Tag Archives: իմաստուն

ԱՄԵՆ ԲԱՆ ՔՈ ՁԵՌՔՈՒՄ Է

15 Օգս

Մի անգամ մեծ իմաստունի աշակերտը որոշեց ստուգել իր ուսուցչին: Նա մի թիթեռ որսաց ու մտածեց. «Իմ ուսուցիչն ամեն ինչ գիտի: Հիմա կմոտենամ նրան ու կհարցնեմ` ձեռքիս մեջ թիթեռ կա, ի՞նչ ես կարծում` նա կենդանի՞ է, թե՞ մեռած: Եթե ասի, որ կենդանի է, ես բռունցքս կսեղմեմ և թիթեռը կմեռնի, իսկ եթե ասի` մեռած է, ես ափս կբացեմ ու թիթեռը կթռչի»:
— Ուսուցիչ, ձեռքիս մեջ թիթեռ կա, ի՞նչ ես կարծում, կենդանի՞ է, թե՞ մեռած:
— Ամեն բան քո ձեռքում է,- պատասխանեց իմաստունը:

Ալեքսանդր Տկաչենկո

8395

ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ

10 Օգս

Իմաստուն Մումին` տիրակալի երբեմնի խորհրդականին հարցրեցին, թե կառավարողներն ինչու՞ ականջ չեն դնում իմաստունների խորհուրդներին` գործելով դաժանաբար կամ հիմարաբար: Իմաստունը պատասխանեց.
— Մեկն իրեն բոլորից խելոք է կարծում, որ չունի խորհրդի կարիք, այդ պատճառով էլ չի լսում մյուսներին: Մեկ ուրիշի խելքը չի հասնում, որ իր համար իմաստուն խորհրդական ընտրի: Երրորդը խորհուրդն առնելով չի պատկերացնում, թե ինչպես վարվի դրա հետ: Իսկ ահա նա, ով ականջ է դնում, ինքն էլ ապրում է իմաստունի պես: Միայն թե իմաստունի ինչի՞ն է պետք իշխանությունը:

c585128e6a0f-696x442

ՀԱՐՈԼԴ ՌՈԲԻՆՍ

1 Ապր

Հայրս ինձ մի պատմություն պատմեց: Նրանց գյուղում մի խելացի ծերունի էր ապրում, որին կոչում էին Յակով-իմաստուն: Բոլոր կողմերից մարդիկ էին գալիս, որ լսեին նրա խոսքը: Մի անգամ ծերունու մոտ եկավ մի անհամբեր երիտասարդ, ով ցանկանում էր յուրացնել նրա իմաստնությունն անմիջապես: Նա չէր ուզում շաբաթներով նստել ծերունու ոտքերի մոտ, ինչպես անում էին ուրիշները, նա ցանկանում էր իմաստնությանը տիրանալ առանց սպասումի:
«Օ, իմաստուն,- ասաց պատանին,- ես հիացած եմ քո գիտելիքների խորությամբ և կուզեի իմանալ` ինչպես դառնալ իմաստուն, որպեսզի խուսափեմ երիտասարդության հիմար արարքներից»:
Իմաստունը թեքվեց ու նայեց անհամբեր տղային: Նա երկար ժամանակ աչքը չէր կտրում և վերջապես ասաց. «Օ, ճշմարտության անհամբեր որոնող, երիտասարդության սխալներից խուսափելու համար պետք է ապրել մինչև խորը ծերություն»:
Խորհելով` երիտասարդը ոտքի կանգնեց և շնորհակալություն հայտնեց իմաստունին պատասխանի համար, քանզի հասկացավ, որ իմաստունն իրեն ճշմարտությունն էր ասել: Սխալներն անհնար է ճանաչել մինչև այն պահը, քանի դեռ դրանք չես գործել ու չես գիտակցել: Եթե դու սխալը գիտակցես մինչև այն գործելը, ապա դրան այլևս չի կարելի անվանել սխալ:Picture-033

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՆԹԵՐՈՍՈ

16 Նյմ

ՄՆԱՑԱԾ ՎԵՑԸ

Ավանդույթն ասում է, որ մի հեռավոր երկրում մի ժամանակ կար-չկար մի Բվեճ, ով այնքան երկար էր տքնում գրքերի վրա, խորհրդածում, հետազոտում, ըմբռնում, թարգմանում, դասախոսություններ էր կարդում, բանաստեղծություններ, պատմվածքներ, կենսագրականներ, կինոյի մասին նոթեր, ճառեր, գրական էսսեներ և այլ բաներ էր գրում, որ արդյունքում յուրացրեց մարդկային գիտելիքի բոլոր բնագավառները, ընդ որում, հասնելով այնպիսի հանրահայտության, որ հիացած ժամանակակիցները շուտով նրան հայտարարեցին Երկրի Յոթ Իմաստուններից մեկը, թեեւ մինչև այժմ չհաջողվեց պարզել, թե ովքեր էին մնացած վեցը:

ՍԵՎ ՈՉԽԱՐ

Շատ տարիներ առաջ մի հեռավոր երկրում կար-չկար մի սև Ոչխար: Նրան գնդակահարեցին: Մեկ դար անց հոտը զղջաց և նրա պատվին ձիով հուշարձան կանգնեցրեց, որը զբոսայգում բավական լավ էր նայվում: Այդ ժամանակից ի վեր ամեն անգամ հենց սև ոչխարներ են հայտնվում, նրանց տեղնուտեղը տանում են գնդակահարության, որպեսզի սովորական ոչխարների գալիք սերունդները նույնպես կարողանան հմտանալ քանդակագործության մեջ:

ՌԱԼՖ ԷՄԵՐՍՈՆ

4 Մրտ

Քաղաքակրթության իսկական ցուցանիշը ոչ թե հարստությունն ու կրթության մակարդակն են, ոչ թե քաղաքների մեծությունը կամ բերքի առատությունը, այլ երկրի կողմից դաստիարակվող մարդու կերպարը: Կամքի տեր մարդիկ այն հասարակության խիղճն են, որին նրանք պատկանում են: Մարդու մեջ որքան բարություն կա, այնքան էլ կյանք կա նրա մեջ: Ոգու ուրախությունը նրա ուժի նշանն է: Ոչ մի մեծ գործ երբեք ձեռք չի բերվում առանց խանդավառության: Համատեղ աշխատանքը մարդկանց մեջ բոցավառում է սխրանքների այնպիսի մոլեգնություն, ինչին նրանք հազվադեպ կարող են հասնել միայնակ: Բարի գործի համար պարգևը հենց այն կատարելու մեջ է: Սակայն մարդիկ երբեմն կարծում են, թե իրենց արատներն ու առաքինությունները դրսևորվում են միայն իրենց արարքներում` չնկատելով, որ թե արատը, թե առաքինությունը ամեն պահ իրենց մասին զգալ են տալիս իրենց շնչով:
Սովորականի մեջ հրաշալին տեսնելու ընդունակությունը իմաստության անդավաճան հատկանիշն է: Ոչ մի բան աչքի չի ընկնում այնպիսի պարզությամբ, ինչպես մեծությունը: Լինել պարզ` հենց նշանակում է լինել մեծ: Իմաստուն մարդը միշտ նրանց կողմն է, ովքեր հարձակվում են իր վրա: Նա նրանցից ավելի շահագրգռված է բացահայտելու իր թերությունները: Իսկական իմաստունին միշտ կարող եք ճանաչել այն բանով, որ բոլոր բթամիտները նրա երևալուն պես դավադրություն են սարքում նրա դեմ:

ԷԴՄՈՆ ԺԱԲԵՍ

10 Փտր

Մի վստահիր նրանց, ով հռետորություն է անում ամբոխի առաջ` նրանց, ովքեր, խոսքը տեղ հասցնելու համար, համախոհների ամբոխի կարիք ունեն:
Նրանք քեզ դեմքով երբեք չեն ճանաչի:
Նրանք մեկեն իրենց տարեգրքերից ջնջում են քո տաղտկալի անունը՝
Գրչի մի շարժումով:
Արտահայտել մեզ պետք է մեն-միակը, սակայն որքան խոչընդոտներ, որպեսզի դա հաջողվի:
«Մի ափի երազանքը` մյուս ափն է»,- ասում էր նա:

* * *
— Ուսուցիչ,- դիմեց աշակերտը,- ես հանդուգն հարց ունեմ: Այդ պատճառով ամաչում եմ հարցնել: Ի՞նչ է իմաստունը:
— Իմաստունը նա է, ով վստահ է: Ոչինչը բովանդակում է Ամենայնը, ընդ որում, հարցապնդելով:
Նա է անհույս տգետ, ով չի գիտակցել այդ Ոչնչի պատրանքայնությունը:
Որպեսզի, օրինակ, պատկերացում կազմես ավազահատիկի մասին, դու պետք է նախևառաջ զննես մնացյալ ավազահատիկները, որոնցից այն չի զանազանվի` փորձել ընդգրկել ամբողջը` մի բուռ է` միակը առևանգելու ունայն ջանքով:
Ինչ հզոր է Ոչինչը, երբ պարզապես կենում է հանգստության մեջ:
Մենք հավիտյան չենք կարող անցնել արտահայտելիի դեգերող սահմանները:
Թշնամանքը աշխարհի և այլ մեկի հանդեպ, արդյո՞ք խավարի թանձրուկը չէ, որ խուլ է լույսի մշտատև կոչի հանդեպ:
«Ծիծաղելի փայտե սուսերիկը՝ ընդդեմ մենամարտի սրված դաշույնի»:

* * *
Ողջ կյանքը նրանք սպասում էին, այդ պատճառով չհասցրին ճանաչել իրենք իրենց:
Լավագույն դաշնակիցը նա է, ով, դեռևս քեզ մոտենալիս, արդեն լսում է սեփական քայլերում քոնի արձագանքները:
«Անընդհատ հեռանալով, դու ինձ ավելի ու ավելի ես մոտեցնում հենց ինձ»,- գրում էր մի իմաստուն:
«Մեզ հարազատացնում է թափառումը»:
Մտածելով ուրվագծել հորիզոնը, դու ծուղակ ես ստեղծում:
«Եթե նա քեզ հետ խոսում է ճշմարտության մասին, խոսքը տար գետի ջրի կողմը: Եթե նա խոսի գետի ջրի մասին, հարցրու, որտեղ է նա լողացել: Եթե նա ասի, թե որտեղ է լողացել, հարցրու, թե ինչ գույնի էր ջուրը: Եթե նա քեզ ասի ջրի գույնը, կեզրակացնես, որ նա միշտ հիմնվել է բացարձակի վրա, և կհասկանաս, թե ինչու էր քեզ ողջ կյանքում կրծում կասկածը»,- գրում էր իմաստունը:
Եվ այնուհետև` «Ճշմարտությունը Աստծո ձայնն է` հանդերձավորված ճշմարիտով և կասկածներով բոլորված»:
Արժե՞ արդյոք մահվանը պաղատել գթության համար, եթե մենք նախօրոք գիտենք, որ նրան չենք հանդիպելու:
«Մենք անբաժան ենք, քանզի խեղված ենք:
«Կնշանակի, մենք միայն մի ընտրություն ունենք` փոխվել կամ միավորվել»,- ասում էր նա:
Ընտրելը` իմ իրավունքն է:

Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

%d bloggers like this: