Tag Archives: Իզաբել Ալենդե

ԻԶԱԲԵԼ ԱԼԵՆԴԵ

30 Հկտ

… Դու փոքր-ինչ բացեցիր լուսամուտը, մի կողմ նետեցիր ամառային կոշիկներդ, վեր, դեպի կոնքդ բարձրացրեցիր փեշդ — այն բամբակից էր, եթե ճիշտ եմ հիշում — և արձակեցիր մազերդ դեպի ետ հավաքած ճարմանդը: Դու դողում էիր ու ծիծաղում: Մենք այնքան մոտ էինք, որ կարող էինք տեսնել միմյանց. յուրաքանչյուրս խորասուզված մեր մտքերում, պարուրված մեր ընդհանուր ջերմությամբ ու բուրմունքով: Դու բացեցիր քեզ ինձ համար, դու տրվեցիր ինձ: Ձեռքերս քո թույլ ու դողացող կոնքերին էին. ձեռքերդ անհամբեր: Դու սեղմվեցիր ինձ, դու հայտնաբերեցիր ինձ, դու ճոճեցիր ու գնահատեցիր ինձ, դու գրկեցիր ու անշարժեցրիր ինձ քո ամուր ոտքերով: Դու, շրթերդ շրթերիս, երևի հազար անգամ կրկնեցիր “արի”: Վերջին պահին մենք ապրեցինք բացարձակ մենություն, մեզնից յուրաքանչյուրը կորսված իր պոռթկման անդնդում: Շուտով սակայն մենք վերադարձանք կրակի միջով ու վերգտանք մեզ գրկախառնված, սպիտակ ցանցի տակ, իրար խառնված բարձերի արանքում: Ես ետ տարա մազերդ` տեսնելու աչքերդ: Երբեմն դու նստում էիր իմ կողքին. ոտքերդ ծնոտիդ տակ հավաքած, մետաքսյա վզնոցդ ուսերիդ, նոր-նոր սկսված գիշերային լռության մեջ: Ահա այսպես էի պատկերացնում քեզ. անշարժ ու լուռ:
Դու մտածում ես բառերով. քեզ համար լեզուն մի անվերջանալի կապ է, որով կյանքն այնպիսին է, ինչպես դու ես այն պատմում: Ես խորհում եմ լուսանկարի պատկերների մեջ: Դրանք շրջանակված պատկերներ չեն: Դրանք գծագրված են գրչով ինչպես Վերածննդի կտավի ջերմ գույներով ու մեղմ հնչողությամբ մի փոքր ու հիասքանչ հիշողություն, ինչպես մի տեսարան պատկերված կտորի կամ անհարթ թղթի վրա: Պահը մարգարեական է, դա մեր գոյությունն է, այն, ինչ մինչ այժմ ապրել ենք ու ապրելու ենք, բոլոր պահերը մի պահի մեջ, առանց սկզբի ու վերջի: Անորոշ հեռավորությունից նայում եմ ես այդ նկարին, որը նաև ինձ է ներառում: Ես և’ հանդիսատես եմ, և’ դերակատար: Ես շվաքում եմ` պարուրված կիսաթափանցիկ վարագույրի մշուշով: Գիտեմ որ ես ես եմ, բայց ես նաև դրսից ունկնդրող այդ մարդն եմ: Ես գիտեմ, թե ինչ է զգում այդ խառնված անկողնու միջի մարդը, որտեղ շողքը կամարներ է գցել հատակին ու հիշեցնում է հին ավանդական մի արարողություն, ծես: Ես այնտեղ եմ, քեզ հետ, բայց նաև այստեղ եմ, միայնակ, գիտակցության մի այլ հարթությունում: Նկարում զույգը հանգստանում է սեր ապրելուց հետո. լույսն անդրադառնում է նրանց խոնավ մարմիններից: Մարդու աչքերը փակ են. մի ձեռքն իր կրծքին է, մյուսը կնոջ ազդրին` պարուրված բուռն մտերմությամբ:
Տեսարանը կրկնվող ու անփոփոխ է, ոչինչ չի փոխվում, միշտ նույն խաղաղ ժպիտն է մարդու դեմքին, կնոջ նույն թուլությունը, սավանների նույն խառնաշփոթը, սենյակի նույն մութ անկյունները, կնոջ կրծքի ու այտոսկրերի նույն արտացոլումը մեղմ լույսի տակ և այդքան նրբությամբ ցած սահող նույն մետաքսյա վզնոցն ու մուգ վարսերը:
Ահա այսպես եմ տեսնում քեզ, այսպես եմ տեսնում մեզ ամեն անգամ, երբ մտածում եմ մեր մասին` կարծես հավերժական դրոշմված այդ կտավին, դիմադրելով մարող հիշողությանը: Երկար, շատ երկար պատկերացնում եմ այդ պատկերը, մինչև զգում եմ, որ մտնում եմ այդ լուսանկարի մեջ և դադարում եմ հանդիսատես լինել. դառնում եմ կնոջ կողքին պառկած այդ մարդը: Հետո այլևս ճեղքվում է այդ պատկերի համաչափությունն ու լսում եմ ձայներն ինձ շատ մոտ.
— Մի պատմություն պատմիր ինձ,- ասում եմ ես:
— Ինչի մասին:
— Մի պատմություն, որ երբևէ ոչ ոքի չես պատմել: Հորինիր այդ մեկն ինձ համար:

%d bloggers like this: