Tag Archives: Թուրքիա

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐԱՔՍԻ ԱՓԵՐԻՆ

25 Նյմ

Տարածված կարծիք կա, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին Հայաստանը թեև տասնյակ հազրավոր զոհեր տվեց և իր ուսերին կրեց այդ արհավիրքի ողջ ծանրությունն ու ողբերգությունը, սակայն ռազմական ակտիվ գործողությունների թատերաբեմ չդարձավ: Ցավոք, սա ընդամենը ենթադրություն է: Պատմական վավերագրերն ու ականատեսների վկայությունները թույլ են տալիս պնդելու, որ մեր հանրապետությունը ևս ռազմաճակատային գոտի էր այս բառի բուն իմաստով և իրադրության բոլոր դրսևորումներով: Ասվածը հիմնավորելու համար բավարար է շարադրել սոսկ մի քանի դրվագներ պատերազմի առաջին ամիսներից:970257_237701019713610_299335025_n

Ինչպես պատմում է ծառայությունը Հայաստանում անցկացրած ռուս հրետանավոր Գրիգորի Կարպովը, պատերազմի մասին առաջին տեղեկությունները ստացել էին զինվորականները: Նույն օրն իսկ սահմանապահ գնդերը դիրքեր գրավեցին Արաքսի առափնյա հատվածներում: Գործողությունն իրականացվում էր գիշերով: Հրետանայյին դիվիզոններից մեկը` չկողմնորոշվելով տեղանքում, սխալմամբ անցել էր սահմանը և դիրքավորվել Թուրքիայի տարածքում: Առավոտյան թուրքերը բացահայտեցին դա, սակայն բանը առճակատման չհասավ: Կողմերը դեռևս ձեռնպահ էին մնում ակտիվ գործողություններից: Ավելի ուշ դիվիզիոնի հրամանատարին ռազմադաշտային դատարանը դատապարտեց մահվան: Նրան գնդակահարեցին ողջ անձնակազմի աչքի առաջ:408-rd divizian, 1942 meknymic araj

Սակայն բոլորի համար էլ հստակ էր, որ օգտվելով Խորհրդային Միության համար անբարենպաստ իրավիճակից, Թուրքիան ծրագրում էր զավթել Անդրկովկասը: Հապշտապ կարգով թուրքերը սահմանի երկայնքով ռազմական պատրաստություններ էին տեսնում` կառուցվում էին օդանավակայաններ, ճանապարհներ, կապուղիներ, ինժեներական ամրություններ: Արաքս գետի ափերին կենտրոնացվեցին 18 դիվիզիաներ: Թուրքական ինքնաթիռները սկսեցին պարբերաբար հետախուզական թռիչքներ կատարել Հայաստանի տարածքում: Երևանում ստիպված էին սահմանել պարետային ժամ, լուսաքողարկում, բարձր պատրաստության վիճակի բերվեցին հակաօդային պաշտպանության ուժերը: Քաղաքում սահմանվեց սննդի բաշխման քարտային համակարգ: Իսկ երբ Հայաստան հասան Ուկրաինայից էվակուացվածների առաջին մեծ խմբերը, կյանքն ավելի դժվարացավ:

Ողջ ամռան ընթացքում հայ-թուրքական սահմանին արձանագրվեցին մի քանի ռազմական բախումներ: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է նաև, որ թուրքական կողմը 8 անգամ հրակոծության է ենթարկել հայկական սահմանապահ ուղեկալները: Մեկ տարվա ընթացքում սահմանի այդ հատվածում հաջողվեց որսալ 47 թուրք գործակալների:1942

Արտաքին սպառնալիքից բացի ակտիվացել էր նաև ներքին թշնամին: Տիրում էր համընդհանուր լարվածություն: Շշուկներ էին տարածվում, թե թուրքերի հետ պատերազմն անխուսափելի է: Այդ մշտական տագնապն ու անորոշությունն ավելի էր ճնշում մարդկանց, խուճապային տրամադրությունների պատճառ դառնում: Նույն օրերին հատուկ ծառայությունները հանրապետության տարբեր շրջաններում բացահայտեցին դասալքության աղմկահարույց դեպքեր: Մեղավորվերի հետ դաժան հաշվեհարդար տեսան:

1941 թ. նոյեմբերին Ախտայի (Հրազդանի) շրջանում բացահայտվեց մուսաֆաթական ընդհատակյա մի կազմակերպություն, որի պարագլուխն էր Ազիզ Բադալօղլին: Խմբի թուրք անդամները լուրեր էին տարածում, թե եկել խորհրդային իշխանության վախճանը, և ամեն կերպ փորձում էին ձախողել Ախտայում իրականացվող պաշտպանական միջոցառումները: Կազմակերպության 13 ակտիվիստների դատապարտեցին պատերազմական ժամանակների օրենքներով:paterazm

Նույն տարվա դեկտեմբերին Ալավերդու և Ստեփանավանի շրջաններում ձերբակալվեցին 16 դասալիքներ, որոնք գործում էին ավագ Գիկոլյանի գլխավորությամբ: Վերջիններս 138-րդ հրաձգային դիվիզիայի զինվորներ էին: Իմանալով, որ իրենց ուղարկելու են ճակատ, նրանք էշելոնից փախուստի էին դիմել` իրենց հետ վերցնելով զենք և զինամթերք: Օրեր շարունակ խումբը ավազակային հարձակումներ էր կատարում Լոռու գյուղերի և կոլտնտեսությունների վրա: Իսկ ընդհանուր առմամբ, 1941-ին Հայաստանում բացահայտվեցին ու վնասազերծվեցին ևս 3 ավազակային խմբեր` իրենց 37 անդամներով:

Ոչ պակաս բարդ էր իրավիճակը նաև հայ-իրանական սահմանին: Խորհրդային հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեին, որ Գերմանիան պատրաստվում էր այդ երկրում հեղաշրջում իրականացնել և այն օգտագործել հարավից հարվածելու համար: Հասկանալով, թե նման շրջադարձն ինչպիսի աղետալի հետևանքներով էր հղի, արդեն 1941-ի օգոստոսին ձևավորվեց Անդրկովկասյան ճակատը: Մինչ այդ իրականացվել էր տեղի բնակչության մոբիլիզացիա, այնպես որ շարք մտած զինվորական ստորաբաժանումները կազմված էին գերազանցաապես հայերից: Քիչ չէին նաև քրդերն ու ադրբեջանցիները: Նորակոչիկներն արագացված կարգով մարտական պատրաստություն էին անցնում և ուղարկվում զորամասեր:0_8130f_538a29f6_L

Օգոստոսի 25-ին, լուսաբացից առաջ` ժամը 3.30-ին ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովն իր մոտ հրավիրեց Իրանի դեսպանին և նրան հանձնեց կառավարության նոտան` միաժամանակ տեղեկացնելով, որ Կարմիր բանակը մուտք է գործում Իրանի տարածք: Մինչ դիվանագետները փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում ու բացատրություններ պահանջում, ռազմական օպերացիան արդեն սկսվել էր: Ժամը 2-ին 65 զինված խմբեր անցել էին Արաքսը: Ընդամենը 2 ժամվա ընթացքում ոչնչացվեցին իրանական 121 սահմանային կետեր: Այդ ընթացքում իրանական 5 ինքնաթիռներ ռումբեր նետեցին Մեղրիի կամուրջի շուրջը, սակայն կամուրջը վնասել չհաջողվեց:

Այստեղ հարկ է պատմել գործողություններից մի դրվագ, որը լիովին բնորոշում է այն օրերին իշխող մարտական ոգին և նպատակին հասնելու ծայրահեղ միջոցները: Խոսքը Մեղրիի զորամասի 12 մարտիկների հերոսական արարքի մասին է:

Իրան ներխուժելու օպերացիան իրականացվում էր մթության քողի տակ, խիստ գաղտնիության պայմաններում: Հրամանատարության մշակած պլանի համաձայն, միայն այդպես էր հնարավոր հանկարծակիի բերել իրանական ուժերին և առանց մեծ կորուստների հաջողության հասնել: Այդ իսկ պատճառով հրահանգվել էր պահպանել մեռելային լռություն, որևէ կերպ չմատնել զորքերի առաջխաղացումը: Մեղրիի սահմանային գումարտակի մարտիկներին առաջադրանք էր տրվել նավակներով հատել Արաքսը և ափ իջնելուն պես վնասազերծել հակառակորդին: Եվ ահա այն պահին, երբ նավակներն արդեն լողում էին դեպի իրանական ափ, դրանցից մեկը ընկավ ուժգին ջրապտույտի մեջ ու շրջվեց: 12 զինվորներ խեղդվեցին, սակայն նրանցից և ոչ մեկը նույնիսկ չփորձեց օգնություն կանչել: Այդ լուռ հերոսությունը ցնցել էր բոլորին:

Զոհված մարտիկները հետմահու պարգևատրվեցին իրենց չլսված արիության համար, իսկ Մեղրիի զորամասում նրանց հիշատակին հուշարձան կանգնեցվեց:

Օգոստոսի 25-ի առավոտյան ժամը 7-ին մարտական առաջադրանքը կատարված էր: Դեպի Իրանի խորքը տանող ճանապարհները բաց էին բանակային խոշոր կազմավորումների համար:

Բայց սրանք ընդամենը պատերազմի առաջին ամիսներն էին: Մինչև 1945-ի մայիսը դեռ փորձությունների երկար ճանապարհ կար և օրերի անվերջանալի մի շղթա` լի մաքառումներով, կորուստներով ու քաջությամբ:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆՌազմաճակատ մեկնելուց առաջ-1941 թ. Երևան

ՊԱՅԹՅՈՒՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ

21 Հկտ

1958 թվականի սեպտեմբերի 2-ին Սասնաշեն գյուղի երկնքում ուժգին պայթյուն որոտաց: Փողոց դուրս եկած բնակիչները ամպերից ցած նկատեցին այրվող ինքնաթիռը և նրա շուրջը պտույտներ գործող կործանիչների: Լսվում էին նաև կրակոցի ձայներ: Իսկ հետո հսկայական մետաղե թռչունը ներքև սուրաց ու ջախջախվեց մոտակա դաշտերում: Այգիներում աշխատող մարդիկ շտապեցին դեպի աղետի վայրը` հուսալով, որ դեռ կկարողանան ինչ-որ մեկին օգնել: Բայց ամեն ինչ արդեն անօգուտ էր: Մինչ սարսափած գյուղացիները փորձում էին հասկանալ, թե ինչ կարող էր պատահած լինել, Սասնաշեն ժամանեցին պետական անվտանգության աշխատակիցներն ու զինվորականները: Երկնքում երկար ժամանակ հերթապահում էին ռազմական կործանիչները: Տեղանքն անմիջապես շրջափակվեց: Դեպքի վայրը մանրակրկիտ հետազոտելուց հետո համազգեստավոր «հյուրերը» գյուղացիներին խստագույնս պատվիրեցին ոչ մեկին ոչինչ չասել կատարվածի մասին: Այդ լռությունը պիտի ձգվեր մի քանի տասնամյակ…25aa382572e9e7611b87617d00db2187

1990-ականների սկզբին, երբ բացվեցին գաղտնի արխիվները, բազում այլ նյութերի շարքում հայտնվեցին առաջին տեղեկությունները «Սասնաշենյան միջադեպի» մասին: Խոսեցին նաև ականատեսները, և հետզհետե գծագրվեց դրամատիկ իրադարձությունների այն ողջ շղթան, որ եզրափակվեց ողբերգական պայթյունով:

Եվ այսպես, 1958 թ. սեպտեմբերի 2-ի առավոտյան Թուրքիայի Ինջիրլիկ ավիաբազայից երկինք բարձրացավ ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող լրտեսական C-130A ինքնաթիռը: Այն ուղղություն վերցրեց դեպի թուրք-սովետական սահմանը: Ռադիոլոկացիոն կայանները ժամը 15 անց 06 րոպեին պետական սահմանի խախտում արձանագրեցին Լենինականի հատվածում, 10 հազար մետր բարձրության վրա: Սահմանախախտին որսալու համար անմիջապես Երևանից և Լենինականից օդ բարձրացան հերթապահություն իրականացնող չորս ՄԻԳ-17 կործանիչներ: Սկզբում նրանք փորձում էին լրտես-ինքնաթիռին ստիպել` գնալ վայրէջքի: Սակայն վերջինս չէր պատասխանում ազդանշաններին: ՄԻԳ-երից մեկը լուսարձակ փամփուշտներով նախազգուշական կրակ բացեց: Դրանից հետո ամերիկյան «Հերկուլեսը» պտույտ կատարեց և այս անգամ սկսեց թռչել դեպի Երևան: Ավելի ուշ ռազմական փորձագետները պիտի արձանագրեին, որ այդ քայլով անկոչ հյուրերը իրենց համար մահվան դատավճիռ կայացրեցին: Բանն այն է, որ ԶՈՒ հրամանատարական կետում թռիչքի ուղղության փոփոխությունը գնահատվեց ոչ այլ կերպ, քան իրական վտանգ մայրաքաղաքի համար: Եվ այդ ժամանակ հրաման տրվեց ամեն գնով ոչնչացնել սահմանախախտ ինքնաթիռը: Լենինականից 44 կիլոմետր հարավ` Սասնաշեն գյուղի մերձակայքում ՄԻԳ-երը կրակ բացեցին: Խոցված ինքնաթիռն ընկավ բնակավայրից 200 մետր հյուսիս: Զոհվեց 17 հոգի, այդ թվում` անձնակազմի 6 անդամներ և հետախուզական համակարգի 11 օպերատորներ:pVceu4FuRkE

Մի քանի օր անց ԽՍՀՄ Արտաքին գործերի մինիստրությունը Միացյալ Նահանգների իշխանություններին բողոքի նոտա հղեց, ուր մասնավորապես ասվում էր, որ ինքնաթիռի անկման վայրում հայտնաբերվել են միայն անձնակազմի 6 անդամների մարմինները և որ պատրաստ են բավարարել ամերիկյան կողմի խնդրանքը` զոհվածների աճյունները հանձնել հարազատներին: Միաժամանակ կատարվածը գնահատվում էր իբրև միտումնավոր պրովոկացիա:

Այս պատմությունը` խաղարկված «սառը պատերազմի» կանոններով և ունենալով նույնպիսի վախճան, ինչպես իր նախորդները, չէր կարող անհետևանք մնալ: Մարդիկ, ովքեր դեռ նոր էին թոթափել անցած պատերազմի ծանր բեռը ու խորհրդային պրոպագանդայի պայմաններում ամեն օր լսում էին «իմպերիալիզմի կամակատար» Թուրքիայից սպառնացող վտանգի մասին, հենց թուրքական կողմից եկած օդանավի հայտնության մեջ վատ նախանշաններ էին տեսնում:

Հատկանշական է, որ ամերիկյան կողմն էլ ամեն կերպ խուսափում էր պատասխանել այն հարցին, թե իր ինքնաթիռն ի՞նչ էր փնտրում Հայաստանի տարածքում: Շրջանառության մեջ դրվեց մի վարկած, համաձայն որի Ադանայից Տրապիզոն, իսկ այնուհետև Վան թռչող ինքնաթիռը պարզապես մոլորվել և թյուրիմացաբար էր հատել ԽՍՀՄ սահմանը: Սակայն նման վարկածին հավատալու որևէ հիմք չկար թեկուզ այն պատճառով, որ հիշյալ դեպքից ընդամենը երկու ամիս առաջ, իսկ ավելի ճիշտ` 1958 թ. հունիսի 27-ին ամերիկյան մեկ այլ` C-118 «Liftmaster» տիպի լրտեսական ինքնաթիռ Երևանից 30 կմ. հարավ դարձյալ մուտք էր գործել Հայաստանի օդային տարածք, և միայն սահմանապահ ինքնաթիռները ստիպեցին նրան վայրէջք կատարել դաշտային օդանավակայանում: Լրտեսներից ոմանք օգտվեցին պարաշյուտներից, մյուսները ձերբակալվեցին տեղում: Իսկ եթե հավելենք նաև, որ 1950-83 թթ. ԽՍՀՄ տարածքում ոչնչացվել է 27 «մոլորված» լրտեսական ինքնաթիռ, իսկ 60-ին հարկադրել են վայրէջք կատարել, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա:c130rh53

Բայց արի ու տես, որ նույնիսկ այս պարագայում ամերիկյան կողմը չէր զլացել որոշակի հերոսականության երանգներ հաղորդել իր օդաչուների արարքին` պնդելով, թե անկման պահին անձնակազմն ամեն բան արել էր, որ ինքնաթիռը չընկներ Սասնաշեն գյուղի տների վրա: Ի դեպ, որոշ ականատեսներ հետագայում պնդում էին, որ ինքնաթիռի բեկորների մեջ նրանց հաջողվել է գտնել մեծ քանակությամբ թանկարժեք ժամացույցներ և ոսկեղեն, ինչը միամիտ գյուղացիներին հիմք էր տվել ենթադրելու, թե իբր օտար ինքնաթիռը հումանիտար բեռ էր տեղափոխում…

Ինչևէ, անցան տարիներ և, ինչպես պատահում է սովորաբար, այս անգամ էլ հայերը բոլորից առաջ ընկան ու ինքնաթիռի վթարի վայրում հուշակոթող կանգնեցրին: Կոթողի վրա փորագրված էին մտքեր ազատության ձգտումների մասին: Թե 1958-ի սեպտեմբերին կատարված իրադարձություններից հատկապես ո՞րն էր միտված ազատության ձեռքբերմանը, դժվար է ասել: Իսկ 1993-ին Հայաստան ժամանեցին ամերիկյան բանակի ներկայացուցիչները: Նրանք պեղումներ կատարեցին վթարի վայրում, հայտնաբերեցին մյուս 11 հոգու մնացորդները, ինչպես նաև անձնական իրեր: Պատահարից ճիշտ 40 տարի հետո 1998 թ.  սեպտեմբերի 2-ին զոհվածները թաղվեցին Վերջինիայում` Առլինգտոնի գերեզմանատանը:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆusairmen

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԼԵՈՆԻԴ ԲՐԵԺՆԵՎԻՆ

30 Օգս

22.01.1968 թ.
Երևան
Մեծարգո Լեոնիդ Ւլյիչ
Մոտ օրերս լրանում է իմ 88 տարին և նախքան այս աշխարհից հեռանալը ցանկություն ունեմ ոտք դնել այն հողի վրա, որտեղից դուրս են եկել իմ նախնիները:
Դրանք միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակներն են, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահման կազմող Ախուրյան գետի հանդիպակաց ափին: Դա` համաշխարհային նշանակության ճարտարապետական այդ հուշարձանը, իմ ժողովրդի հպարտությունն է և սեփականությունը: Հինգ քառակուսի կիլոմետր տարածքը, որը զբաղեցնում են Անի քաղաքի ավերակները, մեծ չէ, բայց այդ փոքր հողակտորը հանդիսանում է Հայաստանի սրբավայրը:
Ես ողջ ժողովրդի անունից, ողջ քաղաքակիրթ մարդկության անունից խնդրում եմ Ձեզ, վերադարձրեք Անին մայր հայրենիքի գիրկը, թույլ միք տա նրան վերջնականապես անհետանալ օտարերկրյա տիրապետության հարվածների տակ:
Փրկեցե՛ք Անին և շնորհակալ հայ ժողովուրդը ողջ աշխարհի առջև դարեդար կհատուցի Ձեզ խորին երախտագիտությամբ և հիացմունքով:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
Լենինյան մրցանակի դափնեկիր:

Օգնություն՝ ըստ համակրանքի

25 Հկտ

Դժբախտությունը ևս քաղաքականության բաղադրիչը կարող է լինել: Պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ խոշոր աղետների ժամանակ նույնիսկ թշնամի երկրները մոռացության են տվել հին գժտություններն ու հակասությունները՝ միավորվելով հետևանքները հաղթահարելու համար: Դա խիստ մարդկային է, հետևաբար ձերբազատված այն հարցից, թե դա որքանով է ճիշտ կամ որքանով է սխալ: Այդ իսկ պատճառով էլ միանգամայն բնական ընկալվեց Հայաստանի արձագանքը, երբ հոկտեմբերի 23-ի Թուրքիայի հզոր երկրաշարժից անմիջապես հետո իր պատրաստակամությունը հայտնեց օգնության ձեռք մեկնել հարևանին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պետական այցով գտնվում էր Մոսկվայում, շտապ ցավակցական հեռագիր հղեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, ուր, մասնավորապես, ասված էր. «Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ և հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն և անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»: Պատասխանի չսպասելով, նույն օրը Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցավ օպերատիվ նիստ և հայտարարվեց, որ մեր փրկարարները յուրաքանչյուր պահի պատրաստ են Թուրքիա մեկնել՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: «Մենք պարտավոր ենք օգնություն տրամադրել մեր հարևաններին: Թուրքական կողմի համաձայնության դեպքում մենք երկրաշարժի էպիկենտրոն կուղարկենք փրկարարների ու հրշեջ փրկարարների»,-նշեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ի դեպ, դրա նախադեպն արդեն կար: Հայաստանն աջակցել էր Թուրքիային 1999 և 2000 թվականների աղետների ժամանակ:
Անկարայի արձագանքն ուշանում էր: Եվ մեր երկիրը հաջորդ օրը կրկնեց իր առաջարկը: Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Կրեմլից զանգահարեցին Աբդուլլահ Գյուլին: Առաջինը խոսեց Դմիտրի Մեդվեդևը, ցավակցել Գյուլին, ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել և այնուհետև հեռախոսը փոխանցեց Սերժ Սարգսյանին, ով վերստին ընդգծել, թե Հայաստանի փրկարար ջոկատները պատրաստ են օգնության հասնել ցանկացած պահի: Թուրքիայի նախագահը պատասխանեց, որ Հայաստանի օգնության առաջարկը տեսել է համացանցում և շնորհակալություն հայտնեց առաջարկի համար: Մինչ այդ արդեն հայտնի էր, որ թուրքերին օգնություն էին առաջարկել նաև Իսրայելը, Ադրբեջանը, Հունաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան:
Բայց հետո տարածվեց Reuters գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, թե Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետևանքները, բայց միևնույն ժամանակ շնորհակալություն էր հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ Հայաստանին ու Իսրայելին, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց: Նման պատասխանը հայերին չվշտացրեց: Եթե թուրքերը համոզված էին, որ կարող են միայնակ գլուխ հանել, թող լիներ այդպես: Սա այն դեպքը չէր, երբ պիտի ինչ-որ բան պարտադրվեր, թեև, օրինակ, Իսրայելն այլ կերպ էր մտածում, և թուրքերի մերժման մասին Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարեց. «Ես ապշած եմ, որ Թուրքիային պետք չէ մեր օգնությունը»:
Նախարարի զարմանքն առաջին հայացքից կարող էր տարօրինակ թվալ: Սակայն շատ չանցած ամեն բան պարզ դարձավ: Առաջինը հաղորդվեց այն մասին, որ Ադրբեջանը երեք ինքնաթիռ օգնություն, 145 փրկարարներ ու շներ է ուղարկել Վան: Օդանավերը հաջողությամբ վայրէջք էին կատարել Վանի օդանավակայանում, որի մասին նախապես ասվում էր, թե իբր մեծապես տուժել է երկրաշարժից: Դրանից հետո հայտնի դարձավ, որ մի քանի խումբ փրկարարներ ու մարդասիրական օգնություն է ուղարկել նաև Իրանը, իսկ այդ երկրի Արևմտյան Ատրպատական նահանգը պատրաստակամություն էր հայտնել բուժման համար ընդունելու տուժածներին: Շատ չանցած ադրբեջանցիներին և իրանցիներին միացավ նաև Պակիստանը:
Սա արդեն ոչ միայն հետաքրքրական էր, այլև բացատրություն էր պահանջում: Ընդ որում, բացատրության կարիք զգում էին ոչ միայն մերժված երկրները, այլև թուրքերից շատերը: Այդ տրամադրություններն անմիջապես թափանցեցին մամուլի էջեր, իսկ թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը փորձեց պատճառները պարզել հենց ԱԳ նախարարությունից: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում պարբերականի հարցին ի պատասխան ասացին. «Ադրբեջանն ու Պակիստանն օգնություն են ուղարկել առանց հարցնելու։ Այնպես որ, մենք չէինք կարող չընդունել արդեն իսկ ուղարկված օգնությունը»։
Հեշտ էր նկատել, որ ԱԳՆ-ի պատասխանն առնվազն տարօրինակ էր թեկուզ այն պարզ պատճառով, որ բոլորին, այդ թվում Թուրքիային է հայտնի. օգնություն ուղարկելու համար ստացող կողմի հետ նախ պետք է լուծել տեխնիկական հարցեր, իսկ դրանք լուծվել չեն կարող, քանի դեռ չկա ընդունող կողմի համաձայնությունը: «Այս ծանր պահին անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր հղեց Աբդուլլահ Գյուլին` օգնություն առաջարկելով: Թել-Ավիվը ևս անտարբեր չմնաց: Բայց անհասկանալի պատճառներով Անկարան ընդունեց միայն Ադրբեջանի ու Պակիստանի օգնությունը»,- գրում էր «Հյուրրիյեթ» օրաթերթը՝ հրաշալի հասկանալով ասվածի բուն պատճառները:
Եվ այնուամենայնիվ, ինչու՞ Թուրքիան մերժեց արտաքին օգնությունը: Մեր և Իսրայելի պարագայում այդ հարցը քիչ թե շատ հասկանալի է: Իսկ մյուսնե՞րը: Թուրքերը պնդում են, որ իրենց հնարավորությունները թույլ են տալիս սեփական ուժերով հաղթահարել հետևանքները: Բայց ահա վերջին օրերի մամուլը ողողված է հրապարակումներով, ուր ասվում է, որ տեղի փրկարարները ստիպված են աշխատել «պրիմիտիվ պայմաններում»՝ առանց համապատասխան տեխնիկական հագեցվածության, առանց սննդի, ջրի, բժշկական պարագաների: «Մենք պարզունակ գործիքներ ենք օգտագործում, հիմնականում սարքեր ու տեխնիկա չունենք»,- ասել էր փրկարարներից մեկը Hurriyet Daily News-ի լրագրողի հետ զրույցում: Մեկ այլ աղբյուր գրել էր, որ փլատակների տակ մեռնում են մարդիկ, իսկ օգնական ուժերը բավարար չեն նրանց փրկելու համար:
Այսքանից հետո այլ բան չի մնում, քան ենթադրել, որ Անկարան նույնիսկ ծայրահեղ իրավիճակներում շարունակում է առաջնորդվել հակակրանքներով ու համակրանքներով: Մյուս կողմից շատերի ուշադրությունից չվրիպեց այն փաստը, որ երկրաշարժը տեղի էր ունեցել մի տարածաշրջանում, որը սովորաբար փակ է օտար աչքի համար: Այստեղ բնակչության ճնշող մեծամասնությունը քրդեր են, հենց այս գավառներում են տեղի ունենում ամենաարյունալի բախումները քուրդ գրոհայինների ու թուրքական բանակի ստորաբաժանումների միջև, և տարիներ շարունակ երկրի այս հատվածում արտակարգ դրություն է հայտարարված: Գուցե Թուրքիան չցանկացա՞վ օտարներին ի ցույց դնել իր ներքին կյանքի այդ քողարկված պատկերը, որը աղետի ու անիշխանության պայմաններում կարող էր շատ ավելի ցցուն ներկայանալ: Իսկ ահա արյունակից եղբայր ադրբեջանցիներից ու պակիստանցիներից նա թեևս գաղտնիքներ չունի: Վերջիններս դա ոչ միայն գիտեն, այլև մասնակիցն են համատեղ պայքարի:
Ինչևէ: Մեզ համար Թուրքիային պատուհասած աղետը շարունակվում է դիտվել սոսկ մարդկային ողբերգության տեսանկյունից: Հայ-թուրքական հարաբերությունների սառնությունը կարիք չունի ջերմանալու այս կարգի «խթանիչներով» և ոչ էլ փակ սահմանները պիտի փլուզվեն երկրակեղևի ցնցումներից: Պարզապես ոչ ոք երաշխավորված չէ նման արհավիրքներից, և յուրաքանչյուր անգամ դրանք պիտի հիշեցնեն, թե որքան դժվար է միայնակ կրել աղետի բեռը և որքան կարևոր է միասնական ուժը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կրիտիկական օրերի հաշվեկշիռը

11 Օգս

Սիրիայում ծավալվող իրադարձությունների համատեսքում հասունանում են լարվածության նոր ու պայթյունավտանգ օջախներ, և դրանցից առավել ընդգծվածը Թուրքիա-Իրան մրցակցությունն է: Ու երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դամասկոսից վերադառնալուց անմիջապես հետո հայտարարեց, թե մոտակա մի քանի օրերը «կրիտիկական» կլինեն և կկանխորոշեն Թուրքիայի հետագա գործողությունները, ապա նրա խոսքերը միայն Սիրիա- Թուրքիա հարաբերություններին չէին վերաբերում: Իրավիճակի ծայրահեղությունը, ըստ Անկարայի, առաջին հերթին պիտի առնչվի Իրանի պահվածքին, որը ներկա պահին պատրաստ է գնալ մինչև վերջ, սակայն ոչ մի գնով իր դաշնակից Սիրիային մերկ ձեռքերով չի հանձնի հարևանների ու Արևմուտքի «տնօրինությանը»: Եվ խնդիրն այստեղ սոսկ տարածաշրջանում եղանակ ձևավորող երկու երկրների հավակնությունների մասին չէ, այլ այն հավասարակշռության խախտման, ինչի հաշվին երկար տարիներ պահպանվում էր ենթադրյալ կայունությունը:
Այս իմաստով վերջին զարգացումները միանգամայն համապատասխանում էին ասվածի տրամաբանությանը: Այն պահից ի վեր, երբ Թուրքիան որոշեց գնալ կտրուկ գործողությունների և Դավիթօղլուի միջոցով իր կոշտ վերջնագիրը փոխանցեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` նախազգուշացնելով, թե վերջինիս Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը կրկնելու վտանգն է սպառնում, Սիրիան իր հերթին թուրքերին հասկացրեց, որ Անկարան «վճռական պատասխան» կստանա, եթե Դավութօղլուն Դամասկոս ժամանի խիստ ուղերձով: Ի վերջո հանդիպումը կայացավ, և 6 ժամ տևած զրույցից հետո Դավութօղլուն Սիրիայից ձեռնունայն վերադարձավ։ Ավելին, Թուրքիայի ԱԳ նախարարին Դամասկոսի օդանավակայանում դիմավորել էին փոխնախարարի մակարդակով, ինչը թուրքական կողմը որակեց որպես դիվանագիտական խայտառակություն։ Սակայն նվաստացումները թուրքերի համար ավելին չեն, քան արդյունքները: Իսկ դրանց հասնելու համար նրանք պատրաստ են հնարավորինս խտացնել գույները, ինչն էլ այս օրերին հաջողությամբ անում էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը` հայտարարելով, թե` «Մեր համբերությունը հատվում է»: Էրդողանի խոսքով` Սիրիայում կատարվածը Թուրքիայի համար «ներքին խնդիր է», քանի որ երկու երկրներն ունեն 850 կիլոմետրանոց սահման, հարազատներ, պատմական ու մշակութային կապեր: Մինչդեռ Սիրիայի համար մեծագույն վիրավորանք է հարևանի համար «ներքին խնդիր» համարվելը, իսկ նա դեռևս իրեն այնքան անպաշտպան չի զգում, որ գնա զիջումների: Այս առումով թուրքերն իսկապես ծիծաղելի վիճակում հայտնվեցին, երբ Դավիթօղլուի վերադարձից հետո լուր տարածվեց, թե իբր Ասադը սահմանամերձ Համա քաղաքից հանել է տանկերը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անմիջապես շտապեց ավետել, որ դա տեղի է ունեցել Անկարայի իրականացրած ջանքերի արդյունքում։ Սակայն հաշված ժամեր անց հայտնի դարձավ, որ սիրիական տանկերը ներխուժել են Թուրքիայի սահմանից 30 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Տաֆնատազ և դրան հարակից Սերմին քաղաքները: Իսկ սա այլ բան չէր, քան բացահայտ մարտահրավեր:
Հիմա արդեն շատ ավելի հավանական է թվում, որ մոտակա ժամանակներս Սիրիայում գտնվող թուրքական ընկերությունները դուրս գան այդ երկրից։ Թուրքիան կարող է նաև ետ կանչել իր դեսպանին և աջակցել ՄԱԿ-ում Սիրիայի դեմ ավելի կոշտ միջոցների կիրառմանը:
Իհարկե, միանգամայն հնարավոր էր նաև, որ թուրքերը կյանքի կոչեին ամերիկացիների վաղեմի երազանքը` ուղղակի առճակատման մեջ մտնեին սիրիացիների հետ, առավել ևս, որ սահմանին տեղակայված թուրքական զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության էին բերվել, իսկ այդ ընթացքում էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն կանխատեսել էր, թե իրադարձությունները կարող են հանգեցնել թուրքական և սիրական զորքերի միջև բախումների: Ճիշտ էր նկատել անգլիական «The Telegraph»-ի վերլուծականը, երբ գրել էր, որ «ռազմական ունակությամբ, ազգային անվտանգության հնարավորություններով և շահավետ աշխարհագրական դիրքով Թուրքիան Սիրիայի վրա հարձակվելու համար միակ ամենահարմար երկիրն է»: Բայց արի ու տես, որ ծրագրերն այդպես էլ կարող են ծրագրեր մնալ, քանի որ առկա է մի լուրջ հակազդեցություն և դրա անունն է Իրան:
Սիրիայի վաղեմի դաշնակից Իրանը հրաշալի հասկանում է, որ Դամասկոսի պարտության դեպքում հաջորդը լինելու է ինքը, իսկ վտանգը հեռացնելու միակ տարբերակը ամեն գնով Սիրիային աջակցելն է: Օրերս Իրանի հեղափոխության պահապանների բանակի կայքէջում հայտնվեց մի հաղորդում, որտեղ ասվում էր, թե ԱՄՆ-ի ու Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական միջամտության պարագայում Իրաքի Քուրդիստանը նոր Աֆղանստանի կվերածվի։ «Եթե թուրքական բանակը մտնի Սիրիա, մենք պատերազմ կհայտարարենք Թուրքիային և մեր ամբողջ ռազմական ուժով կաջակցենք Սիրիային»,- գրված էր այնտեղ: Նշենք, որ համանման սպառնալիքներն առաջին անգամը չէ, որ հնչում են: Ավելի վաղ լիբանանյան մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Իրանը կհարվածի Թուրքիային, եթե վերջինս ներխուժի Սիրիա, իսկ այս տարվա հունիսին, երբ Բաշար ալ–Ասադը հանդիպեց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, Սիրիայի առաջնորդը բողոքել էր, թե Թուրքիան փորձում է «հաճոյանալ Արևմուտքին» և Անկարային մեղադրել էր «պատեհապաշտության» մեջ։ Ասադի բողոքը լսելուց հետո Թեհրանն Անկարային ուղղակիորեն զգուշացրել էր, որ եթե ՆԱՏՕ–ն հարձակվի Սիրիայի վրա, ապա Թուրքիան իր տարածքում չպետք է հյուրընկալի Հյուսիսատլանտյան դաշինքի զինվորներին, հակառակ դեպքում Իրանը սպառնացել էր հարվածել Թուրքիայի տարածքում տեղակայված ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի կառույցներին:
Սրանք հենց այնպես ասված սպառնալիքներ չեն: Իրանը թույլ չի տա, որ Սիրիան ԱՄՆ քաղաքականության հերթական զոհը դառնա, և կմոբիլիզացնի բոլոր ջանքերը, որ Սիրիային դուրս բերի դժվարին կացությունից: Այս իմաստով միանգամայն անկեղծ է ԻԻՀ Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալահեթդին Բորուջերդին, երբ ասում է, որ Իրանի կառավարության առջև Սիրիայի առնչությամբ այլընտրանք չկա: «Մեր առջև ընտրություն է` կամ Սիրիան հանձնել Ամերիկայի հայեցողությանը և ՆԱՏՕ-ին հնարավորություն ընձեռել հնարած պատրվակով հարձակվելու Սիրիայի վրա` դրանով իսկ ավելացնելով իսլամական աշխարհի ողբերգությունը, կամ օգնություն ցուցաբերել Սիրիային, որպեսզի այդ երկրում հակամարտություններին վերջ տրվի»,- նշել է նա:
Ահա այսպիսին է պաշտոնական Թեհրանի կեցվածքը, որին չվստահել ներկա պահին չի կարելի: Եվ երբ Դավութօղլուն ասում է, որ սիրիական խնդրում վրա է հասել կրիտիկական պահը, վերջինս անկասկած այդ բառերն արտասանելիս մի պահ հայացք է ձգում դեպի արևելք: Երկու ճակատում հակամարտելուն Անկարան անկասկած պատրատ չէ, որքան էլ մեծ լինի նրա ախորժակը և որքան էլ ուժգին լինեն արտաքին ճնշումները: Եվ այս պարագայում կրիտաիկական պահը բացառապես վերաբերում է հենց Թուրքիային:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պարտվածները հեռանում են, հաղթողներ չկան

1 Օգս

Թուրքիայում հետընտրական ցնցումների թիվն ավելացավ ևս մեկով` հրաժարական տվեց այդ երկրի ողջ ռազմական ղեկավարությունը: Իրենց պաշտոնները լքեցին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի, օդուժի և նավատորմի հրամանատարները: Նման բան Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ արձանագրվում էր առաջին անգամ։ Բայց ասել, թե պատահածն անսպասելի էր ու անակնկալի բերեց երկրի քաղաքական իշխանություններին, ճիշտ չի լինի: Իրավիճակը վաղուց ի վեր հասունացած էր: Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ բանակային ղեկավարությունը լուրջ տարաձայնություններ ուներ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Եվ եթե համբերության բաժակը լցնող վերջին կաթիլի համար առիթ դարձան այն տարաձայնությունները, որոնք ի հայտ եկան բանակային բարձրագույն պաշտոնների նոր նշանակումների շուրջ, ապա դրանից շատ առաջ էլ զինուժի նկատմամբ թուրքական կառավարության հետևողական քաղաքականությունը հուշում էր, որ դա վաղ թե ուշ պիտի հանգեցներ խզման, և նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը սա նախատեսել էին:
Թուրք հանրությանն առավելապես ցնցեց երկրի ազդեցիկ անձանցից մեկի՝ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Սեբահաթթին Իսիկ Կոշաների հրաժարականը։ Վերջինս այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ Թուրքիայում հայտարարվեց, թե բացահայտվել էր զինվորականների կողմից պատրաստվող դավադրությունը: Իսկ այսօր արդեն Կոշաները հայտարարում է, որ իրենց հեռանալը պայմանավորված է բանակային սպաների մեծաթիվ ձերբակալություններով. «Այս պահի դրությամբ ձերբակալված զինվորականների թիվը կազմում է 250, որոնցից 77-ը պաշտոնաթող են։ Դրանց թվում են հայտնվել բազմաթիվ գեներալներ, ծովակալներ, սպաներ ու ենթասպաներ։ Այլևս անհնար էր հաշտվել այդ ապօրինությունների հետ։ Մամուլում ամեն տիպի կեղծիքների ու ստերի տարածման միջոցով հասարակական կարծիք են ձևավորում՝ զինված ուժերի ղեկավարությանը ներկայացնելով որպես հանցախումբ»,- ասում է նախկին շտաբի պետը: Միայն թե նրա խոսքերը իրական կացության սոսկ մի դրվագն են ներկայացնում: Ճշմարտությունն այն է, որ հակասությունները պայմանավորված են ոչ միայն 2003 թվականին զինվորական հեղաշրջման նախապատրաստման գործի հետաքննությամբ, այլև այն լարվածությամբ, որ տարիներ շարունակ եղել է աշխարհիկ պետության օգտին հանդես եկող բանակի ղեկավարության ու չափավոր իսլամիստական գաղափարներ դավանող քաղաքական թևի, մասնավորապես Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև: Ու բոլորովին պատահական չէր, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից շատ օրեր առաջ Taraf պարբերականն արդեն գրում էր, թե ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակի դեպքում հրաժարական է տալու Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Կոշաները: Նման բան կանխագուշակելու համար հարկ չկար պայծառատես լինել:
Կոշաները, որն ի դեպ, այնքան էլ բարի պտուղը չէ ու այս տարվա մայիսին կայացած մի միջոցառման ժամանակ հայրենասերներ էր անվանել հայերին ցեղասպանության ենթարկած երիտթուրքական պաշտոնյաներին ու դրա հետ մեկտեղ ակտիվ դերակատարություն ուներ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու գործում, իր պաշտոնավարման ընթացքում ամեն գնով պայքարում էր զինվորականների ազդեցության նվազեցում թույլ չտալու ուղղությամբ` այդ նպատակին ծառայեցնելով նույնիսկ Եվրամիության կողմից պահանջվող արևմտյան բարեփոխումների պատրվակը: Սակայն Անկարայում լավ են հիշում, թե ինչ է պատահում, երբ բանակը սկսում է դուրս գալ վերահսկողությունից, իրեն ավելի բարձր դասել ժողովրդավարությունից ու խորհրդարանից: Վկան` Թուրքիայի նորագույն պատմության բոլոր ռազմական հեղաշրջումները 1960, 1971 և 1980 թվականներին ու դեռ դրանց էլ գումարված 1997 թվականի ռազմական միջամտությունը, որն անվանում են հետմոդեռնիստական: Ու հիմա հրամկազմի հրաժարականը շատերը գնահատում են որպես քաղաքական լիցքաթափում: Սակայն նրանք կարծես թե շտապում են:
Միամտություն կլինի կարծելը, որ մի քանի զինվորականների հեռանալը պիտի նշանակի ճգնաժամի ավարտ: Նույնիսկ իշխանական վերնախավում այսօր կա այն տագնապը, թե բանակը դեռ կասի իր խոսքը։ Թուրքիայում բանակը միշտ էլ դիտվել է իբրև երկրի մարտնչող թևը, եթե չասենք, որ շատ դեպքերում հենց նա է կանխորոշել երկրի քաղաքականությունը։ Ու եթե այժմ նախագահ Գյուլն իր քաղաքացիներին հանգստացնում է` հավաստիացնելով, որ Թուրքիայում արտակարգ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ճգնաժամ չկա, նա լիովին անկեղծ չէ: Անկեղծ չէ նաև այն դեպքում, երբ պնդում է, թե հրաժարականն արտակարգ իրավիճակ է, սակայն ոչ իշխանության վակուում առաջ բերելու պայման։ Շատ ավելի արժանահավատ է փորձագետների այն տեսակետը, որ այս իրադարձությունները Թուրքիայի համար կստեղծեն մեծ խնդիրներ: Բանն այն է, որ զինված ուժեր ասվածը սոսկ անհնազանդ մարդկանց մի խմբակ չէ, որին զրկեցին իշխանությունից և այսուհետ ամեն բան կլինի այլ կերպ: Ոմանց կարծիքով, ներկայումս խոսքն ավելի շուտ զինված ուժերում կադրերի շրջափոխության, բարձրաստիճան զինվորականների մի խումբը մեկ ուրիշով փոխարինելու մասին է, քանի որ, ամեն բանից անկախ, Թուրքիայի քաղաքական վերնախավը մեծ հաշվով շահագրգռված է զինված ուժերի որոշակի ազդեցության ու հեղինակության պահպանմամբ: Բանակը հսկայական կարևորություն ունեցող գործոն է այդ երկրում, և խելահեղությանը հավասարազոր մի բան պիտի լինի ջախջախել այն կառույցը, որը երկրի նեսում անվտանգության ու հավասարակշռության կարևոր երաշխիք է: Այդ իսկ պատճառով էլ թե Էրդողանը և թե նրա համախոհները ոչ թե բանակին կզրկեն իր դիրքերից, այլ հոգ կտանեն, որպեսզի այդ ուժը առավելագույնս ենթակա լինի իրենց ու ծառայեցվի ընդհանուր շահերին: Ահա նման համատեքստում անհիմն են բոլոր այն պնդումները, թե իբր սպայակազմի հրաժարականներից հետո Թուրքիայում սկսվեց ժողովրդավարությունը։
Արդեն հայտնի է, որ Թուրքիայի Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար: Իսկ այսօր տեղի է ունենալու Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը, որը կոչված է լուծելու Գլխավոր շտաբի պետի և մյուս առանցքային պաշտոնների հավակնորդների հարցը։ Մինչ այդ Էրդողանն ասել էր, թե ինքը դեմ է լինելու այն սպաների պաշտոնները բարձրացնելուն, որոնց ինքը կասկածում է իր կառավարությունը տապալելու փորձերին մասնակցելու մեջ։ Կարծիք կա, որ հենց Նեջդեթ Օզելն էլ կդառնա Գլխավոր շտաբի պետ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հետընտրական Թուրքիայի դեմքը

14 Հնս

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Ռեջեփ Էրդողանի կուսակցության հաղթանակը որքան էլ կանխատեսելի էր, սակայն սա դեռ չի նշանակում, թե այսուհետ ևս այդ երկիրը շարունակելու է լինել նախկինի պես և իրագործելու է նույն քաղաքականությունը, ինչ որդեգրել էր մինչ այժմ: Ընդհակառակը, երրորդ անգամ անընդմեջ հաղթանակն իր հետ բերում է միանգամայն նոր ծրագրեր, առաջ շարժվելու հնարավորություններ, փոփոխություններ իրականացնելու միտումներ: Իսկ ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա ընտրողների առավելագուն քվեները վաստակած իշխող կուսակցության համար արդեն իսկ պարզ է, որ նոր խորհրդարանը ուժերի հարաբերակցությամբ լինելու է փոքր-ինչ ավելի հավասարակշտված և, ինչն էական է, արևմտամետ:
Եթե խոսելու լինենք թվերի լեզվով, ապա Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանը կրկին հյուրընկալում է 4 կուսակցության: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օրենսդիր մարմին կմտնի 326 պատգամավորով` նախորդ 341-ի փոխարեն: Սա, ինչ խոսք, զգալի անկում է, մի բան, որ չես ասի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության մասին: Վերջինս նոր խորհրդարանում արդեն կներկայացնի 135 պատգամավոր` նախորդ 112-ի փոխարեն: Լուրջ հաղթանակ պետք է որակել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ձեռքբերումը: Նրանք նախորդ խորհրդարանում ներկայացված էին 22 պատգամավորով, իսկ այժմ քրդերի թիվը կհասնի 36-ի: Մեկ հատկանշական հավելում ևս. թուրքական խորհրդարանի շուրջ 60 տարվա պատմության մեջ առաջին քրիստոնյա թեկնածուն է ոտք դնելու այնտեղ: Դա ազգությամբ ասորի Էրոլ Դոռանն է:
Նրանք, ովքեր այժմ սպասում են արագ զարգացումների, ամենայն հավանականությամբ մի փոքր կհիասթափվեն, քանի որ առջևում հետընտրական խմորումներն են: Դրանք կլինեն բուռն, կուղեկցվեն ներքին օրակարգի վերանայումներով, սակայն այդ ծանրաբեռնված ընթացքը ամեն պարագայում ընթանալու է երկու հիմնական ուղղություններով: Դրանցից առաջինը լինելու է իշխանական կուսակցության կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հարցը, իսկ երկրորդը, որ եղել է ու կմնա իբրև հրատապ գործոն, «քրդական խնդիրն» է:
Դեռ օրեր առաջ Էրդողանն ու նրա համակիրները փոքր-ինչ այլ կերպ էին պատկերացնում երկրի հիմնական օրենքը վերաձևելու հնարավորությունը: Այժմ արդեն հստակ է, որ նրանց ծրագրերը էական շտկումների անհրաժեշտություն են զգալու: Բանն այն է, որ թեև վարչապետի կուսակցությունը հաղթանակ է տարել, սակայն չի ապահովել պատգամավորական քվեների այն քանակը, ինչը թույլ կտար միանձնյա անցկացնել սահմանադրական փոփոխությունները: Ձայների այս հարաբերակցության պայմաններում Էրդողանին այլ բան չի մնում, քան գնալ փոխզիջումների և այդ գնով ապահովել իրեն անհրաժեշտ 367 քվեները: Այլ կերպ ասած, «Արդարություն և զարգացում» կուսակցության 327 պատգամավորներ ստիպված են գտնել ևս 40 համախոհների:
Սակայն մի կողմ թողնենք Թուրքիայի ներքին հոգսերը և վերադառնանք մեր ակնկալիքներին, քանի որ հարավային հարևանի հետ չլուծված խնդիրներն այսպես թե այնպես հիշեցնելու են իրենց գոյության մասին: Եվ քանի որ շատերը հունիսի 12-ի ընտրություններն իբրև սահմանագիծ էին դիտում հետագա հստակեցումների համար, ապա միանգամայն բնական է, որ կանխատեսումներն այն մասին, թե ընտրություններից հետո Թուրքիան վերստին կվերադառնա հայ-թուրքական սառեցված հարաբերություններին, այսօր նոր շունչ են ստանում: Ավելորդ չէ մեկ անգամ ևս վերհիշել, որ վերլուծաբանների շրջանակներում կար տեսակետ, թե Թուրքիայի իշխող կուսակցությունը վերջին ամիսներին հակահայկական հռետորությունն օգտագործում էր սոսկ նախընտրական նպատակներով, իսկ սա ենթադրում էր, որ ընտրություններում տարած հաղթանակից հետո նրանք այնուամենայնիվ կխաղաղվեն ու կվերադառնան այնքան չարչրկված հայ-թուրքական արձանագրություններին:
Հարևան երկրների մերձեցման կասեցված գործընթացի վերակենդանացման հնարավորությանը մեկ անգամ չէ, որ անցնում է նմանատիպ փորձություններով: Իր ստորագրման օրից ի վեր հայ-թուրքական արձանագրությունը նախ շրջանցեց Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի փուլը, ապա դրա ավարտից անմիջապես հետո սկսվեց խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը, և ամեն անգամ հնարավորության չափաբաժինը նվազում էր, իսկ կողմերի դիրքորոշումներում բարի կամքի դրսևորումն իր տեղը զիջում էր համառ սկզբունքայնությանը: Միակ հուսադրող բանը թերևս մնացել էր այն, որ, համաձայն շրջանառվող լուրերի, ընթանում էին հայ-թուրքական գաղտնի բանակցություններ, որոնք պիտի հող նախապատրաստեն հետագա բացահայտ առնչությունների համար: Միայն թե այժմ հայկական կողմը պիտի հաշվի առնին, որ Էրդողանի ազատ գործելու հնարավորությունները սահմանափակվել են, և նա այսուհետ ստիպված կլինի լեզու գտնել ընդդիմադիր կուսակցությունների հետ կամ, ծայրահեղ դեպքում, ապավինել քուրդ անկախ պատգամավորների բարեհաճությանը: Իսկ սա արագ չի լինի: Կպահանջվի նվազագույնը մի քանի ամիս, մինչև որ Թուրքիան նպատակահարմար կգտնի վերադառնալ հայկական խնդրին: Բայց նույնիսկ այդ պարագայում ելքը մեզ համար կարևոր է: Այս ընթացքում Հայաստանն էլ իր հերթին վերջնականապես հստակեցնի, թե արդյո՞ք Թուրքիան մտադիր է վավերացնել այդ արձանագրությունները: Եթե վերստին մեջտեղ բերվի նախապայմաններ առաջադրելու մարտավարությունը, ապա Երևանում կարող են հանգիստ խղճով լվանալ ձեռքերը և անկատար փաստաթղթերը հանձնել պատմությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թուրքիայի, թե՞ Էրդողանի ընտրությունները

26 Մյս

Այս օրերին Թուրքիան գլխովին թաղված է նախընտրական թոհուբոհում: Հունիսին 12-ին այդ երկրում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Դրանք կլինեն թվով 17-րդը, որոնց արդյունքում կձևավորվի հանրապետության 61-րդ կառավարությունը: Եվ արդեն իսկ ակնհայտ է, որ քարոզարշավն ու պայքարն ընթանալու են կոպիտ մեթոդներով, առանց ավելորդ նրբանկատության ու զիջումների: Դրան նպաստող հանգամանքներից մեկն էլ այն է, որ Թուրքիայում գոյություն ունի աշխարհում ամենաբարձր ընտրական շեմը` 10 տոկոսի սահմանագիծը, իսկ դա մեծ տհաճություն պիտի պատճառի այն փոքր կուսակցություններին, որոնց ուժերը չեն ներում խորհրդարան մտնել կամ առավելագույնս ներգրավվել քաղաքական գործընթացներում:
Քաղաքական այս կարևորագույն միջոցառումն արդեն իսկ աչքի է ընկնում իր մի քանի առանձնահատուկություններով: Նախ, 1982 թ. սահմանադրության ընդունումից ի վեր առաջին անգամ դրանք լինելու են ոչ թե արտահերթ, այլ հերթական: Սա արտաքուստ կարող է ներքին վիճակի կայունության տպավորություն թողնել իրական անկայուն ֆոնի վրա: Մյուս կողմից պետք է նկատել, որ երկրի արտաքին քաղաքականության դաշտում պահպանվող անորոշությունն իր անդրադարձն է ունենում ընտրազանգվածի `ապագայի հանդեպ պատկերացումների վրա: Արևմուտքի հետ հարաբերություններում շատ կարևոր բաներ դեռևս թերի են, Եվրամիությանը ինտեգրվելու ցանկությունները ոչ մի քայլ առաջ չեն շարժվել և որպես դրա հետևանք առկախված են ստանձնած պարտավորությունների մեծ մասը: Բարդ են շփումները հարևանների` մասնավորապես Իսրայելի և Հայաստանի հետ, իսկ եղածին էլ գումարվել է Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի անվերջանալի հեղաշրջումների ալիքը` իշխանափոխություններով հանդերձ: Ահա նման ոչ նպաստավոր մթնոլորտի պայմաններում էլ Թուրքիան գնում է իր համար բախտորոշ ընտրությունների:
Համաձայն այդ երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալների, այս անգամ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 27 կուսակցություններ` պայքարելով Ազգային Մեծ ժողովի 500 մանդատներից յուրաքանչյուրի համար: Ներկա պահին ուժեղագույն հավակնորդների ցանկում են «Արդարություն և զարգացում», «Խաղաղություն և ժողովրդավարություն», Ժողովրդահանրապետական, Բանվորական, և «Ազգային շարժում» կուսակցությունները: Ու թեև դեռ վաղ է վերջնական պատկերի մասին ենթադրություններ անելու համար, բայց և այնպես, հաշվի առնելով հասարակական կարծիքը, կարելի է որոշ նկատառումներ շարադրել:
Առաջինը, որ անմիջապես աչքի է զարնում, մեծ անակնկալները բացառելու Թուրքիայի քաղաքացիների համոզվածությունն է: Այժմ այստեղ նախկինի պես չեն հարցնում, թե որ քաղաքական ուժը կհաղթի, այլ լավագույն դեպքում կարող են հետաքրքրություն հանդես բերել այն խնդրի առնչությամբ, թե քանի՞ կուսակցություն կանցնի խորհրդարան, և, որն ամենաէականն է, քանի՞ մանդատի կտիրանա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Այլ խոսքերով ասած, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն շարունակում է մնալ ընտրությունների ֆավորիտը:
Դրա համար կան մի քանի ծանրակշիռ պատճառներ: Նախ, ԱԶԿ-ն Թուրքիան ղեկավարում է արդեն 8 ու կես տարի: Դա երկրի համար չափազանց բարձր ցուցանիշ է: Եթե նրանք դարձյալ հաղթեն, այսինքն Էրդողանի կառավարությունը ևս 4 տարի պաշտոնավարի, ապա այդ քաղաքական ուժը Թուրքիայի նորագույն պատմության մեջ ամենաերկարակյացի դափնին կարող է նվաճել: Ի սկզբանե դավանելով այսպես կոչված «պահպանողական ժողովրդավարության» ուղղությունը, Էրդողանն ու իր համակիրները ստանձնեցին հանրությանը քաղաքական իսլամից հեռու պահելու մարտավարությունը: Նրանք բացեիբաց քննադատության էին ենթարկում քեմալականության ժառանգությունը, արմատականության յուրաքանչյուր հոռի դրսևորում, փորձում մարդկանց բացատրել դրանց բացասական հետևանքները Թուրքիայի ապագայի համար: Նաև ԱԶԿ-ն էր, որ չխուսափեց առճակատման գնալ Զինված ուժերի վերնախավի հետ` նպատակ ունենալով ամեն գնով նվազագույնի հասցնել բանակի ու դատաիրավական համակարգի ներգործությունը քաղաքական գործընթացների վրա:
Մյուս կողմից Էրդողանի թիմն այսօր իրավունք ունի հայտարարելու, որ հատկապես իրենց ջանքերով Թուրքիան տնտեսական աճի ցուցանիշներով Եվրոպայում զբաղեցրեց առաջին տեղը, ինչպես նաև նախընտրական խոստումի կարգով հավաստիացնել, թե Թուրքիայի հիմնադրման 100-րդ տարեդարձին պատրաստ են երկրն ընդգրկել աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրների տասնյակում` ներկայիս 16-րդի փոխարեն, իսկ գյուղատնտեսությունը դարձնել աշխարհում 5-րդը: Սակայն դրա համար նախ և առաջ հաղթել է պետք, ընդ որում, ոչ թե սովորական հաղթանակ, այլ այս անգամ արդեն` բացարձակ: ԱԶԿ-ն դա պատկերացնում է հետրյալ կերպ` մեջլիսում շահել առնվազն 367 մանդատ, այսինքն եղածի երկու երրորդը, ինչը հնարավորություն կտա նրանց խորհրդարանում անցկացնելու ցանկացած օրինագիծ: Իսկ այդ հանգամանքը առաջին հերթին կանաչ լույս կվառի սահմանադրության փոփոխության ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին:
Նկատենք նաև, որ ԱԶԿ-ն և նրա առաջնորդն այսօր արդեն իսկ ավելի հեռուներն են դիտում: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում 2012 թ. գարնանը սպասվում են նախագահական ընտրություններ: Շատ վերլուծաբաններ արդեն հիմա կանխատեսում են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կդառնա երկրի ղեկավարի թեկնածուն իշխող կուսակցությունից: Էրդողանը նման հեռանկարին սկզբունքորեն դեմ չէ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Խղճի արթնացման էվոլյուցիան

24 Մյս

Իսրայելի խորհրդարանի (Կնեսետի) որոշումը` քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ամեն դեպքում անսպասելի էր, թեև դրա համար կային բոլոր նախադրյալները և նման հնարավորության մասին խոսվում էր վաղուց: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, թե նախկինում հրեաներն ինչպիսի համառությամբ էին շրջանցում այս հարցին անդրադառնալու բոլոր փորձերը, տպավորություն էր ձևավորվել, որ Եղեռնի թեմայի նկատմամբ այդ երկրում կիրառվող տաբուն կլինի անժամկետ: Այժմ կարծես թե հոռետեսության ամպերը հետզհետե ցրվում են, իսկ Կնեսետն իր հերթին այս ընթացքում կատարեց առաջին շոշափելի քայլը`ընդունելով հայկական հարցը խորհրդարանի կրթության հանձնաժողովին փոխանցելու` «Մերեց» կուսակցության առաջարկը։ Սրան կողմ քվեարկեցին նիստին մասնակցող 20 պատգամավորները, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչները: Եթե հիշյալ հանձնաժողովը նույնպես դրական եզրակացության հանգի, ապա նախագիծը կվերադառնա լիագումար նիստ, և այն ժամանակ արդեն հույսերն այն մասին, թե առաջիկա ամիսներին կամ տարվա ընթացքում Ցեղասպանության ճանաչումը Իսրայելում կարող է իրականություն դառնալ, այնքան էլ աննյութական չեն լինի:
Առայժմ բոլորի ուշադրությունը բևեռված է հրեական օրենսդիր մարմնում առկա տրամադրությունների (կամ ավելի ճիշտ կլինի ասել` տրամադրությունների շրջադարձային փոփոխության) վրա: Հատկանշական է, որ կայացած նիստի ժամանակ ելույթ ունեցողները առանձնակի շեշտադրությամբ են նշել, թե Թուրքիայի հետ Իսրայելի ներկա հարաբերությունները չպետք է պատճառ դառնան, որ Իսրայելը չճանաչի պատմական իրողությունը: Նույնիսկ Իսրայելի Կնեսետում մեծամասնություն կազմող խորհրդարանական կոալիցիայի նախագահ Էլկինն է հարկ համարել շարադրել իր տեսակետը` արտասանելով հիրավի պատմական մտքեր: «Իսրայել պետությունը, որը ողջ աշխարհից պահանջում է պատմական արդարության ճանաչումն ու բարոյական չափանիշների հարգումը, չի կարող գործել այդ կոչերին հակառակ՝ ղեկավարվելով միայն նեղ քաղաքական նկատառումներով: Ժամանակն է եկել վերջ դնելու Թուրքիային սիրաշահելու քաղաքականությանը և, վերջիվերջո, հայտարարել հայերի ցեղասպանության մասին: Հրեական պետությունը պետք է լիներ առաջինը պաշտոնապես ճանաչած երկրների շարքում: Ցավոք սրտի, Իսրայելը Արևմուտքի վերջին երկրներից է, որը մինչ օրս դա չի արել: Բայց ավելի լավ է ուշ, քան երբեք»,- հայտարարել է նա:
Հրեա քաղաքական մտքի արթնացած խիղճը ակնհայտորեն պիտի ապշեցներ բոլոր նրանց, ովքեր քաջածանոթ էին այս շահարկված ու չարչրկված նյութի նախապատմությանը: Հայտնի է, որ նախկինում խորհրդարանը որոշել էր հարցը քննարկել պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Իսկ այդ հանձնաժողովն իր նիստերը գումարում է դռնփակ: Սա հարուցում էր մտահոգություն, որ նման պայմաններում հարցը քննարկման դնելով` հանձնաժողովը վերստին կառաջնորդվեր ինչ-ինչ քաղաքական նկատառումներով ու կարող էր Ցեղասպանության հարցի ճանաչման վերաբերյալ բացասական կարծիք տալ խորհրդարանին: Այժմ, դատելով արդեն տեղի ունեցած դեպքերից և քննարկումներից, որին մասնակցեցին նաեւ Կնեսետի ղեկավարը, իշխող քաղաքական կոալիցիայի նախագահը, երկրի քաղաքական վերնախավում նախօրոք ձևավորվել էին բարենպաստ պայմաններ ցեղասպանության ճանաչման խնդիրը գոնե մինչև այս հանգրվան բարեհաջող առաջ մղելու համար:
Ինչ խոսք, չի կարելի ուրանալ, որ եղածը նաև տեղի հայ լոբբիստների տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է: Սակայն ոչ մի կերպ չնսեմացնելով նրանց վաստակը, այնուամենայնիվ պետք է մնանք այն խորին համոզմանը, որ առաջընթացի առյուծի բաժինը ընկնում է իրավիճակային փոփոխություններին և առաջին հերթին Իսրայել-Թուրքիա հարաբերությունների արդի բնույթին: Պաշտոնական Թել Ավիվը իր գործողություններով որևէ կասկած չի թողնում, որ ցեղասպանության ճանաչման հարցը սկսել է օգտագործել որպես Թուրքիայի իշխանություններին ուղղված սպառնալից նախազգուշացում: Այլ կերպ ասած, եթե դիտարկելու լինենք լայն ասպեկտով, ապա նույնիսկ կարող ենք պնդել, որ այդ քայլին մղող դրդապատճառները մեծ հաշվով որևէ ընդհանուր բան չունեն ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման և ոչ էլ Հայաստան-Իսրայել հարաբերությունների հետ։ Ինչպես արդեն շատ անգամներ և շատ երկրների գործողություններում ենք տեսել, իսրայելցիները նույնպես մեր խնդիրը վերածում են մի դագանակի, որով պիտի հարվածեն թուրքերին` նրանց հավակնություններն ու ոտնձգությունները սաստելու համար: Իսկ հայկական կողմին այլ բան չի մնում, քան աչք փակել բարոյական շերտերի առաջ և հուսալ, որ նպատակը կարդարացնի միջոցները:
Այս իմաստով շատ ավելի լավատեսները նույնիսկ շտապում են մեծ-մեծ ծրագրեր կանխատեսել ապագայի համար: Նրանք ենթադրում են, որ Իսրայելի կողմից Ցեղասպանության հարցի ճանաչմանը կարող են հաջորդել այնպիսի ուշագրավ զարգացումներ, ինչպես, օրինակ, Իսրայել-Հայաստան փոխհարաբերությունների ջերմացում, դիվանագիտական կապերի ամրապնդում, և այդ բոլորն, իհարկե, ի նպաստ Հայաստանի: Էլ ավելի ընդգծված երևականության տեր դիտորդները համոզված են, որ հրեաների քայլը կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից ճանաչման գործընթաց սկսելուն, քանի որ հրեական լոբբիստները մեծ ազդեցություն ունեն ամերիկյան կառավարությունում: Սակայն վառ ցանկություններից այն կողմ իրողությունն է, համաձայն որի Իսրայելի քաղաքական գործիչները գիտեն, թե ինչ է հետևելու դրան, թե ինչպես է դա ազդելու Իսրայելի տնտեսության և անվտանգության վրա: Եվ ուրեմն իմաստ կա այս անգամ վաղվա օրվան նայել հրեաների աչքերով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երբ մոտենում է X օրը

23 Մրտ

Ավանդույթն այս անգամ էլ չի խախտվելու: Ամեն տարվա պես ապրիլի 24-ին ընդառաջ հայ-թուրքական հարաբերությունները ձեռք են բերելու առավելագույնս լարված և սուր բնույթ: Կողմերից յուրաքանչյուրը ջանալու է հատկապես այդ օրը դարձնել իր իրավացիությունն ապացուցելու կարևորագույն պահ: Սակայն տարբեր են լինելու նրանց մոտեցման ձևերը, դիրքորոշումների հակոտնյա բնույթը թելադրելու է միանգամայն այլ գործողությունների շղթա: Հատկանշական է հատկապես այն, որ այս տարի թուրքական կողմը ժամանակից առաջ ընկավ, և արդեն իսկ հայտարարել է, թե այդ երկրի 6 քաղաքներում ապրիլի 24-ին նախատեսված են միջոցառումներ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Առաջին հայացքից անսովոր է հնչում նման ձևակերպումը հենց թուրքերի շուրթերից: Ավելին, եղածից զատ ծրագրված են նաև Ստամբուլում անցկացնել հայերին ու հայոց պատմությանը վերաբերող մի շարք այլ քննարկումներ, մասնավորապես` կգումարվի «Ադանայի կոտորածներ» խորագրով գիտաժողովը: Տեղի լրատվամիջոցները շտապեցին հաղորդել, որ դրանց կազմակերպիչները այն նույն մարդիկ են, ովքեր ժամանակին Թուրքիայում նախաձեռնեցին «Ներեք մեզ, հայեր» անվանումը կրող ակցիան, և որ հասարակության միայն փոքր մասն է կիսում վերջիններիս գաղափարները:
Ամեն դեպքում, երևույթն ինքնին կարելի էր բացառիկ կոչել` անկախ թվաքանակից, եթե չլիներ այն իրողության գիտակցումը, որ նույնիսկ այս պարագայում միջոցառումների կազմակերպիչներն աջակցում են միայն ու միայն Թուրքիայի շահերին: Քաղաքակրթված երկրի իմիջի նորաստեղծ դիմանկարի վրա այսպիսի մի ցցուն վրձնահարվածը իսկապես կարող է նշանակալիորեն նպաստել Թուրքիայի վարկի բարձրացմանը: Սակայն այս բոլորը` անփորձ աչքի համար: Իսկ նրանք, ովքեր հասկանում են խաղի բնույթը, գիտեն նաև այն մասին, որ սա, ինչպես ասում են, եղածի տեսանելի մասն է: Մյուս մասը` անտեսանելին, կկիրառվի ճիշտ հակառակ ուղղությամբ և հակառակ նպատակների համար: Դրանցից առաջինն, ինչ խոսք, շարունակում է մնալ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կասեցնելու նպատակով բոլոր հնարավոր դիվանագիտական ու քաղաքական լծակների գործադրումը: Համաձայն օրերս ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած տվյալների, միայն անցյալ տարի Թուրքիան Վաշինգտոնում իր դեսպանատան միջոցով 3,3 մլն դոլար է փոխանցել 7 լոբբիստական կազմակերպությունների հաշվին` հայկական արշավը խոչընդոտելու նպատակով: Ընթացիկ տարին ևս բացառություն չի լինի: Եվ Անկարայի պաշտոնյաններն արդեն իսկ ուշի-ուշով հետևում են, թե ինչ է կատարվում Վաշինգտոնում: Հատուկ այդ նպատակի համար ԱՄՆ մեկնած թուրք նախարար Էգեմեն Բաղըշը հիմա լրագրողների այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ կան ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր նախագծի ներկայացման շուրջ, անթաքույց ուրախությամբ պատասխանում է. «Ես այդ խնդրում որևէ ակտիվություն չեմ նկատել։ Մեր դեսպանի, աշխատանքային ընկերների ու ԱՄՆ-ի թուրքական միությունների համատեղ ջանքերը ժամանակին կարողացել են տալ իրենց արդյունքը, երբ հայկական նախագիծը օրակարգում էր հայտնվել։ Տհաճ կլինի, որ այդ անիմաստ նախագիծը կրկին օրակարգ վերադառնա։ Բացի այդ մեր ամերիկացի բարեկամներն այդ խնդրում հստակ տեղյակ են մեր վերաբերմունքի մասին»:
Ինչ վերաբերում է վերաբերմունքին և դրանից բխող հետևանքներին, ապա վերջին ժամանակներս մասնագետներն արձանագրեցին Թուրքայի նոր մարտավարությունը, այլ կերպ ասած` ցեղասպանության հերքման նորագույն մեթոդը, որի իմաստն այսուհետ լինելու է ոչ այնքան դրա կտրական ժխտումը, որքան աղավաղումն ու արդարացումը: Գիտակցելով, որ ամեն պարագայում անհնար պիտի լինի լիովին հերքել Մեծ Եղեռնի փաստը, թուրքերը այսօր «ռացիոնալացնում են» ցեղասպանությունը` իրենց սուբյեկտիվ բացատրությունները հրամցնելով եղելության առթիվ: Թուրք պատմաբաններն ու քաղաքական գործիչները ավելի հաճախ են սկսել ասել, որ այո, ցավոք, հազարավոր հայեր են մահացել, բայց դա եղել է պատերազմի հետևանքը: Նրանք նվազեցնում են զոհերի թիվը, մատնացույց են անում անցյալ դարասկզբի իրավիճակը, թվարկում են հայերի կողմից բոլոր հայտնի ու անհայտ ապստամբությունները, և արդյունքում ձևավորվում է այն ցանկալի դաշտը, որտեղ յուրաքանչյուր գործողություն ու հակազդեցություն այսպես թե այնպես արդարացված էր:
Գալով հայկական վերաբերմունքի մեջ նշմարվող տեղաշարժերին, պետք է նկատել, որ մեզ մոտ ևս ամեն ինչ չէ, որ անփոփոխ է: Այս օրերին հնարավոր է լսել գնահատականներ այն մասին, թե թուրքական ժխտողական քաղաքականությանը հակադարձելը խլում է մեր ներուժի ու գումարների հսկայական բաժինը, մինչդեռ դա կարելի էր գործադրել այլ` ոչ պակաս կարևոր նպատակների համար: Բայց սրա հետ մեկտեղ հարկ է խոստովանել, որ ըստ էության տվյալ խնդրում Թուրքիան մեզ ընտրություն չի թողնում: Հայաստանը կամա թե ակամա ստիպված է լինում պայքարել թուրքական քարոզչության դեմ: Ու որքան էլ մեր ջանքերի գնով ցեղասպանության մասին տեղեկացվածությունն աճ է արձանագրում, դրան զուգահեռ ապատեղեկատվությունն ավելանում է ոչ պակաս ակտիվ տեմպերով:
Խնդրի լուծման բանալին կողմերն այսօր արդեն չեն որոնում միայն անցյալ պատմության մեջ: Թուրքիան ներկայումս գերխնդիր ունի` մեր տարածաշրջանում դառնալ հաշտարարի, դատավորի ֆունկցիաներ կրող պետություն: Իսկ այս հավակնոտ քաղաքականությունը`միտված իր հեղինակության բարձրացմանը, չի կարող անհանգստություն չհարուցել: Հայաստանը դեռ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի հեղինակության աճի համար: Փաստը, որ հայ-թուրքական սահմանը փակ է, խանգարում է Թուրքիայի քաղաքականության առաջ մղմանը: Դրա հետ մեկտեղ Երևանում գերազանց հասկանում են, որ Թուրքիան չի կարող օբյեկտիվ լինել Հայաստանի հանդեպ, ուստի նրա ազդեցության ավելացումը կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու ձգտումները հայկական կողմի համար անթույլատրելի են: Այնպես որ ապրիլի 24-ի հանգամանքը ընդամենը մի դրվագ է հակասությունների տարողունակ ընթացքի հորձանուտում: Բայց նույնիսկ այդ միջանկյալ առճակատման դեպքում էլ կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջել իր դիրքերը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թուրքերը մտան Մոսկվա

17 Մրտ

Եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք մեկնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակություն բառն այս դեպքում շատ նեղ հասկացություն կարելի է դիտվել, քանի որ Էրդողանի հետ Մոսկվա են ժամանել ահռելի թվով թուրք պաշտոնյաներ, կառավարության անդամներ, ինչպես նաև մի քանի հարյուր գործարարներ: Զարմանալի չէ, որ այդ բազմամարդ ուղևորությունն առաջին բանն էր, ինչը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իսկ թուրքական թերթերը նույնիսկ գրեցին, թե այցը պատմական են համարում, քանի որ «ողջ կառավարությունը ժամանակավորապես տեղափոխվում է Ռուսաստան»: Սակայն այս հանգամանքը բոլորովին չի մտահոգել ռուսներին: Ինչպես ասում են, մեծ նպատակները մեծ զոհաբերումներ են պահանջում:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը որոշեց Էրդողանի հետ աշխատանքային ճաշը դարձնել Թուրքիայի վարչապետի այցի օրակարգի առաջին միջոցառումը: Մի սեղանի շուրջ երկու երկրների առաջնորդները քննարկեցին տնտեսական համագործակցությանը, այդ թվում էներգավառելիքային ոլորտին առնչվող հարցեր: Ժամանակը լիովին բավարար էր նաև անդրադառնալու տարածաշրջանային խնդիրներին, կարծիքներ փոխանակելու ինչպես Իրաքի, Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Այսօր Մեդվեդևի ու Էրդողանի բանակցությունները կշարունակվեն բարձր մակարդակի Համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում: Այդ նպատակի համար մոտ 200 թուրք գործարարների հետ Մոսկվա է եկել նաև Թուրքիայի արտաքին առևտրի գծով պետնախարար Զաֆեր Չաղլայանը, ով այժմ «Ուկրաինա» հյուրանոցում իրեն զգում է տանտիրոջ պես և այն համոզմանն է, որ երկու երկրների միջև հիշյալ խորհրդի ստեղծումը վկայում է նրանց տնտեսական բարձր կապերի մասին: Սպասելիքներն առավել քան մեծ են: Կողմերն այժմ նպատակադրվել են, որպեսզի ավելացնեն իրենց ներդրումների ծավալը` հասցնելով այն 7-ական միլիարդ դոլարի: Բայց սա դեռ բոլորը չէ: Ինչպես հայտնի է, Թուրքիան շինարարական մեծածավալ աշխատանքներ է իրականացնում ողջ աշխարհում, որի 18 տոկոսը միայն բաժին է ընկնում Ռուսաստանին: Վերջին 20 տարիներին Թուրքիան Ռուսաստանում իրականացրել է 33.7 միլիարդ դոլարի շինարարություն: Եվ ուրեմն ինչու՞ չպահպանել ու չբազմապատկել դրա տեմպերը:
Ռուսների գրկաբաց ընդունելությունը նույնպես իր շարժառիթներն ունի: Այստեղ ամենևին չեն թաքցնում, որ Թուրքիան Ռուսաստանի համար այնպիսի շահավետ առաջարկներ է պատրաստել, որոնցից իրենք պարզապես չեն կարող հրաժարվել: Արդեն թվարկվածներից զատ Մոսկվայում նրանք պատրաստվում են քննարկել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հարցեր: Ամենայն հավանականությամբ խոսք է լինելու նաև պաշտպանական ոլորտում փոխգործակցության մասին: Կարևորագույն խնդիրների շարքում հարկ է նշել այն փաստը, որ Թուրքիան պատրաստ է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ: Այդ մասին Էրդողանն արդեն հայտարարել է: «Մենք ցանկանում ենք լիովին հանել սահմանափակումները մեր երկրի բոլոր քաղաքացիների համար, թեև որոշ ուղղություններով ու որոշ խմբերի համար նման ռեժիմն արդեն գործում է»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Մոսկվայում բանակցող կողմերը չեն շրջանցի նաև իրադարձությունների թելադրանքով առաջին պլան մղված մտահոգությունները: Իսկ նման անհանգստության պատճառ կարող է դիտվել Ճապոնիայի աղետաբեր երկրաշարժը, ինչը Թուրքիայում անարձագանք չի մնացել: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի աջակցությամբ այդ երկրում կառուցվում է առաջին ատոմակայանը: Եվ այժմ Անկարան պատրաստվում է դիմել Ռուսաստանին` խնդրելով վերանայել ատոմակայանի անվտանգության համակարգին ներկայացվող պահանջները:
Ահա այս խիստ գործնական ու լարված շփումների ֆոնի վրա էլ ի հայտ է գալիս մի կնճիռ, որի սկզբնաղբյուրը Հայաստանում է: Բանն այն է, որ այսօր 1921 թվականի Մոսկվայի` ռուս-թուրքական պայմանագրի 90-րդ տարելիցն է: Այդ չարաբաստիկ պայմանագիրը, որի արդյունքում մեր երկիրը տրոհվեց, մինչ օրս շարունակում է մնալ հայ-թուրքական ու ռուս-հայկական հարաբերությունների մռայլ էջերում: Եվ այժմ Հայաստանում կարծում են, որ Էրդողանի այցի ամսաթվային համընկնումը բոլորովին էլ պատահականություն չէ և դա հատուկ է կազմակերպվել` հիշեցնելու Մոսկվայի ամոթալի պայմանագրի ստորագրումը։ Ավելին ասենք: Նույնիսկ կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ղարաբաղի հարցով Սոչիի բանակցություններից հետո Մոսկվայում ռուս-թուրքական զույգը համաձայնության կգա այն խնդրի շուրջ, թե ինչ է ստանալու Ադրբեջանը իր դիրքորոշումը մեղմացնելու դիմաց: Մի խոսքով, մի մեծ դավադրություն, որի արդյունքում ինչպես նախորդ, այնպես էլ այս դարասկզբին Հայաստանը կրկին հայտնվում է ռուս-թուրքական պայմանավորվածությունների թակարդում:
Թե որքանով է նման բացատրությունը հիմնավոր և ինչ է դրանից հետևում, դժվար է ասել: Բայց այս կարգի մտքերը հարուցեցին Մոսկվայի տարակուսանքը: Արձագանքելով հայերի մտահոգությանը, ռուսները շտապեցին պարզաբանել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Մոսկվա չի կարելի պայմանավորել պատմական ենթատեքստով: «Հնարավոր է, թուրքական կողմը պատմական ինչ-որ շեշտադրումներ մտածել է, սակայն նույնը չի կարելի ասել ռուսական կողմի մասին»,- հայտարարեց ռուսաստանյան Ռազավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, Ռուսաստանը որևէ կերպ ցանկություն չունի վիրավորել հայ ժողովրդի զգացմունքները: Իսկ ահա հայերը, պարզվում է, արդեն վիրավորվել են:
Ի դեպ, այսօրվա հետ համընկնող ևս մի տարելիցի մասին կարելի է խոսել: Լրանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարության 8-րդ տարին: Սակայն այս զուգադիպության առնչությամբ հայկական կողմը դեռևս որևէ առարկություն չի հնչեցրել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է»

10 Փտր

Քսենոֆոբիայի կամ ազգային անհանդուրժողականության նկատմամբ քաղաքակիրթ աշխարհի մերժողական վերաբերմունքը այդ աշխարհի դավանած արժեհամակարգի կարևորագույն դրույթներից մեկն է համարվում: Գոնե դրա մասին են հավաստում ամեն կարգի հռչակագրերը, օրենքները, սահմանադրություններն ու քաղաքական գործիչների ելույթները: Սակայն իրականությունը ոչ միշտ է հաշտ այն ամենի հետ, ինչ գրված է թղթի վրա, և լավագույն ցանկություններն էլ պահանջ ունեն ամրագրվելու շոշափելի ձեռքբերումներով: Ահա այստեղ է, որ խոսքի և իրականության տարբերությունը անանցանելի պատնեշի պես հառնում է` պարտադրելով մի նահանջ, ինչը ոչ այնքան մեղանչում է սկզբունքների առաջ, որքան վերագնահատման անհրաժեշտությամբ պայմանավորված շեղում, օտար տարրի հանդեպ բնազդային և իմունիտետային գործոնների պատասխան ռեակցիա` հանուն սեփական անվտանգության, ինքնապահպանման, կենցաղակերպի, սովորույթների և իրավունքների անխաթարության:
Իսլամական աշխարհն անվիճելիորեն այսօր հանդիսանում է Եվրոպայի և ընդհանրապես Արևմուտքի զգուշավոր, կանխակալ վերաբերմունքի հիմնական բևեռներից մեկը` ծնունդ տալով մի երևույթի, որի մասնագիտական եզրույթը «իսլամաֆոբիա» բառն է: «Իսլամաֆոբիան» առաջին անգամ գործածվեց 1922թ. արևելագետ Էթյեն Դինեի կողմից` նրա հեղինակած «Արևելքը Արևմուտքի աչքերով» էսսեում: Դինեի ցանկությունն էր ոչ միայն պատկերել իսլամի հանդեպ արմատավորված բացասական վերաբերմունքը, այլև հիմնավորել, որ դա գոյություն ուներ Եվրոպայի և մահմեդական աշխարհի միջև դարավոր հակամարտությունների պատճառով` խաչակրաց արշավանքների ժամանակներից մինչև գաղութատիրության դարաշրջանը:
Հետո մի որոշ ժամանակ այդ ժխտողականության մասին կարծես թե մոռացել էին կամ հարկ էին համարում հնարավորինս շրջանցել անցանկալի նյութը: Սակայն, ինչպես պարզվեց, «Իսլամաֆոբիա»-ին վիճակված չէր հիշողությունից լիովին ջնջել: Այն վերստին քաղաքական բառապաշար մտավ 1997թ.` բրիտանական Runnymede Trust հետազոտական կենտրոնի հրապարակած «Իսլամաֆոբիա. մարտահրավեր բոլորի համար» զեկույցի շնորհիվ: Հատկանշական է, որ այս անգամ արդեն իսլամաֆոբիան բնորոշվում էր որպես իսլամի նկատմամբ իռացիոնալ, անբացատրելի վախ ու ատելություն, որը տարածված է հասարակության համարյա բոլոր շերտերում: Ըստ դիտարկման հեղինակների, այն արտահայտվում է հետևյալ կերպ. իսլամն ընկալվում է ոչ թե իբրև Արևմուտքից տարբեր, այլ նրանից հետամնաց քաղաքակրթություն, իսկ մահմեդական մշակույթը` դոգմատիկ, քարացած, այլ դրսևորումների հանդեպ թշնամական, կնատյաց և օտարների համար սպառնալիք պարունակող երևույթ:
«Անբացատրելի» բառն այստեղ թերևս այնքան էլ տեղին չէ, քանզի ակնհնայտ է, որ յուրաքանչյուր ոք դրա համար ուներ ինչպես իր բացատրությունը, այնպես էլ հիմնավոր պատճառները: Եվ եթե նույնիսկ մասամբ ընդունենք, որ տվյալ պարագայում նշանակալի դեր էր խաղում այսպես կոչված
«հետերոստերեոտիպը» (այլ ազգերի մասին որևէ կոնկրետ ազգի մոտ գոյություն ունեցող կարծրացած պատկերացումը), ապա դրանից ոչ պակաս որոշիչ էր մնում անհանդուրժողականություն հարուցող նախադրյալների շարունակական աճն ու կրկնությունը, ինչն էլ իր հերթին հիմնավորում էր նախկին վերաբերմունքի անսխալականությունը:
Բայց կար ևս մի հատկանշական գիծ, որը երևույթին հաղորդում էր միանգամայն նոր որակ և ուղղվածություն: Բանն այն է, որ ամեն պարագայում իսլամաֆոբիան հակված էր կոնկրետացման, և վերջինիս ընտրությունը գերազանցապես կանգ էր առնում թուրքական էթնիկական հանրույթի վրա: Միանգամից ասենք, որ տվյալ ընտրությունը ոչ կամայական էր, ոչ էլ պատահական: Ստացվել էր այնպես, որ թուրքերն իրենց տեսակով մարմնավորում ու ընդգրկում էին բոլոր այն հիմնական հատկանիշները, որոնք թույլ էին տալիս նրանց դիտել իբրև տիպական օրինակ ամբողջի համատեքստում: Սա, իհարկե, չէր նշանակում ուրիշի մեղքի վերագրում կամ դեգրադացված պատկերացումների բարդում մեկ առանձին վերցրած ժողովրդի վրա: Մեծամասամբ հենց թուրքերն էլ վաստակում էին քամահրանքի ու ատելության բաժինը` միանգամայն արդարաբար ու ամենևին ոչ այն պատճառով, որ լայն առումով իսլամաֆոբիան կիրառվում էր նաև նրանց հանդեպ: Եվ այդ հակակրանքը ձգվում էր դարերով ու տասնամյակներով` փոխանցվելով ամենավերին օղակներից մինչև ամենաստորին շերտերը: Պատմությունը մեզ համար պահպանել էլ նմանօրինակ խորշանքի բազմաթիվ դասական օրինակներ` հերթական վկայություններն այն բանի, թե որքան խորն են արմատները և որքան փարթամ է դրա սաղարթը: Իր ժամանակին ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդը նախապատվելի էր համարում «սրբապիղծ թուրք» բնորոշումը: Կոմս Դե Վոլնեյի համար թուրքերն այլ բան չէին, քան «բոսֆորյան բարբարոսներ», «այն տգետ և այլասերված ազգը, որի դեմ ռուսների հարձակումը պետք է միայն խրախուսել»: 19-րդ դարի երկրորդ կեսի հայտնի բրիտանացի քաղաքական գործիչ Գլադստոնը թուրքերի մասին օգտագործում էր «զզվելի» բնորոշումը: Վերջինս «անկանխատեսելի թուրքի» դեմ իր ելույթներից մեկում ուղղակի հայտարարում էր, որ Օսմանյան կայսրությունն արժանի է «աշխարհի քարտեզից ջնջվելուն իբրև քաղաքակրթության խայտառակություն և մարդկության անեծք»: Այս կարծիքին երկու ձեռքով կողմ էր ֆրանսիացի պատմագետ Ժորժ Մորգանը, ով մի առիթով բացականչեց. «Որքան մեծ սխալ են թույլ տալիս նրանք, ովքեր հակառակ ամեն բանի, տակավին պնդում են, թե թուրք ժողովուրդը ուղղելի է, թե պետք չէ ջնջել նրա անունը քարտեզի վրայից»: Իմանուել Կանտը, խոսելով թուրքերի մասին, զերծ էր մնում ամեն կարգի փիլիսոփայական հիմնավորումներից. «Ժողովուրդի համար հայտնորոշ նկարագիր յուրացնելու տեսանկյունից Եվրոպական Թուրքիա կոչվածը երբեք չեղավ, և ոչ էլ պիտի լինի»,- պնդում էր նա: Իսկ Վիկտոր Հյուգոն այդ անհամատեղելիությունը փաստարկում էր գեղարվեստական խոսքով. «Այստեղով թուրքերն են անցել, քանզի չորս կողմը սուգ է ու ավեր»: Պրագմատիկ մտածողությամբ օժտվածների համար թուրքերի ներկայության մերժումը եղածին նոր որակներ էր հաղորդում: «Ո՞վ է առևտուր անում Թուրքիայում,- հարցնում էր Ֆրիդրիխ Էնգելսը և ինքն էլ տալիս էր այդ հարցի պատասխանը,- համենայնդեպս ոչ թուրքերը, հետևաբար, հեռացրեք բոլոր թուրքերին Եվրոպայից, առևտուրը դրանից երբեք չի տուժի»:
Նման մտայնությունը բավականին կենսունակ գտնվեց, և տասնամյակներ հետո համարյա նույն բանն էին կրկնում Արևմուտքի նորօրյա քաղաքական դեմքերը: Կար մի շրջան, երբ Թուրքիայի եվրոինտեգրացման իրողության դեմ արտահայտվողներն իրենց կարգախոս էին դարձրել Ֆրանսիայի նախկին նախագահ, ԵՄ միասնական սահմանադրության ստեղծող Վալերի Ժիսկար դ Էստենի միտքն այն մասին, թե «Թուրքիայի մուտքը ԵՄ կնշանակի Եվրոպայի վերջը, քանի որ Թուրքիայի մշակույթն այլ է, մոտեցումները տարբեր են, ապրելակերպը տարբեր է, նրա մայրաքաղաքը Եվրոպայում չէ, իսկ բնակչության 95%-ն ապրում է Եվրոպայի սահմաններից դուրս»: Հռչակավոր «նեոատլանտիզմ» ուսմունքի կնքահայր, ամերիկացի գիտնական Ս.Հանթինգթոնը, ելույթ ունենալով Ստամբուլում կայացած գիտաժողովում, հենց թուրքերի աչքերի մեջ նայելով հայտարարեց, որ իր կարծիքով` Թուրքիան եվրոպական երկիր չէ, ուստի «այնքան ժամանակ, քանի դեռ նման տեսակետները կմնան լայնորեն տարածված եվրոպական էլիտար շրջանակներում, Թուրքիայի` Եվրամիության անդամությունը կշարունակի մնալ անհնար»:
Օրինակներն ու բնորոշումները կարելի է մեջբերել անվերջորեն: Սակայն եղածն էլ բավարար է պատկերացում կազմելու, թե հակվածության անկյունը որքանով էր համահունչ դրա վրա ներգործող օբյեկտիվ իրականության հետ: Սրա հետ մեկտեղ նկատենք նաև, որ այս բոլոր կարծիքներում աչքի էր զարնում խիստ էական մի մոտեցում` հակաթուրքական այն նախատրամադրվածությունը, որն իր համար ամեն պարագայում հիմնավորումներ և փաստարկումներ է գտնում: Այսքանից հետո դրախտից վտարվածի բարդույթը պիտի անբաժանելի դառնար «զոհից», իսկ հալածման ջիղը պիտի լիներ շատ ավելի զգայուն, քան նախկինում էր: Ներկա քաղաքակիրթ հանրությունը, անկախ այն բանից` կխոստովանի դա, թե ոչ, այսօր դեռևս անկարող է ձերբազատվել վերոնշյալ կաշկանդվածությունից: Եվ, ընդհանրապես, թե թուրքական, թե իսլամական ուղղվածություն ունեցող կասկածամտությունը նորանոր սերմեր է նետում, ու առատ է դրա հունձքը: Իսկ այդ վերաբերմունքը երկկողմանի է: Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններից» մինչև դանիացի նկարիչ Կուրտ Վեստերգաարդի Մուհամեդի ծաղրանկարները, Ղուրանի հրապարակային հրկիզումներից մինչև Նյու Յորքի կենտրոնում մզկիթ կառուցելու դեմ հասարակական ընդվզումները, ռուս ազգայնականների ջարդարարությունից մինչև Փարիզի փողոցները կրակի մատնած մուսուլմանների կոչերը վկայությունն են միևնույն բանի` առճակատումը շուտափույթ ավարտ չունի: Իսկ եթե ասվածին էլ գումարենք սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ողբերգությունը, պատերազմները Իրաքում, Աֆղանստանում, 2004 թ. Մադրիդում գնացքի ռմբահարումն ու 2005 թ. լոնդոնյան ահաբեկչությունները, Հոլանդիայում 2004 թ. իսլամական ծայրահեղականի կողմից կինոռեժիսոր Թեո Վան Գոգի սպանությունը, որից հետո առավել քան 50 բռնություն և հարձակում է իրականացվել Հոլանդիայի մզկիթների վրա, ֆունդամենտալիստների այն բոլոր գործողությունները, որոնք համընդհանուր սարսափ են տարածում ողջ Արևմուտքում, ապա էթնիկ խմբերի փոխադարձ հակակրանքից պիտի որ արյան հոտ առնենք:
Սակայն վերադառնանք թուրքերին և փորձենք հասկանալ, թե ասված ու չասված ո՞ր ազդակների ներգործությունն է նրանց ներկայությունը տհաճ զգացողությունների աղբյուրի վերածել, և որո՞նք են հիվանդության այն ախտանիշները` ընդունակ քայքայելու որևէ ժողովրդի հեղինակության բոլոր հյուսվածքները, նրան ներկայացնելու իբրև անախորժ իրավիճակների հարուցիչի: Եթե անգամ մի կողմ թողնենք պատմության մռայլ էջերը, ապա մեր ժամանակների կտրվածքով վերստին պիտի տեսնենք, թե ինչպես են տարիներն անզոր գտնվել որևէ բան փոփոխելու: Այդ ժողովուրդը շարունակել է պահպանել իր նկրտումների բուն շրջանակը` ոչ այնքան կենսական տարածքներ նվաճելու հրամայականը, որքան ուրիշի ստեղծածն ու վաստակը հեշտորեն յուրացնելու մոլուցքը: Հայտնի է, որ ավելի քան հինգ տասնամյակ շարունակ Անկարան պայքարում է Եվրամիության անդամ դառնալու համար: Անդամակցության առաջին դիմում Թուրքիան ներկայացրել է 1959 թվականին, երբ դեռ գործում էր ԵՄ-ին նախորդող Եվրոպական Տնտեսական Համայնքը: Սակայն թուրքերն այդ ընթացքում չմնացին սոսկ համբերատար սպասողներ: Նրանց արտահոսքը Եվրոպա առանձնապես մեծ ծավալներ ձեռք բերեց 1960-ականներից սկսած, երբ էժան աշխատուժի կարգավիճակով հայտնվեցին սկզբում Գերմանիայում, իսկ այնուհետև` 1970-ականների սկզբներից արտագաղթեցին այլ երկրներ, մասնավորապես Հոլանդիա, Ֆրանսիա: Արդեն 1980-ականներին թուրք միգրանտների թիվն այնքան մեծ էր, որ տեղերում սկսեցին ձևավորվել համայնքները: Մայր երկրում անմիջապես նկատեցին ու գնահատեցին այդ տենդենցը: Շատ շուտով իրենց հայրենակիցների առավել ակտիվ զանգվածին Անկարան առատաձեռն օժանդակություն ցուցաբերեց ՝ խրախուսելով եվրոպական երկրներում բազմաթիվ միությունների ու կազմակերպությունների ստեղծմանը: Եվ այժմ նրանց քաղաքականցված հատվածը բոլորովին էլ դեմ չէ նշանակալի ազդեցություն ունենալու Եվրոպայի ներքին կյանքում:
Ցավոք, գոյություն չունի ճշգրիտ վիճակագրություն այն մասին, թե որքան է աշխարհով մեկ սփռված թուրքերի թիվը: Եղած հետազոտություններն ու հրապարակված պաշտոնական տեղեկագրերը սոսկ մոտավոր արդյունքներ կարող են ներկայացնել: Բայց նույնիսկ դա էլ բավարար է պատկերացում կազմելու համար, թե մոլորակի տարբեր անկյուններում Բոսֆորի ափերից ներթափանցած ինչպիսի ահռելի բեռ են կրում իրենց ուսերի վրա: Ըստ շրջանառվող տեղեկությունների, միայն Գերմանիայում շուրջ 3.5 միլիոնանոց թուրքական համայնք կա: Անգլիայում՝ 400 հազար թուրք է ապրում (չհաշված կիպրոսցի թուրքերին), Հոլանդիայում՝ 380 հազար, Ավստրիայում՝ 250 հազար, Բելգիայում՝ 200 հազար, Սաուդյան Արաբիայում՝ 120 հազար, Շվեյցարիայում՝ 100 հազար, Ռուսաստանում՝ 100 հազար, Շվեդիայում՝ 60 հազար, Դանիայում՝ 57 հազար, Ադրբեջանում՝ 50 հազար, Կանադայում՝ 50 հազար (դարձյալ չհաշված կիպրոսցիներին), Նորվեգիայում՝ 15 հազար, Իտալիայում՝ 13 հազար 500, Ճապոնիայում՝ 10 հազար Թուրքիայի քաղաքացի և այսպես շարունակ: Հիդրայի պես իր շոշափուկները տարածած այդ զանգվածը այլևս նախկին կրավորական, ինքնամփոփ, պահպանողական ամբողջությունը չէ, որին բնորոշ էր օտար կենվորի կարգավիճակը: Թե ինչի է վերածվել թուրքական սփյուռքը, դրա մասին որոշակի պատկերացում կազմելու համար բավական է բազում օրինակներից նշել ընդամենը մեկը. Նիդեռլանդների խորհրդարանում նրանք ունեն 3 պատգամավոր, իսկ տեղական կառավարման մարմիններում՝ 110 ներկայացուցիչ:
Ահա այս թուրքական ներկայություն է, որից զգուշանում և խորշում է քաղաքակիրթ հանրությունը: Այդ աշխարհի առավել արմատական հայացքների տեր խմբերն այսօր ահազանգ են հնչեցնում, և նրանց կարգախոսները միանգամայն համահունչ են ներքին պահանջներին: «Կամուրջներ դեպի իսլամ, թե՞ դարպաս արմատականությանը», «Հնարավորություն, թե՞ ռիսկ», «Պիտի հաշտվե՞նք այն մտքի հետ, որ հարյուր հազարավոր թուրքեր գրավելու են աշխատաշուկան», «Ի՞նչ է սպասում քրիստոնեական արժեքներ որդեգրած հանրությանը, եթե մահմեդական Թուրքիան եվրոպական ակումբ մտնի»,- հռետորական հարցադրումներ են վանկարկում նրանք` բոլոր դեպքերի համար ունենալով միևնույն պատասխանը. «Օտար մարմինը պետք է անհապաղ հեռացնել»: Եվ անկախ այն բանից` այդ անհամատեղելիությունը կկոչվի իսլամաֆոբիա, թե մեկ ուրիշ անունով, դրսևորումների դեպքերն ու քանակը ոչ միայն նվազման միտում չունեն, այլև վերջին շրջանում արտահայտվում էեն ամենաանսպասելի տեղերում և ամենաանսպասելի շուրթերից:
Երբ Բելգիայի հեռուստաալիքներից մեկով Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ, «Նոր Ֆլանդրիայի դաշինք» կուսակցության փոխնախագահ Ժան Պետեր Պեյմանսը ասաց, թե աշխարհի ամենազզվելի ժողովուրդը թուրքն է, ամենքն էլ հասկացան, որ քաղաքական սկանդալից խուսափել չի հաջողվի: Բայց այլ բան է վիրավորված կողմի բողոքը և մեկ այլ բան` սերտաճած պատկերացումը, ինչը հենց այնպես արմատներ չի նետում: Այսօրինակ մտքերի ու դեպքերի մի ամբողջ բազմազանություն մատուցեց աղմկահայրույց Wikileaks կայքէջը, երբ հրապարակ հանեց գաղտնի դիվանագիտական թղթարարության հազարավոր էջեր: Այնտեղից հանրությունը և առաջին հերթին թուրքերը տեղեկացան, որ, օրինակ, Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ զրույցում Թուրքիային անվանում է երկերեսանի և երկակի խաղ խաղացող: Իսկ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, նույն աղբյուրի համաձայն, Թուրքիայի ԵՄ անդամակցության առնչությամբ Վաշինգտոն է ուղարկվել մի փաստաթուղթ, որում ուղղակի հայտարարել է, թե պետք է «մուսուլմանական Թուրքիային հեռու պահել Եվրամիությունից, քանի որ վերջինիս մուտքը ԵՄ կթուլացնի Եվրոպայի քրիստոնեական միասնությունը»։
Նույնքան աններելի անկեղծություն էր հանդես բերել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին` ասելով, որ ուղղակի նողկում է Թուրքիայի Հանրապետության դրոշից։ Էքսցենտրիկ նախագահն իր հակակրանքը սանձահարելու համար պարզապես կարգադրել էր փոխել նախագահական ինքնաթիռի թռիչքի ուղղությունը, որպեսզի չտեսներ Թուրքիայի դրոշի գույներով զարդարված Էյֆելյան աշտարակը:
ԱՄՆ Պետքարտուղարության մեկ այլ փաստաթուղթ պատմում է այն մասին, թե ինչպես են ամերիկացի պաշտոնյաները կոչ արել Ֆրանսիայի նախագահին մեղմացնել իր վերաբերմունքը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում, ինչին Սարկոզին պատասխանել է, թե որքան էլ ծանր լինեն Թուրքիային ԵՄ անդամակցությունից հետ պահելու հետևանքները, ինքը, միևնույն է, դեմ է հանդես է գալու «Եվրամիությունում ևս 70 միլիոնանոց մահմեդականների հայտնվելուն»: Կրոնական պատկանելիության հիշատակումը և հատկապես Թուրքիայի պարագայում հարցի այդ կողմը շեշտելու փաստն արդեն իսկ ապացույցն է, որ քաղաքական շարժառիթների դերը եվրոպացիների համար մեծ հաշվով երկրորդական է, և նրանց իրական անհանգստությունների պատճառը բոլորովին այլ հարթության վրա է:
Գերմանիան նույնպես հստակորեն ընդդիմանում է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը եվրոպական ընտանիքին ու վերստին տեսնում ենք, որ երկկողմ հարաբերություններում առկա հիմնական կնճռոտ հարցը այդ երկրում ապրող բազմաքանակ թուրքական համայնքն է: Երբ երեք տարի առաջ Թուրքիայի վարչապետն անզգուշություն ցուցաբերեց և կոչ արեց իր հայրենակիցներին ամեն գնով պահպանել ինքնությունը, չձուլվել գերմանացիներին ու ազդել այդ երկրում ընդունվող որոշումների վրա, նրա հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց Բեռլինի քաղաքական շրջանակներում։ «Թուրքիայի վարչապետն ուզում է իր ներկայացուցիչներն ունենալ Գերմանիայում, մինչդեռ մեզ անհրաժեշտ են Գերմանիայի քաղաքացիներ»,- նրան հակադարձում էին պետական ու կուսակցական գործիչները` հանկարծ միաժամանակ մտաբերելով, որ ծագումով թուրք են Գերմանիայի խորհրդարանի 5 պատգամավորները, իսկ երկրի 82 մլն բնակչությունից շուրջ 7 մլն մուսուլմաններ են: Եթե վերջիններս մի փոքր էլ հետևողական գտնվեին, ապա կարող էին նաև ճշտել, որ ընդհանրապես Եվրամիության երկրներին արտասահմանցիներ «մատակարարելու» հարցում Թուրքիան վաղուց առաջին տեղն է զբաղեցնում: Այս երկրից դուրս եկածները կազմում են ԵՄ բոլոր երկրներում բնակվող օտարերկրացիների 8 տոկոսը:
Դրա մասին ժամանակին «Ռուսկայա Գերմանիա» պարբերականը առանց հավելյալ նրբանկատության գրում էր. «Թուրքիայում մշտապես դիտվում է ժողովրդագրական աճ, մեկ միլիոնից հետո ծնվում է հաջորդ միլիոնը, և միլիոնավոր թուրքեր հեղեղում են Եվրոպան: Թուրքիան Եվրոպա է արտահանում ոչ միայն սովորական ապրանքներ, այլև հենց թուրքերին: Եվրոպան չի հասցնում նրանց մարսել, ու պարզ չէ` արդյոք թո՞ւրքը կդառնա եվրոպացի, թե՞ Եվրոպան կդառնա թուրքական: Դա Եվրոպայի վրա կախված ամենամեծ վտանգներից մեկն է, և այդ վտանգը գիտակցում են Եվրոպայում»:
Այո, Եվրոպան այժմ իսկապես սկսել է գիտակցել սպառնալիքը, բայց նրա տագնապի զգացողությանը շարունակում է միախառնված մնալ թուրքերի հանդեպ պաթալոգիկ հակակրանքին: Ու եթե բուն շարժառիթը թաքցնելու համար ավելի հաճախ նրանք մեջբերում են այլ պատճառաբանություններ, ապա, միևնույն է, խնդրի ստորին շերտերը չտեսնելն անհնար է:
Անգլիայում թուրքական ներկայության անցանկալիությունը բրիտանական խորհրդարանի պատգամավոր Դեյվիդ Լամիի համար այս հիմնավորումն ունի. «Թուրքական բանդաների ակտիվությունը լուրջ խնդիր է լոնդոնյան փողոցների համար, և մենք պետք է արձագանքենք շատ ավելի կենտրոնացված: Մեզ պետք են թուրքերենին տիրապետող ավելի շատ ոստիկաններ, ովքեր կզբաղվեին այդ հիմնախնդրով: Մարդիկ վախեցած են: Բանդաները զբաղված են ռեկետով, փողերի լվացմամբ և քաղաքացիներին ահաբեկելով, ու մենք պետք է վերջ տանք այս ամենին.»,- ասում է նա:
Մեկ այլ անժխտելի մեղադրանք էլ այն է, որ Եվրոպայում թմրաբիզնեսի շուկայի 90 տոկոսը վերահսկում են թուրքերը։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2009 թվականին Եվրոպայում 110 տոննա հերոին և այլ տեսակի թմրանյութ է սպառվել, որի 85 տոկոսը ներկրվել է Թուրքիայի տարածքով։ Մի՞թե սա պակաս հիմնավորում է թուրքերին չհամակրելու համար:
Իսպանական «Ռեալ»-ի խաղացող Գուտին Ստամբուլում վթարի էր ենթարկվել, որից հետո ոստիկանատանը նա ուղղակի հայտարարել էր. «Թուրքերին չեմ սիրում։ Թողեք, ես Մադրիդ եմ գնում։ Այս քարտի վրայից վերցրեք իմ պատճառած վնասի գումարը և ինձ բաց թողեք»:
Ստամբուլի արդյունաբերական պալատի կազմակերպած 9-րդ արդյունաբերական կոնգրեսին մասնակցող Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆ. Ռիկարդո Հաուսմանը թուրքերին նմանեցրեց ամեն տեղ թռչկոտող կապիկների։ Նրա որակմամբ, շուկան ծառերի պես է, իսկ թուրքերը կապիկներ են, որոնք կարողանում են նվաճել շուկաները՝ ծառից ծառ թռչկոտելով։
Գերմանիայում ուսուցիչն արգելեց թուրք աշակերտին զուգարան գնալ՝ նշելով, որ վերջինս թուրք է և Գերմանիայում իրավունքներ չունի։ Դեպքը տեղի էր ունեցել Ներքին Սաքսոնիա նահանգի Բադենհաուսեն քաղաքում։
Հունաստանի իշխանությունները թուրք ապօրինի ներթափանցողների հոսքը համարում են «համաեվրոպական խնդիր», ու մտադիր են Թուրքիայի հետ սահմանին 206 կիլոմետրանոց պատ կառուցել: Հունաստանի նախաձեռությանը պատրաստ է հետևել Բուլղարիան, որտեղ որոշել են փշալար անցկացնել Թուրքայի հետ 142 կմ սահմանին:
Համաշխարհային մամուլի էջերում նմանատիպ իրավիճակների ու դեպքերի մասին կարելի է կարդալ համարյա ամեն օր: Հակաթուրքական հակվածության տարբեր դրսևորումները ի վերջո կուտակվում են մի ամբողջության մեջ, դառնում դիրքորոշում, վարվելաձև, մտածելակերպ: Սրանք նույն շղթայի տարբեր օղակներն են, շղթա, որ սեղմում է քաղաքակիրթ հանրույթի պարանոցը` նրան դարձնելով ոչ այնքան հանդուրժող և ոչ այնքան անկողմնակալ: Երբ Ավստրիայում Թուրքիայի դեսպան Թեզջանը Վիեննային մեղադրում է տեղաբնակ թուրքերի նկատմամբ անհարգալից մոտեցում ցուցաբերելու համար ու հայտարարում, թե Ավստրիայում իր հայրենակիցներին վերաբերվում են որպես «բացիլների», նրա այդ խոսքերի մեջ թերևս կա ճշմարտության հատիկ: «Դուք թուրքերին բնակեցնում եք միևնույն թաղամասերում` այդպիսով ստեղծելով գետտոներ: Ավստրիական ընտանիքները չեն ցանկանում այն դպրոցներն ուղարկել իրենց երեխաներին, որտեղ սովորում են փոքրամասնությունների երեխաները: Այսինքն թուրքերին այստեղ անկյուն են քշում: Նրանք ձեզնից ոչինչ չեն պահանջում, միայն չեն ցանկանում տեսնել, թե ինչպես են իրենց վերաբերվում որպես բացիլի»,- փրփրում է դեսպանը`որևէ կերպ չցանկանալով նաև խորամուխ լինել այն խնդրում, թե ինչն է նման տարբերակման նախապատճառը:
Այդ բանը թուրքերի փոխարեն անում են մյուսները: Այսօր արդեն մտավախություն կա, որ, ըստ տարբեր կանխատեսումների, 2025թ. Եվրոպայի մահմեդական բնակչությունը կկրկնապատկվի:
«Եթե պահպանվեն ծնելիության ներկայիս տեմպերը,- գրում է բրիտանացի ուսումնասիրող Թոմաս Բլենքլին իր «Արևմուտքի վերջին հնարավորությունը» գրքում,- եթե պահպանվի Եվրամիության արդի քաղաքականությունը, եթե պահպանվի ներկայիս անմիտ հանդուրժողականությունը չհանդուրժողների հանդեպ, եթե Եվրոպայի մտածելակերպը չփոխվի, ապա արևմտյան արժեքները և կենսակերպը դուրս կմղվեն Եվրոպայից արմատական իսլամի արժեքների կողմից»:
ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն նման դեպքերում չի զլանում շատ ավելի կոնկրետանալ ու «իսլամ» ընդհանուր հասկացության փոխարեն հիշատակում է թուրքերին: Նա էր, որ Նյու Յորքում հայտարարեց, թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին ընկած ամենամեծ արգելքներից մեկը մշակութային տարբերությունն է: Այս ասույթը մեծ դժգոհություն առաջացրեց Անկարայում:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն անմիջապես փորձեց հակադարձել. «Եվրոպացի քաղաքական գործիչները հեռատես չեն: Չնայած ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Թուրքիայի գործադրած վիթխարի ջանքերին` ԵՄ-ը, դժբախտաբար, ժամանակ առ ժամանակ դանդաղեցնում է գործընթացը: Եվրոպան ուղղակիորեն խանգարում է մեր ինտեգրմանը»: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նրան լրացրեց. « Առանց Թուրքիայի Եվրամիությունը քրիստոնեական խմբակ է»:
Իսկ գուցե Եվրոպան իսկապե՞ս հենց դա էլ ցանկանում է` մնալ քրիստոնեկան: Ի վերջո, ինչ դիրքերից էլ գնահատելու լինենք, քրիստոնեական արժեքները դիտվում են որպես ընդհանուր եվրոպական ինքնության հիմնաքար: Այդ առանցքի շուրջ է, որ միավորվել են իրենց պատմությամբ, մշակույթով և սովորույթներով տարբերվող եվրոպական ազգերը: Եվ այդ դաշնությունը առկա է նույնիսկ այն իրողության պայմաններում, որ փաստացի Եվրոպայի երկրները ներկայացնում են երկու պայմանական ճամբարներ` քրիստոնեականն ու անգլո-սաքսոնականը:
Առաջին խմբի անդամներն առաջնորդվում են այն միասնական սկզբունքով, որ եթե Եվրոպան տարածք է` միավորված գլխավորապես քրիստոնեական բնույթ ունեցող արժեքներով, ապա օտար արժեքային համակարգի երկրները կարող են ընդունվել այնտեղ միայն այն դեպքում, եթե պատրաստ են ճանաչել եվրոպական էթիկայի ու մշակույթի առաջնայնությունը: Իսկ Թուրքիան, ինչ խոսք, դրան մաս կազմելու որևէ շանս չունի, քանի որ չի համապատասխանում ոչ իր քաղաքական մշակույթով, ոչ ավանդույթներով, ոչ պատկերացումներով: Ասվածին էլ եթե գումարենք քաղաքակիրթ հասարակության ինքնապահպանման բնազդի թելադրած ազդակները, ապա պատկերն ամբողջական կլինի, իսկ Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Կիպրոսի ու մյուսների հակազդեցությունը` բնական: Անգլո- սաքսոնական խմբին պատկանող երկրները փոքր-ինչ լոյալ վերաբերմունքի կողմնակիցներ են, սակայն չի կարելի է նաև պնդել, թե վերջիններս չեն ըմբռնում իրենց հարևանների զգուշավորության հիմքերը և մասամբ չեն կիսում նրանց մտավախությունները:
Ի դեպ, թուրքերի անհամապատասխանության հերթական ապացույցներից մեկն էլ հրամցրեց շվեյցարական iGenea ընկերությունը: Տեղի մասնագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ Եվրոպայում բնակվող ժողովուրդների մեջ ծագումնաբանական առումով ամենախառն ու ամենաքիչ զտարյուն ազգը թուրքերն են: Ըստ iGenea-ի, որ Եվրոպայում և ոչ էլ Թուրքիային հարևան երկրներում այդչափ խառը ծագումնաբանության տեր այլ ազգություն չկա, և նորօրյա թուրքերը կրում են թուրքերի, բարբարոսների, հելլենների, տևտոնների, սլավոնների, արաբների, հրեաների ու իլիրիացիների գեները:
Իհարկե, այս ճանապարհով չէ, որ պիտի հիմնավորվի թուրքերի ավելորդությունն ու ստորադասությունը: Սակայն, կարծում ենք, որ նույնիսկ ուսումնասիրության հեղինակներն էին գիտակցում, թե նման պարզաբանումը ինչպիսի լրացուցիչ կռվան կդառնար նրանց ձեռքին, ովքեր չեն զլանա մի ավելորդ անգամ հաստատագրել իրենց համոզմունքները: Իսկ այդպիսինների թիվը քիչ չէ, թեև պայքարի առաջամարտիկները մշտապես փայլում են իրենց յուրահատկությամբ և ուշադրության կենտրոնում են: Մի՞թե կարելի է չհիշել Գերմանիայի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ Տիրո Սարացինի և «Ամսվա գիրք» անվանակարգում առաջնությունը շահած նրա աշխատության մասին, որի լույսընծայումը երկու մասի է բաժանել Եվրոպան: «Գերմանիան ոչնչացնում է ինքն իրեն». այսպես էր կոչվում այդ գիրքը, սակայն այն նույն հաջողությամբ կարող էր վերանվանվել «Եվրոպան ոչնչացնում է ինքն իրեն», քանի որ նվիրված էր Հին աշխարհի կյանքում ներգաղթյալ թուրքերի խաղացած ճակատագրական դերին: Հեղինակը վերջիններիս մեղադրում էր այն բանի համար, որ արագորեն բազմանալով, թուրքերը որևէ ջանք չեն գործադրում իրենց մտավոր ունակությունները զարգացնելու, նոր միջավայրին ինտեգրվելու ուղղությամբ: «Արդյունքում՝ երկիրը գնալով հիմարանում է ու աղքատանում»,- հայտարարում էր Սարացինը, իսկ հետո զգուշացնում. «Եթե այսպես շարունակվի, 100 տարի անց Գերմանիայում ընդամենը 25 միլիոն գերմանացի կապրի՝ 35 միլիոն մահմեդականների դիմաց»:
Եվ հիմարացող ու աղքատացող երկրների դեռ չհիմարացած գործիչներն իրենց իշխանություններին հորդորում են առավել կոշտ քաղաքականություն որդեգրել ներգաղթյալների նկատմամբ. «Լիբանանից կամ Թուրքիայից ժամանող ներգաղթյալները ոչինչ չանելու համար եվրոպացիներից ավելի մեծ գումար են ստանում, քան եթե աշխատեին ու չարչարվեին իրենց երկրում»,- ասում են նրանք:
Որքան էլ Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը փորձեց իր պաշտպանության տակ առնել մահմեդականներին՝ հայտարարելով, թե Սարացինի ու նրա համախոհների մտքերը վիրավորում են ոչ միայն թուրքերին, այլև Գերմանիայի հասարակական շրջանակներին, սակայն սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ տեղաբնակներն առանձնապես վիրավորված չէին: Այսօր յուրաքանչյուր հինգերորդ եվրոպացին պատրաստ էր իր ձայնը տալ արմատական հայացքներ որդեգրած շարժումներին, պաշտպանել նրանց քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ:
Նույն Մերկելն ավելի ուշ արդեն պիտի խոստովաներ, որ Գերմանիայի փորձերը` կառուցել բազմամշակութային հանրություն, որում տարբեր մշակույթների ներկայացուցիչները կապրեին լիարժեք համաձայնության մեջ, ձախողվել են: «Նրանց, ովքեր գերմաներեն չեն խոսում, մենք ուրախ չենք տեսնել Գերմանիայում»,– ասաց կանցլերը: Եվ այս անգամ էլ այդ խոսքերի միակ արձագանքողը եղավ զայրացած Անկարան:
Թուրքերի համար Արևմուտքի վարած այսօրինակ քաղաքականությունն այլ բան չէ, քան ասիմիլացում: Հալածյալի կերպարը որքան էլ սազական չէ Թուրրքիային, այնուամենայնիվ վերջինս սիրում է բոլոր առիթներով շեշտել, թե իր հայրենակիցներին վերաբերվում են որպես երկրորդ կարգի քաղաքացիների: Իսկ այս մեղադրանքներին ի պատասխան եվրոպացիները ծաղրում են նրանց անտեղի սուգը և պատասխանում. «Մենք պարտավոր չենք ընդունել ինչ-որ մեկին, ով ապրում է պետության հաշվին, չի զբաղվում սեփական երեխաների կրթությամբ և որի միակ զբաղմունքը բազմանալն է ու հիջաբներով փոքրիկ աղջիկներ ունենալը: Միակ բանը, որին ընդունակ են այդ մարդիկ, բանջարեղեն վաճառելն է»:
Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը փորձում է հնարավորինս հարթել սուր անկյունները և պարզաբանումներ գտնել ինչպես իր, այնպես էլ համերկրացիների համար: Ըստ Փամուկի թեզի, գոյություն ունի Եվրոպային հասկանալու մի քանի համակարգ: «Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը խոսում էր թուրքական վերնախավի` ժամանակակից քաղաքակրթությունների մակարդակին հասնելու անհրաժեշտության մասին: Նա բացահայտորեն մատնանշում էր Եվրոպան: Դարեր շարունակ օսմանցիները Եվրոպայի դեմ են դուրս եկել և Եվրոպայի թշնամին են եղել: Եվրոպան քրիստոնյա էր: Թուրքերը պայքարում էին Եվրոպայի դեմ: Իսկ հիմա Թուրքիան պայքարում է Եվրամիության համար»,- ասում է նա` պատմության դիլեման ընդունելով իբրև անժխտելի իրողություն: Բայց նույնիսկ Փամուկի համար կարող է անակնկալ լինել Թուրքիայի հասարակական կարծիքը, որի հարցման արդյունքները ստացել էին Ստամբուլի Բահջեսեհիր համալսարանի մասնագետները: Համաձայն այդ տվյալների, թուրքերի մեծ մասի կարծիքով` Եվրամիությունը ցանկանում է ոչ ավել ոչ պակաս մասնատել Թուրքիան: Այդուհանդերձ, թուրքերի առնվազ կեսը ցանկանում է իրենց տեսնել 27 պետություններից կազմված այդ դաշինքում: Ընդհանուր հաշվով հարցվածների 72 տոկոսն այն կարծիքին է եղել, թե ԵՄ-ն քրիստոնեություն տարածելու նպատակ է հետապնդում: Ահա ևս մի գլուխկոտրուկ Փամուկի ու մյուսների համար:
Ու այնուամենայնիվ, ասվածով հանդերձ, թուրքերը շարունակում են համառել: Նրանք նույնիսկ չեն զլացել ու նոր կարգախոս են սահմանել. «Եվրոպա, պինդ մնա, Թուրքիան կգա ու քեզ կփրկի»: Բայց արի ու տես, որ փրկչական այդ առաքելությունը նախկինի նման ըստ հարկի չի գնահատվում: Եվ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը տարակուսանքով ձեռքերն է տարածում. «Մենք ներսում ամբողջությամբ եվրոպական երկիր ենք դարձել, բայց Եվրոպայում մեզ չեն ուզում: Ես չգիտեմ, թե ինչու: Թուրքիան միակ երկիրն է, որի դեմ ուղղված Եվրոպայի խտրականությունը լիովին անհասկանալի է: Ես ուզում եմ հստակ հայտարարել `թուրք ժողովուրդը վիրավորված է Եվրոպայից, և Եվրոպան չպետք է երկար ժամանակ ստուգի մեր համբերությունը, թե որքան երկար մենք համաձայն ենք հանդուրժել այս վիրավորանքը: Եվ եթե Թուրքիան դադարի սպասել և հեռանա Եվրոպայից, դա շատ անկանխատեսելի հետևանքներ կունենա»:
Այս խոսքերում միակ ճշմարտությունն այն է, որ Եվրոպան իրոք ամեն կերպ փորձելու է հետ պահել Թուրքիային իր հարկի տակ ներխուժելուց` գերադասելով վերջինիս ներթափանցումը Արևելք: Թող որ դրան անվանեն պատմական նախապաշարմունք, վախ «նոր բարբարոսներից», այլադավանների նկատմամբ սահմանափակում, կարծրատիպերի կիրառում և կամ մեկ այլ բնորոշիչ գտնեն: Արևմուտքի համար այժմ միևնույն է: Ու եթե թուրքերի կարծիքով սա ազգային ինքնիշխանության կորուստ է, իսկ իրենց «զոհողություններն» արժանի չեն դրան, ապա դարձյալ վաղ թե ուշ նրանք ստիպված են լինելու ընդունել, որ ինքնահաստատման ճանապարհն անցնելուց առաջ պիտի դեռ անցնեն ինքնամաքրման դժվարին ուղին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հրդեհն այդքան հեշտ չի մարվի

14 Դկտ

«Սառույցը հալչում է»,- բացականչեցին շատերը, երբ այս ամսվա սկզբին Իսրայելի Հայֆա քաղաքում բռնկված խոշոր հրդեհների ժամանակ թուրքական երկու ինքնաթիռներ եկան միանալու ծավալված փրկարարական աշխատանքներին: Մայիսի 31-ի դրամատիկ դեպքերից հետո, երբ Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմի» վրա ու սպանեցին 9 թուրքերի, սա ամիսներ տևած լարվածությունից հետո առաջին բարի կամքի դրսևորումն էր: Թել-Ավիվից վարչապետի գրասենյակն անմիջապես գոհունակություն հայտնել Էրդողանի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ իրենք գնահատում են Անկարայի այդ ժեստը: Դրանից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, թե իբր թուրքական և իսրայելական կողմերը նախապատրաստում են երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին պայմանագրի նախագիծ, իսկ Ժնևում ընթացող գաղտնի բանակցությունների արդյունքում Իսրայելը համաձայնել է ներողություն խնդրել Թուրքիայից ու նավերի դեմ իրականացրած գործողությունների ընթացքում տուժածներին փոխհատուցում տրամադրել։ Դրա դիմաց Թուրքիան իր հերթին համաձայնել է կարգավորել հարաբերությունները և Թել-Ավիվ ուղարկել իր դեսպանին:
Թվում էր` ուր որ է Իսրայել-Թուրքիա ճգնաժամը կմոտենա իր ավարտին՝ տեղը զիջելով այսպես կոչված «հրդեհային դիվանագիտությանը»: Ընդ որում, առաջին հայացքից նման հանգուցալուծումը կարծես թե բխում էր երկուսի շահերից: Թուրքիան հետաքրքրված էր տնտեսական կապերով և այնպիսի տպավորություն էր թողնում, որ ինքը պատրաստ է համագործակցել Իսրայելի հետ: Հրեաներն էլ իրենց հերթին ընդառաջ քայլեր էին կատարում: Մասնավորապես դրա օգտին էր խոսում այն փաստը, որ դեկտեմբերի 1-ին Թել-Ավիվում մեկնարկեց թուրք-իսրայելական գործարար խորհրդի նիստը:
Սակայն շատ արագ պարզվեց, որ ամեն բան փոքր-ինչ այլ կերպ է, քան ենթադրվում էր: Թուրքիան շարունակում էր քաղաքական ու դիվանագիտական խողովակներով Իսրայելից պահանջել ներողություն խնդրել միջերկրածովյան արյունոտ միջադեպի համար: «Նախ Իսրայելը պետք է պատասխան տա մեր 9 նահատակ եղբայրների համար, ներողություն խնդրի ու փոխհատուցում վճարի: Թող ոչ ոք չակնկալի, որ մենք լռություն կպահպանենք, քանի դեռ չի մաքրվել Միջերկրական ծովում թափված արյան բիծը»,- հայտարարեց վարչապետ Էրդողանը: Նրանից ետ չմնաց նախագահ Գյուլը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե Իսրայելը կորցրե°լ է Թուրքիայի բարեկամությունը, Գյուլը պատասխանեց. «Անկասկած: Այսինքն Թուրքիայի, թուրք ժողովրդի բարեկամությունն է կորցրել»:
Այսպիսի խոսքեր լսելուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպիսին կլիներ արձագանքը: Իսրայելյան լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից վարչապետ Նեթանյահուին կոչ էին անում տուրք չտալ Անկարայի պահանջին: Հրապարակումներից մեկում, որ կրում էր «Չհամարձակվես ներողություն խնդրել» վերտառությունը, հոդվածագիրը նշվում էր, որ Նեթանյահուն իրավունք չունի հրեաների անունից գլուխ խոնարհել թուրքերի առաջ: Եվ դեռ ավելին` հենց թուրքերը պետք է ամաչեն իրենց սադրիչ գործողությունենրի համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, ներողություն խնդրելու հարկ կա, ապա «այդ դեպքում մենք պետք է ներողություն խնդրենք հայերից մեր անտարբեր լռության և քրդերից` մեր երկերեսանիության համար»,- գրում էր հոդվածի հեղինակը:
Ի վերջո Նեթանյահուին այլ բան չէր մնում, քան հրապարակավ հայտարարել, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Իսրայելը մտադիր է ընդառաջ գնալ Թուրքիային ու փոխհատուցում վճարել, չեն համապատասխանում իրականությանը: Իր հերթին Թել-Ավիվն Անկարայից պահանջում էր իսրայելցի զինվորների գործողությունները ճանաչել ոչ չարամիտ ու դադարեցնել հետաքննչական խմբի աշխատանքը, որը ստեղծվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում՝ թուրքական կողմի պահանջով: Իսրայելը նաև պնդում էր, որ Թուրքիան հրապարակայնորեն հրաժարվի Երուսաղեմի նկատմամբ բոլոր իրավաբանական պահանջներից:
Այս ամենից հետո պիտի որ շատ արագ մոռացության տրվեին համատեղ ջանքերով մարված հրդեհները, քանի որ մյուս` քաղաքական ու դիվանագիտական կրակների բոցերը շատ ավելի թեժ էին և խոստանում էին էլ առավել բորբոքվել: Սակայն մյուս կողմից ամենքն էլ հասկանում են, որ հակասությունների ձնագունդը անվերջ գլորվել չի կարող և վաղ թե ուշ վրա կհասնի հանգուցալուծումը: Այս իմաստով միանգամայն տրամաբանական պիտի դիտվի այն փաստը, որ իսրայելական կողմն այնուամենայնիվ բանակցում է թուրքական իշխանությունների հետ: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Թուրքիան չեն կարող վերջնականապես անտեսել այն իրողությունը, որ իրենց համար չափազանց կարևոր է հարաբերությունների պահպանումը:
Առայժմ կան կարծիքներ այն մասին, թե թուրքական կառավարությունը, մասնավորապես վարչապետ Էրդողանը, հակաիսրայելական կեցվածք է որդեգրել` առաջիկա ընտրություններում լրացուցիչ քվեներ ապահովելու համար: Գուցե և հիմքեր կան նման տեսակետ պաշտպանելու համար, և գուցե թե այդ խաղն իրեն արդարացնի: Ամեն դեպքում հրեաների համար լուրջ անհանգստության հիմքեր է տալիս այն, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից, փոխում է կողմնորոշման առանցքը` մերձենալով այնպիսի ռադիկալ երկրների հետ, ինչպիսին են Իրանը, Սիրիան: Իսկ այդ պարագայում անվերջ վիճաբանելը կամ ձեռքերը ծալած նստելն անհեռատեսություն կհամարվի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թուրքիայի պիղոսյան հաղթանակը

1 Դկտ

Այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հավանություն տվեց Թուրքիայում և Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու նախագծին, Անկարան հայտնվել է մի տեսակ երկակի վիճակի մեջ: Չնայած իշխանությունները շտապեցին հայտարարել, թե դա հաղթանակ էր, քանի որ հատկապես Թուրքիայի գործադրած ջանքերի շնորհիվ փաստաթղթում որևէ երկիր չնշվեց իբրև այդ համակարգի հավանական թիրախ, բայց ամենքն էլ հասկանում են, որ հնարավոր հակառակորդը մեկն է և խոսքը Իրանի մասին է: Ի վերջո, շուրջ 30 երկրներ այս պահին ունեն Եվրոպայի տարածք հասնող հրթիռներ, մինչդեռ անցյալ տարվա սեպտեմբերից ՆԱՏՕ-ի հակահրթիռային նոր համակարգ ստեղծելու գաղափարը մշտապես պտույտներ է գործել միևնույն առանցի շուրջը, որի նպատակն է վնասազերծել Իրանի միջուկային ծրագրից բխող վտանգները:
Այժմ Դաշինքը պատրաստվում է Թուրքիայի տարածքում տեղադրել X-ծածկույթով ռադարներ, որոնք թույլ կտան արագ հայտնաբերել տարածաշրջանում արձակված հրթիռները: Քաղաքական առումով սա անհնար է որևէ կերպ համարել ձեռքբերում, քանի որ այն Թուրքիան, ով դեռ երեկ ամեն գնով ձգտում էր նվազագույնի հասցնել իր տարածքում ՆԱՏՕ-ի օբյեկտների ներկայությունը, այժմ ստիպված է տեղի տալ:
Անշուշտ, սխալվում են նրանք, ովքեր պնդում են, թե Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը հարկ է դիտարկել նրա՝ Եվրամիություն մուտք գործելու ցանկության ֆոնին: Այս հանգամանքը կարող է մասնակի դեր խաղացած լինել, բայց չպետք է մոռանալ, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն բոլորովին էլ նույնական չեն, և բազմաթիվ են դեպքերը, երբ այն, ինչ ցանկացել է ՆԱՏՕ-ն, հակասել է ԵՄ-ի պահանջներին: Ավելի իրատեսական է նման քայլը որակել իբրև Թուրքիայի սանձահարումը ԱՄՆ-ի կողմից: Վերջին շրջանում Վաշինգտոնին լուրջ անհանգստություն էր պատճառում իր դաշնակցի վարքագծի փոփոխությունը: Ակնհայտ էր, որ Անկարան նպատակ ունի աստիճանաբար հեռանում է Արևմուտքից ու ավելի ջերմ կապեր հաստատել Մերձավոր Արևելքում իր հարևանների, այդ թվում` Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամաբար տրամադրված Սիրիայի և Իրանի հետ։ Սպիտակ տանը չէին կարող չհիշել նաև, որ ըստ էության ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական դաշինքը ծնունդ էր առել Սառը պատերազմի տարիներին և այն ժամանակ ուներ մեկ հիմնական ուղղվածություն`դառնալ պատվար ԽՍՀՄ-ի ու սոցճամբարի երկրների դեմ: Իսկ հիմա իրերի վիճակը փոխվել է, և ակնհայտ է, որ երկաթե վարագույրի փլուզումից 20 տարի անց երկու երկրներն արդեն տարաձայնություններ ունեն: Հիշենք թեկուզ այն, որ 2003-ին Թուրքիան չտրամադրեց իր տարածքը Իրաքի դեմ գործողությունների համար: Այժմ էլ Թուրքիան, չնայած ԱՄՆ-ի ճնշմանը, շարունակում է հարաբերությունները Իրանի հետ և դրա փոխարեն լուրջ տարաձայնություններ ունի Իսրայելի հետ: Բավական է միայն մատնանշել փաստը, որ Թուրքիան համաձայնել է իր տարածքում տեղադրել ՆԱՏՕ-ի պաշտպանական հրթիռային համակարգն այն պայմանով, որ վերջինիս հավաքած տեղեկությունները չեն տրամադրվելու Իսրայելին: Եթե համակարգի տեղադրման ողջ իմաստն այն է, որ ժամանակին ճիշտ տեղեկություններ ստանալով` հնարավոր լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին պաշտպանել հարձակումից, իսկ Թուրքիան, փաստորեն, պահանջում է Իսրայելին զրկել կենսական նշանակություն ունեցող այդ տեղեկություններից, ապա հասկանալի է, թե ինչպիսի անախորժ կացության մասին կարող է խոսք գնալ:
Ասենք, հակահրթիռային պաշտպանության համակարգի խնդրում վերջնական հստակություն դեռևս չկա։ ՆԱՏՕ-ն միայն հաջորդ տարվա հունիսին է պատրաստվում որոշել, թե որտեղ է տեղադրելու համակարգի հրթիռներն ու հրամանատարական կենտրոնը։ Այս հարցում ևս Թուրքիան իր առանձնահատուկ պահանջներն ունի: Վերջինս պնդում է, որ դրա առավել հարմար վայրը Իզմիրի կենտրոնակայանն է, մինչդեռ ամերիկացիները պաշտպանում են Գերմանիայում գտնվող Ռամշտայնի ռազմակայանի տարբերակը։ Թուրքերը նաև ասում են, որ եթե հրամանատարության համար ընտրվի իրենց տարածքը, ապա կենտրոնը պետք է ենթարկվի միայն ու միայն Անկարային։ Իսկ նման ենթակայությունն, ինչ խոսք, ՆԱՏՕ-ի սրտով լինել չի կարող:
Արտաքին խոչընդոտներից զատ պաշտոնական Անկարան դեռ ստիպված է լինելու զսպել նաև ներքին ընդվզումները: Բոլորովին վերջերս Թուրքիայի երեք քաղաքներում բողոքի գործողություններ իրականացվեցին, որոնք կազմակերպվել էին երկրի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային տարրեր տեղադրելու ծրագրերի դեմ: Այստեղ շատերն են համոզված, որ երկիրն այդ որոշմամբ «մտնում է մագնիսական մի շրջանի մեջ, որտեղ Թուրքիան ոչնչանալու է»։ Թուրք վերլուծաբան Բանու Ավարի կարծիքով, հակահրթիռային համակարգի տեղադրմամբ Թուրքիան հարվածը վերցնում է իր վրա: Իսկ
թուրքական կառավարամետ քաղաքական գործիչ Ալբայրաքն ասում է. «Հօգուտ ՆԱՏՕ-ի զոհաբերել Իրանի հետ բարեկամությունը` նշանակում է վերջ դնել անկախ արտաքին քաղաքականությանը և կորցնել մահմեդական աշխարհում ձեռք բերված հարգանքը»։
ՆԱՏՕ-ի նոր որոշումն ու Թուրքիայի զիջողականությունը բոլորովին դուր չի եկել նաև Ռուսաստանին: Այդ մասին օրերս բացահայտորեն հայտարարեց նախագահ Դ. Մեդվեդևը` ընդգծելով, որ «եթե մեզ չհաջողվի կառուցողական պայմանավորվածության հանգել, կսկսվի սպառազինությունների մրցավազքի նոր ալիք: Այդ դեպքում մենք ստիպված կլինենք նոր հարվածային միջոցներ տեղակայելու մասին որոշումներ կայացնել: Ակնհայտ է, որ այդ սցենարը շատ ծանր կլինի»:
Ահա այսպիսի ծանր սցենարային հեռանկարի պայմաններում թուրքերը հազիվ թե վերհիշեն, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում իրենք հաղթանակ են տարել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Գյուլի «կարելի»-ն և «չի կարելի»-ն

29 Նյմ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եռօրյա պաշտոնական այցը Շվեյցարիա ավարտվեց, և հազիվ թե այն մեզ համար որևէ նշանակություն ունենար, եթե մեծամասամբ նվիրված չլիներ հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին: Սա Թուրքիայի նախագահի` պատմության մեջ առաջին պետական այցն էր Շվեյցարիա: Տեղի մամուլը, որն այդ օրերին ողողված էր նրա` Բեռն և Ցյուրիխ այցելությունների լուսաբանմամբ, առանձնակի շեշտում էր, թե Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդի հետ Գյուլի զրույցներից մշտապես անբաժան էր Հայաստանի հետ հարաբերությունների առանցքային թեման: Իսկ նման ընդգծված ուշադրությունն ակնհայտորեն մի քանի պատճառներ ուներ: Առաջինն, անշուշտ, այն էր, որ հատկապես Շվեյցարիան ժամանակին միջնորդեց և աջակցեց երկու կողմերի հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների ստորագրմանը: Մյուս կողմից Շվեյցարիան այն երկրներից մեկն է, որտեղ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: 2003 թվականին, երբ այդ երկրի խորհրդարանի ստորին պալատում ընդունվեց հիշյալ բանաձևը, Անկարա- Բեռն հարաբերությունները մի առ ժամանակ սառեցվեցին: Սակայն դա երկար չտևեց, քանի որ Թուրքիայի համար հեշտ է մոռացության տալ վիրավորանքը, եթե կան ավելի կարևոր շահեր:
Եվ վերջապես, պատճառներից մեկն էլ կարող է համարվել այն, որ թուրքերը հակված են ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները քննարկման առարկա դարձնել Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում: Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտություն կա հիշեցնելու խնդրի գոյությունը և հնարավորինս վառ գույներով ներկայացնելու դա, ինչն էլ մեծ հմտությամբ իրագործեց Գյուլը:
Թուրքիայի նախագահն այս անգամ առավել քան պերճախոս էր: Իր մտադրությունները լիովին իրագործելու ճանապարհին նա նույնիսկ չզլացավ գովերգել Հայաստանի նախագահին` հատուկ ելույթում շեշտելով, թե «այս կետին հասնելու գործում կարևոր դերակատարություն ունեն նաև ՀՀ նախագահ պարոն Սարգսյանի մինչ օրս ցուցադրած առաջնորդի և պետական գործչի հմտությունները»: Այդպես էլ չհստակեցնելով, թե ի՞նչ կետի մասին է խոսքը և արդյո՞ք այդ կետն արժանի է խրախուսման, Գյուլը ավելացրեց, որ գործընթացն իր ավարտին հասցնելու համար նա Հայաստանի հարգելի նախագահից նույն ոգևորությամբ շարունակություն է ակնկալում:
Աշխատանքի այսպիսի բաժանումից հետո արդեն կարելի էր նաև ասել, որ «թուրքական կողմը պահպանում է հարաբերությունների կարգավորման հարցում ունեցած իր կամքն ու վճռականությունը և շարունակում է ջանքեր գործադրել Կովկասում տևական և ընդգրկուն խաղաղության ու կայունության հաստատման գործում»:
Այս ամենը մենք շատ անգամներ ենք առիթ ունեցել լսելու, ինչպես և գիտենք, որ, ըստ Անկարայի, անհրաժեշտ է հայ-թուրքական խնդիրը դիտել Կովկասում սառեցված հակամարտությունների լուծման տեսանկյունից։ Ասել է, թե` Ղարաբաղը նախկինի պես շարունակում է նախապայման մնալ, և Թուրքիան ոչ մի առաջընթաց քայլ էլ չի պատրաստվում կատարել առանց ադրբեջանական շահը գերակա դիտելու: «Ես չեմ ուզում այս խնդիրներն իրար կապել, սակայն անհրաժեշտ է այն մեծ պատկերով դիտարկել»,- չուզենալով ուզում և չկապելով կապում է Գյուլը: Ու որքան էլ անկեղծ լինեին Շվեյցարիայի նախագահի մղումները, ով հորդորում էր Հայաստանին և Թուրքիային առաջ ընթանալ կարգավորման գործում, Գյուլի ողջ բառապաշարն ու ոգևորությունը պիտի ծառայեցվեր մեկ հիմնական նպատակի`մոլորեցնել միջազգային հանրությանը՝ երկխոսության շարունակման պատրանք ստեղծելով:
Այն, ինչ վերաբերում է թուրքական կողմին, արդեն քիչ թե շատ հստակ է: Բայց ահա Հայաստանի պահվածն այս առումով փոքր-ինչ տարօրինակ ու անհասկանալի է ի սկզբանե: Քանի դեռ գործընթացի սկիզբը նոր-նոր էր դրվել, ամեն կողմից դա դադարեցնելու և Թուրքիայի հետ շփումների չգնալու կտրական կոչեր էին հնչում: Իսկ այն բանից հետո, երբ Անկարան ինքն էլ սկսեց արհեստական խոչընդոտներ հարուցել, Հայաստանում պատկերն անմիջապես փոխվեց և նրանք, ովքեր դեռ երեկ դատափետում էին Հայաստանի իշխանություններին թշնամու հետ հաշտվելու համար, սկսեցին նույն կրքոտությամբ հայհոյել թուրքերի ոչ կառուցողական դիրքորոշումը, նրանց մեղադրել պայմանավորվածությունները դրժելու, աշխարհի աչքին թոզ փչելու և մեծ ու փոքր այլ մեղքերի մեջ:
Մենչդեռ թե Հայաստանի, թե Թուրքիայի կացությունը իրարից քիչ բանով էր տարբերվում: Հայ-թուրքական գործընթացը մնաց թղթի վրա նախ և առաջ այն պարզ պատճառով, որ հասարակության մեծամասնությունը դրան «ոչ» ասաց ինչպես մեզ մոտ, այնպես էլ հարևան երկրում: Իսկ քանի դեռ չկա միասնական համաձայնությունը, ոչ մի իշխանություն չի համարձակվի սեփական պատասխանատվությամբ ու նախաձեռնությամբ կտրուկ քայլերի գնալ: Այդպես էր վիճակը Հայաստանում, այդպես էր վիճակը նաև Թուրքիայում: Այլ խնդիր է, թե գործընթացի ձախողումից հետո կողմերից յուրաքանչյուն ինչպես փորձեց դրսևորել իրեն ու ջրից չոր դուրս գալ: Բայց երկու թևերն էլ գերազանց գիտակցում են, որ սա ավարտ համարվել չի կարող, ընդամենը ժամանակ է անհրաժեշտ նոր փորձի նախապատրաստման և հանրությանն այդ մտքի հետ հաշտեցնելու համար: Այս իմաստով ամենևին պատահական չէր օրերս Թուրքիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի ղեկավար Մուստաֆա Այդընի արած այն հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են Թուրքիայի խորհրդարանում, սակայն մինչև այդ երկրում խորհրդարանական ընտրությունները կառավարությունը չի փորձի նպաստել դրանց վավերացմանը:
«Նոր հայ-թուրքական գործընթաց կարող են սկսել արդեն 2011-ի աշնանը»,- հստակեցրեց Այդընը:
Նման սառը ուղղամտությունը շատ ավելի նախընտրելի է, քան ամեն կարգի սնամեջ ու գունազարդված դատողությունները: Եվ բոլորովին անսպասելի ու սխալ չի լինի, եթե առաջիկայում այս բովանդակությամբ մի հայտարարություն էլ հնչի Հայաստանից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հույսի և փակուղու միջև

11 Նյմ

Վերջապես Եվրոպան ևս կռահեց այն, ինչի մասին այնքան երկար խոսում էին բոլորը: Օրերս Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին վերաբերող դիտարկումների հիմնական շեշտադրումները հանգեցնում էին այն հետևությանը, որ Թուրքիային չի հաջողվի մոլորության մատնել միջազգային հանրությանն ու եվրոպական կառույցներին, քանի որ Անկարայի գործադրած իմիտացիոն քայլերի էությունն ակնհայտ է դառնում: Թուրքերն անվերջ խոսում են իրենց գործադրած ջանքերի, հետևողականության, անհասկանալի մասին, մինչդեռ Եվրամիությունն այս ընթացքում որևէ նշանակալի տեղաշաժ չի արձնագրել ու այլևս չի պատրաստվում հավատ ընծայել նմանատիպ խոստումներին:
Հարկ է նկատել, որ հատկապես վերջին մի քանի տարիներին Թուրքիայի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքի մեջ ի հայտ են եկել խիստ ընդգծված կոշտ տարրեր: Այժմ Եվրամիությունը կարծես թե շատ ավելի հստակ քաղաքականություն է վարում այդ երկրի նկատմամբ: Մի կողմից նա չի ընդունում ներկայիս Թուրքիան այնպիսին, ինչպիսին այն իրականում կա, իսկ մյուս կողմից շարունակում է անդամակցության հեռանկարով վերահսկողություն իրականացնել ամեն կարգի անցանկալի զարգացումների դեմ: Թե որքանով է դա հաջողվում` այլ խնդիր է, բայց որ հետևողականության վեկտորն անշեղորեն պահպանվում է, սա արդեն դրական երևույթ է:
Թուրքիայի մեղքի չափն այսօր փաստում են ոչ միայն նրա սահմաններից դուրս: Ավելի հաճախակի են դարձել այ դեպքերը, երբ տեղի իշխանությունների գործելակերպի հասցեին քննադատություններ են հնչում երկրի ներսում: Այդ դիրքորոշման կրողներն առաջին հերթին ընդգծում են այն հանգամանքը, որ Անկարան այսօր իզուր է փորձում հայ-թուրքական գործընթացի ձախողման պատասխանատվությունը գցել Երևանի վրա, քանի որ տվյալ պարագայում մեղավորը հենց Թուրքիան է: Այս առթիվ թուրք վերլուծաբան Ալի Բիրանդն ուղղակի ասում է. ,,Մենք մեր գլուխները խոնարհեցինք Ադրբեջանի հակազդեցության դեմ։ Ավելի շուտ, մենք չկարողացանք եղբայր ադրբեջանցիներին բավարար վկայություններ տալ։ Վերջին պահին նրանք մեզ թողեցին կես ճանապարհին,,: Եվ կես ճանապարհին մնացած Անկարան հարկադրված է կամա թե ակամա ընդունել այն ճշմարտությունը, որ բոլոր դեպքերում կարգավորման առաջին փուլն ավարտվել է հօգուտ Հայաստանի: Գոնե Հայաստանին այս ընթացքում հաջողվեց համոզել միջազգային հանրությունը, որ ի տարբերություն Թուրքիայի՝ ինքը հուսալի գործընկեր է ու պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները։
Սակայն նույն միջազգային հանրությունն ու եվրոպական որոշ երկրներ դեռևս կառչում են երկակի ստանդարտներ գործադրելու հին մոտեցմանը: Այլ կերպ դժվար է բացատրել այն փաստը, թե հատկապես ո՞ր ծառայությունների ու ձեռքբերումների համար բրիտանական Chatham House-ը վերջերս մրցանակ շնորհեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին և դեռ այդ քայլը հիմնավորեց մի ձևակերպմամբ, համաձայն որի մրցանակակիրը պարգևը ստանում էր ,,Կիպրական հարցում, ինչպես նաեւ հայ-թուրքական գործընթացում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար,,: Ու թերև այս հանդուրժողականությունից էլ ոգևորված Գյուլը ելույթ ունեցավ Օքսֆորդի համալսարանում և պատասխանեց հարցերին այն նույն ոճով, ինչը վաղուց ի վեր դարձել է թուրքական դիվանագիտության բնորոշիչը: Հնչեցված հարցերից մեկը վերաբերել էր հայ-թուրքական սահմանի բացման ժամանակացույցին, որին Գյուլը հետևյալ պատասխանն է տվել. ,,Տարածաշրջանի խնդիրները չպետք է խրոնիկ վիճակում թողնել, քանի որ դրանք կարող են միանգամից պայթել, ինչպես դա եղավ Վրաստանի հետ կապված իրադարձություններում։ Կովկասում ներկա պահին տիրող իրավիճակը չի բխում որևէ մեկի շահերից։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հող նախապատրաստել,,: Իսկ այդ հողն, ինչպես արդեն նշեցինք, թուրքերը նախապատրաստում են իրենց ասած ,,անձայն դիվանագիտությամբ,,։ ,,Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մահացած չէ, սառած էլ չէ։ Որոշ բաներ մի քիչ անձայն են ընթանում,,,- նույն օրը կրկնել էր Ա. Գյուլը։
Անշուշտ, նրա այս խոսքերում չէր լինելու որևէ հիշատակում Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բազմաթիվ անգամներ հնչեցրած հայտարարության մասին, համաձայն որի Թուրքիայի հետ որևէ ձևաչափով, այդ թվում՝ անձայն բանակցություններ չեն ընթանում և դա ընդամենը գեղեցիկ սուտ է: Բայց քանի դեռ կան նրանք, ովքեր ուզում են լինել խաբված, այդ սուտը կշարունակի մնալ կենսունակ ու գործուն:
Ճշմարտությունն այսօր այն է, որ հայ-թուրքական գործընթացը փակուղու մեջ է: Ճշմարիտն այն է, որ Թուրքիայի քաղաքական դաշտում գործող որևէ ուժ ներկայումս առանց նախապայմանների հաշտեցման գնալու կամք դրսևորելու ունակություն չունի: Այլ կերպ ասած, թուրքական քաղաքական մտածողության մեջ այլընտրանք չկա: Եվ երբ ոմանք դեռ խոսում են հայ-թուրքական հարաբերությունների երկրորդ փուլի հեռանկարի մասին, ստիպված են հաշվի նստել նաև այդ իրողության հետ:
Պահպանվող բարի նկատառումները ներկա ժամանակահատվածի համար կարող են ընդամենը հույսեր ներշնչել ինչ-որ անորոշ բեկումների ու շրջադարձերի մասին, սակայն դրանք ընդամենը ցանկություններ են ու ոչ ավելին: Ճիշտ այդպես խոսում են, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ կարող է կայանալ Թուրքիայի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Իր հերթին Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը հույս է հայտնում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը կշարունակվի, թեև դա կպահանջի երկար ժամանակ: Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքներն էլ իրենց հերթին են փաստում, որ հարցվածների ընդամենը 3 տոկոսն են կողմ արտահայտվել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցմանը: Այս բոլորը հերթական անգամ վկայում են, որ փքուն բառերի կողքին կա տրամադրությունների ակնհայտ անկում ու կա անհամեմատ խորը հիասթափություն: Կնշանակի` դեպի ելման կետ երկրորդ վերադարձը (եթե այն, իհարկե, կայանա) շատ ավելի մեծ ջանքեր կպահանջի երկու կողմերից էլ հավասարապես:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՏԵՂ ԱՐԵՎԻ ՏԱԿ

8 Նյմ

1946 թ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, իրականացվեց հայերի ամենախոշոր ներգաղթը: Խորհրդային երկիրն ամենքի համար անսպասելի սփյուռքի ողջ հայությանն արտոնեց վերադառնալ ու հաստատվել մայր հայրենիքում: Տասնյակ երկրներում ապաստան գտած շուրջ մեկ միլիոն հայեր այն օրերին ցանկություն հայտնեցին հայրենադարձվել Հայաստան:
Սակայն, որքան էլ նշանակալից ու բախտորոշ լիներ այդ իրադարձութունը, ամեն դեպքում, բնական հարց էր ծագելու, թե երկարատև պատերազմից քայքայված ու աղքատ երկիրն ինչպե՞ս էր պատրաստվում ընդունել հազարավոր ընտանիքների և, որ պակաս կարևոր չէր, որտե՞ղ էր պատրաստվում բնակցնել նրանց: Եթե ծրագիրն իրագործվեր ամբողջությամբ, ապա Հայաստան կարող էին վերադառնալ ավելի մեծ թվով մարդիկ, քան հանրապետության ողջ բնակչությունն էր: Միամտություն կլինի կարծելը, թե հայրենաբաղձության հուզական շեշտադրումները կարող էին ստվերել իշխանությունների իրատեսությունն ու սթափ դատողությունը՝ հարուցելով հավելյալ բարդություններ:
Թեև այն տարիների մասին ստեղծվել է պատկառելի գրականություն, սակայն հիշյալ հարցերի պատասխանները մինչ այժմ լռությամբ շրջանցվել են: Միայն այսօր, արխիվային եզակի վավերագրերի շնորհիվ, մենք հնարավորություն ունենք հետևելու դեպքերի անսպասելի զարգացմանը, քննելու իր էությամբ քաղաքական հնչեղություն ձեռք բերած ու հեռահար նպատակներ հետապնդող այդ ծավալուն նախաձեռնության բուն դրդապատճառներն ու մտադրությունները:
Եվ այսպես, դառնանք պատմության: Դեռևս 1946-ի տարեսկզբից ներգաղթի ծրագրի մասին ոչ միայն խոսվում էր հրապարակավ, այլև ձեռնարկվում էին կոնկրետ միջոցառումներ: Իսկ հանրությանն այդ մասին առավել մանրամասնորեն տեղեկացվեց նույն թվի փետրվարին: Այդ օրերին կայացավ ՍՍՌՄ Գերագույն Սովետի Երևանի ընտրական օկրուգի ընտրողների հանդիպումը Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ: Հենց նրա ելույթն էլ նախատեսված էր բուն խնդրի բազմակողմանի արծարծման և բոլոր փակագծերը բացելու համար: Այդ ելույթի ընդարձակ սղագրության մեջ, որն ընդհանուր առմամբ նվիրված էր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին, կան հատվածներ, որոնք դժվար է այլ կերպ որակել, քան անսպասելի բացահայտումներ:
Իր ելույթում հայրենադարձության թեման Գր. Հարությունյանը սկսում էր այսպես. «…Մենք պետք է աչալրջորեն մոտենանք այս հարցին այն իրագործելու ժամանակ: Արտասահմանյան հայերի թիվը մոտ մեկ միլիոն է: Իհարկե, մենք բոլորին չենք կարողանա ընդունել Հայաստանի ներկայիս տերիտորիայում: Ամենաուշադիր հաշվարկումով, նկատի ունենալով մեր ռեսպուբլիկայի արդյունաբերության մեծ զարգացումը, գյուղատնտեսության ուժեղացումը, որը կարող է զբաղեցնել շատ ավելի աշխատող ձեռքեր, մենք առաջիկա տարիներում Հայաստանի ներկայիս տերիտորիայում կարող ենք ընդունել մաքսիմում 350- 400 հազար մարդ: Այնինչ ցանկացողները ավելի շատ են: Մենք ինչպե՞ս պետք է վարվենք մնացածների հետ»:
Հարցը հնչեցված էր: Դահլիճը պատասխանի էր սպասում: Կարճ դադարից հետո Հարությունյանն արտասանում է. «Մնացած 500- 600 հազար հայերին ընդունելու համար մենք հարց ենք դնում, որ Սովետական Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերը»:
Դահլիճը դղրդում է ծափահարություններից: Տասնամյակների լռությունից հետո առաջին անգամ, այն էլ հանրապետության առաջին դեմքի շուրթերից հնչում է այն, ինչ մասին խոսելը մի ժամանակ համազոր էր սեփական մահվան դատավճռի:
Սակայն կենտկոմի քարտուղարը շարունակում է: Նա հարկ է համարում բացատրել նման շրջադարձի էությունը՝ չմոռանալով թափանցիկ կերպով ակնարկել պատերազմի ավարտից հետո միջազգային հարաբերություններում գծագրվող ուժի նոր բևեռների գոյության փաստը. «…Միայն այս պայմանով մենք կկարողանանք ընդունել բոլոր ցանկացող հայերին: Իսկ նրանց մերժելու մենք ոչ մի բարոյական իրավունք չունենք: Դա է ներկայումս Թուրքիայի ձեռքին գտնվող հայկական մարզերը Սովետական Հայաստանին վերադարձնելու հարցի այժմեականությունը: Մենք հաստատակամորեն կձգտենք մեր առաջադրած հարցի դրական լուծմանը՝ նկատի ունենալով նրա աժմեականությունը:
Հայկական մարզերը Սովետական Հայաստանին վերադարձնելու հարցի առթիվ Թուրքիայի ուռա- հայրենասիրական մամուլը վերջին ժամանակներս հիստերիկ ճիչեր է բարձրացրել, թե Ռուսաստանը, չնայած Ատլանտիկ խարտիայի առկայությանը, սկսել է վարել էքսպանսիայի քաղաքականություն, որ ռուսները փորձում են ուրիշի տերիտորիաների զավթումով ապահովել իրենց ստրատեգիական շահերը ապագա պատերազմում: Ըստ որում, նրանք Ռուսաստանի կողմից «ուրիշի տերիտորիայի զավթման» ոչ մի փաստ չեն բերում:
Նրանք փութաջանորեն փորձում են թաքցնել այն փաստը, որ Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերի վերադարձի հարցը դրված է բուն հայ ժողովրդի կողմից, ինչպես Սովետական Հայաստանի բնակչության, այնպես էլ Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ապրող հայերի կողմից: Այդ պահանջները պաշտպանվում են Սովետական Հայաստանի կառավարության կողմից, որը գտնում է, որ Թուրքիայի կողմից հայկական հողերի վերադարձը նրանց իսկական տիրոջը՝ Սովետական Հայաստանին, արդարացի է, և որ այդ հարցը խիստ կենսական նշանակություն ունի ամբողջ հայ ժողովրդի հետագա զարգացման համար: Ինչպես երևում է մեր ասածից, ոչ մի ստրատեգիական նկատառում չի թաքցված այդ մարզերը Սովետական Հայաստանին վերադարձնելու հարցի տակ»:
Ահա այսպես հաստատակամորեն ու վճռական էին տրամադրված հաղթող երկրի իշխանությունները, որոնք հանկարծ հիշել էին հայերի արդարացի պահանջների մասին ու պատրաստվում էին ամեն գնով իրականացնել այս մտադրությունը:
Բայց կանցներ շատ կարճ ժամանակ, աշխարհում մեծ-մեծ փոփոխություններ կկատարվեին, և նոր պայմաններում հերթական անգամ մոռացության կտրվեր այն, ինչը մի ողջ ժողովրդի մեծագույն իղձն ու ձգտումն էր: Նույն տարվա ավարտին այլևս ոչ ոք չէր խոսում ու գրում Արևմտյան Հայաստանի տարածքների վերադարձման մասին: Թուրքիան վերստին համարվում էր դաշնակից երկիր, իսկ Հայկական հարցը օրակարգից դուրս էր նետվել իբրև արգելակող գործոն:
Արդյունքում Մեծ հայրենադարձության շրջանում աշխարհի շուրջ 15 երկրներից հայրենիք վերադարձան ընդամենը 100 հազար հայեր: Հետո նրանց հոսքը հետզհետե նվազեց, ինչպես ցամաքող առուն, և շուտով իսպառ դադարեց: 400 հազար ներգաղթողների մասին հիշել այլևս խորհուրդ չէր տրվում:
Եթե պատմությունն ասվածը իրադարձությունների ու զարգացումների տրամաբանական շղթա է, որտեղ յուրաքանչյուր օղակ փոխկապակված է անցյալի ու գալիքի հետ, ապա, կարծում ենք, անհիմն չի դիտվի նաև հետրյալ վարկածի քննությունը: 1949 թվի ամառը Հայաստանի պատմության մեջ դարձավ նոր ողբերգության տարեթիվ: Մի քանի օրերի ընթացքում հազարավոր հայկական ընտանիքներ տեղահանվեցին ու աքսորվեցին հեռավոր Սիբիր: Հատկապես մեծ թիվ էին կազմում նրանք, ովքեր դեռ մի քանի տարի առաջ իբրև ներգաղթողներ վերադառնում էին իրենց գրկաբաց սպասող հայրենիքը: Երեկվա ընդարձակ երկիրն այլևս նեղ էր բոլորի համար: Գուցե այս չարաբաստիկ դեպքերի ենթաշերտերու՞մ պիտի նաև փնտրել 1946-ի տրամադրությունների ու դրանց ձախողման արձագանքը: Եվ գուցե պատմությու՞նն այս անգամ կհուշի, որ երբեմն հենց իրավիճակներն են դառնում այն շարժիչ ուժը, որ արթնացնում են ննջող հիշողությունը ու եզակի անգամ բացում հնարավորության դռները արդարության առաջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ. ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

22 Հկտ

ՀԱԿԻՐՃ` «ԻԶՄ»-ԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Թուրքիայի պատմության վերջին 150 տարիները հատկանշական են նախ և առաջ նրանով, որ կայսրության ինքնադրսևորման ընթացքն ուղեկցվում էր ընդգծված գաղափարախոսությամբ` աշխարհաքաղաքական դոկտրինով և ծառայեցվում էր մեկ ընդհանուր նպատակի: Այդ շարքում առաջինը թերևս «իսլամիզմ» տերմինն էր, որ դեռևս 18-րդ դ. սկզբնապես գործածվեց ֆրանսիական գրականության մեջ իբրև հոմանիշ «իսլամին»: Islamisme տերմինի հեղինակային իրավունքը վերագրվում է ֆրանսիացի լուսավորիչ Վոլտերին, որը փորձում էր բառի միջոցով տալ իսլամի բնութագիրը: Սակայն այդ բնութագրումները մշտապես վերանայումների պահանջ էին զգում, քանի որ յուրաքանչյուր նոր իրավիճակ թելադրում էր փոփոխված ձևեր ու միջոցներ, գույներ ու հայացքներ: Եվ միայն ծավալապաշտական նկրտումների էությունը մշտապես պահպանեց իր կենսունակությունը ցանկացած պարագայում: Դրա լավագույն ապացույցը 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին առաջացած ու ձևավորված պանթուրքիզմի (համաթուրանականության) գաղափարախոսությունն էր, պանթուրքական շարժումը: Բոլոր թյուրքալեզու ժողովուրդների համախմբմանը միտված այս ուղղության առանձնահատուկ կողմերից մեկն այն էր, որ միավորումը կառուցվում էր էթնիկական, այլ ոչ թե կրոնական նույնականության հիմքի վրա: Կարևոր էր, որ թուրքերն իրենց զգային ոչ թե այս կամ այն առանձին երկրի քաղաքացիներ, այլ մի հսկա ու հզոր ժողովրդի մասնիկ: Պանթուրքիզմի քարտեզը ենթադրում էր Արևելյան Եվրոպայից մինչև Հնդկաստան ձգվող կայսրություն:
Աբդուլ Համիդի կողմից գործածության դրված այս գաղափարի կիրառական արդյունավետությունն իր ժամանակաշրջանի տիրույթներում մեծ հաջողություն չէր խոստանում, քանի որ իրականության հրամայականները գործեցին ի վնաս Փոքր Ասիայի և Անատոլիայի մահմեդական-թուրք բնակչությանը:
Հենց այդ ժամանակ էլ իշխանությունը զավթած երիտթուրքերը հրապարակ եկան օսմանիզմի նորամուծությամբ` հռչակելով կայսրության բոլոր հպատակների հավասարություն, որ պիտի ընկալվեր իբրև միասնական օսմանյան ազգ կերտելու նպատակով մյուս ազգերին թուրքացնելու անհրաժեշտության հիմնավորում: Այն ևս ձախողվեց, ինչից հետո վերադարձ կատարվեց դեպի պանթուրքիզմը, իսկ հետագայում նաև պանիսլամիզմը` այդ երկուսի խառնուրդը վերածելով երիտթուրքական քաղաքականության կարևորագույն բովանդակային էլեմենտների: Եվ միայն քեմալական հեղափոխությունից հետո պանթուրքիզմը մի որոշ ժամանակ հայտնվեց Թուրքիայի գաղափարախոսական գզրոցում, քանի որ Աթաթուրքը այդ ուղեբեռով քաղաքակիրթ աշխարհ մտնել չէր ցանկանում:
Հայտարարելով թուրք ազգի համախմբման և վերջնական ձևավորման մասին, հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի բարենորոգումների ծրագրով հոգևոր իշխանությունը զատվում էր պետությունից: Արևմտյան ոճով երկրի վերակառուցումը Աթաթուրքի կատարմամբ ենթադրում էր կայսրությունից ազգային պետության համակարգին անցած ժողովրդին որակապես նոր ինքնություն` գիտակցությունից մինչև ապրելակերպ, աշխարհիկության սկզբունքների որդեգրումից մինչև առանձին ատրիբուտների նորաձևություն` գիրը դարձավ լատինատառ, մերժվեց չադրան, ներմուծվեց եվրոպական հագուկապ, արգելվեց բազմակնությունը և այլ կամավոր-պարտադիր փոփոխումներ: Սակայն հարեմային բարքերի արգելման կամ խալիֆի պաշտոնի վերացման մեջ չէր Աթաթուրքի քաղաքական առաքելության ամբողջ նշանակությունը: Սահմանելով արտաքին նոր քաղաքական կուրս և հրապարակավ հայտարարելով, թե պետք է մոռանալ կայսրության մասին ու հետևել «խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» կարգախոսին` Աթաթուրքը միաժամանակ փորձում էր իրատեսորեն վերլուծել Օսմանյան կայսրության զարգացման նախորդ փուլերը, ըմբռնել տերության անկման պատճառահետևանքային կապը, քանի որ երբեք չէր պատրաստվում բացառել փուլայնության կրկնության հնարավորությունը և պանթուրքիզմի գործածման անհրաժեշտությունը նաև հանրապետական Թուրքիայում: Իշխող այն գաղափարը, թե երկիրը շրջապատված է թշնամիներով, որոնք փորձում են թուլացնել կամ տարածքներ խլել նրանից, թե թուրքերը չունեն ոչ մի ընկեր, բացի թուրքերից, խորքում ամեն դեպքում շարունակում էր պահպանել հին մտադրությունների բացիլները: Եվ եթե Քեմալ Աթաթուրքն իր հիմնական առաքելությունը համարում էր օսմանյան անցյալին վերջ դնելը, ապա հաջորդող տասնամյակները փաստեցին այդ նպատակի հարկադրման անհնարինությունը: Շարունակվող ներքին խմորումները, անցյալի հետ առճակատման անխուսափելիությունը, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող զինվորական հեղաշրջումները (քանի որ աշխարհիկությունը մնացել էր զինվորականության համակ վերահսկողության ներքո), սոցիալական ու ազգամիջյան ցնցումները յուրաքանչյուր անգամ ափ էին նետում պանթուրքիզմի ուրվականը:
Եվ պատահական չէր, որ 1951-ին Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո պանթուրքիզմը կրկին արդիականանալու նախանշաններ ցուցաբերեց իբրև գաղափարական պայքարի միջոց` այս անգամ հակակոմունիզմի և ԽՍՀՄ-ից թուրքալեզու ժողովուրդներին անջատելու նպատակի շղարշի տակ:

Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ
Թուրքերն ուզում են գերիշխել: Նրանք դա ցանկացել են միշտ: Նրանք և՛ երեկ, և՛ այսօր, և՛ վաղը նույնպես համառ փորձեր են անելու Քեմալ Աթաթուրքի անունով դուրս պրծնել նույն Աթաթուրքի հանրապետության ժողովրդավար մեկուսացման շրջանակներից և վերստեղծել կայսրությունը: Ժամանակի մեջ յուրաքանչյուր հնարավորություն վերածվում է երկրորդ շնչառության, արթնացնում է հույսեր, լիցքեր է հադորդում: Այդպես պատահեց նաև սառը պատերազմի դարաշրջանի ավարտից հետո, և այն մեծ փոփոխությունները, որոնք տեղի ունեցան աշխարհում 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին, Անկարային ստիպեցին արմատականորեն փոխել սեփական արտաքին քաղաքական կուրսը, որը մինչ այդ խարսխված էր քեմալականության պատգամների վրա: Սկզբում դա կրում էր տարերային, երբեմն նաև ինքնաբուխ ու ցայտնոտային բնույթ` բավարարվելով սոսկ այն հեռանկարով, թե Խորհրդային Միության փլուզումը կարելի է դիտարկել Թուրքիայում պանթուրքիզմ գաղափարախոսության վերածննդի պատճառ: Նույնիսկ մի առիթով Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը հետին թվով պիտի խոստովաներ, որ Ադրիատիկ ծովից մինչև Չինական պատ թուրքական ինքնությունը տարածելու նպատակը վերազարթոնքի հիմքեր ուներ: Շատ ավելի դիպուկ էր մեկ այլ նախկին նախագահի` Թուրգութ Օզալի քայլը, որը Թուրքիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ իրենք Օսմանյան կայսրության պատմական տարածքների պատասխանատվության կրողներն են:
Սակայն երկրի պատասխանատուները հրաշալի հասկանում էին, որ նոր աշխարհում «հին, բարի ժամանակների» պանթուրքիզմը կիրառելի է միայն ներքին օգտագործման համար` թուրքական միասնականության քարոզչության պայմաններում: Իսկ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ճանապարհին բոլորովին ուրիշ` Արևմուտքի քիմքին գոնե փոքր-ինչ հարիր գաղափարախոսություն է պետք, և սահմանից այն կողմ ներկայանալի արտաքինը պետք է լինի ոչ թե տաճկական ֆեսով, այլ գլխաբաց թուրքը: Ահա այս հենքի վրա ձևավորվեց ու մարմին առավ թուրքական ծավալապաշտության մեղմացված տարբերակը: 2002-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո հրապարակ իջան նրանք, որոնց անվանեցին չափավոր իսլամիստներ կամ մեկ այլ բնորոշմամբ` իսլամիստ ժողովրդավարներ: Դեռ որոշ ժամանակ պիտի պահանջվեր, մինչև որ քաղաքական նոր հոսանքը ինքնահաստատվեր, ստեղծեր ուժերի այնպիսի հարաբերակցություն, որի պայմաններում կարելի էր արդեն բարձրաձայնել բուն պատկանելության և դրա դիմագծի մասին: Եվ միայն այդ ժամանակ ազդարարվեց նեոօսմանիզմի մուտքն արտաքին քաղաքական օրակարգ:
Եթե Թուրքիայի ներքին կյանքում դա նշանակում էր, որ որոշակի ուժ և հենարան էր ձեռք բերում այսպես կոչված մահմեդական բուրժուազիան` մի կողմ մղելով մինչ այդ պահը բարձրաշխարհիկ էլիտա համարվող քեմալիզմի ավանդական գաղափարախոսության կրողներին, ապա երկրից դուրս կիրառվող նոր ռազմավարությունը շատ արագ հստակություն էր հաղորդում կայսերական նկրտումներին:
Անկեղծության պահը վրա հասավ 2009-ի նոյեմբերին: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հանդես գալով ԱԶԿ անդամների առջև, խոստովանեց, որ երկիրը վարում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Գոյություն ունի Օսմանյան կայսրությունից ստացված ժառանգություն: Մեզ «նեոօսմաններ» են անվանում: Այո՛, մենք նոր օսմաններ ենք: Մենք ստիպված ենք զբաղվելու հարևան երկրներով: Քարտեզի վրա Թուրքիայի շուրջ 1000 կիլոմետր տրամագծով մի շրջապտույտ արեք, և այդ տարածքում կհայտնվի 20 երկիր, իսկ 3000 կիլոմետր տրամագծով շրջան անելու պարագայում դրանում կընդգրկվի 70 երկիր: Դրա համար էլ Թուրքիան շահագրգռված է իր շրջակայքով»:
Գործունեության տեսադաշտն ու պարագիծը մատնանշված էին: Ժառանգականության պահանջը պարտավորեցնող գործոն էր դիտվում: Ասվածին գումարվում էր նաև այն, որ անցած տարիների ընթացքում Թուրքիան կուտակել էր բավական ներուժ, ինչը պիտի թույլ տար վերագնահատել երկրի տեղն ու դիրքը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում և այդ գնահատմամբ ծեծել Եվրամիության դռները: Դրանով հանդերձ պաշտոնական Անկարան չի կարող չնկատել, որ թե՛ հարևան երկրները, թե՛ գերտերությունները այնքան էլ մեծ ցանկություն չունեն ընդունելու այս նորանուն խաղի կանոնները: Ֆրանսիական «Ֆիգարո» թերթը բոլորովին վերջերս իր հրապարակումներից մեկում իրավացիորեն նկատել էր, որ Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին երկրի կայսերական անցյալի կարոտախտով են տառապում, և որ Թուրքիայում աստիճանաբար ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում այն ամենը, ինչ կապված է երկրի օսմանյան անցյալի հետ:
Օտարների` ակնհայտը տեսնելու փաստը զայրացնում է թուրքերին: Դեռ երեկ նեոօսմանիզմի տեսաբան հորջորջված Ահմեթ Դավութօղլուն հիմա արդեն չափազանց հիվանդագին է արձագանքում իր երկրի վարած քաղաքականությունը բնորոշող այնպիսի ձևակերպումներին, ինչպիսիք են, օրինակ, առանցքային փոփոխություն կամ նոր օսմանիզմ եզրույթները: Սեփական մտադրությունները մատնողի անզգուշությամբ վերջինս անմիջապես հակազդում է` դժգոհելով, թե նման բան չկա և իրենց քաղաքականությունը լիովին ներդաշնակում է Եվրամիության պահանջներին: Իսկ նույն ժամանակ Թուրքիայի կրթության նախարարությունը հրապարակում է տարածաշրջանային քարտեզներ, որտեղ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանի հսկայական հատվածները թուրքական պետության սահմանների ներսում են ընդգրկված: Ինչպես սա, այնպես էլ նեոօսմանիզմի այս կարգի առարկայական ու գաղափարաբանական դրսևորումներն այնքան շատ են, որ հազիվ թե անհրաժեշտություն կա վիճարկելու դրանց առկայության փաստը: Այսօրվա միջին վիճակագրական թուրքը «երջանիկ Թուրքիա» է անվանում Օսմանյան կայսրության ժամանակները` միաժամանակ մտովի գծագրելով այն մոտ ապագան, երբ աշխարհում կրկին կազդվեն ու կսարսափեն թուրքական հզորությունից: Թե ինչպես պիտի աշխարհիկ-ժողովրդական արժեքները խաչասերվեն մեծ քայլերով դեպի նեոօսմանիզմ տանող դիվանագիտական նախագծի շրջանակներում, կամ ինչպես պիտի համաշխարհային բազմաբևեռ դաշտը համակերպվի օտար մարմնի ներկայության հետ, սրանք դեռևս անլիարժեքության բծերով պատված հարցեր են, որոնց պատասխանը միայն օտարներին չէ, որ հուզում է:
Եվ դա է պատճառը, որ նույնիսկ Թուրքիայում ոչ բոլորն են հավանություն տալիս ու հավատում կերպարանափոխված ռազմավարության հաջողությանը: Ծանրակշիռ փաստարկներից մեկն էլ համարվում է այն, որ ներկայիս Թուրքիայի հարևան երկրները ժամանակին Օսմանյան կայսրության մաս են կազմել, և այնքան էլ դյուրին գործ չէ մոլորեցնել նրանց, համոզել, որ վերջիններս հեշտությամբ աջակցության ու համագործակցության ձեռք մեկնեն նախկին բռնատիրության ժառանգորդին: Ընդդիմախոսները համառորեն հիշեցնում և զգուշացնում են, որ եթե օսմանիզմը ժամանակին բերեց Օսմանյան կայսրության փլուզմանը, ապա նեոօսմանիզմը կարող է հանգեցնել նրա վերջնական տապալմանը:

ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ
Թուրքական մեծ ընտրությունը ենթադրում է երկու հնարավոր սցենար: Դրանցից առաջինը դեպի Եվրոպական միություն տանող ուղին է` լիիրավ անդամ ու ակտիվ դերակատար դառնալու հեռանկարով: Երկրորդ ճանապարհը կարող է լինել ավանդականը որդեգրելու հավատարմությունը` դեպի պանթուրքական իղձերի կենսագործում, դեպի մահմեդական աշխարհ:
Արդեն բավական ժամանակ է, ինչ ԵՄ-ը մերժումով է պատասխանում Թուրքիայի դիմումներին: Մինչդեռ եթե վստահելու լինենք Թուրքիայում անցկացված հարցախույզի արդյունքներին, ապա մասնակիցների ճնշող մեծամասնության համար երկրի առաջնահերթ նպատակը շարունակում է մնալ Եվրամիությանն անդամակցելը: Իսկ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարում է, որ չնայած Եվրամիության դիմադրությանը՝ Անկարան կշարունակի ձգտել ընդգրկվել միասնական Եվրոպայի մեջ: «Մենք չենք փոխել մեր քաղաքականությունը, այն նույնն է: Մենք ԵՄ-ին դիմել ենք 1959 թվականին, 1963 թվականին մեր դիմումը պաշտոնապես ամրագրեցինք և այդ օրվանից սպասում ենք: Ես եվրոպական քաղաքական գործիչներին պարզ ասում եմ` եթե դուք Եվրամիությունը քրիստոնեական ակումբ չեք համարում, ապա պարտավոր եք մեզ ձեր շարքերն ընդգրկել»:
Սակայն Անկարայում բոլորից լավ գիտեն, որ խնդիրն ամենևին էլ կրոնական ու ակումբային զանազանությունը չէ, ու ոչ էլ Հին Աշխարհը որևէ պարտավորություն ունի իրենց առջև: Կա «եվրոպականացման» պահանջների մի ընդարձակ ցանկ, ինչը ոչ մի կերպ չի ներդաշնակում ներկայիս Թուրքիայի իրական էության հետ: Դրանցից մի քանիսն ուղղակի վեր են նրա ուժերից, քանի որ անմիջականորեն շոշափում են երկրի ու կեցության առանցքային հիմքերը:
Եվրոպական ուղին առաջին հերթին մի ճանապարհ է, որը տանում է դեպի մարդու իրավունքների պաշտպանություն, ինչը նշանակում է նաև իսլամիստների իրավունքների պաշտպանություն: Հետևաբար, այդ ուղին, որին նախկինում աջակցում էր Աթաթուրքի պատգամներին հավատարիմ մնացած զինվորականությունը, այսօր մտահոգությունների առարկա է դարձել: Արդեն քանի տասնամյակ իսլամը նրանց ջանքերի շնորհիվ մշտապես փակված է եղել աշխարհիկության ամուր փականքներով: Եթե բացվի «պանդորայի տուփը», ապա ներսի տարողությունն, ըստ որոշ վերլուծաբանների, Թուրքիային միանգամից դեպի մահմեդական աշխարհ կնետի:
Գալով «քրիստոնեական ակումբի» անցանկալիությանը, այստեղ ևս ճշմարտությունն իր չափաբաժինն ունի: Թուրքիայի մուտքը ԵՄ արգելելու եվրոպական շատ երկրների դիրքորոշման հիմնական պատճառը Եվրոպայում մահմեդական ազգաբնակչության սպառնալիորեն աճող թվաքանակն է` ավելի քան 70 միլիոն մարդ, որից 50 միլիոնը` թուրք: Նման քանակությամբ մահմեդականներով Եվրոպան ուղղակի կկորցնի իր քրիստոնեական ու աշխարհիկ նույնականությունը:
Թուրքիայի հաջորդ փորձությունը մնում է այն նախաձեռնությունը, որ նա ստանձնեց ԵՄ-ին անդամակցելու ծրագրերն իրականացնելու համար: «Զրո խնդիր հարևանների հետ»,- այս անունն է կրում արտաքին քաղաքական նոր դավանանքը, ինչն առաջին հայացքից արդեն իսկ տպավորություն է գործում: Ասենք, այլ կերպ դժվար էլ լիներ, քանի որ աթաթուրքյան ժամանակաշրջանում իշխող «թշնամի հարևաններով շրջապատված» պետական գաղափարը մոտ մեկ դար անց հանկարծ վերափոխվել է զրոյական գաղափարի:
Բայց չափորոշիչների նվազեցումը դեռ հաջողության գրավական չէ: Առաջին իսկ քայլերից պարզ դարձավ, որ սա ևս անիրագործելի մի մտահղացում է դրացիական բոլոր շրջանակներում: Թուրքիայի հակումը, որպես արաբական աշխարհի առաջատարի, ամենևին ընդունելի չէ արաբների համար: Ուստի արաբական Մերձավոր Արևելքն այն տարածաշրջանն է, որտեղ «Օսմանյան կայսրության» տեսլականի ձախողումը մեծ դժվարություն չի ներկայացնի: Թերևս հենց այդ ուղղության հարևանների միջավայրում Թուրքիան շատ ավելի մեկուսացած ու շրջափակված է, քան կարելի է կարծել: Եվ գուցե նաև դա է պատճառը, որ Արևմուտքն առանձնապես ջանքեր չի գործադրում Թուրքիայի մերձավոր-արևելյան մտադրությունները խոչընդոտելու առումով:
Ասվածի լավագույն դրսևորումը դարձավ իր կեսդարյա դաշնակցի` Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելու փաստը: Գտնում են, որ Էրդողանի կառավարությունը նպատակ ուներ այդ գնով հեղինակություն վաստակել հակահրեական տրամադրություններով ապրող մահմեդական աշխարհում: Սակայն հեղինակության դափնին կարծես թե չհայտնվեց: Փոխարենը Բրիտանական The Daily Telegraph պարբերականը, անդրադառնալով «Ազատության նավախմբի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպին` գրեց, որ այդ ողբերգությունը վառ ապացույցն է այն բանի, որ նեոօսմանական, ասիական և իսլամիստական Թուրքիան երբեք չի կարող անդամակցել Եվրամիությանը:
Զրոյականության ձգտումը ձախողում է խոստանում նաև Իրանի պարագայում: Ակնհայտ է, որ Թուրքիայի դիրքերի ուժեղացումը իրանական դիրքերի թուլացում կնշանակի: Թեհրանը հասկանում է, որ իր ներկայիս դժվարին կացության հաշվին թուրքերը փորձում են լիարժեք օգտվել պատեհ հնարավորություններից: Սակայն իրանական գործոնը դեռ ի զորու է պաշտպանել իր կարևորությունն այս տարածաշրջանում և մնալ կողմնորոշիչ ինչպես հարևանների, այնպես էլ Արևմուտքի ու Ռուսաստանի համար, եթե կարիք առաջանա սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հազիվ թե Թուրքիան հիմքեր ունի պնդելու, թե այստեղ նույնպես բացարձակ անհաջողության չհասավ: Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ առնչությամբ նկատեց. «Հարևանների հետ զրոյական խնդիրների՝ Թուրքիայի հռչակած քաղաքականությունը զրոյական արդյունքներ է տալիս: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է իր շահը փնտրել մեր տարածաշրջանում շահերի բախման, այլ ոչ թե համադրման համատեքստում»:
Հիասթափությունների գերկուտակման պահերին Թուրքիան ցանկանում է այնպիսի կեցվածք ընդունել, ասես հոգնել է ԵՄ-ին անդամակցելուն սպասելուց: Բայց աշխարհը հասկանում է, որ թուրքական դիվանագիտությունը դժգոհության շապիկի տակ տաքացնում է պանթուրքիստական ու պանիսլամիստական քաղաքականության վերապրուկներին` դրանց կենդանություն պարգևելու հույսերով:
Ինչ խոսք, եվրոպականացման հեռանկարը գայթակղիչ է, բայց քիչ չեն նաև նրանք, ովքեր կարծում են, որ իսկական մեծությունը երկրի կայսերական անցյալն է, այլ ոչ թե համամարդկային արժեքները: Թուրքերին ճնշում են օտարների անվերջ քննադատությունները, փոխարենը գերագույն հաճույք է պատճառում այն անցյալը, երբ տերության սահմանները փռված էին Բալկաններից մինչև Արաբիա: Օսմանյան ոսկեդարի իդեալականացումն ուղեկցվում է զանազան խթանիչներով, ինչպիսիք են պատմական ֆիլմերը` ենիչերիների պատկերներով և «Կայսրությունը պատասխան հարված կհասցնի» վերտառությամբ վերնաշապիկները, որ մեծ մասսայականություն են վայելում հատկապես երիտասարդության շրջանում: Եվ նրանք անհամբերությամբ սպասում են, թե երբ և որտեղ պիտի հասցվի խոստացված հարվածը:

Ո՞ՐՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ
Այս հարցը, որ կարելի է նաև վերաձևակերպել հետևյալ կերպ` «Թուրքիայի ո՞ր կողմնորոշումն անվտանգ կլինի Հայաստանի համար», առաջին հերթին գոյության իրավունք է ձեռք բերել այն պարզ պատճառով, որ մեզ համար Թուրքիայի քաղաքական դիրքորոշման կարևորությունը ոչ նոր է, ոչ երկրորդական: Երկու երկրների բարդ, լարված և թշնամական հարաբերությունների, ինչպես նաև ամեն կարգի շփումների սառեցման պայմաններում կանխատեսելիության գործակիցը երբեք բավարար լինել չի կարող: Բայց այնուամենայնիվ, համադրենք արդեն հիշատակված երկու տարբերակների հետևանքները և փորձենք հասկանալ, թե ի վերջո ներգործության ինչ բեռ պետք է ակնկալել այս կամ այն ելքի պարագայում:
Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նշանակետը Եվրամիության և Եվրոպայի հետ ինտեգրվելն է: «Մեր այս նպատակից նույնիսկ մի փոքր շեղման մասին խոսք չի կարող լինել: Իրականություն է, որ վերջին շրջանում Եվրամիության անդամակցության ճանապարհին զգալի հատված ենք հաղթահարել»: Սրանք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերն են: Եթե ասվածն ընդունենք իբրև իրողություն և համարենք, որ նույն հետևողականությունը կպահպանվի նաև առաջիկայում, ապա դա նշանակում է, որ Թուրքիան պարտավորվում է կետ առ կետ կենսագործել այն բոլոր պահանջները, որ նրան կառաջադրվեն Բրյուսելի նստավայրից: Իսկ այդպիսի հեռանկարը մեզ խոստանում է ոչ միայն աստիճանաբար ժողովրդավար դարձող հարևան, այլև այն բոլոր կնճռոտ խնդիրների կարգավորում, որոնք այսօր համարվում են անլուծելի: Եվրոպական ընտանիք ներգրավված Թուրքիան հարկադրված կլինի հարևանների հետ հարաբերվել պակաս քմահաճությամբ և կդառնա ավելի կանխատեսելի:
Եթե կատարվի հակառակը, այսինքն` Թուրքիան շեղվի ու դեմքով դառնա դեպի այն նպատակը, որ նրան մղելու է հեգեմոն դերակատարություն ստանձնելու նախկին կայսրության տիրույթներում` շեշտադրելով իր իսլամական ինքնությունը, ապա պետք է ենթադրել, որ դրա արդյունքում նա կզրկվի ինչպես ԵՄ-ի, այնպես էլ գերտերությունների բարեհաճությունից: Այդպիսի հեռանկարը կհանգեցնի նրան, որ քաղաքակիրթ պետությունների կողմից Թուրքիայի դեմ կուղղվի դիմակայության և հակազդեցության սլաքը: Այն, ինչ մինչ օրս ներվել էր, հետայդու կորակվի իբրև մարտահրավեր և հիմնարար ազատությունների ոտնահարում: Իսկ վտարյալ ու ճնշված Թուրքիան Հայաստանի համար հազիվ թե ներկայացնի այնպիսի վտանգ, որից կարելի է լրջորեն զգուշանալ: Աշխարհն արդեն ծանոթ է համանման մի քանի դեպքերի ու ականատեսն է եղել դրանց սանձահարման փորձված մեթոդներին:
Հնարավոր հեռանկարային այս զարգացումների համատեքստում կարելի է նաև ասել, որ այսօր Թուրքիայի համար երկու ճանապարհների բաժանման կետում կանգնելը շատ նման է երկու կրակի արանքում լինելուն: Ինչպիսին էլ լինի նրա ընտրությունը` որոշումը տրվելու է ոչ առանց զոհաբերումների:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: