Tag Archives: Թբիլիսի

«Միտք եմ անում, միտք ու չեմ հասկանում՝ ով է մեղավոր…»

16 Հնվ

Հերթական անախորժ լուրը ստացվեց: Կրկին Վրաստանից: Այն, որ սա վերածվել է տխուր ավանդույթի, որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Դեռ մեկ շաբաթն էլ չի բոլորել, որ մեր հարևանները գուժեցին Սուրբ Նշան եկեղեցու հրկիզման ու փլուզման մասին: Այժմ կորստի վտանգ է կախվել մեկ այլ հայկական մշակութային արժեք ներկայացնող կառույցի՝ Հովհաննես Թումանյանի տան վրա: Եվ վերստին կրկնվում է հին պատմությունը՝ վրացիները հետևողականորեն ջնջում են յուրաքանչյուր հայկական հետք, իսկ հայերը ուշացած աղմկում ու վշտանում են դրանց համար:
Թումանյանի տան շուրջ ծավալվող խմորումները նոր չեն: Նույնիսկ կարելի է ասել՝ դրանք այնքան հին են, որ այս ժամանակահատվածում միանգամայն հնարավոր էր ինչ-որ բան ձեռնարկել, գալ ընդհանուր համաձայնության, ստեղծված կացությունից ելք գտնել: Եթե, իհարկե, լիներ նման ցանկություն ու անհրաժեշտ հետևողականությունը: Բայց արի տես, որ չկար ոչ մեկը ոչ մյուսը:
Այդ հայտնի շինությունը, որ գնվում է Թբիլիսիի գեղատեսիլ անկյուններից մեկում և որի պատին ամրացված խոշոր հարթաքանդակը տեղեկացնում է, թե 1909-21 թթ. այս հարկի տակ ապրել է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը, կարծես թե իր պատկանելությունը ապացուցելու հետ կապված խնդիրներ պիտի չունենար: Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունները 1921 թ. բնակարանն անհատույց հանձնել էին Թումանյանին՝ ի նշան նրա արվեստի գնահատանքի: Իշխանությունների տված մանդատով այն ենթակա չէր բռնագրավման կամ որևէ այլ փոփոխության: Մի խոսքով, կար ժամանակ, երբ վրացիները խոստովանում ու ճանաչում էին հայ մտավորականի ծառայությունները ոչ միայն հայկական, այլև վրացական մշակույթին: Սակայն ժամանակներն անցան, վերաբերմունքն էլ փոխվեց, և այսօր Թումանյանը նրանց հարկավոր չէ, մինչդեռ տունը անձից առավել մեծ արժեք է ներկայացնում:
Մի կարևոր դրվագ էլ՝ պարզաբանման կարգով: 1949 թ Թումանյանի կինը` Օլգա Մաճկալյանը, դիմում է Թբիլիսիի քաղաքային իշխանություններին և առաջարկում, որպեսզի շինության 7 սենյակներից 4-ը դարձնեն գրողի անունը կրող մանկական գրադարան: Ծրագիրն իրագործվում է, իսկ նույն տարում Թումանյանին պատկանող բոլոր իրերը փոխադրվել են Երևան՝ այդ բնակարանի նմանությամբ կառուցված գրողի տուն-թանգարան: Շատերն այսօր Թումանյանի ներկայիս տունը շփոթում են հանրահայտ «Վերնատան» հետ»: Ասենք, որ սրանք ոչ միայն տարբեր կառույցներ են եղել, այլև «Վերնատանը» գրողի ընտանիքը բնակվել է վարձով և այն երբեք չի եղել նրա սեփականությունը: Այդ տունը վաճառվել է վաղուց ու այնտեղ այսօր բնակվում է մի վրացի կին: Իսկ ահա մյուս՝ իրական տանը միանգամայն այլ ճակատագիր էր վիճակված:
Դեսևս 1990-ականների կեսերին Թբիլիսիի քաղաքապետարանը մի գործարք կնքեց վրացի բիզնեսմեններից մեկի՝ ոմն Արչի Լեժավայի հետ, ով քաղաքին բենզին էր մատակարարել, իսկ տեղի իշխանություններն էլ կուտակված պարտքերը մարելու այլ խելամիտ եղանակ չգտնան, քան իբրև փոխհատուցում նրան առաջարկել Թումանյանի գրադարանի տարածքը, որը փաստացի կազմում էր գրողի տան մի մասը: Մի քանի տարի տևած դատական քաշքշուկն այդպես էլ որևէ արդյունք չտվեց: Գործարքի գինը կազմեց 162,000 դոլար և տարածքը հանձնվեց վրացի օլիգարխին: Դեռ այն ժամանակ ամենքին ապշեցրեց Հայաստանի իշխանությունների պահվածքը: Մի քանի մտավորականներ ահազանգեցին այդ մասին, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանը բարձրացրեց այդ հարցը և պաշտոնական խողովակով դիմեց արտգործնախարարությանը: Սակայն արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզապես անպատասխան թողեց իր դեսպանին: Ասում են, որ դեսպան Հրաչ Սիլվանյանը նույնիսկ փորձել էր բանակցել սեփականատիրոջ հետ` տարածքը հետ գնելու առնչությամբ, սակայն Լեժավան հրաժարվել է այդ առաջարկից: Գործարարը մտադրվել էր Թումանյանի գրադարանը վերածել բնակելի տարածքի և լայնածավալ վերանորոգում էր սկսել:
Այսօր ճիշտ նույն իրավիճակում է հայտնվել տան մյուս հատվածը: Տեղի իշխանությունները վերջնականապես այն վաճառելու լուրջ մտադրություն ունեն, իսկ պատմական շինության միակ գնորդի դերում հանդես է գալիս ոչ այլ ոք, քան «ՋեոԹուրան» թուրք-վրացական համատեղ ընկերությունը: Հայ դասականի տունը թուրքերին հանձնելու հեռանկարը հատկապես վիրավորական է դիտվում հայերի համար, իսկ թուրքերն էլ իրենց հերթին են խտացնում արդեն իսկ մռայլ գույները՝ հայտարարելով, թե իրենց նպատակն է Թումանյանի տունը վերածել թուրք բանվորների հանրակացարանի: Ընկերության ղեկավարությունը նույնիսկ առաջարկությամբ դիմել է բանաստեղծի ծոռնուհուն՝ Ալինա Թումանյանին, ով ներկայումս բնակվում է շենքի երկրորդ հարկաբաժնում՝ այդ տարածքը ևս գնելու նկատառումներով, սակայն մերժում է ստացել:
Կասկած չկա, որ առևտուրը կկայանա և Թումանյանի տունը կհանձնվի օտարին: Թբիլիսիի հայերի միությունն այս օրերին հատարարություն է տարածել՝ ահազանգելով, որ եթե անմիջապես չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, ապա մեկընդմիշտ կկորցնենք հայ մշակույթի պատմությունը մարմնավորող ևս մի հուշարձան: Սակայն հազիվ թե նրանց հույսերը արդարանան: Հայաստանի մշակույթի նախարարությունը և մյուս պատկան կառույցները համանման իրավիճակներում անմիջապես վերածվում են գլուխն ավազների մեջ խրած ջայլամի՝ ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք լսել: Իսկ երբ վրա է հասնում վախճանը, անմիջապես լսելի է դառնում նրանց վշտահար, մտահոգ հառաչանքը: Եվ թումանյանական «Միտք եմ անում, միտք ու չեմ հասկանում՝ ով է մեղավոր…» հանրահայտ հարցը նման դեպքերում ունի իր պատասխանը, սակայն ի՞նչ է փոխվում այդ պատասխանից: Ոչինչ:
Արդեն գծագրվում է այն ոչ հեռու ապագան, երբ Թբիլիսիի քարտեզից ի սպառ կջնջվեն հայերի ներկայության մասին բոլոր վկայությունները, պատմությունը այլ իմաստ ու ձև կստանա, քաղաքը կկորցնի երբեմնի իրական տերերի վերջին նշխարները: Չէ, վրացիներին մեղադրելու մտադրություն չկա: Իրենց քաղաքն է, կարող են վարվել այնպես, ինչպես կցանկանան: Բայց պատմությունը, մշակույթը, հիշատակը հո մե՞րն է: Եվ կորուստն էլ մերն է: Միայն թե կորցնելն այլևս չի մտահոգում նրանց, ովքեր ոչինչ չեն ստեղծել, որպեսզի զգան կորստի ցավը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: