Tag Archives: թերթիկ

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

18 Փտր

Ծաղիկը, որ մեռնում է, ճամփորդ է,
մի ճամփորդ
Ժամանակի մռայլ պարտեզից
դեպի աշխարհի երազող առասպելը,
դեպի երազող առասպելը մի աշխարհի,
որ պետք է հայտնագործվի:

Ծաղիկը, որ մեռնում է, սեղմում է իր հիվանդ սրտին
գաղտնի ցավը,
աշնան երգող հոգեվարքը
և սառը, դողդոջուն լույսը՝ աստղերի արցունքներից:

Գիտե՞ս, նրա թերթիկներում կծկված մահն է դժգունում:
Կյանքի գինին հոսել է: Գավաթը ցամաքում է,
անուշաբույրի կրակն այլևս չի վառվում:
Նրա գլուխը հակված է,
նման արկածի, որ իմաստն է հայցում Անհայտի անդունդից:

Եկ զգուշորեն վերցնենք նրա սրտի գավաթը,
որը չի լռել դեռ,
և թող խմենք նրա արյան տենդը՝
նրա զգացմունքի վերջին բոցը,
նրա դրախտի վերջին լույսը:

Եվ հետո վերջնական մահը կգա:
Ներդաշնակության խորհուրդները կբերեն
փոխարկման մի դեղին առավոտ:

Այս մոլորակը հավերժ կփոխի
իր հայացքը մեր մտքերում:

Թարգմ. Արծվի Բախչինյան

%d bloggers like this: