Tag Archives: Ինդոնեզիա

ՆՈՒՅՆ ԴՐՈՇԸ

3 Փտր

Ինդոնեզիայի և Մոնակոյի դրոշները նույնն են` կարմիր և սպիտակ: Երբ Ինդոնեզիան 1945 թվականին անկախություն հռչակեց և ընտրեց կարմիր-սպիտակ դրոշը, Մոնակոն պաշտոնական բողոք հայտնեց: Սակայն բողոքը մերժվեց այն հիմնավորմամբ, որ Ինդոնեզիայի դրոշն իր ծագմամբ ավելի հին է, քան Մոնակոյինը:

ogoom.com_1324206069_ogoom-71-50

Լավ է չմիանալ, քան միանալ

19 Մյս

Ադրբեջանը նոր քաղաքական որոշումը է կայացրել, ինչը շատերի կողմից պիտի անսպասելի քայլ համարվի, եթե հաշվի առնենք, թե նախկինում ինչ ուղղություններ էր որդեգրել այդ երկիրը և դեպի ու՞ր էր պատրաստվում շարժվել: Այժմ կարծես թե ծանոթ խաղաքարտերը խառնվում են, իսկ ապագան դառնում է անորոշ: Հայտնի է դարձել, որ պաշտոնական Բաքուն անդամակցության հայտով դիմել է Չմիավորման Շարժում (Non-Aligned Movement) միջազգային կազմակերպությանը: Անդամակցության հայտը ամենայն հավանականությամբ կընդունվի, և Ադրբեջանը կդառնա ՉՇ անդամ ամենամոտ ապագայում: Մայիսի 25-27-ը Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի է ունենալու Շարժման անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 16-րդ նիստը, որի ընթացքում էլ մասնակիցները լուծում կտան այդ խնդրանքին:
Հատկանշական է նաև այն, որ սպասվող հանդիպման ժամանակ նշվելու է Շարժման 50-ամյակը: ՉՇ-ն պաշտոնապես հիմնադրվել է 1961թվականին` Գանայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հարավսլավիայի և Հնդկաստանի նախաձեռնությամբ: Շարժումը միավորում է այն երկրներին, որոնք իրենց արտաքին քաղաքական ուղղության հիմք են հռչակել ռազմաքաղաքական միավորումների անդամակցության մերժումը, անդամ երկրների ներքին գործերին չմիջամտելու պարտավորությունը, համատեղ արտաքին քաղաքական նախաձեռնություններով հանդես գալը: Ի դեպ, սա ոչ միշտ է հանդիսացել սկզբունքային դիրքորոշում, եթե հիշենք, որ ի սկզբանե նպատակ է եղել այդ դաշինքի ձևավորմամբ հակազդել ՆԱՏՕ-ի և Վարշավյան համաձայնագրի ազդեցությանը, իսկ ավելի հստակ արտահայտվելու դեպքում` համաշխարհային ուժային կենտրոնների կողմից Երրորդ աշխարհի վերագաղութացմանը: Հետագայում փոփոխվող ժամանակներն իրենց հետ նոր պահանջներ բերեցին, և կազմակերպությունն էլ իր հերթին ջանաց գործունեությունը համահունչ դարձնել արդի մարտահրավերներին: Այսօր ՉՇ անդամ պետությունների ընդհանուր թիվը 119 է, և այն փաստացի իր հարկի տակ է համախմբում աշխարհի բնակչության 55%-ը: Դիտորդի կարգավիճակ ունեն 16 պետություն, 5 միջազգային և 2 ազգային-ազատագրական կազմակերպություններ: Հայաստանը այս կազմակերպության անդամ չէ և այնտեղ ներկայացված է դիտորդի կարգավիճակով:
Սակայն վերադառնանք Ադրբեջանի որոշմանը և փորձենք հասկանալ, թե ի՞նչը կարող էր Բաքվին մղել նման վճռական քայլի: Դեռևս թարմ են հիշողություններն այն մասին, թե ադրբեջանցիներն ինչպիսի հաստատակամությամբ ու համոզվածությամբ էին պատրաստվում ամեն գնով մաս կազմել մեկ այլ միավորման` Հյուսիսատլանտյան դաշինքին: ՆԱՏՕ-ն էլ իր հերթին արդեն կիսաբաց էր պահում դուռը` դրա հետ մեկտեղ Բաքվին կերակրելով զանազան խոստումներով ու պայծառ հեռանկարներով: Սակայն երբ պարզվեց, որ երկար ժամանակ տուրք է տվել պատրանքներին, ջերմությանը փոխարինելու եկավ սառնությունը: Իսկ դրանից էլ առաջ եղել էր հյուսիսային կողմնորոշումը: Երկար ժամանակ Ադրբեջանը անհույս պտույտներ գործեց ՀԱՊԿ-ի կերակրամանի շուրջ` իր անդամակցության դիմաց Մոսկվայից ու մյուսներից պահանջելով շոշափելի աջակցություն հատկապես Ղարաբաղյան հարցում: Բայց երբ այստեղ էլ նրան մերժեցին, անմիջապես դեմքով շրջվեց դեպի Արևմուտք: Այժմ Ադրբեջանը պատրաստում է իր բախտը փորձել մեկ այլ սեղանի առաջ: Հանուն ի՞նչ նպատակի և ի՞նչ հեռանկարների:
«Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել որևէ ռազմական դաշինքի»,- հայտարարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը: Նրա հաղորդմամբ, Բալի կղզում պաշտոնական Բաքուն հանդես է գալու որևէ ռազմական դաշինքին չանդամակցելու մասին հայտարարությամբ:
Չի՞ ցանկանում, թե՞ չի կարող: Սրանք էականորեն տարբեր բաներ են: Ակնհայտորեն Բաքվի վերնախավում շփոթ է կողմնորոշումների հարցում, և հիմա նրանց թվում է, թե գտել են միակ նախապատվելի տարբերակը: Ընդ որում, պնդումներն այն մասին, թե Ադրբեջանը հետագայում ևս չի պատրաստվում անդամակցելու որևէ ռազմական դաշինքի, խիստ կասկածելի հավաստիացումներ են: «Երբեք չասես երբեք»,- խորհուրդ է տալիս իմաստունը: Իսկ Բաքվի «երբեք»-ը (ինչպես վկայում է ոչ վաղ անցյալի դառը փորձը) շատ կարճ է տևում:
Այժմ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ջանում է բացատրություններ ու հիմնավորումներ գտնել իր նոր կողմնորոշման ճշմարտացիության համար: Նրանք նշում են, որ համանման որոշումն իբր ապացուցում է Ադրբեջանի պատրաստակամությունը` վարել ավելի բաց արտաքին քաղաքականություն և ցույց է տալիս նրա վերաբերմունքը ռազմական դաշինքների նկատմամբ: «Երբ այլ երկրներ կառուցեն իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, նրանք հաշվի կառնեն այս հանգամանքը»,- ակնկալում է ԱԳ նախարարությունը և միևնույն ժամանակ տեղեկացնում, որ Ինդոնեզիայում այս առթիվ Ադրբեջանը կստորագրի հատուկ փաստաթուղթ:
Նոր փաստաթղթերը դեռ պիտի վավերացվեն: Իսկ ահա հների հարցում Ադրբեջանը ստիպված է լինելու լրջորեն մտորել: Դրանցից առավել դժվարինը հաշտվելն է այն հռչակագրի դրույթների հետ, որ այդ կառույցն ընդունել է երկու տարի առաջ` 2009-ի ամռանը, Չմիավորման Շարժման 15-րդ գագաթաժողովի ժամանակ: Հիշյալ հռչակագիրը հաստատում է ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը: Հռչակագրում պարբերություն է հատկացվում ազգերի ինքնորոշման սկզբունքին՝ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին հիշատակում անգամ չանելով: Իսկ այս կարգի անհարմարությունը հազիվ թե ՉՇ-ի նորեկ անդամի սրտով լինի:
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ լսելով Ադրբեջանի որոշման մասին, մի շարք փորձագետներ անմիջապես հիշեցին Եվրամիություն-ՉՇ հարաբերությունների մի շարք նրբություններ: Բանն այն է, որ թեև ֆորմալ առումով հիշյալ կառույցներից մեկին անդամակցելը չի բացառում մյուսի անդամակցությունը, սակայն փաստ է նաև այն, որ, օրինակ, ՉՇ չորս նախկին անդամներ՝ Ֆինլանդիան, Մալթան, Կիպրոսը, Ռումինիան, միանալով Եվրամիությանը, դուրս եկան ՉՇ-ից: Իսկ Ադրբեջանը կարծես թե լուրջ ձգտումներ ուներ դեպի եվրոպական ընտանիքի գիրկը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: