Tag Archives: Իրավունք դե ֆակտո

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

21 Մրտ

«ԱՅՍՊԵՍ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԻՇԱՏԱԿ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ, ԱՅՍՊԵՍ ԱՊԱԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԲԱՆ»

Մարտի 13-ը ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն` այդ օրը մեկնարկեցին բանաստեղծի ծննդյան 115-րդ հոբելյանին նվիրված միջոցառումներ: «Վատ է այն, որ հաջորդ օրն իսկ «փակվում» է Չարենցի թեման,- նկատում է գրող, գրականագետ, «Չարենցի կրակոցը» փաստագրական գրքի հեղինակ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԸ:- Արձանի մոտ ենք գնում աշխատավայր գնալու պես, ավտոբուսներով աշակերտներ են բերում, ինչպես ընտրությունների ժամանակ` լսարան է ապահովվում քարոզարշավի համար: Տեսախցիկների առաջ կեցվածք են ընդունում, ասում են այն, ինչ արդեն ասել էին անցյալ ու նախանցյալ տարիներին, և իրենցից գոհ հեռանում են` մոռացած թե՛ Չարենցին, թե՛ մշակույթը: Այսպես ոչ միայն հիշատակ չեն հարգում, այսպես ապականում են ամեն լուսավոր բան»:

-Ձեր` «Չարենցի կրակոցը» գիրքը բեսթսելլեր է դարձել: Նրանք, ովքեր համոզմունք էին հայտնում, թե գրքի նպատակը աղմկահարույց տեղեկություններ ու առեղծվածներ տարածելն է, «չթույլատրված» թեմաների արծարծումը, կարճ ժամանակում «ընդհատակ» անցան: Փաստագրական այս վեպը, ինչպես Դուք էիք ասում, մի դեպքում ուղղակի գիրք է Չարենցի մասին, մյուս դեպքում գիրք է սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին: Ի՞նչ տվեց մեզ «Չարենցի կրակոցը»:
-«Չարենցի կրակոցն» ինձ տվեց այդ մեծ մարդուն անդրադառնալու հնարավորություն, նաև` հրաշալի ընթերցող, որը կարողացավ ճիշտ ընկալել գրքի խորհուրդն ու նպատակադրումը: Ընթերցողն ինքը կարող է ասել, թե ինչ ստացավ գրքից: Ամեն դեպքում, ես նպատակ ունեի նրան մատուցելու Չարենցին այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե հորինված ու կոկված գրողի կերպարը:
-Քսան տարուց ավելի է` փաստարկներ են ներկայացվում այն մասին, որ Չարենցը թաղված է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, Հրազդանի կիրճի եզրին: Այս «բացահայտումը» միանշանակ չի ընդունվում: Չարենցի գերեզմանի վայրը ոմանց համար շարունակում է վարկա՞ծ մնալ, թե՞ միտումնավոր է անտեսվում:
-Չարենցի թաղման վայրը վարկած չէ, այլ իրողություն: Եթե կան մարդիկ, ովքեր մերժելով մերժում են այդ փաստը, դա նրանց և նրանց խղճի խնդիրն է: Ես այդ հարցում ոչինչ անել չեմ կարող: Հեռու չէ այն օրը, երբ գրողի գերեզմանատեղին կդառնա սրբավայր բոլոր չարենցասերների համար: Իսկ նրանք, ովքեր այսօր ուրանում են ակնհայտը, վաղը ստիպված կլինեն ամաչել իրենց պահվածքի համար, եթե, իհարկե, ամոթի զգացումը ծանոթ է այդ մարդկանց:
-Անվանի բանաստեղծի` Կարսում գտնվող կարծեցյալ տան առքուվաճառքի մասին թուրքական իշխանությունների խոսակցությունները վեր հանեցին կարևոր մի հարց` որտե՞ղ է իրականում ծնվել մեծ բանաստեղծը: Շրջանառվում էին տան մի քանի հասցեներ: Նման դեպքերում ավելի շատ ոչ թե մտահոգություն, այլ սենսացիա որոնելու մարմաջ է նկատվում: Վերջին շրջանում, կարծես, դադարել են Չարենցի տան մասին խոսակցությունները:
-Խոսակցությունները դադարեցին, քանի որ կեղծիքը բացահայտվեց: Երեկվա կուրծք ծեծողներն այսօր «մկան ծակը հազար թումանով են առնում» և Աստված են կանչում, որպեսզի իրենց վերստին չհիշեցնեն այդ մոլորության ու կեղծիքի մասին: Այսինքն, Չարենցի տան պարագայում այսօր կատարվեց այն, ինչ վաղը կլինի Չարենցի գերեզմանի հետ: Ամեն ինչ` իր ժամանակին:
-Ժամանակ առ ժամանակ շահարկվում են նաև խոսակցություններ բանաստեղծի անտիպ գործերի մասին: Հարց է բարձրացվում` ենթակա՞ է հրապարակման Չարենցի ողջ ժառանգությունը, ի՞նչ ենք փորձում ասել կամ թաքցնել: Մեղադրում ենք Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելին, որը, ծանոթանալով ձեռագրերին, ըստ ցանկության հրապարակել ու մեկնաբանել է դրանք, սակայն մեզ մոտ նույնպես չկա հստակություն: Չարենցի անտիպ գործերի մասին կա՛մ չեն խոսում, կա՛մ շահարկում են անհիմն, կա՛մ էլ փորձում են շրջանցել թեման: Ձեր դիրքորոշումը:
-Ծուխն արագ է ցնդում, մի կարճ պահի կուրացնում է ոմանց, բայց, ի վերջո, ցրվում է: Իսկ հետո վրա է հասնում բաց աչքերով իրականությանը նայելու պահը, երբ հասկանում ես, որ ձեռնածուներն ամենուր են ձեռնածու: Դրսի ու ներսի «ռասելների» համար Չարենցը միջոց է` իրենց անհագուրդ պահանջներին բավարարում տալու համար: Պետք չէ նրանց լուրջ ընդունել: Թքեք ու անցեք: Ինչ վերաբերում է Հայաստանում ձեռքից ձեռք անցած Չարենցի անտիպներին, ապա այդ էջերի ճակատագրին առնչվող շրջանակները ժամանակին աղմկում էին, քանի որ խոսքը մեծ գումարների մասին էր: Հենց փողի մասին խոսակցությունները լռեցին, և գումարը գտավ իր տիրոջը, վրա հասավ լռությունը: Չկա փող, չկա հետաքրքրություն: Ահա թե ինչպիսի մարդկանց հետ ենք երբեմն ստիպված լինում առնչվել:
-Հաճախ է խոսվում, որ մեծերի հոբելյանները չեն նշվում ըստ հարկի: Նույնը կարո՞ղ ենք ասել Չարենցի մասին:
— Մեծերը հոբելյանների մեջ չեն, նրանց մասին հիշողությունը կարիք չունի օրացուցային ամսաթվերի ու տարեդարձերի: Մի ծաղկեփունջ տանելով ու երկու ոտանավոր արտասանելով` Չարենց չեն մեծարում: Այդ պատճառով էլ ես երբեք լրջորեն չեմ վերաբերվել ո՛չ նմանատիպ հավաքներին, ո՛չ էլ լալահառաչ ելույթներին: Դերասանության համար կա այլ վայր` թատրոնի բեմը: Իսկ անկեղծ ու սրտացավ մարդիկ իրենց մեծերին ճանաչելու, նրանց մատուցելու շատ ավելի անկեղծ ու արդյունավետ ճանապարհներ գիտեն:
-Չարենցի ծննդյան օրը չե՞ք այցելում նրա գերեզմանին:
-Ոչ: Ես Չարենցի գերեզմանին ու հուշարձանին այցելում եմ այն օրերին, երբ ներքին պահանջ եմ զգում: Չեմ սպասում, որ այդ մասին ինձ հուշի օրացույցը:
-Եվ մի վերջին հարց. շարունակություն ունի՞ «Չարենցի կրակոցը» գիրքը և ե՞րբ կհասնի ընթերցողին:
-Նոր գրքերի համար երբեք չեմ կարողացել ժամանակ սահմանել: Կլինի այն ժամանակ, երբ կավարտեմ: Իսկ թե ե՞րբ` միայն Աստծուն է հայտնի: Ընդամենը կարող եմ ասել, որ այն ծայրից ծայր հագեցած է լինելու նորահայտ էջերով ու փաստերով: Գիրքը կպատմի Չարենցի կյանքի տարբեր ժամանակահատվածների մասին, որոնք դուրս են մնացել ուսումնասիրողների ուշադրությունից: Կհրապարակվեն մի քանի հարյուր անտիպ վավերագրեր ու փաստաթղթեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

11 Հլս

«ԱՅՍ ԳԻՐՔԸ ՉԻ ԿՈՐԵԼ. ԿԱՐԴԱՑԻՐ` ՓՈԽԱՆՑԻՐ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ»

«Սովորաբար ի՞նչ ենք անում կարդացած գիրքը։ Տարիներով մոռանում ենք դարակներում: Բայց ինչո՞ւ թողնել, որ գիրքը փոշու տակ կորչի, եթե այն կարող է օգտակար լինել ինչ-որ մեկին»։
Առաջնորդվելով այս սկզբունքով, նպատակ ունենալով աշխարհը դարձնել մի «մեծ գրադարան»` ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Խորնբեկերը 2001-ին սկսեց «BookCrossing» կամ, ինչպես ասում են, «Գրքերի ազատում» շարժումը:
«BookCrossing»-ի գաղափարը հետևյալն է. մարդիկ թողնում են իրենց կարդացած գրքերը հասարակական վայրերում, նրանք, ովքեր գտնում են այդ գրքերը, վերցնում են, կարդում ու իրենց հերթին «ազատում» դրանց:
«BookCrossing»-ը Հայաստան է թափանցել ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ նախաձեռնությամբ:
«Կիրակի օրը ես իմ սիրելի գիրքը կնվիրեմ քեզ». այս խորագիրն էր կրում Կասկադի այգում կազմակերպված միջոցառումը, որի շրջանակում հավաքված գրքերն ընդգրկվելու էին «BookCrossing»-ի մեջ: Մտքովս անցավ, որ շատերը գուցե ներկայանան միջոցառմանը ոչ թե իրենց հետաքրքրող գրքով, այլ ում ձեռքն ինչ ընկնի: Արման Ղազարյանը, սակայն, այդ կարծիքին չէր, նրա խոսքով` մասնակիցները քիչ թե շատ կարդացող մարդիկ են և չէին ցանկանա պատահական գրքով ներկայանալ: Ինքը` կազմակերպիչը, իր հետ բերել էր Ալեքսանդր Դյումայի «Քամելիազարդ տիկինը», Սոմերսեթ Մոեմի «Լուսին և վեց պենսանոց»-ը և այլ գրքեր:
Ընթերցասերների արձագանքը, դատելով մասնակիցների թվից, այնքան էլ հուսադրող չէր: Նկատելի էր նաև արվեստագետների, գրողների բացակայությունը: Շոուի, մոդայիկության, ըստ այդմ` անցողիկության վտանգ չունե՞ն այս միջոցառումները` գրական ընթերցումներ, «BookCrossing» և այլն:
Գրող, գրականագետ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ խոսքով` ցանկացած քայլ, միջոցառում, որ արվում է հանուն գրքի, հանուն ընթերցասիրության, արդեն մեծ երևույթ է, իսկ եթե դա անում են երիտասարդները, կրկնակի հաջողություն է: «Անկախ նրանից` սա միջոցառո՞ւմ էր, հաջողվա՞ծ էր, թե՞ անհաջող, շա՞տ մարդ եկավ, թե՞ քիչ, կա հարցի որակական կողմը, որն ինձ շատ է ուրախացնում,- ասաց նա:- Մի քանի տարի առաջ մեր երիտասարդները երազում էին չկարդալ և շատ փող ունենալ, հեռու էին մշակույթից, գրականությունից: Այսօր իրենք են նախաձեռնում, խրախուսում մշակութային միջոցառումները: Չնկատել այս ամենը սխալ է: Ես այսօր որևէ էական մասնակցություն չունեցա, բայց եկա, որ մասնակիցների թիվը մեկ հոգով ավելի լինի»:
«Գրքապտույտը» շարունակվում է. արդեն մի քանի տասնյակ գրքեր պտտվում են Երևանում այս շարժման շնորհիվ, և այդ գրքերի թիվն օրեցօր ավելանում է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

26 Հնվ

25/01/2011
«ԾԵԾՎԱԾ, ԿԱՂԱՊԱՐԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԵՌԸ ՄԵԶ
ՄՇՏԱՊԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Լույս է տեսել գրող, գրականագետ, հրապարակախոս ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը: «Մի դեպքում ուղղակի կարելի է ասել, որ գիրքը Չարենցի մասին է,- ասում է հեղինակը,- իսկ այլ դեպքում` որ սա գիրք է սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին»:
Հովիկ Չարխչյանը հեղինակ է նաև «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատոր կենսապատումի, «Սևակի մահվան առեղծվածը» ուսումնասիրության, «Սիրում եմ քեզ», «Սպարապետ» ժողովածուների:
-Չարենցը հակասական, աղմկահարույց կերպար է, ինչ-որ առումով` չբացահայտված: Այդուհանդերձ, գիրքը, որի վրա աշխատել եք շուրջ վեց տարի, կարծում եմ, առավել լուրջ նպատակներ պետք է ունենա, քան նոր առեղծվածներ առաջ քաշելը:
-Ինձ համար միշտ հրապուրիչ է եղել չարենցյան թեման: Սակայն այդ հրապուրանքն ինքնանպատակ չէ: Թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում եղած բազմաթիվ հրապարակումներում խնդիր եմ ունեցել անդրադառնալու գրողի կյանքի և ստեղծագործության հանիրավի շրջանցված, անհայտ էջերին, ընթերցողին մասնակից դարձնելու այն պրպտումներին, որոնք նոր երանգ ու միտք կհաղորդեն Չարենցի բարդ, հակասական վերելքներով ու վայրէջքներով լի կյանքի ճանաչմանը: Հատկապես կարևոր էր ընտրել Չարենցի կյանքի այնպիսի դրվագ, որն առավելապես կբացահայտեր նրա մարդկային էությունը, ճակատագրային շրջադարձերի պահին նրա անհատական ու քաղաքացիական կեցվածքը, զգացմունքային այն ներաշխարհը, որից ոչ միայն ապրումներ, այլև տողեր պիտի ծնվեին: Եվ, ըստ իս, նման բնորոշ ժամանակահատված կարելի է համարել 1926-27 թվականները, երբ Չարենցի կյանքում մեկը մյուսին հաջորդող իրադարձություններն ստեղծում էին լարվածության առավելագույն աստիճան, անելանելի կացությունները ելքեր էին պարտադրում, հակադիր բևեռները ծնում էին դրամատիկ իրավիճակներ: Իսկ երբ նաև տեսնում ես, որ հատկապես այս` առաջին հայացքից հանրածանոթ ու շատերի կողմից շարադրված պատմություններում չափազանց շատ են անպատասխան հարցերը, չբացահայտված փաստերը, թերասացությունները, գրելու պահանջը դառնում է հիմնավորված:
-Սիրո հանրահայտ պատմությունն ի՞նչ նոր լույս է սփռել Չարենց-առեղծվածի վրա: Ո՞րն է գլխավոր ասելիքն ու նպատակը:
-Տեսնել, դիտարկել, քննել Չարենցի անձը, նրա գործն ու վաստակը նոր լույսի տակ, նոր տեսանկյունից, նոր հայացքով, այդ ամենը զուգորդել այն ժամանակահատվածի հետ, որում նա ապրել է, գնահատել ներանձնային հարաբերությունների անդրադարձը մարդու կայացման, ինքնադրսևորման պարագայում: Ծեծված, կաղապարային պատկերացումների բեռը մեզ մշտապես խանգարում է բացահայտելու ճշմարտությունը, ըմբռնելու դեպքերի տրամաբանությունն այնպես, ինչպիսին եղել է իրականության մեջ: Հին նյութն այժմ պահանջում է թարմ աչք, թարմ հպում, առավել խորքային ու հոգեբանական վերլուծություն: Իսկ վեպի սյուժետային զարգացումը լիովին նպաստում է դրան` ձևավորելով հետաքրքիր, բազմաճյուղ պատում:
-Ինչո՞վ է առանձնանում գիրքը, ի՞նչ կարող է տալ սովորական ընթերցողին, չարենցասերին, նաև ուսումնասիրողներին:
-Առանձնանում է առաջին հերթին ժանրային առումով: Ցավոք, փաստագրական վեպը մեր գրականության մեջ մեծ տարածում չունի, մինչդեռ հեղինակին կարող է լայն հնարավորություն տալ` համատեղելու գեղարվեստական խոսքը վերծանման գրավիչ պրոցեսի հետ: Իսկ «Չարենցի կրակոցը» գրքում տեղ գտած յուրաքանչյուր փաստ, իրադարձություն, դրվագ ունեն իրենց նախահիմքը, հավաստի սկզբնաղբյուրն ու պատմական արժանահավատությունը, միևնույն ժամանակ չպարտադրելով ոչ մի պայմանականություն, ոչ մի պրոզայիկ դատողություն: Այս իմաստով գիրքը կարող է օգտակար սկզբնաղբյուր լինել ուսումնասիրողների և չարենցասերների համար, բայց կարող է նաև նույնչափ հաճելի զրուցընկերը դառնալ յուրաքանչյուր շարքային ընթերցողի:
-Արձագանքներն ինչպիսի՞ք են, կա՞ն բացահայտումներ, որոնք կարող են աղմուկի, դժգոհությունների պատճառ դառնալ:
-Առայժմ արձագանքներից դժգոհելու պատճառներ չունեմ: Նախ իմացա, որ գրախանութներին հանձված առաջին խմբաքանակն ամբողջովին սպառվել է, իսկ դա արդեն լավ նախանշան է: Ընթերցողների փոխանցած կարծիքները նույնպես հիասթափվելու առիթներ դեռ չեն տվել: Կարծում եմ` աղմուկից խուսափել այս անգամ էլ չի հաջողվի, ինչպես եղել է իմ նախորդ գրքերի դեպքում: Բանն այն է, որ ես երբեք չեմ փորձում շրջանցել, այսպես կոչված, «նրբանկատ» թեմաները, փաստերը, որոնց մասին շատերը հարկ կհամարեին պարզապես լռել կամ չտեսնելու տալ: Փոխարենը ջանացել եմ դրանք առավելագույնս մատուցել նոր տեսանկյունից` առանց ավելորդ նատուրալիզմի և գռեհկության` առայսօր անհայտ փաստերի ու վկայությունների հիմնավորմամբ:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

%d bloggers like this: