Tag Archives: Թայթան

ԵՐԵԿՎԱ ՈՒ ՎԱՂՎԱ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

15 Փտր

Հայոց ցեղասպանությունը փաստող հազարավոր վավերագրերի մեջ ես մշտապես պիտի առանձնացնեմ աշակերտական տետրի խունացած թերթերի վրա գրված այն տասը էջերը, որնք պահվում են մեր տանը մասունք պահելու երկյուղածությամբ: Դրանք իմ մեծ պապի` Սիմոն Չարխչյանի ձեռքով գրված թերթերն են: Վանի նահանգի Խոշաբ գավառի Զեյնիս գյուղից Արևելյան Հայաստան տեղափոխված պապիս ընտանիքը պիտի ի վերջո դադար առներ Արարատների հովանու տակ, հիմներ այն գյուղը, որն այսօր Վանաշեն է կոչվում (իսկ դարասկզբին դեռ Թայթան օտարահունչ անունն ուներ), ու պիտի հույսից առավել հավատ ունենար, որ դեռ կգա այն օրը, երբ ինքն իր զավակների հետ կրկին տուն կդառնա` Վանա լճի ափերին մոտիկ իր Զեյնիս գյուղը, որովհետև ով է մարդ արարածն առանց իր երկրի, և ինչ է կյանքն առանց հայրենի հողի…
Մեծ պապիս հավատը երազանք մնաց: Իսկ փոխարենը եղավ բոլորովին ուրիշ մի պատմություն, որ ժառանգվեց իր թոռներին ու ծոռներին տասը խունացած էջերի լեզվով…
…1933 թվի աշնանային մի օր Թայթան գյուղի հասարակության ժողովում, «ժողովուրդների հոր» մեծադիր նկարի ներքո գլխահակ կանգնել էր 65-ամյա իմ մեծ պապը, իսկ դահլիճից Ջալիլ անունով մի թուրք կուրծք էր ծեծում ու կոկորդ պատռում` հավաքվածներին համոզելով, որ Սիմոն Չարխչյանը ժողովրդի թշնամի է ու դաշնակ, քանի որ հանդգնել է Մեծ Եղեռնի օրերին զենք բարձրացնել «անմեղ» ու «աշխատավոր» թուրք ժողովրդի դեմ…
Ծեր, հոգնած ու հուսահատ վանեցին, որ կյանքից առավել պատվախնդրության և հպարտության կորստի համար պիտի դառնանար, այդ գիշեր գրեց դեգերումների ու մաքառումի իր պատմությունը: Գրեց ոչ այնքան փրկության համար, որքան վտարված Ճշմարտությունը դարձի բերելու, իր զավակների ու խղճի առաջ ազնիվ լինելու անկեղծ մղումով:
Չէ, մեծ պապս չի եղել ոչ դաշնակ ու ոչ էլ հայդուկապետ: «… Ես բնիկ վանեցի եմ: Սովորել եմ Վան քաղաքին մոտիկ Վարագա վանքի դպրոցում: Ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ իմ հայրենի գյուղ, որտեղ իմ զբաղմունքը եղել է հողագործությունը… Եվ ապրել եմ այդպես մինչև համաեվրոպական պատերազմը»,- պատմում էր նա:
Իսկ հետո եկավ մեծ արհավիրքը: Թուքերի ամենօրյա հարձակումներից ավերված գյուղի բնակիչների վերջին խմբերը ետ են քաշվում Վան և միանում քաղաքի հերոսական պաշտպանությանը: Մեծ պապս, զենքը ձեռքին, նախ պարիսպների վրա էր, իսկ հետո, երբ նահանջի հրամանն է հնչում` 25- հազարանոց գաղթականության անվերջանալի երթը հսկող կամավորականների թվում: «…Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ եմ ես մեղավոր, որ ինձ այսօր դաշնակ են անվանում: Չէ որ 25- հազարանոց զինված ժողովուրդը կռվում էր իրեն կոտորողի դեմ: Այո, մենք կռվում էինք, այնտեղ գոյության կռիվ էր, անողոք թշնամին հետապնդում էր մեզ: Այո, կոլխոզնիկ հայ ընկերներից շատերն էին կռվում այնտեղ: Մի՞թե նրանք բոլորը դաշնակներ էին…»:
Նահանջի դժվար ու երկար ճանապարհն անվերջ ուղեկցվում էր թուրք և քուրդ հրոսակախմբերի հարձակումներով: Անցնող խմբերը բաց դաշտերի մեջ թողնում էին վերքերից, քաղցից ու հալածանքից զոհվածների անհաշիվ մարմիններ: Մեծ կորուսների ու արյունաքամ մարտերի գնով նրանք Վանից անցնում են Սալմաստ, ապա Համադան, որտեղ ի վերջո հանդիպում են անգլիացիներին: Սրանք զինաթափում են բոլորին, և գաղթականներին տեղափոխում են Բաղդադից քիչ հեռու գտնվող Բաքուբայի անապատը, որտեղ արդեն հավաքվել էին կորուսյալ երկրի տարբեր անկյուններից գաղթած շուրջ 50 հազար փախստականներ:
Մեծ պապս նրանց թվում էր, ովքեր փախստականների ճամբարում հիմնում են «Տարագիր» կոմիտեն: Բացում են դպրոց ու որբանոց, ձևավորում են դատական հանձնաժողով: Այդ հանձնաժողովին անդամակցում է նաև ուսյալ Ս. Չարխչյանը: Նա ինչ իմանար, որ տարիներ անց իրեն պիտի մեղադրեն նաև դրա համար, թե իբր ծառայել է… ցարին, դատավոր է եղել: «… Այդ հանձնաժողովի կազմում ժողովրդի քվեարկությամբ ընտրվել եմ նաև ես, որի համար այսօր ինձ անվանում են ցարական «սուդիա»: Ես ցարի ժամանակ երբեք ցարի երկիր չեմ մտել, հապա ինչպե՞ս կլինի, որ մի թուրք տղա կարողանա գիտենալ, թե ես Տաճկաստանում ինչ եմ եղել…»,- զարմանում էր իմ միամիտ մեծ պապը:
Օտարության մեջ մեծ գերդաստանի վերջին մոհիկաններն ապրեցին մինչև 1921 թիվը: Ապրեցին` ցավը հոգիների մեջ, առավել դժբախտ, քան մեռածները: Վերջապես մի օր շատերի հետ մեկտեղ նրանց էլ ծովով տեղափոխեցին Բաթում, իսկ այնտեղից էլ` Հայաստան:
Գուցե նաև պատմեմ, թե ինչ եղավ հետո` 1933-ի այն չարաբաստիկ օրը: Նախ, եղավ անհավատալին: Երբ քվեարկության դրվեց Սիմոն Չարխչյանին կոլտնտեսությունից վտարելու հարցը, կողմ քվեարկեց ընդամենը… 5 հոգի` ժողովի նախագահության կազմը: Ձեռնպահ մնաց ամբողջ դահլիճը` շուրջ 100 մարդ… Բայց նույնիսկ դա էլ փրկություն չդարձավ…
Սա պատմություն է մի մարդու մասին: Հարյուր հազարավորներից` ընդամենը մեկի: Ուրեմն, դեռ կան անթիվ ու անթիվ այլ պատմություններ, որ հնչելու են իբրև արյան կանչ ու մնալու են ժամանակների հիշողության մեջ:
Անընդգրկելի կորուստների առաջ երբեմն այլևս ոչինչ չի մնում, քան մխիթարվել մնացյալ հույսով և իրողությամբ: Աշխարհի վրա կա հեռու մի վայր, որն իմ պապերի ծննդավայրն է: Ուրեմն նաև իմ երեկվա, այսօրվա և վաղվա հայրենիքը: Բայց կա նաև հեռավոր Վանի հուշերն արթնացնող մի գյուղ` Վանաշեն, և այդ նոր գյուղում Սիմոն Չարխչյանի հին տոհմածառը նոր ճյուղեր է տվել: Շարունակում է ապրել: Ի հեճուկս ճակատագրի, ի տես բոլոր նրանց, ովքեր տառապանք ու մահ սերմանեցին այն հողում, որտեղ կենաց ծառն էր արմատներ նետել:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՇԻՐԱԶԸ ԳՅՈՒՂ ԱՆՎԱՆԱՓՈԽԵՑ

29 Հնվ

Հովհաննես Շիրազի գրչին պատկանող յուրաքանչյուր վավերագիր ամբողջացնում է բանաստեղծի ու հայրենասերի կերպարը, և դրանց շարքում իր ուրույն տեղը կարող է ունենա նաև այս անտիպ նամակը, որի մասին էլ ուզում ենք պատմել ընթերցողին:
70-ականների կեսերին Արարատի շրջանի Թայթան (այժմ` Վանաշեն) գյուղում, որտեղ գերազանցապես վանեցիներ են ապրում, նախատեսված էր հիմնել Ավարայրի հերոսամարտին նվիրված հսկա մի հուշահամալիր: Եվ ահա այդ օրերին գյուղ է այցելում Հովհաննես Շիրազը, հանդիպում իր երկրպագուներին, ծանոթանում գյուղի կոլտնտեսության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ, որն էլ բանաստեղծին ներկայացնում է կառույցի մտահղացումը: Հրապուրված այդ գաղափարով, վերադառնալուց օրեր անց Շիրազը Հ. Խաչատրյանին է հասցեագրում հետևյալ նամակը: Աշակերտական տետրի էջին կարմիր թանաքով արված գրությունը տարեթիվ չունի, սակայն բովանդակությունից ելնելով` դժվար չէ կռահել, որ այն գրված պետք է լինի 1978 թ. նախօրեին, քանի որ այս թվին Թայթանը վերանվանվեց Վանաշեն:
«Սիրելի իմ նորածանոթ Հարություն: Ուրախ եմ, որ այժմ գիտեմ քեզ, ձեռնարկածդ գործը վկայողն է հոգուդ հայեցի ազնվության… Եվ հուսով եմ, որ անշտապ կերպով գլուխ կբերեք մեծ ու քաջն Վարդանին, սուրբ Ավարայրին նվիրված (քո գլխավորած գյուղի մոտերքում) արդեն հիմնվող հուշարձանը, բայց կրկին ահա խնդրում եմ, որ անպայման, նորից անպայման քանդակել տաս անմահ Վարդան Մամիկոնյան սպարապետի գլոիխը պարսպին կամ կամարագլխին… անպայման:
…Առանց դրան ուխտատեղի չի դառնա այդ Կառույցը: Այսպես եմ գրում, վասնզի ճարտարապետը մեծ սրտով չընդունեց առաջարկությունս: Կգամ, հենց որ խնդրածս վարդանակերտվի պատին- ճակատին մեծ ու հայափրկիչ ճակատամարտի ոսկեհուշով… Իսկ գյուղի հին ու եղկելի օտարածին անունը փոխել տուր ու դիր, ասենք, Վանատուն կամ Վանանուշ, կամ Վանակերտ, կամ Վանավարդ, կամ Վանահուշ, կամ Վանաբերդ, կամ Վանահույս, քանի որ բնակիչները Վանից են գաղթել: Այսպես, ուրեմն, ողջույն ողջ հայությանը…
Հ.Շիրազ »:
Ճիշտ է, գյուղը վերանվանելիս, չգիտես ինչու, բանաստեղծի հիշատակած յոթ անուններից միայն առաջին արմատը հիշեցին, բայց եղածը եղած է: Իսկ ահա Ավարայրի ճակատամարտին նվիրված հուշարձանը դեռ մնում է որպես Շիրազի չիրականացած իղձ ու ցանկություն:

Հ. ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: