Tag Archives: Թիֆլիս

ՄԻ ՓՈՔՐԻԿ ՃՇՏՈՒՄ

13 Մրտ

1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում վախճանվեց Հովհաննես Թումանյանը: Նրա մարմինը տեղափոխվեց Թիֆլիս և ապրիլի 15-ին կայացավ հուղարկավորությունը: Հայաստանից Վրաստան մեկնեց պաշտոնական պատվիրակություն: Այդ մասին «Արմենտա» հեռագրական գործակալությունը հատուկ տեղեկատվություն հրապարակեց: Հաղորդագրության տեքստում մասնավորապես ասվում էր. «Երևանում գտնված գրողներն ու արվեստագետները որոշել են բանաստեղծի թաղմանը Թիֆլիս պատգամավորություն ուղարկել հետևյալ կազմով. ընկ. Մ. Սարյան, Ց. Խանզադյան, որ միաժամանակ նաև համալսարանի ներկայացուցիչն է և Ե. Չարենց: Պատգամավորությունը այսօր առավոտյան՝ ապրիլի 13-ին մեկնեց Թիֆլիս»:
Համաձայն այս վկայության, Չարենցը մասնակցել է Թումանյանի թաղմանը: Բայց արդյո՞ք դա այդպես է: Բանն այն է, որ ապրիլի 15-ին, ժամը 12-ին, այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ Թումանյանի աճյունն իր վերջին ճանապարհն էր անցնում, Երևանի պետական թանգարանի դահլիճում ընթանում էր Ամենայն Հայոց բանաստեղծի հիշատակին նվիրված քաղաքացիական հոգեհանգստ: «Խորհրդային Հայաստան» թերթը ապրիլի 17-ի համարում ներկայացրել է այդ արարողության մանրամասները: Հրապարակելով ժողկոմ Ասքանազ Մռավյանի ելույթը՝ հոդվածագիրն այնուհետև գրել է. «Նույն իմաստով արտահայտվեց նաև ընկ. Եղիշե Չարենցը Հայաստանի գրողների և արվեստագետների կողմից: Նա հատկապես ցանկություն հայտնեց, որ ներկայիս գրողները յուրացնեն Հ. Թումանյանի ավանդը…»:
Ստացվում է, որ Չարենցն իրականում Թիֆլիս չի մեկնել: Իսկ թե ի՞նչն էր պատճառը, որ բանաստեղծը վերջին պահին հրաժարվել է այդ ուղևորությունից ու ի՞նչ հիմքով էր հեռագրական գործակալությունը վկայում նրա մեկնումը, առայժմ հայտնի չէ:

© Հովիկ Չարխչյան11700877_10202862909774090_1771284148538605615_n

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԱՂՋԻԿ ՓԱԽՑՐԵՑ

18 Հլս

Հայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանին շատ դժվար պիտի լինի դասել այն հանրահայտ մարդկանց շարքին, ովքեր հանրությանը հայտնի են իբրև «աղմկոտ» անհատներ: Սկանդալները, սիրային «ասպատակությունները», գինարբուքներն ու զանազան խենթությունները ոչ մի կերպ չեն ներդաշնակում նրա մարդկային նկարագրի հետ ու չեն «զարդարել» նրա գրողական կյանքը: Բայց և այնպես, Դեմիրճյանի կյանքում էլ կան քիչ հայտնի դրվագներ, որոնք կարճատև բռնկումների նման գալիս են խզելու նրա արտաքուստ միապաղաղ օրերի շղթան և հերթական անգամ վկայելու, որ անքննելի են հոգու և հույզերի աշխարհները: Այդպիսի մի պատմություն տեղի է ունեցել 1920-ական թվականների սկզբին: Ճիշտ է, պատահածի մասին չափազանց քիչ բան է հայտնի, սակայն պահպանված տեղեկություններն ու վավերագրերը թույլ են տալիս շարադրելու նրա անձնական արկածի այդ դրամատիկ դեպքերի հակիրճ ժամանակագրությունը:
1920 թվականը Դերենիկ Դեմիրճյանի կյանքում ընտանեկան դժբախտություն տարի էր: Վախճանվեց գրողի սիրելի կինը` Մարիամը, որի հետ ապրել էր տասը տարի: Որբացած ու մայրական խնամքից զրկված Վիգեն որդին, որ նաև հիվանդ էր, դարձավ Դեմիրճյանի ողջ ժամանակի և ուշադրության տերը: Այդ օրերին նրանք ապրում էին Թիֆլիսում, և երեխայի հոգսն իր ուսերին էր վերցրել գրողի ավագ քույրը` Վարսենիկը: Այս անձնազոհ կինը հնարավոր ամեն բան անում էր հոգալու երեխայի բոլոր կարիքները, խնամելու նրան` դրա հետ մեկտեղ հնարավորություն ստեղծելով եղբոր համար զբաղվելու գրական աշխատանքով: Սակայն նրբազգաց հոր համար դա մխիթարանք չէր, և նա այդպես էլ երկար ժամանակ չէր կարողամում վերագտնել ոչ իր հոգու անդորրը և ոչ էլ ամբողջապես տրվել ստեղծագործական աշխատանքին: Այդ այն ժամանակներն էին, երբ Հայաստանի իշխանությունները հորդորում էին նրան վերադառնալ Երևան, ստանձնել կարևոր ու պատասխանատու պաշտոններ, միայն թե Դեմիրճյանի համար դժվար էր կտրուկ որոշումներ կայացնելն ու մեկնելը: Իսկ իրականությունն այն էր, որ նա ապրում էր չափազանց սուղ պայմաններում, մշտապես աշխատանք որոնելու և ապրուստի միջոցներ հայթայթելու մտատանջությամբ:
Եվ ահա 1923 թվականի ամռանը նա հրավեր է ստանում հայկական դպրոցների ուսուցիչների երկամսյա դասընթացների ղեկավար Հովհաննես Պողոսյանից` ստանձնելու արվեստի պատմության ու գրականության դասատուի գործը: Դիմիրճյանն անմիջապես համաձայնում է: Նա դեռ չգիտեր, որ այդ նոր աշխատավայրում իրեն սպասում էր մեծագույն անակնկալը: Հենց այս հարկի տակ էլ ամառային մի խաղաղ օր նա առաջին անգամ տեսավ Մարիային:
Մարիա Միխայիլովնա Ումուդանովան ռուսաց լեզվի ուսուցչուհի էր Թիֆլիսին մոտ գտնվող Բելի Կլյուչ (հետագայում` Թեթրի Ծղալո) ավանում: Նա կրթված, գեղեցիկ, հոգատար կին էր, ամուսնացել էր նույն դպրոցի վարիչի հետ և զավակ ուներ: Սակայն սկզբնական հանդիպման տպավորությունն այնքան վառ էր ու անջնջելի, որ Դեմիրճյանն առաջին իսկ պահից նույնիսկ հիշել չէր ուզում մնացած հանգամանքների մասին: Հիմա նա անընդմեջ պատրվակներ էր որոնում Մարիային կրկին տեսնելու, նրա հետ գոնե հպանցիկ զրույցի համար: Հրապուրանքը վաղուց դարձել էր խորը զգացմունք, դարձել էր տառապանք ու մտասևեռում` մոռացման տալով աշխատանք, ընտանիք, գրական կյանք, դժվարություններ…
Ամառն անցավ, դասընթացներն ավարտվեցին, և այդ օրերին նրա կայացրած վճիռն այլևս անբեկանելի էր. Մարիան պիտի լիներ իր կինը: Սակայն ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս իրականացնել մի ցանկություն, որը համարյա անհնարին էր, և դեռ` վտանգներով ու ծանր հետևանքներով հղի: Հազիվ թե որևէ մեկը աջակցեր իրեն, խրախուսեր իր որոշումը, չդարձներ հանդիմանության ու նախատինքի թիրախ:
Բայց արի ու տես, որ այդպիսի մեկը գտնվեց: Եվ դա ոչ այլ ոք էր, քան… Եղիշե Չարենցը:
Դերենիկ Դեմիրճյանը Չարենցին ճանաչում էր դեռևս 1920 թվականի սկզբներից, երբ միասին աշխատում էին Հայաստանի Լուսավորության նախարարությունում: Չնայած տարիքային տարբերությանը, նրանք շատ արագ մտերմացան, և այդ անկեղծ հարաբերությունները պահպանեցին նաև հետագայում, թեև նախկինի պես հաճախ չէին հանդիպում: Եվ այժմ Չարենցը Թիֆլիս էր եկել, ու Դեմիրճյանը որոշեց ամեն ինչ պատմել Չարենցին:
Չարենցը նրան լսեց և ապա առաջարկեց իրենց ծրագրի իրագործման միակ միջոցը. Մարիային պետք է փախցնել: 46-ամյա Դեմիրճյանի համար առաջին հայացքից չափազանց դժվար էր պատկերացնել իրեն երիտասարդ տղայի դերում, որ պիտի դիմեր նման արարքի: Բայց, ինչպես ասում են, սերը ոչ միայն կուրացնել, այլև խենթացնել կարող է մարդուն: Եվ նա առանց երկար-բարակ մտածելու համաձայնեց կրտսեր ընկերոջ առաջարկին: Որոշեցին այդ մասին տեղյակ պահել նաև դասընթացների ղեկավարին` Հովհաններս Պողոսյանին:
Բանաստեղծուհի Հռիփսիմե Պողոսյանը, որ Հովհաննեսի կինն էր, հետագայում պիտի այսպես վերհիշեր այդ այցելությունը: Աշնան օրերից մեկն էր, երբ Դեմիրճյանն ու Չարենցը այցելեցին իրենց: Մի փոքր նստելուց հետո նրանք սկսում են խոսել Մարիայի մասին և ապա հայտնում իրենց որոշուման մասին: Տանտերերն անակնկալի են գալիս, աշխատում են նրան ետ կանգնեցնել այդ քայլից, բայց Դեմիրճյանը զայրացած վեր է կենում ու ասում է Չարենցին.
— Գնացինք, Եղիշ… Կտեսնես, Վանյա, որ ես ու Եղիշը կփախցնենք նրան, անպայման կփախցնենք…
Իսկ թե ինչ է լինում հետո, ավելի լավ է լսենք հենց «քաջագործության» հեղինակից: Բանն այն է, որ երջանիկ պատահականությամբ պահպանվել է մի նամակ` հասցեագրված գրող Վահան Թոթովենցին: Այս նամակում, որ թվագրված է 1923թ. հոկտեմբերի 29-ի ամսաթվով, այսինքն այն բանից հետո, երբ մտադրությունն արդեն իրագործված էր, Դեմիրճյանը սիրտը բացում է ընկերոջ առաջ և նրան անկեղծորեն պատմում իրենց արկածի մասին: Ահա մի հատված այդ խոստովանությունից.
«Սիրելի Վահան, քեզ նամակ չգրելուս պատճառը այնքան էլ ծուլությունը չի եղել, որքան այն փոթորկալի հոգեկան վիճակը, որ ապրել եմ այս երեք ամիսը: Երբ պատահենք, մանրամասն կպատմեմ քեզ դա, միայն շատ կխնդրեի, որ մեջդ պահես և, երկրորդ, մի քիչ թափանցիկությամբ նայես խնդրի վրա` խուսափելու համար այն, կոմիկ ասեմ, թե ինչ` տպավորությունից, որ կարող ես ինձնից ստանալ այս րոպեից: Ես էլ եմ ծիծաղում, բայց ոչինչ չեմ կարող անել: Այդ այդպես է: Մի կնիկ փախցրի ամառանոցից: Սա է ամբողջը: Բայց ինչ դժվարություններով ու վտանգներով: Պատմությունը (մրցումը իմ և նրա անուսնու մեջ) շարունակվում է, բայց գլխավորը արի, և հիմի երկրորդ շրջանն եմ ապրում` ձեռքումս պահելու: Կինը ռուս է, և ամուսինը` Բելի Կլյուչի դպրոցների վարիչը, հույն, սարասափելի խանդոտ և բռնակալ արարածի մեկը:
Ամառս տեսա թե չէ կնոջը` միտքս փոխվեց. ասի` պիտի փախցնեմ: Ճիշտ է, մտադրությունս կատարեցի, բայց մանրամասնությունները այնքան տանջալից էին, և այդ կնոջը մարդու ձեռից դուրս քաշելը կապված էր այնպիսի անդիմադրելի խոչընդոտների հետ, որ գլուխս վտանգի մեջ էր միանգամայն. դա ոչինչ, անհնարին էր գործը գլուխ բերելը: Դրան հակառակ էին բոլորը` մեր Վարսենիկից սկսած մինչև ծանոթներս, կնոջ ամուսինը (բնականաբար), կնոջ քույրերը, հայրը, հարազատները և, ամեն բանից հետո… իմ նյութական նեղ վիճակս, երբ հարկ եղավ գիշերը ավտոմոբիլ վարձել, գնալ կնոջը փախցնելու` այստեղից Բելի Կլյուչ ձգվող դժվար ճամփաներով: Շոֆերները գլխի ընկան, որ կարող է կրակոցների հարկ լինել, հրաժարվեցին գալու: Ստիպված եմ եղել կնոջը փախցնելու հենց իր քրոջ միջոցով, որը ինձ հակառակ էր: Հիմի կինը այստեղ է` իր հինգ տարեկան երեխայի հետ, և ապրում է իր քույրերի մոտ: Չգիտեմ, կարիք կա քեզ էլ բացատրելու այն հոգեկան վիճակը, որ ապրում եմ հիմա: Ամուսինը գյուղից գաղտնի եկել է այստեղ և հետապնդում է մեզ. կնոջ հարազատները ստիպում են նրան գնալ Բաքու, հոր մոտ (որպեսզի ինձնից բաժանեն համոզելով և այլն), կինը չի գնում, բայց ծանրացած է քույրերի վրա: Ուրեմն` խնդիրը ես պիտի վճռեմ: Պարզապես դրամ է պետք, և իմ ներկայությունը այստեղ, մինչև կարգադրեմ գործը: Կինը դեռ օրինական ձևականություններ ունի ամուսնալուծության հարցում և զավակը ամուսնուց խլելու` դատի մեջ: Ես պիտի օգնեմ, այլապես ինչացո՞ւ էր իմ այսքան մեծ փոթորիկը, որ բարձրացրի`մի կնոջ սիրտը մտնելով և ընտանիքը քայքայելով: Բացի այդ, կապված ենք իրար հետ… Այս հոգեկան վիճակով ո՞ւր գնամ, ինչպե՞ս գամ Երևան…. Այս ընդհանուր ալեկոծությունների մեջ հիվանդացավ Վարսենիկը և հիմա վատ կացության մեջ է, նրան բերել չեմ կարող, որովհետև նա էլ կապված է Վիգենի հետ, որին պիտի տամ այստեղի հետամնացների մանկապարտեզը: Երեխան սկսել է նոր-նոր բացվել, արդեն նկարում է, քիչ-քիչ խոսում է: Տունը քանդել ու գալ, անմիտ բան է, իսկ երկու տուն ունենալը` դժվար:
Ուրեմն հասկանալի պիտի լինի, որ լինել Երևանում կարող եմ, բայց ապրել, գոնե այս ձմեռ, չեմ կարող: Թերևս մինչև հունվար հանգամանքները այնպես դասավորվեն, որ «կնոջս» հետ գամ մի քիչ երկար մնալու: Պետք է ասել, որ նա շատ կուզենար ամուսնուց հեռու մի տեղ քաշվել, դեմ չէ Երևանին էլ, բայց դեռ անկարող է գալ վերոհիշյալ պատճառներով:
Շտապ եմ գրում, և կարևոր մտքեր բաց եմ թողնում: Ամենակարևորը իմ այդտեղ չգալու պատճառը, այնքանով բացատրիր ուրիշների մոտ, որքան վերաբերում է Վիգենի և քրոջս արգելքներին, որ կա: Մնացածը չեն հասկանա, կարիք չկա և մինչև անգամ գործս կփչացնի: Իհարկե, եթե մարդիկ մի քիչ նուրբ լինեն և մի րոպե մտածեն, որ գործ ունեն գրողի հետ, որի արտադրության գործիքը իր սիրտն է և այդ սիրտը չի կարելի պարտադրությունների հետ կապել, և որ այն ժամանակ է ստեղծում, երբ գալիս է նրա կապրիզը, և որ այդ կապրիզը ինքն էլ չգիտե, թե երբ և ինչպես է գալիս` ինձ չեն պարտադրի, որ Երևան գամ…»:
Ահա, ընդհանուր գծերով այսպիսին էր Դեմիրճյանի կացությունն այն օրերին: Ի դեպ, Հռիփսիմե Պողոսյանը պնդում է, թե իրականում ոչ մի կին փախցնել էլ չի եղել, Մարիան ինքն է իր ոտքով եկել Դեմիրճյանի տուն: Գուցե այդպես է, գուցե` ոչ: Բայց սա արդեն էական չէ: Կարևորն այն է, որ գրողին ի վերջո հաջողվեց ամուսնանալ Մարիա Ումուդանովայի հետ: Շատ չանցած` նույնիսկ նրանք, ովքեր կտրականապես դեմ էին այս միությանը, ոչ միայն հաշտվեցին իրականության հետ, այլև գնահատեցին այդ կնոջ առաքինությունները, նրա նվիրվածությունը թե Դեմիրճյանին, թե գրողի հարազատներին:
Իսկ որպեսզի մեր պատմությունը թերի չմնա, ասենք նաև, որ հին վերքերն, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին իրենց գոյության մասին: Դրա վկայությունն է ևս մի նամակ` գրված արդեն 1939 թ. սեպտեմբերին: Դեմիրճյանն այն հասցեագրել է Հակոբ Խաչատրյանին: Ինչ-որ բան կարծես թե այնպես չի ընթացել, ինչպես հարկն էր, վրա է հասել միառժամանակ բաժանված լինելու պահը, սակայն տարածությունը ներգործություն չունի զգացմունքների վրա, և գրողը հեռվից հեռու ապրում է նրա հետ, փորձում է վերստին վերադարձի ու հաշտության եզրեր գտնել: Հենց այս լարված, հակասական տրամադրությունների արգասիքն էլ նրա նամակն է, որից ներկայացնում ենք կարճ հատվածներ.
«…Խնդիրը նրանում է, որ չեմ կարողանում կարգի գցել նամակագրության և հեռագրելու գործը: Նամակ և հեռագիր ուղարկել եմ իրենց տան հասցեով: Նա ասում էր, որ կարող եմ վստահորեն ուղարկել, ամուսինը չի կարդում կամ չի խանգարի: Իսկ ես կարծում եմ, որ կխանգարի, և եթե ձեռն ընկնի նամակ կամ հեռագիր, առնվազն չի հանձնի: Բաքվից ուղարկել եմ նամակ և հեռագիր: Հեռագիրն ստացել է, իսկ նամակը չգիտեմ: Առակս այն ցուցանե, որ, խեղճ իմ Հակոբ, վրադ մի պարտականություն պիտի դնեմ: Մի երկու օր էլ կսպասեմ, և եթե նշաններ լինեն, որ նամակս տեղ չի հասել, քո հասցեով պիտի ուղարկեմ: Շատ եմ խնդրում, չմերժես և օգնես ինձ այս գործում: Նամակը հանձնելիս կասես. «Դերենիկն ինչ-որ պատմվածքներ է ուզում ուղարկել Ձեզ, և դրա մասին է գրում երևի…»: Հետո, խնդրում եմ, խոսակցություն ունեցիր իմ և իրա մասին, և ինչ որ կասի, ինձ հայտնիր: Մենք բաժանվեցինք շատ մտերիմ: Նա ինձ հեռագիր ուղարկեց Բաքու, բայց ահա մինչև այսօր նամակ չունեմ: Շատ եմ կասկածում, որ ամուսնու հետ վեճ է պատահել… Այդ դու կզգաս խոսելիս: Կսպասեմ նամակիդ:
… Ինձ թվում է, թե նամակս ընկել է ամուսնու ձեռը և նրան չի հանձնել, նա էլ կորցրել է հասցես: Դու այնպես տար խոսակցությունը, որ իբրև իմ և նրա հարաբերությունը իմ գրվածքներիս խմբագրելու մեջ է, նա այդ հողի վրա կարող է քեզ հետ անկեղծ խոսել և անհարմարություն չզգալ: Ուստի և հարցրու, թե ստացե՞լ է նամակս: Եթե չի ստացել` տուր հասցես: Այս մասին ինձ գրիր….»:
Ժամանակը բուժում է վերքերը: Շատ չանցած` ամեն բան վերադառնում է իր հունը: Իսկ հետո նրանք պիտի ապրեին համերաշխ կյանք` դժվարություններով և ուրախություններով, վերելքներով ու անկումներով: Մարիան մշտապես մնաց ամուսնու նվիրյալ աջակիցն ու օգնականը: Իսկ Դեմիրճյանի մահից հետո տնօրինեց նրա հարուստ արխիվը` սերունդներին փոխանցելով գրողի գրական ժառանգությունը, որ ծնվել էր տառապանքով, երբեմն պարզապես մարդկային կարողություններից վեր ջանքերի գնով, սակայն սիրով: Մեծ սիրով:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Ո՞Վ ԷՐ ՃԱՎՃԱՎԱՁԵՆ ԵՎ ԻՆՉՈՒ՞ ՍՊԱՆԵՑԻՆ ՆՐԱՆ

16 Մրտ

Այսօր շատ դժվար է որևէ մեկին զարմացնել հատկապես վերջին հարյուրամյակի պատմության աղավաղումներով, որոնց իսկության նորօրյա բացահայտումները միայն հիասթափություն ու դառն ափսոսանք պիտի ծնեն: Ու թեև ոչ մի ժամանակաշրջան երաշխավորված չէ կեղծ կուռքեր և հորինված պատմություններ կերտողների ներկայությունից, այնուհանդերձ ամենքի համար էլ գալու է ճշմարտությունն ասելու ժամանակը:
Ընթերցողին օտար չէ գրող Իլյա Ճավճավաձեն: Վրացական գրականության այս դասականի անունը իր հայրենիքում նույն հնչեղությունն ունի, ինչ հայերի համար, ասենք, Հովհաննես Թումանյանը: Նրա ստեղծագործությունների հարյուրավոր էջեր անգիր գիտի ամեն վրացի: Ճավճավաձեն վաղուց է ձեռք բերել ամենայն վրաց բանաստեղծի տիտղոսը: Նրան կողում են «Ազգի հայր» (Pater Patriae): Իսկ այդ բոլոր շնորհներին մի առանձնահատուկ հմայք են հաղորդում ազգային գործիչ, մեծ ինտերնացիոնալիստ, ցարական ինքնակալության ոխերիմ թշնամի, ճորտատիրական կարգերի հակառակորդ և այլ ազդեցիկ բնորոշումները, որոնք առատորեն շռայլվել են ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ հետմահու շրջանում: Սակայն վերջին վրձնահարվածը դնելու, նվիրյալի պատկերն ամբողջացնելու, ազգային հպարտության իդեալը մարմնավորելու համար մի անսպասելի դիպված էր Ճավճավաձեի վախճանը. «1907 թ, օգոստոսի 30-ին, Թիֆլիսից Սագուրամո գնալու ճանապարհին, Մցխեթի շրջանի Ծիծամորի գյուղի մոտ ցարական պահնորդական վարձկանների ձեռքով սպանվեց Իլյա Ճավճավաձեն»,- բոթն այսպես հաղորդեցին թերթերը:
Այսօր ամենուր հանդիպելով բանաստեղծի այս բնութագրին և կենսագրական տեղեկություններին` մենք կրկին համարձակվում ենք հարց տալ` իսկ ո՞վ էր իրականում Ճավճավաձեն և ինչո՞ւ նրան սպանեցին: Բոլորովին նպատակ չունենալով վիճարկել նրա` մեծ բանաստեղծ լինելու փաստը, որ վաղուց քննություն է բռնել ժամանակի և պատմության առաջ` կանդրադառնանք նրա զուտ մարդկային բնույթին, որն ուղղակի թե անուղղակի իր կնիքն է դրել Ճավճավաձեի ազգային- հասարակական գործունեության վրա, ինչպես նաև կշարադրենք որոշ փաստեր, որոնք առայսօր մեզ ներկայացվել են այլ գույներով:
Բանաստեղծի մահից անմիջապես հետո վրացական մամուլում ծայր առավ չափազանց սուր ու անհաշտ բանակռիվ, որ ծավալվելով Ճավճավաձեի մահվան հանգամանքների շուրջ` հետզհետե դարձավ ոչ միայն առավել ընդգրկուն ու բացահայտ, այլև ի հայտ բերեց այնպիսի մանրամասներ, որոնք հանգուցյալը թերևս կցանկանար ամեն գնով քողարկել:
Հենց առաջին հայացքից արդեն անհավաստի էին հնչում սպանության մեջ ցարական որևէ գործակալի մասնակցության տարբերակը, և ակնհայտ էր, որ այդ առասպելը վարպետորեն հորինվել էր ու հետագայում չափազանց կենսունակ գտնվեց մի քանի տասնամյակ շարունակ: Իսկ այն օրերին մեղավոր փնտրողների հսկայական բանակը հատկապես հաճախակի էր հիշատակում վրաց գրական գործիչ, սոցիալիստ Ֆիլիպ Մախարաձեի անունը (1968- 1941 թթ): Բանն այն է, որ Մախարաձեն համարձակություն էր ունեցել դեռևս Ի. Ճավճավաձեի կենդանության օրոք «Մոգզաուրի» թերթի էջերում հանդես գալ բանաստեղծի գործունեությունը մերկացնող մի շարք հրապարակումներով, որոնք բավական տխուր գույներով են ներկայացնում իշխան, խոշոր կալվածատեր, Ազնվական բանկի ցմահ տնօրեն, Պետական խորհրդի անդամ, հաշտարար դատավոր և բազում այլ պետական բարձր պաշտոններ վարող բանաստեղծի իրական դեմքը: Մախարաձեն, որ իր «Մագզաուրի» թերթով միտում ուներ ներկայանալ աշխատավորության շահերը պաշտպանող և դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչ, փորձում էր փաստերով ապացուցել, որ Ճավճավաձեն բոլորովին էլ սուրբ չի եղել, այլ ընդհակառակն, դաժանորեն հարստահարում ու շահագործում էր այն գյուղացիներին, որոնց իրավունքների պաշտպան էր փորձում ներկայանալ:
Բնական է, որ Մախարաձեի ու համակիրների նման հայտարարություններն անպատասխան չէին մնում, և վերջիններս ստիպված էին ճաշակել ազգայնական- շովինիստական մամուլի թունոտ որակումներն ու ակնարկները: Ճավճավաձեի մահից հետո դրանք դարձան ավելի սանձարձակ և ուղղակի: Հատկապես թշնամաբար էին տրամադրված Քութայիսում հրատարակվող «Գանթիադի» և «Սիմաթլի Խմա» լրագրերը, որոնք ոչ միայն իրենք էին Մախարաձեին մեղադրում սպանություն կատարելու ծանր հանցանքի մեջ, այլև իրենց էջերը ողողում էին համակիրների հարյուրավոր ստորագրություններ կրող սպառնալից նամակներով: «Մագզաուրի»-ի պաշտպանությանը միացան Թիֆլիսում լույս տեսնող «Սախալխո գազեթին», «Բաթումիա գազեթին», մի շարք մեծ ու փոքր պարբերականներ:
Շուտով մեղադրանքները սկսեցին այլ երանգներ ընդունել: Մախարաձե- քավության նոխազը սկսեց մեղադրվել պարզապես այն բանի համար, որ իբր նրա ելույթներից ծնված թշնամանքը ոմանց դրդեց դիմել ոճրագործության: Մյուս, շատ ավելի կասկածելի վարկածն այն էր, որ Ճավճավաձեն սպանվել է որևէ կուսակցության հանձնարարությամբ: Թե հատկապես որ կուսակցության, հեղինակներն այս դեպքում նպատակահարմար էին գտնում շրջանցել հարցադրումները: Ի վերջո, ողջ աղմկոտ բանակռվի ընթացքում վրա հասավ այն պահը, երբ ամենքն էլ գոնե մեկ հարցում կարողացան քիչ թե շատ ընդհանուր հայտարարի գալ:
Բանն այն է, որ սպանության համգամանքների առնչությամբ կար մի երկրորդ վարկած ևս: Դրանով մեղադրվում էին Ճավճավաձեի կալվածքում ապրող գյուղացիները, որոնք էլ, շատեր կարծիքով, կազմակերպել և իրագործել էին դավադրությունը: Պետք է ասել, որ այս տարբերակի շուրջ խոսակցությունները ծնվել էին գրողի մահից անմիջապես հետո և մյուս վարկածների համեմատ ունեն առավել հիմնավոր և հավաստի դրդապատճառներ: Մի՞թե պատահական կարելի է համարել թեկուզ այն փաստը, որ հայկական «Խաթաբալա» ամսագիրը արդեն 1907 թ, սեպտեմբերի 15-ի համարում (այսինքն Ճավճավաձեի մահից 16 օր անց) բանաստեղծի սպանության առնչությամբ այսպիսի տողեր է գրում. «Վրաց մեծ հրապարակախոսը ապրեց 70 տարի, ընկավ մի քանի գյուղացիների ձեռքից իր սեփական կառքի մեջ…»: Մի քանի տող անց` կրկին. «Վրաց մեծ հրապարակախոսը ընկավ մի քանի վրացիներից…»: Անվիճելի է, որ սրանք հենց այնպես արված ենթադրություններ չէին, այլ հավաստի աղբյուրներից քաղված լրագրային տեղեկություններ:
Այն, որ Ճավճավաձեն սպանվել է իր գյուղացիների ձեռքով, ժամանակին չեն ժխտել նաև գրողի մերձավորներն ու գործընկերները: Այս առումով կարելի է հատկապես առանձնացնել բանաստեղծի գործերի նախկին կառավարիչ Դ. Ջաշիի վկայությունը, որը գրողի մահից 6 տարի անց Չոխատարուիում «Իլյա Ճավճավաձեի սպանության մասին» թեմայով մի դասախոսություն է կարդում` մատնանշելով ոչ միայն դավադիրներին, այլև ոճրագործությանը առիթ տված դրդապատճառները: Նույն տարվա «Բաթումիս գազեթի»-ի օգոստոսի 29-ի համարում տպագրվում է դասախոսության հակիրճ բովանդակությունը, ուր բերվում են բանախոսի ելույթից կտորներ: Ահա այդ ելույթում Դ. Ջաշին մասնավորապես հետևյալն է ասում. «Ի. Ճավճավաձեի ողբերգական մահվան պատճառով մեզանում երկու մեծ խմբեր ընդհարվեցին միմյանց, բայց նրանցից ոչ մեկը այս մասին իսկապես ոչինչ չգիտե: Սուտ են այն մեղադրանքները, որ իբր թե Իլյան սպանվել է որևէ կուսակցության որոշմամբ… 1905 թ, Մախարաձեն ճշմարտանման հոդվածներով անվանարկեց Ճավճավաձեին: Նրա դեմ պակաս կռիվ չի մղել նաև Էվտոշվիլին, և եթե Մախարաձեին նստեցնելու լինեն մեղադրական աթոռին, ինչո՞ւ չպետք է նրա կողքին նստեցնել Էվտոշվիլիին ևս: Ես ասում եմ` Ճավճավաձեին սպանեցին անձնական հողի վրա, և դրանում այլ անձանց գրածները ոչ մի ազդեցություն չեն ունեցել»:
Այնուհետև դասախոսը անդրադարձել է սպանության դրդապատճառներին. «Այդ ժամանակներում Իլյայի ծառայողները կերակրի վատության պատճառով գործադուլ արին և լավացնելու պահանջ դրեցին: Երբ այդ լուրը հասավ Իլյային, նա որոշեց բոլորին ծառայությունից հեռացնել, բայց զանազան ազդեցիկ մարդկանց միջնորդությամբ նրանք մնացին իրենց տեղում: Հենց այդ դառնացած ժամանակ Իլյան գործով գնաց Թիֆլիս, և երբ ժամանակին չվերադարձավ, իմ մեջ կասկած ընկավ, ընդառաջ ուղարկեցի մի ուրիադնիկ, աղետն արդեն տեղի էր ունեցել…»:
Հատկանշական է Դ. Ջաշիի եզրափակիչ խոսքը, որում նա սրտի ցավով նշել է. «Սագուրամոյի գյուղացիները չէին էլ գիտակցել, թե Ի. Ճավճավաձեն մեծ բանաստեղծ ու հասարակական գործիչ է եղել: Եթե այդպես լիներ, նա չէր սպանվի եղերական մահով: Նրան գյուղացիները ճանաչում էին մեծ կալվածատիրոջ, մեծ «չինովնիկի» և կարծում էին, որ իրենց բախտը գտնվում է նրա ձեռքում: Սրա համար էլ, որովհետև Իլյան ոմանց խնդիրը կատարեց, իսկ ոմանցը` ոչ, սկսեցին ոխ պահել և սպանեցին անձնական հողի վրա»:
Այսպիսին է եղել Իլյա Ճավճավաձեի «ինքնակալական- ճորտատիրական կարգերի հակառակորդի» (Հայկական սովետական հանրագիտարանի բնորոշումն է) ճակատագրական վախճանը: Ոչ մի խոսք չկա և չի կարող լինել աներևույթ ցարական վարձու մարդասպանների մասին, որոնք ամենևին էլ մտադրություն չունեին սպանել մի մարդու, որն ինքնակալության այդ հատվածում ցարիզմի շահերի պաշտպանն էր և իշխանության ներկայացուցիչը:
Իսկ ինչ վերաբերում է «ինտերնացիոնալիստ» Ճավճավաձեին, ապա սա արդեն միանգամայն առանձին խոսակցության նյութ է: Թե որքանով էր ժողովուրդների բարեկամության զգացումը հարազատ այդ մարդու էությանը, հեշտ է կռահել` թերթելով գրողի հրապարակախոսական ստվար ժառանգության էջերը և կամ հայացք նետել այն օրերի մամուլին: Այդ խնդրի շուրջ դեռ այն ժամանակներում, վերստին խոսելով նրա սպանության հանգամանքների մասին, հայկական օրթերթերից մեկը` «Կովկասի լրաբերը», իրավացիորեն նկատել է. «… Մի՞թե մեծ բանաստեղծ լինելը բավական է, որպեսզի առաջ չբերվեն բացասական կողմերը: Մենք` հայերս, ամենայն հրճվանքով ու երախտագիտությամբ կարդում ենք Ճավճավաձեի բանաստեղծական երկերը, սակայն չենք կարող չդատապարտել նրա բռնած դիրքը հայ-վրացական հարաբերությունների խնդրում, երբ տխրահռչակ Վելեչկոյի հետ ազգայի գժտությունների որոմն էր ցանում: Մեծ բանաստեղծ լինելը դեռևս թույլ չէր տալիս անպատիժ կերպով կամայականությունների և շահագործման ենթարկել իր տեղացիներին: Իբրև բանաստեղծ, իբրև գրող Իլյա Ճավճավաձեն մեծ է եղել վրացիների և Կովկասի մյուս ժողովուրդների համար, սակայն որպես հասարակական գործիչ` վնասակար: Կովկասի դեմոկրատիան, առանց ազգային խտրության, հարգում է բանաստեղծ, գեղարվեստագետ Ճավճավաձեին, սակայն հասարակական գործիչ, հրապարակախոս Ճավճավաձեին նա չի կարող հարգել»:
Սրանք միանգամայն արդարացի մեղադրանքներ էին: Բավական է միայն վերհիշել 1902թ. նրա հրատարակած «Հայ գիտնականներն ու հառաչող քարերը» հոդվածը կամ այն փաստը, որ իր ղեկավարած «Իվերիա» պարբերականում մեծագույն հաճույքով վերատպում էր սևհարյուրակայինների պարագլուխ, ռուս նացիոնալիստ Վասիլի Վելիչկոյի հայատյաց ակնարկները: Ճավճավաձեն նաև սիրում էր յուրաքանչյուր առիթով հայերի հասցեին կրկնել հետևյալ ասույթը. «Ավելի լավ է առյուծի հանդիպել ճանապարհին, քան թշնամի ունենալ տանը»: Իսկ թե ինչ ու ինչպես էր նա մտածում այդ «թշնամու» մասին, մեջբերենք Ճավճավաձեի դատողություններից մեկը և սրանով էլ եզրափակենք վրաց մեծ գրողի հակասական կերպարի մեր հակիրճ ակնարկը.
«… Բանն այն է, որ հայերը խոսքով ու գրչով երդվում են համայն աշխարհին, թե իբր հնուց ի վեր Կովկասյան լեռնաշղթայի այս կողմում, մինչև Տիգրիսի ու Եփրատի ակունքները, համարյա Սև ու Կասպից ծովերից, եղել է այսպես կոչված Հայաստան… Չբավարարվելով նրանով, որ խայտառակում են մեր անունը, զրկում մեզ ազգային արժանապատվությունից՝ նրանք, որպեսզի վերջնականապես ջնջեն մեզ աշխարհից, վերացնում են և՛ մեր ողջ պատմությունը, և՛ տարեգրությունները, և՛ պատմական մնացուկներն ու հուշարձանները, արյունով ներկված մեր ողջ վաստակը քրիստոնեության առջև և մեզ պատկանող մեր պատմական ունեցվածքը զանազան խարդախություններով վերագրում են իրենց: Ճիշտ է`«ստի ոտքը կարճ է», և խլելով կամ պակասեցնելով ուրիշի արժանիքները` քոնը չես ավելացնի, բայց «սեփական ցանկություններին գերու ականջը խուլ կլինի, լեզուն` սուր», ասում է վրացական ասացվածքը:
Հանուն ինչի՞ է բարձրացված փոշու այս ամպը, հանուն ինչի՞ են ճայթում թվացյալ կայծակներն ու որոտում ամպրոպները: Հանուն նրա, որ ապացուցեն, որ Այսրկովկասում գոյություն ունի միայն մի` հայկական ազգը, գոյություն ունի հնուց անտի, և ապագան, ավելի շուտ, պատկանում է նրան, քանի որ իբր նա պատմականորեն ապացուցել է իր բարոյական ու ֆիզիկական հզորությունը և անսասանությունը, և իր մտքի վեհությունը»:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: