Tag Archives: թողություն

ԼԵՈՆ- ՊՈԼ ՖԱՐԳ

5 Փտր

Այն ժամանակից ի վեր միշտ կա ճակատումս և ինձ ցավ է պատճառում,
Գունաթափ, բորակից կարծրացած ու թթված, ինչպես սարդոստայն, որ կախվում է նկուղում,
Արցունքի մի քող միշտ պատրաստ է ընկնելու աչքերիցս:
Ես այլևս չեմ համարձակվում շարժել այտս. ամենափոքր ցոլական շարժումը, փոքրագույն ջղակծկումը
Վերջանում է արցունքներով:
Թե մոռանամ մի վայրկյան իմ վիշտը,
Հանկարծ, պողոտայի մեջտեղում, ծառերի սվսվոցի մեջ,
Փողոցի բազմության, կայարանի անձկության մեջ,
Հին բարեկամի ձեռքում, որ խոսում է մեղմորեն,
Կամ մի հեռավոր հեծեծանքի մեջ,
Մի ապտակի շառաչյունում, որ ցուրտ է սփռում սրահներում,
Կամ խոհանոցային հոտի մեջ, մի երեկո,
Որ հիշեցնում է անցած մի լռություն սեղանի շուրջը…
Ամենաչնչին բանի պատճառով
Կամ ինչպես Աստծո մատի մի հարված մի մոխրի վրա,
Նա հարություն է առնում: Եվ սուրն է մերկացնում: Եվ ինձ խոցում է անտեսանելի մարտից եկած մահացու հարվածով.
Նույնպես ուժեղ, ինչպես աղետն է պայթեցնում թունելը,
Նույնպես ծանր, ինչպես ծովային շեղբն է հարվածում ծովին,
Նույնպես բարձր, ինչպես հրաբուխն է իր սիրտը մխրճում աստղերի մեջ:
Ես քեզ կթողնեի, կգնայի` քեզ չվերադարձնելով ոչինչ
Այն ամենից, ինչ դու դրել էիր սրտիս մեջ:
Եվ ես հոգնեցրել էի քեզ ինձնով, և դու ինձ լքեցիր,
Եվ պետք եղավ ամառվա այս գիշերը, որպեսզի հասկանայի…
Գթություն… Ես ուզում էի… Ես չիմացա… Թողություն, ծնկի եմ գալիս, թողություն…
Թող ես փլուզվեմ վերջապես, խղճուկ ոսկրակույտ, որ փլվում է, օ,
Գործիքների խղճուկ պարկ, որից կյանքն ազատվում է ուսի մի հարվածով մի անկյունում
Ախ, ես ձեզ տեսնում եմ, սիրելիներս: Հայր իմ, ես տեսնում եմ քեզ: Ես միշտ տեսնելու եմ քեզ մահճակալիդ վրա մեկնված,
Արդար ու մաքուր Տիրոջ առաջ, ինչպես քո ջահել ժամանակ,
Խելամիտ, ինչպես նավահանգստում խարիսխ գցած նավը, առագաստները իջեցրած, լույսերը հանգցրած,
Քո խորհրդավոր ժպիտով, բռնազբոսիկ, ընդմիշտ ամուր, հպարտ քո գաղտնիքով, վեհ քո վաստակով,
Տանջված, լուսե մատներով, ամբողջ օրվա ընթացքում բարակած ու կարծրացած,
Ծաղիկներով, որ քաղել էին քեզ համար պատշգամբից,
Մինչդեռ թշվառական մի երգ էր լացում արհեստանոցների տանիքի վերևից, մի բակում,
Եվ որ Մահվան թմբկահարները բացում ու փակում էին դռները:

%d bloggers like this: