Tag Archives: ԻՍԱՀԱԿՅԱՆ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

21 Հկտ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

1948 թ. Հուլիսի 15-24-ը Ավետիք Իսահակյանը այցելել է Լեռնային Ղարաբաղ: Պահպանվել են նրա ծոցատետրային գրառումները, որոնցից հատվածներ ներկայացնում ենք ստորև:


Գանձասար վանքը Շուշիի մոտ: Ամարաս վանքը Մուղանում, Շուշիի մոտ, 45-50 կիլոմետր հեռու: Մեր ճանապարհորդությունների ընդհանրացումներից մեկն էլ այն էր, որ գեղերում էլ շուն չկա:

Հայերը հարենիքից հեռացել են, քոչել են, փախել են Ամերիկա և ամենուր, բայց միշտ էլ, ամեն տեղ էլ նրանք հայրենիքով են ապրում: Հայրենի հուշերով, դեպքերով, անցյալով, զրույցներով, անեկդոտներով…

Մարդկության, մեծ ազգերի, լուսավոր ազգերի աչքերի առաջ մի ողջ ժողովուրդ հայրենազրկվում է, հրեա է դառնում, բայց ոչ ոք ձեռք չբարձրացրեց կասեցնելու բարբարոսի հարվածները, դաժան գործը, միմիայն մղված էգոիստական, գազանային բնազդներից, հաշիվներից…

Ընդհանրացումներից մեկն էլ այն է, որ վայ թե մի կնոջ, հայ ղարաբաղցի կնոջ հարցնես, թե ո՞նց ես, սկսում է լաց լինել և ասել իր կորուստների մասին: Ղարաբաղում տուն չկա, որ պատերազմի զոհ տված չլինի: Գոնե մի մարդ: Մայրեր կան` երեք- չորս տղա են կորցրել: Ուղղակի քամել են հայ ժողովրդին, քամել են…
Կորած ժողովուրդ, ինչպես Մառն է ասել:

Ղարաբաղը բացարձակ կտրված է Հայաստանից` ոչ թերթ, ոչ գիրք: Դասագիրք չունեն` հայերեն, Բագու չեն տպում հայ դասագրքեր, նույնիսկ մայրենի լեզվի: Սա անհոգության արդյո՞ւնք է, թե՞ սիստեմ, քաղաքականություն: Խեղճ ղարաբաղցիք կարծում են, թե իրենք ապրում են թուրք պատմական հողերի վրա, ոչ թե ընդհակառակը: Խավար երկիր, իշացած:

Մեծ մարդ` նշանակում է ճանապարհ ցույց տվող, ոչ միայն այդ, մեծ մարդ կնշանակե նաև ճանապարհ…

Լեռնային Ղարաբաղի ավտոնոմիան սուտ բան է, նա Բագուին ենթարկված մի բան է: Ադրբեջանն է իշխում ամեն բանի մեջ: Ստեփանակերտ ոչ մի հայ գիրք չի տպվում: Մի ողորմելի թերթ: Տեղական երիտասարդները վառվում են , ուզում են արտահայտվել, ոչ մի հնար չկա: Մի երիտասարդ ասաց.:

Ղարաբաղում ռուսաց լեզուն նվիրագործված է: Կառավարությունը ժողովներում, միտինգներում, հանդեսներում ռուսերեն է խոսում: Նախկին քարտուղարը` ռայկոմի, Մանուկյան, բոլորի հետ ռուսերեն էր խոսում (գիտցող- չգիտցողի հետ), ականջները ձեռքով ծածկում էր, ով որ հայերեն էր խոսում:

Կիրովաբադ` կորած հայություն: Աչքից ձգած հայկական քաղաքամաս:

Ստեփանակերտ. հլու հպատակ, ձևական ավտոնոմիա, ֆիկցիա, իրավազուրկ գրեթե, ինքնավար չէ բնավ, ամեն բանի մեջ, ամենաչնչին բանի մեջ ենթարկվող Բագուին…

Ես` ուրիշ, նա` ուրիշ: Իմ ջուրը ուրիշ ակունք ունի, նրանը` ուրիշ:

Մեռնենք էլ` չենք խառնվի իրար հետ` հայ, վրացի, թուրք տարբեր են. Սոցիալիզմը չի կարող միացնել նրանց:

Անգլիացին, միացած թուրքերի հետ, կործանեցին Շուշին և կոտորեցին Բագուն: Եվ առհասարակ ոչնչացրեցին թուրքահայությունը: Անգլիան Թուրքիայի պաշտպանն է: Հիմա էլ` Ամերիկան, և միշտ էլ` Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան և ցարիզմը:

Տաթևը, Խնձորեսկը իմ երևակայությունից նվազ դուրս եկավ իրականության մեջ, բայց Շուշին գլեց- անցավ իմ երևակայությունից և ամեն տեսակ երևակայություններից:

Թուրքերը (տաճիկները) Բագուն ջարդելուց հետո, 11000 զինվորով մտան Ղարաբաղ, Զանգեզուրը ջարդելու: Բայց իրենք մեծ ջարդ կրեցին, ասում են, 3000 տաճիկ հազիվ են ազատվել: Հայերը լավ ջարդ տվին նրանց:

Դժոխք է Հայաստանը, դժոխք: Աղքատություն, հող, քար ու քարափ, անջուր, թուրք և այլն…
Խեղճ ժողովուրս, մեռնող ժողովուրդ…

Վայ ես ձեր տիրոջ, ես ձեր պետերի հերն կանիծեմ, էս ինչ օրի եք ձգել հայ ժողովրդին, ով թուրք, ով անգլիացի, ով գերմանացի, ով ֆրանսիացի… Վայ էն տանը, որ տան պստիկը պիտի կառավարե: Վայ էն քաղաքին, որի թագավորը մանուկ է: Վայ քեզ քաղաք, որ թագավորդ մանուկ է: Վայ քեզ տուն, որ քո պստիկն է կառավարում:

%d bloggers like this: