Tag Archives: ԻՎԱՆ ԻԼՅԻՆ

ԻՎԱՆ ԻԼՅԻՆ

18 Հկտ

Հավատարիմ լինելու համար պետք է ինչ-որ բան սիրել: Այսինքն, անհրաժեշտ է ընդհանրապես սիրել կարողանալ, հատկապես անբաժանելի` ամբողջական սիրով: Հենց այդ սերն էլ առանձնացնում է մարդուն: Այդ սերը նրան կապում է իր սիրելի արժեքների հետ, և հավատարմությունն այս դեպքում նվիրվածությունն է արժեքներին: Ով ոչինչ չի սիրում, նա անդադրում է, պարապ թրևող, ոչնչին հավատարիմ չէ,  ամեն բան հանձնող է: Ով իսկապես սիրում է, նա «այլ կերպ չի կարող». նրա մեջ տիրապետում է ներքին օրենքը, սուրբ անհրաժեշտությունը: Այնպես չէ, որ այդ անհրաժեշտությունը նրա համար ծանրություն է կամ կախման մեջ է պահում: Ոչ, բայց նա այլ կերպ չէր էլ փափագի ու չէր կարող: Այդ անհրաժեշտությունը նա ընկալում է իբրև իր կողմից ընտրված ու ցանկալի մի բան` ինչպես ինքնորոշումը, ինչպես ճշմարիտ ազատությունը: Դա նրա համար թեթև է և բնական: Ու նա կրում է իր հավատարմությունը որպես իր կյանքի միակ և բնական հնարավորություն…hvme-JnWzow

ԻՎԱՆ ԻԼՅԻՆ

4 Դկտ

Մեր խնդիրները

Մարդը ծարավի է ազատության, քանզի նա կենդանի մարմին է և կենդանի ոգի: Ցանկացած կենդանի մարմին (բույսից մինչև մարդը) ինքնուրույն էակ է` ներքին խորհրդավոր ինքնագործունեությամբ և յուրահատուկ կենսական բնազդով: Նման բնազդային ինքնագործունեության վրա հնարավոր է որոշակի ազդեցություն գործել դրսից, սակայն անկարելի է զսպել կամ արգելել այն:
Մարմինն ապրում է ինքնուրույն, իր ներքին օրենքներով: Ուսումնասիրելով վերջինները, ներհյուսվելով դրանց ու զուգակցելով դրանք` կարելի է որոշ ուղղություն տալ մարմնի գործունեությանը, սակայն մարել նման ինքնագործունեությունը հնարավոր է միայն ընդհատելով նրա գոյությունը: Մարդն ի բնե ինքնագործ է. ինքն է իրեն կերտում` առողջության և հիվանդության պահանջմունքների և նողկանքների, սնվելու և աշխատանքի, սիրո և բազմացման պարագաներում: Մարդու բնազդին հատուկ է ներքին նպատակահարմարությունը: Մարմնի ինքնագործունեությունն անկարելի է փոխարինել որևէ մեխանիզմով, ազդել նրա վրա հիպնոսով, հրամանով կամ սարսափով: Այդպիսի փորձերը դատապարտված են անհաջողության, մարմնի խեղման, նրա գործունեության թուլացման, հոգու և ոգու նսեմացման:
Սակայն մարդը միայն կենդանի մարմին չէ. նա նաև կենդանի ոգի է: Իսկ ոգուն վայել է հավատքի, սիրո, հայեցողության, համոզմունքների և ստեղծագործության ազատություն: Ոգին կենդանի անհատականություն է` պատասխանատու Աստծո և մարդկանց առաջ հավատամքների, մտածելակերպի, արածի ու չարածի համար: Սակայն պատասխանատվությունը ենթադրում է ազատություն: Խոսքը ոչ թե «կամքի մետաֆիզիկական ազատության», օրենքների բացակայության, մարդու սանձարձակման, իրավունքների և առավելությունների չարաշահման, այլ հոգևոր ինքնորոշման մեջ հասարակական- քաղաքական հարկադրանքի բացառման, մարդու ներքնաշխարհի օրինապաշտպանության մասին է:
Պետք է ըմբռնել նաև, որ սիրել, հայել, ուսումնասիրել և ստեղծագործել մարդը կարող է միայն բնատուր օժտվածությամբ և մղումներով, սրտի ներշնչանքի ու խղճի պահանջարկով: Անհնար է սիրել կամ դադարել սիրելուց հրամանով: Հարկ չէ սպասել արվեստի գործի` սովի և սարսափի ուժով ամրապանդված սոցիալական պատվերներից, քանզի ստեղծագործությունն ազատության և առարկայական ներշնչանքի պտուղ է:

%d bloggers like this: