Tag Archives: թուրք

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

20 Փտր

ԻԶՄԻՐԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ

Շատ զարմանալի է, ասաց նա, որ նրանք միշտ կեսգիշերին են ճչում:
Չգիտեմ, թե ինչու էին նրանք հենց այդ ժամին ճչում: Մենք նավահանգստում էինք, իսկ նրանք բոլորը՝ ծովապատնեշի վրա, և կեսգիշերին սկսում էին ճչալ: Հանգստացնելու համար մենք լուսարձակն ուղղում էինք նրանց վրա: Դա ներգործում էր անվերապահորեն: Մի երկու անգամ ծայրից-ծայր լուսավորում էինք ծովապատնեշը, և նրանք խաղաղվում էին:
Մի օր, երբ ես ծովապատնեշի վրա աշխատող խմբի պետն էի, ինձ մոտեցավ թուրք սպան և կատաղությունից հևալով հայտարարեց, թե մեր նավաստին լկտիաբար վիրավորել է իրեն: Ես հավաստիացրի, որ նավաստին կուղարկվի նավ և խստորեն կպատժվի: Խնդրեցի, որ ցույց տան մեղավորին: Նա մատնացույց արեց հրետանային հաշվարկի մի շատ անշառ երիտասարդի: Կրկնեց, որ սա լկտիաբար վիրավորել է իրեն և այն էլ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ. նա ինձ հետ խոսում էր թարգմանչի միջոցով: Ես չէի հավատում, թե նավաստին կարող էր այնքան լավ թուրքերեն իմանալ, որ որևէ վիրավորական խոսք ասած լիներ: Կանչեցի նրան ու ասացի.
— Սա հակառակ պարագայի համար, եթե թուրք սպաներից որևէ մեկի հետ խոսել ես:
— Ես նրանցից ոչ մեկի հետ չեմ խոսել, սըր:
— Չեմ կասկածում,- ասացի,- բայց և այնպես՝ գնա նավ և մինչև վաղը ափ չիջնես:
Հետո ես թուրքին հաղորդեցի, որ նավաստուն ուղարկել եմ նավ, որտեղ խիստ պատիժ է սպասում նրան: Կարելի է ասել՝ դաժան պատիժ: Սա շատ ուրախացավ, և մենք սկսեցինք բարեկամաբար զրուցել:
— Ամենավատը,- ասաց նա,- մեռած երեխաներով կանայք են:
Հնարավոր չէր կանանց համոզել, որ հանձնեին իրենց մեռած երեխաներին: Երբեմն վեց օր շարունակ գրկից չէին իջեցնում նրանց: Ոչ մի գնով չէին հանձնվում: Մենք ոչինչ չէինք կարող անել: Վերջիվերջո հարկ էր լինում խլել: Հետո տեսա նաև մի պառավի: Բացառիկ տարօրինակ բան: Այդ մասին պատմեցի մի բժշկի, և սա ասաց, թե դա ես եմ հորինել: Ծովապատնեշն էինք մաքրում, և մեռելներին պետք էր վերցնել. պառավն էլ պառկած էր ինչ-որ մի հապշտապ սարքված պատգարակի վրա: Ինձ ասացին. «Սըր, ուզու՞մ եք նայել նրան»: Նայեցի, և հենց նույն պահին նա մեռավ ու անմիջապես փայտացավ: Ոտքերը ծալվեցին, մարմինը փոքր-ինչ բարձրացավ, և նա այդպես էլ անշարժացավ: Ասես վաղուց մեռած լիներ: Նա բոլորովին մեռած էր և անճկելի: Երբ պառավի մասին պատմեցի բժշկին, սա ասաց, թե այդպիսի բան չի կարող լինել:
Նրանք բոլորը խռնված էին ծովապատնեշի վրա, բայց ոչ այնպես, ինչպես լինում է երկրաշարժի ժամանակ կամ նման դեպքերում, որովհետև նրանք չգիտեին, թե ինչեր է հնարելու ծեր թուրքը: Նրանք չգիտեին, թե ինչեր կարող է անել նա: Հիշում եմ, թե ինչպես մեզ արգելեցին նավահանգիստ մտնել՝ ծովապատնեշը դիակներից մաքրելու համար: Այդ առավոտ ինձ համար սարսափելի էր նավահանգստի մուտքը: Թուրքը բավականաչափ հրանոթներ ուներ, և նրա համար մեծ բան չէր մեզ դուրս շպրտելը: Մենք որոշեցինք մուտք գործել, ընդհուպ մոտենալ ծովապատնեշին, երկու խարիսխն էլ գցել և կրակ բացել քաղաքի թուրքական մասի վրա: Նրանք կարող էին մեզ դուրս շպրտել, բայց մենք հող ու մոխիր կշինեինք քաղաքը: Երբ նավահանգիստ մտանք, նրանք մեզ գնդակոծեցին ոչ մարտական լիցքերով: Քեմալը եկավ նավահանգիստ և պաշտոնանկ արեց թուրք պարետին: Իշխանությունը վերազանցելու կամ նման ինչ-որ բանի համար: Չափը անց էր կացել: Շատ վատ բան կարող էր ստացվել:
Դժվար է մոռանալ Իզմիրի առափնյան: Ինչ ասես, որ չէր լողում նրա ջրերում: Կյանքումս առաջին անգամ այնպիսի վիճակի մեջ ընկա, որ այդ ամենը գիշերները տեսնում էի երազում: Ծննդաբերող կանայք այնքան սարսափելի չէին, որքան մեռած երեխաներով կանայք: Իսկ շատերն էին ծննդաբերում: Զարմանալի է, որ այդքան քիչ մեռան նրանցից: Պարզապես ինչ-որ բանով ծածկում էին նրանց ու թողնում: Նրանք միշտ մտնում էին նավամբարի ամենամութ անկյունը և այնտեղ ծննդաբերում: Հենց որ նրանց տանում էին ծովապատնեշի վրայից, նրանք այլևս ոչնչից չէին վախենում:
Պարզվեց, որ հույներն էլ շատ բարի մարդիկ են: Իզմիրից հեռանալիս նրանք չէին կարող իրենց հետ տանել բեռնակիր կենդանիներին, դրա համար էլ պարզապես կոտրատեցին բոլորի առջևի ոտքերը և նավահանգստից գցեցին ծանծաղ ջրի մեջ: Եվ ջարդված ոտքերով բոլոր ջորիները թպրտում էին ծանծաղ ջրում: Շատ ուրախ տեսարան էր: Դրանից ուրախ ի՞նչ կարող էր լինել:

Թարգմ. Վ. Վարդանյան

Հզորների թուլությունը

29 Հկտ

Հայաստանում Թուրքիայի ու թուրքերի ցանկացած նախաձեռնությանը թերահավատությամբ և կասկածանքով են վերաբերվում: Ցավոք, հայերն ունեն այդպես արձագանքելու հիմքերն ու իրավունքը: Մեկ անգամ չէ, որ մեր հարավային հարևանը խորը հիասթափություն է պատճառել: Սակայն նույնիսկ այդ զգուշավորությունը չի խանգարում թուրքական կողմին հանդես գալու նորանոր և անսպասելի ակցիաներով: Դրանցից մեկի հիշողությունն առայժմ թարմ է և վերաբերում է բարձրագոռգոռ անունը կրող կուսակցությանը: Առաջին անգամ մեզ անհայտ այս շարժումը ճանաչվելու հայտ ներկայացրեց հոկտեմբերի 10-ին, երբ կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչն ու նրա համակիրները հայտարարեցին, թե իրենք ի նշան հայ-թուրքական սահմանի փակ լինելու դեմ բողոքի, խախտել են պետական սահմանը և մտել Հայաստանի տարածք: Ճիշտ է, սահմանապահ ծառայությունն այնուհետև հերքեց այդ լուրը և նույնիսկ տեղեկացրեց, որ շրջանառվող լուսանկարներն արված են թուրքական ափին` Անիի մերձակայքում, սակայն PR ակցիան ընկալվեց իբրև խորհրդանշական քայլ` երկու երկրների մերձեցմանը նպաստող ձեռքմեկնում:
Այս կուսակցությունը, որ հիմնադրվել է ընդամենը 4 տարի առաջ, քիչ հայտնի է նույնիսկ իր հայրենիքում, խորհրդարանում ներկայացված չէ և ոչ էլ առանձնապես բավարար վարկանիշ ունի։ Սակայն փոքր հնարավորություններով, բայց մեծ հավակնություններով երիտասարդները կարծես թե այնքան էլ չեն սրտնեղում այդ հանգամանքից ու շարունակում են նպատակադրված առաջ շարժվել: Սահմանի խախտման պատմությունից անմիջապես հետո նրանք հայտարարեցին, որ հայ-թուրքական բարեկամության խումբ են ստեղծել, և 500 երիտասարդ հայերից ու թուրքերից բաղկացած խմբի նպատակն է նպաստել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Երկու անգամ իր ակտիվիստների հետ Երևան գալուց ու գնալուց հետո Թունա Բեքլևիչը հերթական աղմկահարույց որոշումը կայացրեց` տեղեկացնելով, որ սահմանի բացման համար Կարսում հանրաքվե կիրականացվի: Նա ժամանեց Կարս՝ հետը բերելով հանրաքվեի համար նախատեսված մեծ քվեատուփը։ Տեղում մամուլի ասուլիս հրավիրելով` նա անդրադարձավ իրենց ծրագրերին՝ նշելով, թե անհրաժեշտության դեպքում իրենք քվեատուփը կտեղադրեն Կարսի կենտրոնում ու թող կարսեցիները գան և իրենց -ն կամ -ը ասեն։
Իհարկե, քվեարկության կամ դրանց արդյունքների մասին հետագայում այլևս ոչ մի խոսք չհնչեց, սակայն -ին կարծես թե այդքանն էլ էր բավարարում, և այս անգամ կուսակցությունը նոր նպատակակետ ընտրեց` Հայաստանի մայրաքաղաքը: Բեքլևիչը որոշեց, որ եկել է ժամանակը հենց Երևանի կենտրոնում կոնֆերանս կազմակերպել, որը կրելու է խորագիրը: Որոշեց և արեց: Ավելի ճիշտ, դեռ ոչինչ էլ չի արված, բացի այն բանից, որ թուրքերն իսկապես ժամանել են Երևան, սակայն մեր քաղաքի հյուրանոցները մինչև երեկ մեկը մյուսի ետևից հրաժարվում էին նրանց դահլիճ տրամադրել: Այսօր առավոտյան նրանք հանդիպելու են լրագրողների հետ և այնուհետև պարզ կդառնա հավաքի ճակատագիրը, որին, ի դեպ, աջակցում է Հայաստանի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Սակայն արդեն իսկ տպավորությունն այնպիսին է, որ Բեքլևիչին հնարավոր ձախողումն այնքան էլ չի մտահոգում:
Առաջին հայացքից այս մարդը հակասական անձնավորության տպավորություն է թողնում: Մի դեպքում կարելի է մտածել, որ երիտասարդը սովորական ավանտյուրիստ է, ով փորձում է քաղաքական հարցերի նուրբ լարերի վրա խաղալու հաշվին դիվիդենտներ վաստակել, մեկ այլ դեպքում ցանկություն է առաջանում հավատալ նրա մղումների անկեղծությանը: Բոլոր դեպքերում մի բան արդեն հստակ է. լիդերի համար էական չէ արդյունքը, այլ առավել կարևորը պրոցեսն է: Կարելի է հասնել սահմանին, չանցնել, բայց ասել, որ անցել է: Կարելի է քվեատուփ դնել, չքվեարկել, բայց ասել, թե հանրաքվե է, և այժմ էլ կարելի է գալ կոնֆերանս անցկացնելու ու չմտահոգվել` կլինի՞ այն, թե ոչ:
Դեռ Թուրքիայում, մեկնումից առաջ, Բեքլևիչը հայտարարել էր, թե տեղ հասնելուն պես պատրաստվում է հանդիպել մեր արտաքին գերատեսչության ղեկավարների հետ, իսկ երբ ետ վերադառնա` անպայման տեսակցություն կխնդրի Էրդողանից: Հավանաբար այս խոսքերը Հայաստանի ԱԳ նախարարին հանել էին համբերությունից, և վերջինս հանդես եկավ հատուկ մեկնաբանությամբ, ուր ասվում էր. :
Մի խոսքով, Բեքլևիչը Նալբանդյանին չի տեսնի: Բայց լիդերին այդ միտքն առանձնապես մեծ վիշտ չի պատճառել: Ուրիշներն էլ կան, որոնց հետ կարելի է հանդիպել: Օրինակ, Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեևը, ով ժամանակին այնպես պատվախնդրորեն ապացուցում էր, որ թուրքերը Ախուրյան գետը չեն հատել: Թուրք կուսակցապետն ասել է, որ հաճույքով նրա հետ մի բաժակ թեյ կխմեր: Իսկ ընդհանրապես, Բեքլևիչը երազանք ունի. ,- ասել է նա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: