Tag Archives: թաղամաս

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԸ ԿՈՉՎԵՑ ԲԱՆԳԼԱԴԵՇ

19 Հնվ

Հավանաբար պատահականությունները միշտ էլ ծնունդ են առնում պատահական հանգամանքներից: Ես գոնե այդպես մտածելու պատճառներ ունեի այն օրը, երբ կանգառում սպասում էի երթուղայինին՝ տուն հասնելու համար: Ապրում եմ Հարավ-Արևմտյան թաղամասում, որը ժողովուրդն անվանում է Բանգլադեշ: Տարօրինակ անուն է, սակայն բոլորն այնպես են համակերպվել այդ անվանը, որ նույնիսկ մեկ այլ՝ առավել բաեհունչ անունով փոխարինելու մտադրություն ամենևին չկա:
Եվ այսպես, կանգնած էի, երբ մեկը ձեռքը դրեց ուսիս ու բարևեց: Շրջվեցի: Իմ հին ծանոթներից էր՝ Սիմոնը: Վաղուց չէինք հնդիպել:
— Ու՞ր ես գնում,- հարցրեց նա:
— Տուն:
— Արի միասին գնանք, ճանապարհին էլ կզրուցենք,- ասաց Սիմոնը և տաքսի կանգնեցրեց:
Նստեցինք: Ես դարձա վարորդին ու ասացի հասցեն՝ «Բանգլադեշ»:
— Իսկ դու գիտե՞ս, որ այդ անունը ես եմ հորինել,- ժպտալով հարցրեց Սիմոնը:
Ես ծիծաղեցի: Վաղեմի ծանոթս հավանաբար որոշել էր կատակել: Բայց նա ուղիղ նայեց դեմքիս ու կրկնեց.
— Իսկապես, Բանգլադեշ անունը ես եմ առաջինը թաղամասին տվել:
Նրա պնդումն այնքան տարօրինակ ու համառ էր, որ նույնիսկ տաքսու վարորդը մի փոքր դանդաղեցրեց ընթացքն ու զարմացած նայեց Սիմոնին:
— Լավ, լսեք՝ պատմեմ,- ասաց Սիմոնը ու ավելի հարմար տեղավորվեց նստատեղին:- Դու այն ժամանակ դեռ փոքր էիր, հավանաբար չես հիշի: Սրանից մոտ 40 տարի առաջ Կապանում ուժեղ երկրաշարժ եղավ: Տներ փլվեցին: Բազմաթիվ ընտանիքներ անօթևան էին մնացել և նրանց մի մասին տեղափոխել էին Երևան: Ապրում էին կամ հարազատ-բարեկամների մոտ, կամ հանրակացարաններում: Մի քանի ընտանիքներ էլ մեզ մոտ կային՝ Մալաթիայում: Ես երիտասարդ էի ու ծանոթացել էի նրանց հետ: Այդ ժամանակ իշխանությունները արագ-արագ երկու հինգհարկանի բնակելի շենքեր էին կառուցում աղետյալների համար: Դրանք հիմա էլ Բանգլադեշում կան՝ հին ունիվերսամի դիմաց: Ու մինչ շինարարությունն ընթանում էր, այդ մարդիկ պարբերաբար ոտքով գնում էին այնտեղ՝ տեսնելու, թե աշխատանքներն ինչ փուլում են: Ու հենց որ ես նրանց փողոցում տեսնում էի՝ ծիծաղելով հարցնում էի. «Հը՞, էլի Բանգլադեշ եք գնու՞մ»: Հիմա ձեզ ասեմ, թե ինչու հատկապես Բանգլադեշ: Բանն այն է, որ այդ նույն օրերին Բանգլադեշը առանձնացել էր Պակիստանից ու անկախություն էր հռչակել: Առավոտից երեկո բոլոր թերթերը, ռադիոն, հեուստատեսությունը միայն դրա մասին էր խոսում՝ «Բանգլադեշ, Բանգլադեշ…»: Ու այդ անունը մի տեսակ ուրիշ նշանակություն էր ստացել՝ տեղ, որը հեռու է, նոր է ձևավորվում, ճիշտ ու ճիշտ այն երկու շենքերի պես, որ կառուցում էին կապանցիների համար: Ահա այդպես Բանգլադեշ անունը հետզհետե տարածում գտավ դեռ թաղամասը կառուցելուց շատ առաջ: Իսկ երբ արդեն առաջին շենքերը հայտնվեցին, մարդիկ ուրիշ նոր բան չմտածեցին, քան այն, ինչ ես ասել էի հարևանիս: Ահա այսպիսի պատմություն…
Ասեմ, որ թե ես, թե տաքսու վարորդն անմիջապես հավատացինք Սիմոնի պատմությանը: Նա այնքան անմիջական, հավաստի ու գունեղ էր պատմում, որ մեծ մեղք կլիներ մտածել, թե հորինում է ինչ-որ բան:
Մալաթիայի խաչմերուկին Սիմոնն իջավ: Մենք հրաժեշտ տվեցինք Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի կնքահորը և սլացանք առաջ՝ դեպի Բանգլադեշ…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: