Tag Archives: Թեհրան

Բաքվի ու Թեհրանի միջև վազվզող սև կատուն

14 Դկտ

Հետզհետե շատ ավելի դժվար է դառնում հանրությանը համոզել, թե ադրբեջանա-իրանական հարաբերությունները նախկինի պես ջերմ են ու բարեկամական: Երկու երկրները շարունակում են ճաշակել այդ հարաբերությունների իրական պտուղները, որոնք դառն են ու դժվարամարս, իսկ վերջին շաբաթների իրադարձությունները բոլորովին նոր փուլ են կանխորոշում Բաքու-Թեհրան մրցամարտում, որի ավարտը չի նշմարվում, փոխարենը հստակ գծագրվում են դրանից բխող հետևանքները:
Կարելի է պայմանականորեն ասել, որ վերջին զարգացումների համար պատրվակ դարձավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի Թեհրան կատարած այցը: Ենթադրվում էր, թե այդ առաքելության միջոցով Բաքուն պատրաստվում է «բարիշել» Իրանի հետ ու մոռացության տալ հին վիրավորանքները: Հասանովը 3 օր մնաց Թեհրանում, խոստումների ու երդումների պակաս չզգացվեց, համաձայնություն ձեռք բերվեց լրատվական ոլորտում ադրբեջանա-իրանական համագործակցության խորացման վերաբերյալ, բայց նրա վերադարձից անմիջապես հետո Բաքվի օդանավակայանում թույլ չտվեցին երկիր մուտք գործել Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ահմադ Քազիմին և ընտանիքի հետ վտարեցին Ադրբեջանից: Հանկարծակիի եկած Իրանի ԱԳՆ-ը փաստի կապակցությամբ չփորձեց թաքցնել հիասթափության աստիճանը: «Մենք զարմացած ենք, որ Ալի Հասանովի` իրանյան այցից կարճ ժամանակ անց նման անհարմար միջադեպ է տեղի ունենում: Հուսով ենք, որ Բաքուն կփոխհատուցի և որքան հնարավոր է շուտ կուղղի իրանցի պաշտոնյայի հանդեպ կատարված անհիմն քայլը»,- հայտարարեց ԱԳՆ-ն, իսկ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էլ ավելի կոշտ կեցվածք որդեգրեցին՝ պահանջելով, որ Բաքուն ներողություն խնդրի և վերանայի իր որոշումը: «Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ-ից պահանջում ենք բողոքի նոտա հղել Ադրբեջանի դեսպանին և Թեհրանից վտարել Ադրբեջանի ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին»,- նշում էին իրանցի լրագրողները:
Սակայն երկու կողմերն էլ հրաշալի հասկանում էին, որ պատահածը ոչ թյուրիմացություն էր, ոչ էլ բացառիկ դեպք: Առանց այդ էլ Ադրբեջանը վերջին ամիսներին իսլամականներին հալածանքների ենթարկելու հետ մեկտեղ սահմանափակում էր Իրանի` Ադրբեջանում ունեցած կառույցների գործունեությունը, հրաժարվում էր մուտքի վիզա տրամադրել Իրանի պաշտոնական ներկայացուցիչներին, իսկ Բաքվի մամուլն իր հերթին սկսել էր հաճախ անդրադառնալ այսպես կոչված «իրանական սպառնալիքին»` պնդելով, որ պարսիկները լուրջ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, և իբրև ասվածի հիմնավորում մեջբերում էին արևմտյան թերթերում շրջանառված այն տեղեկությունը, թե իբր Իրանը նախատեսում է 2012-ին երկու խոշոր ահաբեկչական ակտ և մեկ սպանություն իրականացնել Ադրբեջանում, որոնք հանգեցնելու են բնակչության շրջանում քաոսային իրավիճակի ստեղծմանը: «Դա էլ իր հերթին նպաստելու է Ադրբեջանում զանգվածային անկարգությունների ու դժգոհությունների ալիքի բարձրացմանը: Երկրում կայունությունը խախտվելու է, ինչն էլ ստիպելու է իր հեղինակությունը կորցրած նախագահ Իլհամ Ալիևին հրաժարական տալ»,-գրում էին այդ աղբյուրները՝ «գունավոր հեղափոխությունների» կիրառման տեխնոլոգիաներում իրենց հմտության աստիճանը վերագրելով Իրանին: Մի խոսքով, մեղադրանքների պակաս չկար:
Մինչ ադրբեջանցիները փորձում էին հավաստիացնել, թե Իրանն անհիմն կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է օգտագործվել Իրանի տարածքից հետախուզական տվյալներ հավաքելու համար, Թեհրանն իր հերթին, հաշվի առնելով աշխարհաքաղաքական շահերը, մատնացույց էր անում ադրբեջանա-իսրայելական համագործակցությանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը շարունակվում է զինվել իսրայելական զենքով: Դրա հետ մեկտեղ իրանցիներին ափերից դուր է հանում Ադրբեջանի հակաիրանական դրսևորումների հիմքում ընկած այն կարևոր հանգամանքը, ըստ որի Բաքուն այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի»՝ Իրանական Ատրպատականի տարածքի հանդեպ հավակնություններ ունի:
Ասվածին կարելի է գումարել նաև կրոնական գործոնի առկայությունը: Գաղտնիք չէ, որ Իրանի այաթոլահները հաճախ են իրենց ելույթներում շեշտում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության «հանցագործ ու հակաիսլամական» լինելու հանգամանքը: Իսկ օրերս Իրանում ազդեցիկ «Անսարի-Հզբոլլահ» կազմակերպության Թավրիզի բաժանմունքի ղեկավար, ախունդ Ռուհուլլահ Բեջանիի՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հղած նամակն ընդհանրապես յուղ լցրեց առանց այդ էլ բորբոքված կրակի վրա: Նախագահ Իլհամ Ալիևի հասցեին կոշտ արտահայտություններով լի նամակում «Հզբոլլահ»-ի ներկայացուցիչը վերջնագիր էր ներկայացրել Ահմադինեժադին՝ նշելով, որ Ադրբեջանի գոյությունը մեծ սպառնալիք է Իրանի համար: «Ադրբեջանում մզկիթները քանդվում, նրանց տեղում սինագոգներ են կառուցվում: Կրոնական ղեկավարները նետված են բանտերը, արգելված է կրոնի քարոզչությունը: Դուք պետք է այնպես հնազանդեցնեք Իլհամ Ալիևին, որպեսզի նա նման սխալներ չգործի, հակառակ դեպքում մենք այդ երկրի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ճակատագրին կարժանացնենք: Առաջին քայլը կլինի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի լրտեսական որջի վերածված Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դեմ»,- սպառնացել էր Թավրիզի ախունդը:
Մեջբերված փաստերից հետո արդեն նույնիսկ ավելորդ է հիշատակել, թե ինչպես Իրանի ադրբեջանցիները Թավրիզի ֆուտբոլային մարզադաշտերում ցույցերի ալիք բարձրացրին, ինչպես է ադրբեջանական մամուլը հոդվածներ հրապարակում` պնդելով, թե իբր Իրանը նախատեսում է ձախողել ադրբեջանական «Եվրատեսիլ-2012»-ը, ինչպես է Բաքուն պատրաստվում լույս ընծայել հակաիրանական ուղղվածությամբ նոր օրաթերթ, որը ֆինանսավորվում է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսադի) կողմից, ինչպես Ստոկհոլմում կայացած կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Գաֆար Ալիևը հայտարարեց. «Փոխանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին աջակցելու, Իրանը մեր երկրի հանդեպ իրականացնում է ճնշման ու սպառնալիքների անընդունելի քաղաքականություն` խորացնելով ու զարգացնելով հարաբերությունները Հայաստանի հետ», և նմանատիպ այլ դրսևորումներ:
Ի վերջո, ինչպիսին էլ լինի ու գնահատվի այս լարվածության պատճառահետևանքային կապը, ներկա պարագայում հստակ է նաև այն, որ արևմտյան որոշ ուժերի ձեռնտու է Իրանի նկատմամբ լարված տրամադրությունների ստեղծումը, ինչը կարող է օգտագործվել Իրանի դեմ ուղղված անդրօվկիանոսյան ծրագրերի իրագործման նպատակով: Իսկ Ադրբեջանը Իրանի շուրջ սեղմվող օղակի կծկումների պայմաններում ջանում է շահել կրկնակի չափով՝ դուր գալ Արևմուտքին և հարվածել մրցակից հարևանին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կարող եմ օգնել բարի մտադրություններով

19 Հկտ

Երբ օրերս հայտնի դարձավ, որ Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, այս տեղեկությունը որևէ մեկին զարմանք չպատճառեց: Միայն ընթացիկ տարվա ընթացքում պաշտոնական Թեհրանը հավանաբար 4-5 անգամ արդեն նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել տարբեր ամբիոններից: Եվ այս հավելյալ հիշեցումը, որ վերջին անգամ հնչեց Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթի շուրթերից, ընկալվեց ոչ ավելին, քան բարի մտադրությունների արտահայտություն: Պաշտոնյան նաև նշել էր, որ Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների և խորհրդատվությունների շարունակման օգտին ու պատրաստ է օգնել լուծել Երևանի ու Բաքվի միջև տարածքային վեճը: Մեհմանփարասթն ի հավելումն ասվածի ընդգծել էր, որ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար կարող են նշանակալի դեր ունենալ:
Այն, ինչ հաջորդեց հիշյալ ելույթին, ոչ միայն դրա տրամաբանական արձագանքն էր, այլ նաև անխուսափելի հետևանքը: Որքան էլ կարծիքները աչքի ընկնեին իրենց բազմազանությամբ, մի հարցում բոլորը կարծես թե համերաշխ էին՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու Իրանի առաջարկը ոչ ոք լուրջ չէր ընկալել: Այս կարգի թերահավատ վերաբերմունքը մի քանի բացատրություններ ուներ, սակայն գլխավորը մնում էր այն, որ միջազգային հանրությունը բազմիցս փաստել էր, թե խնդրի լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այսինքն Իրանը որքան էլ հայտարարի իր պատրաստակամության մասին, գործնականում նրա միջնորդական առաքելությունը դժվար թե կյանքի կոչվի:
Անկասկած, այս բանը Թեհրանում հրաշալի գիտակցում են: Բայց և այնպես շարունակում են պնդել մի բան, ինչի մասին մյուսները առանց թաքցնելու ասում են. «Դա ուղղակի լուրջ չէ»: Այդ դեպքում ի՞նչ կարող են շահել իրանցիներն իրենց անլրջությունից: Տարածված վարկած կա, համաձայն որի, ամեն ինչից դատելով, ինչպես Իրանը, այնպես էլ բոլոր այն «հարակից» երկրները, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկություն են հայտնում միջնորդելու ղարաբաղյան հակամարտության լուծմանը, իրենց այդ մղումներով հավակնում են սոսկ հիշեցնել մեր տարածաշրջանում իրենց ներկայության և դերի մասին: Ընդամենը այսքանը և ոչ ավելին: Տվյալ պարագայում դժվար է չհամաձայնել այն պնդումների հետ, որ նման հայտարարություններ հնչեցնող երկրներից և ոչ մեկն իրականում հույս չունի, թե իր առաջարկները կընդունվեն: Բացի դա, կարծես թե հստակ է դառնում, որ ոչ Իրանը, ոչ էլ մյուսները Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ ոչ ունեն, ոչ էլ երբևէ ունեցել են: Եթե այդպիսիք լինեին, ապա ինչ-որ կերպ հայտնի կդառնային գոնե դրանց առանձին դրվագները:
Հայաստանի համար նման առաջարկները կտրական կերպով մերժելը հեշտ գործ չէ: Ի վերջո, խոսքը հարևան երկրի մասին և անհրաժեշտություն կա դիվանագիտական նրբանկատություն հանդես բերելուց զատ նաև չնեղացնել օգնության ձեռք պարզողին: Եվ ահա այդ պատասխանատու գործին լծվեցին իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները: Նախ հանդես եկավ Հանրապետականը՝ կրկնելով այն նույն միտքը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթներում, և այլ կողմերի, այդ թվում՝ Իրանի միջնորդությունը ոչ միայն չի կարելի, այլ նաև հնարավոր չէ: Այլ խոսքերով ասած՝ այն, ինչ կա ներկա պահին, մեզ լիովին բավարարում է և նոր դերակատարների ներկայությունը միայն փչացնել կարող է փխրուն հավասարակշռությունը: Այնուհետև արտահայտվեց «Բարգավաճ Հայաստանը»՝ նշելով, որ մեր երկիրը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի հավասարակշռված մոտեցումները, սակայն միաժամանակ փաստում է, որ հիմնախնդրի լուծման բանակցություններն ընթանում են իր համար լիովին ընդունելի` ԵԱՀԿ ձևաչափով: Որպես հավելում այս ամենի օրերս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, որտեղ մասնակցում էր Միջխորհրդարանական միության հոբելյանական 25-րդ վեհաժողովին, հանդիպեց Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին և առանձնազրույցի ժամանակ հնարավորինս մեղմ ձևակերպումներով շարադրեց արդեն ասվածը:
Թե որքանով Թեհրանը գոհ կմնա Երևանի հիմնավորումներից՝ կիմանանք ամենամոտ ժամանակներս: Իսկ մինչ այդ չենք կարող չարձանագրել, որ ներկայումս Իրանը գտնվում է շատ դժվար իրավիճակում: Միացյալ Նահանգները և նրա համախոհ երկրները շարունակում են սպառնալիքներ տեղալ, և որևէ մեկն այս պահին երաշխիքներ տալ չի կարող, որ մի օր բառերին չեն հաջորդի գործողությունները: Հենց այս վտանգը հաշվի առնելով է, որ Իրանը փորձում է իր դերակատարությունը ամրապնդել Հարավային Կովկասում: Ու նրա զանազան առաջարկները դժվար է մեկնաբանել այլ կերպ, քան դիվանագիտական շրջափակումից դուրս գալու ծայրահեղ ճիգեր: Մեծ հաշվով խնդիրը ոչ այնքան Ղարաբաղն է, որքան հակամարտության ագրեսիվ կողմերից մեկը՝ Ադրբեջանը: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ թվացյալ ջերմ հարաբերությունների թիկունքում Բաքուն շարունակում է կասկածանքով վերաբերվել Իրանին և նրա նկատմամբ պահպանել անվստահությունը՝ կարծելով, թե վերջինիս դիրքորոշումը հայամետ է: Այստեղ տեղին կլինի նկատել, որ Թեհրանի վերջին հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի արտգործնախարարը տեղեկացրեց, թե այժմ քննարկվում է Ղարաբաղյան գոտում խաղաղապահների տեղակայման հարցը: Հայտնի բան է, որ իրանական կողմի համար խաղաղապահների տեղակայման հարցը չափազանց խոցելի է, և մշտապես նրանք հիվանդագին կերպով են արձագանքել այդ հեռանկարին: Ու ստացվեց այնպես, որ Իրանի արձագանքը խաղաղապահների տեղակայմանը եղավ առանց հապաղումի: Դրանից հետո քաղաքական դիտորդներն անմիջապես նշեցին, որ Իրանն այդ կերպ զգուշացնում է, թե ինքը կարևոր գործոն է տարածաշրջանային քաղաքականության մեջ, և որ առանց իր մասնակցության Հայաստանն ու Ադրբեջանը միայն արևմտյան միջնորդության վրա հենվելով արդյունքի չեն հասնի:
Սա, իհարկե, վիճարկելի տեսակետ է: Սակայն չմոռանանք այն, որ Իրանի արտգործնախարարի հայտարարության մեջ հիշատակվում էր նաև Ռուսաստանի անունը, ինչը նույնպես պատահական չէր: Թեհրանում հույս ունեն, որ Մոսկվան իրենց այդ մեսիջը անարձագանք չի թողնի, քանի որ ռուսական իշխանական վերնախավում հիմա առավել հաճախ է քննարկվում այն հարցը, թե ինչքանով էր արդյունավետ տարածաշրջանում և մասնավորապես Իրանին վերաբերող հարցրում միայն ԱՄՆ-ի հետաքրքրությունները հաշվի առնելու քաղաքականությունը: Որպես ասվածի ապացույց ավելորդ չէ հիշել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Իսկ այս «չի կարելի»-ն զգուշացում է ոչ միայն Իրանի, այլև մյուսների համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: