Tag Archives: Լավրով

Լավրովի բացած փակագիծը

25 Հնվ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած վերջին հանդիպման նկատմամբ ձևավորված թերահաված տրամադրություններին առայժմ միակ հակաճառողը եղել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Կարելի է մտածել, որ նա այդ դերը ստանձնել է ի պաշտոնե՝ չափից ավելի կարևորելով մի հանդիպում, որն իրականում այնքան էլ արգասաբեր չէր: Սակայն մինչ վերջնական եզրահանգման գալը թերևս մեկ անգամ էլ անդրադառնանք Լավրովի հետբանակցային ասույթներին, որոնք էական են այնքանով, որ հավելյալ երանգներ են հաղորդում նախագահների ընդունած համատեղ հայտարարությանը և բացում են մի քանի փակագծեր: Իսկ այդ կարգի թռուցիկ բացահայտումները թույլ են տալիս միանգամայն այլ տպավորություն ստանալ նախագահների պայմանավորվածությունների և դիրքորոշումների մասին:
Առաջին կարևոր նկատառումը, ինչի մասին խոսեց Լավրովը, այն էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման շրջանակներում անհրաժեշտ են համարել հեռանալ մաքսիմալիստական տեսակետներից` ապահովվելու համար արցախյան հակամարտության կարգավորման առաջընթացը: Նման պնդումը խիստ հատկանշական է մի քանի առումներով: Նախ, ստացվում է, որ նախագահներն իրենք են խոստովանում, թե մինչ այս որդեգրել են ծայրահեղ պահանջներ, իսկ այժմ պատրաստ են նահանջել դրանցից՝ գիտակցելով, որ նման կեցվածքը խոչընդոտում է խնդրի կարգավորմանը: Մյուս կողմից սա ըստ էության նույնն է, եթե խոսելու լինենք փոխզիջումային քայլերի մասին: Այլ խնդիր է, թե հատկապես ո՞ր դեպքերում են կողմերը պատրաստ տեղի տալ և համաձայնության ո՞ր կետերին են դրանք վերաբերում: Երբ Լավրովը հավելում է, որ կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են արցախյան կարգավորման գործընթացում չհամաձայնեցված հարցերը, ապա կամա թե ակամա պետք է հանգել այն հետևությանը, որ խոսքը կամ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին կամ վիճարկելի տարածքներին: Այս դեպքում հարց է ծագում, թե նրանցից հատկապես ո՞վ է պատրաստ կատարելու նման պատասխանատու և արմատական քայլը:
Երևանում ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համոզված են, որ մաքսիմալիստական դիրքորոշումներից նահանջելու անհրաժեշտության մասին այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված է Ադրբեջանին, քանի որ Հայաստանի տեսակետը հայտնի է և այդ մասին շատ վաղուց է ասվել: Հայերի համար Արցախի անկախությունն այլընտրանք չունի, Արցախի անկախության միջազգային ճանաչումից և կարգավիճակի ճանաչումից հետո ժողովուրդն իր ղեկավարության հետ կորոշի, թե հատկապես որ հարցերում կգնա փոխզիջումների: Սակայն արի ու տես, որ Բաքվում էլ նույն կերպ են դատում Հայաստանի մասին և պնդում են, թե այս ակնարկներն անմիջականորեն առնչվում են գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերմանը: Ամեն պարագայում, այդպես էլ չհստակեցնելով առանցքային հարցի մանրամասները, Ռուսաստանի ԱԳ նախարարն առաջ է անցնում և հայտնում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել արագացնելու Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը և դա հիմք ունենալով` սկսել աշխատանքը Խաղաղության համաձայնագրի շուրջ։
Արագություն և նահանջ՝ հանուն փոխզիջման: Ահա այն երկու գայթակղության քարերը, որոնց վրա կարելի է սայթաքել և կամ դրանք հաղթահարելով հասնել լուրջ առաջընթացի: Միայն թե ո՞վ է պատրաստ առաջինը կատարել այդ համարձակ քայլերը, ճանապարհ բացել տեղաշարժի համար: Սա ոչ միայն անպատասխան հարց է, այլև չափազանց կասկածելի պնդում: Չկա այնպիսի մի նախադրյալ, որը կդրդի հատապես այս պահին ձեռնարկել վճռորոշ գործողություններ: Փոխարենը հարակից խնդիրներում կարելի է լինել շատ ավելի անկաշկանդ, հանդես բերել ոչ միայն պատրաստակամություն, այլև ընդգծված նախանձախնդրություն: Օրինակ, կարելի է միջնորդներից կոնկրետ ընթացակարգերի կատարման վերաբերյալ առաջարկներ սպասել՝ հրադադարի գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության նպատակով, ինչն էլ արեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զեկույց են պատրաստել, որը նկարագրում է միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմը: Այն ներկայացվել է նախագահներին»,- տեղեկացրել է Լավրովը և ապա հավելել, որ նախագահներն իրենց հերթին հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը՝ ելնելով նրանից, որ պետք է նման միջադեպերի հետաքննության ուղղությամբ կոնկրետ ընթացակարգեր նշանակել:
Սրանից զատ երկու հակամարտ երկրների նախագահները դիմել են Ռուսաստանին` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար կապերի հաստատման հարցում միջնորդ դառնալու համար: «Ռուսաստանին հասցեագրված է եղել Բաքվի ու Երևանի խնդրանքը, որպեսզի մենք հանդիսանանք նման հարաբերությունների նախաձեռնողը: Դմիտրի Մեդեվեդևն, իհարկե, համաձայնել է», — ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ նման հարաբերությունները կարևոր դեր են խաղում վստահությունը վերականգնելու գործում, ինչպես նաև նպաստավոր պայմաններ են ստեղծում քաղաքական որոշումների ընդունման համար:
Խոսել հումանիտար կապերի, նոր շփումների ու երկխոսության մասին՝ նույնն է, թե ասել. «Ջնջենք ամեն բան ու սկսենք դատարկ էջից», քանի որ այսպես կոչված «վստահությունը վերականգնելու գործընթացքը» վերջին հաշվով այլ բան չէ, քան յուրաքանչյուր պայմանավորվածության սկզբնաքարը: Բայց նույնիսկ մարդասիրական այս նախաձեռնությունը իր քաղաքական թաքնված խութերն ունի, և հենց այդ վտանգավոր խութերին չբախվելու համար էլ ժամանակին Ղարաբաղը պաշտոնապես հրաժարվեց ամեն կարգի մարդասիրական երկխոսությունից, եթե այն հիմնվելու էր այսպես կոչված «համայնքային հիմքի» վրա: Այժմ արդեն հասկնալի է դառնում, թե Բաքվին այդ գաղափարն ինչու է այսքան ոգևորել: Դեպքերից առաջ ընկնելով, ադրբեջանցիներն արդեն շտապել են հայտարարել, թե իբր հնարավոր է, որ «ամենամոտ ժամանակներում կայանա ադրբեջանական և հայ մտավորականության նոր հանդիպում։ Բացառված չէ, որ այն կկայանա Մոսկվայում, որից հետո այցեր կկատարվեն Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ»։ Նոստալգիկ տրամադրությունները նրանց մոտ նույնիսկ հուշեր արթնացրեցին 2009 թվականի մասին, երբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ կայացավ երկու երկրների մտավորականների առաջին հանդիպումը, որոնք եղան Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում։
Ահա թե բանակցությունների գործընթացը որ կետից դեպի որ կետն է գլորվում: Եվ հենց այդ մասին էր տեղեկացնում Սերգեյ Լավրովը՝ այս բոլորի տողատակում շեշելով իր համար ամենաէականը՝ այն, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կպահպանի իր դիրքերը և կշարունակի աջակցել կողմերին՝ դիրքորոշումների մերձեցման գործընթացում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Լավրովին ճիշտ չեն հասկացել

29 Սպտ

Եթե վերհիշելու լինենք վերջին մեկ տարվա իրադարձությունները (ընդ որում, սա նվազագույն ժամանակահատվածն է, որ կարելի է իբրև օրինակ ընտրել), ապա կտեսնենք, թե Հայաստանը քանի-քանի անգամ ցանկացել է Ռուսաստանից հավաստիացում կորզել այն բանի մասին, որ պատերազմի բռնկման դեպքում կստանա Մոսկվայի աջակցությունը: Սակայն յուրաքանչյուր անգամ ռուսները խուսանավել են կոնկրետ պատասխանից՝ այդպես էլ անորոշության մեջ թողնելով թե մեզ, թե մեր հակառակորդներին: Ինչպես ասում են, այս խնդիրը բաց է մնում: Այդ իսկ պատճառով էլ չափազանց զարմանալի էր, երբ լրատվամիջոցները հաղորդեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի մասին: Ավելի ճիշտ՝ ելույթի այն հատվածի մասին, որն առնչվում էր Կովկասի իրավիճակին: Ըստ այդ հաղորդումների, նախարարն ասել էր հետևյալը. ««Ցանկացած երկրի կողմից հակաիրավական ուժ կիրառելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: Սա, իհարկե, աննախադեպ պարտավորություն էր: Մի դեպքում Ռուսաստանն անուղղակի կերպով հասկացնում է, որ տարածաշրջանը գտնվում է իր հսկողության ներքո, մյուս կողմից զգուշացնում է, թե չի մնա պասսիվ դիտորդի դերում, եթե այնտեղ ինչ-որ բան կատարվի ոչ իր ցանկությամբ կամ արտոնությամբ: Այլ կերպ ասած՝ ստոատուս-քվոյի խախտմանը պիտի հաջորդի «խաղաղության պարտադրումը»:
Լավրովի ելույթից անմիջապես հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ մերձակա երկրներում շատերը այդ մտքերը վերագրեցին հայ-ադրբեջանական հակամարտությանը: Եվ դա բնական էր: Հաշվի առնելով Մոսկվայի ներգրավվածության աստիճանը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, նրա ռազմական համագործակցության աստիճանը Հայաստանի հետ և ՀԱՊԿ շրջանակներում առկա փոխգործակցության լծակները, միանգամայն տրամաբանական պիտի դիտվեր տարածաշրջանային լարվածության գլխավոր օջախ համարել հատկապես Ղարաբաղը, իսկ ռուսական վերաբերմունքը՝ ասվածի հետևանք:
Ճիշտ այդպես էին մտածում նաև Ադրբեջանում: Եվ ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ Բաքվում լրագրողներն անմիջապես վազ տվեցին այդ երկրում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի մոտ՝ լսելու վերջինիս մեկնաբանություններն ու արձագանքը, ինչր, ըստ ադրբեջանցիների, պետք է որ հնչեր հակազդեցության երանգներով: Սակայն Բրայզան հիասթափեցրեց բոլորին: Միացյալ Նահանգների դեսպանը նրանց ասաց, թե ինքը չի լսել Լավրովի այդ հայտարարությունը, դրա համար էլ չի կարող մեկնաբանել այն։
Փոքր-ինչ դժվար է հավատալ այս խոսքերի անկեղծությանը: Դժվար է հավատալ, թե ԱՄՆ դեսպանը կարող էր նման անտարբերություն հանդես բերել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այն հայտարարության նկատմամբ, որ վերաբերում էր Բրայզայի հետաքրքրության կիզակետում գտնվող տարածաշրջանին: Շատ ավելի իրատեսական պիտի լինի կարծել, որ դեսպանը դեռևս ձեռքի տակ չուներ սեփական երկրի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը, և պատասխանից խուսանավելու ամենահարմար տարբերակը անտեղյալ ձևանալն էր: Դրա փոխարեն ամերիկացին նկատեց, որ ներկայումս ոչ ոք չի խոսում ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման մասին, քանի որ խնդրի լուծման այդ տարբերակն անհնար է։ «Ներկայումս, ի տարբերություն ոչ վաղ անցյալի, ես որևէ հայտարարություն չեմ լսել ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման մասին, և տվյալ փաստը բանակցային գործընթացի դրական զարգացում է։ Գլխավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն է»,- ասել էր նա:
Այս պարագայում Բրայզայի զգուշավորությունը միայն խրախուսանքի է արժանի, քանի որ հակառակ դեպքում նա պարզապես կհայտնվեր զավեշտալի իրավիճակում, ինչպես որ հայտնվեցին շատերը: Ցանկալին իրականության տեղ ընդունելու մղումը մարդկանց հեռացրել է ճշմարտությունից այն չափով, որ վերջիններս պատրաստ չեն Լավրովի խոսքերն ընկալել ամբողջական կոնտեքստում: Մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարի ելույթի այդ աղմկահարույց հատվածը վերաբերում էր ոչ թե Ղարաբաղին, այլ ռուս-վրացական խնդիրներին: Լավրովը բառացիորեն հետևյալն էր ասել. «Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի, Վրաստանի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման երաշխավոր հանդես գալ»: Եվ միայն սրանից հետո հաջորդում էին նրա մտքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեռնարկելիք քայլերի մասին: Ընդ որում, Լավրովը նաև նշել էր, որ Ռուսաստանը կողջուներ նույնպիսի պարտականությունների ստանձնումը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից: «Որպես երաշխավորներ` մենք պատրաստ կլինենք տարածաշրջանում բռնության վերսկսումը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, իսկ որևէ մեկի կողմից ուժի հակաիրավական կիրառման դեպքում` հասնել իրադրության շուտափույթ կարգավորմանը միջազգային իրավունքի գործող նորմերի հիման վրա»,- ընդգծել էր նա: Ասվածը հաստատում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ գրված է, թե Լավրովը նշել էր, որ պետք է թույլ չտալ Կովկասում ուժային սցենարի կրկնությունը, ինչպես դա եղավ 2008թ. օգոստոսին՝ Թբիլիսիի կողմից հրահրված արկածախնդրության հետևանքով։
Երբ նրա ելույթը դիտարկում ենք այս տեսանկյունից, ամեն բան անմիջապես իր տեղն է ընկնում: Այլևս չկան ոչ անակնկալներ, ոչ սենսացիոն շրջադարձեր: Ու՞մ համար է գաղտնիք, որ հանուն Աբխազիայի ու Օսիայի Մոսկվան կգնա մինչև վերջ: Ասվածի ամենաթարմ ապացույցն էլ եղավ այն, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքում ռուսական ռազմակայանների ստեղծման մասին այդ հանրապետությունների հետ կնքված համաձայնագրերը: Խոսքը նշված տարածքներում 49 տարվա ընթացքում ռուսաստանցի զինվորականների մշտական ներկայության մասին է՝ համաձայնագրերի հետագա հնարավոր երկարաձգմամբ:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա ՄԱԿ-ի ամբիոնից Լավրովն այդ մասին նույնպես խոսեց: Նա կոչ արեց հակամարտության կողմերին` օգտվել լրացուցիչ հնարավորություններից, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի միջնորդական գործունեության շնորհիվ: Նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ Ռուսաստանն առաջադրելու է հրադադարի ռեժիմի ամրապնդման ու վստահության հաստատման միջոցառումներ: «Մենք կշարունակենք լրացուցիչ հնարավորություններ առաջարկել` խաղաղ կարգավորման հասնելու համար, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի ջանքերի ու միջնորդության արդյունքում: Մենք կշարունակենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մեր գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ առաջ մղել հակամարտության կարգավորումը»,- ընդգծեց Ս. Լավրովը: Իսկ սա արդեն լիովին համապատասխանում է գործընթացի տրամաբանական ընթացքին և ոչ մի խոսք այլևս անբնական չի հնչում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ռուսաստանը շտապում է, մյուսները` ոչ այնքան

7 Հլս

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ ավետեց բանակցային գործընթացի շարունակման հնարավորության մասին: Նրանք, ովքեր այս ընթացքում շտապել էին հողին հանձնել դրա հույսը, այժմ արդեն գիտեն, որ շատ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքը կշարունակվի: «Այսօր այդ գործընթացը եզրափակիչ փուլ է հասել, և, ըստ էության, որոշումներ ընդունելու ժամանակն է»,- ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` սահմանելով պահի կարևորությունը և թողնելով այն տպավորությունը, որ այս պարագայում այլընտրանքները բացառվում են:
Իհարկե, կարիք չկա ամեն խոսք բառացի ընկալել, առավել ևս, որ թիկունքում արդեն ունենք Կազանի դառը փորձը, երբ բոլորը նույն համառությամբ պնդում էին մոտալուտ ձեռքբերումների մասին: Բայց նաև անհրաժեշտ չէ լիովին թերագնահատել ստեղծված կացության առանձնահատկությունը, ինչն այս անգամ կարծես թե տարբերվում է իր նախորդներից: Իսկ գլխավոր տարբերությունը կայանում է նրանում, որ ներկա պահին իրավիճակի շարժիչ ուժը ոչ թե հակամարտող երկրներն են, այլ միջնորդ կողմը: Առաջին հայացքից սա կարող է նույնիսկ աբսուրդի տպավորություն թողնել, սակայն փաստերը այս պարագայում ավելի համառ են: Մի բան անժխտելի է. Ռուսաստանը ոչ միայն չի նահանջում, այլև շտապում է: Եվ այդ փութաջանությունն ունի իր լուրջ պատճառները:
Նույն Լավրովը Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հետագա քայլերի վերաբերյալ: Նրա խոսքերով, Մեդվեդևը որպես միջնորդ, ով գործում է` ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աջակցությունը, արդեն վերլուծել է Կազանում կայացած հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը և կտեղեկացնի, թե ինչ է պետք անել: Այստեղ հարկ է հիշել, որ մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն իր հերթին հայտնեց, որ Մեդվեդևը իրեն հեռախոսով ասել է, թե արդեն ուղարկել է խնդրի իր տեսլականը՝ գրավոր ձևով: «Ես կարծում եմ, որ մենք շուտով կստանանք, կտեսնենք՝ ինչպես այսուհետ առաջ շարժվել»,- ասաց Սարգսյանը:
Կասկածից վեր է, որ ՌԴ նախագահն իր նոր նախաձեռնությունը համաձայնեցրել է Սարկոզիի և Օբամայի հետ: Այս մասին էր վկայում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպենի հայտարարությունը, որ վերջինս արեց` առաջ ընկնելով մյուսներին: Այն ժամանակ Ժյուպենը տեղեկացրեց, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերին լրացուցիչ առաջարկներ են արվելու՝ այդ հարցում համաձայնության հասնելու համար: «Ես, իհարկե, ողջունում եմ Ռուսաստանի, ՌԴ նախագահի ջանքերը, նա շատ ճիգեր է գործադրել այդ ուղղությամբ և Սոչիում, և Կազանում: Բայց, այդուհանդերձ, այն, որ դա չի հանգեցրել որևէ արդյունքի, ցավալի է: Որքան ես գիտեմ, այժմ լրացուցիչ առաջարկներ են արվելու, որպեսզի ինչ-ինչ համաձայնության հասնեն»,- ասաց նա:
Եվ այսպես, նոր փաստաթուղթն իսկապես կա ու այն կներկայացվի առանց ուշացման: Ինչ վերաբերում է բանակցությունների ձեւաչափին, ապա այստեղ էլ Ռուսաստանը գտնում է, որ դրա փոփոխումը արդյունավետ չի լինի: Այս իմաստով ռուսներն իրականում արտահայտում են նաև հակամարտող կողմերի համոզմունքը: Որքան էլ վերջիններս երբեմն-երբեմն խոսում են միջնորդական խմբում նոր դերակատարներ ընդգրկելու մասին, այնուամենայնիվ կա ներքին համոզմունքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կայացած ձևաչափ է, իսկ դրա շրջանակներից դուրս հանդիպումները այլ բան չեն, քան ինչ-ինչ մանր ու մեծ դժգոհություններ արտահայտելու կամակորություն:
Իսկ մինչ վրա կհասնի վճռորոշ պահը, կատարվում են նախապատրաստական ու բաղկացուցիչ քայլերը: Սովորության համաձայն հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` կողմերին կոչ անելով հնարավորինս արագ համաձայնության հասնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ և անցնել բանակցությունների փուլին, որի ընթացքում մշակվելու է խաղաղ պայմանագրի նախագիծը: Առաջիկա օրերին նրանք Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն և ապա կժամանեն տարածաշրջան: Սրան զուգահեռ ընթանում են ԱԳ նախարարների փոխայցերը: Նալբանդյանը եղավ Մոսկվայում: Պատրաստվում է այնտեղ մեկնել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, իսկ այսօր արդեն Բաքու կժամանի Լավրովը, որն ամենայն հավանականությամբ կգա նաև Երևան:
Ռուսաստանի ամառային ակտիվությունը ոչ միայն համընդհանուր է, այլև գերարագ ռիթմի մեջ: Դա նկատելի է նույնիսկ օվկիանոսից այն կողմ, և երբ ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը եզրակացնում է, թե գլխավոր դերակատարը ոչ Ադրբեջանն է, ոչ էլ Հայաստանը, այլ Ռուսաստանը, սա այնքան էլ չափազանցված դիտարկում չէ: Եվ Վաշինգտոնում, և Եվրոպայում այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ շոշափելի տեղաշարժի հասնելու հեռանկարը նույնացվում է Ռուսաստանի դիրքորոշման հետ, իսկ որպես եզրահանգում անպայման արձանագրվում է, որ ռուսներն այդ բանը հենց այնպես չեն անում, այլ ծանրակշիռ շահեր ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
Բայց նույնիսկ այդ պարագայում դարձյալ քիչ չեն նրանք, ովքեր շարունակում են մռայլ կանխատեսումներ անել և պնդել, որ ինչպես Մեդվեդևը, այնպես էլ նախագահներ Օբաման ու Սարկոզին սիզիփոսյան ջանք են գործադրում: Համաշխարհային լրատվամիջոցները խոսում են դիվանագիտության ձախողման ու Կովկասում նոր պատերազմի ստվերի մասին: Վերջիններս իրենց տեսակետը հիմնավորում են հետևյալ փաստարկներով. «Նախագահ Մեդվեդևը նախորդ մի քանի տարիների ընթացքում շատ կարևոր դեր էր խաղում: Բայց Ռուսաստանի նախընտրական փուլում նրա գործնական մասնակցությունը դրվում է հարցականի տակ: Նույն տրամադրվածությունն ունեն նաև ֆրանսիացիներն ու ամերիկացիները, որոնք նույնպես պատրաստվում են ընտրությունների: Այնպես որ, եթե առաջիկա ամիսներին համաձայնություն չլինի, ապա բանակցությունները կմղվեն հետին պլան: Ակտիվ բանակցային գործընթացի բացակայությունը երկու կողմերին էլ կխթանի ավելի շատ մտածել ռազմական հակամարտության մասին»:
Սակայն մինչ պատերազմի մասին կանխատեսումներ անելը հարկ է նկատել, որ Մոսկվան կարևոր քայլ կատարելուց առաջ հնչեցրեց իր նախանվագի վերջին ակորդը: Եվ դա այս անգամ արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Պատասխանելով Բաքվի ագրեսիայի և Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին հարցին` նա ասաց հետևյալը. «Ցանկանում եմ կրկնել Ռուսաստանի նախագահի խոսքերը, որոնք նա մեկ տարի առաջ Հայաստանում ասել է նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այլ մեկնաբանություններ չեմ ցանկանում անել՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը»:
Սրանք Հայաստանի համար նշանակալի և պատասխանատու բառեր են: Ակնառու է, որ վերջին օրերին Հայաստանի կեցվածքը նկատելիորեն կոշտացել է: Ընդամենը երեկ փոխզիջումների հնարավորության մասին խոսող Երևանն այսօր արդեն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը պետք է կյանքի կոչվի և ԼՂ խնդիրն այլ լուծում չունի: Ու եթե նույնիսկ ընդունենք, որ այս պահի դրությամբ յուրաքանչյուր պայմանավորվածություն կրելու է միջանկյալ բնույթ և ընդունված ցանկացած փաստաթուղթը դեռ չի նշանակելու վերջնագիր, սրանցով հանդերձ միջնորդները չեն կարող մոռանալ Հայաստանի նախագահի օրերս արտասանած հռետորական հարցը. «Պե ՞տք է, որ մենք զիջման գնանք մի պետության հետ, որը պատրաստ է մեր վրա զենք ուղղել»:
Բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ այս հարցը կպահանջի իր լիարժեք պատասխանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մոտեցված դիրքորոշում. ի՞նչ բան է դա

13 Հնս

Այն, որ հունիսի 11–ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային հանդիպում էին ունենալու Մոսկվայում, նախապես հայտնի էր: Եվ, ելնելով համանման այլ հանդիպումների արդյունքներից, այս անգամ էլ հանրությունն առանձնապես լուրջ սպասելիքներ չուներ նրանց քննարկումներից: Բոլորն այն կարծիքին էին, որ երեք նախարարներն ուղղակի հավաքվել էին` տեխնիկապես նախապատրաստելու իրենց նախագահների Կազանում կայանալիք հանդիպումը, հստակեցնելու աշխատանքային բնույթի դրվագներ: Եվ այս ամենից հետո տեղեկությունը, որ շաբաթ ուշ երեկոյան շտապ կարգով տարածեցին լրատվամիջոցները, իր բովանդակությամբ և անսպասելիությամբ չէր կարող առաջին իսկ պահից հակասական տրամադրություններ չհարուցել: ԶԼՄ-ները փոխանցում էին, որ Մոսկվայում կայացած քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները: Այնուհետև տեղեկացվում էր, որ հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին կայանալիք նախագահների մակարդակով հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ:
Հիմա նույնիսկ դժվար է վերհիշել, թե վերջին անգամ ե՞րբ ենք առիթ ունեցել լսելու նման բառակապակցություն`« հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները»: Սովորաբար եղել է ճիշտ դրա հակառակը` դիրքորոշումները տրամագծորեն տարբերվել են և անգամ ամենաչնչին ընդհանրությունները տեղիք են տվել այլատեսակ մեկնաբանությունների:
Ինչ-որ պահի նույնիսկ կասկածներ ծնվեցին այն մասին, որ գուցե թե լրագրողները խտացրել են գույները և ցանկալին ներկայացվել է իրականության տեղ: Սակայն այդ վարանումներն անմիջապես փարատվեցին, քանի որ շատ չանցած փաստը հաստատեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ երկու երկրները պնդում էին միևնույն բանը: Կնշանակի` իսկապես համաձայնություն ձեռք է բերվել: Բայց ինչի՞ շուրջ: Ահա մի հարց, որի պատասխանը ոչ ոք այս պահին չունի: Ընդհանուր բնույթի ձևակերպումները սոսկ թույլ են տալիս խոսել առաջընթացի մասին, միայն թե դրան հաջորդած լռությունը ստեղծում է այնպիսի մի անորոշություն, որից անհնար է կռահել` առաջընթաց դեպի ու՞ր:
Այստեղ թերևս հարկ է հիշել, որ Ռուսաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հանդիպումից ժամեր առաջ ակնարկել էր այն մասին, թե քննարկումներն ունենալու են «փուլային, սահմանագծային բնութագիր»: Դրանից հետո նա ասել էր, որ ներկա պահին բանակցությունների սեղանի վրա են Հինարար սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում հետո հերթը կգա համաձայնագրի մշակմանը` խարսխված այդ փաստաթղթի դրույթների վրա: Ռուսական կողմը նաև չափազանց թափանցիկ կերպով զգուշացրել էր, որ այս գործընթացը հետաձգելը կամ հռետորաբանությամբ զբաղվելը կգնահատվի իբրև հակում դեպի անարդյունավետություն:
Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել վատ քողարկված սպառնալիքով հորդորները: Նույն բանը կրկնվեց նաև մայիսի 26-ին, Դովիլում: Այնտեղ էլ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները հակամարտող կողմերին կոչ էին անում քաղաքական կամք դրսևորել, իսկ այնուհետև զգուշացնում էին, որ «հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»: Գուցե իսկապե՞ս այս անգամ Հայաստանն ու Ադրբեջանը լուրջ վերաբերվեցին հզորների նախազգուշացմանը: Ամեն դեպքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես թե հարկ համարեց սա ընկալել ի գիտություն: Նրա վերջին ելույթը էականորեն տարբերվում էր նախորդներից: Բացի այն, որ Ալիևը գտնում էր, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման համար այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել, նա նաև խոստովանում էր, որ անձամբ իր համար «համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը շատ լուրջ ազդակ էր»: Նախկինում նա երբեք նման բան չէր ասել, թեև այդ նույն ղեկավարները ճիշտ նույն բովանդակությամբ այլ հայտարարություններ ևս արել էին:
Ասվածին պետք է հավելել նաև այն, որ Ադրբեջանի կարծիքով այժմ խնդրին առնչվող մի շարք դրույթներ ամբողջովին բխում են Ադրբեջանի շահերից։ Դրանցից կարևորագույնը Բաքուն գնահատում է այն, որ միջնորդներն անընդունելի են համարում ներկայիս ստատուս քվոն: Եվ հենց սա է, որ իրավունք է տվել Ալիևին մի հերթական անգամ վերջնագիր ներկայացնել Երևանին ու շահագրգիռ երկրներին. «Իմ համոզմամբ, այս փուլում քննարկվող տարբերակը խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն է, որը մենք պետք է օգտագործենք»։
Վերջին է սա, թե՞ հերթականը, պարզ կդառնա մի քանի օրից` Թաթարստանի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը: Գուցե և կատարվի հրաշքը և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հավանություն տան Մադրիդյան հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին: Հատկանշականն այն է, որ հայկական կողմը նույնպես բավարար չափով ոգևորված է այս հեռանկարով, և դա առավել ակնհայտ դարձավ օրերս նախագահ Ս. Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակության հանդիպման ժամանակ: Միայն թե այս համընդհանուր լավատեսության ֆոնի վրա, որտեղ բոլորը հաղթողներ և շահողներ են, որտեղ դիրքորոշումները մոտեցված են ու հարաձայնությունները` հարթված, ակամա հարց է ծագում` իսկ ո՞վ է լինելու պարտվողը…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Առաջընթաց հանուն ոչինչի՞

24 Հնվ

Համաձայն տարածված տեղեկատվության, այսօր Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի քննարկման գլխավոր թեման, ինչպես դա լինում է սովորաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Փաստացի սա եռակողմ շփումների այս տարվա մեկնարկն է` պաշտոնական Մոսկվայի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ: Թերևս կարելի է նաև ռուսական կողմի այս քայլն ընկալել իբրև հիշեցում այն մասին, որ նա շարունակում է պահպանել իր որոշիչ դերակատարումը Կովկասյան տարածաշրջանում, ինչի մասին օրեր առաջ բաց տեքստով հայտարարերց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Դեռ երկու շաբաթ առաջ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով սպասվելիք բանակցությունների մասին, նա իր ելույթում առանձնակի շեշտադրությամբ արտասանեց հետևյալ միտքը. «Կարգավորման այս էտապում ամենակարևորը հարցին չխանգարելն է, որովհետև երբ ներգրավվում են այնպիսի ամբիոններ, ինչպիսին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն են, հարցը քննարկումների դաշտից հասարակական բանավեճի դաշտ է տեղափոխվում»: Ռուս նախարարի խոսքից կարելի էր հետևություն անել, որ միջնորդ միջազգային կառույցների մարտավարությունն անարդյունք է, նրանց որդեգրած հրապարակային գործունեությունը հակամարտության թեմայի շուրջ բոլորովին էլ չի նպաստում տեսակետների մերձեցմանը, այլ, ընդհակառակն, ավելի է բարդացնում մոտեցումները և սրում կողմերի միջև եղած հակասությունները:
Իսկ այս դեպքում ո՞րն է ռուսական «մոդուլի» գերազանցությունը և մասնավորապես այսօր ի՞նչ օրակարգով են նրանք պատրաստվում կողմերի հետ քննարկման նստել: Նախօրոք հրապարակված լրատվության համաձայն, հանդիպման տրամաբանությունը կառուցված է փոքր քայլերով տեղաշարժվելու հեռանկարի վրա: Ըստ ծրագրի, երեք երկրների արտաքին գործերի նախարարները այս շփումների ժամանակ ևս ձգտելու են գտնել երկու-երեք հարցերի լուծումները, որոնք առաջին հայացքից կարող են աննշան թվալ, եթե համեմատելու լինենք մյուս` արդեն իսկ համաձայնեցված հարցերի հետ, սակայն համարվում են շատ ավելի բարդ:
Նպատակն, իհարկե, խրախուսելի է: Բայց այլ հարց է, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ տրամադրվածությամբ է գնում այդ երկխոսությանը և որքանով է պատրատ կառուցողական դիրքորոշում դրսևորել: Առաջին հերթին մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ (ինչպես արդեն շատ անգամներ ականատես ենք եղել) բանակցություններից առաջ հայ-ադրբեջանական շփման գոտում իրավիճակը կտրուկ լարվեց: Բազմապատկվեցին ինչպես հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, այնպես էլ երկուստեք կորուստներ ունեցան: Իսկ դա ներկա պահին կարող է նշանակել միայն մի բան. Ադրբեջանը նախկինի պես սադրիչ գործողությունները կիրառվում է իբրև բանակցային գործընթացի վրա ճնշման մեխանիզմ, ինչն էլ իր հերթին մղում է այն հետևությանը, որ Բաքուն այս պահին առավել արդյունավետ ազդակ կամ խաղաղ մրցակցության միջոց չունի:
Այդ բանը տեսնում ու հասկանում են Հայաստանում: Եվ առաջին հերթին հասկանում են այն, որ մոտ ժամանակներս խաղաղ երկխոսությունից որևէ լուրջ ակնկալիք ունենալը միամտություն կլինի: Քանի դեռ կողմերն ունեն ծայրահեղորեն իրարամերժ մոտեցումներ ու հակոտնյա գործելաոճ, ի՞նչ փոխզիջման կամ համաձայնության մասին կարող է խոսք գնալ: Սա է պատճառը, որ այսօրվա եռակողմը ժամանակից շուտ արդեն կնքվել է «հերթական հանդիպում» ոչինչ չասող ու ոչինչ չխոստացող անունով: Մեծ է հավանականությունը նաև այն բանի, որ վաղը պաշտոնական լրատվությունը կծանուցի, թե Մոսկվայի բանակցություններից հետո ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ մի քայլ առաջընթաց է գրանցվել, իսկ մասնակիցները վստահեցրել են, որ այսուհետ ևս ջանքեր կգործադրեն դիվանագիտական շփումների միջոցով հասնել ցանկալի հանգուցալուծմանը: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ իրականության մեջ Ադրբեջանն իր քաղաքականությամբ նպատակ ունի մշտական լարվածության մեջ պահել բանակցային գործընթացը, հաստատել իր այն թեզը, թե պատերազմը դեռ չի ավարտվել ու ցանկացած պահի այն կարող է վերսկսել:
Հատկանշական է, որ Մոսկվայի հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն ուղղակի հրաժարվել է որևէ մեկնաբանություն կամ կանխատեսում անել հնարավոր արդյունքների մասին: Փոխարենը այդ երկրի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին բարձր է գնահատել Ռուսաստանի նախաձեռնությունը` գտնելով, որ այն էական դեր ունի, քանի որ Ռուսաստանը նպաստել է հակամարտության կարգավորմանը: Ադրբեջանցի պաշտոնյան նաև հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս անցկացվող նման հանդիպումների նախաձեռնությունները կոորդինացված են համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների միջև: Իսկ ահա այն մասին, թե որքանո՞վ է իրատեսական բեկում ակնկալել այդ տեսակցություններից, Գուրբանլին ասել է, որ դրա համար անհրաժեշտ է գերտերությունների ճնշումը, և կտրուկ փոփոխություններ բանակցություններում կարող են լինել միայն այն դեպքում, եթե գերտերությունները ցանկանան դա:
Ստացվում է, որ համաձայն Բաքվի պատկերացումների, ամեն բան որոշելու են արտաքին ուժերը, իսկ երկկողմ կամ եռակողմ բանակցությունները սոսկ խնդրի ձևական կողմն են, մի շարունակական արարողակարգ, որից չի կարելի խուսափել, քանի որ այդ դեպքում ապակառուցողականի պիտակը վաստակելու սպառնալիքը կա:
Ասվածին հավելենք նաև, որ արդեն լուրեր են շրջանառվում այն մասին, թե արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո պետք է ակնկալել նույն երկրների առաջին դեմքերի անխախտ ձևաչափով բանակցությունները: Բայց եթե դիվանագետների շփումները նշանակալի արդյունքի չհանգեցնեն, ապա նախագահներին հազիվ թե հաջողվի որևէ ձեռքբերում գրանցել: Դա արդեն կլինի նույն բանի կրկնությունը, պարզապես մեկ աստիճան բարձր մակարդակով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: