Tag Archives: թմբկահար

ԿՐԿԵՍԻ ԹՄԲԿԱՀԱՐԸ

6 Հկտ

Լավ երեխա լինեի` կրկես գնալիս բոլոր երեխաների նման ապշած աչքերով կնայեի խելացի կենդանիներին, աղմկոտ ծաղրածուներին, հնարամիտ ակրոբատներին: Բայց ես նայում էի վերին օթյակին, այնտեղ, որտեղ նվագախումբն էր: Ավելի ճիշտ, ես ամբողջ ընթացքում նայում էի այդ նվագախմբի թմբկահարին: Երբ լարախաղացը պատրաստվում էր վտանգավոր ցատկ կատարել, թմբկահարն իր փայտիկներով սկսում էր արագ հարվածել և մեր սպասման տագնապը կրկնապատկվում էր: Երբ ծաղրածուն պիտի գլուխկոնծի տար, թմբկահարն ուժգին հարվածում էր ծնծղաներին և ծաղրածուի անհաջող անկումը դառնում էր ավելի զավեշտալի: Երբ հսկա փիղը կանգնում էր երկու ոտքերի վրա ու կնճիթը պարզում էր վեր, թմբկահարը հաղթական քայլերգ էր հնչեցնում և մեր զարմանքը լցվում էր հիացմունքով:
Ես սիրում էի թմբկահարին, քանի որ նա կրկեսի աշխարհը ներկում էր ամենակարևոր գույնով:

Հովիկ Չարխչյան29102011024

%d bloggers like this: