Tag Archives: լեգենդ

ԼԵԳԵՆԴ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՄԱՍԻՆ

9 Մյս

Մի գեղեցիկ լեգենդ կա Հայոց արքա Տիգրան Մեծի մասին: Ասում են, որ հեռավոր արշավանքներից վերադառնալիս նա ընտրում էր Հայրենիք տանող այն ճանապարհը, որն անցնում էր որևէ ջրվեժի մոտով: Կանգ էր առնում, մտնում էր գահավիժող սառնորակ ջրի տակ, ցողում էր հաղթ մարմինը զուլալ շիթերով և միայն հետո ուղևորվում էր դեպի իր ապարանքը:
Հպատակներին զարմանք էր պատճառում արքայի այդ տարօրինակ քայլը, սակայն չէին համարձակվում հարցնել, թե ի՞նչ է նշանակում ջրօծման ծեսը՝ իմանալով, որ Տիգրանը չէր սիրում բացատրություններ տալ իր արարքների մասին: Բայց մի օր նրա զորավարներից մեկն, այնուամենայնիվ, քաջություն է ունենում դիմելու նրան.
— Տեր իմ,- հարցնում է նա,- ինչու՞ ես դու ընտրում այս վայրի ջրվեժը, երբ մարմինդ կարող են լվանալ քո ծառաները ոսկեպատ ավազանի մեջ, վարդաջրով ու անուշահոտ հեղուկներով:
Եվ Տիգրան Մեծը պատասխանում է նրան.
— Ես մարմինս մաքրում եմ օտար փոշիներից իմ երկրի սրբազան գետերում, քանզի Հայրենիքի անապական ջուրն է միայն, որ ինձ տալիս է կենարար ուժ և հզորություն:tigranes-the-great

Ջերմուկի ջրվեժի լեգենդը

27 Մրտ

Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը, նշանակում է’ չլինել Ջերմուկում: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը: Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում: Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն: Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը շուտով իմանալով այդ մասին’ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և, հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Նարեկ Միրզոյան92793745_Dzhermukskiy_vodopad_1

Մի մոռացված լեգենդ

8 Նյմ

1950-ականներին Երևանում ապրել ու աշխատել է մի հմուտ քարագործ վարպետ, ով մեկ ձեռք է ունեցել: Բայց նույնիսկ մի ձեռքով նա կառուցել է մեր մայրաքաղաքի լավագույն շենքերը: Նրա մասին լեգենդներ են պատմում: Իսկ այսօր, ցավոք, ոչ ոք չի հիշում այդ վարպետին: Ինձ հաջողվեց գտնել նրա լուսանկարը: Սակայն անունը չգիտեմ, մինչդեռ այսպիսի մարդկանց մոռանալ չի կարելի:

 Հովիկ Չարխչյանմիձեռքանի քարագործ վարպետը, 1950

ԼԵԳԵՆԴ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

30 Սպտ

Շատ ժամանակներ առաջ կար մի կղզի, որի վրա ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները. Ուրախություն, Տխրություն, Իմացություն և այլն: Նրանց հետ միասին ապրում էր նաև Սերը: Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին կամաց-կամաց ծածկվում է ջրով և շուտով կանցնի ջրի տակ: Բոլորը նստեցին իրենց նավերն ու լքեցին կղզին: Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեները: Երբ կղզին գրեթե ամբողջությամբ սուզվել էր ջրի տակ, և Սերը հասկացավ, որ այլևս հույս չկա, թե կղզին կփրկվի, սկսեց օգնության կանչել: Մոտակայքով անցնում էր Հարստության շքեղ նավը:
Սերը խնդրեց նրան վերցնել իրեն, սակայն Հարստությունն ասաց, որ իր նավի վրա այնքան թանկարժեք իրեր, ոսկի ու արծաթ կա, որ Սիրո համար տեղ չկա:
Այդժամ Սերը դիմեց Գոռոզությանը, ով նույնպես անցնում էր կղզու մոտով, բայց ի պատասխան լսեց, որ իր ներկայությունը կխախտի Գոռոզության նավի վրա տիրող կանոնակարգվածությունն ու կատարելությունը:
Այնուհետև, նկատելով Տխրության նավը, Սերն աղերսանքով դիմեց նրան:
— Օ՜, Սեր, — պատասխանեց Տխրությունը.- ես այնքան տխուր եմ, որ պետք է մենակ մնամ:
Կղզու մոտով իր նավով անցավ նաև Ուրախությունը, սակայն նա այնքան ուրախ էր, որ անգամ չլսեց Սիրո աղերսանքը:
Հանակարծ Սիրո ականջին մի ձայն հասավ. «Արի, Սեր, ես քեզ կվերցնեմ ինձ հետ»: Սերը շրջվեց և տեսավ մի ալևոր ծերունու ու այնքան ուրախացավ, որ անգամ մոռացավ հարցնել նրա անունը: Երբ նրանք հասան ցամաքին, Սերը իջավ նավից, իսկ ծերունին շարունակեց իր ճանապարհը:
Եվ երբ ծերունու նավակը անհայտացավ տեսադաշտից, Սերը հանկարծ սթափվեց. նա նույնիսկ շնորհակալություն չէր հայտնել ծերունուն: Սերը դիմեց Իմացությանը.
— Իմացություն, ասա ինձ, ո՞վ էր իմ փրկիչը:
— Դա Ժամանակն էր,- պատասխանեց Իմացությունը:
— Ժամանա՞կը,- զարմացավ Սերը,- հանուն ինչի՞ նա ինձ օգնեց:
Իմացությունը նայեց Սիրո շփոթված դեմքին և պատասխանեց.
— Միայն Ժամանակը գիտի, և միայն նա է հասկանում` որքան կարևոր է կյանքում Սերը:

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

2 Փտր

ԼԻԼԻԹ
… Խենթացած թափառում էր Ադամ, առանց դադարի, դրախտի մեկուսի վայրերը։
Ամայի էր դարձել դրախտը, և թռչունների երգերը ձանձրացնում էին նրան։
«Լիլի՛թ, Լիլի՛թ, ա՛խ, Լիլի՛թ»,- հառաչով ու լալով կոչում էր նա, և հառաչելով անցնում էր նրա լացը ծառերի տերևների միջով, կիզելով ծառերի տերևները։
Գիշերները խռովահույզ երազների մեջ տեսնում էր շարունակ դավաճան Լիլիթին՝ միշտ սատանայի գրկում։
Անհույս էր Ադամի հոգին և, նզովելով աստված ու անմահություն՝ մահ էր տենչում։Եվ աստծուն լսելի եղան Ադամի հառաչանքները. կարեկցեց նրան, և ինքն իր մեջ սուզված խորհեց, որ անկարելի էր վերև սլացող հուրը ընկերացնել երկրին կառչող հողին։
Եվ թմրություն բերեց Ադամի վրա և նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Ադամին, կարողանա սիրել միայն նրան և մխիթարել մանավանդ։
Ադամ, երբ աչքերը բացեց, տեսավ իր մոտ նստած մի նոր ընկեր, ո՛չ Լիլիթի պես կատարյալ և հրեղեն գեղեցիկ, սակայն դարձյալ գեղեցիկ, բայց հողաբույր, բայց մարդկորեն։
Եվան մոտեցավ Ադամին, գլուխը դրեց նրա ուսին և մեղմիկ ժպտաց՝ նվիրված աչքերով նայելով Ադամի տխուր, երազուն աչքերին։
Սակայն Ադամ՝ նստած Եվայի կողքին, երբ լսում էր վարդենիների շրշյունը՝ նրա մեջ Լիլիթի շունչն էր առնում։ Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն էր զգում և սոխակների երգերի մեջ՝ Լիլիթի ձայնը։
Երբ բարի Եվան գգվում էր Ադամին և իր սև մազերով ծածկում էր Ադամի դեմքը, Ադամ տեսնում էր սակայն Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն, որ ծածկում էին բոլոր հորիզոնները։
Երբ փոթորիկ էր լինում և մրրիկ, նա տեսնում էր Լիլիթին իր մո տով շեշտակի անցնելիս, և երբ կայծակն էր ճեղքում երկինքը- Լիլիթի հրեղեն սերն էր այդ, որ ճեղքում էր Ադամի հոգին։
Երբ գոցում էր բիբերը՝ իր սրտի մեջ տեսնում էր Լիլիթի անհուն գեղեցիկ պատկերը, երբ նայում էր աստղերին — աստղերի մեջ տեսնում էր Լիլիթի աչքերը և անհուն արևի մեջ- ամբողջ Լիլիթին… «Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։
Եվ երբ ճիգ էր անում Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում- նա այդ ժամանակ Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին…
Եվ ապրեց Ադամ՝ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին…

ԼԵԳԵՆԴՆԵՐ ԱՐԵՎԻ ՄԱՍԻՆ

2 Նյմ

Մի կին իր որդու համար գուլպա է գործելիս լինում: Երբ քիչ է մնում վերջացնելու, արևը պատրաստվում է մայր մտնել: Որդին խնդրում է արևին սպասել, մինչև մայրը կվերջացնի գուլպան: Արևը կատարում է նրա խնդիրքը: Երբ ուշ երեկոյան արևի մայրը հարցնում է արևին, թե ինչու՞ այդքան ուշացավ, արևը պատմում է եղածի մասին: Արևի մայրը անիծում է տղային, որ նա ցերեկը մեռնի, գիշերը կենդանանա, իսկ նրա մայրը էլ երբեք չվերջացնի գուլպան: Տղան ցերեկները մեռնում է, գիշերները կենդանանում, գալիս է մոր մոտ և խնդրում իր գուլպան: Մայրը չի կարողանում վերջացնել գուլպան, որովհետև գործածը ինքն իրեն քանդվում է, և տղան ստիպված թափառում է ոտաբոբիկ…

* * *
Մի աղջիկ արևը մայր մտնելուց հետո տունն ավլել և աղբը դուրս է ածել: Ծերեկը արևի մոտ սևերես լինելով, նա մեռած է մնում, գիշերը` կենդանանում: Աղջկա հայրը հագնում է երկաթե տրեխներ, ձեռքն է առնում երկաթե գավազան և ճանապարհ ընկնում արևի մոտ` նրանից խնդրելու այն ջրից, որով արևը լվանում է իր երեսը: Ասում են, թե մինչ այսօր էլ աղջկա հայրը շարունակում է թափառել և չի կարողանում գտնել արևի բնակարանը:

* * *
Առավոտյան, երբ արևը դուրս է գալիս ծովից` երկրին շատ մոտիկ է լինում, ջերմությունը` սաստիկ: Նա կարող է այրել ու մոխիր դարձնել երկիրը, եթե դեմը դուրս չգա մի մեծ թռչուն, որն իր հսկայական թևերով հովանի է անում երկրին, մինչ արևը բարձրանում է երկնքի մեջտեղը, հեռանում երկրից, որով պակասում է նրա ջերմությունը: Թռչունի թևերը խանձվում են, նա կիսակենդան ընկնում է ծովի մեջ, զովանում, բուժում թևերը և մյուս առավոտ նորից կազդուրված դուրս է գալիս արևի դեմ` երկրին հովանի անելու:

Քաղեց և շարադրեց Վ. Ֆերեշեթյանը

ԼԵԳԵՆԴ

28 Հկտ

Ուժասպառ ճամփորդը քարշ էր գալիս ծովափով։ Հետ նայելով՝ նա ավազի վրա տեսնում էր իր ոտնահետքերի միայնակ հետագիծը։ Գիտակցությունը կորցնելով՝ ճամփորդը հանկարծ տեսավ ոտնահետքերի ևս մի շարան։ Նա բարձրացրեց աչքերը և իր կողքին տեսավ Աստծուն։ «Մի՛ հուսահատվիր։ Ես քեզ երբեք չեմ լքի։ Քո գոյության ամեն մի ակնթարթ, նույնիսկ ամենածանր պահերին ես միշտ կողքիդ կլինեմ»։
Կյանքն արագ անցավ։ Ալեհեր ու տանջահար ճամփորդն էլի թափառում էր Կյանքի Օվկիանոսի ափով։ Վերջին անգամ հետադարձ հայացք գցելով իր տարիներին՝ նա տեսավ, որ երբեմն ոտնահետքերի երկու շավիղներն ընդհատվում են, և միայնակ ձգվում է միայն մի ոտնահետքը. միայնակություն կյանքի ամենադժվարին պահերին։ Այնժամ ճամփորդը գոռաց Աստծո վրա. «Աստվա՜ծ իմ, դու ստախո՛ս ես։ Դու լքե՛լ ես ինձ։ Նայի՛ր իմ կյանքի ամենավտանգավոր օրերին. այնտեղ միայն ի՛մ ոտնահետքերն են»։ «Սիրելի՛ս,- հանգիստ պատասխանեց Աստված,- Դու սխալվում ես. Դրանք ոչ թե քո ոտնահետքերն են, այլ իմ, որովհետև կյանքիդ ամենադժվարին պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել»։

ԶՎԱՐՃԱԼԻ ԼԵԳԵՆԴ

28 Հկտ

Մի օր Եվան գալիս է Աստծո մոտ և ասում.
— Աստվա’ծ, դու տվել ես ինձ ամեն ինչ` այս հրաշալի այգին, գետերը, լճերը, սքանչելի ու զարմանահրաշ կենդանիները, նույնիսկ խնձորի ծառն ու օձը: Բայց ես ինձ դժբախտ եմ զգում այս հսկա այգում:
— Ինչու՞,- հարցրեց Աստված:
— Որովհետև ես միայնակ եմ, և, բացի այդ, ինձ ահավոր հոգնեցրել են խնձորները:
— Լա’վ, այդ դեպքում ես քեզ համար կստեղծեմ տղամարդուն:
— Իսկ ի՞նչ է տղամարդը,- զարմացավ Եվան:
— Դա կլինի մի փչացած անձնավորություն` բազմաթիվ վատ սովորություններով: Նա կլինի խաբեբա և փառասեր, բայց կլինի քեզնից ուժեղ և արագ: Նա կսիրի որսալ և սպանել: Կհետաքրքրվի այնպիսի մանկական խաղերով, ինչպիսիք կռիվներն են և գնդակով խաղերը: Բայց, միևնույն ժամանակ, նա շատ խելացի չի լինի, այնպես որ նրան անհրաժեշտ կլինեն քո խորհուրդները: Եվ ես նրան կստեղծեմ այնպես, որ նա բավարարի քո բոլոր պահանջմունքները…
— Հրաշալի է հնչում,- բացականչեց Եվան,- բայց ինչ-որ ծուղակ կա:
— Դե… ,-ասաց Աստված,- դու նրան կստանաս միայն մի պայմանով:
— Եվ ո՞րն է դա:
— Ես արդեն ասացի, որ նա հպարտ և եսասեր կլինի… Այնպես որ դու պիտի թույլ տաս նրան հավատալ, որ ես նրան առաջինն եմ ստեղծել… Դա կլինի մի փոքրիկ գաղտնիք մեր` կանանց միջև…

%d bloggers like this: