Tag Archives: ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

13 Փտր

Ով ջարդված է, բնականաբար, կքաշվի մեջտեղեն, ով հոգնած է, կնստի, բայց ատով ոչինչ չի փոխվի: Եվ քաշվողներուն տեղը կուգան նորերը, մեկ նստողին տեղը ոտքի կելլեն ուրիշները: Եվ եթե այսօր մենք բոլորս ալ քաշվինք ասպարեզեն, վաղը հրապարակ կուգա նոր սերունդը հին դրոշակը բարձր պահած իր ձեռքին, որովհետև անիկա ալ ապրիլ պիտի ուզե իր ազգային կյանքովը: Վերջապես պետք է հասկնանք, որ ինքն իր տեղը ըլլալու և իր տիրապետության հասնելու պահանջը իմ ու քու հնարած խաղը չէ, ոչ մեզմով է սկսած և ոչ մեզմով կվերջանա:
Ազգը ապրող օրգանիզմ մըն է, որ քանի կենդանի է, ուզե-չուզե, ենթարկվի պիտի իր գոյության օրենքներուն: Եվ այս օրենքներուն ամենեն առաջինը իր լրիվ գոյությունը ունենալու, իր բոլոր ֆունկսիոններու տերը ըլլալու պահանջն է: Ամեն հիվանդ օրգանիզմի առաջին ձգտումը առողջանալն է, այսինքն` վերստին ձեռք բերել իր բոլոր օրգաններու ազատ ու առողջ գործածությունը, որոնցմե զրկված էր, և այդ պատճառով խանգարված, թուլացած ու տխեղծ էր դարձած ամբողջ օրգանիզմը:
Իր կամքեն ու պետականութենեն զրկված ժողովուրդ մը, ինչքան ժամանակ որ կապրի, միշտ պիտի ձգտի, անխուսափելի կերպով պիտի ձգտի իր կամքն ու իր ազատ պետությունը ձեռք բերելու: Կկարողանա, թե ոչ` ատիկա տարբեր հարց է, բայց որ պիտի տենչա ու ձգտի` ատոր տարակույս չկա:
Հենց որ դադրեցավ այդ պահանջը, հենց որ մեռավ անկախության ձգտումը, կնշանակե սկսված է ժողովուրդին հոգեվարքը: Իր ջիղերուն ու հոգիին մեջ կենսունակություն զգացող ժողովուրդ մը հրաժարել չի կրնար երբեք իր այդ ամենաբնական ձգտումեն:
Հայ ժողովուրդը, որ իր քսանյոթ դարերու գոյության ընթացքին իր կյանքին կեսը հպատակ է ապրած, միշտ ձգտեր է ձեռք բերելու իր թանկագին կորուստը, և կռիվ է մղեր աշխարհիս ամենեն հզոր բռնապետություններուն դեմ` հասնելու համար կամ պահելու համար իր անկախությունը…
… Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը և կվիրավորվի, և կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով:
Ինչի՞ է նման ամեն արժանիքե զուրկ ու ստորին ազգային գոյություն մը: Արդի ու անցյալ մեր բոլոր հալածանքը, մեր բոլոր տառապանքը, մեր մարդկային արժանապատվության այս բոլոր ոտնահարումը, անազատ կյանքի այս բոլոր լեղին եթե մենք կխմենք, կխմենք միայն մեկ նպատակով, որ դիմադրենք, մաքառինք, հանձն առնենք ամեն ինչ, մինչև որ ոտքի հանենք նորեն մեր ժողովուրդի լրիվ քաղաքակրթությունը, լրիվ ինքնուրույնությունը:
Իսկ եթե գոյություն պիտի չունենա այդ ձգտումը մեր հոգիներուն մեջ ու չպիտի վարե մեր շարժումները հանրային կյանքի մեջ, ի՞նչ արժեք ունի այլևս այս կիսատ ու քառորդ ազգային ցավագար գոյությունը, որ պահելու աշխատինք:

ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

23 Հկտ

Իջե՛ք,իջե՛ք,
երազներ,
իջե՛ք զգույշ
երազներ,
շոյո՛ղ,անո՜ւշ
երազներ,
իջե՛ք քնքո՜ւյշ
երազներ:

Ծաղիկ, կանաչ,
թարմ հյուսեր,
բախտի կարկաչ
ու հույսեր.
դող ու անձուկ
ու կարոտ,
ծածուկ արցունք
վարանոտ.
խելքի-մտքի
հակասում,
միշտ նո՛ր կյանքի
սպասում…

Իջե՛ք,իջե՛ք,
երազներ,

Գգվանք, ժպիտ,
գույն ու բույր,
աչեր վճիտ
ու համբույր.
իղձեր անվերջ,
անմեկին,
տագնապ ու տենչ
մոլեգին.
օրօր, գրգիռ
ու հույզեր,
սրտի թրթիռ,
երգ ու սեր…

Իջե՛ք,իջե՛ք,
երազներ,

Աստղեր թովիչ,
բոց ու կայծ,
ցնորքներ վառ
ու առկայծ.
հավատ ուժի,
մեծության
փառքի, կամքի
գոյության.
շռինդ, թնդյուն,
հպարտանք,
իմաստություն…
բյո՛ւր պատրանք:

Իջե՛ք,իջե՛ք,
երազներ…

%d bloggers like this: