Tag Archives: Լենինական

1926-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

22 Հկտ

1926 թվականի հենց այս օրը` հոկտեմբերի 22-ին Լենինականում տեղի ունեցավ ուժգին երկրաշարժ: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին, մեծ ավերածություններ եղան քաղաքում և հարակից 44 գյուղերում: Այդ աղետի մասին են պատմում այս բացառիկ լուսանկարները: Այն օրերին դրանք հրատարակվել էին բացիկների տեսքով, որպեսզի վաճառքից եկած գումարները ծառայեցվեն աղետյալներին օգնելու համար:

լենինական երկրաշարժ 1926-1

լենինական երկրաշարժ 1926

լենինական երկրաշարժ 1926-2

լենինական երկրաշարժ 1926-3

լենինական 1926

ՉԹՕ-Ն` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ

14 Նյմ

Գնդապետ Մ. Մարչենկոյի վկայությունը. «Երևույթը դիտվել է երեկոյան, ժամը 20.00-22.00-ի միջև: Ուզում եմ հավելել, որ 1965 թ. նոյեմբերի կեսերին ես ինքս անձամբ եմ տեսել այդ երևութը Հայաստանում, Երևանից Լենինական տանող ճանապարհին: Այդ երևույթը, կարելի է ասել, ունեցել է երեք փուլ: Սկզբում մենք նկատեցին վառ լուսավորված հսկա մի կետ, կարծես ցածր բարձրության վրա թռչող արբանյակ լիներ, որը հետզհետե իջնում էր: Այնուհետև այդ գնդի հետնամասում հայտնվեց լույսի մեծ շող` լայն լուսապսակով: Մի քանի րոպե անց լույսի շողն անհետացավ: Ճառագայթի անհետացումից հետո այդ երևույթը որքան մոտենում էր մեզ, վերածվում էր բոցավառվող գնդի: Թռիչքի արագությունը մոտավորապես հավասար էր ինքնաթիռի արագությանը, գնդի ծավալը ժամանակակից ինքնաթիռի կես չափի էր:

Երբ մենք հասանք Լենինական, բնակիչներից մի քանիսը մեզ ասացին, որ իրենք ևս դիտել են այդ երևույթը…»:dsc-0000327__c5ek1ps

ՊԱՅԾԱՌԱՏԵՍԸ, ՈՐ ԵԿԵԼ ԷՐ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՅԵՐԻՆ

6 Մրտ

Մեր կյանքը լի է զարմանահրաշ ու անհավանական իրադարձություններով: Ոմանք դրանց հավատում են, մյուսները շարունակում են մնալ թերահավատ, սակայն մարդկանց փոփոխական վերաբերմունքը չի նվազեցնում նման երևույթների ու դեպքերի առատությունը, ինչպես որ մարդկային հնարավորությունները չեն դադարում ապշեցնել իրենց սահմաններ չճանաչող նորանոր թռիչքերով:

Այսօր ուզում ենք պատմել ավելի քան քառորդ դարի վաղեմություն ունեցող մի դրվագ, որը ոչ միայն  արժանի է ուշադրության, այլև հանիրավի մոռացության է մատնվել, մինչդեռ այն ամենը, ինչ պատրաստվում ենք շարադրել ստորև, վառ երևակայության արգասիք չէ, այլ բազմաթիվ մարդկանց աչքի առաջ և նրանց անմիջական մասնակցությամբ կատարված իրողություն:eksta-1

Մեր հերոսը ոուս նկարչուհի Լարիսա Կորաբելնիկովան է: Նրա բացառիկ ընդունակությանը դժվար է այլ անուն տալ, քան պայծառատեսություն: Նա կարողանում էր ինֆորմացիա ստանալ ու փոխանցել տարածության վրա` օգտվելով քարտեզներից ու լուսանկարներից: Էքստրասենսի այս բնատուր շնորհը 1980-ականներին արդեն գիտնականների ուշադրության կենտրոնում էր: Պարահոգեբանության մասնագետներն այն տարիներին ջանում էին ամեն կերպ գտնել հոգեֆիզիոլոգիական երևույթների բացատրությունը` անվերջանալի լաբորատոր փորձերի ու դիտարկումների միջոցով: Շատերի թվում Կորաբելնիկովայի ընդունակություններով հետաքրքրվում էր նաև ՏԱՍՍ-ի թղթակից Ալեքսանդր Բոնդարենկոն և պարբերաբար այցելում էր լաբորատորիա: Դիտումներից բացի թղթակիցը ջանում էր գտնել այնպիսի անհերքելի փաստարկներ և այնպիսի իրավիճակներ, որոնք թույլ կտային գործնականում ի հայտ բերել եզակի ֆենոմենը և  ըստ այդմ մեընդմիշտ վերջ դնել նրա հանդեպ առկա անվստահությանը: 1988 թվականի Լենինականի երկրաշարժը տեղի ունեցավ հենց այդ օրերին:

1988 թ. դեկտեմբերի 9-ին Կորաբելնիկովան անձամբ զանգահարեց Բոնդարենկոյին և ասաց.

— Հայաստանում փլատակների տակ դեռ բազմաթիվ կենդանի մարդիկ կան: Եթե հաջողվի հասնել այնտեղ, ապա լուսանկարների ու քարտեզների օգնությամբ ես կարող եմ ասել, թե որտեղ փնտրեն աղետյալներին:

Հաջորդ օրն իսկ թղթակիցը գործի անցավ: Նա դիմեց Կարմիր Խաչին, Մոսկվայում Հայաստանի ներկայացուցչություն, Կանանց կոմիտե, իսկ մեկ օր անց հաջողվեց ձեռք բերել Կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի համաձայնությունը: Պայծառատեսն ու թղթակիցը ինքնաթիռով Երևան մեկնեցին անմիջապես:shiryayevs

Այն, ինչի ականատեսը եղան Հայաստանում, վեր էր պատկերացումներից: Ամենուր քաոսային իրարանցում էր տիրում: Իսկ աղետի հարվածներից ուշքի չեկած, ուժասպառ և տանջահար մարդիկ հենց լսում էին, թե ինչու էին ժամանել ռուս ընկերները, դա նրանց մոտ կամ բուռն զայրույթ էր հարուցում, կամ լավագույն դեպքում` դառը քմծիծաղ. «Այս սարսափելի պահին ի՞նչ գուշակության ժամանակն է»: Երևանի կոմերիտմիության շտաբում անհամեմատ զուսպ գտնվեցին և բացատրեցին, որ երկրաշարժի գոտում հիմա դժվար է գտնել լուսանկար կամ քարտեզ, ամեն բան փլատակների տակ է, իսկ դրան էլ գումարվել են ուժեղ սառնամանիքները` կասեցնելով փրկարարական աշխատանքների ընթացքը: Աղետյալների օգնության և անհետ կորածների որոնման կենտրոնում ուղղակի առաջարկեցին` եթե օգնել եք ուզում, նստեք այստեղ ու հեռախոսազանգերին պատասխանեք: Եվ նրանք նստեցին…

Կենտրոնը գտնվում էր Կոնսերվատորիայի շենքում: Հենց այստեղից էլ Լարիսա Կորաբելնիկովան սկսեց ապացուցել, որ իր ժամանումն անօգուտ չէ, իր նկատմամբ վերաբերմունքն` անարդար:

Որքան էլ զարմանալի թվա, բայց Հայաստան ժամանած պայծառատես կնոջ  մասին այնուամենայնիվ մարդիկ իմացան շատ արագ, ու սկսվեց վերջին հույսից կառչող հարազատների հոսքը: Լարիսային հարցնում էին, թե նա կարո՞ղ է կանգնել փլատակների մոտ և ասել` մարդիկ քարերի տակ դեռ կենդանի են, թե՞ ոչ: Ու երբ լսում էին բացասական պատասխան, հեռանում էին մեծ հիասթափությամբ: Կնոջ համար դժվար էր համոզել, որ ինչ-որ բան իմանալու համար անհրաժեշտ է նախ և առաջ ինֆորմացիա կրող որևէ իր, ու միայն այդ դեպքում կարող է գործի դնել իր հրաշագործ շնորհը: Կորաբելնիկովայի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ դիտելով 12 երեխաների լուսանկարները, նա անսխալ պատասխանեց, որ 5-ը զոհվել են, 6-ը գտնվում են ծանր վիճակում և միայն մի աղջնակ է ողջ ու անվնաս:

Հայաստանցիների վրա հատկապես ցնցող տպավորություն գործեց այն դեպքը, երբ նրան դիմեց մի տղամարդ` պատմելով, թե իրեն ասել են, որ որդին զոհվել է, բայց նա լսել է, որ վիրահատությունից հետո տղային տեղափոխել են Երևան: Սակայն մայրաքաղաքում գտնել չի հաջողվել: Սեղանին փռելով մի հսկա քարտեզ, Լարիսան երկար նայեց դրան ու վերջապես ասաց. «Ձեր տղան ողջ է: Նրան տեղափոխել են Ղրիմ»: Եվ դա իսկապես այդպես էր….eksta-2

Դեկտեմբերի 13-ին պայծառատես կինն ու նրա լրագրող ընկերը վերջապես մեկնեցին Լենինական: Ավերված քաղաքում հյուրերին մի փոքրիկ տեղ հատկացրեցին քաղաքի կինոթատրոնի մոտակայքում: Շատ ավելի ուշ Լ. Կորաբելնիկովան պիտի վերհիշեր իր զգայացունց տեսիլքի մասին. «… Երբ մենք քայլում էինք Լենինականի փողոցներով, ինձ հանկարծ ապշեցրեց այն, որ այդ սառնամանիքին ոմանք շրջում էին առանց հագուստի: Այդ մասին ասացի Սաշային: Նա զարմացավ ու ասաց, որ ոչ մի մերկացած մարդ չի տեսնում: Եվ այդ ժամանակ հասկացա, որ ես տեսնում եմ մահացածներին: Նրան արդեն պատկանում էին մեկ այլ աշխարհի, մինչդեռ հոգիները դեռ չէին գիտակցում այդ բանը: Ինձ թված, որ սիրտս չի դիմանա: Մահացածները գալիս էին իրենց հարազատների մոտ, սակայն վերջիններս նրանց չէին տեսնում ու չէին լսում»:

Աղետյալների օգնության շտաբում, վահանակների վրա փակցված էին փնտրվողների ցուցակները և մի քանի լուսանկարներ: Կորաբելնիկովան որոշեց սկսել հենց դրանցից: Նա մեկ առ մեկ թվարկեց նրանց անունները, ովքեր կենդանի էին: Լսելով այդ մասին, մարդիկ սկսեցին գալ ու բերել հարազատների անձնագրերն ու նկարները: Այնուհետև Լարիսան և Ալեքսանդրը այցելեցին քաղաքի կայազորի ղեկավարներին և այստեղ ևս առաջարկեցին իրենց ծառայությունը: Կայազորի պետն ասաց, որ քաղաքի անձնագրային ծառայությունների շենքերն ավերվել են, և անհնար է գտնել անհրաժեշտ փաստաթղթերը: «Լավ կլինի` Երևան վերադառնաք: Այստեղ անելիք չունեք»:

Մարդկանց անսահման վշտի մեջ օգնության եկածներն իրենց զգում էին չհասկացված ու միայնակ: Ոչինչ չէր մնում անել, քան վերադառնալ մայրաքաղաք: Սակայն նահանջելու մասին խոսք լինել չէր կարող:17_spitak_1

Երևանում հնարամիտ Ալեքսանդր Բոնդարենկոն որոշեց դիմել հայ գործընկերների օգնությանը: Նրանք գնացին «Արմենպրես» գործակալություն: Այստեղ հուշեցին, որ կարելի է դիմել քաղաքաշինության վարչությանը: Շտապեցին այնտեղ: Բացատրեցին, համոզեցին: Շուտով սեղանին դրվեց Լենինականի ընդարձակ քարտեզը: Այնտեղ արդեն կարմիր գույնով նշված էին փլուզված շինությունները: Լարիսան կենտրոնացավ ու սկսեց ձեռքի ափերը շարժել քարտեզի երկայնքով: Հանկարծ նա կանգ առավ, ցույց տվեց մի կետ և ասաց. «Այստեղ դեռ շատ կենդանի մնացածներ կան: Սա ի՞նչ շինություն է»: Պարզվեց, որ դա Լենինականի կոմպրեսորների գործարանն է:

Աշխատակիցներից մեկը թուղթ ու գրիչ վերցրեց և սկսեց մեկ առ մեկ նշել այն բոլոր վայրերը, որոնք ցույց էր տալիս պայծառատեսը: Դեկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ի դրությամբ Կորաբելնիկովան մատնացույց էր արել 18 հասցե, որտեղ դեռ կենդանի մնացածներ կային: Այնուհետև մեջտեղ բերվեց Սպիտակ քաղաքի քարտեզը: Սպիտակում նա կարողացավ մատնանշել 15 ավերված շինություն, ուր ողջեր կային: Հայաստանի Պետշինի նախագահի տեղակալ Ա. Ալեքսանյանն այդ գրառումներով մեկնեց Լենինական: Նույն օրը երեկոյան «Ժամանակ» հեռուստատեսային լրատվական ծրագրով հաղորդեցին. «Այսօր Լենինականի կոմպրեսորների գործարանի փլատակների տակից դուրս են բերվել կենդանի մնացած 27 քաղաքացիների»:

Շատ չանցած նրանց այցելել մի գեներալ` իր հետ բերելով Սպիտակի նոր քարտեզներ: Լարիսան դրանք ևս զննեց ու կանգ առավ մի կետի վրա: «Այստեղ ևս կենդանի մնացած շատ մարդիկ կան, բայց նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Եթե արագ դուրս չբերեք, բոլորը կզոհվեն»: Իսկ հետո հարցրեց. «Դա ի՞նչ շինություն է»:

— Վերելակների գործարանն է,- պատախանեցին նրան:

Սպիտակում, դժբախտաբար, օգնությունը ժամանակին տեղ չհասավ: Հաջողվեց փրկել ընդամենը մեկի կյանքը:

Լարիսա Կորաբելնիկովան և Ալեքսանդր Բոնդարենկոն Հայաստանում մնացին մոտ մեկ շաբաթ: Երկու ամիս անց Ա. Բոնդարենկոն մոսկովյան «Երիտասարդական կյանք» հանդեսի համարներից մեկում հրապարակեց «Անուղղակի նյութեր» վերտառությամբ հոդվածը` աղետի գոտի կատարած իրենց ուղևորության մասին: Դա սեփական արարքի ինքահաճո շարադրանք չէր, այլ փաստագրություն փրկված կյանքերի և դրանց համար ամեն գնով պայքարող մարդկանց մասին:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆf_18

ԼՈՒՅՍ ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ

9 Դկտ

Ողբերգությունն էլ իր պատմություններն է ունենում: Անուրախ, նաև անհավանական: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը բերեց սոսկալի մեծ ցավ, բայց և մարդկային ինքնազոհության, նվիրումի ու հնարամտության բազմաթիվ դեպքեր: Դրանցից մեկի մասին ենք ուզում պատմել, որն այն օրերին աննախադեպ երևույթ էր, սակայն ժամանակի ընթացքում մոռացության է մատնվել:

Երկրաշարժից հետո Լենինականում և շրջակա գյուղերում լուրեր էին պտտվում, թե ոմանք քաղաքի երկնքում թռչող ափսե են նկատել: Առավել սնահավատները պնդում էին, որ տեսել են, թե ինչպես է երկնքից լույս  իջնում` շտապելով դա համարել վերահաս ինչ-որ բանի նախանշան: Այն, որ այլմոլորակայիններ ու երկնային կանթեղներ չկային, դա հասկանալի էր: Բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում: Քաղաքի վրա լույս նշմարած մարդիկ իրականում ճշմարտությունն էին ասում: Միայն թե այդ լույսը սնվում էր բոլորովին այլ աղբյուրից: Իսկ հեղինակը երեք մոսկվացի երիտասարդներ էին, ովքեր այն ձմեռ շատերի պես մեր երկիր էին շտապել` օգնության ձեռք մեկնելու աղետյալներին:Armenia-32

Դեկտեմբերյան տարերքը ոչ միայն հողին էր հավասարեցրել քաղաքներ ու գյուղեր, այլև զրկել էր ողջերին օգնության հասնելու միջոցներից. շարքից դուրս էին եկել կոմունիկացիաները, բնակչությունը զրկված էր սննդից, ջրից, ջերմությունից ու լույսից: Վերջինը հատկապես խիստ անհրաժեշտություն էր: Բանն այն է, որ ավերված քաղաքում մութն ընկնելուն պես փրկարարական աշխատանքները դառնում էին համարյա անհնար: Հուսահատված մարդիկ ստիպված փլատակների մոտ խարույկներ էին վառում, միացնում էին մեքենաների լուսարձակները, սակայն այս դեպքերում էլ արդյունքը բավարար չէր, քանի որ հնարավոր էր լինում լուսավորել միայն արտաքին շերտը, մինչդեռ շատ ավելի կարևոր էր տեսնել այն, ինչ ներքևում էր: Առաջին իսկ օրերին ՆԳ նախարարության աշխատակիցներին հաջողվել էր ձեռք բերել այն ժամանակների համար եզակի սարքավորում` 3 ավտոնոմ լուսավորող գեներատորներ, որոնք վերամբարձ կռունկի օգնությամբ կարողանում էին բարձրացնել մինչև 9 մետր: Միայն թե սա էլ տեղաշարժման արգելքների պատճառով միշտ չէ, որ կարելի էր օգտագործել ճիշտ վայրում, ճիշտ պահին: Ու մինչ երկրաշարժի գոտում մտմտում ու որոնում էին արդյունվետ տարբերակներ, Ռուսաստանի մայրաքաղաքում ելքն արդեն գտել էին:Armenia-25

Դեկտեմբերի 14-ին Մոսկվայի կոմերիտմիության քաղկոմ հրավիրվեցին և այլոց թվում աղետի գոտի գործուղվեցին «Ֆենիքս» («Փյունիկ») խմբի անդամները: Հատուկ հրավերը և շտապ գործուղումը պատահական չէր: Այս խմբի տղաները սեփական նախաձեռնությամբ և միջոցներով ստեղծել էին 30 մետր խորհանարդ տարողությամբ մի աերոստատ: Հնարամիտ երիտասարդները իրենց գնդաձև աերոստատը ժամանակ առ ժամանակ օգտագործում էին գովազդային նպատակներով, ցանկացողներին վարձակալությամբ էին տալիս  և այդպիսով ապահովում էին որոշակի «կողմնակի» եկամուտ: Հավանաբար նրանցից ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե ինչպիսի առաքելություն է սպասվում իրենց հեռավոր Հայաստանում և ինչպես կարող էր այդ մեծ փուչիկը մարդկային կյանքեր փրկել:Armenia-19

Դեկտեմբերի 15-ին նրանք արդեն ճանապարհին էին: Ռազմական բեռնատար ինքնաթիռը  նրանց կտրեց նախատոնական Մոսկվայի աշխույժ եռուզեռից ու տեղափոխեց հարավ` դեպի ցավի օջախը: Այն, ինչ նրանց սպասվում էր Լենինականում, վեր էր բոլոր տեսակի պատկերացումներից: Սակայն հույզերին տրվելու ժամանակ չկար. անհրաժեշտ էր վայրկյան առաջ գործի անցնել:

Դեռ Մոսկվայում, իմանալով, թե ինչ նպատակով են Հայաստան մեկնելու, նրանք հասցրել էին մի քանի ժամում պատրաստել և աերոստատին ամրացնել կախիչ հարմարանքներ` մի բան, որի անհրաժեշտությունը նախկինում չէր զգացվել: Լենինականցիները ևս ամեն կերպ աջակցում էին` տրամադրելով հնարավոր ամեն բան, որ կարագացներ օդապարիկը պատրաստ վիճակի բերելու գործընթացը: Առաջին վայրը, որտեղ ուղարկեցին մոսկվացիներին, քաղաքի կենտրոնական հանրախանութի տարածքն էր: Հենց այստեղ էլ փորձարկվեց թռչող սարքի պիտանիությունը: Ուշ գիշերին Լենինականի կենտրոնի փլվածքների ու դրանց շուրջ խմբված մարդկանց վրա սփռվեց այնքան սպասված լույսը: Եվ դա միայն լուսավորություն չէր` խավարի մեջ: Դա փրկելու, կյանքի կոչելու, դժբախտությունը ետ մղելու հույսն էր…Armenia-29

15 օր շարունակ լույսը կախված էր քաղաքի վրա: Երեք ռուս տղաներն աշխատում էին օր ու գիշեր: Ցերեկը կարգի էին բերում սարքավորումները, իսկ մութն ընկնելուն պես մեկնում քաղաքի անհրաժեշտ թաղամասը: Երբեմն հարկ էր լինում մի գիշերվա ընթացքում մի քանի վայրերում լինել: Ամեն կողմից կանչեր էին լինում: Հատկապես շատ էին ահազանգերը նրանց կողմից, ում հարազատները դեռ փլատակների տակ էին: Միայն մեկ անգամ, երբ քամու ուժգնությունը հասել էր վտանգավորության աստիճանի ու կարող էր պարզապես քշել-տանել աերոստատը, տղաները ստիպված եղան կարճ ժամանակով այն իջեցնել:

Չկա վիճակագրություն, թե նրանց շնորհիվ քանիսին հաջողվեց փրկել: Իրենք էլ համեստաբար լռում են, թեև որոշ ակնարկներից կարելի է կռահել, որ այդ թիվը փոքր չէր: Այդ մարդիկ հետայսու պիտի կոչվեին «աերոստատով փրկվածները»…armenia_31r

«Դեկտեմբերի 31-ի առավոտյան մենք վերադարձանք Մոսկվա: ՊԱԶ-իկը մեզ օդանավակայանից հասցրեց մետրո: Եվ մենք տեսանք քաղաքը` ամբողջական, կանգուն տներով, զարդարված եղևնիներով և ամանորի գալստյան մասին պաստառներ: Այստեղ արդեն ոչ մի տեղից մեզ չէր հասնում սովորական դարձած դիակների ծանր հոտը, այստեղ քայլում էին վառ շրջազգեստներով կենդանի աղջիկներ: Եվ այդ ամենի կենտրոնում կանգնել էինք մենք` սևացած արտահագուստով, ուռած դեմքերով…»,- հետո պիտի վերհիշեր տղաներից Ստանիսլավը: Նոր տարին այս անգամ այլ հայացքով էր նայելու 15 օրում հասունացած երիտասարդներին…

 ՀԳ.- Այս եզակի լուսանկարների համար պարտական ենք խմբի անդամների մեկին և նրա սիրողական «Սմենա-8» ֆոտոապարատին: Ի դեպ, Հայաստան մեկնելուց րոպեներ առաջ պարզվել էր, որ ապարատի մեջ ժապավեն չկա: Վաճառողը, իմանալով, որ տղաները Լենինական են մեկնում, նրանցից գումար չի վերցրել…

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ1988_12_12_Armenia

%d bloggers like this: