Tag Archives: ժամանակ

ԱՆՀԱՇՏ ՀԻՎԱՆԴԸ

4 Հկտ

Այս բժշկին ես գիտեմ: Անունը Ժամանակ է: Դեղահաբեր չի տալիս, ներարկումներ չի անում, վիրակապ չի դնում: Թողնում է, որ հաշտվես ցավիդ հետ, համակերպվես նրա գոյությանը: Հոգատար հայացքով նայում է, թե ինչպես է տառապանքդ տարրալուծվում օրերիդ մեջ, մխիթարանքի խոսքեր է գտնում կորուստներդ արժեզրկելու համար, հույս է ներշնչում ուրիշների դժբախտության օրինակով, բայց երբեք մոտ չի գալիս, որովհետև Ժամանակի հետ հպումը սարսուռ է բերում, իսկ դու մարմինդ պիտի տաք պահես:
Եվ մի օր, երբ հոգիդ ավանդես, քո հոգատար բժիշկը կնայի անշնչացած մարմնիդ ու կասի.
— Նա հիվանդ չէր: Նա պարզապես անհաշտ էր Ժամանակի հետ:

Հովիկ Չարխչյան

IMG_35191

ԱԼԵՍԱՆԴՐՈ ԲԱՐԻԿԿՈ

9 Դկտ

Գիտե՞ս, թե այս տեղն ինչով է լավը: Նայիր, ահա մենք քայլում ենք ու ավազի վրա հետքեր ենք թողնում` տեսանելի, խորը: Իսկ վաղը կարթնանաս, կնայես ափին և ոչինչ չես գտնի, ոչ մի հետք, ոչ մի չնչին նշան: Մի գիշերում ծովը կմաքրի ամբողջը և կլիզի ալեբախությամբ: Ասես ոչ ոք չի էլ անցել: Կարծես մենք չենք էլ եղել: Եթե աշխարհում կա մի վայր, որտեղ դու չկաս, ապա դա հենց այստեղ է: Արդեն ոչ երկիրը, ոչ էլ ծովը: Ոչ կարծեցյալ կյանքը, ոչ էլ իրականը: Ժամանակը: Անցյալ ժամանակը: Եվ վերջ: Կատարյալ թաքստոց…AVT_Alessandro-Baricco_82

ՋԵՅՄՍ ԲՈԼԴՎԻՆ

8 Դկտ

Ժամանակը բոլորի համար նույնն է, ինչպես ջուրը` ձկների համար: Բոլորը նույն ջրում են, ու եթե որևէ մեկը փորձում է հայտնվել դրանից դուրս, նրա հետ պատահում է ճիշտ այն բանը, ինչ ձկների հետ` նա զոհվում է… Մեծ ձկները խժռում են փոքրերին: Ահա և վերջ: Մեծ ձկները խժռում են փոքրերին, իսկ օվկիանոսը թքած ունի…загруженное

ՋՈՆ ԹՈԼՔԻՆ

21 Նյմ

Մենք չենք ընտրում ժամանակը: Մենք ընդամենը կարող ենք որոշել` ինչպես ապրել ժամանակը, որն ընտրել է մեզ: Մեր կյանքի յուրաքանչյուր պահի մեջ նշանակություն ունի միայն այն, թե ինչպիսին ենք մենք և ինչ ենք անում, և ոչ  այն, թե ինչպիսին ենք որոշել լինել և ինչ ենք պատրաստվում անել…

Հասունանալ` չի նշանակում կորցնել անմեղությունն ու զարմանալու ունակությունը, այլ նշանակում է գնալ նախանշված ուղով: Ճամփորդության իմաստն, իհարկե, այն չէ, որ գնաս ու հույսդ չկորցնես, այլ այն, որ հասնես նպատակիդ:J-R-R-Tolkien-lord-of-the-rings-3072484-1024-768

ԹՈՄԱՍ ՄԱՆ

15 Սպտ

Սպասել` նշանակում է առաջ անցնել, նշանակում է զգալ ժամանակը և ներկան ոչ իբրև պարգև, այլ որպես խոչընդոտ, ուրեմն` մերժելով դրանց ինքնուրույն արժեքը, լուծարել դրանք, մի տեսակ հոգեպես ցատկել դրանց վրայով: Ասում են, որ երբ սպասում ես` ժամանակը ձգվում է: Բայց դրա հետ մեկտեղ (և դա, թերևս, մոտ է ճշմարտությանը), այն թռչում է նույնիսկ ավելի արագ, քանզի սպասողը կուլ է տալիս ժամանակի ավելի մեծ զանգված` չօգտագործելով այն և չապրելով հանուն դրա: Կարելի էր ասել, որ սոսկ սպասումով զբաղված մարդը նման է որկրամոլի, ում մարսողական ապարատն իր միջով անցկացնում է սննդի զանգվածը` չմշակելով այն և չյուրացնելով դրա սնուցող ու օգտակար էլեմենտները:tomas mann

ԼԵԳԵՆԴ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

30 Սպտ

Շատ ժամանակներ առաջ կար մի կղզի, որի վրա ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները. Ուրախություն, Տխրություն, Իմացություն և այլն: Նրանց հետ միասին ապրում էր նաև Սերը: Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին կամաց-կամաց ծածկվում է ջրով և շուտով կանցնի ջրի տակ: Բոլորը նստեցին իրենց նավերն ու լքեցին կղզին: Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեները: Երբ կղզին գրեթե ամբողջությամբ սուզվել էր ջրի տակ, և Սերը հասկացավ, որ այլևս հույս չկա, թե կղզին կփրկվի, սկսեց օգնության կանչել: Մոտակայքով անցնում էր Հարստության շքեղ նավը:
Սերը խնդրեց նրան վերցնել իրեն, սակայն Հարստությունն ասաց, որ իր նավի վրա այնքան թանկարժեք իրեր, ոսկի ու արծաթ կա, որ Սիրո համար տեղ չկա:
Այդժամ Սերը դիմեց Գոռոզությանը, ով նույնպես անցնում էր կղզու մոտով, բայց ի պատասխան լսեց, որ իր ներկայությունը կխախտի Գոռոզության նավի վրա տիրող կանոնակարգվածությունն ու կատարելությունը:
Այնուհետև, նկատելով Տխրության նավը, Սերն աղերսանքով դիմեց նրան:
— Օ՜, Սեր, — պատասխանեց Տխրությունը.- ես այնքան տխուր եմ, որ պետք է մենակ մնամ:
Կղզու մոտով իր նավով անցավ նաև Ուրախությունը, սակայն նա այնքան ուրախ էր, որ անգամ չլսեց Սիրո աղերսանքը:
Հանակարծ Սիրո ականջին մի ձայն հասավ. «Արի, Սեր, ես քեզ կվերցնեմ ինձ հետ»: Սերը շրջվեց և տեսավ մի ալևոր ծերունու ու այնքան ուրախացավ, որ անգամ մոռացավ հարցնել նրա անունը: Երբ նրանք հասան ցամաքին, Սերը իջավ նավից, իսկ ծերունին շարունակեց իր ճանապարհը:
Եվ երբ ծերունու նավակը անհայտացավ տեսադաշտից, Սերը հանկարծ սթափվեց. նա նույնիսկ շնորհակալություն չէր հայտնել ծերունուն: Սերը դիմեց Իմացությանը.
— Իմացություն, ասա ինձ, ո՞վ էր իմ փրկիչը:
— Դա Ժամանակն էր,- պատասխանեց Իմացությունը:
— Ժամանա՞կը,- զարմացավ Սերը,- հանուն ինչի՞ նա ինձ օգնեց:
Իմացությունը նայեց Սիրո շփոթված դեմքին և պատասխանեց.
— Միայն Ժամանակը գիտի, և միայն նա է հասկանում` որքան կարևոր է կյանքում Սերը:

ՄԻԼՈՐԱԴ ՊԱՎԻՉ

19 Մյս

Գոյություն ունեն շատ ժամանակներ: Միաժամանակ: Յուրաքանչյուրն ունի իր ժամանակը: Ժամանակը հորիզոնական երկայնաձգություն է, իսկ հավերժությունն ուղղահայաց կառուցվածք ունի: Այն սերում է Սուրբ Հոգուց: Երբ նա հատում է Ժամանակը` դա մեր ակնթարթն է: Դրանք էլ կարող են շատ լինել` հավերժությունը հատում, հատում և հատում է ժամանակային երկայնաձգությունը: Կա ժամանակ, որը հավերժականին զուգընթաց է: Դա «անժամանակ ժամանակն է»: Սակայն 21-րդ հարյուրամյակից ինչ-որ բան փոխվեց: Մենք բոլորս դա զգում ենք: Փոխվել է արագությունը, ժամանակը: 19-րդ դարի բանաստեղծներից մեկը դժվար պահին տետրում գրել է. «Երկինքը փակվել է: Իմ աղոթքները երկնքին չեն հասնի»: Այսօր ես չեմ հավատում, ես գիտեմ, որ երկինքը բաց է: Ճշմարտությունը սփռված է մթնոլորտում, և այն թույլատրում է մարդուն միավորվել տիեզերքին: Ես կարծում եմ, որ այս նոր արագությունը վերամիավորման պրոցեսի մասն է:

Հրաժեշտը տոն չէ

30 Դկտ

Անշնորհակալ գործ է տարին ամփոփելը: Դու կարող ես լավագույն դեպքում ամփոփել այն մի հատվածը, որ եղել է քո հայացքի տեսադաշտում, դու կարող ես վերհիշել ու գնահատել այն օրերը, որոնք քո ժամանակի մասն են կազմել, սակայն ինչպե՞ս պիտի իմանաս իրական կշիռը մի ամբողջ տարվա, որը եղել է բոլորինը՝ ծանոթ ու անծանոթ, հեռավոր ու մերձավոր, բարեհաճ և ոչ այնքան…
Այսօր՝ տարեմուտի նախաշեմին եթերն ու մամուլը հեղեղված են բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով, և կամա թե ակամա դառնում ես նրանց լսարանի մի անդամը: Ինչեր ասես, որ չեն ցանկանում քեզ ժպտերես դեմքով իշխանավորներդ, ազգիդ սերուցքը, պատկառազդու անձինք: Այսքան մեծահոգություն, նրբանկատություն, բարեհաճություն պիտի բավարարի գալիք բոլոր ժամանակների համար, այսքան աներևակայելի ու հեքիաթային իղձերի իրականացման պահանջ-հրամայականը պիտի նախ սթափեցնի, իսկ հետո մեղավոր լինելու զգացողությամբ համակի հոգիդ: Ախր ինչպե՞ս կարող էիր նախկինում կասկածանքով վերաբերվել այդ մարդկանց, ինչպե՞ս էիր քեզ թույլ տվել մտածել, թե վերևները մոռացել են ստորիններին:
Բայց դու դեռ չես հասցրել ուշքի գալ առաջին հարվածից, երբ դրան հաջորդում է երկրորդը: Այս ամենի հետ մեկտեղ հանկարծ պարզում ես, որ անցնող տարին լի էր ձեռքբերումներով, հաջողություններով, նվաճումներով, և սկզբում տարակուսում, իսկ հետո նույնիսկ անկեղծորեն տխրում ես, որ ինքդ մասնակիցը չես եղել այդ բոլոր թռիչքներին, որ բարեկեցությունն անցել է կողքովդ, իսկ դու քնած ես եղել ուղտի ականջում, որ այսքան ու այնքան տոկոսով կյանքը գեղեցկացել է, իսկ դու դա չես տեսել գեղեցկագույն կյանքը, որ մի ողջ պետություն իր բազմաչարչար կառավարությամբ հանդերձ տքնել է քո երջանկության համար, իսկ դու՝ երիսցս երջանիկդ, անշնորհակալ ու երախտամոռ ես գտնվել նրա հանդեպ:
Եվ որպեսզի վերջնականապես չփչացնեմ օրվա իրական խորհուրդը, ես սկսում եմ մտածել տոնի մասին: Ի վերջ, ի՞նչ բան է դա: Չէ՞ որ ժամանակն իր հոսքի մեջ չունի որևէ դադար կամ ընդհատում, ժամանակի համար տարին բաժանող վայրկյանն ունի նույն արժեքը, ինչ տարին լրացնող միլիոնավոր մյուս վայրկյանները: Ուրեմն տոնը բացառապես մարդկանցն է, նրանց կարիքի ու պահանջի բավարարումը, նրանց կողոպտած չնչին ավարը ժամանակի ահռելի հարստությունից: Եվ դրա համար մարդիկ ուրախ են: Նրանք ուրախ են, որ անցնում է հին տարին, իրենց իսկ կյանքի մեկ տարին, իրենց ապրած օրերի շղթան, իրենց երիտասարդությունը, ավյունը, չարչարանքը, այն ամենը, ինչը դեռ երեկ ակնկալիք էր, որ կամ արդարացվեց կամ հուսախաբ արեց: Նրանք այդպես ծախսում են կյանքը, որ ձեռք բերեն հույսը վաղվա օրվա համար: Մարդիկ թոթափվում են իրենցից, փախչում են սեփական ստվերից ու պատսպարվում այս լուսավոր, գեղեցիկ, առինքնող թիկունքի ետևում, որ տոն է կոչվում:
Եվ այս մտքերին հետամուտ՝ ես հանկարծ դառնում եմ մեկը նրանցից, ովքեր քիչ առաջ և քիչ հետո վերստին տոնական մաղթանքներ են արտաբերելու: Ես մինչև կոկորդս ընկղմվում եմ տոնական ծանր, ներծծվող թուրմի մեջ, և մինչ նա կհասցնի ինձ լիովին կլանել, շտապում եմ ամենքի պես ձայն տալ բոլորին. «Շնորհավոր Նոր տարի…»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՆՐԻ ԱՄԻԵԼ

12 Սպտ

Անկարգությունը մեզ ստրուկ է դարձնում: Այսօրվա անկարգությունը նվազեցնում է մեր վաղվա ազատությունը: Առավել շատ մենք դժգոհ ենք ուրիշներից, երբ դժգոհ ենք ինքներս մեզնից: Մեղքի գիտակցումը մեզ դարձնում է անհանդուրժող: Եբվ մոլորությունն այնքան ավելի վտանգավոր է, որքան մեծ է նրա մեջ ճշմարտության բաժինը:
Բայց ժամանակը մեծագույն խաբկանք է: Այն սոսկ մի ներքին պրիզմա է, որի միջով մենք բեկում ենք կեցությունն ու կյանքը, կերպար, որի ներքո մենք հետզհետե տեսնում ենք այն, ինչը ժամանակից դուրս է, գաղափարների մեջ: Մեր գիտակցության կենտրոնը անգիտակցական է, ճիշտ այնպես, ինչպես արեգակի միջուկն է մութ: Անհայտությունը հույսի ապաստարանն է: Հավատը արժանահավատությունն է՝ առանց ապացույցների: Րոպեները դանդաղ են, իսկ տարիներն՝ արագընթաց: Հազար քայլ առաջ, ինը հարյուր իննսունութ քայլ ետ՝ ահա թե ինչ բան է առաջընթացը: Յուրաքանչյուր կյանք արարում է իր ճակատագիրը: Իսկ ճակատագիրը կործանում է մեզ երկակի ձևով՝ մերժելով մեր ցանկությունները և ի կատար ածելով դրանք: Կարողանալ ծերանալ՝ իմաստնության բարձրակետն է և դժվարագույն կողմերից մեկը կյանքի մեծագույն արվեստում: Հերոսությունը հոգու հաղթանակն է մարմնի նկատմամբ: Հեշտությամբ անել այն, ինչն ուրիշների համար դժվար է, դա տաղանդ է: Անել այն, ինչ տաղանդի համար անհնար է, դա հանճարեղ է:

ԺԱՄԱՆԱԿԸ

4 Ապր

Կկուն ձայն էր տալիս: Տղան մոտեցավ ծառին, գլուխը բարձրացրեց ու ասաց.
— Կկու, կկու, ինձ քանի՞ տարվա կյանք է մնացել:
Կկուն կանչեց:
— Մեկ,- հաշվեց տղան:
Կկուն նորից կանչեց:
— Երկու,- ասաց տղան:
Կկուն նայեց ներքև, լռեց, թևերը թափ տվեց ու թռավ-գնաց:
Իսկ այս կարճ պատմությունն էլ եկավ ասելու, որ քո ապրելու ժամանակը մարդկանցից հարցրու, ոչ թե թռչուններից:

Հ. Չարխչյան

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

24 Փտր

Կարելի է պահպանել Ղարաբաղը, բայց նաև նպաստել ժողովրդավարության հաստատմանը

«Միշտ և բոլոր առումներով` Ղարաբաղը: Դա պատմության խնդիր է, իսկ ժողովրդավարությունը` կեցության»,- Ղարաբաղ, թե Հայաստանում ժողովրդավարության հաստատում խնդրին անդրադառնալով «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:
Այդուամենայնիվ, ըստ Չարխչյանի, դրանք միմյանց հետ այդքան էլ կապված չեն. «Կարելի է պահպանել Ղարաբաղը, բայց նաև նպաստել ժողովրդավարության հաստատմանը:
Նրանք, ովքեր ասում են այդ բանը, ընդամենը զբաղվում են դեմագոգիայով»:
Չարխչյանի խոսքերով, դրանք կարող են մեկը մյուսին խթանել. «Ղարաբաղում ձեռք բերված հաղթանակը անպայման կնպաստի ապագայի հանդեպ հասարակության վստահության աճին: Իսկ ժողովրդական կառավարման ձևերը թույլ կտան ավելի ճկուն լինել ինչպես դիվանագիտական դաշտում, այնպես էլ ռազմական խնդիրներ լուծելիս: Միշտ հաղթում է այն երկիրը, ով առավելապես ազատ է, ինքնիշխան ու ունի մեծ նպատակների գնալու վճռականություն»:

Տոնը մարդկանց հոգում է և ոչ շնորհավորական ուղերձներում

«Ըստ էության այնքան էլ սխալ չի ասել: Կարմիր բանակը ստեղծվել է 1918թ. փետրվարի 23-ին: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում այդ տոնը վերանվանվեց, իսկ հայերը դա ընդունեցին «ի գիտություն»: Ուզենք, թե չուզենք` դա մեր պատմության մի մասն է, որից հրաժարվել չենք կարող»,- անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարությանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:
Նշենք, որ Հայրենիքի պաշտպանության օրվա առթիվ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ իր հարգանքի տուրքը մատուցելու ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ասել է, թե սա Կարմիր բանակի տոնն է, և այսօր իրենք բարեկամ Հայաստանի հետ տոնում են այս խորհրդանշական օրը:
Չարխչյանի գնահատմամբ, խնդիրն այն է, թե մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ տեսանկյունից է հարցը դիտարկում. «Եթե մենք դա հիշում ենք մի տեսակ ստրկահաճո կարոտաբաղձությամբ, դա այլ բան է: Իսկ եթե նշում ենք այնպես, ինչպես, օրինակ, մայիսի 9-ին ենք տոնում ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը, այսինքն` որպես ընդհանուր պատմության մի դրվագ, դա շատ բնական է»:
Հրապարակախոսը նշեց, որ իրեն չի հետաքրքրում, թե Հայաստանի կառավարությունն այս կամ այն տոնն ինչպես է նշում. «Տոնը մարդկանց հոգում և մտքերի մեջ պիտի լինի, այլ ոչ թե օրացույցի թերթիկների վրա կամ կառավարության շնորհավորական ուղերձների մեջ»:

ԼՅՈՒԿ ՎՈՎԵՆԱՐԳ

8 Փտր

Մեծ գործեր կատարելու համար հարկավոր է ապրել այնպես, ասես չես մեռնելու: Ով չգիտի ժամանակի գինը` նա ծնված չէ փառքի համար: Աշխատանքի արգասավորության գիտակցումը լավագույն բավականություններից մեկն է: Դրա համար էլ ոմանք ապրում են երջանիկ` իրենք էլ դա չիմանալով: Չպետք է վարանել սխալներ կատարելու երկյուղից: Ամենամեծ սխալը փորձառությունից իրեն զրկելն է: Անգիտությունը խելքի թերություն չէ, իսկ գիտելիքը հանճարի հատկանիշ չէ: Եթե միտքը չափազանց թույլ է, որպեսզի արտահայտվի պարզորեն, դա նշան է այն բանի, որ այն հարկավոր է դեն նետել: Մենք գիտենք ավելի շատ անօգտակար բաներ, քան չգիտենք օգտակարները: Անհնար է մարդկան ետ սովորեցնել ամենաանօգուտ առարկաներն ուսումնասիրելուց: Մեծ հիշողություն ունեցող հիմարը լեցուն է մտքերով և փաստերով, բայց նա չի կարողանում հետևություններ և եզրակացություններ անել: Հենց դրանում է ամբողջ էությունը: Մեծ առավելություն չէ աշխույժ միտք ունենալը, եթե չունես դատողության ստույգություն. ժամացույցի կատարելությունը ոչ թե արագ ընթացքի մեջ է, այլ ճիշտ ընթացքի: Մարդկային միտքն ավելի խորաթափանց է, քան հետևողական, և ընդգրկում է ավելի շատ բան, քան կարող է կապակցել: Մեզ ավելի հեշտ է ձեռք բերել բազմիմացության փայլ, քան հիմնավորապես տիրապետել փոքրաթիվ գիտելիքների: Իսկ խելքի հետ զուգակցված խիզախությունն ավելի շատ է օգնում, քան միայն խելքը` առանց խիզախության: Ուժի գիտակցումը ավելացնում է ուժը: Խելքը մեծ իմաստի է հասնում միայն պոռթկումներով: Խելքը պետք է ոչ թե սահմանափակի, այլ լրացնի առաքինությունը:

ՄԱՐԻԱ ԳԱԴԱՍ

27 Հկտ

… Գոյություն ունեն շատ ժամանակներ: Միաժամանակ: Յուրաքանչյուրն ունի իր ժամանակը: Ժամանակը հորիզոնական երկայնաձգություն է, իսկ հավերժությունն ուղղահայաց կառուցվածք ունի: Այն սերում է Սուրբ Հոգուց: Երբ նա հատում է Ժամանակը` դա մեր ակնթարթն է: Դրանք էլ կարող են շատ լինել` հավերժությունը հատում, հատում, եւ հատում է ժամանակային երկայնաձգությունը: Կա ժամանակ, որը հավերժականին զուգընթաց է: Դա «անժամանակ ժամանակն է»: Սակայն 21-րդ հարյուրամյակից ինչ-որ բան փոխվեց: Մենք բոլորս դա զգում ենք: Փոխվել է արագությունը, ժամանակը: 19-րդ դարի բանաստեղծներից մեկը դժվար պահին տետրում գրել է. «Երկինքը փակվել է: Իմ աղոթքները երկնքին չեն հասնի»: Այսօր ես չեմ հավատում, ես գիտեմ, որ երկինքը բաց է: Ճշմարտությունը սփռված է մթնոլորտում, եւ այն թույլատրում է մարդուն միավորվել տիեզերքին: Ես կարծում եմ, որ այս նոր արագությունը` վերամիավորման պրոցեսի մասն է:

%d bloggers like this: