Tag Archives: Ժողովուրդ

ԱԼԵՔՍԻՍ ԹՈՔՎԻԼ

29 Սպտ

Կան այնպիսի ժողովուրդներ, որոնց սկզբնական դաստիարակությունն այնքան անբավարար է, և որոնց բնավորությունը` կրքերի, անգիտության ու կեղծ հասկացությունների այնպիսի տարօրինակ խառնուրդ, որ նրանք չեն կարող ինքնուրույն գտնել իրենց դժբախտությունների պատճառները: Նրանք զոհվում են իրենց կողմից չգիտակցված չարիքների ծանրությունից:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

22 Հնս

ԻՄ ՈՐԴԻՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

«Մի քիչ ավելի ծարավի լինել քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել` ինչքան մենք ենք ապավինում և հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա… ապա` երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար,- և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար` և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից` իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք` և տես, թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու` իմ որդիների ժողովուրդը»:

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ

29 Ապր

Այն տանն ապրում է ճակատագիրը: Այն բանում-ջանում է նրանց համար, ովքեր չեն կարողացել նմանվել մեզ, եթե անգամ ցանկացել են, այլ էդպես էլ մնացել են` նստելով մեր կավածեփ երկաթակուռ կաղապարների եզրին, իրենց նույնքան պատահաբար տեղավորելով այս կյանքում, ինչպես ինչ-որ մեկի մայրը, մեկնումեկի տատը կամ պարզապես հեռու ազգականուհին:
Սա էլ հենց ժողովուրդ հասկացությունն է, և ո՛չ թե երգերը, ո՛չ թե կեչիները, այլ ժողովուրդը, այսինքն` աստվածային ճակատագիրը, որ երկրի վրա դեռ տրվում է ոմանց: Նրանց մեջ բոլոր նրանք են, ովքեր եղել են, ովքեր չկան, ովքեր չեն էլ եղել: Ամենը, ինչ սիրել եմ, ամենը, որ դեռ սիրում եմ իմ մեջ մնացած այն մասով, որ վաճառքի չեմ հանել, ամենը, ինչ ունեցել եմ, և ամենը, որ դեռ մնացել է ինձ. շատ է քիչ, բայց սա այլևս հենց այն է, ինչը ես սիրում եմ:
Ճակատագիրը ժողովուրդն է, ժողովուրդը` ճակատագիրը: Ես` օտարվածս, կողմնակի մեկն եմ: Քանի դեռ միջիցս դուրս չի թափվել ողջ նախանձս, քանի դեռ ինձնից մնացած շռայլ փշուրը չեմ դրել անկշտում ափի մեջ, երբեք չեմ անցնի, չեմ մտնի այնտեղ, ուր ամեն ինչ երևում է` կարծես ափի մեջ, ուր դռնակը միշտ բաց է կրնկի վրա…

թարգմանեց Ա. Խաչատրյան

ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

20 Ապր

ՎԱՍՆ ՆՈՐ ԿՈՒՌՔԻ

Ինչ-որ տեղ դեռ ժողովուրդներ ու նախիրներ կան, սակայն ոչ մեզ մոտ, իմ եղբայր, այստեղ կան պետություններ:
Պետությու՞ն: Ի՞նչ բան է այդ: Դե լավ, հիմա ականջ դրեք, քանզի այժմ ես իմ խոսքը պիտի ասեմ ժողովրդոց մահվան մասին: Պետություն է կոչվում ամենապաղը բոլոր պաղ ճիվաղներից: Նա նաև պաղ է ստում, և սողում է սուտը նրա բերանից. «Ես` պետությունս, ժողովուրդն եմ»:
Սուտ է: Արարողները նրանք էին, որ ժողովուրդներին արարեցին և նրանցից կախեցին հավատ ու սեր. այսպես ծառայեցին նրանք կյանքին: Ավերիչներ են նրանք, ովքեր թակարդներ են դնում բազմաց համար և դրանք պետություն են կոչում: Նրանք սուր և հարյուր ցանկություն են կախում նրանցից:
Ուր դեռ ժողովուրդ գոյություն ունի`այնտեղ պետությանը չի հասկանում նա և ատում է նրան որպես չար մի հայացք և բարքերի ու իրավունքների դեմ գործված հանցանք:
Այս նշանն եմ ես ձեզ տալիս, ամեն մի ժողովուրդ չարի և բարու իր լեզվով է խոսում բարքերի և իրավունքների մեջ: Սակայն պետությունը ստում է բոլոր լեզուներով չարի և բարու, և ինչ էլ որ խոսի` ստում է նա, ու ինչ էլ որ անի` գողացել է նա: Նրա մեջ կեղծ է ամեն ինչ. գողացված ատամներով է կծում նա` կծանը: Կեղծ է նույնիսկ փորոտիքը նրա:
Չարի և բարու լեզվաշփոթ` այս նշանն եմ տալիս ես ձեզ, հանց պետության նշան: Արդարև, կամք առ մահ` սա է իմաստն այդ նշանի: Արդարև, մահվան քարոզիչներին է պետությունը նշան անում:
Բյուր-բյուրավորներն են ծնվում, պետությունը հորինված է ավելորդների համար: Հապա նայեք` ինչպես է նա իրեն գրավում նրանց` բյուր-բյուրավորներին: Ինչպես է կլլում, ծամում ու որոճում նրանց: «Երկրի երեսին չիք ոչինչ ինձնից մեծ, ես եմ կարգավորող մատն Աստծո»,- այսպես է ճիվաղը մռնչում: Եվ լոկ երկարականջներն ու կարճատեսները չեն, որ ծնկի են իջնում:
Ախ, ձեր մեջ էլ, մեծ հոգիներ, նույնիսկ ձեր մեջ է նա փսփսում մռայլ սուտն իր: Ախ, նա ջոկում է սրտերը հարուստ, որոնք սիրով շռայլում են իրենց: Այո, նա ձեզ է ջոկում, դուք հաղթողներդ հին աստծո: Հոգնեցիք դուք պայքարելիս, և արդ հոգնությունը ձեր այդ նոր կուռքին է ծառայում: Հերոսներ ու պատվավորներ է կամենում նա իր շուրջ շարել, կուռքը այդ նոր: Նա բարի խղճի արեգակի տակ է սիրում իրեն արևին տալ, հրեշն այդ պաղ: Ամեն ինչ նա ուզում է ՁԵԶ տալ, եթե ԴՈՒՔ պաշտեք նրան,- կուռքը այդ նոր: Այսպես գնում է նա իր համար ձեր առաքինությունների փայլը և հայացքը հպարտ ձեր աչքերի: Նա ձեր խայծով կամենում է հրապուրել բյուր-բյուրավորներին Այո, դժոխային արվեստի մի գործ է ահա հայտնաբերված, մահվան մի ձի, որ զնգզնգում է աստվածային պատիվների հեծելասարքով: Այո, մահն է արդ հայտնաբերված բազմաց համար, որ ինքն իրեն որպես կյանք է փառաբանում, արդարև, ինչ սրտառուչ ծառայություն մահվան բոլոր քարոզիչների համար:
Ես պետություն եմ կոչում, ուր բոլորը` լավ թե վատ, թույն են խմում, պետություն, ուր բոլորը` լավ թե վատ, կորցնում են իրենց, պետություն, ուր դանդաղ ինքնասպանությունը բոլորի «կյանք» է կոչվում…

ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

13 Փտր

Ով ջարդված է, բնականաբար, կքաշվի մեջտեղեն, ով հոգնած է, կնստի, բայց ատով ոչինչ չի փոխվի: Եվ քաշվողներուն տեղը կուգան նորերը, մեկ նստողին տեղը ոտքի կելլեն ուրիշները: Եվ եթե այսօր մենք բոլորս ալ քաշվինք ասպարեզեն, վաղը հրապարակ կուգա նոր սերունդը հին դրոշակը բարձր պահած իր ձեռքին, որովհետև անիկա ալ ապրիլ պիտի ուզե իր ազգային կյանքովը: Վերջապես պետք է հասկնանք, որ ինքն իր տեղը ըլլալու և իր տիրապետության հասնելու պահանջը իմ ու քու հնարած խաղը չէ, ոչ մեզմով է սկսած և ոչ մեզմով կվերջանա:
Ազգը ապրող օրգանիզմ մըն է, որ քանի կենդանի է, ուզե-չուզե, ենթարկվի պիտի իր գոյության օրենքներուն: Եվ այս օրենքներուն ամենեն առաջինը իր լրիվ գոյությունը ունենալու, իր բոլոր ֆունկսիոններու տերը ըլլալու պահանջն է: Ամեն հիվանդ օրգանիզմի առաջին ձգտումը առողջանալն է, այսինքն` վերստին ձեռք բերել իր բոլոր օրգաններու ազատ ու առողջ գործածությունը, որոնցմե զրկված էր, և այդ պատճառով խանգարված, թուլացած ու տխեղծ էր դարձած ամբողջ օրգանիզմը:
Իր կամքեն ու պետականութենեն զրկված ժողովուրդ մը, ինչքան ժամանակ որ կապրի, միշտ պիտի ձգտի, անխուսափելի կերպով պիտի ձգտի իր կամքն ու իր ազատ պետությունը ձեռք բերելու: Կկարողանա, թե ոչ` ատիկա տարբեր հարց է, բայց որ պիտի տենչա ու ձգտի` ատոր տարակույս չկա:
Հենց որ դադրեցավ այդ պահանջը, հենց որ մեռավ անկախության ձգտումը, կնշանակե սկսված է ժողովուրդին հոգեվարքը: Իր ջիղերուն ու հոգիին մեջ կենսունակություն զգացող ժողովուրդ մը հրաժարել չի կրնար երբեք իր այդ ամենաբնական ձգտումեն:
Հայ ժողովուրդը, որ իր քսանյոթ դարերու գոյության ընթացքին իր կյանքին կեսը հպատակ է ապրած, միշտ ձգտեր է ձեռք բերելու իր թանկագին կորուստը, և կռիվ է մղեր աշխարհիս ամենեն հզոր բռնապետություններուն դեմ` հասնելու համար կամ պահելու համար իր անկախությունը…
… Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը և կվիրավորվի, և կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով:
Ինչի՞ է նման ամեն արժանիքե զուրկ ու ստորին ազգային գոյություն մը: Արդի ու անցյալ մեր բոլոր հալածանքը, մեր բոլոր տառապանքը, մեր մարդկային արժանապատվության այս բոլոր ոտնահարումը, անազատ կյանքի այս բոլոր լեղին եթե մենք կխմենք, կխմենք միայն մեկ նպատակով, որ դիմադրենք, մաքառինք, հանձն առնենք ամեն ինչ, մինչև որ ոտքի հանենք նորեն մեր ժողովուրդի լրիվ քաղաքակրթությունը, լրիվ ինքնուրույնությունը:
Իսկ եթե գոյություն պիտի չունենա այդ ձգտումը մեր հոգիներուն մեջ ու չպիտի վարե մեր շարժումները հանրային կյանքի մեջ, ի՞նչ արժեք ունի այլևս այս կիսատ ու քառորդ ազգային ցավագար գոյությունը, որ պահելու աշխատինք:

ՅՈԹՔԱՐ

20 Դկտ

Մեծ ու փոքր քարերը հատիկ-հատիկ, մատների ծայրերով զգույշ բռնած, կշարես իրար վրա: Կնայես, որ փուլ չգա, որ ամեն ինչ իր տեղում լինի, որ քո փխրուն շինվածքը չճոճվի պատահական հպումից: Միշտ այդպես են արել: Ջրերից մաքրված, հոսանքներից քշված, սուր անկյունները վաղուց հարթեցրած գլաքարերը դրել են մեկը մյուսի վրա, մեծից փոքր, հետո շուրջը կավիճով փոքրիկ շրջանակ են գծել ու ասել են. «Պատրաստ է»: Սա է եղել ամբողջը: Պարզ ու հասարակ: Այս խաղի պատմությունը հենց այսքանն է:

***
Հանրամատչելի հիշողությունը մենք կոչում ենք պատմություն: Այդպես ազդեցիկ ու բարեհունչ է: Սակայն հիշողությունը միայն այն դեպքում է վերափոխվում պատմության, երբ այդ մասին այլևս ոչ ոք չի հիշում: Մի խոսքով, դա նույն ճշմարտությունն է, միայն թե առանց ատամների ու աչքերի: «Պատմությունը մեզ կների»,- ասում են աշխարհի մեծագույն սրիկաները հերթական ստորությունը ձեռնարկելիս, և համարյա երբեք չեն սխալվում: Թերևս հենց այդ մեծահոգի ներողամտության մեջ է պատմության հմայքը: Եվ այլևս կարևոր չէ՝ մենք հավատում ենք նրան, թե ոչ: Պատմությունը երբեք չի տրտնջացել հավատի պակասից: Ինչ էլ որ ասենք, բոլոր դեպքերում պատմությունն ուղղակի պարտավոր է լինել դարավոր, փառապանծ և ուսանելի: Սա է նախապայմանը: Անցյալի վերածվող ներկան մեկընդմիշտ կդառնա անմեղ:

***
Հիմարների կողմից կառավարվող ամբոխը արժանի չէ հարգանքի, եթե նույնիսկ նրա անունը ժողովուրդ է: Այն տարածված համոզմունքը, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, շարքային հաճոյախոսություն է և ուրիշ ոչինչ: Ժողովուրդը ոչ միայն սխալվում է, այլև հակում ունի ժամանակ առ ժամանակ կրկնելու հին սխալները: Եվ հենց դա է ապահովում նրա կենսունակությունը՝ օրակարգում պահելով գոյության խնդիրը: Անսխալական ժողովուրդը դատապարտված է ինքնաոչնչացման: Այդպես ճշմարտությունը կարող է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ կա սխալը: Առանց սխալի ճշմարտությունն այլևս անիմաստ է, դատարկ հնչյուն: Մարդը ևս իր էությամբ այդ երկու բևեռների արգասիքն է: Եվ միայն դրա շնորհիվ է, որ նա շնչում է:

* * *
Նա, ով մտածում է ոչ այնպես, ինչպես ժողովուրդը, կոչվում է առաջնորդ: Քանի դեռ ժողովուրդը երկյուղում է նրա մտքերից, առաջնորդը դրության տերն է: Այն պահից, երբ առաջնորդը սկսում է մտածել ժողովրդի նման, նրան ուղարկում են կառափնարան: Նահատակված առաջնորդներին կոչում են հերոսներ, իսկ իրենց բնական մահով վախճանված առաջնորդներին՝ բռնապետներ: Բռնապետը գիտի, որ ողջախոհությունը այցելում է միայն քաղցածներին: Հերոսն այդ մասին ընդհանրապես ոչինչ չգիտի:

* * *
Կար ժամանակ, երբ հերոսները ծնվում էին հավատից, իսկ կուռքերը՝ սնահավատությունից: Այժմ նրանց երկուսին էլ աշխարհ է բերում Դիպվածը:

* * *
Նպատակն այն կետն է, որին կարելի է շրջանցել, սակայն չի կարելի մերձենալ: Նպատակի էությունն իր անհասանելիությունն է, ինչպիսին լինում է անընդհատ հեռացող հորիզոնը: Բոլորը տեսնում են, սակայն դեռ ոչ ոք այն չի հատել: Ճիշտ նպատակի ընտրությունը ճիշտ հորիզոնի ընտրության պես է:

* * *
Իսկ ահա գաղափարներին հորիզոն պետք չէ: Դրանք սովորաբար լինում են կարճատես, վաղամեռիկ ու ինքնաբավ: Եթե ինչ-որ պահի ձեզ հանկարծ թվա, թե որևէ գաղափար անհամեմատ կենսունակ է, ապա վստահ եղեք, որ դուք պարզապես մոլորվել եք, գաղափարը շփոթել եք ստամոքսահյութի արտադրության հետ: Սպասեք մի փոքր, և նա անպայման կփսխի: Այն, ինչ կտեսնեք արդյունքում, հենց դա էլ նրա բուն էությունն է: Ամենահզոր գաղափարները նույնիսկ մի հատիկ մարդու կյանք չարժեն:

* * *
Կյանքն արժեզրկելը մարդկության ամենահիմնական զբաղմունքն է: Այդ վեհ նպատակի համար մարդը միշտ պատրաստ ունի երեք մոգական զենք՝ ատրճանակ, դրոշ և գրիչ: Կարևոր չէ, թե անհրաժեշությունը դրանցից որ մեկին առաջնությունը կտա: Կարևորն այն է, որ այդ երեքից յուրաքանչուրը կարող է սպանել: Ատրճանակով մարդկանց են սպանում, դրոշով՝ ազատությունը, իսկ գրիչով՝ խոսքի արժեքը: Նա, ով կփորձի հավատ ընծայել այդ եռյակից որևէ մեկին, ստիպված կլինի ողջ կյանքում հպատակի պես ծառայել նրանց, կրել իր ձեռքին, բանեցնել հանուն սեփական մաշկի անվտանգության: Իսկ սեփական մաշկն անխոցելի է միայն այն ժամանակ, երբ գրչով, դրոշով ու ատրճանակով չեզոքացված են մերձավորները:
Այդ իսկ պատճառով մարդիկ գերադասում են հավատալ Աստծուն, քանի որ նա երբեք մոտերքում չէ:

* * *
Հայրենիքն այն հայելին է, որտեղ սեփական ոչնչությունը չի արտացոլվում: Հայրենիքն այն հարստությունն է, որը միշտ ունես, երբ գրպաններդ վաղուց դատարկ են: Հայրենիքի սերն այն միակ ափն է, որը կփրկի եսասիրության վարակիչ մեղքից: Հայրենիքը այն համր լեզուն է, որ միշտ լռում է, երբ հայհոյում ես: Հայրենիքի հողն այն միակ տեղն է, որտեղ թաղվելը անպատվաբեր չէ:
Այսպես ապրում ենք, երբ ձևացնում ենք, իբր ապրում ենք Հայրենիքի համար:

* * *
Մեծ ու փոքր քարերը հատիկ-հատիկ, մատների ծայրերով զգույշ բռնած, կշարես իրար վրա: Կնայես, որ փուլ չգա, որ ամեն ինչ իր տեղում լինի, որ հիմքում լինի մեծ քարը, իսկ գագաթին՝ փոքրը: Ամեն բան կանես ճիշտ այնպես, ինչպես միշտ արել ես: Ինչպես արել են քեզնից առաջ ու կանեն քեզնից հետո: Եվ երբ քո փոքրիկ բուրգը պատրաստ կլինի, հանկարծ գլորվելով կգա մի հսկա գնդակ, կփվի անհաստատ սյունին, ու քարերը կթռչեն տարբեր կողմեր, կցրվեն շուրջբոլորը: Եվ գնդակ գլորողները հաճույքից ծափ կզարկեն՝ սպասելով, թե դու ինչպես պիտի նորից հավաքես դրանք ու նորից շինես քո հավերժ փլուզվող փոքրիկ աշտարակը:
Յոթքար ենք խաղում…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

21 Հկտ

Անկեղծ չենք
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա -ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:Եվ հանկարծ… դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:
Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:
Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում․․․«Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում…
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:
— Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։
Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

%d bloggers like this: