Tag Archives: Իրան

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐԱՔՍԻ ԱՓԵՐԻՆ

25 Նյմ

Տարածված կարծիք կա, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին Հայաստանը թեև տասնյակ հազրավոր զոհեր տվեց և իր ուսերին կրեց այդ արհավիրքի ողջ ծանրությունն ու ողբերգությունը, սակայն ռազմական ակտիվ գործողությունների թատերաբեմ չդարձավ: Ցավոք, սա ընդամենը ենթադրություն է: Պատմական վավերագրերն ու ականատեսների վկայությունները թույլ են տալիս պնդելու, որ մեր հանրապետությունը ևս ռազմաճակատային գոտի էր այս բառի բուն իմաստով և իրադրության բոլոր դրսևորումներով: Ասվածը հիմնավորելու համար բավարար է շարադրել սոսկ մի քանի դրվագներ պատերազմի առաջին ամիսներից:970257_237701019713610_299335025_n

Ինչպես պատմում է ծառայությունը Հայաստանում անցկացրած ռուս հրետանավոր Գրիգորի Կարպովը, պատերազմի մասին առաջին տեղեկությունները ստացել էին զինվորականները: Նույն օրն իսկ սահմանապահ գնդերը դիրքեր գրավեցին Արաքսի առափնյա հատվածներում: Գործողությունն իրականացվում էր գիշերով: Հրետանայյին դիվիզոններից մեկը` չկողմնորոշվելով տեղանքում, սխալմամբ անցել էր սահմանը և դիրքավորվել Թուրքիայի տարածքում: Առավոտյան թուրքերը բացահայտեցին դա, սակայն բանը առճակատման չհասավ: Կողմերը դեռևս ձեռնպահ էին մնում ակտիվ գործողություններից: Ավելի ուշ դիվիզիոնի հրամանատարին ռազմադաշտային դատարանը դատապարտեց մահվան: Նրան գնդակահարեցին ողջ անձնակազմի աչքի առաջ:408-rd divizian, 1942 meknymic araj

Սակայն բոլորի համար էլ հստակ էր, որ օգտվելով Խորհրդային Միության համար անբարենպաստ իրավիճակից, Թուրքիան ծրագրում էր զավթել Անդրկովկասը: Հապշտապ կարգով թուրքերը սահմանի երկայնքով ռազմական պատրաստություններ էին տեսնում` կառուցվում էին օդանավակայաններ, ճանապարհներ, կապուղիներ, ինժեներական ամրություններ: Արաքս գետի ափերին կենտրոնացվեցին 18 դիվիզիաներ: Թուրքական ինքնաթիռները սկսեցին պարբերաբար հետախուզական թռիչքներ կատարել Հայաստանի տարածքում: Երևանում ստիպված էին սահմանել պարետային ժամ, լուսաքողարկում, բարձր պատրաստության վիճակի բերվեցին հակաօդային պաշտպանության ուժերը: Քաղաքում սահմանվեց սննդի բաշխման քարտային համակարգ: Իսկ երբ Հայաստան հասան Ուկրաինայից էվակուացվածների առաջին մեծ խմբերը, կյանքն ավելի դժվարացավ:

Ողջ ամռան ընթացքում հայ-թուրքական սահմանին արձանագրվեցին մի քանի ռազմական բախումներ: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է նաև, որ թուրքական կողմը 8 անգամ հրակոծության է ենթարկել հայկական սահմանապահ ուղեկալները: Մեկ տարվա ընթացքում սահմանի այդ հատվածում հաջողվեց որսալ 47 թուրք գործակալների:1942

Արտաքին սպառնալիքից բացի ակտիվացել էր նաև ներքին թշնամին: Տիրում էր համընդհանուր լարվածություն: Շշուկներ էին տարածվում, թե թուրքերի հետ պատերազմն անխուսափելի է: Այդ մշտական տագնապն ու անորոշությունն ավելի էր ճնշում մարդկանց, խուճապային տրամադրությունների պատճառ դառնում: Նույն օրերին հատուկ ծառայությունները հանրապետության տարբեր շրջաններում բացահայտեցին դասալքության աղմկահարույց դեպքեր: Մեղավորվերի հետ դաժան հաշվեհարդար տեսան:

1941 թ. նոյեմբերին Ախտայի (Հրազդանի) շրջանում բացահայտվեց մուսաֆաթական ընդհատակյա մի կազմակերպություն, որի պարագլուխն էր Ազիզ Բադալօղլին: Խմբի թուրք անդամները լուրեր էին տարածում, թե եկել խորհրդային իշխանության վախճանը, և ամեն կերպ փորձում էին ձախողել Ախտայում իրականացվող պաշտպանական միջոցառումները: Կազմակերպության 13 ակտիվիստների դատապարտեցին պատերազմական ժամանակների օրենքներով:paterazm

Նույն տարվա դեկտեմբերին Ալավերդու և Ստեփանավանի շրջաններում ձերբակալվեցին 16 դասալիքներ, որոնք գործում էին ավագ Գիկոլյանի գլխավորությամբ: Վերջիններս 138-րդ հրաձգային դիվիզիայի զինվորներ էին: Իմանալով, որ իրենց ուղարկելու են ճակատ, նրանք էշելոնից փախուստի էին դիմել` իրենց հետ վերցնելով զենք և զինամթերք: Օրեր շարունակ խումբը ավազակային հարձակումներ էր կատարում Լոռու գյուղերի և կոլտնտեսությունների վրա: Իսկ ընդհանուր առմամբ, 1941-ին Հայաստանում բացահայտվեցին ու վնասազերծվեցին ևս 3 ավազակային խմբեր` իրենց 37 անդամներով:

Ոչ պակաս բարդ էր իրավիճակը նաև հայ-իրանական սահմանին: Խորհրդային հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեին, որ Գերմանիան պատրաստվում էր այդ երկրում հեղաշրջում իրականացնել և այն օգտագործել հարավից հարվածելու համար: Հասկանալով, թե նման շրջադարձն ինչպիսի աղետալի հետևանքներով էր հղի, արդեն 1941-ի օգոստոսին ձևավորվեց Անդրկովկասյան ճակատը: Մինչ այդ իրականացվել էր տեղի բնակչության մոբիլիզացիա, այնպես որ շարք մտած զինվորական ստորաբաժանումները կազմված էին գերազանցաապես հայերից: Քիչ չէին նաև քրդերն ու ադրբեջանցիները: Նորակոչիկներն արագացված կարգով մարտական պատրաստություն էին անցնում և ուղարկվում զորամասեր:0_8130f_538a29f6_L

Օգոստոսի 25-ին, լուսաբացից առաջ` ժամը 3.30-ին ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովն իր մոտ հրավիրեց Իրանի դեսպանին և նրան հանձնեց կառավարության նոտան` միաժամանակ տեղեկացնելով, որ Կարմիր բանակը մուտք է գործում Իրանի տարածք: Մինչ դիվանագետները փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում ու բացատրություններ պահանջում, ռազմական օպերացիան արդեն սկսվել էր: Ժամը 2-ին 65 զինված խմբեր անցել էին Արաքսը: Ընդամենը 2 ժամվա ընթացքում ոչնչացվեցին իրանական 121 սահմանային կետեր: Այդ ընթացքում իրանական 5 ինքնաթիռներ ռումբեր նետեցին Մեղրիի կամուրջի շուրջը, սակայն կամուրջը վնասել չհաջողվեց:

Այստեղ հարկ է պատմել գործողություններից մի դրվագ, որը լիովին բնորոշում է այն օրերին իշխող մարտական ոգին և նպատակին հասնելու ծայրահեղ միջոցները: Խոսքը Մեղրիի զորամասի 12 մարտիկների հերոսական արարքի մասին է:

Իրան ներխուժելու օպերացիան իրականացվում էր մթության քողի տակ, խիստ գաղտնիության պայմաններում: Հրամանատարության մշակած պլանի համաձայն, միայն այդպես էր հնարավոր հանկարծակիի բերել իրանական ուժերին և առանց մեծ կորուստների հաջողության հասնել: Այդ իսկ պատճառով հրահանգվել էր պահպանել մեռելային լռություն, որևէ կերպ չմատնել զորքերի առաջխաղացումը: Մեղրիի սահմանային գումարտակի մարտիկներին առաջադրանք էր տրվել նավակներով հատել Արաքսը և ափ իջնելուն պես վնասազերծել հակառակորդին: Եվ ահա այն պահին, երբ նավակներն արդեն լողում էին դեպի իրանական ափ, դրանցից մեկը ընկավ ուժգին ջրապտույտի մեջ ու շրջվեց: 12 զինվորներ խեղդվեցին, սակայն նրանցից և ոչ մեկը նույնիսկ չփորձեց օգնություն կանչել: Այդ լուռ հերոսությունը ցնցել էր բոլորին:

Զոհված մարտիկները հետմահու պարգևատրվեցին իրենց չլսված արիության համար, իսկ Մեղրիի զորամասում նրանց հիշատակին հուշարձան կանգնեցվեց:

Օգոստոսի 25-ի առավոտյան ժամը 7-ին մարտական առաջադրանքը կատարված էր: Դեպի Իրանի խորքը տանող ճանապարհները բաց էին բանակային խոշոր կազմավորումների համար:

Բայց սրանք ընդամենը պատերազմի առաջին ամիսներն էին: Մինչև 1945-ի մայիսը դեռ փորձությունների երկար ճանապարհ կար և օրերի անվերջանալի մի շղթա` լի մաքառումներով, կորուստներով ու քաջությամբ:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆՌազմաճակատ մեկնելուց առաջ-1941 թ. Երևան

Մի չկայացած աղետի տեսլականը

16 Դկտ

Իրանի գլխին հետզհետե կուտակվող սև ամպերի հեռանկարը երբեք Հայաստանի համար միևնույն չեն եղել: Մեր երկրում հրաշալի հասկանում են դրա հետևանքները: Սակայն այն «ապոկալիպսիսը», որն օրերս ներկայացրեցին ռուս վերլուծաբաններն ու ռազմական մասնագետները, ստիպում է փոքր-ինչ այլ հայացքով նայել իրականության աչքերի մեջ և պատրաստ լինել ամենամռայլ զարգացումներին: Մյուս կողմից թերևս պետք է հասկանալ, որ տվյալ պարագայում չի բացառվում գույներն անհարկի խտացնելու միտումը՝ ստեղծելով մի տպավորություն, որը չի կարող իր անդրադարձը չունենա ինչպես փոխադարձ վերաբերմունքների, այնպես էլ ապագա զարգացումները գնահատելու կողմնորոշման վրա:
Ի՞նչ են ասում այդ աղբյուրները: Նախ, նրանք վստահեցնում են, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հավանական հարձակման դեպքում Ռուսաստանը համարժեք հարված է նախապատրաստում, որի աշխատանքներն ընթանում են արդեն մեկ տարի: Սակայն տարվող միջոցառումների շրջանակում մեզ առավել հետաքրքրական են այն քայլերը, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանին: Իսկ այս մասին ասվում է, թե Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանն օպտիմալացվել է 2011 թ. հոկտեմբեր- նոյեմբերին և զինծառայողների ընտանիքները տեղափոխվել են Ռուսաստան: Դրա հետ մեկտեղ Երևանի մոտակայքում տեղակայված կայազորը կրճատվել է և տեղափոխվել Գյումրի`թուրքական սահմանի մոտ: Այսինքն, ենթադրվում է, որ հենց Թուրքիայի տարածքից ամերիկացիները կարող են հարված հասցնել, իսկ հարվածն էլ ուղղված կլինի անմիջականորեն մեր տարածքներին, այլապես ընտանիքների էվակուացիան այլ շարժառիթներ չէր կարող ունենալ:
Թե ինչ խնդիրներ պետք է կատարի 102-րդ ռազմակայանը, տվյալ պահին այնքան էլ պարզ չէ: Սակայն վերլուծաբանները միակարծիք են այն հարցում, որ, համաձայն իրենց ստացած տպավորությունների, ՌԴ պաշտպանության նախարարությունը մտահոգված է Հայաստանում տեղակայված ռազմակայանով, ինչը գնահատվում է ոչ այլ կերպ, քան Կովկասում Ռուսաստանի պատվար: Կրեմլն ակնհայտորեն զգուշանում է, որ ռազմակայանը կարող է դադարել՝ լինել աշխարհաքաղաքական ակտիվ, ինչի կորուստը պատերազմական գործողությունների մեկնարկի դեպքում աղետալի կլինի ռուսների համար: Միայն թե մխիթարիչ հանգամանքները քիչ են: Ընթացիկ տարվա ապրիլին Վրաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, որը թույլ էր տալիս Ռուսաստանին ռազմական տարանցում իրականացնել դեպի Հայաստան: Ստացվում է այնպես, որ այժմ ռուս-հայկական զորախմբերը պարզապես մեկուսացված են այդ վայրում: Ռուսական զորակազմին անհրաժեշտ վառելիքը, սննդամթերքը և մնացած ամեն բան պետք է տեղափոխվի օդով: Իսկ Իրանում պատերազմի բռնկման պարագայում նման չվերթները կարող են դառնալ ոչ միայն դժվար, այլև նույնիսկ անհնար: Այս հանգամանքի առնչությամբ Կովկասում ռուսական բանակի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևն ասել է, թե Իրանում պատերազմը կստիպի Ռուսաստանին Վրաստանի տարածքով Հայաստանի զորակազմի համար մատակարարումների նոր ուղեգիծ փնտրել:
Սրա հետ մեկտեղ, և ոչ բոլորովին անհիմն, մտահոգիչ կանխատեսումներ են շրջանառվում այն մասին, թե իրադարձությունների աղետալի զարգացման պայմաններում ինչպես իրեն կդրսևորի Ադրբեջանը: Մասնավորապես, Քաղաքական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը խոստովանել է, որ Ռուսաստանը խիստ կասկածամտորեն է վերաբերվում ադրբեջանցիներին: Իսկ դրա համար հիմքերն առավել քան բավարար են: Այդ երկիրը վերջին երեք տարում ավելացրել է իր ռազմական բյուջեն, անօդաչու ինքնաթիռներ և ժամանակակից այլ զինատեսակներ գնել Իսրայելից: Ավելորդ չէ վերհիշել, որ Բաքուն նույնիսկ ճնշում է գործադրել Ռուսաստանի վրա` Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործման համար ավելի բարձր վճար պահանջելով: Ու եթե դեռ ոմանք կարծում են, թե Ադրբեջանը ավելի հեռուն չի գնա և ուղղակի մասնակցություն չի ունենա Իրանի դեմ ռազմական արշավանքին, ապա քչերն են բացառում, որ Բաքուն իր հարվածի նշանակետ կունենա մեկ այլ ուղղություն՝ Լեռնային Ղարաբաղը: Նրանք կարող են հարված հասցնել Հայաստանին և ԼՂՀ-ին`տարածքները վերադարձնելու նպատակով, իսկ այդ պարագայում շատ բան կախված կլինի Ռուսաստանի վարքագծից: «Եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Իրանում պատերազմն օգտագործի Հայաստանում իր «փոքր» պատերազմի համար, Ռուսաստանը և հայկական զենիթային ուժերը կապահովեն օդից պաշտպանությունը Հայաստանի ողջ տարածքում: Տվյալ պահին դա չի կարող դիտարկվել որպես մասնակցություն մարտական գործողություններին: Ռուսական բանակը չի մասնակցի ռազմական գործողություններին Ղարաբաղի տարածքում, այդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Այնուամենայնիվ, ռուսական բանակը, հավանաբար, ստիպված կլինի պայքարել Հայաստանի ներսում, երբ զորքերն իրենք գտնվեն վտանգի տակ»,- հիշյալ հեռանկարի առիթով ասել է ռազմական փորձագետ, գնդապետ Վլադիմիր Պոպովը:
Հասկանալի է, որ այս ամենը դեռևս միայն ենթադրություններ են, թեև ոչ անհավանական: Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված ռազմակայանին, ապա վերջին օրերի ընթացքում այնտեղ կատարված դեպքերը լուրջ տագնապների և անհանգստությունների տեղիք չեն տալիս: Վերջերս հայտնի դարձավ, որ պահեստազոր ուղարկված անձնակազմի փոխարեն ժամանել են նոր սերժանտներ ու զինվորներ, ովքեր նախապատրաստություն են անցել Հարավային և Կենտրոնական զինվորական օկրուգների ուսումնական կենտրոններում: Զինվորականների ժամանակին տեղափոխումը կազմակերպելու համար ավելի քան 50 ավիաթռիչք էր իրականացվել, սակայն ռազմակայանում անձնակազմի թվի փոփոխություն տեղի չի ունեցել: Սրա հետ մեկտեղ տեղեկություն տարածվեց նաև այն մասին, որ ռազմակայանի ուսումնամարզական համալիրների նյութատեխնիկական բազան 30 տոկոսով թարմացվել է, մասնավորապես, պարապմունքներին պատրաստ են միավորման տանկակայանը, ավտոդրոմը, տանկային դիրեկտրիսան և զինվորական հրաձգարանը, նորոգվել են հսկիչ անցակետերը, ինչպես նաև զինամթերքի կառավարման և հանձնման կետերը: Բացի այդ, ամբողջովին վերականգնվել է ստորաբաժանումների ուսումնանյութական բազան, որն օգտագործվում է դաշտային պարապմունքների ժամանակ:
Այս ամենի հետ մեկտեղ, տարօրինակ զուգադիպությամբ, հենց երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում համաձայնություն տվեց «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի տեղաբաշխման կետերի և դրանց տեղաբաշխման և օգտագործման համար ՀՀ սեփականությունը հանդիսացող հողատարածքների, զորանոցային և բնակելի ավանների հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Թե այս ամենը ինչ կարող է նշանակել, թողնում ենք ընթերցողի հայեցողությանն ու եզրահանգմանը: Միայն նշենք այն մասին, որ Հայաստանում «իրանական սցենարի» շուրջ կա մտահոգություն, սակայն չկա խուճապ: Երկրի իշխանություններն իրենց հերթին շարունակում են պահպանել խորը լռություն: Միայն թե դա երբեմն նմանվում է այն լռությանը, որը լինում է մեծ փոթորկից առաջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Իրանը հաճոյախոսություններ է շռայլում

9 Նյմ

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին էր Հայաստան եկել: Նրան ընդունեց հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, էներգետիկայի նախարարը, հետո բանակցություններ կայացան հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ, ապա՝ ասուլիս ու տարատեսակ հայտարարություններ: Ընդհանուր առմամբ այցը ներկայացվեց ճանաչողական-աշխատանքային (Սալեհին առաջին անգամ էր մեր երկիր գալիս) և միևնույն ժամանակ ասվեց այն մասին, որ մինչև տարեվերջ սպասվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան, և այժմ կողմերը քննարկել են այդ այցելության նախապատրաստաման հարցը:
Այս ամենի մեջ, իհարկե, անսովոր ոչինչ չկա, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները միշտ էլ առանձնացել են ընդգծված հանդարտությամբ և տհաճ ցնցումներից զերծ: Բայց և այնպես նախարարի այցելությունը և Երևանում նրա կողմից արտասանված որոշ մտքեր չէին կարող մատնվել անուշադրության հենց թեկուզ այն պատճառով, որ դրանք այս անգամ առանձնահատուկ հնչերանգներ ունեին, իսկ շատ դեպքերում պարզապես հիշեցնում էին հաճոյախոսություններ: Այսպիսի ընդգծված ջերմությունը, որքան էլ այն հաճելի լինի, չէր կարող ինքնանպատակ լիներ, և վերլուծաբաններն անմիջապես կառչեցին այն մտքից, թե դեպի ու՞ր են դրանք տանելու մեզ և իրանցիներին: Սրա հետ մեկտեղ աննկատ չմնաց և այն, որ նախարարը ժամանել էր Իրանի համար բավականին բարդ մի ժամանակահատվածում, իսկ Երևանում արտասանված նրա որոշ ուղերձներ ոչ միայն տարածաշրջանին, այլ ավելի լայն ընդգրկումներ ունեին: Ստացվեց այնպես, որ օրերս Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ միջազգային հանրության քննարկումները, հայտարարությունները և բացահայտ սպառնալիքները իրենց պատասխանի ամբիոն ունեցան Հայաստանը, իսկ այդ ընտրությունը նույնպես պատահական լինել չէր կարող:
Ինչևէ, վերադառնանք Ալի Աքբար Սալեհիի՝ մեզ առնչվող գնահատականներին՝ համոզվելու համար, թե դրանք որքան հետաքրքիր շեշտադրումներ էին կրում, և կռահելու, թե որոնք էին այդ բարեհաճության աղբյուրները: Վստահեցումն այն մասին, որ «Իրանը՝ որպես բարեկամ երկիր, մշտապես հաստատակամ ու նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը», լրացվում էր այն փաստարկներով, թե Իրանը և Հայաստանը ոչ մի խնդիր չունեն՝ ոչ սահմանային, ոչ էլ որևէ այլ ոլորտում. Իրանի համար Հայաստանը վստահելի հարևան և բարեկամ է: Իսկ այս անամպ շփումներին լրացուցիչ լիցքեր պիտի հաղորդի փատը, որ երկու հարևան երկրները տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ շատ մոտ տեսակետներ ունեն: Հենց նմանատիպ նախադրյալների առկայությունն էլ ի վերջո կարող է բարձրաստիճան հյուրին ստիպել հրաժեշտից առաջ խոստովանելու, որ առաջին այցելությունից լավ հիշողություններով է մեկնելու «սիրելի ու հարևան Հայաստանից»:
Բայց մինչ հարցի հուզական կողմին անցնելը Սալեհին առիթն օգտագործեց բարձր գնահատել նաև իրանահայ համայնքի գործունեությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում և նշեց. «Իրանում հայերը ունեն հատուկ կարգավիճակ, հարգված են բոլորի կողմից»: Հատկանշական է, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ նույնի մասին իր կարծիքն էր արտահայտել նաև Իսլամական մշակույթի նախարարությանն առընթեր մամուլի բաժնի պետ Մոհամադ Ջավադ Աղաջարին: Ըստ նրա, Իրանում հայերը ազատ են ապրում, շատ իրավունքներ ունեն, իրանական Սահմանադրության համաձայն` հայերը խորհրդարանում երկու տեղ են զբաղեցնում, ինչը ապացուցում է, որ հայերին հարմար է ապրել այդ երկրում: «Նրանք այլ կրոնի ներկայացուցիչների հետ կողք կողքի են ապրում, բայց ոչ մի խնդիր չի լինում»,- ասել էր Աղաջարին:
Համայնքի մասին այս կրկնակի հիշեցում-անդրադարձը նույնպես հարկ է դիտարկել ընդհանուր տրամադրության համատեքստում, որի բարձրակետն, անշուշտ, դարձավ Իրանի ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, թե Հայաստանն առանձահատուկ դիրք է գրավում միջազգային ասպարեզում: «Կարող է թվալ, թե Հայաստանը տարածքի և բնակչության տեսակետից փոքր երկիր է, սակայն նրա կարգավիճակն ու ազդեցությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում շատ մեծ են»: 15 հարևան ու սահմանակից երկիր ունեցող մեծ Իրանի կողմից նման խոստովանական արժևորում ստանալու համար թերևս իսկապես պետք է ինչ-որ բան նշանակել աշխարհի այս հատվածի համար: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ փոքր Հայաստանը մեծ ազդեցություն ունի շնորհիվ աշխարհով մեկ ցրված Սփյուռքի, իսկ դրսում ապրող մեր հայրենակիցները, Սալեհիի բառերով ասած, Հայաստանի դեսպաններն են, ապա վերստին չի կարելի չնկատել, որ Թեհրանի կողմից մեր երկրի կարևորումը ոչ թե ավելորդ չափազանցությունների արգասիք է, այլ կշռադատված դերաբաշխման արդյունք:
Իրանի ԱԳ նախարարը Երևանում արձանագրեց նաև, որ Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը ներկայումս կազմում է տարեկան 100 հազար, բայց հույս հայտնեց, որ կգա օրը, երբ այդ թիվը կանցնի մեկ միլիոնի սահմանը: Իբրև այդ նպատակին խթանող պայման, նա առաջարկեց երկու երկրների միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարել, ինչից հետո քաղքացիների տեղափոխությունը նույնքան ազատ կլինի, որքան մեկ երկրի սահմաններում: Նպատակ կա նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 300 միլիոն դոլարի, ինչը սակայն չի արտահայտում եղած պոտենցիալը և զգալիորեն ցածր է դրանից: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարևորվեց էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառներում երկկողմ առանցքային նախագծերի իրականացումը: Նոր նախագծերի շարքում նշվեց ջրի ընդհանուր օգտագործման հեռանկարը, մասնավոր հատվածի համագործակցության ակտիվացումը: «Մենք նույն մտքերն ունենք, ու շատ մոտ են մեր տեսակետները շատ խնդիրներ վերլուծելու հարցում»,- ասաց Սալեհին: Ճիշտ է, երբ հրավիրված ճեպազրույցի ժամանակ լրագրողը փորձեց հարց տալ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացին Իրանի հնարավոր մասնակցության մասին, հանդիպումը անսպասելիորեն ավարտվեց ու հարցն անպատասխան մնաց, բայց այս աննշան միջադեպը ոչ մի կերպ ստվեր չնետեց ընդհանուր մթնոլորտի վրա:
Հավելենք, որ Իրանի ԱԳ նախարարի այցին խիստ ուշադրությամբ հետևում էին մեր հարևան մյուս երկրները: Իսկ Ռուսաստանը նույնիսկ հարկ համարեց արձագանքել դրան: Մասնավորապես Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մարգելովը հետևյալն ասաց. «Իրանը մեր հարևանն է, որի հետ ընդհանուր սահման ունենք։ Իրանը տարածաշրջանային ուժեղ խաղացող է, և մենք ուշիուշով հետևում ենք նախկին ԽՍՀՄ երկրներում, հատկապես Հայաստանում, Իրանի աճող տնտեսական գործունեությանը»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կարող եմ օգնել բարի մտադրություններով

19 Հկտ

Երբ օրերս հայտնի դարձավ, որ Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, այս տեղեկությունը որևէ մեկին զարմանք չպատճառեց: Միայն ընթացիկ տարվա ընթացքում պաշտոնական Թեհրանը հավանաբար 4-5 անգամ արդեն նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել տարբեր ամբիոններից: Եվ այս հավելյալ հիշեցումը, որ վերջին անգամ հնչեց Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթի շուրթերից, ընկալվեց ոչ ավելին, քան բարի մտադրությունների արտահայտություն: Պաշտոնյան նաև նշել էր, որ Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների և խորհրդատվությունների շարունակման օգտին ու պատրաստ է օգնել լուծել Երևանի ու Բաքվի միջև տարածքային վեճը: Մեհմանփարասթն ի հավելումն ասվածի ընդգծել էր, որ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար կարող են նշանակալի դեր ունենալ:
Այն, ինչ հաջորդեց հիշյալ ելույթին, ոչ միայն դրա տրամաբանական արձագանքն էր, այլ նաև անխուսափելի հետևանքը: Որքան էլ կարծիքները աչքի ընկնեին իրենց բազմազանությամբ, մի հարցում բոլորը կարծես թե համերաշխ էին՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու Իրանի առաջարկը ոչ ոք լուրջ չէր ընկալել: Այս կարգի թերահավատ վերաբերմունքը մի քանի բացատրություններ ուներ, սակայն գլխավորը մնում էր այն, որ միջազգային հանրությունը բազմիցս փաստել էր, թե խնդրի լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այսինքն Իրանը որքան էլ հայտարարի իր պատրաստակամության մասին, գործնականում նրա միջնորդական առաքելությունը դժվար թե կյանքի կոչվի:
Անկասկած, այս բանը Թեհրանում հրաշալի գիտակցում են: Բայց և այնպես շարունակում են պնդել մի բան, ինչի մասին մյուսները առանց թաքցնելու ասում են. «Դա ուղղակի լուրջ չէ»: Այդ դեպքում ի՞նչ կարող են շահել իրանցիներն իրենց անլրջությունից: Տարածված վարկած կա, համաձայն որի, ամեն ինչից դատելով, ինչպես Իրանը, այնպես էլ բոլոր այն «հարակից» երկրները, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկություն են հայտնում միջնորդելու ղարաբաղյան հակամարտության լուծմանը, իրենց այդ մղումներով հավակնում են սոսկ հիշեցնել մեր տարածաշրջանում իրենց ներկայության և դերի մասին: Ընդամենը այսքանը և ոչ ավելին: Տվյալ պարագայում դժվար է չհամաձայնել այն պնդումների հետ, որ նման հայտարարություններ հնչեցնող երկրներից և ոչ մեկն իրականում հույս չունի, թե իր առաջարկները կընդունվեն: Բացի դա, կարծես թե հստակ է դառնում, որ ոչ Իրանը, ոչ էլ մյուսները Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ ոչ ունեն, ոչ էլ երբևէ ունեցել են: Եթե այդպիսիք լինեին, ապա ինչ-որ կերպ հայտնի կդառնային գոնե դրանց առանձին դրվագները:
Հայաստանի համար նման առաջարկները կտրական կերպով մերժելը հեշտ գործ չէ: Ի վերջո, խոսքը հարևան երկրի մասին և անհրաժեշտություն կա դիվանագիտական նրբանկատություն հանդես բերելուց զատ նաև չնեղացնել օգնության ձեռք պարզողին: Եվ ահա այդ պատասխանատու գործին լծվեցին իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները: Նախ հանդես եկավ Հանրապետականը՝ կրկնելով այն նույն միտքը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթներում, և այլ կողմերի, այդ թվում՝ Իրանի միջնորդությունը ոչ միայն չի կարելի, այլ նաև հնարավոր չէ: Այլ խոսքերով ասած՝ այն, ինչ կա ներկա պահին, մեզ լիովին բավարարում է և նոր դերակատարների ներկայությունը միայն փչացնել կարող է փխրուն հավասարակշռությունը: Այնուհետև արտահայտվեց «Բարգավաճ Հայաստանը»՝ նշելով, որ մեր երկիրը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի հավասարակշռված մոտեցումները, սակայն միաժամանակ փաստում է, որ հիմնախնդրի լուծման բանակցություններն ընթանում են իր համար լիովին ընդունելի` ԵԱՀԿ ձևաչափով: Որպես հավելում այս ամենի օրերս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, որտեղ մասնակցում էր Միջխորհրդարանական միության հոբելյանական 25-րդ վեհաժողովին, հանդիպեց Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին և առանձնազրույցի ժամանակ հնարավորինս մեղմ ձևակերպումներով շարադրեց արդեն ասվածը:
Թե որքանով Թեհրանը գոհ կմնա Երևանի հիմնավորումներից՝ կիմանանք ամենամոտ ժամանակներս: Իսկ մինչ այդ չենք կարող չարձանագրել, որ ներկայումս Իրանը գտնվում է շատ դժվար իրավիճակում: Միացյալ Նահանգները և նրա համախոհ երկրները շարունակում են սպառնալիքներ տեղալ, և որևէ մեկն այս պահին երաշխիքներ տալ չի կարող, որ մի օր բառերին չեն հաջորդի գործողությունները: Հենց այս վտանգը հաշվի առնելով է, որ Իրանը փորձում է իր դերակատարությունը ամրապնդել Հարավային Կովկասում: Ու նրա զանազան առաջարկները դժվար է մեկնաբանել այլ կերպ, քան դիվանագիտական շրջափակումից դուրս գալու ծայրահեղ ճիգեր: Մեծ հաշվով խնդիրը ոչ այնքան Ղարաբաղն է, որքան հակամարտության ագրեսիվ կողմերից մեկը՝ Ադրբեջանը: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ թվացյալ ջերմ հարաբերությունների թիկունքում Բաքուն շարունակում է կասկածանքով վերաբերվել Իրանին և նրա նկատմամբ պահպանել անվստահությունը՝ կարծելով, թե վերջինիս դիրքորոշումը հայամետ է: Այստեղ տեղին կլինի նկատել, որ Թեհրանի վերջին հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի արտգործնախարարը տեղեկացրեց, թե այժմ քննարկվում է Ղարաբաղյան գոտում խաղաղապահների տեղակայման հարցը: Հայտնի բան է, որ իրանական կողմի համար խաղաղապահների տեղակայման հարցը չափազանց խոցելի է, և մշտապես նրանք հիվանդագին կերպով են արձագանքել այդ հեռանկարին: Ու ստացվեց այնպես, որ Իրանի արձագանքը խաղաղապահների տեղակայմանը եղավ առանց հապաղումի: Դրանից հետո քաղաքական դիտորդներն անմիջապես նշեցին, որ Իրանն այդ կերպ զգուշացնում է, թե ինքը կարևոր գործոն է տարածաշրջանային քաղաքականության մեջ, և որ առանց իր մասնակցության Հայաստանն ու Ադրբեջանը միայն արևմտյան միջնորդության վրա հենվելով արդյունքի չեն հասնի:
Սա, իհարկե, վիճարկելի տեսակետ է: Սակայն չմոռանանք այն, որ Իրանի արտգործնախարարի հայտարարության մեջ հիշատակվում էր նաև Ռուսաստանի անունը, ինչը նույնպես պատահական չէր: Թեհրանում հույս ունեն, որ Մոսկվան իրենց այդ մեսիջը անարձագանք չի թողնի, քանի որ ռուսական իշխանական վերնախավում հիմա առավել հաճախ է քննարկվում այն հարցը, թե ինչքանով էր արդյունավետ տարածաշրջանում և մասնավորապես Իրանին վերաբերող հարցրում միայն ԱՄՆ-ի հետաքրքրությունները հաշվի առնելու քաղաքականությունը: Որպես ասվածի ապացույց ավելորդ չէ հիշել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Իսկ այս «չի կարելի»-ն զգուշացում է ոչ միայն Իրանի, այլև մյուսների համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մի բաժակ ջրի փոթորիկը

12 Օգս

Մեզ համար փոքր-ինչ անսովոր պիտի դիտվի, եթե հանկարծ ասեն, որ մեր բանակի որևէ բարձրաստիճան սպա հոգևոր թեմայի շուրջ քննարկումներ կամ բանավեճեր է անցկացնում: Նախ կասենք, որ դա զինվորականի գործը չէ, իսկ հետո անպայման կավելացնենք, որ անկեղծորեն չենք հավատում, թե ուսադիրներ կրող մեր պաշտոնյաները որևէ պատկերացում ունեն հոգևոր ոլորտի մասին: Իսկ ահա Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին այդ խնդիրը չի անհանգստացնում: Նա կարող է իրենց ոչ միայն թույլ տալ նման ազատություն, այլև քննադատության նետեր ուղղել հարևան երկրի դեմ, ինչն էլ նա մեծ հաջողությամբ արեց` դատապարտելով Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»: Ֆիրուզաբադին մասնավորապես նշել էր, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, և սպառնացել էր, որ Իլհամ Ալիևին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը: «Որոշ հարևան իսլամական երկրներ, որոնց հետ մենք պահպանում ենք բարիդրացիական հարաբերություններ, շարունակում են արհամարհել մեր բարեկամությունը և ազատություն են տալիս սիոնիստական վարչակարգին` թույլ տալով վերջինիս միջամտել իրենց երկրի ներքին գործերին: Նրանք ոտնահարում են Իսլամի օրենքները: Բայց Ադրբեջանի ժողովրդի երակներում հոսում է նաև իրանական արյուն և նրանց սրտում ապրում է իսլամի նկատմամբ անկոտրում սերը»,- ասել էր շտաբի պետը, և հենց այդ խոսքերով էլ ծնունդ տվել միջպետական հերթական սկանդալին:
Միանգամից ասենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը դարձել է չափազանց անհավասարակշիռ և հիվանդագին վերաբերմունք է դրսևորում յուրաքանչյուր երևույթի նկատմամբ, եթե այն կարող է որևէ կերպ ստվերել իր ազգային արժանապատվությունը: Լավ է դա, թե վատ` սա այլ խնդիր է, բայց որ Ֆիրուզաբադի լցրած մի բաժակ ջրում Բաքուն փոթորիկ բարձրացրեց, դա նույնպես փաստ է:
Առաջին քայլը եղավ այն, որ Ադրբեջանն Իրանին բողոքի նոտա ներկայացրեց: Արտգործնախարարություն կանչեցին Ադրբեջանում Իրանի դեսպանին ու նոտան հանձնեցին նրան: Այնուհետև հրապարակվեց ԱԳՆ հայտարարության տեքստը, ուր ասված էր. «Ֆիրուզաբադը զինվորական է, և նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են: Լավ կլիներ, եթե զինվորականը հանդես գար զինվորական, իսկ քաղաքական գործիչը` քաղաքական հայտարարություններով»: Ապա գալիս էին երկար-բարակ դատողություններն այն մասին, թե Ադրբեջանում պահպանվում է արտասահմանյան երկրների ներքին խնդիրներին չմիջամտելու սկզբունքը, իսկ փոխարենը Ադրբեջանում չեն ստեղծելու պայմաններ այլ պետությունների կողմից իրենց ներքին գործերին միջամտելու համար և այդպիսի հնարավորություն նրանց չի տրվելու:
Մյուս քայլը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արձագանքն էր: Սրանք էլ ափսոսանք էին հայտնում կատարվածի առնչությամբ և ապա անցնում հեգնական-հանդիմանական ոճին` նշելով, թե «չնայած հայտարարություններին, որոնցով Իրանի ղեկավարությունը հանդես է գալիս Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, այդ երկրում որոշ շրջանակներ, ինչպես երևում է, քաղաքականություն են վարում ընդդեմ Իրանի և Ադրբեջանի շահերի: Մեկ տեսնում ես` ինչ-որ քաղաքում կրոնական գործիչը աղավաղում է պատմությունը, կամ էլ ինչ-որ զինվորական, իր պրոֆեսիոնալ պարտավորություններով զբաղվելու փոխարեն, առանց լողալ իմանալու նետվում է քաղաքականության հորձանուտը»:
Սա, ինչ խոսք, շատ հարմար կեցվածք է` մեղքը վերագրել անհայտ հասցեատերերին և անունը դնել «որոշ շրջանակներ»: Այդ դեպքում կարելի է խոսել ցանկացած շեշտադրությամբ և ցանկացած բանի մասին, ինչն էլ մեծ հաջողությամբ արեցին ադրբեջանցիները, որոնց հատկապես վիրավորել էր այն, որ ադրբեջանցի ժողովրդի երակներում հոսում է ոչ թե թուրքական, այլ իրանական արյուն: Արյան բաղադրության շուրջ ծավալվող այս բանավեճը ի վերջո նրանց կարող է փակուղի հասցնել, իսկ ահա քաղաքական հարթության վրա մտորելու պատճառներ կան, և ոչ միայն նրանց համար:
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանում իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ յուրաքանչյուր պետական պատասխանատու այրի արտոնված է կարծիքներ արտահայտել, որոնք չեն համընկնում երկրի պաշտոնական դիրքորոշմանը: Նման իրավիճակներն այժմ առավել քան հաճախ են տեղի ունենում: Օրինակ, ինչ-որ մեկը որոշում է խոսել Սիրիայի մասին, կամ Թուրքիայի ու Իսրայելի հասցեին տեսակետներ արտահայտել, հետո այդ խոսքերը տեղադրվում են պաշտոնական կայքէջերում, մեկ-երկու օր անց դրանք կամ ջնջվում են կամ խմբագրվում, սակայն ձնագունդն արդեն գլորված է լինում, իսկ հետևանքը երկար-բարակ պարզաբանումներն են, որոնք անպայման նստվածք են թողնում, որպեսզի վերստին ջրի երես բարձրանան, երբ դրանց անհրաժեշտությունը կզգացվի: Հիշենք, թե ինչպես մի քանի անգամ այդ ծուղակն ընկավ նաև Հայաստանը, երբ հարկ եղավ արյուն պղտորել մի քանի այաթոլլահների արտահայտած մտքերից` կապված Լեռնային Ղարաբաղի հետ:
Սակայն առավել արժանահավատ է այն կարծիքը, որ տվյալ դեպքերում ոչ մի անվերահսկողություն էլ չկա, և ամեն բան շատ լավ կշռադատված ու ծրագրված գործողություն է: Իրանի քաղաքական և հոգևոր վերնախավը արտաքին հարաբերություններում հանդես է բերում միասնական, կուռ դիրքորոշում, և խելացիորեն մտածված դերաբաշխումը ստեղծում է այն պատրանքը, թե տարակարծությունները, դրանց առանձին բռնկումները ներքին քաոսի կամ այլախոհության արտահայտությունն են: Հոլիվուդյան ֆիլմերի օրինակով նախագահ Ահմադինեժադն ու հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին աշխարհի հետ «լավ ոստիկան-վատ ոստիկան» են խաղում: Մյուսներն իրենց հերթին այդ մեծ բեմականացման էպիզոդիկ կերպարներն են, որոնք երբեմն-երբեմն հրապարակ են դուրս գալիս և արտասանում այն խոսքերը, որոնք նախատեսված են այդ պահի համար: Մինչդեռ նպատակը նույնն է, քայլերը` հավասարակշռված, մտադրությունը` ուղղակի: Այս իմաստով միանգամայն սպասելի ու հասկանալի է, որ գեներալ Ֆիրուզաբադի հայտարարությունից երկու օր անց Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հերքեց տեղեկությունն այն մասին, թե Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդես է եկել Ադրբեջանի կառավարությանը քննադատող հայտարարությամբ: Գործն արված էր, կարելի էր փակել վարագույրը:
Իսկ գործի էությունն իրականում շատ խորը գնացող արմատներ ունի: Ադրբեջանում իսլամական գործոնի առկայությունը և դրա շուրջ երկու հարևան երկրների վերաբերմունքների տարբերությունը երկար ժամանակ է, ինչ լուրջ խնդիրներ են հարուցում Թեհրան- Բաքու հարաբերություններում: Վերհիշենք թեկուզ ոչ անհայտ Wikileaks-ի հրապարակումներից մեկը, երբ գաղտնի փաստաթուղթը ներկայացրել էր Ադրբեջանում Իրանի գործունեության ուշագրավ մանրամասներ, ինչպես նաև վերլուծություններ Ադրբեջանում ստեղծված դրության վերաբերյալ։ Հրապարակումը հիմնված էր Բաքվում ԱՄՆ դեսպանությունում իրանական գործակալների հաղորդած տեղեկությունների վրա:
Այնտեղ ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին մասնավորապես նշում էր, թե Ադրբեջանում իր դիրքերը ամրապնդելու համար Իրանը օգտագործում է աշխարհագրական դիրքի առավելությունները, լեզվական, մշակութային եւ կրոնական գործոնները` ծրագրելով իսլամական վարչակարգ հաստատել այդ երկրում: Ու եթե հիմա Բաքուն այդչափ մեծ աղմուկ է բարձրացնում մի զինվորականի անզգուշորեն արտասանած մտքերի կապակցությամբ, ապա նա անկասկած գիտի, թե հարավի հարևանն ինչ է ասում և ինչու է ասում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կրիտիկական օրերի հաշվեկշիռը

11 Օգս

Սիրիայում ծավալվող իրադարձությունների համատեսքում հասունանում են լարվածության նոր ու պայթյունավտանգ օջախներ, և դրանցից առավել ընդգծվածը Թուրքիա-Իրան մրցակցությունն է: Ու երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դամասկոսից վերադառնալուց անմիջապես հետո հայտարարեց, թե մոտակա մի քանի օրերը «կրիտիկական» կլինեն և կկանխորոշեն Թուրքիայի հետագա գործողությունները, ապա նրա խոսքերը միայն Սիրիա- Թուրքիա հարաբերություններին չէին վերաբերում: Իրավիճակի ծայրահեղությունը, ըստ Անկարայի, առաջին հերթին պիտի առնչվի Իրանի պահվածքին, որը ներկա պահին պատրաստ է գնալ մինչև վերջ, սակայն ոչ մի գնով իր դաշնակից Սիրիային մերկ ձեռքերով չի հանձնի հարևանների ու Արևմուտքի «տնօրինությանը»: Եվ խնդիրն այստեղ սոսկ տարածաշրջանում եղանակ ձևավորող երկու երկրների հավակնությունների մասին չէ, այլ այն հավասարակշռության խախտման, ինչի հաշվին երկար տարիներ պահպանվում էր ենթադրյալ կայունությունը:
Այս իմաստով վերջին զարգացումները միանգամայն համապատասխանում էին ասվածի տրամաբանությանը: Այն պահից ի վեր, երբ Թուրքիան որոշեց գնալ կտրուկ գործողությունների և Դավիթօղլուի միջոցով իր կոշտ վերջնագիրը փոխանցեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` նախազգուշացնելով, թե վերջինիս Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը կրկնելու վտանգն է սպառնում, Սիրիան իր հերթին թուրքերին հասկացրեց, որ Անկարան «վճռական պատասխան» կստանա, եթե Դավութօղլուն Դամասկոս ժամանի խիստ ուղերձով: Ի վերջո հանդիպումը կայացավ, և 6 ժամ տևած զրույցից հետո Դավութօղլուն Սիրիայից ձեռնունայն վերադարձավ։ Ավելին, Թուրքիայի ԱԳ նախարարին Դամասկոսի օդանավակայանում դիմավորել էին փոխնախարարի մակարդակով, ինչը թուրքական կողմը որակեց որպես դիվանագիտական խայտառակություն։ Սակայն նվաստացումները թուրքերի համար ավելին չեն, քան արդյունքները: Իսկ դրանց հասնելու համար նրանք պատրաստ են հնարավորինս խտացնել գույները, ինչն էլ այս օրերին հաջողությամբ անում էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը` հայտարարելով, թե` «Մեր համբերությունը հատվում է»: Էրդողանի խոսքով` Սիրիայում կատարվածը Թուրքիայի համար «ներքին խնդիր է», քանի որ երկու երկրներն ունեն 850 կիլոմետրանոց սահման, հարազատներ, պատմական ու մշակութային կապեր: Մինչդեռ Սիրիայի համար մեծագույն վիրավորանք է հարևանի համար «ներքին խնդիր» համարվելը, իսկ նա դեռևս իրեն այնքան անպաշտպան չի զգում, որ գնա զիջումների: Այս առումով թուրքերն իսկապես ծիծաղելի վիճակում հայտնվեցին, երբ Դավիթօղլուի վերադարձից հետո լուր տարածվեց, թե իբր Ասադը սահմանամերձ Համա քաղաքից հանել է տանկերը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անմիջապես շտապեց ավետել, որ դա տեղի է ունեցել Անկարայի իրականացրած ջանքերի արդյունքում։ Սակայն հաշված ժամեր անց հայտնի դարձավ, որ սիրիական տանկերը ներխուժել են Թուրքիայի սահմանից 30 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Տաֆնատազ և դրան հարակից Սերմին քաղաքները: Իսկ սա այլ բան չէր, քան բացահայտ մարտահրավեր:
Հիմա արդեն շատ ավելի հավանական է թվում, որ մոտակա ժամանակներս Սիրիայում գտնվող թուրքական ընկերությունները դուրս գան այդ երկրից։ Թուրքիան կարող է նաև ետ կանչել իր դեսպանին և աջակցել ՄԱԿ-ում Սիրիայի դեմ ավելի կոշտ միջոցների կիրառմանը:
Իհարկե, միանգամայն հնարավոր էր նաև, որ թուրքերը կյանքի կոչեին ամերիկացիների վաղեմի երազանքը` ուղղակի առճակատման մեջ մտնեին սիրիացիների հետ, առավել ևս, որ սահմանին տեղակայված թուրքական զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության էին բերվել, իսկ այդ ընթացքում էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն կանխատեսել էր, թե իրադարձությունները կարող են հանգեցնել թուրքական և սիրական զորքերի միջև բախումների: Ճիշտ էր նկատել անգլիական «The Telegraph»-ի վերլուծականը, երբ գրել էր, որ «ռազմական ունակությամբ, ազգային անվտանգության հնարավորություններով և շահավետ աշխարհագրական դիրքով Թուրքիան Սիրիայի վրա հարձակվելու համար միակ ամենահարմար երկիրն է»: Բայց արի ու տես, որ ծրագրերն այդպես էլ կարող են ծրագրեր մնալ, քանի որ առկա է մի լուրջ հակազդեցություն և դրա անունն է Իրան:
Սիրիայի վաղեմի դաշնակից Իրանը հրաշալի հասկանում է, որ Դամասկոսի պարտության դեպքում հաջորդը լինելու է ինքը, իսկ վտանգը հեռացնելու միակ տարբերակը ամեն գնով Սիրիային աջակցելն է: Օրերս Իրանի հեղափոխության պահապանների բանակի կայքէջում հայտնվեց մի հաղորդում, որտեղ ասվում էր, թե ԱՄՆ-ի ու Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական միջամտության պարագայում Իրաքի Քուրդիստանը նոր Աֆղանստանի կվերածվի։ «Եթե թուրքական բանակը մտնի Սիրիա, մենք պատերազմ կհայտարարենք Թուրքիային և մեր ամբողջ ռազմական ուժով կաջակցենք Սիրիային»,- գրված էր այնտեղ: Նշենք, որ համանման սպառնալիքներն առաջին անգամը չէ, որ հնչում են: Ավելի վաղ լիբանանյան մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Իրանը կհարվածի Թուրքիային, եթե վերջինս ներխուժի Սիրիա, իսկ այս տարվա հունիսին, երբ Բաշար ալ–Ասադը հանդիպեց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, Սիրիայի առաջնորդը բողոքել էր, թե Թուրքիան փորձում է «հաճոյանալ Արևմուտքին» և Անկարային մեղադրել էր «պատեհապաշտության» մեջ։ Ասադի բողոքը լսելուց հետո Թեհրանն Անկարային ուղղակիորեն զգուշացրել էր, որ եթե ՆԱՏՕ–ն հարձակվի Սիրիայի վրա, ապա Թուրքիան իր տարածքում չպետք է հյուրընկալի Հյուսիսատլանտյան դաշինքի զինվորներին, հակառակ դեպքում Իրանը սպառնացել էր հարվածել Թուրքիայի տարածքում տեղակայված ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի կառույցներին:
Սրանք հենց այնպես ասված սպառնալիքներ չեն: Իրանը թույլ չի տա, որ Սիրիան ԱՄՆ քաղաքականության հերթական զոհը դառնա, և կմոբիլիզացնի բոլոր ջանքերը, որ Սիրիային դուրս բերի դժվարին կացությունից: Այս իմաստով միանգամայն անկեղծ է ԻԻՀ Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալահեթդին Բորուջերդին, երբ ասում է, որ Իրանի կառավարության առջև Սիրիայի առնչությամբ այլընտրանք չկա: «Մեր առջև ընտրություն է` կամ Սիրիան հանձնել Ամերիկայի հայեցողությանը և ՆԱՏՕ-ին հնարավորություն ընձեռել հնարած պատրվակով հարձակվելու Սիրիայի վրա` դրանով իսկ ավելացնելով իսլամական աշխարհի ողբերգությունը, կամ օգնություն ցուցաբերել Սիրիային, որպեսզի այդ երկրում հակամարտություններին վերջ տրվի»,- նշել է նա:
Ահա այսպիսին է պաշտոնական Թեհրանի կեցվածքը, որին չվստահել ներկա պահին չի կարելի: Եվ երբ Դավութօղլուն ասում է, որ սիրիական խնդրում վրա է հասել կրիտիկական պահը, վերջինս անկասկած այդ բառերն արտասանելիս մի պահ հայացք է ձգում դեպի արևելք: Երկու ճակատում հակամարտելուն Անկարան անկասկած պատրատ չէ, որքան էլ մեծ լինի նրա ախորժակը և որքան էլ ուժգին լինեն արտաքին ճնշումները: Եվ այս պարագայում կրիտաիկական պահը բացառապես վերաբերում է հենց Թուրքիային:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ոչ թե հանուն, այլ ընդդեմ

29 Հնս

Մինչ այս օրերին ակտիվորեն քննության են առնվում Ղարաբաղյան բանակցությունների ձախողման պատճառներն ու հետևանքները, այս ընթացքում լսելի են դառնում ոչ պակաս էական ու հետաքրքիր դիրքորոշումներ` պայմանավորված ինչպես ներկա զարգացումների ընթացքով, այնպես էլ առավել ընդգրկուն համատեքստեր ունենալու ցանկություններով: Այդ շարքում հատկապես ուշադրության է արժանի Իրանի պահվածքը: Մշտապես կամենալով ներկայանալ իբրև անկողմնական ու հավասարակշռված դիրքորոշման հետևորդ, պաշտոնական Թեհրանը Կովկասում խաղաղության պահպանման հարցը առաջին հերթին դիտարկել է ընդհանուր-ռեգիոնալ կայունության անհրաժեշտության դիրքերից, իսկ Ղարաբաղի խնդրում հայտարարել է, թե առաջնորդվում է միջազգային իրավունքի սկզբունքներով` չժխտելով ազգերի ինքնորոշման առաջնայնությունը: Սակայն այժմ կարծես թե վրա է հասել անկեղծության պահը, և Իրանի իշխանությունները պատրաստ են նաև բացահայտ կիսել իրենց մտավախություններն ու տագնապները: Եվ երբ ականջալուր ենք լինում նրանց վերջին խոստովանություններին, ապա պարզ է դառնում հետևյալ ճշմարտությունը. Իրանին առանձնապես չի մտահոգում Ղարաբաղի ճակատագիրը, փոխարենը չափազանց մեծ է նրա ուշադրությունը այդ խնդրում արտաքին ուժերի միջամտության և տարածաշրջանում նրանց հնարավոր ներկայության հեռանկարի հանդեպ: Հաշված օրերի ընթացքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները այս մասին ակնարկելու մի քանի առիթներ ունեցան:
Դրանց շարքում պետք է նախ առանձնացնել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիին, ով հայաստանցի իր գործընկեր Արթուր Բաղդասարյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ կոչ արեց տարածաշրջանի երկրներին` զգոնություն ցուցաբերել «արտատարածաշրջանային ուժերի» միջամտության հարցում: Տվյալ դեպքում զգոնություն ասվածը պետք էր հասկանալ ոչ այլ կերպ, քան «երրորդ ուժի» հանդեպ մերժողական վերաբերմունքի դրսևորում, մի բան, որ գոնե Հայաստանի պարագայում ոչ միայն դժվար է, այլև ներկա իրավիճակի պայմաններում` ոչ այնքան ցանկալի:
Սակայն իրանցիները կարծես թե պատրաստվում են համառ գտնվել իրենց պահանջների մեջ: Եվ այս փաստը հաստատեց Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին` ադրբեջանցիներին ու հայերին խորհուրդ տալով Ղարաբաղյան հակամարտությունը լուծել տարածաշրջանի ներսում ընթացող բանակցությունների միջոցով: Նման տեսակետը նախ և առաջ ենթադրում է միջնորդական առաքելության մեջ ներգրավված երկրների ու միջազգային կառույցների մասնակցության բացառում: Եվ Թեհրանը դա չի էլ պատրաստվում թաքցնել: «ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն երկար տարիներ է՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցություններ է վարում։ Ի՞նչ արդյունքներ կան։ Ինչքա՞ն են նրանք մոտեցել խնդրի լուծմանը։ Այդ տեսակետից մենք հիմնավորապես կարծում ենք, որ բանակցություններն արդյունավետ կարող են լինել տարածաշրջանի ներսում, քանի որ տարածաշրջանի երկրներն իրար ավելի լավ կհասկանան։ Փորձը ցույց է տալիս, որ երբ տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացում ներգրավվում են մեծ երկրները, ապա դրանք ձգձգվում են։ Մեծ երկրներն իրենց շահերն են հետապնդում այդ հարցում»,- իր միտքը բացատրել ու հիմնավորել էր Լարիջանին:
Իհարկե, Լարիջանին ու մյուսները չեն մոռացել, որ եղել է նաև այդպիսի ժամանակ, երբ հենց տարածաշրջանի երկրներն էին փորձում խնդիրները կարգավորել, բայց դրանք որևէ հաջողություն չարձանագրեցին: Այսինքն ներքին փոխըմբռնման ու հասկացողության մասին պնդումները չափազանցված են, և Իրանի նախանձախնդրությունը ոչ մի ընդհանուր բան չունի հակամարտության ապագայի հետ: Միակ ու հիմնական պատճառը բխում է Իրանից և Արևմուտքի հետ նրա լարված հարաբերություններից: Եվ հենց այդ բացահայտ առճակատումն էլ ստիպում է Թեհրանին հորդորելու իր հարևաններին, որպեսզի թույլ չտան կողմնակի ուժերի ներկայությունը իր սահմանների մոտ:
Բաքուն նույնպես մեկ անգամ չէ, որ իրանցիներից հանդիմանանքի խոսքեր ու զգուշացումներ է լսել: Այստեղ սովորաբար առաջնային դերակատարություն են ունենում այն պնդումները, թե ինչ-ինչ արտաքին ուժեր ցանկանում են Ադրբեջանն օգտագործել որպես Իրանի դեմ քարոզչական պլացդարմ: Ավելորդ չէ վերհիշել թեկուզ WikiLeaks-ի բացահայտումների շարքից այն մեկը, ըստ որի Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Իսրայելն ու Ադրբեջանն Իրանը համարում են ամենավտանգավոր երկրներից մեկը և որ Իսրայելի գլխավոր նպատակն է Ադրբեջանին որպես գործընկեր պահել` ընդդեմ Իրանի:
Հիշենք նաև այն դեպքը, երբ իրանցիներն իրենց հակաարևմտյան խաղերում փորձեցին ներգրավել նաև իրանահայ համայնքին: Այդ առթիվ «Աթինյուզ.քոմ» կայքէջը գրեց, որ իբր օտարերկրյա որոշ ուժեր շահագրգռված են թուլացնելու բազմադարյան իրանահայ համայնքը: Մասնավորապես` Իրանում Ավստրիայի դեսպանությունը, համագործակցելով հրեական մի կազմակերպության հետ, իրանահայերին հեշտացված կարգով տրամադրում էր մուտքի արտոնագրեր և որոշ ժամանակ Ավստրիայում ապրելուց հետո իրանահայերը մեկնում էին ԱՄՆ:
Չի կարելի պնդել, թե Իրանի տագնապներն անհիմն են: Սակայն հավասարապես հստակ է, որ տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրն առաջնորդվում է նախ և առաջ իր շահերով և նրանցից որևէ մեկը դեռևս չի պատրաստվում այդ շահերը զոհաբերել հանուն հարևան երկրի անվտանգության: Իսկ այն, որ հիշյալ մտայնությունը օր-օրի նոր հետևորդներ է ձեռք բերում, հերթական անգամ հաստատվեց Կազանի բանակցություններից հետո: Անմիջապես տարածվեց տեղեկություն այն մասին, թե ձախողման մեղավորը Միացյալ Նահանգներն էր: Ըստ լուրերի, երեք նախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևը գաղտնի բանակցություններ էր վարել, որից հետո բոլորի համար անսպասելի ներկայացրել էր 10 կետից կազմված առաջարկություններ, ինչն էլ հանգեցրել էր կողմերի առարկությանը: Այս առթիվ Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը նույնիսկ շրջանառու դարձրեց հետևյալ վարկածը, համաձայն որի Վաշինգտոնը 2013 թվականին ծրագրում է պատերազմել Իրանի դեմ: «Որքան մոտենում է այդ ժամանակը, այնքան ակնհայտ է դառնում, որ պետք է ունենալ մի տարածք Իրանի մերձակայքում, որտեղից օդ կբարձրանան ամերիկյան ինքնաթիռները: Այն, որ դա անհնար է իրականացնել Ադրբեջանի տարածքից, պարզ է ինչպես ամերիկացիների, այնպես էլ ադրբեջանցիների համար, քանի որ Իրանը զգուշացրել է, որ համարժեք պատասխան կտա: Հասկանալի է, որ ամերիկացիները ստիպված են ապահովել իրենց «համաձայնության եղբայրների» անվտանգությունը: Իսկ ահա Ղարաբաղը կարելի է օգտագործել իբրև թռիչքահրապարակ»,- ասել է Վլադիմիր Զախարովը:
Զախարովյան վարկածներն ըստ ամենայնի կշարունակեն մնալ իբրև վարկած: Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս հազիվ թե լուրջ հաջողության հասնի` ամենուր խաղացնելով Արևմուտքի սպառնալիքի խրտվիլակը: Երբ «հանունը»-ը փոխարինվում է «ընդդեմ»-ով, համակիրների թիվը միշտ էլ կտրուկ նվազում է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչու՞ Ահմադինեժադը չժամանեց Երևան

6 Հնս

Այսօր վաղ առավոտյան լրատվամիջոցները շտապ հաղորդագրություն տարածեցին. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցը Հայաստան անորոշ ժամանակով հետաձգվում է: Ասել, որ դա անսպասելի էր, նույնն է, եթե ոչինչ չասել: Հազիվ թե հաջողվի վերհիշել մեկ այլ դեպք, երբ պետության ղեկավարի այցի հետաձգման մասին հյուրընկալող երկիրը տեղեկացնում է հենց դիմավորման օրը: Իսկ այսպիսի շրջադարձը իրավունք է տալիս ամենատարբեր ենթադրություններն անել` սկսած այն տարբերակից, որ հրաժարումը կարող էր բխել անվտանգության նկատառումներից ու Իրանի նախագահը վերջին պահին ինչ-որ վտանգներ է զգացել, և վերջացրած նրանով, որ լուրջ վերանայումներ են տեղի ունեցել հայ-իրանական քաղաքական քննարկումների օրակարգում: Ընդ որում, հայտկապես Իրանի պարագայում դատողություններ ու կռահումներ կատարելու համար միշտ էլ եղել է նյութի առատություն, քանի որ թե ներքին և թե արտաքին հակասությունների բազմազանության իմաստով Իրանն այսօր բացառիկ տեղ է զբաղեցնում աշխարհում:
Սակայն վերադառնալով հայաստանյան այցելության ձախողմանը, փորձենք այնուամենայնիվ հասկանալ այն, ինչը Հայաստանի պաշտոնական աղբյուրները կարող էին, սակայն այդպես էլ չհաղորդեցին: Իբրև առաջին և լիովին հավանական տարբերակ խոսվում է այն մասին, որ կողմերի միջև նախատեսված էր մի համաձայնագրի ստորագրում, որի նախագիծը Հայաստանին էր տրամադրվել ընդամենը օրեր առաջ: Հայկական կողմը չէր կարողացել այդ կարճ ժամանակահատվածում ամբողջապես ծանոթանալ փաստաթղթի էությանը, իսկ պաշտոնական Թեհրանը պնդել էր, որ Ահմադինեժադի այցի շրջանակներում պիտի կայանա դրա վավերացումը: Իրավիճակից ելք գտնելու նպատակով կողմերը համաձայնություն են ձեռք բերել նախագահի ուղևորությունը մի առ ժամանակ հետաձգել: Կարելի է նույնիսկ գուշակել, թե հատկապես ինչ համաձայնագրի մասին է խոսք գնում, քանի որ վերջին օրերին առավել հաճախ էին հիշատակվում երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես էներգետիկ ոլորտին առնչվող հարցերը և դրանց շուրջ փաստաթղթեր ստորագրելու հնարավորությունը:
Կա շրջանառվող երկրորդ վարկած: Ինչպես արդեն հաղորդվել էր, Իրանը պատրաստվում էր ստանձնել միջնորդի դեր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում: Բոլորվին վերջերս Երևան ժամանած Իրանի նախագահի հատուկ բանագնացը այդ մասին մեկ անգամ ևս հիշեցրեց` նշելով, որ Կովկասում կայունության և խաղաղության պահպանումն Իրանի առաջնահերթություններից է և Իրանը պատրաստ է բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիներ ներկայացնել: Սա, ինչ խոսք, նորություն է հենց թեկուզ այն պատճառով, որ այդպիսի հեռանկարի դեպքում հարկ կլինի հրապարակ բերել միջնորդական առաքելության ձևաչափի փոփոխության խնդիրը, մի բան, որ հազիվ թե ԵԱՀԿ-ի ու գերտերությունների սրտով լինի: Մյուս կողմից հունիսի 25-ին Կազանում մեկնարկող եռակողմ բանակցությունների փաստը էլ ավելի է անհավանական դարձնում Իրանի ներկայության հնարավորությունը: Եվ ուրեմն, եթե Ահմադինեժադի այցի օրակարգի թեմաներից մեկը պիտի լիներ Ղարաբաղը, ապա դա անկասկած վերանայման անհրաժեշտություն էր զգալու: Համենայն դեպս, միչև ընթացիկ ամսվա ավարտը սպասելու անհրաժեշտություն կար:
Հաջորդ վարկածը, ինչի պատճառով Իրանի նախագահը չժամանեց, կարող էր լինել այդ երկրի ներքին իրավիճակը և մասնավորապես Ահմադինեժադի անձի շուրջ ծավալվող դեպքերը: Վերջին օրերին շատ էր գրվում այն մասին, որ նրա դեմ դատական պրոցես են հրահրում, որ խորհրդարանը պատրաստվում է անվստահություն հայտնել, որ հակասություններ կան հոգևոր առաջնորդների հետ և նման բաներ: Չի կարելի բացառել, որ հերթական լարվածությունը դարձել է Երևան չմեկնելու պատճառը:
Իրանի նախագահի վերջին այցը Հայաստան 2007 թվականին էր: Դրանից հետո շատ ջրեր են հոսել, և Երևանում մեծ կարևորություն էին տալիս այսօրվա հանդիպմանը: Ինչպես էլ խնդիրը դիտարկելու լինենք, չենք կարող չխոստովանել, որ Հայաստանը զուտ օբյեկտիվ պատճառներով կախման մեջ է Իրանից, եւ այդ երկրի հետ կապված ցանկացած զարգացում այսպես թե այնպես անդրադառնում է մեր վրա: Եվ երբ օրեր առաջ փորձագետները նշում էին, թե Ահմադինեժադի այցը Երևան Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ երկու երկրների ղեկավարների համար «ժամացույցների ստուգման» անհրաժեշտություն է առաջացել, ապա սա ևս հեռու չէր իրականությունից: Իրանն այսօր իրավացիորեն սկսել է կարևորել Հայաստանի դերը, իսկ երկու երկրների միջև շփումները Իրանի կողմից երաշխիքներն են Հայաստանի հավասարակշռված քաղաքականության դիմաց: Այդ ակտիվացած քաղաքական ու տնտեսական առնչությունները կասկած չեն թողնում, որ կատարվում են լուրջ վերագնահատումներ և փոփոխություններ: Բոլորվին վերջերս, Թեհրանում ընդունելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, Ահմադինեժադն ինքն էլ հայտարարել, որ Իրանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ: Դրա կարևոր ցուցանիշներից մեկն էլ կարելի է համարել այն, որ երկրների միջև առևտրի ծավալը 2010 թվականին աճել է 38 տոկոսով` հասնելով 270 միլիոն դոլարի: Իրանի համար Հայաստանն ամենաապահով և ցանկալի գործընկերն է, ավելին` Հայաստանն Իրանի համար նաև հետաքրքիր է որպես Արևմուտքի և Ռուսաստանի հետ ակտիվորեն համագործակցող երկիր: Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, խոսելով տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում հայ-իրանական համագործակցության մասին, մի առիթով նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում գերազանց դիրք ունի, և Հայաստանի միջոցով Պարսից ծոցի և Սև ծովի միջև հաղորդակցության ապահովումը լավ ազդեցություն կունենա ոչ միայն հայ-իրանական, այլև տարածաշրջանի երկրների առևտրային հարաբերությունների վրա:
Այս առաջընթացը նկատում և արձանագում են նաև մեր մոտիկ ու հեռու հարևանները: Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին չի սխալվում, երբ ասում է. «Ի վերջո, Հայաստանը Հարավային Կովկասում Իրանի ազդեցության պլացդարմերից մեկն է և Թեհրանն այս իրավիճակում շատ ակտիվ կլինի: Բացի այդ Իրանը տեսնելով, որ իր փորձերը` Ադրբեջանին ստիպել հրաժարվել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ համագործակցությունից, անհաջողության են մատնվում, խաղադրույք է կատարել Հայաստանի վրա»: Իսկ այս դիտարկումների պոզիտիվ ֆոնը հույսեր է ներշնչում, որ Իրանի նախագահը վաղ թե ուշ կբռնի Երևան տանող ճանապարհը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վերքը և դրա սպեղանին

17 Մյս

Տեղեկատվական սադրանքը, որի նպատակը Հայաստան-Իրան հարաբերություններում լարվածություն հարուցելն էր, որոշ իմաստներով հասավ իր նպատակին: Հայտնի իրավիճակի նմանությամբ, երբ մի հիմար քար է գլորում ձորը, իսկ հազար խելոք փորձում են այն դուրս հանել, երկու հարևան երկրները ձեռնամուխ եղան հապճեպ կերպով ճեղքվածքը փակելու գործին: Սակայն Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ իմամ-ջումա այաթոլլահ Սեեդ Հասան Ամելիի հայտարարությունը, թե Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանն աջակցել է ադրբեջանական կողմին, հեշտորեն մոռացության տրվող վիրավորանքներից չէր:
Խոցված հայերին հանգստացնելու համար Թեհրանն անմիջապես Երևան գործուղեց Իրանի նախագահի հատուկ բանագնացին` նման դեպքերի համար մեծ փորձառություն ունեցող ԱԳ փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Վերջինս հանդիպեց նախագահ Սարգսյանի և ԱԳ նախարար Նալբանդյանի հետ: Միանգամայն ակնհայտ դարձավ, որ իրականում հյուրը մեր երկիր էր ժամանել ոչ թե այն նպատակների համար, որոնք թվարկված էին պաշտոնական հաղորդագրությունների ոչինչ չասող շարադրանքում, այլ հատկապես հիշյալ միջադեպն ամեն գնով հարթելու առաքելությամբ: Նրա ժամանումից մեկ օր անց Հայաստանում Իրանի դեսպանատունը հատուկ հաղորդագրություն տարածեց, ուր ասված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական որևէ ուժի չկիրառման և ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով: Հայկական կողմի ուշադրությունից չվրիպեց այն փաստը, որ հարցի կարգավորումը իրանցիները դիտարկում են ազգերի ինքնորոշման իրավունքի հարթության վրա, ընդ որում` պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը նրանք ընդհանրապես չէին հիշատակում: Սա առաջին հաճելի զիջումն էր: Հաջորդը հայտարարության այն հատվածն էր, որտեղ ասվում էր, թե «ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների վերաբերյալ արտահայտվում է մեծարգո նախագահի, արտաքին գործերի նախարարի և ԱԳՆ խոսնակի կողմից, ուստի հիշատակված շրջանակից դուրս արտահայտված ցանկացած տեսակետ համարվում է անձնական մոտեցում»: Պարզ էր, որ ակնարկը վերաբերում էր Ամելիի պնդումներին, թեև ավելորդ չէ նկատել նաև այն, որ Ամելին տվյալ պարագայում ոչ թե տեսակետ էր շարադրել, այլ խոսել էր կոնկրետ փաստերի մասին, և ուրեմն ճիշտ կլիներ, եթե հերքվեին այդ փաստերը, այլ ոչ թե դրանց վերագրվեին տեսակետ կոչվելու անկարևորությունը:
Կար նաև երրորդ զգուշացում-նախապայմանը: «Քանի որ Իրանը միակ երկիրն է, որը հակամարտության գոտու հետ ունի ընդհանուր սահման, ուստի ցանկացած հրահրման և այս տարածաշրջանում լարվածության ստեղծման առնչությամբ հայտնում է իր մտահոգությունը ու թույլ չի տալիս, որ նման հրահրումները տարածաշրջանում օտար ուժերի ներկայության առիթ դառնան»,- ասվում էր դեսպանատան պաշտոնական գրության մեջ: Այս հասցեագրումն իր կոնկրետ հասցեատերն ուներ: Ադրբեջանը նպատակադրվել է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը, որն էլ ՆԱՏՕ-ին առիթ կընձեռի հայտնվել տարածաշրջանում: Այդ պատճառով Իրանը նախապես տեղեկացնում է, որ թույլ չի տա իր սահմանի մոտ Արևմուտքի ուժերի ներկայությունը: Մյուս կողմից էլ սա հորդոր է Հայաստանին` լինել հնարավորինս ճկուն, որպեսզի երրորդ ուժը և նրա միջամտության պատրվակը բացառվեն:
Դեսպանատան հայտարարությունից հետո հերթը Իրանի ԱԳ նախարարությանն էր: Արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփառասթը հարկ համարեց եղածին հավելել այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել, Իրանը կողմնակից է համակարտության խաղաղ լուծմանը` միջազգայինհ օրենսդրության շրջանակում և բանակցությունների շարունակման միջոցով: Դրա հետ մեկտեղ Մեհմանփառասթը հավելեց, որ Իրանի ԱԳ նախարարությունը քննելու է ԼՂ-ի մասին Հայաստանում Իրանի դեսպանատան կողմից հրապարակված հայտարարության պատճառները: Այս կարգի կտրուկ անցումի շարժառիթը հասկանալի են դառնում, երբ լսում ենք, որ խնդրին միջամտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատունը` տարակուսանք հայտնելով, թե ինչու՞ ՀՀ-ում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ չի հիշատակվել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը այն դեպքում, երբ պաշտոնական Թեհրանը բոլոր միջազգային փաստաթղթերում ճանաչել է դրանք:
Հիմա Իրանը պիտի խաղա երկու դաշտի վրա: Առանց այդ էլ Բաքուն չափից ավելի է դժգոհ հարավի հարևանից: Օրերս այդ երկրի խորհրդարանում կրկին քննության նյութ դարձավ Իրանի պահվածը, և այնտեղ ուղղակի ասացին. «Ուժեղ, աշխարհիկ, և իր խնդիրները լուծած Ադրբեջանը դարձել է Իրանի աչքի փուշը: Իրանն այնքան էլ շահագրգիռ չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործում, քանի որ վերջինիս մտահոգում է տարածաշրջանում խաղաղարար ուժերի դրոշի ներքո ոչ տարաշրջանային երկրների ռազմական միավորումների առկայության հեռանկարը»:
Իսկ եթե վերջին իրադարձությունները դիտարկելու լինենք փոքր-ինչ ընդհանրական հայացքով, ապա ակնհայտ է դառնում, որ այն, ինչ կատարվեց, ուղղված էր թե Ադրբեջանին և թե Հայաստանին: Մի կողմից Իրանն իր դրացիներին հերթական անգամ հիշեցնում էր, որ շարունակում է այս տարածաշրջանում մնալ որպես կարևոր և ազդեցիկ ուժ է: Մյուս կողմից պետք էր սառը ջուր լցնել Ադրբեջանի հակաիրանական քարոզչության վրա, սակայն այս անգամ դա ոչ թե հակազդելու ճանապարհով էր իրագործվելու, այլ հիշեցմամբ այն բանի, որ անցած ժամանակի մեջ եղել են նաև նմանօրինակ աջակցության փաստեր և կարիք չկա դրանք ուրանալ: Այդ իմաստով Հայաստանն էլ վերհիշելու բավականին բան կունենա…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հյուր պատժված բարեկամին

28 Մրտ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեժադի հրավերով երեկ աշխատանքային այցով մեկնեց Թեհրան: Իրականում ճիշտ կլիներ այցը կոչել ոչ թե աշխատանքային, այլ տոնական: Երկիրը նշում էր Նովրուզը, և այդ առթիվ մասնակցելու հրավիր էին ստացել նաև Ադրբեջանի, Իրաքի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ու Պակիստանի նախագահները։ Սակայն անսպասելիորեն Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվեց ուղևորությունից ու իր փոխարեն Թեհրան ուղարկեց փոխվարչապետ Էլչին Էֆենդիևին: Բաքվի այս քայլչ չէր կարող զանազան ենթադրությունների տեղիք չտալ: Ոմանք ասում էին, որ ադրբեջանական պատվիրակության մակարդակի իջեցման պատճառը կարող է լինել վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունների նկատելի սառնությունը և առաջին հերթին Կասպից ծովի շուրջ ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցերում առկա տարաձայնությունները: Մի շարժառիթ էլ կարող էր համարվել այն, որ շատ դեպքերում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղի հարցում Ադրբեջանի համար ընկալելի չի լինում: Մյուսները համոզված էին, թե Ալիևի Թեհրան մեկնելը կարող էր պատճառ դառնալ, որպեսզի Արևմուտքի քաղաքական շրջանակներում նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը աճեր, դրա համար էլ Ալիևը նախընտրել էր առավել քան զգույշ լինել: Իսկ ահա «Թուրան» լրատվական գործակալություն մեկնաբանմամբ, չի բացառվում, որ Ալիևի Իրան մեկնելուց հրաժարվելը կապված է այն բանի հետ, թե Հայաստանի նախագահն այդ միջոցառմանը ևս ներկա էր:
Ամեն դեպքում, Ադրբեջանի ղեկավարի բացակայություն բոլորովին չվշտացրեց ոչ հյուրերին, ոչ տանտերերին: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա հանդիպումներ ունեցավ նախագահ Ահմադինեժադի ու հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ, կողմերը քննարկեցին փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր, կարևորեցին հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի ու մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձան Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին, ինչից հետո մեկնեցին «Վահդաթ» համալիր` մասնակցելու Նովրուզի տոնակատարությանը, որտեղ էլ Հայաստանի նախագահը հանդես եկավ շնորհավորական խոսքով:
Տոնական առիթն` իր տեղում, սակայն մեր պատվիրակությունը շատ ավելի բարդ խնդիրներով ու մտահոգությամբ էր մեկնել Թեհրան: Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ այլ հանգամանքների շարքում լուրջ խոչընդոտ են դիտում այն իրական աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք ուղղված են այս տարածաշրջանին: Նույնիսկ օրերս Բրյուսելում` Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետը ստիպված էր բարձրաձայնել, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն իրականում սպառնալիք են ոչ միայն այդ երկրի, այլև նրա հարևանների համար: Պատմելով, որ 1980-ականների վերջին մեր երկիրը գոյատևեց միայն Իրանի միջոցով հիմնական ապրանքատեսակների տարանցում կազմակերպելու շնորհիվ, վարչապետը ահազանգել էր, որ պատժամիջոցների խստացումը կտրուկ կնվազեցնի իրանական միջանցքի հասանելիությունը:
Կրակի վրա յուղ էին լցրել նաև ամերիկացիները, ովքեր հարմար էին գտել Սերժ Սարգսյանի մեկնումի նախօրեին հատկապես Հայաստանից իրենց դեսպանի միջոցով հերթական անգամ դասեր տալ Իրանին ու հիշեցնել այդ երկրի կողմից իր պարտավորությունները կատարելու հրամայականի մասին: Սրան անմիջապես արձագանքեց Երևանում Իրանի դեսպանատունը` Մարի Յովանովիչի հայտարությունը որակելով որպես «անպատասխանատու»: «Տեղին կլիներ, որ տիկին դեսպանը հասարակական կարծիքը համոզելու նպատակով պատասխանատվությունից փախչելու փոխարեն պատասխանատու լինի տարածաշրջանի, մասնավորապես Գազայի, գրավյալ Պաղեստինի, ԱՖղանստանի, Բահրեյնի, Իրաքի և Լիբիայի հալածված ժողովուրդների դեմ դիմակայությունում ԱՄՆ երկակի վարվելակերպի համար»,- կոշտ տոնով պատասխանեցին իրանցիները:
Լարվածությունը` լարվածություն, սակայն միայն այդ հարցերի վրա բևեռվելը որևէ կերպ չի նպաստում ընդհանուր վիճակի փոփոխությանը: Մինչդեռ վերջին շրջանում նկատելի են որոշ խրախուսելի տեղաշարժեր: Ճիշտ է, հնարավորությունների ողջ ծավալը հաշվի առնելով չի կարելի ասել, թե դրանք բավարար են, բայց աճի միտումը չնկատելը դժվար է: Ներկայում Իրանը Հայաստանում մոտ 10 խոշոր տնտեսական նախագծեր է իրականացնում: Բոլորվին վերջերս այդ երկիրն իր բյուջեից 600 մլրդ ռեալ (60 մլն դոլար) հատկացրեց Իրան-Հայաստան ավտոմայրուղու շինարարության համար։ Երկու երկրների միջև կնքված մեկ այլ պայմանագրի համաձայն այսուհետ իրանական մեկ խորանարդ մետր գազի դիմաց Հայաստանն Իրանին կվերադարձնի 3 կիլովատ էլեկտրաէներգիա: Այժմ մեր հարևաններն իրենք են առաջարկում հայկական կողմին ներդրումներ կատարել հանքարդյունագործության ոլորտում, խոստանում են հայ գործարարների համար Իրանում արդյունաբերական տուրեր կազմակերպել: Սա, ինչ խոսք, վստահության ու ամուր կապեր ստեղծելու ապացույցներից մեկն է, ինչին նախանձով պիտի նայեն Ադրբեջանում:
Սահմանի մյուս կողմում գերիշխողն այժմ ճիշտ հակառակ տրամադրություն է: Բաքվի Կենտրոնական բանկը օրերս թարմացրեց այն երկրների ցանկը, որոնց հետ ֆինանսական գործառնությունները ցանկալի չեն՝ փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման տեսանկյունից։ Առաջին անգամ այդ ցուցակի մեջ ընդգրկվեց Իրանը։ Սրա հետ մեկտեղ Ադրբեջանի կառավարությունը կարգադրեց թուլացնել Իրանի հետ ունեցած տնտեսական և առևտրային հարաբերությունները, փոխարենը իր կապերը սերտացնելով Իսրայելի հետ: Իր հերթին Իրանի ժողովուրդն ու իրանական լրատվամիջոցները սկսել են ավելի հաճախ դժգոհություն հայտնել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության առնչությամբ: Փորձագետների կարծիքով, պաշտոնական Բաքուն անհանգստացած է իսլամական աշխարհում կատարվող ապստամբություններից և միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կանխի դրանց ներթափանցումն իր երկիր:
Թերևս միանգամայն իրավացի է ֆրանսիական Le Figaro պարբերականը, որ գրելով Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականության մասին, անմիջապես նշում է, թե այդ առճակատման դեպքում Իրանը կկանգնի Հայաստանի կողքին, մինչդեռ Թուրքիան` Ադրբեջանի ավանդական դաշնակիցը, կներգրավվի հակամարտության մեջ մյուս թևից: Յուրայինների նման խմբավորումը բխում է առկա իրողությունների տրամաբանությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ո՞ր մի ասածին հավատաս

14 Փտր

Իրանցի քաղաքական գործիչներն ու դիվանագետները սիրում են ժամանակ առ ժամանակ մեզ հիշեցնել իրենց ներկայությունը և նման առիթների դեպքում հատկապես ընդգծված շեշտադրությամբ խոսել տարածաշրջանում Իրանի դերակատարության մասին: Նախապատվելի թեմաներից մեկն էլ Ղարաբաղյան հակամարտությունն է, ինչի շուրջ հնչեցված դատողությունները սահմանի այս կողմում մշտապես ընկալվել են իբրև պաշտոնական Թեհրանի սկզբունքային տեսակետ: Այդ տարատեսակ ասույթները մեզ երբեմն ոգևորում են, երբեմն զայրացնում, բայց ավելի հաճախ դրանք տարակուսանք են հարուցում այն պարզ պատճառով, որ հակված են շատ արագ փոփոխվել ու վերանայվել: Այս հանգամանքը ևս կարող էր մեծ զարմանքի պատճառ չհանդիսանալ` պայմանավորված նրանով, որ իրավիճակային զարգացումներն իրենց հետ կարող էին բերել միանգամայն նոր լուծումներ ու մոտեցումներ: Բայց արի ու տես, որ տվյալ պարագայում խոսքը բոլորովին էլ դրա մասին չէ, այլ ընդամենը նույն ժամանակի մեջ մեկը մյուսին հակասող, լիովին տարբեր կարծիքների, որոնք սակայն բխում են մեկ ընդհանուր աղբյուրից և, հետևաբար, չեն կարող ընկալվել այլ կերպ, քան որոշակի քաղաքական խաղի արդյունք: Վերջին մի քանի օրերին մենք հնարավորություն ունեցանք հերթական անգամ այդ երկիմաստ պահվածքի ականատեսը լինելու:
Ստացվեց այնպես, որ Ղարաբաղի մասին միաժամանակ խոսեցին միանգամից երեք ու ևս մեկ` արդեն նախկին իրանցի դեսպան: Առաջինը Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռզա Սաջադին էր, երկրորդը` Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մամեդբահիր Բահրամին, երրորդը Հայաստանում հավատարմագրված Սեյեդ Ալի Սաղայանը և վերջապես մեր երկրում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին: Դժվար է հավատալ, որ այս «քառաձայն երգչախումբը» զուտ պատահականության բերումով համատեղվեց կարճ ժամանակի և կոնկրետ նյութի շուրջ: Կասկածից վեր է, որ սա հրաշալի ծրագրված քայլ էր, և հազիվ թե անհետևանք մնա:
Ռուսաստանում պաշտոնավորող Ռզա Սաջադին հավաստիացրեց, թե իր երկիրն անում է ամեն հնարավորը ԼՂ խնդրի կարգավորման համար: Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ հակամարտող կողմերը խնդրել են Իրանին միջնորդի դեր ստանձնել և «մենք սրտանց արել ենք դա, դրա համար էլ մենք հիմա էլ ինքնուրույն կամ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ միասին ձգտում ենք օգնել մեր հարևաններին՝ Հայաստանին ու Ադրբեջանին»:
Այն, որ Իրանը խոսում է լայն հանրությանն անծանոթ օգնության մասին, սա դեռ հստակեցման կարիք ունի: Բայց երբ դեսպանը ակնարկում է նաև Թուրքիայի օժանդակության մասին, ստիպված ես լինում
կասկածել արտասանված խոսքերի ճշմարտացիությանը: Սակայն Սաջադին միայնակ չէ իր համոզմունքների հետ: Անմիջապես նրան է ձայնակցում Հայաստանում Իրանի դեսպանը, որը բացառելով Ղարաբաղի շուրջ պատերազմի վերսկսման հավանականությունը` անմիջապես էլ բացում է փակագծերը` խոսքն այսպես հիմնավորելով. «Որովհետեւ նախ` չկան պատերազմի վերսկսման նախադրյալները, և երկրորդ` տարածաշրջանի ազդեցիկ ուժերը` ՌԴ, Իրանը, Թուրքիան և անգամ Մինսկի խմբի երկրները չեն թույլ տա, որ նման բան տեղի ունենա»: Ստացվում է, որ մեր փխրուն խաղաղության համար այս անգամ էլ մեծապես պարտական ենք Թուրքիային: Թե ի՞նչ նպատակների համար է արվում Անկարայի դերի միտումնավոր գերագնահատումը` հասկանալի է դառնում միայն այն դեպքում, երբ լսում ենք, թե Թեհրանը ու՞մ է ցանկանում ներկայացնել որպես հակակշիռ Թուրքիային: Այս անգամ խոսքն առնում է Ադրբեջանում Իրանի դեսպանը, որը խոսելով 1990–ականներին Ղարաբաղի խնդրով Իրանի անհաջող միջնորդության վերաբերյալ, այդ ձախողման համար ուղղակի մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին։ «Եթե այս երկու երկրները չմիջամտեին, ԼՂ հակամարտությունը վաղուց լուծված կլիներ»,-ասում է նա։
Քաղաքականությունը «եթե»-ներ չի սիրում, առավել ևս այս կարգի կասկածելի «եթե»-ներ: Միայն թե պարսիկ դիվանագետների մատուցած անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Դրանցից ամենահետաքրքիրը պետք է համարել հեռակա այն «գոտեմարտը», որ նույն օրը և գուցե թե նույն ժամին մղեցին Սաղայանը` Երևանից և Բահրամին` Բաքվից:
Երևանում Իրանի դեսպանը սկսեց այն բանից, որ անխնա քննադատեց Ադրբեջանին թե նրա համար, որ երկիրն այդքան մեծ զենքի կուտակում ունի, թե նրա համար, որ Բաքուն անիմաստ տեղն է փորձում Ղարաբաղյան պատերազմին կրոնական բնույթ հաղորդել: Իսկ հետո նա անցավ հիմնականին` այսինքն անդրադարձավ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների սկզբունքներին: Դրա առթիվ Սաղայանն ասաց. «Իհարկե, միջազգային փորձագետներն ասում են, որ այս երկու սկզբունքները հավասար են: Սակայն, ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ապա կարծում եմ` դրա կարգավիճակն ավելի բարձր է: Չպետք է անտեսել մարդու իրավունքը և իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, որի շնորհիվ էլ Հարավային Սուդանում մարդիկ հանրաքվեին մասնակցեցին ու իրենց կողմ քվեն տվեցին դրան»:
Ինչ խոսք, սա բոլոր իմաստներով հայաստանցիների համար հաճելի և ընդունելի տեսակետ է ու չի կարող չխրախուսվել մեր երկրում: Բայց` ընդամենը սա, քանի որ Բաքվում հնչում էր այն, ինչը ադրբեջանցիների լսելիքների համար էր հաճելի և բխում էր նրանց սրտից: Այնտեղ Իրանի դեսպան Մամեդբահիր Բահրամին հայտարարում էր, թե Իրանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Իրանը միշտ քննադատել և քննադատում է ադրբեջանական տարածքների գրավումը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, և հույս ունեմ, որ ադրբեջանական օկուպացված տարածքները շուտով ետ կվերադարձվեն»:
Ստացվում է այն, ինչ ցանկանում էին: Բոլորը գոհ են իրենց չափով, բոլոր կողմերը բավարարված են, իսկ Իրանն էլ շարունակում է մնալ սրտացավ ու առաջին ձեռքը մեկնող երկիրը: Դժվար է ասել, այս իրավիճակի վրա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Քոլեյնի այն տեսակետը, թե Ադրբեջանը ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, հաշվի չառնելով միջազգային ասպարեզում կատարված որոշ իրադարձություններ, հայտնվել է մեկուսացման մեջ: Կամ նշանակություն ունի՞ այն փաստը, որ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը Իրանին մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեծ թվով փորձեր իրականացնելու մեջ, իսկ Բաքվում հակաիրանական բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են «Ահմադինեժադի բարեկամությունը Սարգսյանի հետ՝ Իրանի մահմեդական ֆանատիզմի իրական դեմք», «Ամոթ մարդասպանների հովանավորներին», «Պարսիկները, ռուսները, հայերը՝ թուրքերի թշնամիներ», «Միասնական Ադրբեջան՝ Թավրիզում գտնվող կենտրոնով» կարգախոսներով։ Համենայն դեպս, Երևանում նման բաներ կարծես թե չեն կատարվում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երկու գլուխ` մի թավայի մեջ

4 Փտր

Երեկ իրանցիները նշում էին իրենց համար տխուր մի տարելից: Մամուլն այդ մասին հետևյալ բառերով էր վերհիշում. «…Երբ Մոհամմադ մարգարեի մահվան օրը հավատացյալ մարդիկ հավաքվել էին Ֆիզուլիի հրապարակում` սգալու իրենց կրոնական առաջնորդի մահը, Բաքվի ոստիկանները սիոնիստների նվիրած սպառազինությամբ դաժանաբար ցրեցին հավաքվածներին: Դա շիաների հանդեպ Ադրբեջանի կառավարության գործած ամենադաժան հանցագործությունն է»: Այն փաստը, որ մեկ տարվա վաղեմություն ունեցող և ոչ այնքան նշանակալի դեպքը կարող է իրանցիների հոգում այդպիսի նստվածք թողնել, վկայությունն է այն բանի, որ վերջիններիս հակակրանքը շատ ավելի խորը գնացող արմատներ ունի:
Իր հերթին Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը փետրվարի 2-ին ակցիա իրականացրեց Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջև: Մասնակիցները նամակ հանձնեցին դեսպանատանը՝ պահանջելով «չխառնվել հարևան երկրի ներքին գործերին»: Նրանք նաև հանդես եկան հակաադրբեջանական քարոզչության դեմ, որն իբր տարվում է «Սահար-2» հեռուստաալիքի կողմից: Նույն օրը երկրի խորհրդարանում արդեն պահանջներ էին հնչում անհապաղ դադարեցնել «Սահար»-ի հեռարձակումն Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև արգելափակել նույնանուն կայքէջը:
Ադրբեջանցի պատգամավորին մասնավորապես զայրացրել էր այն փաստը, որ «Սահար»-ը Ադրբեջանում հեջաբի արգելման համար բողոքի ցույցերի և կուսակցական գործիչների ձերբակալության մասին տեսանյութեր էր հեռարձակել: Իհարկե, Միլլի Մեջլիսի անդամները ոչ մի բառ չասացին այն մասին, որ ադրբեջանական «ATV» և «Gunaz TV» հեռուստաալիքների կողմից հեռարձակվող հակաիրանական հաղորդումների հեղեղը վաղուց է լցրել իրանցիների համբերության բաժակը, բայց դրա փոխարեն երկար-բարակ խոսեցին Թեհրանի և Երևանի աններելի բարեկամության մասին, հիշեցին Իրան-Հայաստան նավթամուղի կառուցումը ու Հայաստանին աջակցելը համարեցին «բաց աջակցություն օկուպանտ երկրին»: Պատգամավորներից մեկն էլ իր երկրի քաղաքացիներին կոչ արեց չմեկնել Իրան, քանի որ այդ երկրի իսլամական ռեժիմը վարում է Ադրբեջանի դեմ ուղղված քաղաքականություն: Բայց մեկ այլ, այսանգամ քաղաքական դրդապատճառ էլ եղածին գումարեց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը, որը հանդես եկավ Իրանի հետ վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման դեմ: Նրա կարծիքով, ադրբեջանցիների ազատ ելումուտն Իրան կարող է հանգեցնել Ադրբեջան իսլամական հեղափոխություն արտահանելու փորձի: Այս տեսակետն անմիջապես ստվեր նետեց նախկինում շրջանառվող այն մտավախության վրա, թե իբր Իրանի իշխանությունների`վիզային ռեժիմի փոփոխություն պահանջելու իմաստը կայանում է թմրանյութերի արտահանման մեջ:
Զայրույթի չափաբաժինը դեռ չի սպառվել: Այսօր Անկարայում Իրանի դեսպանատան առջև կկայանա ադրբեջանցիների հերթական ակցիան: Ցույցի մասնակիցները մտադիր են կրկնել հին կարգախոսները` Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին խառնվելը, Հայաստանին աջակցելը, իրանական ադրբեջանցիների նկատմամբ տարվող քաղաքականությունը և նման բաներ: Վիրավորված ադրբեջանցիները հանկարծ հիշեցին նաև, որ տարիներ առաջ իրանական կործանիչները խախտել էին Ադրբեջանի օդային տարածքը, սակայն այդ տարածքում Թուրքիայի կործանիչների ի հայտ գալուն պես ետ էին քաշվել:
Փոխադարձ խայթոցների այս ֆոնի վրա որոշ վերլուծաբաններ այնուամենայնիվ փորձում են հասկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ իսլամական պետություն հանդիսացող Իրանը օժանդակում է հայերին, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ կրոնական նորմ հաշվի չի առնում: Եվ մեղավորների որոնումը անմիջապես նոր զոհեր է գտնում: Այս անգամ էլ Բաքվի աչքի փուշն է դարձել Ադրբեջանում Իսլամական կենտրոնի գործունեությունը, որն ըստ նրանց, իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է հրահրում: Ելքն, ինչպես միշտ, նույնն է. անհրաժեշտ է հաշվետվություն պահանջել այդ կազմակերպության գործունեության վերաբերյալ և կասեցնել նրա աշխատանքները: «Բաքուն պետք է արձագանքի Իրանում ծավալված հակաադրբեջանական գործողություններին, այլապես այն կարող է լուրջ սպառնալիք դառնալ Ադրբեջանի համար»,- այս օրերին մեկը մյուսի ետևից գրում են տեղի թերթերը:
Ինչ խոսք, այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» իրենց հայրենակիցների իրավունքների ոտնահարման փաստերը բաքվեցիների համար մի առանձին թեմա են: Բայց արի ու տես, ինչպես իրավացիորեն նկատում է ադրբեջանցի քաղաքագետ Պարվին Դարաբադին, «Ադրբեջանի կողմից էմոցիանալ հայտարարությունները Իրանին չեն վախեցնի և վերջինիս չի փոխի իր քաղաքականությունը: Ադրբեջանը պետք է սա գիտակցի ու անհրաժեշտ քայլերի դիմի»: Սակայն որո՞նք են այդ քայլերը: Մի՞թե խոսքն այնպիսի գործողությունների մասին է, ինչպիսին վերջերս բացահայտեց հանրահայտ Wikileaks կայքէջը` հրապարակելով մի հեռագիր, որտեղ ամերիկացի դիվանագետը 2010-ի փետրվարին Վաշինգտոնին տեղեկացնում էր, թե նախագահ Ալիևը հայտարարել է, որ աջակցում է Իրանի տնտեսական մեկուսացմանը և կարծում է, որ դա կարող է արդյունավետ լինել, եթե իրականացվի լայն կոալիցիայով: Արդյո՞ք Թեհրանն իր հերթին երբևէ կների հարևանի նմանօրինակ դավաճանությունը:
Ասվածին կարող ենք գումարել նաև Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ի մտադրությունը՝ ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, դեռ պահպանում է իր արդիականությունը, իսկ այդ ուղղությամբ Վաշինգտոնի ու Բաքվի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ադրբեջանական տարածքը որպես ռազմական պոլիգոն օգտագործել: «Ընդ որում, Բաքուն ամեն ինչ գաղտնի է անում»,- նշել էր Զախարովը: Ահա այսպիսի բաներ:
Մենք, իհարկե, չենք բացառում այն հնարավորությունը, որ որոշ գերտերություններ ամեն ինչ անում են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները փչացնելու համար: Սակայն տեսնում ենք նաև, որ Իրանն ու Ադրբեջանն իրենց հերթին առանձնապես ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ կապերն ամուր ու անխաթար պահպանելու համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հալի լրտեսական արկածները Իրանում

10 Հնվ

Մոլորակի տարբեր անկյուններում հայերի մասնակցությամբ լրտեսական սկանդալները հետզհետե դառնում են սովորական երևույթ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես խոսքը մի երկրի մասին է, որի հետախուզական հզոր կառույցը իր ցանցն է գործում բոլոր ուղղություններով: Մերթ նրանց որսում են Վրաստանում, մերթ Մերձդնեստրում, էլ չենք խոսում Ադրբեջանի մասին: Եվ ահա ամանորի տոներից անմիջապես հետո այդ շարքը լրացվեց նոր պատմությամբ, այս անգամ Իրանի սահմանին: Կատարվածի մասին առաջին հաղորդագրությունը հայտնում էր, թե իբր իրանցի սահմանապահները ձերբակալել են ԱՄՆ-ի մի քաղաքացուհու, որին մեղադրում են լրտեսության մեջ: Կինը ձերբակալվել էր Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Նորդուզ բնակավայրում, ուր ժամանել էր Հայաստանից առանց մուտքի արտոնագրի: Ասվում էր, որ ձերբակալության պահին նրա մոտ լրտեսական սարքավորումներ էին հայտնաբերվել, ինչպես նաև ձայնագրող սարք, որը նա պահում էր ատամների տակ: Շատ շուտով հայտնի դարձավ ձախողակ լրտեսի անունն ու ազգությունը: Վերջինս հայուհի, 55-ամյա Հալ (Խալլ) Թալայանն էր:
Մինչ ամենքն ակնկալում էին որևէ պարզաբանում ու բացատրություն, դրա փոխարեն ամերիկյան, իրանական ու ռուսական լրատվամիջոցները մեկը մյուսին հերթ չտալով սկսեցին հակասող տեղեկատվություններ տարածել: Օրինակ, ռուսները շտապեցին գրել, թե իբր ձերբակալվածը հրաժարվել է վերադառնալ Հայաստան` պնդելով, որ այնտեղ նրան մահացու վտանգ է սպառնում: ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին հայտարարեց, թե առայժմ ուսումնասիրում է Իրանում ԱՄՆ քաղաքացու ձերբակալության մասին տեղեկությունը: Հունվարի 6-ին Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոներն ուղղակի ասաց. «Մենք կապվել ենք Իրանում մեր շահերը ներկայացնող Շվեյցարիայի հետ, որպեսզի պարզենք այդ միջադեպի հետ կապված մանրամասները»: Նույն կառույցը հարկ համարեց միջադեպի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն ունենալու համար հարցում անել նաև հայաստանյան իշխանություններին:
Թե դիվանագիտական խողովակներով ինչպիսի ինֆորմացիա փոխանակվեց, դժվար է ասել, սակայն մեկ օր անց` հունվարի 7-ին, այս անգամ արդեն ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին բրիֆինգի ժամանակ հայտարարեց, որ իրենք տեղեկություններ չունեն այն մասին, թե Իրանի իշխանությունները լրտեսության կասկածակնքով ձերբակալել են ԱՄՆ քաղաքացու: «Ոչ Իրանում, ոչ Հայաստանում չկան փաստաթղթեր, որոնք կհաստատեն ԱՄՆ քաղաքացու կողմից հայ-իրանական սահմանը հատելու կամ նման փորձ կատարելու փաստը, ինչպես այդ մասին գրել են լրատվամիջոցները»,- ասաց Քրաուլին: Ստեղծված իրավիճակն էլ ավելի մշուշոտ դարձավ, երբ պաշտոնական Թեհրանը նույնպես հերքեց Թալայանի ձերբակալության մասին լուրը: «Իրանի իշխանությունները չեն ձերբակալել ամերիկյան լրտեսուհուն, ում ձերբակալության մասին տեղեկություններ էին տարածել որոշ իրանական լրատվամիջոցներ»,- հաղորդեց այդ երկրի պետական «Ալ-Ալյամ» հեռուստաալիքը: Նույնիսկ մեջբերվում էր անվտանգության տեղական ծառայության աշխատակցի խոսքը, համաձայն որի «այդ ամերիկուհին չի կարողացել մուտք գործել Իրան, նա մոտեցել է սահմանապահներին, բայց քանի որ մուտքի արտոնագիր չի ունեցել, չի կարողացել անցնել: Նրան անմիջապես ետ են ուղարկել Հայաստան»:
Վերջապես իրանցիներին ու ամերիկացիներին միացան նաև հայերը: Եթե ամենասկզբում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվում էին որևէ մեկնաբանություն տալ այս տեղեկատվության վերաբերյալ` պատճառաբանելով, թե սահմանի այդ հատվածը հսկում են ռուս սահմանապահները, ապա երկու օր անց ծառայությունը միանշանակորեն հերքեց, որ ԱՄՆ քաղաքացի Հալ Թալայանը մուտք է գործել Հայաստան: «Այդ քաղաքացին ոչ մուտք է գործել Հայաստան, ոչ էլ հետևաբար դուրս եկել երկրի տարածքից»,- հայտարարեց մեր անվտանգության գերատեսչությունը` իր պատասխանը համարելով խիստ օրինաչափ և կուռ տրամաբանության վրա հիմնված:
Շրջանը փակվում էր: Չկար խնդիր, չկար լրտեսություն, չկային փոխադարձ մեղադրանքներ ու բոլոր կողմերը հաշտ-համերաշխ էին: Հենց այսպես էլ պատմությունը կարող էր եզրափակվել, եթե հունվարի 8-ին, ինչպես ամպրոպը` պարզ երկնքում, չհնչեր Թեհրանի մեկ այլ հաղորդում այն մասին, որ իրենք հաստատում են երկրի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ քաղաքացիություն ունեցող կնոջ ձերբակալության փաստը: Նոր տեղեկատվության մեջ նշվում էր, որ տեղի սահմանապահ ոստիկանության տվյալներով, Հալ Թալայանը ձերբակալվել է ոչ թե Նորդուզ բնակավայրում, այլ Ջուլֆա քաղաքում: Ասվում էր նաև, որ նա ամերիկյան հատուկ ծառայությունների պատվերով նկարահանումներ էր իրականացնում:
Իրավիճակն անմիջապես փոխվեց: Փոխվեցին նաև դրա արձագանքները: Այս անգամ Վաշինգտոնից ոչ թե կտրականապես հերքում էին փաստը, այլ ընդամենը կասկածի էին ենթարկում լրտեսի քաղաքացիության խնդիրը: Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները շտապեց պարզաբանել. «Առայժմ որևէ հիմք չկա պնդելու, թե ձերբալված կինը ԱՄՆ-ի քաղաքացի է»: Նույն Թոները մեկ օր հետո արդեն բոլորովին ուրիշ երգ էր երգում: CNNTurk-ի փոխանցմամբ, վերջինս պնդում էր, թե իրենց քաղաքացին ներկա պահին գտնվում է անվտանգ վայրում: Իսկ մեկ այլ ամերիկացի պաշտոնյա, որի անունը չէր նշվում, հայտարարեց, թե կինը, որին իբր ձերբակալել են Իրանի իշխանությունները, գտնվում է Թուրքիայում` ընդգծելով, որ «այդ կինը Ստամբուլում է, որի հետ կապ են հաստատել ամերիկյան հյուպատոսության աշխատակիցները»:
Այժմ արդեն երկար ժամանակ կպահանջվի իմանալու համար, թե ի վերջո ո՞վ է այդ անորսալի Հալը, ի՞նչ էր նա պատրաստվում անել, որտե՞ղ է նա և ինչո՞վ կավարտվի այս խճճված պատմությունը: Միայն ամենաֆանտաստիկ գրքերում կարելի է հանդիպել հերոսի, ով միաժամանակ գտնվում է մի քանի վայրում, հատում ու չի հատում սահմանը, ձերբակալվում ու շրջում է ազատության մեջ` ատամի տակ սեղմած ձայնագրիչ սարքը: Բայց առանց դրա էլ հստակ է մի բան. Հայաստանի ԱԱ ծառայության մտածող ուղղեղների համար հեշտ չի լինի լուծել այս գլուխկոտրուկը, որպեսզի մի կողմից իրենք մնան անմեղ ու անմասնակից, իսկ մյուս կողմից էլ չխաթարվեն ջերմ հարաբերությունները թե իրանցիների և թե ամերիկացիների հետ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Իրանը պատրաստվում է նոր տարի թևակոխել նոր կերպարով

30 Դկտ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ողջ աշխարհի քրիստոնյաներին շնորհավորեց Նոր տարվա կապակցությամբ և մաղթեց հաջողություն ու բարգավաճում գալիք տարում: Իր հայտարարությունում նա նշեց, որ եթե մարդիկ ուզում են վերացնել սոցիալական, քաղաքական և տնտեսական բոլոր անհարթությունները, ուրեմն պետք է « հետևեն հին մարգարեներին, ովքեր ձգտել են միայն սիրո և արդարության»: Սակայն Իրանի նախագահը ոչ մի խոսք չասաց այն մասին, որ Իրանի քրիստոնեական համայնքի ինը ներկայացուցիչներ (նրանցից չորսը հայեր են) առանց մեղադրանքի արդեն երեք ամիս գտնվում են բանտում միայն այն բանի համար, որ զբաղվել են Ավետարանի քարոզով: Իսկ աստծո խոսքի տարածումը, պարզվում է, ոչ թե դիտվում է ձգտում սիրո և արդարության, այլ համարվում «ոտնձգություն Իրանի Իսլամական Հանրապետության պետական կարգի դեմ»: Այս իմաստով միշտ չէ, որ մեր հարևան երկրում խոսքն ու գործը համահունչ են: Վերջին մի քանի օրերի ընթացքում այստեղ իրականացված մահապատիժների մեծ մասը արդարության խիստ պակաս էին զգում, մի արդարություն, ինչի ջատագով Ահմադինեժադը ամեն անգամ այդ բանը հասկանում է յուրովի:
Սակայն տարեվերջին Իրանի նախագահի ուշադրության կենտրոնում գտնվող գլխավոր հարցը վստահաբար այդ մարդկանց ճակատագիրը չէր, այլ այն մեծ ձեռքբերումը, որին հասել էր Իրանը, և այդ իսկ պատճառով էլ նախագահը հարկ համարեց անձամբ ավետել դրա մասին: Մահմուդ Ահմադինեժադը հպարտությամբ իր հանրապետությունը հռչակեց միջուկային տերություն: «Այժմ, երբ Իրանը դարձել է միջուկային երկիր, նրանք չեն կարող մեզ ստիպել հրաժարվելու միջուկային Էներգիայի օգտագործումից»,- հայտարարեց Իսլամական Հանրապետության նախագահը` բռունցք ճոճելով Արևմուտքի քթի տակ: Նա նաև նախազգուշացրեց, որ Իրանը կործանիչ հակահարված կհասցնի բոլոր նրանց, ովքեր կփորձեն իրանական ժողովրդին խանգարել իրացնելու իր իրավունքները»: Հասկանալի էր, որ այս անգամ էլ սպառնալիքի հասցեատերը ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցներն էին, որոնք առայժմ սոսկ քաղաքական ու քարոզչական ճնշում են գործադրում Իրանի նկատմամբ, ու թերևս դրա անարդյունավետությունն էլ իրավունք է տալիս այդ երկրի իշխանություններին ոչ միայն խոսել միջուկային պետություն դառնալու, այլև նոր հորիզոնների ձգտելու մասին:
Բայց մինչ այստեղ ոգևորությունը հասենում է իր գագաթնակետին, սահմանի մյուս կողմում կանխատեսումներ են հնչում այն մասին, որ դա երկար շարունակվել չի կարող: Մասնավորապես, Իսրայելի փոխվարչապետ, ռազմավարական պլանավորման նախարար Մոշե Յաալոնը օրերս այն տեսակետն արտահայտեց, թե միջազգային հանրությանը երեք տարի Է մնացել, որպեսզի թույլ չտա միջուկային զենքի հայտնվելն Իրանում: Թել Ավիվում շարունակում են մնալ այն կարծիքին, որ Իրանը դեռևս հնարավորություններ չունի ինքնուրույն ատոմային ռումբ ստեղծելու համար, և նրա միջուկային ծրագիրը առաջ չի շարժվում տեխնիկական դժվարությունների ու պատժամիջոցների պատճառով: Երեք տարվա ժամկետը քիչ չէ, և այդ ընթացքում շատ բան կարող է կատարվել փոփոխական աշխարհում: Հավանաբար հենց այդ պատճառով էլ նույնի մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ավելի վաղ առաջարկում էր Իրանի դեմ օգտագործել ռազմական ուժի կիրառման իրական սպառնալիքը:
Ճնշման միջոցների ընտրության մեջ ընդհանուր հայտարարի չգալու պայմաններում Իրանը հաճույթով ծաղրի է ենթարկում իր հակառակորդներին և հայտարարում, թե տնտեսական զարգացումն ապահովելու համար նա ոչ Եվրոպայի կարիքն ունի, ոչ ԱՄՆ-ի: «Իրանի նկատմամբ էմբարգոն 30 տարվա պատմություն ունի, իսկ նրանք, ովքեր կիրառել են այն, հետամնաց քաղաքական գործիչներ են ու չգիտեն ժամանակակից աշխարհի պայմանները»,- արևմտյան քաղաքագետներին այսօր դասեր է տալիս Ահմադինեժադը և հավելում, որ պատժամիջոցների կիրառումից ի վեր իր երկրի տնտեսության աճի տեմպերը նույնիսկ մեծացել են:
Ահա նման իրավիճակում պաշտոնական Թեհրանը նախանշում է գալիք տարվա իր արտաքին քաղաքականության ուղենիշները և հստակեցնում ծրագրեր արտաքին հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Համաձայն դրանց, Իրանը պատրաստվում է այսուհետ առավելապես կենտրոնանալ հարևան երկրների և իսլամական աշխարհի հետ հարաբերությունների վրա:
Իրանի արտաքին քաղաքականության ծրագրերում առավել նշանակալից դիրք ունեցող երկրներ են անվանվել Թուրքիային և Սաուդյան Արաբիային: Առանձնակի շեշտվել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ հատուկ քաղաքական ուշադրության անհրաժեշտություն կլինի: Գալով Եվրամիությանը, Իրանում կարծում են, որ չնայած Հին Աշխարհի անտրամաբանական քայլերին, իրենք պետք է ձգտեն կայուն հարաբերություններ պահպանել ԵՄ անդամ երկրների հետ: Սրան հակառակ, ինչպես խիստ թափանցիկ կերպով ակնարկել են Իրանի ԱԳՆ-ում, Սիրիան, Լիբանանը և Իրաքը (որոնց հետ Իրանի հարաբերությունները խորը արմատներ ունեն) կարող են մոռացվել:
Թե ինչի կհանգեցնեն Թեհրանի այն նոր մոտեցումները, ակնհայտ կդառնան շատ արագ: Բայց ամեն դեպքում քաղաքական վերլուծաբանները շարունակում են մնալ այն համոզմանը, որ հաջորդ տարի պետք է հատուկ ուշադրություն դարձնել Իրան-ԱՄՆ հարաբերությունների վրա: Ու թեև նրանք չեն պնդում, որ այստեղ հարաբերությունների լուրջ վատթարացում կլինի, սակայն այդ ուղղությամբ ակնկալում են բավականին հետաքրքիր զարգացումներ և որոշակի բարդություններ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Իրանն առանց Մոթաքիի

15 Դկտ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ արեց երկրի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին այն ժամանակ, երբ վերջինս հենց նախագահի հանձնարարությամբ գտնվում էր Սենեգալում: Պալատական դավադրություն հիշեցնող այս հանրածանոթ սյուժեն (որ ժամանակին կիրառվեր է նաև մեզ մոտ) առաջին հերթին վկայությունն է այն բանի, որ Ահմադինեժադը լիակատար վստահություն չունի սեփական ազդեցության և հեղինակության վրա: Ասպարեզից հեռացնելով գրեթե յոթ տարի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած Մոթաքիին, նրա պարտականությունները ներկա պահին փոխանցել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, ով զբաղեցնում է նաև Իսլամական հանրապետության փոխնախագահի պաշտոնը: Սակայն այս արագընթաց փոխատեղումը հազիվ թե վերջակետ դառնա առկա իրավիճակի համար:
Գաղտնիք չէ, որ Մոթաքիի իրական մեղքը Ահմադինեժադի հետ ունեցած նրա սկզբունքային անհամաձայնություններն էին: Վաղուց էր խոսվում այն մասին, որ նախարարը բազմաթիվ անգամներ ընդդիմացել էր երկրի նախագահին տարբեր հարցերում և մասնավորապես դիվանագետներ նշանակելու պահանջների առթիվ: Իրավիճակը հատկապես սրվեց այս տարվա օգոստոսին, երբ Ահմադինեժադը պատրաստվում էր ստեղծել մի կառույց, որը նախագահի անունից պետք է վերահսկեր նախարարության գործունեությունը: Այնուհետև նա փորձել էր մի քանի դեսպաններ ու դիվանագետներ նշանակել տարբեր երկրներում: Այն ժամանակ ԱԳ նախարարն ուղակի մերժել էր նախագահին, իսկ հետո նույնիսկ սպառնացել, թե հակառակ պարագայում հրաժարական կներկայացնի: Սակայն ճգնաժամը հարթվեց երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլա Խամենեիի միջամտությամբ: Ասենք, դա իրականում նշանակում էր Մոթաքիի պարտությունը, քանի որ թվով վեց դիվանագետներ այնուամենայնիվ նոր նշանակումներ ստացան: Բայց ԱԳ նախարարը հնազանդվեց ու կարծես արդեն համակերպվել էր վիճակի հետ, երբ սեպտեմբերին նոր սկանդալ հասունացավ Ահմադինեժադի հերթական «ինքնագործունեության» պատճառով: Նախագահն ու նրա օգնականները որոշել էին միանգամայն անկախ ու ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, ինչը խորապես վիրավորական էր Մոթաքիի համար: Իսկ երբ Ահմադինեժադի օգնականներից մեկը միջազգային համաժողովում հարևան Թուրքիային հիշեցրեց Հայոց ցեղասպանության մասին, այդ խոսքերն անչափ զայրույթ պատճառեցին Անկարային: Պաշտոնական Թեհրանը ստիպված էր ինչ-որ կերպ արդարանալ, և այդ ծանր առաքելությունը դրվեց Մոթաքիի վրա: Վերջինս ոչ մի գնով չէր ցանկանում ստանձնել այլոց սխալների համար պատասխան տալու բեռը, և վերստին նախագահի ու նախարարի ջրերը հոսեցին տարբեր առուներում: Այժմ արդեն բոլորն էլ հասկանում էին, որ այդպես երկար շարունակվել չէր կարող: Եվ հանգուցալուծումն, ինչպես տեսնում ենք, սպասել չտվեց:
Պաշտոնանկության որոշումը երկրի ներսում ունի իր ընդդիմադիրները, և դրանք իսկապես լուրջ ուժեր են: Առաջին հերթին խոսքը վերաբերում է խորհրդարանին, որտեղ նախկին նախարարը բազմաթիվ համակիրներ ունի: Իրանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովը մոտ օրերս պատրաստվում է քննության առնել Մոթաքիի պաշտոնանկության իրավաչափության հարցը: Այդ առթիվ հանձնաժողովի փոխնախագահ Իսմայիլ Կովսարին ուղղակի հայտարարել է. «Ես սխալ եմ համարում Մոթաքիի նման կերպ հեռացումը, երբ նա պաշտոնական այցով գտնվում էր Սենեգալում»: Իսկ ահա մի քանի ուրիշ օրենսդիրներ շատ ավելի կոշտ են արտահայտվել` զգուշացնելով Ահմադինեժադին, որ Մոթաքիի հրաժարականը «անպատիժ չի մնա»։
Թե ինչպես են նրանք պատրաստվում պատժել ինքնագլուխ նախագահին` կտենենք կամ չենք տեսնի առաջիկայում: Իսկ մինչ այդ այլ երկրների դիվանագետներին անհանգստացնում է մեկ այլ հարց. արդյո՞ք Իրանի արտաքին քաղաքականությունը փոփոխություններ կկրի: Բանն այն է, որ հունվարին Ստամբուլում սպասվում են Իրանի և «Վեցնյակի» բանակցությունները, և դրա նախօրեին կարևոր դերակատարներից մեկի հեռանալը ոչ մի կերպ համահունչ չէր շահագրգիռ կողմի ծրագրերին: Ասենք, Իրանում ևս քիչ չեն տարակուսողները: Ահա թե ինչ է գրել տեղական թերթերից մեկը. «Միջազգային ներկա իրավիճակում ԱԳ նախարարի պաշտոնանկությունն ու փոփոխությունն անհավատալի ու զարմանալի է: Մոթաքին արտաքին քաղաքականության ոլորտում շատ կարող դիվանագետ էր: Նկատի ունենալով, որ ներկա պայմաններում, երբ առջևում Իրանի և «Վեցյակի» հերթական բանակցություններն են, Մոթաքիի նման հմուտ և իրազեկ նախարարի պաշտոնանկությունն անհավատալի է երևում»:
Այս պարագայում Արևմուտքին այլ բան չի մնում, քան հույս փայփայել, որ իրադարձությունները կընթանան առանց լուրջ ցնցումների: Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը շտապեց ելույթ ունենալ այդ թեմայի շուրջ` հորդորելով Իրանին հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությանը: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հարկ համարեց հիշեցնել, որ «կարևորը Իրանի կառավարության քաղաքականությունն է, և էական չէ, թե ով է ղեկավարում արտաքին գործերի նախարարությունը»։
Բայց արի ու տես, որ այն հեռանկարը, թե մեծ քաղաքականության մեջ հարաբերությունները պայմանավորված են ոչ այնքան անհատներով, որքան տվյալ երկրով ու կառավարության որդեգրած կուրսով, Իրանի պարագայում կարող է իրավացի լինել մասամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: