Tag Archives: իմացություն

ԼԵԳԵՆԴ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

30 Սպտ

Շատ ժամանակներ առաջ կար մի կղզի, որի վրա ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները. Ուրախություն, Տխրություն, Իմացություն և այլն: Նրանց հետ միասին ապրում էր նաև Սերը: Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին կամաց-կամաց ծածկվում է ջրով և շուտով կանցնի ջրի տակ: Բոլորը նստեցին իրենց նավերն ու լքեցին կղզին: Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեները: Երբ կղզին գրեթե ամբողջությամբ սուզվել էր ջրի տակ, և Սերը հասկացավ, որ այլևս հույս չկա, թե կղզին կփրկվի, սկսեց օգնության կանչել: Մոտակայքով անցնում էր Հարստության շքեղ նավը:
Սերը խնդրեց նրան վերցնել իրեն, սակայն Հարստությունն ասաց, որ իր նավի վրա այնքան թանկարժեք իրեր, ոսկի ու արծաթ կա, որ Սիրո համար տեղ չկա:
Այդժամ Սերը դիմեց Գոռոզությանը, ով նույնպես անցնում էր կղզու մոտով, բայց ի պատասխան լսեց, որ իր ներկայությունը կխախտի Գոռոզության նավի վրա տիրող կանոնակարգվածությունն ու կատարելությունը:
Այնուհետև, նկատելով Տխրության նավը, Սերն աղերսանքով դիմեց նրան:
— Օ՜, Սեր, — պատասխանեց Տխրությունը.- ես այնքան տխուր եմ, որ պետք է մենակ մնամ:
Կղզու մոտով իր նավով անցավ նաև Ուրախությունը, սակայն նա այնքան ուրախ էր, որ անգամ չլսեց Սիրո աղերսանքը:
Հանակարծ Սիրո ականջին մի ձայն հասավ. «Արի, Սեր, ես քեզ կվերցնեմ ինձ հետ»: Սերը շրջվեց և տեսավ մի ալևոր ծերունու ու այնքան ուրախացավ, որ անգամ մոռացավ հարցնել նրա անունը: Երբ նրանք հասան ցամաքին, Սերը իջավ նավից, իսկ ծերունին շարունակեց իր ճանապարհը:
Եվ երբ ծերունու նավակը անհայտացավ տեսադաշտից, Սերը հանկարծ սթափվեց. նա նույնիսկ շնորհակալություն չէր հայտնել ծերունուն: Սերը դիմեց Իմացությանը.
— Իմացություն, ասա ինձ, ո՞վ էր իմ փրկիչը:
— Դա Ժամանակն էր,- պատասխանեց Իմացությունը:
— Ժամանա՞կը,- զարմացավ Սերը,- հանուն ինչի՞ նա ինձ օգնեց:
Իմացությունը նայեց Սիրո շփոթված դեմքին և պատասխանեց.
— Միայն Ժամանակը գիտի, և միայն նա է հասկանում` որքան կարևոր է կյանքում Սերը:

ՌՈԲԵՐՏ ՓԵՆ ՈՒՈՐԵՆ

29 Օգս

Եթե մարդն իմանար, թե ինչպես է պետք ապրել, նա երբեք չէր մեռնի:
Դուք երբեք չեք կարող խուսափել նրանից, ինչից աշխարհում ամենաշատը կցանկանայիք խուսափել: Մարդը հեռանում է տնից՝ ինչ որ բան նրան այն կողմ է հրում: Բայց գիշերը նա պառկում է ուրիշի մահճակալին, և ուրիշի քամին աղմկում է նրա վերևում՝ ծառերի մեջ: Նա թափառում է օտար փողոցներում, և նրա հայացքի առջևով անցնում են դեմքեր, բայց նա չգիտի այդ դեմքերի անունը: Ձայները, որոնք նա լսում է, այն ձայները չեն, որ հնչել են նրա ականջներում այն պահից ի վեր, ինչ հեռացել է տնից: Սրանք բարձր ձայներ են: Այնքան բարձր, որ խլացնում են հարազատ ձայները: Բայց ահա վրա է հասնում լռության րոպեն, և նա կրկին լսում է նախկին ձայները, այն ձայները, որոնք նա վերցրեց իր հետ, երբ հեռանում էր տնից: Եվ նա արդեն հասկանում է, թե ինչ են նրանք ասում: Նրանք ասում են. «Վերադարձիր»: Նրանք ասում են. «Վերադարձիր, տղա»: Եվ նա վերադառնում է:
…Կյանքը կրակ է, որ վազում է խծուծի վրայով (կամ վառոդի տակառի դյուրավառ քուղի վրայով, որին մենք Աստվա՞ծ ենք կոչում), և քուղը դա այն է, ինչը մենք չգիտենք, մեր Անգիտությունը, իսկ մոխրի հետքը, որ մնում է քուղից, եթե այն չի ցրում քամին, դա Պատմությունն է, մարդկային Իմացությունը: Սակայն այն մեռած է: Ու երբ կրակը կհասնի քուղի ծայրին, մարդկային իմացությունը կհավասարվի աստվածային իմացության հետ, և կրակը, որ կյանքն է, կմարի: Կամ եթե քուղը տանի դեպի վառոդի տակառը, այն կբռնկվի հրեշավոր բոցերով և ցիրուցան կանի նույնիսկ իր մոխրե հետքը…

%d bloggers like this: