Tag Archives: Լիբիա

Քադաֆին մեռավ: Ո՞վ է հաջորդը

21 Հկտ

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մեռած է: Այս մասին են պնդում աշխարհի բոլոր լրատվամիջոցները, դա են փաստում համացանցը ողողած լուսանկարներն ու նկարահանված կադրերը: Մինչդեռ ընդամենը երեկ շատերն էին համոզված, որ Ջամահիրիայի ղեկավարին անհնար է լինելու որսալ: Հիմա արդեն Քադաֆին գնաց լրացնելու այն միապետների ցանկը, որոնք իբրև թե տապալվեցին ժողովրդական ցնցումների ալիքից, սակայն, ցավոք, իրականությունն այլ բան է պնդում:
Թե ինչպես ոչնչացվեց Քադաֆին, դրա մասին ստացված լրատվության հաջորդականությունը ամեն ինչ ասում է: Երեկ, օրվա երկրորդ կեսին թիվ մեկ լուրը դարձավ հաղորդումն այն մասին, որ Քադաֆիին ձերբակալել են Լիբիայի Սիրտ քաղաքում: Այս մասին տեղեկացրեց «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Ընդամենը հաշված ժամեր անց Reuters-ը` վկայակոչելով Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլին, մանրամասնեց, որ «Քադաֆին գերության մեջ է ու վիրավորված է երկու ոտքից… Նրան տեղափոխել են շտապօգնության մեքենայով»: Սակայն շատ շուտով այս տեղեկությունները սրբագրվեցին, վերջնական տեսքի բերվեցին, որից հետո աշխարհն իմացավ, որ Մուամար Քադաֆին մահացել է ստացված վնասվածքներից: Այդպես հայտնեց Լիբիայի նոր իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը: Ասվում էր նաև, թե պարտված առաջնորդը գլխին մահացու վնասվածք էր ստացել: Քադաֆին իբրև թե փորձել էր դուրս պրծնել շրջափակված Սիրտից ու փախչել արևելք` անապատում թաքնվելու մտադրությամբ, բայց կանգնեցվել էր Միսուրատայի զորախմբի կողմից: Դաժան մարտի ընթացքում գնդապետը ծանր վնասվածքներ էր ստացել, ինչի արդյունքում մահացել էր:
Դեռ մի քանի ժամ առաջ միայն ոտքի վրա եղած վերքերին արդեն գումարվել էր գլխի վնասվածը, իսկ գործողություններին մասնակցած զինյալներն իրենց հերթին պատմում էին, թե երբ Քադաֆիին հայտնաբերել են ստորգետնյա թաքստոցում, նա իրեն բռնողներին խնդրել է. «Մի կրակեք, մի կրակեք»: Բայց կրակել են: Կրակել են, քանի որ ոչ մեկին այլևս պետք չէր կենդանի Քադաֆին: Քադաֆիները սովորաբար վիրավոր կամ գերեվարված չեն լինում: Նրանք կամ գահի վրա են, կամ սպանված: Այդպիսին է մեծ խաղի օրենքը, որտեղ սպանված թշնամին ամենանվտանգ թշնամին է:
Ի դեպ, երեկ նույն կերպ վարվեցին նաև գնդապետի որդու հետ: Լիբիայի տեղական հեռուստաընկերությունը րոպեների տարբերությամբ նախ հաղորդեց, որ ապստամբների կողմից գրավված Սիրտում բռնել են Մուաթասիմ Քադաֆիին, իսկ քիչ անց հաղորդվեց, որ նա սպանված է:
Վարագույրը կարելի է իջեցնել: Դեռ փետրվարից Լիբիայում ծայր առած բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող գնդապետի հրաժարականը, հասան իրենց տրամաբանական ավարտին: Արևմուտքի բորբոքած կրակը այրեց այն ամենը, ինչ խորթ էր քաղաքակիրթ աշխարհի համար: Հիմա արդեն ինչ-որ մի շարքային զինվոր կարող է տեսախցիկի առաջ հպարտությամբ պատմել, թե սեփական աչքերով է տեսել Քադաֆիի մարմինը և «կոշիկով խփել է նրան», ինչը Միջին Արևելքում ծայրահեղ անարգանք ու մահացու վիրավորանք է համարվում: Բայց արդյո՞ք անարգվողը միայն մեռած Քադաֆին է:
Ընդամենը երեք օր առաջ Տրիպոլիում վայրէջք կատարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը: Նա Լիբիա էր ժամանել չհայտարարված այցով: Եվ ահա այստեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հանկարծ հայտարարեց. «Մուամար Քադաֆին պետք է կամ սպանվի, կամ բռնվի: Մենք հուսով ենք, որ նա կարող է մոտ ժամանակներս ձերբակալվել կամ սպանվել, որպեսզի դուք այլևս նրանից վախենալու առիթ չունենաք»: Ամերիկացի որևէ բարձրաստիճան պաշտոնյա մինչ այդ պահը ձեռնպահ էր մնում նման արտահայտություններից` սահմանափակվելով Քադաֆիին նրա կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու կոչերով: Իսկ այժմ Քլինթոնի բառերը հնչում էին պատվերի պես. սպանել Քադաֆիին:
Պատվերն ի կատար ածվեց: Դա նույնիսկ դժվար է միանշանակորեն արդարադատություն անվանել: Ավելի շատ այն նման է սովորական սպանության: Եվ ակամա սկսում ես մտածել, թե արդյո՞ք Քադաֆին միայն երեկ ստացավ իր մահացու վերքը: Ասենք, դա այժմ այլևս էական չէ: Բռնապետի մահվան մասին Ազգային անցումային խորհրդի տարածած լուրը կրակոցներով ու ինքնաբուխ ժողովրդական տոնախմբությամբ ընդունվեց Բենգազիում, Տրիպոլիում և Լիբիայի այլ քաղաքներում: Ասվեց, թե Քադաֆիի մարմինն անվտանգության նկատառումներով ուղարկվելու է «գաղտնի մի տեղ»: Այլ աղբյուրներ հաղորդեցին, որ սպանվածին տեղափոխել են Միսուրատա:
Եվ նույնիսկ այսքանից հետո ոչ բոլորն են հավատում Քադաֆիի մահվանը: Նրա առաջին իսկ լուսանկարները կասկածների տեղիք տվեցին: Հակասական լուրերի մեջ խճճվեց նույնիսկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով հայտարարեց, որ Քադաֆիին բռնելը մեծ լուր է, և եթե հաստատվի՝ նրա ճակատագիրը պետք է որոշի Լիբիայի ժողովուրդը: Բայց ժողովրդից առաջ ընկնելով այդ ճակատագրի վերջակետն արդեն դրվել էր:
Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նրանց շարքում է, ովքեր չեն հավատում մահվան մասին լուրերին, և համոզված է, որ իր բարեկամը վաղուց արդեն «անվտանգ վայրում է»։ «Մենք չենք հավատում Մուամար Քադաֆիի մահվան մասին լուրերին։ Նա շատ խելացի մարդ է, աֆրիկացի Կարլ Մարքսը, լիբիացի Գարիբալդին, և նա շատ փող ուներ։ Իմանալով Սադամ Հուսեյնի և արաբական այլ առաջնորդների ճակատագիրը՝ քիչ հավանական է, որ Քադաֆին թույլ կտար իր գերեվարումը, վիրավորումն ու մահը»,–ասել է Ժիրինովսկին։
Իսկ Արևմուտքից եկող արձագանքներըը միանգամայն այլ շեշտադրումներ ունեն: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասաց, որ եթե «դա ճիշտ է, ապա կարելի է հանգիստ շունչ քաշել, քանի որ ևս մեկ խոչընդոտ վերացվեց»։ «Լիբիայում պատերազմն ավարտվեց»,- նման հայտարարությամբ հանդես եկավ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ու լատիներենով հավելեց. «Sic transit gloria mundi» (Այսպես է անցնում աշխարհիկ փառքը):
Պատերազմը գուցե և ավարտվեց: Իսկ ի՞նչն է սկսում նրանից հետո: Խաղաղ ու ստեղծագործ աշխատա՞նքը: Հազիվ թե: Մի բան հաստատ է. Լիբիայում ոչ թե կհաղթանակի ժողովրդավարությունը և երկիրը ծաղկում կապրի, այլ կտիրի քաոսը և կսկսվի նրա բնական պաշարների անխնա հարստահարումը Արևմուտքի «ազատարարների» ձեռքով: Այդպես արդեն եղել է աշխարհի շատ կետերում: Այդպես լինելու է նաև հիմա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մի ինքնաթիռ զենք

23 Սպտ

Սովորաբար նման պատմությունները երբեք մինչև վերջ չեն բացահայտվում: Միշտ էլ մնում է անհասկանալի մի դրվագ, քողարկված մի անկյուն, չփարատված մի կասկած: Իսկ խորհրդավոր պատմությունն այն մասին, թե ինչպես հայկական ինքնաթիռը թռավ-գնաց՝ 60 տոննա զենք տանելով բոլորի քթի տակից, լրագրողների թեթև ձեռքով ուղղակի ողողվեց թրիլլեր ժանրին հատուկ նրբերանգներով՝ էլ ավելի խճճելով առանց այդ էլ բավականին խճճված միջադեպը:
Մոտ մեկ շաբաթ առաջ թերթերը գրեցին այն մասին, որ Լիբիայից մի ինքնաթիռ է ժամանել Մոլդովա՝ այդ երկրի Ազգային բանակի զինանոցներից սպառազինության ձեռք բերելու նպատակով: Բենգազիից օդ բարձրացած և Քիշինևում վայրէջք կատարած ԻԼ-76-ը մեզ ամենևին չէր մտահոգի, եթե մոլդովացի գեներալները չպնդեին, որ այն պատկանում է հայկական ավիաընկերություններից մեկին և զենք ու զինամթերք է տեղափոխել լատվիական մի ընկերության պատվերով:
Միանգամից չորս երկրների անվան հիշատակումով գործարքն անմիջապես վերածվեց գլուխկոտրուկի: Հարցերն այն մասին, թե ո՞ր ուղղությամբ էր մեկնել ինքնաթիռը և ու՞մ համար էր նախատեսված զենքը, սկսեցին հուզել նույնիսկ նրանց, ովքեր առաջին հայացքից կարծես թե ոչ մի առնչություն չունեին այդ դեպքերի հետ: Իր հերթին Մոլդովայի ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Դոմինիկը հրաժարվեց բացատրություններ տալ՝ հղում անելով զենքի վաճառքի պայմանագրի պայմաններին, որոնք գաղտնիություն էին պահանջում: Դոմինիկն ասել էր միայն, որ ինքնաթիռում եղել է հին սպառազինություն, գործարքը միանգամայն մաքուր է , իսկ բեռի վերջնական սպառողը սպառազինության շուկայի ճանաչված խաղացող է և լավ հայտնի է Մոլդովայի գերագույն իշխանությանը:
Բայց, չգիտես ինչու, առևտրային գաղտնիքը չհրապարակելու պայմանի մասին մոռացավ Մոլդովայի փոխվարչապետ Վալերի Լազերը, և շատ չանցած հայտարարեց, թե Հայաստանը լատվիական միջնորդ կեղծ ընկերության միջոցով 60 տոննա սպառազինություն է ձեռք բերել, ինչը հիմնականում բաղկացած է եղել հրետանային ու հակատանկային համակարգերից: Դրանք Քիշինևի Մերկուլեշտ ռազմական օդանավակայանից հայկական ավիաընկերությանը պատկանող ԻԼ-76 ինքնաթիռով տեղափոխվել են Հայաստան: «Ինքնաթիռը պատկանում է Հայաստանին, սպառազինությունը գնել է լատվիական ընկերությունը, և վերջնական ստացողի վկայականի համաձայն, ապրանքը պետք է ուղարկվի Հայաստան»,- նշել էր փոխվարչապետը` հավելելով, որ ամեն ինչ արվել է օրինական հիմունքներով և միակ անհասկանալի բանն այն էր, որ հայկական ինքնաթիռը Քիշինև էր ժամանել Լիբիայից:
Ցավոք, անհասկանալին միայն դա չէր: Մոլդովայի ՊՆ-ում ավելի վաղ հայտարարում էին, որ օդանավը պատկանում է Լատվիային, իսկ դրանից ավելի վաղ էլ` Ադրբեջանին: Սակայն այն բանից հետո, երբ Լատվիայի ԱԳՆ-ն հայտարարեց, թե լատվիական ոչ մի ընկերություն որևէ կերպ չի մասնակցել աղմկահարույց գործարքին, բոլորի հայացքներն ուղղվեցին Հայաստանի կողմը: Լրատվամիջոցներում նույնիսկ սկսեցին ենթադրություններ շրջանառվել այն մասին, թե իբր Հայաստանը սպառազինություն է մատակարարում Լիբիային: Իսկ սրանից արդեն կարող էր միջազգային ծավալների սկանդալի հոտ գալ, եթե հիշենք, որ երկիրը պարտավոր է պահպանել Լիբիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ՄԱԿ-ի բանաձևը:
Ի վերջո, ո՞վ էր այն համարձակ ավիաընկերությունը, որ հանդգնում էր շրջանցել ՄԱԿ-ի պայմանները: Ընտրությունն անմիջապես կանգ առավ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության վրա: Բայց մեկ օր անց «Արմավիան» վրդովված հայտարարեց, որ երբեք իր ավիապարկում ԻԼ-76 ինքնաթիռ չի ունեցել, զբաղվում է միայն ուղևորափոխադրումներով, այլ ոչ թե բեռնափոխադրումներով ու մտադիր է զրպարտության մեղադրանքով դատի տալ այն լրատվամիջոցին, ով համարձակվել է արատավորել իր բարի համբավը: Զենքի փոխադրման մասին տեղեկատվությունը հերքեց նաև Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Ասենք, բացի «Արմավիայից», Հայաստանում գործում է ևս 32 ավիաընկերություն, և նրանցից յուրաքանչյուրին կարելի էր այդ հարցում կասկածել:
Սակայն վերադառնանք «գաղտնապահ» մոլդովացիներին, որոնք օր-օրի հանդես էին գալիս նորանոր բացահայտումներով: Այս անգամ հերթը Մոլդովայի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոյինն էր, ով պատգամավորների բազմաթիվ հարցումներին բացատրություններ տալու նպատակով տեղեկացրեց, որ իսկապես Մոլդովան իր բանակի` գործածությունից հանված սպառազինությունը մատակարարել է Հայաստանին, և ասվածի ապացույցն է համաձայնագրի վրա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ստորագրությունը: Նույն պաշտոնյան՝ պատճառաբանելով, թե չի կարող ներկայացնել գործարքի այլ մանրամասներ, դրանից անմիջապես հետո ասել էր, որ իր երկիրն այդ գործարքից մի քանի տասնյակ միլիոն լեյի եկամուտ է ստացել (որոշ աղբյուրների պնդմամբ՝ ավելի քան 30 միլիոն դոլար): Այնուհետև մեջտեղ էր եկել ևս մի տեղեկացված անձ՝ Մոլդովայի ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ժոսանը, և հայտարարել, թե «Համաձայն կնքված պայմանագրի՝ Մոլդովայի ՊՆ-ն լատվիական ընկերությանը վաճառել է 60 մլն տոննա բեռ, որը տեղափոխվել է երկու չվերթով»։
Այս ամբողջ իրարանցման ընթացքում մեր հանրապետության իշխանությունները պահպանում էին խորը լռություն: Ոչ ոք ոչինչ չէր հերքում ու չէր հաստատում, և տպավորությունն այնպիսին էր, կարծես նրանք ուշի-ուշով հետևում էին, թե էլ ինչեր պիտի բացահայտեն իրենց առևտրային գործընկերները: Վերջապես երեկ հատուկ մեկնաբանությամբ հանդես եկավ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը: Ի՞նչ էր ասում վերջինս: Ահա նրա խոսքն ամբողջությամբ. «ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության և միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում: Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու և վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն: Կարող եմ միայն նշել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»:
Ի՞նչ է ստացվում: Փաստացի նախարարությունը չի հերքում սպառազինության ձեռքբերման փաստը: Խոսք է գնում միայն դրանց որակի մասին: Իսկ ի՞նչ եղավ Լիբիան: Ի՞նչ կապ ուներ այդ երկիրն այս պատմության հետ: Այս մասին իրավասու աղբյուրները դեռ ոչինչ չեն ասում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչու՞ սպանել Քադաֆիին

3 Մյս

ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Բաբ ալ-Ազիզիա շրջանում գտնվող կառավարական նստավայրի ռմբահարման արդյունքում զոհվեց այդ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի յոթ որդիներից կրտսերը` 29-ամյա Սայիֆ ալ-Արաբը: Սպանվեցին նաև Քադաֆիի երեք թոռները, ինչպես նաև մի քանի ընկերներն ու հարևանները, որոնք այդ պահին գտնվում էին շենքում: Գնդապետ Քադաֆին կնոջ հետ հրաշքով փրկվեց: Նստավայրի ուղղությամբ հրթիռ էր արձակվել: Լսելով Քադաֆիի ընտանիքի անդամների մահվան լուրը` ընդդիմության մայրաքաղաք Բենղազիում ապսատամբները փողոց դուրս եկան և սկսեցին տոնել այդ իրադարձությունը: Ավիահարվածից քիչ անց հեռուստաընկերությունները ցուցադրեցին մեկհարկանի տան մնացորդները, իսկ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հաստատեց, որ մայիսի 1-ի գիշերը Տրիպոլիին մի քանի հարված է հասցվել, սակայն ընդգծեց, որ իրենց թիրախը եղել են օբյեկտները, այլ ոչ մարդիկ:
Արևմուտքն, ինչպես միշտ, անկեղծ չէր: Այն, որ Քադաֆիի դեմ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու ծրագիրը նրանց համար դարձել է առանցքային կարևորության խնդիր, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ այս ռմբահարումն էլ վերջին երկու ամիսների ընթացքում Քադաֆիին սպանելու թվով չորրորդ փորձն էր: Ռազմական գործողությունների հրամանատար, կանադացի գեներալ-լեյտենանտ Շարլ Բուշարը շտապեց կատարվածի առթիվ արդարանալ, թե դաշինքի ղեկավարությունը ափսոսում է «խաղաղ բնակիչների շրջանում մարդկային զոհերի, համար»` հավելելով, որ ՆԱՏՕ-ն լիազորված է գործելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի դրույթների համաձայն: Նմանօրինակ մեկնաբանությամբ հանդես եկավ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով հայտարարեց, թե ռազմական գործողությունները Լիբիայում չեն հետապնդում «կոնկրետ անձնաց ֆիզիկական ոչնչացումը»:
Ոչ Բուշարի, ոչ Քեմերոնի և ոչ էլ նրանց նախորդների խոսքերը որևէ ընդհանուր բան չունեն ճշմարտության հետ: ՄԱԿ-ի հայտնի բանաձևը կոպտորեն խախտելու հետ մեկտեղ արդեն երկու ամիս շարունակ ուժի անհավասարաչափ կիրառման արդյունքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում Լիբիայում, և այժմ ակնհայտ է, որ այդ հետևողական սպանդը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական նպատակը չի իրագործվել:
Ցավոք, այսօր աշխարհում քչերին է անհանգստացնում նման ընթացքը: Յուրաքանչյուր լռություն իր պատճառներն ունի, յուրաքանչյուր խրախուսանքի թիկունքում քողարկված է Լիբիայի ողբերգությունից օգուտներ կորզելու մղումը: Իսկ եթե ոմանք այնուամենայնիվ դեռ փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել, ապա այդ ընդվզումների համար չափազանց ուշ է: Քչերի թվում է նաև Ռուսաստանը, ով միայն այժմ ամբողջ ձայնով խոսում է Արևմուտքի արաբական արշավանքի անարդարությունների մասին և կասկածի տակ է դնում պնդումներն այն մասին, թե ՆԱՏՕ-ն չի հետապնդում Քադաֆիի ֆիզիկական ոչնչացման նպատակը: Իրերն իրենց անուններով կոչելու համարձակությունն ունեցավ վարչապետ Վլադիմիր Պուտինը` չթաքցնելով իր հեգնանքն ու վրդովմունքը մրցակից տերությունների հանդեպ. «Ասում էին, թե չեն պատրաստվում սպանել Քադաֆիին: Այսօր արդեն որոշ պաշտոնատար անձիք հայտարարոմ են, թե ցանկանում են ոչնչացնել Քադաֆիին: Իսկ ո՞վ է թույլ տվել նրանց: Մի՞թե դատ է եղել: Ո՞վ է իրավունք ստանձնել մահապատժի ենթարկել մի մարդու, ինչպիսին էլ որ նա լինի… Ամեն օր հարվածում են Քադաֆիի նստավայրերի ուղղությամբ: Այդ դեպքում ինչու՞ են հարվածում: Ի՞նչ է, մկներին են այդպիսով քշում», — հարցնում էր Պուտինը` հրաշալի իմանալով իր հարցերի պատասխանը:
Պահանջն այն մասին, որ բոլոր երկրները պետք է գործեն միջազգային իրավունքի շրջանակներում ու սեփական պատասխանատվության գիտակցմամբ, այսօր հնչում է փոքր-ինչ միամիտ ու անհեռանկար: Այդ պահանջը բացակայում է Լիբիայի պարագայում: Այդ պահանջը չէր գործում նաև Իրաքում, Աֆղանստանում, Հարավսլավիայում և բոլոր այն վայրերում, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքը եղել էր ու այժմ էլ շարունակում է մնալ իբրև մի ծանր մահակ, որով ոչ թե պատժում են մեղավորին, այլ հպատակեցնում են անհնազանդներին: Եվ քաղաքակիրթ հանրությունը շարունակում է իր ողջ հզորությամբ հարձակվել է մի երկրի վրա` ոչնչացնելով ամեն բան հանուն կասկածելի, վերացարկված արժեքների: Մինդեռ կա բացահայտ և հասկանալի պատճառը, այն գայթակղիչ պատառը, որի համար հազարավոր մարդկանց արյունն է հեղվում: Խոսքն առաջին հերթին Լիբիայի բնական ռեսուրսների ու ընդերքային պաշարների մասին է: Լիբիան նավթի պաշարների քանակով առաջին տեղն է գրավում աֆրիկյան երկրների շարքում, գազի պաշարներով՝ 4-րդ տեղը։ Իսկ հանուն դրա թանկ չեն ոչ մարդկային կյանքերը և ոչ էլ առավել ևս` Քադաֆիի անձը:
Սպանել Քադաֆիին. ահա թե ինչը կհեշտացնի ցանկալին իրականություն դարձնելու գործը: Իսկ քաղաքներ և նստավայրեր ռմբահարելու պատասխանատվությունը մեծ դժբախտություն չէ, քանի որ հաղթողներին չեն դատում:
«Սա մեր երկրի ղեկավարին սպանելուն ուղղված ուղիղ գործողություն էր: Դա չի թույլատրվում միջազգային օրենքներով: Այս ամենն անթույլատրելի է ցանկացած բարոյական նորմով կամ սկզբունքով: Այն, ինչ մենք հիմա ունենք, ջունգլիների օրենքն է»,- հայտարարում է Լիբիայի կառավարության խոսնակը: Սակայն ո՞վ է նրան լսում: Նույնիսկ ստացվել է այնպես, որ այժմ Քադաֆին է իրավունքի ու ժողովրդավարության դասեր տալիս Եվրոպային ու Ամերիկային: «Այս արկածախնդիրները ցանկանում են մեզ միջնադար նետել, եւ սկսել են վտանգավոր մի պատերազմ, որի նկատմամբ շուտով կկորցնեն վերահսկողությունը»,- ասում է Քադաֆին ու կոչ անում արևմտյան երկրների ժողովուրդներին «իրենց համար նոր առաջնորդներ ընտրել, որոնք կհարգեն երկրների միջև միջպետական հարաբերությունները և կհասկանան միջազգային հարաբերությունների ու միջազգային օրենքների իմաստը»:
Չեն հասկանա, քանի որ երկրները, որոնք հավակնում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր կոչվել, հիմա իրենք են դարձել այդ ահաբեկչությունը նախաձեռնողն ու իրականացնողը: Եվ Քադաֆիին այլ բան չի մնում, քան հետևել նրանց օրինակին, վրեժ լուծել որդու, հարազատների մահվան համար, վրեժ լուծել քաոսի վերածված իր երկրի համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ի՞նչ է Ռուսաստանի ուզածը

30 Մրտ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Մոսկվան որոշակի իմաստով «պահպանողական» է իր արտաքին քաղաքականության մեջ: Հայտնի իրողություն է, որ այնտեղ, որտեղ արևմտյան ուժերը համախմբվում են որևէ մեծ նպատակի շուրջ, Ռուսաստանը մշտապես իրեն հեռու է պահում: Նման գործելաոճը ռուսներին դարձնում է ոչ թե կռահելի, այլ առավելագույնս ինքնուրույն, մի բան, որ դժվար է ասել Արևմուտքի շատ երկրների մասին: Եվ Լիբիայի դեպքը նույնպես բացառություն լինել չէր կարող: Այն պահից ի վեր, երբ աֆրիկյան այդ երկրում իրադարձությունները սկսեցին զարգանալ ողբերգական սցենարով, Ռուսաստանն առաջինների թվում էր, որ արձագանքեց դրանց: Արդեն մարտի սկզբին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր ստորագրեց Լիբիային բոլոր տեսակի զենք, զինամթերք ու ռազմական տեխնիկա առաքելու արգելքի մասին: Դրա հետ մեկտեղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարեց, թե իրենք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում դեմ կարտահայտվեն Լիբիայի ներքին գործերին ռազմական միջամտություն ցուցաբերելու որոշումներին:
Այս մի հարցում ռուսները թերևս շտապել էին կամ գերագնահատել էին իրենց անկախ պահվածքը: Բանն այն է, որ երբ վրա հասավ ճակատագրական որոշումը կայացնելու պահը, Ռուսաստանը ընդամենը ձեռնպահ քվեարկեց: Ավելի ուշ պաշտոնական Մոսկվան պիտի արդարանար, թե Անվտանգության խորհրդում չի օգտագործել վետոյի իր իրավունքը, քանի որ բանաձևի դրույթների հետ ընդհանուր առմամբ համաձայն էր: Սակայն նման բացատրությունն անլիարժեք էր ու ոչ համոզիչ: Առաջին հերթին պարզ չէր, թե որտեղ էր ավարտվում համաձայնության սահմանը և սկսվում տարակարծության ոլորտը: Այդ պատճառով էլ հարկ է իբրև հիմք ընդունել նախագահ Մեդվեդևի անհամեմատ անկեղծ մի արտահայտությունը, ըստ որի «չի կարելի ասել, որ Ռուսաստանը չի հասկանում, թե ինչ է անում»: Ընդունենք, որ Ռուսաստանը գերազանց հասկանում է: Իսկ ի՞նչ է անում նա:
ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից անմիջապես հետո Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարեց, որ ռուսական ռազմական ուժերի մասնակցությունը Լիբիայում բացառվում են: Երկու օր անց այն բանից հետո, երբ դաշնակիցները սկսեցին ռմբահարել Լիբիայի քաղաքները, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատության ենթարկեց Անվտանգության խորհրդին, որն, ըստ նրա, թույլ է տալիս օտարերկրյա ներխուժում իրականացնել ինքնիշխան երկրի տարածք: «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը լիարժեք չէ ու վնասակար է: Այն թույլ է տալիս ամեն ինչ և խաչակրաց արշավանքի միջնադարյան կոչ է հիշեցնում»,- հայտարարեց Պուտինը:
Նրա ելույթից բառացիորեն 3 ժամ հետո Լիբիայի իրավիճակի վերաբերյալ հատուկ ելույթով հանդես եկավ Մեդվեդևը: Նա ասաց, որ անթույլատրելի է համարում այնպիսի արտահայտությունները, որոնք, ըստ էության, կարող են քաղաքակրթությունների բախման հանգեցնել: Խոսքն, իհարկե, «խաչակրաց արշավանքի» մասին էր: Դրանից հետո նախագահը նաև հավելեց, որ ինքն է ցուցում տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո չդնել բանաձևի վրա, իսկ արտգործնախարարությունն այդ ցուցումը կատարել է: «Ես չեմ համարում, որ այս բանաձևը սխալ է, ավելին` կարծում եմ, որ բանաձևն ընդհանուր առմամբ նաև մեր տեսակետն է արտահայտում Լիբիայում տեղի ունեցողի վերաբերյալ»,- ամփոփիչ մտքում հին թեզը վերաշարադրեց նա:
Բայց նույնիսկ այս դիտողությունը չհանդարտեցրեց Պուտինին, ով այնուհետև ևս շարունակեց պնդել, թե Լիբիայիում ռազմական օպերացիան ողբերգություն է, և դրան հավանություն տվողները պետք է աղոթեն իրենց հոգիների փրկության համար: Պուտինին անհանգստացրել էր այն թեթեւությունը, որով ԱՄՆ-ը որոշում է կայացնում ուժ կիրառել միջազգային ասպարեզում: «ԱՄՆ քաղաքականությունը կայուն տենդենցներ է ձեռք բերում: Բիլ Քլինթոնի օրոք ռմբակոծում էին Բելգրադը, Բուշի օրոք` Աֆղանստանն ու Իրաքը: Հերթը Լիբիայինն է: Որտե՞ղ է տրամաբանությունը կամ խիղճը: Երկուսն էլ բացակայում են»,- եզրահանգել էր Պուտինը:
Ահա թե որտեղ է ռուսների իրական մարտադաշտը: Ամերիկացիները ռմբահարում են Լիբիան, իսկ ռուսները հարվածում են Վաշինգտոնի հեղինակությանը: Այդ պատճառով էլ Ռուսաստանի ճշմարիտ ձանը պետք է փնտրել ոչ թե այդ երկրի նախագահի, այլ վարչապետի խոսքերի մեջ: Դերերի հստակ բաշխում է տեղի ունեցել: Մեկը մեղադրանքներ է շպրտում գերտերությունների դեմքին, մյուսը հարթում է սուր անկյունները: Սակայն առաջինի տպավորությունն է ամենաուժգինն ու մտապահվողը:
Նման դեպքերի համար ռուսներն ունեն նաև «էպիզոդային» դերակատարներ: Դրանցից մեկն էլ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին է, ում լեզուն ոսկոր չունի: Հենց նա էր, որ օրերս այն համոզմունքը հայտնեց, թե շուտով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն կտա նաև ցամաքային ներխուժմանը Լիբիա և կընդունի 3-րդ բանաձևը: Դրանից հետո Ժիրինովսկին դիմեց Նոբելյան կոմիտեին` խնդրելով զրկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Նոբելյան մրցանակից: Վլադիմիր Վոլֆովիչի կարծիքով, Օբամային այդ մրցանակի հանձնումը չի համապատասխանում Լիբիայում ԱՄՆ գործողություններին: «Այդ ինչպիսի խաղաղապահններ են դրանք, որ «Թամահաուք»-ներով ռմբակոծում են ողջ երկրի տարածքը»,- բացականչել էր նա ու հավելել, որ ԱՄՆ-ի գործողությունները «ագրեսիայի ակտ» են և կարող են դիտարկվել որպես «գաղութարարական քաղաքականություն»:
Հաջորդ ապտակը հասցրեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ով, ինչպես գրում է ամերիկյան The Washington Post-ը, հրապարակավ ստորացրեց իր գործընկեր Ռոբերտ Գեյթսին ու ողջ ամերիկյան վարչակազմին, երբ միջազգայի հանրությանը՝ ԱՄՆ գլխավորությամբ, մեղադրեց Լիբիայի խաղաղ բնակչության սպանելու մեջ և կոչ արեց անհապաղ դադարեցնել կրակը: Նույն թերթը նշել էր, թե Սերդյուկովը Գեյթսի ներկայությամբ բառացիորեն «նախատել է Օբամային»։
Խնդիրը, որն իր առաջ դրել է Ռուսաստանը, առայժմ կատարվում է անխափան: Վերջին խոսքը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովինն էր, ով երեկ հայտարարեց, թե «Հաղորդագրություններ կան Քադաֆիի զորքերի դեմ օդային հարձակումների, զինված ապստամբներին աջակցություն ցուցաբերելու մասին: Այն երկրները, որոնք պարտավորվել են կատարել Անվտանգության խորհրդի բանաձևը, պետք է հաշվի նստեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի, այլ ոչ՝ ուրիշ կառույցների հետ»: Այդ կողմնակի կառույցների թվում Լավրովն առաջին հերթին նկատի ուներ ՆԱՏՕ-ին, որը ստանձնեց լիբիական օպերացիայի հրամանատարությունը: Եվ դա ասվում է` նկատի ունենալով, որ ապրիլի 15-ին Բեռլինում տեղի է ունենալու ԱԳ նախարարների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Մեծ է հավանականությունը, որ խորհրդակցության ընթացքում Լիբիայում առկա իրավիճակի մասին հարցը կլինի առանցքային։ Սակայն սա կարող է չափազանց ուշացած և ժամանակավրեպ երկխոսություն լինել, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի արագությամբ են զարգանում իրադարձությունները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Գնդապետ Քադաֆիի երկու պատերազմները

22 Մրտ

Շաբաթներ ձգվող լիբիական առճակատումը հատեց հեղափոխականության եզրագիծն ու մխրճվեց մեկ այլ պատերազմի մեջ, որտեղ գաղափարներն ու համոզմունքները ոչինչ են, իսկ նպատակն ամեն ինչ: Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի դիմադրողականության պաշարն այժմ պիտի սպառվի` դիմագրավելով արտաքին սպառնալիքին, որը գալիս է գեղեցիկ, մարդասիրական կարգախոսներով և լիբիական հանգույցը ռմբահարումներով լուծելու վճռականությամբ:
Քանի դեռ Քադաֆիի միանձնյա իշխանության դեմ ապստամբած ներքին ուժերը հաջողությամբ գրավում էին քաղաք քաղաքի ետևից, միջազգային հանրությունը սոսկ բավարարվում էր Քադաֆիի հրաժարականը պահանջող կոչերով: Բայց երբ կառավարության զորքերը հակահարձակման անցան և խռովարարներին ստիպեցին նահանջել դեպի ծով, նման հանգուցալուծումը դարձավ անընդունելի: Ապագայի ծրագրերում ոչինչ ասված չէր վարչակարգի հաղթանակի մասին, և անհրաժեշտ էր անհապաղ սրբագրել այդ շեղումը:
Այն պահին, երբ Լիբիայի բանակը վերջնագիր ներկայացրեց ապստամբներին, իսկ ընդդիմության առաջնորդներից Իբրահիմ Դաբաշին Նյու Յորքում հայտարարեց, թե Արևմուտքն ընդամենը 10 ժամ ունի Քադաֆիի զորքերի դեմ քայլեր ձեռնարկելու համար, վրա հասավ գլխավոր որոշումը կայացնելու ժամը: Մարտի 17-ի գիշերը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը 10-ը կողմ, 5 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 1973 բանաձևին, որով նախատեսվում է Լիբիայում սահմանել թռիչքազերծ գոտի, իսկ Քադաֆիին զրկել օդուժի միջոցով ապստամբներին հարվածներ հասցնելու հնարավորությունից։ Փաստաթուղթը պաշտպանելու համար նախատեսում է նաև ցանկացած միջոցի կիրառում, ընդհուպ մինչև օդուժի մասնակցությունը, արգելելով սակայն, ցամաքային ուժերի մուտքը: Հինգ ձեռնպահներն էին Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Գերմանիան ու Հնդկաստանը։ Հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, Մոսկվան ու Պեկինը կարող էին վետո սահմանել ու կասեցնել բանաձևի ընդունումը։ Սակայն նրանք այդ բանը չարեցին, թեև, օրինակ, բանաձևի ընդունումից մի քանի ժամ առաջ աշխատանքից հեռացվեց Լիբիայում ՌԴ դեսպանը` «ՌԴ շահերը պատշաճ չներկայացնելու համար»:
Առաջին քայլը կատարված էր: Ու մինչ պաշարված Բենգազիում ընդդիմադիրները ցնծում էին` ՄԱԿ-ի բանաձևի ընդունման լուրն առնելով, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան անմիջապես ձեռնամուխ եղան ռազմական գործողությունների նախապատրաստմանը: Նրանց իրենց մտադրությունից անզոր էր ետ պահել նույնիսկ Լիբիայի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի Լիբիան ընդունում էր թիվ 1973 բանաձևը և պատրաստ էր կատարել դրա պահանջները` անհապաղ դադարեցնելով բոլոր ռազմական գործողություններն ու երաշխավորելով մարդու իրավունքները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ոչինչ չխանգարեց նույն պահին հայտարարել, որ Լիբիան խախտել է ՄԱԿ-ի բանաձևը: Աշխարհին անհապաղ պատերազմ էր պետք և նա գնում էր դրան` այլևս ոչինչ չլսելով ու չտեսնելով: Հավանաբար այս իրողությունը սթափ գնահատելու արդյունքում էլ Քադաֆիին հավատարիմ ուժերն այնուամենայնիվ գրոհեցին Բենգազի քաղաքի վրա:
Արդեն հաջորդ օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնությամբ Լիբիայի հարցով արտակարգ վեհաժողով գումարվեց, որտեղ քննարկվեց այդ երկրում միջազգային ուժերի տեղակայման հնարավորությունը: Կոալիցիայում ներգրավվեցին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան ու Կանադան: Բացի վերոնշյալ երկրներից ռազմական գործողություններին միացավ նաև Իսպանիան, որը երկու F18 կործանիչ տրամադրեց ընդհանուր գործի համար:
Մարտի 19-ի ուշ երեկոյան նոր պատերազմն արդեն իրողություն էր: Ռազմական գործողությունը կրում էր «Լուսաբացի ոդիսական» անվանումը: Առաջին պահից միացյալ ուժերը ավելի քան 110 թևավոր հրթիռ արձակեցին լիբիական ռազմական օբյեկտների ուղղությամբ: Ֆրանսիական ռազմական ուղղաթիռները սկսեցին Լիբիայի տարածքի ռմբակոծությունը:
Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխարհին հայտնում էր, որ պատերազմն ամենևին էլ առաջին տարբերակը չի եղել Լիբիայում ներքաղաքական հակասությունները լուծելու համար: Նա պնդում էր, որ Քադաֆին անտեսել է այն հնարավորությունը, որ նրան տրվել էր միջազգային հանրության կողմից: «Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել և սկզբում մենք հույս ունեինք, որ ուժի կիրառելուն հարցը չի հասնի»,- ասաց Օբաման: Նրանք, ովքեր լավ հիշողություն ունեն, հեշտությամբ կմտաբերեն, թե տարբեր ժամանակներում ԱՄՆ նախագահները քանի անգամ են արտասանել այս նույն բառերը և ինչով է դա ավարտվել:
Քադաֆին առայժմ չի պատրաստվում հանձնվել: Ավելին, նա հանդես եկավ ուղերձով, որում ասվում էր, թե այն պահից սկսված, երբ կոլաիցիոն ուժերը հարձակվեցին Լիբիայի վրա, «Միջերկրական ծովը և Հյուսիսային Աֆրիկան համարվում են ռազմական գործողությունների տարածք» և տարածաշրջանի երկրների շահերը պատերազմի պատճառով այսուհետ վտանգված են: Արևմտյան զորքերի ներխուժումը Քադաֆին անվանեց գաղութատերերի և խաչակիրների ագրեսիա: «Դուք պատրաստ չեք պատերազմի, իսկ մենք պատրաստ ենք: Ձեզ սպասում է Հիտլերի և Մուսոլինիի ճակատագիրը»,- իր զայրալից խոսքը հասցեագրեց ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին, Մեծ Բրիտանիայի վարչապետին:
Դաշտն ընդարձակվում է, հակացությունները` խորանում: Աֆրիկյան Միությունն արդեն իր լուրջ դժգոհություն է արտահայտել արևմտյան պետությունների կողմից Լիբիայի վրա հարձակման կապակցությամբ: Արաբական լիգան իր հերթին կարծում է, որ դաշնակիցները գերազանցել են ՄԱԿ-ի բանաձևով տրամադրված լիազորությունների սահմանը: Իսկ ահա Թուրքիան տեղեկացրեց, որ ինքն ընդհանրապես չի մասնակցի այդ գործողություններին, քանի որ ունի անցյալի դառը փորձը:
Այժմ հստակ է միայն մի բան. եթե Քադաֆիին հաջողվի լուրջ դիմադրություն ցույց տալ, ապա հնարավոր է, որ արտաքին ուժերի դաշինքը շատ ավելի արագ տրոհվի, քան ենթադրում են իրենք:

Հովիկ Չարխչյան

Կասկածելի համերաշխության պտուղները

28 Փտր

Այսօր Լիբիայում իրադարձությունները զարգանում են այնպիսի աղետալի արագությամբ, որ որևէ իրավիճակ արձանագրելուց հետո անմիջապես անհրաժեշտություն է ծագում վերանայել ստեղծված կացությունը նոր դեպքերի լույսի ներքո: Ընդամենը հաշված օրեր պահանջվեցին, որպեսզի այդ երկրում խաղաղ ցույցերը վերաճեին արյունալի խռովության, մի բան, որից գուցե և հնարավոր լիներ խուսափել, ինչպես դա պատահեց «արաբական հեղափոխությունների» հորձանքի մեջ ընկած որոշ երկրներում: Հասկանալի է, որ ցանկացած իշխող վարչակարգի պատասխանը հանրային ընդվզումներին նախ և առաջ պիտի լիներ զսպման մեխանիզմների գործադրումը: Եվ միայն այն բանից հետո, երբ ակնհայտ է դառնում, որ անհավասար են ուժերը, ներգործման ազդակներն իրենց սպառվել են, իսկ ընթացքը դուրս է գալիս վերահսկողությունից, վրա է հասնելու ընտրության պահը:
Ցավոք, Լիբիայում նման բան չկատարվեց: Այստեղ շրջանցվեց «անցումային փուլը»` հենց սկզբից ձեռք բերելով այնպիսի բնույթ, ինչն այլ կերպ անհնար է անվանել, քան իսկական քաղաքացիական պատերազմ: 40 տարի շարունակ երկիրը ղեկավարող գնդապետ Մուամար Քադաֆիի համար այդ վճռական պահին այլընտրանքը բացառվում էր: Եվ բացառվում էր ոչ միայն իր մեղքով:
Աշխարհի վերաբերմունքն ու արձագանքը Լիբիայում ծայր առած հուզումներին չունեցավ այն ճկուն մաևրումների բնութագիրը, ինչն այս կամ այն կեպ պահպանվում և դրսևորվում էր նախորդած իրադարձությունների ժամանակ: Քադաֆին Մուբարաք չէր, որին կարելի էր հրավիրել Գերմանիա` բուժման: Քադաֆին նույնիսկ Թունիսի նախագահ Բեն Ալիի բախտին չարժանացավ, որին քաղաքական ապաստան կտային հարևան երկրներից որևէ մեկում: Աշխարհը որոշեց, որ Քադաֆին օրենքից դուրս է` դրանով իսկ բաց անելով դեպի ծայրահեղության գնալու նրա ճանապարհը և յուղ լցնելով արդեն բորբոքված կրակի վրա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն այլ պարագայում որևէ բռնապետի կոչ կաներ երկխոսության գնալ ընդդիմության հետ կամ երկրում բարեփոխումներ իրականացնել, այս անգամ անհրաժեշտ համարեց հրապարակայնորեն Քադաֆիից պահանջել` անհապաղ հրաժարական տալ։ «Եթե առաջնորդը իշխանությունը կարողանում է պահել միայն սեփական ժողովրդի նկատմամբ զանգվածային բռնություններ գործադրելու օգնությամբ, ապա դա նշանակում է, որ նա կորցրել է իր լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա»,- ասաց Օբաման, ինչից հետո Միացյալ Նահանգները միակողմանի սանկցիա կիրառեց Լիբիայի կառավարության նկատմամբ ու խզեց դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ:
Պաշտոնական Լոնդոնն իր հերթին որոշեց Լիբիայի առաջնորդին և նրա որդիներին զրկել Մեծ Բրիտանիայի տարածքում դիվանագիտական անձեռնմխելիությունից և ավելի քան 5 միլիարդ դոլարի ակտիվներից` կոչ անելով Քադաֆիին վայր դնել իր լիազորությունները։ «Գնդապետի հեռանալու ժամանակն է»,- հայտարարեց այդ երկրի արտգործնախարարը։
Եվրոպական Միության երկրները շատ արագ համաձայնության եկան Լիբիայի նկատմամբ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ կիրառելու հարցում: Համաձայն այդ միահամուռ որոշման, արգելք էր սահմանվում դեպի Լիբիա զենք-զինամթերքի մատակարարումների վրա, ինչը, ըստ ԵՄ-ի, կարող էր օգտագործվել բողոքի ալիքը զսպելու համար: Բացի այդ, այս տարածքում էլ սառեցվեցին նախագահ Մ. Քադաֆիի ու նրա հարազատների բանկային հաշիվները:
Հետո հերթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդինն էր, որը միաձայն բանաձև ընդունեց Լիբիայի ղեկավարության նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման մասին: «ՄԱԿ ԱԽ միջոցները կոչված են կասեցնելու Մուամար Քադաֆիի ռեժիմի հակառակորդների սպանությունները, դրանք նաև ենթադրում են էմբարգո` Լիբիայի հետ զենքի առևտրի վրա, լիբիական առաջնորդի հաշիվների սառեցում ու նրա, ինչպես նաև նրա ընտանիքի ու մերձավորների միջազգային այցերի արգելք»,- ասված էր այդ փաստաթղթում: Սրա հետ մեկտեղ Անվտանգության խորհուրդը պատմության մեջ առաջին անգամ միաձայն դիմեց Հաագայի Միջազգային դատարանին՝ մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի առնչությամբ։
«Թեև այս փաստաթուղթը ինքնին չի կարող կանգնեցնել արյունահեղությունը Լիբիայում, այդուամենայնիվ, այն խիստ կարևոր որոշում է, որն արտահայտում է միջազգային համայնքի համախմբված դիրքորոշումը»,- ավելի ուշ պիտի հայտարարեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի–մունը` բացահայտելով իրենց գործադրած ջանքերի իսկական էությունը: Ստացվում էր այնպես, որ միջազգային հանրության միասնությունն ավելին արժեր, քան լիբիացու արյունը:
Հերթական անգամ հարկ է լինում բախվել մի խնդրի, որը երկու դեմք ունի: Մի կողմից միջազգայնորեն ընդունելի սկզբունքներն են և հումանիստական մոտեցումները, իսկ մյուս կողմից մերկ իրականությունն է` շատ ավելի առարկայական և շատ ավելի կենսական: Երես դարձնել այդ ամենից` ոչ միայն պիտի նշանակեր զբաղվել ինքնախաբեությամբ: Դա նախ և առաջ պիտի նշանակեր այրել նահանջի բոլոր կամուրջները և փաստացի պարտադրել մեկուսացում, այնպիսի մի կացություն, որն արդեն իսկ հարկադրում էր դիմել ծայրահեղ միջոցների: Եվ հենց դա էլ կատարվեց Լիբիայի պարագայում: Քադաֆին հազիվ թե վարվեր այլ կերպ, քան վարվում է այժմ` ծուղակն ընկած գազանի կատաղությամբ հաշվեհարդար տեսնելով բոլորի հետ անխտիր:
Որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ Թուրքիայն այն քչերի շարքում էր, ովքեր Լիբիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ընդունված որոշումից անմիջապես հետո դատապատարտեցին ՄԱԿ-ի բանաձևը: Իսկ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ հայտարարեց, որ «դրանից ավելի շատ կտուժի Լիբիայի ժողովուրդը, քան ինքը` Մուամար Քադաֆին»: Նա նաև հավելեց, որ միջազգային հանրությունն ավելի շատ հետաքրքրված է լիբիական նավթով, քան այդ երկրի ժողովրդի ճակատագրով:
Ակամա մտաբերում ես հայկական ասացվածքը. «Երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»: Երկար տարիներ այս նույն` դատապարտող աշխարհը ներկա համերաշխությունից ոչ պակաս համերաշխ հանդուրժողականություն էր դրսևորում Քադաֆիի ու նրա ռեժիմի նկատմամբ` առանձնապես չմտահոգվելով ոչ ժողովրդավարության բացակայության, ոչ նրա իշխանության լեգիտիմության մասին: Շատ անգամներ էր Քադաֆին դաժան հաշվեհարդար տեսել ներքին հակառակորդների ու ընդդիմախոսների հետ, բայց ամեն անգամ այդ պղտոր ջրից չոր էր դուրս եկել: Իսկ հիմա փոխվել են պահանջները, ուրիշ են նպատակները և հանուն այդ մեծ նպատակների մի քանի հազար լիբիացու կյանքը ոչինչ չարժե: Այսպես են կարծում նրանք, ովքեր պատրաստ են ճաշակել իրենց կասկածելի համերաշխության պտուղները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: