից, եւ այնքան էր ուժասպառ եղել, որ նույնիսկ չէր տնքում:
-Վայ, խեղճ,- աչքերը լցրեց ոզնին,- այս ի՞նչ օրի ես:
Եղնիկն աչքերը չբացեց:
Ոզնին գունդուկծիկ գլորվեց նապաստակի մոտ:
-Այնտեղ…այնտեղ…-կակազեց նա:
-Այնտեղ ինչ, այնտեղ՝ որտե՞ղ,- նապաստակն ականջները ցցեց ու պատրաստվեց ծլկել:
-Այնտեղ մի խեղճ, վիրավոր եղնիկ է պառկած: Գնանք, տեսնենք ինչով կարող ենք օգնել:
-Հա, -նապաստակը կախեց ականջները,- գնանք:
Ճանապարհին նրանց աղվեսը հանդիպեց:
-Այնտեղ մի խեղճ եղնիկ է պառկած, վիրավոր, արնաքամ:
-Ես գայլի պես քաղցած եմ: Շտապենք, խնդրեմ,- պոչը ճոճեց աղվեսը:
-Ոչ, ոչ,- շնչակտուր վրա տվեցին նապաստակն ու ոզնին,- օգնել է պետք: Խեղճին օգնել է պետք:
Գայլը դարան մտած որսի էր սպասում:
-Այնտեղ մի խեղճ վիրավոր եղնիկ է պառկած:
-Որտե՞ղ,- տեղից թռավ գայլը:
-Ժանիքներդ մի սրիր: Խեղճին օգնել է պետք,- չարախնդաց աղվեսը:
-Խեղճին օգնել է պետք, խեղճին օգնել է պետք,- աղվեսի թիկունքին թաքնված ծլվլացին նապաստակն ու ոզնին:
Եւ մասրենու թփի մոտ հավաքվեցին անտառի բոլոր գազանները: Խմբվեցին եղնիկի շուրջ եւ միահամուռ մի եզրակացության եկան. «Խեղճին օգնել է պետք»: Վերքը մաքրեցին, կապեցին: Պառկեցրին փափուկ, փարթամ կանաչ խոտի վրա, գայլը ոչխարի մորթիով ծածկեց նրան: Բուն գրեց հերթապահության ցուցակը եւ կախեց մասրենու ամենաբարձր ճյուղից: Առաջին օրը հերթապահեց գայլը, հաջորդ օրը՝ օձը, երրորդ օրը՝ առյուծը: Եւ գիշատիչներն այնքան գոհ էին իրենց բարեհոգությունից եւ այնքան զարմացած էին իրենց վրա, որ միառժամանակ, բացի եղնիկի առողջական վիճակից, որիշ ոչնչով չէին հետաքրքրվում: Իրար հանդիպելիս, ողջունելու փոխարեն, հարցնում էին.
-Ինչպե՞ս է մեր խեղճ եղնիկը:
-Խեղճ եղնիկն ինչի՞ կարիք ունի:
-Այսօր ի՞նչ է կերել խեղճ եղնիկը:
-Աստված իմ, ե՞րբ պետք է ոտքի կանգնի մեր խեղճ եղնիկը:
Եղնիկը ոտքի կանգնեց: Սկզբում օրորվեց, բարալիկ ոտքերը դողացին, հենվեց մասրենու թփին: Հետո շուրջն ամեն ինչ պայծառացավ, լուսավորվեց: Նայեց շուրջը՝ երկնքին, ծառերին, մասրենու ծաղկած թփին, սիրտը ծուլ եղավ, ցատկոտեց տեղում: Հերթապահ ոզնին մուշ-մուշ քնած էր: Եղնիկը քայլեց դեպի մոտակա առվակը, ջրի մեջ իր արտացոլումը տեսավ, հիացավ ինքն իրենով եւ մոռացավ թուլություն, քաղց ու ծարավ, սկսեց պարել:
-Սա ո՞վ է,- հարցրեց աղվեսը:
-Ինչ գեղեցիկ է,- հառաչեց կապիկը:
-Ո՞վ է, ո՞վ է,- ոռնաց գայլը:
-Ով է, ով է,- ծամածռվեց աղվեսը,- մեր խեղճ եղնիկն է:
-Մեր խեղճ եղնի՞կը,- գազանները քարացան:
-Սրան տեսեք: Սա՞ է խեղճը: Պարում է եւ այն էլ ինչպես է պարում,- նախանձից կապտեց աղվեսը:
-Գիրացել է,- քթի տակ փնթփնթաց գայլը:
-Շատ ախորժալի տեսք ունի,- հաստատեց վագրը:
-Այոոոո,- մտքերի մեջ ընկան գազանները:
-Մենք մեր պարտքը կատարել ենք,- ասաց առյուծը եւ գլուխը քորեց:
-Խեղճին օգնել ենք,- առյուծին հասկացավ գայլը:
-Կերակրել ենք,- արդարացավ օձը:
-Անքուն գիշերներ ենք անցկացրել,- ծոր տվեց աղվեսը:
-Իսկ եթե կարիք լինի նորից կօգնենք,- եզրափակեց բորենին:
Եվ գազանները հարձակվեցին ու հոշոտեցին պարող եղնիկին:

%d bloggers like this: