ԵԹԵ ԺՊՏՈՒՄ ԵՄ
Հավիտենական քո լռությանն եմ ես դատապարտված,
Եվ տարօրինակ զգացմունքներ են փոթորկում հոգիս…
Ախ, հոգնությունից ձեռքս ընկնում է ճյուղի պես ջարդված,
Ու թե ժպտում եմ, ես ինձ եմ ժպտում, ուրիշ ոչ ոքի։
Ինչ–որ ոգիներ խրախճանում են ասես ապառքով…
Չարությունն անափ, ոխը սանձակոծ և նախանձն անհուն
Մրցման են ելել բամբասանքների երկանիվ կառքով,
Եվ սլանում են իմ արահետով կենաց ու մահու։
Հոգիս ուզում է մարմինս լքել- ելք է որոնում,
Եվ տրոփում է իմ հոգնած սրտում անբառ մի աղոթք…
Այս ի՜նչ միամիտ, այս ի՜նչ մանկական երգեր ենք ձոնում
Այս գորշությանը, ամայությանն այս խորթ ու անհաղորդ։
Ի՜նչ ծանր է հողը, ի՜նչ ծանր է, Աստված, վերմակը նրա,
Շտկիր թևերս, այս կապանքներից ազատիր հոգիս,
Եվ ցավի միջից քաղցր ժպտալու զորությունը տուր,
Իմ ցավի միջից քեզ եմ ժպտալու, ուրիշ ոչ ոքի։
Թարգմ.՝ Գ. Դավթյան