Tag Archives: ժայռ

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

4 Ապր

… Աստված իշխանին պարգևել է իմաստություն և դրա հետ նաև իմացություն, որ գերիմաստ են Աստծո բոլոր գործերը` յուրաքանչյուրը յուրովի: Նայեք այն ժայռին, տեսեք, ինչպես է կանգնած այն` ամուր, անշարժ, համառ դիմադրելով և վատ եղանակին, և բարկ արևին: Դարավոր ծառը պսակել է նրա գագաթը, և նա պսակը գլխին նայում է հեռուները: Սակայն եթե նրա մի մասը կործանվի, ժայռն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին կա. այն կփշրվի և փլատակների նման կծածկի սարալանջը: Բայց այնտեղ ևս նրա փշրանքները երկար չեն մնա. բուռն թափով վայր կգլորվեն, առուն իր գիրկը կառնի դրանց և կտանի դեպի գետը: Այնտեղ դրանք ոչ թե դիմադրելով, ոչ թե անհնազանդ, համառ անկյունավոր, ոչ, այլ ողորկ ու կլոր դարձած, ավելի արագ թափով կշարունակեն իրենց ճանապարհը գետից գետ, մինչև որ կհասնեն օվկիանոս, որի մակերևույթին հսկաներն են լողում վտառներով, իսկ խորքերում գաճաճներն են վխտում: Սակայն ո՞վ է փառք տալիս Աստծուն, երբ աստղերն են հավիտենապես փառաբանում նրան: Եվ ինչու՞ նայել հեռուները: Նայեք այստեղ` մեղվին: Արդեն ուշ աշուն է, իսկ նա ջանասիրաբար մեղր է հավաքում և, ինչպես բանիմաց ճարտարապետ, բոլոր օրենքներով տուն է կառուցում իր համար: Նայեք մրջյունին: Նա հրաշալի գիտի ճանապարհը և երբեք չի շեղվում դրանից: Նա իր համար ապաստան է պատրաստում ցողուններից, հողի փշրանքներից և սոճու փշերից. պատրաստում է բարձր և կամար կապում դրա վրա: Սակայն զուր է անցնում նրա աշխատանքը: Ձին դոփում է սմբակներով, կոխորտում և ոչնչացնում է այն: Նայեք, ձին ոտնակոխ է անում մրջյունի տնակի գերանները, ցիրուցան անում տախտակները, անհամբերությամբ փնչում է` չիմանալով հոգնություն, որովհետև աստված ձիուն դարձրել է քամու ընկերը և այնուհետև փոթորկի ուղեկիցը, որպեսզի տղամարդուն հասցնի այնտեղ, որտեղ նրա կամքն է թելադրում, իսկ կնոջը` ուր նրա սիրտն է փափագում: Բայց առյուծը արմավենու անտառում է աշխարհ եկել: Նա խրոխտ քայլերով կտրում-անցնում է անտառը. այնտեղ նա արքան է բոլոր գազանների, և ոչ ոք ու ոչինչ չի կարող ընդդիմանալ նրա կամքին: Միայն մարդը կարող է նրան սանձահարել: Բոլոր արարածներից ամենաահեղն անգամ երկյուղածորեն խոնարհվում է Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծվածի առաջ…

Թարգմ. Հ. Հակոբյան

%d bloggers like this: