Tag Archives: իմաստություն

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

25 Դկտ

Մենակությունը անկախություն է… Մենակությունը սառն է, այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես ցուրտը, լուռ անհունը, որի մեջ շարժվում են աստղերը:
Մարդը հնարավորություն ունի ամբողջովին տրվելու հոգևոր կյանքին, մերձենալու Աստծո սրբազան իդեալին: Եվ դրան հակառակ, նա բոլոր հնարավորություններն ունի տրվելու նաև բնազդական կյանքին, զգայական պահանջներին, և բոլոր ջանքերն ուղղելու ակնթարթային հաճույքներ ստանալուն: Ճանապարհներից մեկը տանում է դեպի սուրբը, դեպի հոգու նահատակը, դեպի ինքնամերժումը` հանուն Աստծո: Մյուս ճանապարհը տանում է դեպի անառակը, դեպի բնազդներից տառապողը, դեպի ինքնամերժումը` հանուն մարմնի:
Ապրել աշխարհում, ասես դա աշխարհը չէ, հարգել օրենքը, բայց, անյուհանդերձ, նրանից վեր կանգնել, տիրել`ասես չտիրելով, հրաժարվել` ասես դա բոլորովին էլ հրաժարում չէ,- կենսական բարձրագույն իմաստությանը հաճո այս բոլոր պահանջները կյանքի կոչելու ընդունակ է միմիայն երգիծանքը:
Այս պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհի համար դու շատ խստապահանջ ու քաղցած ես, այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան: Ով այսօր ուզում է ապրել և գոհ լինել իր կյանքից, նա իրավունք չունի լինել քեզ և ինձ նման: Ով ճնկճնկոցի փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախությունններ, դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ…

ԻՌԼԱՆԴԱՑԻ ԿՈՐՄԱԿ ԱՐՔԱՅԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

7 Դկտ

-Ով Կորմակ, Կոնալի թոռ, իսկ ես ինչպիսի՞ սովորությունների հետևեմ,- հարցրեց Կոյրեբեն:
— Դժվար չէ ասել` եթե հետևես ուսմունքին,- պատասխանում էր Կորմակը:
— Մի’ ծիծաղիր ծեր մարդու վրա, եթե դու երիտասարդ ես,
և աղքատի վրա, եթե դու հարուստ ես,
և կաղի վրա, եթե դու ճարպիկ ես,
և կույրի վրա, եթե դու տեսանող ես,
և հիվանդի վրա, եթե դու առողջ ես,
և բթամիտի վրա, եթե դու ընդունակ ես,
և հիմարի վրա, եթե դու իմաստուն ես:
Մի’ եղիր չափազանց խելացի և մի’ եղիր չափազանց հիմար,
Մի’ եղիր չափազանց ինքնավստահ և մի’ եղիր չափազանց ամաչկոտ,
Մի’ եղիր չափազանց հպարտ և մի’ եղիր չափազանց համեստ,
Մի’ եղիր չափազանց զրուցասեր և մի’ եղիր չափազանց լռակյաց,
Մի’ եղիր չափազանց խստասիրտ և մի’ եղիր չափազանց բարի:
Եթե դու չափազանց խելացի լինես, ապա քեզնից չափազանց շատ բան կսպասեն,
Եթե չափազանց ինքնավստահ լինես, ապա քեզնից կխուսափեն,
Եթե չափազանց համեստ լինես, քեզ չեն հարգի,
Եթե չափազանց շատախոս լինես, քեզ վրա ուշադրություն չեն դարձնի,
Եթե չափազանց լռակյաց լինես, քեզ հաշվի չեն առնի,
Եթե չափազանց խստասիրտ լինես, քեզնից երես կթեքեն,
Եթե չափազանց բարի լինես, քեզ ոտնատակ կտան:

%d bloggers like this: